Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։ Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։ Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։ Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ։ Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։ Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։ Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երրորդ։ Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։ Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը»։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։ Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը, իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր չորրորդ։ Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով՝ իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր հինգերորդ։ Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։ Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։ Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։ Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։ Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը ։ Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։ Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։ Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը, այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում հողի ամբողջ մակերեսը։ Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամ պտուղներով բոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։ Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում։ Մեկի անունը Փիսոն է. հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա։ Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակի քար։ Երկրորդ գետի անունը Գեհոն է. սա հոսում է Քուշի ամբողջ երկրի միջով։ Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։ Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։ Նրանք երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին և չէին ամաչում։ Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ Եվ Աստված ասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։ Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։ Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։ Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։ Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրող մարդկանց մայրը։ Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից՝ բարին ու չարը իմացող. այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի և ուտի ու հավիտյան ապրի»։ Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր։ Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացը դրեց Քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։ Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով »։ Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։ Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։ Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից և դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին և նրա ընծային, բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։ Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ Տերն ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։ Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։ Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։ Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։ Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։ Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։ Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, Մաթուսայելը՝ Ղամեքին։ Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։ Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։ Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։ Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։ Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից՝ յոթանասուն և յոթ անգամ»։ Ադամը կրկին պառկեց իր կնոջ հետ, և նա մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ, որովհետև,- ասաց,- «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։ Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը դրեց Ենոս։ Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը։ Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ դրեց նրանց ստեղծվելու օրը։ Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։ Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։ Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։ Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։ Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։ Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։ Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։ Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։ Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։ Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։ Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։ Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։ Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի և նրա անունը Նոյ դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։ Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։ Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց, Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։ Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ Այն օրերին հսկաներ կային երկրի վրա. երբ Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։ Եվ Տերը զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և իր սրտի մեջ տրտմեց։ Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։ Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։ Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։ Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Տապանին տանիք կշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։ Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։ Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ Բոլոր անասուններից և բոլոր էակներից ՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։ Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։ Եվ Տերն ասաց Նոյին. «Մտի՛ր տապանի մեջ, դու և քո ամբողջ տունը, որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա իմ առաջ։ Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես յոթ-յոթ հատ՝ արու և էգ. իսկ այն անասուններից, որ անմաքուր են, երկու-երկու հատ՝ արու և էգ։ Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա։ Որովհետև յոթ օրից հետո երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր անձրև պիտի բերեմ և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն էակ»։ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։ Ջրհեղեղի ջրերի պատճառով տապան մտան Նոյը և իր հետ իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք։ Մաքուր անասուններից և այն անասուններից, որ անմաքուր են, թռչուններից և երկրի վրայի բոլոր սողուններից զույգ-զույգ՝ արու և էգ, մտան Նոյի մոտ՝ տապանի մեջ, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին։ Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։ Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսին, ամսի տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը, մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին, և երկնքի պատուհանները բացվեցին։ Անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր։ Հենց նույն օրը տապան մտան Նոյը, Նոյի որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք նրանց հետ։ Նրանք և բոլոր կենդանիներն ըստ իրենց տեսակի, բոլոր անասուններն ըստ իրենց տեսակի, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ըստ իրենց տեսակի, բոլոր թռչուններն ըստ իրենց տեսակի, ամեն տեսակ թևավոր թռչուն մտան տապան՝ Նոյի մոտ, զույգ-զույգ բոլոր էակներից, որոնց մեջ կյանքի շունչ կա։ Տապան մտնող բոլոր էակները արու և էգ էին, ինչպես Աստված պատվիրել էր Նոյին։ Ապա Տերը դուռը փակեց նրա ետևից։ Քառասուն օր ջրհեղեղ եղավ երկրի վրա. ջրերը շատացան, տապանը վեր հանեցին, և այն բարձրացավ երկրից։ Ջրերը վարարեցին, սաստիկ շատացան երկրի վրա, և տապանը լողաց ջրերի երեսին։ Երկրի վրա ջրերն ավելի ու ավելի սաստկացան ու ծածկեցին ամբողջ երկնքի տակ գտնվող բոլոր բարձր սարերը։ Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։ Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։ Անդունդի աղբյուրները և երկնքի պատուհանները փակվեցին, և երկնքից անձրևը դադարեց։ Ջրերը գնալով քաշվում էին երկրի վրայից։ Հարյուր հիսուն օր հետո ջրերը նվազեցին։ Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Ջրերը գնալով նվազում էին մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։ Քառասուն օր հետո Նոյը բաց արեց իր կառուցած տապանի պատուհանը և ագռավին արձակեց։ Սա դուրս եկավ և գնում ու գալիս էր մինչև ջրերի ցամաքելը երկրի վրայից։ Հետո աղավնուն ուղարկեց իր մոտից, որպեսզի տեսնի, թե ջրերն արդյոք պակասե՞լ են երկրի վրայից։ Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ և ետ դարձավ նրա մոտ՝ տապան, որովհետև ամբողջ երկրի մակերեսը ջրով էր ծածկված։ Նոյը մեկնեց իր ձեռքը և վերցրեց աղավնուն ու բերեց իր մոտ՝ տապան։ Սպասեց ևս յոթ օր և տապանից դարձյալ արձակեց աղավնուն։ Երեկոյան դեմ աղավնին եկավ նրա մոտ, և ահա ձիթենու նոր կտրված մի տերև կար նրա բերանում։ Նոյը իմացավ, որ ջրերը նվազել են երկրի վրայից։ Եվ յոթ օր էլ սպասեց ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ նրա մոտ։ Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսի առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից. Նոյը տապանի ծածկը բացեց և նայեց. ահա երկրի մակերեսը ցամաքել էր։ Երկրորդ ամսին՝ ամսի քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ։ Աստված խոսեց Նոյի հետ և ասաց. «Դո՛ւրս եկ տապանից, դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք։ Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։ Դուրս եկան Նոյը և իր որդիները, իր կինը և իր որդիների կանայք իր հետ։ Բոլոր կենդանիները, բոլոր սողունները, բոլոր թռչունները և երկրի վրա բոլոր շարժվողները՝ իրենց տեսակներով, դուրս եկան տապանից։ Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։ Տերը հոտոտեց անուշ հոտը։ Եվ Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է իր մանկությունից սկսած. այլևս բնավ չեմ հարվածի ոչ մի կենդանի էակի, ինչպես արեցի։ Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։ Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։ Ձեր ահն ու ձեր երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա. դրանք ձեր ձեռքն են տրվել։ Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։ Միայն միսը իր կյանքով, այսինքն՝ իր արյունով չուտեք։ Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։ Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։ Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։ Աստված ասաց Նոյին ու նրա հետ նրա որդիներին՝ ասելով. «Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ. և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի, թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ։ Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար»։ Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։ Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։ Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի։ Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։ Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են»։ Աստված ասաց Նոյին. «Սա այն ուխտի նշանն է, որ ես հաստատեցի իմ ու երկրի վրա եղող բոլոր էակների միջև»։ Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն է։ Այս երեքը Նոյի որդիներն են, և սրանցից մարդիկ տարածվեցին ամբողջ երկրի վրա։ Նոյն սկսեց մշակել հողը և մի այգի տնկեց։ Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։ Քանանի հայրը՝ Քամը, տեսավ իր հոր մերկությունը և դրսում պատմեց իր երկու եղբայրներին։ Սեմը և Հաբեթը հանդերձն առան և իրենց երկուսի ուսերի վրա դրեցին ու ետ-ետ գնալով՝ ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսները դեպի ետ էին, և նրանք իրենց հոր մերկությունը չտեսան։ Երբ Նոյը սթափվեց իր գինուց և իմացավ, ինչ որ արել էր իրեն իր կրտսեր որդին, ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի նա իր եղբայրներին»։ Նաև ասաց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան ծառա թող լինի։ Աստված ընդարձակի Հաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան»։ Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց երեք հարյուր հիսուն տարի։ Նոյի բոլոր օրերը ինը հարյուր հիսուն տարի եղան, և նա մեռավ։ Սրանք են Նոյի որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի սերունդները. ջրհեղեղից հետո որդիներ ծնվեցին նրանց։ Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։ Գոմերի որդիները՝ Ասքանաս, Րիփաթ և Թորգոմա։ Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներն ու դոդացիները։ Սրանցից բաժանվեցին ծովեզրյա ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։ Քամի որդիները՝ Քուշ, Միսրայիմ, Փուդ և Քանան։ Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Ռիգմա և Սեբեթաքա։ Ռիգմայի որդիները՝ Սաբա և Պիթան։ Քուշը ծնեց Նեբրոթին. սա քաջամարտիկ դարձավ երկրի վրա։ Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։ Սկզբում նա թագավորեց Բաբելոնի, Արեքի, Աքադի և Քաղանեի վրա Սենաար երկրում։ Այդ երկրից դուրս եկավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբովթը և Քաղան քաղաքը։ Նինվեի և Քաղանի միջև է Ռեսենը. սա մեծ քաղաքն է։ Միսրայիմը ծնեց ղուդացիներին, անամացիներին, ղաբացիներին, նեփթուքացիներին, պաթուրեսացիներին, քասղուքացիներին (որոնցից սկիզբ առան փղշտացիները) և կափթորացիներին։ Քանանը ծնեց իր անդրանիկին՝ Սիդոնին, նաև Քետին. հեբուսացուն, ամորհացուն, գերգեսացուն, խևացուն, արկեցուն, սենացուն, արուադացուն, սեմարացուն և ամաթացուն. դրանից հետո տարածվեցին քանանացիների ցեղերը։ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։ Սրանք են Քամի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրներում և ազգերում։ Սեմին էլ որդիներ ծնվեցին. նա Հաբեթի ավագ եղբայրն էր և Եբերի որդիների նախահայրը։ Սեմի որդիները՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Հուլ, Գաթեր և Մաշ։ Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։ Հեկտանը ծնեց Եղմոդատին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին, Ադորամին, Ուզալին, Դիկղային, Գեբաղին, Աբիթեելին, Սաբային, Օփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։ Սրանց բնակավայրը եղավ Մեսայից մինչև Սոփեր՝ արևելյան լեռը։ Սրանք են Սեմի որդիներն իրենց տոհմերով, իրենց լեզուներով, իրենց երկրների մեջ իրենց ազգերով։ Սրանք են Նոյի որդիների տոհմերն ըստ իրենց սերունդների և իրենց ազգերի։ Եվ սրանցից երկրի վրա տարածվեցին ազգերը ջրհեղեղից հետո։ Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։ Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։ Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։ Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։ Սեմի սերունդները սրանք են. Սեմը հարյուր տարեկան էր, երբ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի հետո։ Արփաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Արփաքսադը երեսունհինգ տարի ապրեց և ծնեց Սաղային։ Սաղայի ծնվելուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սաղան երեսուն տարի ապրեց և ծնեց Եբերին։ Եբերի ծնվելուց հետո Սաղան ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Եբերը երեսունչորս տարի ապրեց և ծնեց Փաղեկին։ Փաղեկի ծնվելուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Փաղեկը երեսուն տարի ապրեց և ծնեց Ռագավին։ Ռագավի ծնվելուց հետո Փաղեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ռագավը երեսուներկու տարի ապրեց և ծնեց Սերուգին։ Սերուգի ծնվելուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սերուգը երեսուն տարի ապրեց և ծնեց Նաքորին։ Նաքորի ծնվելուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Նաքորը քսանինը տարի ապրեց և ծնեց Թարային։ Թարայի ծնվելուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Թարան յոթանասուն տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։ Սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին. Առանը ծնեց Ղովտին։ Առանը մեռավ իր հոր՝ Թարայի կենդանության ժամանակ իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում։ Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։ Սարան ամուլ էր և զավակ չուներ։ Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։ Թարայի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան. Թարան մեռավ Խառանում։ Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։ Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։ Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ Աբրամը, մեկնելով այդտեղից, գնաց դեպի Նեգև ։ Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն՝ “Սա նրա կինն է”, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։ Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։ Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։ Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ. և կինը տարվեց փարավոնի պալատը։ Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։ Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը՝ Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։ Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։ Եվ փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրամին ու նրա կնոջը նրա ամբողջ ստացվածքով։ Աբրամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները, և Ղովտն էլ իր հետ։ Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։ Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև, այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։ Ղովտն էլ, որ Աբրամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ, և այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր, և չէին կարողանում միասին ապրել։ Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։ Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։ Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։ Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։ Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։ Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։ Տերն ասաց Աբրամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. «Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք. որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։ Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։ Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։ Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։ Սենաարի Ամարփաղ թագավորի, Ելլասարի Արիոք թագավորի, Ելամի Քոդողագոմոր թագավորի և Գոյիմի Թադգաղ թագավորի ժամանակներում եղավ. սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։ Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։ Տասներկու տարի նրանք Քոդողագոմորին ծառայություն էին արել և տասներեքերորդ տարում ապստամբեցին։ Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին, և քոռեցիներին իրենց Սեիր լեռների վրա և մինչև Էրիառան, որ անապատի մոտ է։ Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։ Դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորն ու Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը և Սիդդիմի ձորում ճակատամարտ տվեցին Եղամի Քոդողագոմոր թագավորի, Գոյիմի Թադգաղ թագավորի, Սենաարի Ամարփաղ թագավորի և Ելլասարի Արիոք թագավորի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, և ոմանք ընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։ Հաղթողները վերցրին Սոդոմի և Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր պաշարները և գնացին։ Աբրամի եղբոր որդուն՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքն էլ վերցրին, որովհետև նա Սոդոմում էր բնակվում, և գնացին։ Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։ Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերի է տարվել, դուրս բերեց իր տանը ծնված իր երեք հարյուր տասնութ ծառաներին և թագավորներին հետապնդեց մինչև Դան։ Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։ Եվ ամբողջ ավարը ետ բերեց. իր եղբորորդի Ղովտին էլ, նրա ունեցվածքն էլ ետ բերեց, կանանց և ժողովրդին էլ։ Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց ու գինի դուրս բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր։ Օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյալ լինի Աբրամը երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց։ Եվ օրհնյալ լինի Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց»։ Եվ Աբրամն ամեն ինչից տասանորդ տվեց նրան։ Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ի՛նձ տուր, իսկ ավարը վերցրո՛ւ քեզ համար»։ Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի. քո ունեցածից ոչ մի բան՝ թելից մինչև կոշիկի կապն անգամ չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ “Աբրամին ե՛ս հարստացրի”, բացի երիտասարդների կերածից և բացի այն մարդկանց բաժնից, որոնք ինձ հետ գնացել են, այսինքն՝ Աների, Եսքողի և Մամբրեի. թող նրանք վերցնեն իրենց բաժինը»։ Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։ Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։ Աբրամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»։ Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը»։ Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։ Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։ Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»։ Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։ Տերն ասաց նրան. «Ինձ համար ա՛ռ երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի այծ, երեք տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։ Աբրամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։ Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրամը քշեց նրանց։ Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։ Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։ Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։ Երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ծխացող մի հնոց ու կրակի բոց անցավ կտրոնների միջով։ Այդ օրը Տերը Աբրամի հետ ուխտ դրեց՝ ասելով. «Այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քո սերնդին եմ տալիս. կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին, քետացիներին, փերեզացիներին, ռափայիմներին, Ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։ Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։ Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։ Աբրամը մտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։ Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։ Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։ Եվ ասաց. «Ո՛վ Սարայի աղախին Հագար, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ե՛տ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան շատ եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չի լինի»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։ Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։ Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։ Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։ Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։ Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։ Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. «Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։ Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։ Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն՝ Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։ Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր իմ ուխտը, դու, և քեզնից հետո՝ քո սերունդն իր սերունդներում։ Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն. ուրեմն թլփատե՛ք ձեր անթլփատ մարմինը. դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։ Ձեր բոլոր սերունդների մեջ ութ օրական ամեն արուն թլփատվի, ընդոծինը, արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։ Քո ընդոծինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլփատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։ Անթլփատ արուն, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, պիտի կորչի իր ժողովրդի միջից, որովհետև նա անարգած կլինի իմ ուխտը»։ Աստված ասաց Աբրահամին. «Քո կնոջը՝ Սարային, Սարա չասես, այլ Սառա կլինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։ Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞»։ Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրեր քո առաջ»։ Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։ Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։ Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ»։ Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։ Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։ Իր որդին՝ Իսմայելը, տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը։ Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ Իր հետ թլփատվեցին իր տան բոլոր մարդիկ՝ իր ընդոծինները և օտարականներից արծաթով գնվածները։ Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ Թող մի քիչ ջուր բերեն, լվացե՛ք ձեր ոտքերը և հանգստացե՛ք ծառի տակ։ Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։ Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։ Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։ Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը ։ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։ Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։ Մարդիկ վեր կացան այդտեղից և ուղղվեցին դեպի Սոդոմ։ Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի նրանց։ Տերն ասաց. «Մի՞թե ես Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ։ Աբրահամը հաստատ մի մեծ և հզոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն նրանով. որովհետև ես ընտրեցի նրան, որ իր որդիներին և իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք պահեն Տիրոջ ճանապարհը արդարություն և իրավունք գործադրելու համար, որպեսզի Տերը Աբրահամի նկատմամբ կատարի այն, ինչ խոստացել է նրան»։ Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ, ուստի իջնեմ և տեսնեմ, թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ, որպեսզի գիտենամ»։ Դուրս գալով այնտեղից՝ այդ մարդիկ գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առաջ։ Աբրահամը մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ ես կորստյան մատնելու։ Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։ Քա՛վ լիցի քեզ այդպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի. քա՛վ լիցի քեզ։ Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։ Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում, հիսուն արդար գտնեմ, ամբողջ տարածքը կխնայեմ նրանց համար»։ Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։ Գուցե հիսուն արդարից հինգը պակաս լինի. այդ հինգի համար ամբողջ քաղաքը կկործանե՞ս»։ Տերն ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգը գտնեմ»։ Դարձյալ խոսեց նրա հետ և ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվեն»։ Նա ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»։ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։ Տերն ասաց. «Եթե այնտեղ երեսուն արդար էլ գտնեմ, չեմ անի»։ Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ. գուցե այնտեղ քսանը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»։ Եվ ասաց. «Տերը թող չբարկանա, եթե այս անգամ էլ խոսեմ. գուցե այնտեղ տասը գտնվեն»։ Տերն ասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»։ Եվ Տերը գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսելը վերջացրեց։ Իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակության տեղը։ Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։ Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։ Ղովտը շատ ստիպեց նրանց, և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարջ թխեց, և կերան։ Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։ Կանչեցին Ղովտին և ասացին նրան. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան. նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ գիտենանք նրանց »։ Ղովտը դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, դուռը փակեց իր ետևից և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք։ Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։ Նրանք ասացին. «Դե՛ն գնա»։ Եվ ասացին. «Եկել է որպես պանդուխտ և դատավորություն էլ է անում. հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդուն, այսինքն՝ Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ Բայց այն մարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին և Ղովտին իրենց մոտ՝ տուն առան և դուռը փակեցին։ Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։ Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլ ո՞վ ունես այստեղ. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ով որ ունես, այստեղից դո՛ւրս հանիր, որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։ Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։ Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։ Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ, ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։ Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և այն փոքր է. թող այնտեղ փախչեմ (չէ՞ որ այն փոքր է), և իմ անձը փրկվի»։ Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։ Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր ։ Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը մտավ Սեգոր։ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ թափեց Տիրոջ կողմից՝ երկնքից։ Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։ Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ եկավ այն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առաջ։ Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։ Երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին. և Ղովտին դուրս բերեց այդ կործանումի միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնց մեջ բնակվում էր Ղովտը։ Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։ Մեծն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրի վրա մարդ չկա, որ մերձենա մեզ, ինչպես ամեն երկրի սովորությունն է։ Արի մեր հորը գինի խմեցնենք և պառկենք նրա հետ ու մեր հորից սերունդ ունենանք»։ Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ Հետևյալ օրը մեծ աղջիկն ասաց փոքրին. «Ահա երեկ գիշեր պառկեցի հորս հետ. այս գիշեր էլ գինի խմեցնենք նրան, և դու գնա պառկի՛ր նրա հետ, որ մեր հորից սերունդ ունենանք»։ Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։ Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից։ Մեծը որդի ծնեց և անունը դրեց Մովաբ։ Նա է մովաբացիների հայրը մինչև այսօր։ Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի։ Նա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։ Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։ Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»։ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային։ Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և ասաց նրան. «Դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի»։ Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե արդար ազգին էլ կորստյան կմատնես։ Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։ Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։ Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթք անի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացի՛ր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես»։ Վաղ առավոտյան Աբիմելեքը վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և նրանց պատմեց այս բոլոր բաները։ Այդ մարդիկ շատ վախեցան։ Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։ Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ այդ բանն արեցիր»։ Աբրահամն ասաց. «Ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։ Եվ իսկապես իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։ Երբ որ Աստված ինձ իմ հոր տնից հանեց պանդխտության համար, ասացի կնոջս. “Սա թող լինի ինձ անելիք քո երախտիքը. ուր որ գնալու լինենք, ինձ համար կասես, թե՝ իմ եղբայրն է”»։ Աբիմելեքն առավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին. և նրա կին Սառային էլ նրան վերադարձրեց։ Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առջև է. բնակվի՛ր, ուր որ հաճելի է քեզ»։ Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։ Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջն ու նրա աղախիններին, և նրանք կրկին ծնում էին։ Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր արգանդները Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով։ Տերը շնորհ արեց Սառային, ինչպես ասել էր. Տերը կատարեց Սառայի համար, ինչպես խոստացել էր։ Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ դրեց։ Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ ութ օրական եղավ, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն։ Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը։ Սառան ասաց. «Աստված ծիծաղեցրեց ինձ. ով որ լսի, կծիծաղի»։ Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։ Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։ Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։ Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։ Այս բանը Աբրահամին շատ դժվար թվաց իր որդու պատճառով։ Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքիդ դժվար չերևա. ամենը, ինչ որ Սառան ասել է քեզ քո տղայի և աղախնի համար, լսի՛ր նրա խոսքը, որովհետև Իսահակով է քեզ սերունդ կոչվելու։ Աղախնի որդուց էլ ես մի ազգ կանեմ, որովհետև քո սերունդն է նա»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։ Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։ Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։ Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։ Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։ Հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, թե նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քո նկատմամբ իմ արած երախտիքի համեմատ կանես ինձ և այս երկրին, որտեղ դու բնակվում ես»։ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։ Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ո՛վ է արել այդ բանը. դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ մինչև այսօր չէի լսել»։ Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։ Աբրահամը ոչխարներից առանձնացրեց յոթ հատ էգ գառներ։ Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ինչի՞ համար են այս յոթ գառները, որ դու առանձնացրիր»։ Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։ Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։ Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։ Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։ Աբրահամը երկար ժամանակ պանդխտություն արեց փղշտացիների երկրում։ Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»։ Նա ասաց. «Ահա՛ ես»։ Աստված ասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։ Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, իր էշի համետը դրեց և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին։ Ողջակեզի փայտ կտրեց և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ Երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը։ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստե՛ղ մնացեք, ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա. իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ Իսահակը խոսեց իր հոր՝ Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Այո, որդի՛ս»։ Իսահակն ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»։ Աբրահամն ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյա՛կս»։ Եվ երկուսով միասին գնացին և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։ Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»։ Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, ոչ մի բան մի՛ արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր ինձանից»։ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ իր ետևի մացառուտի մեջ մի խոյ կա՝ եղջյուրներից բռնված։ Աբրահամը գնաց, վերցրեց խոյը և ողջակեզ մատուցեց այն իր որդու փոխարեն։ Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե. և այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում»։ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին և ասաց. «Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու այդ բանն արեցիր և չխնայեցիր քո միակ որդուն, քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները, և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին»։ Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան ու միասին գնացին Բերսաբեե։ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում։ Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝ իր անդրանիկին՝ Հուսին, նրա եղբայր Բուզին, Արամի հայր Կամուելին, Քազադին, Ասավին, Փաղդասին, Հետլափին և Բաթուելին»։ Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս ութին ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար։ Նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։ Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի. այսքան են Սառայի կյանքի տարիները։ Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է՝ Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։ Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և Քետի որդիների հետ խոսեց՝ ասելով. «Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ. ինձ գերեզմանի տե՛ղ տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ մեռելին »։ Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին և ասացին նրան. «Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում. մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։ Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։ Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսե՛ք ինձ և Սահառի որդի Եփրոնի հետ խոսե՛ք ինձ համար, որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։ Եփրոնը նստել էր Քետի որդիների հետ։ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների և բոլոր նրանց առջև, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, և ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։ Եվ Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առջև։ Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ. արտի փողը տալիս եմ. վերցրո՛ւ ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ»։ Եփրոնն ասաց Աբրահամին. «Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթ արժե. դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։ Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։ Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամբրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին որպես Աբրահամի սեփականություն Քետի որդիների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով։ Դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որ Քեբրոնում է՝ Քանանի երկրում։ Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։ Աբրահամը ծեր էր և իր օրերն անցկացրած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ, և ես քեզ երդում եմ տալիս Տիրոջով՝ երկնքի Աստծով և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես, այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»։ Ծառան ասաց նրան. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ. արդյոք քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»։ Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։ Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։ Իսկ եթե կինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։ Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և երդվեց նրան այդ բանի համար։ Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։ Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։ Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, հանդիպեցրո՛ւ նրան ինձ այսօր և ողորմությո՛ւն արա իմ տիրոջը՝ Աբրահամին։ Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։ Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։ Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։ Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։ Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։ Նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ». և սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։ Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։ Եվ սափորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ և դարձյալ վազեց ջրհորի մոտ՝ ջուր քաշելու, և նրա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։ Բայց այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերն իր ճանապարհը հաջողեցրե՞լ է, թե՞ ոչ։ Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի, և հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ. քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։ Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։ Նաև ասաց նրան. «Մենք հարդ և խոտ շատ ունենք, իջևանելու տեղ էլ»։ Մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը և ասաց. «Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։ Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։ Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։ Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։ Մարդը եկավ տուն. և քանդեց ուղտերի կապերը, հարդ ու խոտ տվեց ուղտերին և ջուր բերեց՝ նրա ոտքերը և նրա հետ եղողների ոտքերը լվանալու համար։ Նրա առաջ կերակուր դրեցին, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»։ Լաբանն ասաց. «Խոսի՛ր»։ Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։ Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։ Իր կինը՝ Սառան, ծերանալուց հետո իմ տիրոջ համար ծնեց մի որդի, որին տվեց իր ամբողջ ունեցվածքը։ Իմ տերն ինձ երդում անել տվեց՝ ասելով. “Իմ որդու համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում բնակվում եմ ես, այլ գնա՛ իմ հոր տունն ու իմ ազգատոհմի մոտ և կի՛ն առ իմ որդու համար”։ Ես ասացի իմ տիրոջը. “Գուցե այդ կինը չգա իմ ետևից”։ Նա ասաց. “Տերը, որի առաջ ես քայլում եմ, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին, քո ճանապարհը կհաջողվի, և իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տնից։ Եվ այն ժամանակ անպարտ կլինես իմ երդումից։ Իսկ եթե գնաս իմ ազգատոհմի մեջ, և կին չտան, ինձ տված երդումից ազատ կլինես”։ Այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. “Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես, ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ. և այն աղջիկը, որ գա ջուր քաշելու, ու ես նրան ասեմ. "Քո սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր, որ խմեմ", և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։ Ես մտքումս տակավին չէի վերջացրել իմ խոսքը, ահա Ռեբեկան դուրս եկավ սափորն ուսին, իջավ աղբյուրը և ջուր քաշեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։ Նա իր սափորն իսկույն իջեցրեց իր ուսի վրայից և ասաց. “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”։ Ես խմեցի, և ուղտերին էլ խմեցրեց։ Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։ Խոնարհվեցի ու երկրպագեցի Տիրոջը և օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որպեսզի իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։ Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։ Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։ Ահա Ռեբեկան քո առջև է, ա՛ռ ու գնա՛, և քո տիրոջ որդու համար թող կին լինի, ինչպես Տերն է ասել»։ Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին երկրպագություն արեց Տիրոջը։ Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։ Կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որոնք իր հետ էին, և գիշերը մնացին այնտեղ։ Առավոտյան վեր կացան, և նա ասաց. «Ճանապա՛րհ դրեք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»։ Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։ Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։ Նրանք ասացին. «Կանչենք աղջկան և հարցնենք նրան»։ Կանչեցին Ռեբեկային և ասացին նրան. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա ասաց. «Կգնամ»։ Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։ Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։ Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։ Իսկ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորից, որովհետև բնակվում էր հարավային երկրում։ Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։ Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, տեսավ Իսահակին և ուղտից իջավ։ Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։ Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։ Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մոր մահից հետո։ Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր։ Սա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին։ Հեկսանը ծնեց Սաբային և Դեդանին։ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմը և Լովոմիմը։ Մադիանի որդիներն էին Գեփան, Ափերը, Ենոքը, Աբիդան և Ելդագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։ Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին, իսկ իր հարճերի որդիներին Աբրահամն ընծաներ տվեց և քանի դեռ կենդանի էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիրը։ Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։ Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որ գտնվում է Մամբրեի դիմաց. այն արտը, որ Աբրահամը ծախու էր առել Քետի որդիներից. այդտեղ թաղվեցին Աբրահամը և նրա կին Սառան։ Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին։ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ։ Սրանք են սերունդները Աբրահամի որդի Իսմայելի, որին ծնեց Սառայի աղախին եգիպտացի Հագարը Աբրահամի համար։ Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ, Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք են Իսմայելի որդիները, և սրանք են նրանց անուններն ըստ իրենց վրանների և ըստ իրենց գյուղերի. որոնք իրենց ցեղերի տասներկու իշխաններն էին։ Սրանք են Իսմայելի ապրած կյանքի օրերը՝ հարյուր երեսունյոթ տարի։ Նա իր հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։ Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։ Իսահակն աղաչեց Տիրոջը իր կնոջ համար, որն ամուլ էր։ Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ։ Եվ տղաները խաղում էին նրա արգանդում։ Եվ նա ասաց. «Եթե այսպես է, այս ինչո՞ւ եղավ ինձ»։ Եվ նա գնաց Տիրոջը հարցնելու։ Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։ Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։ Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ դրեցին։ Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբ դրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։ Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։ Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։ Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։ Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։ Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։ Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, իմ ինչի՞ն է պետք անդրանիկությունը»։ Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։ Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։ Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։ Տերը երևաց նրան և ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր. բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ։ Պանդո՛ւխտ եղիր այս երկրում, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ և քո սերնդին եմ տալու այս բոլոր երկրները. և կհաստատեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։ Եվ կբազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ. և այս բոլոր երկրները քո սերնդին կտամ, և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն, քանի որ Աբրահամը լսեց իմ ձայնը և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու իմ օրենքները»։ Եվ Իսահակը բնակվեց Գերարում։ Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։ Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։ Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։ Աբիմելեքն ասաց. «Մեզ այս ի՞նչ արեցիր. քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու հանցանք բերած կլինեիր մեզ վրա»։ Եվ Աբիմելեքը հրամայեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ այս մարդուն կամ նրա կնոջը դիպչի, մահով կպատժվի»։ Իսահակը ցանեց այդ երկրում և նույն տարում հարյուրապատիկ արդյունք ստացավ, և Տերը օրհնեց նրան, և մարդը հարստացավ, հետզհետե ավելի հարստացավ, մինչև որ դարձավ մեծահարուստ։ Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։ Եվ իր հոր՝ Աբրահամի օրոք իր հոր ծառաների բոլոր ջրհորները փղշտացիները փակեցին և դրանք հողով լցրին։ Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար»։ Իսահակը գնաց այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում և բնակվեց այնտեղ։ Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող ջրի մի հոր։ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք, որովհետև իրար հետ կռվեցին։ Եվ մի ուրիշ ջրհոր փորեցին, և նրա վրա էլ կռվեցին։ Եվ նրա անունը դրեց Սիթնա։ Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթ և ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։ Իսահակն այդտեղից բարձրացավ Բերսաբեե։ Եվ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. կօրհնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդն իմ ծառա Աբրահամի պատճառով»։ Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց և կանչեց Տիրոջ անունը. իր վրանը խփեց այդտեղ, և Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։ Աբիմելեքը Գերարից գնաց նրա մոտ իր խորհրդական Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ։ Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։ Նրանք ասացին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի ասացինք. “Թող երդում լինի մեր միջև, այսինքն՝ մեր ու քո միջև, և ուխտ կնքենք քեզ հետ, որ մեզ չար բան չանես, ինչպես որ մենք էլ քեզ չենք դիպել և միայն բարություն արեցինք քեզ ու խաղաղությամբ ճանապարհ դրինք քեզ։ Դու օրհնված ես Տիրոջից”»։ Իսահակը նրանց համար խնջույք արեց, և նրանք կերան ու խմեցին։ Վաղ առավոտյան վեր կացան և երդվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք խաղաղությամբ գնացին։ Նույն օրը Իսահակի ծառաները եկան ու նրան պատմեցին իրենց փորած ջրհորի մասին և ասացին նրան. «Ջուր ենք գտել»։ Եվ նրա անունը դրեց Սաբեե. դրա համար այդ քաղաքի անունը մինչև այսօր Բերսաբեե է։ Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։ Եվ սրանք Իսահակի և Ռեբեկայի կյանքը դառնացրին։ Երբ Իսահակը ծերացավ, և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդյա՛կ»։ Սա ասաց նրան. «Ահա ես այստեղ եմ »։ Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։ Հիմա ա՛ռ քո զենքերը՝ քո կապարճն ու քո աղեղը, դուրս եկ գնա՛ դաշտ և ինձ համար մի ո՛րս արա։ Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։ Ռեբեկան լսում էր, երբ Իսահակը խոսում էր իր որդու՝ Եսավի հետ։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի և բերի։ Իսկ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ՝ ասելով. «Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր՝ Եսավի հետ և ասում. “Ինձ համար ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ”։ Հիմա լսի՛ր ինձ, որդի՛ս, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ Դու կտանես քո հորը, նա կուտի և դրա համար կօրհնի քեզ իր մեռնելուց առաջ»։ Հակոբն ասաց իր մորը՝ Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։ Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։ Մայրը նրան ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնա ուլերը բե՛ր ինձ համար»։ Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։ Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։ Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։ Եվ խորտիկները և այն հացն էլ, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը։ Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հա՛յր իմ»։ Հայրն ասաց. «Ահա ես այստեղ եմ. ո՞վ ես դու, որդի՛ս»։ Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ »։ Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ի՞նչ շուտ գտար որսը, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։ Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցի՛ր, և թող շոշափեմ քեզ, որդի՛ս, թե արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։ Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։ Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։ Իսահակն ասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։ Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»։ Նա մոտեցավ և համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տե՛ս, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։ Թող Աստված քեզ տա երկնքի ցողից, երկրի պարարտությունից և ցորենի ու գինու առատություն տա։ Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալ լինեն»։ Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։ Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։ Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։ Իսահակը սարսափահար սաստիկ ցնցվեց և ասաց. «Հապա նա՞ ով էր, որ որս էր արել ու բերել ինձ, և քո գալուց առաջ ես կերա ամենից և օրհնեցի նրան. նա օրհնված էլ կմնա»։ Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»։ Իսահակն ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։ Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չե՞ս թողել»։ Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներ լինելու համար և նրան ապահովեցի ցորենով ու գինով։ Հիմա քեզ համար ի՞նչ անեմ, որդի՛ս»։ Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հա՛յր իմ. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան և ասաց. «Ահա քո բնակարանը լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից՝ վերևից ։ Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։ Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։ Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու՝ Եսավի խոսքերը։ Նա մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։ Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիր գնա՛ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա, մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից, և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից. ինչո՞ւ զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։ Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։ Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։ Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես», և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ, Եսավը տեսավ նաև, որ Քանանի աղջիկները իր հորը՝ Իսահակին, հաճելի չեն, Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։ Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։ Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեց քնելու։ Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։ Քո սերունդը երկրի ավազի չափ կլինի և կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ. քեզանով և քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը։ Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։ Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։ Նա վախեցավ և ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը. սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը»։ Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։ Եվ այդ տեղի անունը Բեթել դրեց. բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։ Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։ Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ»։ Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց Արևելքի որդիների երկիրը։ Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, ջրհորի բերանից քարը գլորում էին, հոտերին ջուր էին տալիս և քարը դարձյալ դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։ Հակոբն ասաց հովիվներին. «Եղբայրնե՛րս, դուք որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»։ Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։ Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։ Եվ Հակոբն ասաց. «Օրը դեռ առջևում է, և հոտերը հավաքելու ժամանակը չէ. ջո՛ւր տվեք ոչխարներին և տարեք արածեցրե՛ք»։ Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն. այն ժամանակ քարը կգլորեն ջրհորի բերանից, և ջուր կտանք ոչխարներին»։ Մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր դրանց հովիվը։ Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ, քարը գլորեց ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։ Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։ Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին. նա էլ վազեց և պատմեց իր հորը։ Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին լուրը, վազեց նրան դիմավորելու, գրկեց և համբուրեց նրան ու տարավ իր տունը։ Եվ նա Լաբանին պատմեց այս բոլոր բաները։ Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ Հակոբը նրա հետ մնաց մի ամբողջ ամիս։ Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով և գեղեցիկ՝ դեմքով։ Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթ տարի կծառայեմ քեզ»։ Լաբանն ասաց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու տամ նրան։ Բնակվի՛ր ինձ մոտ»։ Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։ Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։ Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։ Իսկ երեկոյան նա վերցրեց իր Լիա աղջկան և բերեց նրա մոտ, և Հակոբը նրա մոտ մտավ։ Լաբանն իր աղախին Զեղփային որպես աղախին տվեց իր աղջիկ Լիային։ Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։ Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, որ փոքր աղջկան մեծից առաջ տան։ Լրացրո՛ւ հարսանեկան այս շաբաթը, և ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ դու յոթ տարի ծառայես ինձ»։ Հակոբն այդպես արեց. և այն շաբաթն էլ լրացրեց, և Լաբանն իր աղջիկ Ռաքելին կնության տվեց նրան։ Լաբանն իր աղախին Բաղղային որպես աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։ Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեց Լաբանին։ Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։ Լիան հղիացավ և մի որդի ծնեց. նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքը, ուրեմն հիմա իմ ամուսինն ինձ կսիրի»։ Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը Շմավոն դրեց։ Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևի դրեց։ Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Եվ դադարեց ծնելուց։ Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակներ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և ասաց Հակոբին. «Որդինե՛ր տուր ինձ, եթե ոչ, կմեռնեմ»։ Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։ Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։ Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։ Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։ Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան դրեց։ Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։ Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ դրեց։ Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը Գադ դրեց։ Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։ Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր դրեց։ Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։ Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։ Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։ Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։ Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար դրեց։ Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։ Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա դրեց։ Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։ Նա հղիացավ, մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»։ Եվ նրա անունը Հովսեփ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։ Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։ Տո՛ւր ինձ իմ կանանց և որդիներին, որոնց համար ծառայեցի քեզ, ի՛նձ տուր, որ գնամ. որովհետև գիտես իմ ծառայությունը, որ ես ծառայել եմ քեզ»։ Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։ Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։ Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ. որովհետև իմ գալուց առաջ քո ունեցածը քիչ էր, բայց աճեց ու շատացավ։ Տերը օրհնեց քեզ իմ գալու առթիվ. իսկ հիմա իմ տան համար ես ե՞րբ եմ աշխատելու»։ Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։ Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։ Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։ Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։ Այդ օրը Լաբանը ջոկեց բծավոր ու խայտաբղետ նոխազները և բոլոր պիսակավոր ու խայտաբղետ այծերը և ամեն սպիտակ ունեցողը, բոլոր սև գառները և տվեց իր որդիներին։ Եվ երեք օրվա ճանապարհ դրեց իր և Հակոբի միջև։ Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։ Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։ Եվ իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որպեսզի երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։ Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ ։ Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։ Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։ Բայց տկար ոչխարներին չէր դնում. և տկարները Լաբանինը եղան, իսկ ուժեղները՝ Հակոբինը։ Եվ այսպես Հակոբը չափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։ Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ»։ Հակոբը տեսավ, որ Լաբանի երեսն առաջվա նման չէր իր հանդեպ։ Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։ Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ՝ իր հոտերի մոտ։ Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր երեսից տեսնում եմ, որ ինձ հետ առաջվա պես չէ։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։ Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը, իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։ Երբ նա ասում էր, թե՝ “Պիսակավորները քո վարձը լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր, թե՝ “Քո վարձը բծավորները լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։ Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։ Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։ Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. “Հակո՛բ”։ Ես ասացի. “Ահա ես այստեղ եմ ”։ Նա ասաց. “Աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր նոխազների հետ զուգավորվող հոտերին. բծավոր, խայտաբղետ և գորշագույն են. որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։ Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Մեր հոր տանը մեզ համար դեռ բաժին և ժառանգություն կա՞։ Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։ Դրա համար այն ամբողջ հարստությունը, որ Աստված առավ մեր հորից, մերն է և մեր զավակներինը։ Այժմ արա՛, ինչ որ Աստված ասել է քեզ»։ Հակոբը վեր կացավ և իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա։ Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։ Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։ Հակոբը ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև չասաց նրան, թե փախչում է։ Այսպես փախավ նա՝ հետը վերցնելով իր ամբողջ ունեցածը։ Անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։ Երրորդ օրը Լաբանին հայտնեցին, թե Հակոբը փախել է։ Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։ Աստված գիշերը երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ և ո՛չ վատ չխոսես»։ Լաբանը հասավ Հակոբին։ Հակոբն իր վրանը բացել էր լեռան վրա. Լաբանն էլ իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան բացեց։ Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։ Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։ Թույլ չտվեցիր ինձ, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս։ Հիմա հիմարություն արեցիր։ Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։ Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։ Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին։ Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։ Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Նա դուրս եկավ Լիայի վրանից և մտավ Ռաքելի վրանը։ Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։ Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորական ամսականի մեջ եմ»։ Լաբանը փնտրեց, բայց կուռքերը չգտավ։ Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ի՞նչ է իմ հանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։ Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։ Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։ Գազանի պատառոտածը չբերեցի քեզ մոտ. ես էի քաշում վնասը. ցերեկով գողացվածը և գիշերով գողացվածը ինձնից էիր պահանջում։ Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։ Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։ Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր հանդիմանեց քեզ»։ Լաբանը պատասխանեց և ասաց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, այս որդիները իմ որդիներն են, այս հոտերը իմ հոտերն են, և այն ամենը, ինչ որ դու տեսնում ես, իմն է։ Եվ ի՞նչ անեմ այսօր իմ այս աղջիկներին կամ իրենց ծնած զավակներին։ Բայց հիմա եկ ես և դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»։ Եվ Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշարձան։ Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ՝ այդ կույտի մոտ, հաց կերան։ Լաբանը նրա անունը Եգար-Սահադութա դրեց, իսկ Հակոբը նրա անունը Գաղաադ դրեց։ Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց. նաև Մասփա, որովհետև Լաբանն ասաց. «Տերը թող դիտի ինձ ու քեզ, երբ մենք բաժանվենք իրարից։ Եթե իմ աղջիկներին վշտացնես կամ եթե իմ աղջիկների վրա ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ. տե՛ս, իմ ու քո միջև Աստվա՛ծ է վկա»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։ Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։ Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։ Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու աղջիկներին և օրհնեց նրանց։ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը։ Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։ Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ ։ Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։ Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։ Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմա մարդ եմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։ Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։ Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝ մտածելով. «Եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի»։ Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։ Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։ Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։ Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։ Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց. երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ, երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։ Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։ Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմ ծառան ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդ գնացող այս հոտը ”, այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։ Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։ Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։ Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղիում։ Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։ Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իր ամբողջ ունեցվածքը։ Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։ Երբ մարդը տեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։ Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։ Հակոբն ասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։ Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեց Հակոբին։ Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել, որովհետև,- ասաց նա, - «Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի»։ Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ, և կաղում էր իր ազդրի վրա։ Դրա համար էլ Իսրայելի որդիները մինչև այսօր ազդրի վրայի թուլացած ջիղը չեն ուտում, որովհետև Հակոբի ազդրի թուլացած ջղին դիպավ։ Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։ Հակոբն իր զավակներին բաժանեց ու հանձնեց Լիային, Ռաքելին և երկու աղախիններին։ Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։ Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։ Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։ Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։ Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։ Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։ Եսավը հարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր իմ, քոնը քեզ լինի»։ Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունի՛ր իմ ընծան իմ ձեռքից հենց նրա համար, որ տեսա քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։ Խնդրեմ, ընդունի՛ր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։ Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առաջից»։ Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։ Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։ Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։ Հակոբը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա. թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։ Այսպես Եսավն այդ օրը իր ճանապարհով վերադարձավ Սեիր։ Հակոբը գնաց Սոկքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար՝ փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոկքովթ։ Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։ Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ-Էլոհե-Իսրայել ։ Դինան՝ Լիայի աղջիկը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։ Այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ և պղծեց նրան։ Նրա հոգին կապվեց Դինային՝ Հակոբի աղջկան. և սիրեց այդ աղջկան ու քաղցրությամբ խոսեց աղջկա հետ։ Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ ու ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։ Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր Դինա աղջկան, բայց նրա որդիները դաշտում էին նրա հոտերի հետ, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը։ Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ։ Հակոբի որդիները եկան դաշտից և հենց որ լսեցին, նեղվեցին ու շատ բարկացան, որ Սյուքեմն Իսրայելում անզգամություն արեց՝ Հակոբի աղջկա հետ պառկելով, և որ այդպիսի բան չպետք է լիներ։ Եմորը խոսեց նրանց հետ և ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կպել է ձեր աղջկան. խնդրեմ աղջկան տվե՛ք նրան կնության և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մե՛զ տվեք և մեր աղջիկներին առե՛ք ձեզ համար։ Բնակվե՛ք մեզ հետ, և այս երկիրը ձեր առջև բաց է. բնակվե՛ք, առևտո՛ւր արեք և կալվածքնե՛ր ձեռք բերեք նրա մեջ»։ Սյուքեմն ասաց աղջկա հորն ու նրա եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ. ինչ որ ասեք ինձ, կտամ։ Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։ Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին և նրա հայր Եմորին. այդպես ասացին, որովհետև Սյուքեմը պղծել էր իրենց քրոջը՝ Դինային, և ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլփատ է. որովհետև դա անպատվություն է մեզ համար։ Մենք ձեզ հետ կհամաձայնվենք միայն այն պայմանով, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլփատվի։ Այն ժամանակ մեր աղջիկներին կտանք ձեզ և ձեր աղջիկներին մենք կառնենք և ձեզ հետ կբնակվենք ու մեկ ժողովուրդ կլինենք։ Բայց եթե չլսեք մեզ ու չթլփատվեք, այն ժամանակ մենք մեր աղջկան կվերցնենք ու կգնանք»։ Նրանց խոսքերը հաճելի թվացին Եմորին և Եմորի որդի Սյուքեմին։ Եվ այն պատանին չհապաղեց այդ բանն անել, որովհետև սիրում էր Հակոբի աղջկան։ Իսկ նա իր հոր տանը ամենից հարգարժանն էր։ Եմորն ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և խոսեցին իրենց քաղաքի մարդկանց հետ՝ ասելով. «Այս մարդիկ խաղաղությամբ են վարվում մեզ հետ, ուստի թող բնակվեն այս երկրում և առևտուր անեն այստեղ։ Ահա ընդարձակ երկիրը նրանց առջև է։ Եկեք նրանց աղջիկներին կին առնենք մեզ համար և մեր աղջիկներին տանք նրանց։ Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։ Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։ Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։ Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնը և Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին։ Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։ Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա և կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը։ Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։ Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։ Հակոբն ասաց Շմավոնին և Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք ինձ։ Ինձ հետ քիչ մարդիկ կան. նրանք կհավաքվեն իմ դեմ, կհարվածեն ինձ, և կկորչենք ես և իմ տունը»։ Նրանք ասացին. «Հապա պե՞տք էր, որ պոռնիկի պես վարվեր մեր քրոջ հետ»։ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։ Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։ Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։ Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։ Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։ Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։ Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութ անունը։ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա վերադառնում էր Միջագետքից, և օրհնեց նրան։ Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։ Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։ Այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։ Եվ Աստված բարձրացավ նրանից, այն տեղից, որտեղ խոսել էր նրա հետ։ Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։ Հակոբն այն տեղի անունը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Բեթել դրեց։ Եվ Բեթելից ճանապարհվեցին։ Դեռ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ Ռաքելը ծննդաբերեց։ Ծննդաբերելիս շատ դժվարություն քաշեց։ Երբ ծննդաբերելիս շատ դժվարություն էր քաշում, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։ Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամին կոչեց նրան։ Ռաքելը մեռավ և թաղվեց Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհեմն է։ Հակոբը նրա գերեզմանի վրա մի արձան կանգնեցրեց, որը մինչև այսօր Ռաքելի գերեզմանի արձանն է։ Իսրայելը ճանապարհվեց և իր վրանը խփեց Միգդալ-Եդերից այն կողմ։ Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։ Լիայի որդիները՝ Ռուբեն՝ Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։ Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։ Լիայի աղախին Զեղփայի որդիները՝ Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Միջագետքում։ Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոն, որտեղ պանդխտության մեջ ապրել էին Աբրահամն ու Իսահակը։ Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։ Իսահակը ծերացած և օրերից հագեցած հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան։ Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։ Եսավը կանայք առավ քանանացի աղջիկներից՝ Ադդային՝ քետացի Ելոնի աղջկան, Ողիբամային՝ խևացի Սեբեգոնի դուստր Անայի աղջկան, և Բասեմաթին՝ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը։ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին. Բասեմաթը ծնեց Ռագուելին. Ողիբաման ծնեց Հեուսին, Հեգղոմին և Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Քանանի երկրում։ Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու իր անասունները և իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում, և գնաց իր եղբայր Հակոբից մի ուրիշ երկիր, որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։ Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։ Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։ Սրանք են Եսավի որդիների անունները. Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։ Եղիփազի որդիներն են՝ Թեման, Օմար, Սեփով, Գոթամ և Կենեզ։ Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։ Ռագուելի որդիները սրանք են՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։ Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։ Սրանք են Եսավի որդիների իշխանները. Եսավի անդրանիկի՝ Եղիփազի որդիներինը՝ իշխան Թեման, իշխան Օմար, իշխան Սեփով, իշխան Կենեզ, իշխան Կորխ, իշխան Գոթամ և իշխան Ամաղեկ։ Սրանք են Եդովմի երկրում Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիներն էին։ Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։ Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները սրանք են՝ իշխան Հեուս, իշխան Հեգղոմ, իշխան Կորխ։ Սրանք են Եսավի կնոջ՝ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։ Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։ Սրանք են այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։ Սրանք Սեիրի որդիներն են՝ քոռեցիների իշխանները Եդովմի երկրում։ Ղոտանի որդիներն էին՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրն էր Թամնան։ Սոբաղի որդիները սրանք են՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփով և Օնամ։ Սեբեգոնի որդիները սրանք են՝ Այիա և Անա։ Սա այն Անան է, որ իր հայր Սեբեգոնի էշերն արածեցնելիս տաք ջրեր գտավ անապատում։ Անայի որդիները սրանք են՝ Դիսոն, և Ողիբաման՝ Անայի աղջիկը։ Դիսոնի որդիները սրանք են՝ Ամադան, Եսբան, Հեթրան և Քառան։ Եսերի որդիները սրանք են՝ Բաղղան, Զաավան և Ական։ Դիսանի որդիները սրանք են՝ Հուս և Առան։ Քոռեցիների իշխանները սրանք են՝ իշխան Ղոտան, իշխան Սոբաղ, իշխան Սեբեգոն, իշխան Անա, իշխան Դիսոն, իշխան Եսեր և իշխան Դիսան։ Սրանք են քոռեցիների իշխանները Սեիրի երկրում՝ ըստ իրենց իշխանության գավառների։ Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմի երկրում, երբ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելի որդիների վրա։ Եդովմում թագավորեց Բեովթի որդի Բաղան. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց թեմանացիների երկրից Հուսամը։ Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը մովաբացիների դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Ավիթ էր։ Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։ Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որը գտնվում է Եփրատ գետի եզերքին։ Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքոբորի որդի Բաաղանը։ Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։ Սրանք են Եսավի իշխանների անուններն ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց վայրերի և իրենց անունների. իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ, իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն, իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար, իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։ Հակոբը բնակվեց Քանանի երկրում՝ իր հոր պանդխտության երկրում։ Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։ Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։ Նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան և չէին կարողանում նրա հետ խաղաղ խոսել։ Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, իմ տեսած այս երազը։ Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։ Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։ Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»։ Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։ Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։ Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ »։ Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։ Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։ Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։ Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։ Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։ Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։ Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր. և նա պատառոտեց իր հագուստները, վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին չկա, հիմա ես ո՞ւր գնամ»։ Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։ Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։ Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։ Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։ Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։ Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։ Հուդան տեսավ Շավա անունով մի քանանացու աղջկան, առավ նրան և մտավ նրա մոտ։ Սա հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Էր։ Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Օնան։ Եվ նորից մի որդի ծնեց և անունը Սելոմ դրեց։ Նրան ծնելիս Հուդան Քեզիբում էր։ Հուդան իր առաջնեկ տղայի՝ Էրի համար կին առավ, անունը՝ Թամար։ Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։ Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարի՛ր նրա հանդեպ և սերո՛ւնդ հանիր քո եղբոր համար»։ Օնանը հասկացավ, որ սերունդն իրենը չի լինելու. դրա համար, երբ մտնում էր իր եղբոր կնոջ մոտ, սերմը գետինն էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը։ Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։ Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի՛ նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա»։ Որովհետև ասաց. «Միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։ Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզողների մոտ։ Եվ հայտնեցին Թամարին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։ Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին. որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։ Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։ Ճանապարհին Հուդան դարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։ Նա էլ ասաց. «Ես իմ հոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։ Հուդան ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։ Թամարը վեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։ Հուդան ուլն ուղարկեց իր ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։ Եվ այնտեղի մարդկանց հարցրեց՝ ասելով. «Ո՞ւր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։ Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Չգտա նրան. տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չի եղել”»։ Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։ Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։ Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։ Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։ Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։ Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես ։ Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։ Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։ Տերը Հովսեփի հետ էր. նա հաջողակ մարդ էր և ապրում էր իր եգիպտացի տիրոջ տանը։ Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ նա անում էր, Տերը հաջողում էր նրա ձեռքով։ Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ Եվ այն ժամանակից հետո, երբ նրան իր տան և իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգեց, Տերը եգիպտացու տունն օրհնեց Հովսեփի պատճառով։ Տիրոջ օրհնությունը լինում էր թե՛ տանը և թե՛ դաշտում նրա ամբողջ ունեցվածքի վրա։ Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով։ Այս բաներից հետո նրա տիրոջ կինն աչքը գցեց Հովսեփի վրա և ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Բայց նա մերժեց և ասաց իր տիրոջ կնոջը. «Ահա իմ տերը չգիտի, ինչ որ կա ինձ մոտ՝ տան մեջ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։ Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։ Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփն իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։ Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։ Երբ կինը տեսավ, որ նա հագուստն իր ձեռքում թողեց և դուրս փախավ, կանչեց իր տան մարդկանց և պատմեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, մի եբրայեցի բերեց մեզ համար, որ խայտառակ անի մեզ։ Նա ինձ մոտ եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի։ Իսկ երբ լսեց, որ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց և դուրս փախավ»։ Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։ Եվ խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ խայտառակի ինձ։ Իսկ երբ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու դուրս փախավ»։ Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։ Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։ Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։ Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։ Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր. ինչ որ նա անում էր, Տերը հաջողություն էր տալիս։ Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը հանցանք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ։ Փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի և հացագործապետի վրա։ Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, այնտեղ, որտեղ Հովսեփն էր բանտարկված։ Դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց վրա, և նա ծառայում էր նրանց։ Նրանք միառժամանակ մնացին բանտում։ Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։ Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։ Նրանք պատասխանեցին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Մեկնություններն Աստծուն են վերաբերում. խնդրեմ, պատմե՛ք ինձ»։ Մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազը և ասաց նրան. «Երազումս տեսա, որ իմ առաջ մի որթատունկ կար։ Այդ որթատունկի վրա կային երեք ոստեր. հենց որ բողբոջեց, ծաղիկ տվեց, և նրա ողկույզները խաղող հասունացրին։ Փարավոնի բաժակն իմ ձեռքում էր։ Խաղողներն առա, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և բաժակը տվեցի փարավոնի ձեռքը»։ Հովսեփն ասաց նրան. «Սա է դրա մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են։ Երեք օր հետո փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ դարձյալ կհաստատի քո պաշտոնի վրա, և փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը նախկինի պես, երբ նրա մատռվակն էիր։ Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, և խնդրում եմ, ինձ բարեհաճությո՛ւն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից, որովհետև ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտը նետեն»։ Երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնաբանեց, ասաց Հովսեփին. «Ես էլ իմ երազում տեսա՝ գլխիս վրա ընտիր ալյուրի երեք զամբյուղ կար։ Ամենավերևի զամբյուղի մեջ կային այն բոլոր կերակուրներից, որ հացագործը պատրաստում է փարավոնի համար։ Թռչուններն ուտում էին դրանք իմ գլխի վերևում գտնվող զամբյուղից»։ Հովսեփը պատասխանեց և ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։ Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։ Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։ Նա մատռվակապետին վերականգնեց իր պաշտոնում, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը, իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։ Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան։ Երկու տարի հետո փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնել էր գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։ Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն յոթ երինջներին։ Եվ փարավոնը զարթնեց։ Նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ լեցուն և լավ հասկեր։ Եվ նրանց ետևից բուսնեցին յոթ վտիտ ու խորշակահար հասկեր։ Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։ Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։ Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։ Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։ Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին։ Եվ նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը. նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։ Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ ուռճացած և լավ հասկեր։ Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։ Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։ Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։ Այն յոթ լավ երինջները յոթ տարի են, և այն յոթ լավ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։ Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։ Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։ Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։ Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը, և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։ Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։ Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։ Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։ Այս խոսքը հաճելի թվաց փարավոնին և նրա բոլոր ծառաներին։ Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։ Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։ Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։ Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։ Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։ Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։ Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։ Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։ Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։ Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։ Երկրորդի անունը դրեց Եփրեմ, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։ Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։ Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։ Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք»։ Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։ Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։ Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»։ Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։ Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։ Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։ Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։ Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։ Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։ Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ՝ ասելով, թե դուք լրտեսներ եք։ Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ Ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր ասածների մեջ ճշմարտություն կա՞. եթե ոչ, փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք»։ Եվ երեք օր բանտարկեց նրանց։ Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ. եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։ Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։ Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։ Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։ Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։ Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։ Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։ Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։ Եվ ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, ահա այստեղ՝ իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը խռովվեց, և վախենալով ասացին միմյանց. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։ Ու եկան Քանանի երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ, և ասացին. «Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։ Նրան ասացինք. “Մենք ազնիվ ենք, լրտեսներ չենք։ Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները. մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։ Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. “Սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք. ձեր եղբայրներից մեկին թողե՛ք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ցորե՛ն վերցրեք և գնացե՛ք։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք. ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և այս երկրում առևտուր կանեք”»։ Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։ Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անզավակ թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ եք վերցնում։ Այս բոլորը ինձ վրա է գալիս»։ Ռուբենը խոսեց իր հոր հետ և ասաց. «Իմ երկու որդիներին սպանի՛ր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ. հանձնի՛ր նրան իմ ձեռքը, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։ Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։ Սովը սաստկացավ երկրի վրա։ Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։ Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։ Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։ Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։ Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։ Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։ Որովհետև եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»։ Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։ Վերցրե՛ք ձեզ հետ կրկնակի փող և ե՛տ տարեք ձեր պարկերի բերանին դրված փողը. գուցե դա սխալմունք է եղել։ Վերցրե՛ք նաև ձեր եղբորը և ելեք դարձյալ գնացե՛ք այդ մարդու մոտ։ Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Եվ եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։ Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։ Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, և ինչ մորթվելու է, մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն և տիրանան մեր էշերին»։ Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։ Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։ Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։ Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։ Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։ Հովսեփը հարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։ Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։ Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։ Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ բերեք»։ Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համար նրանք պիղծ էին համարվում։ Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։ Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։ Հովսեփն իր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրո՛ւ ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դի՛ր իր պարկի բերանին։ Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանի՛ն դիր, իր ցորենի փողն էլ»։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։ Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։ Սա այն բաժակը չէ՞, որով խմում է իմ տերը և որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով”»։ Վերակացուն հասավ նրանց և ասաց այս նույն խոսքերը։ Եվ ասացին նրան. «Ինչո՞ւ է իմ տերը այդպիսի խոսքեր ասում։ Քա՛վ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն։ Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից. էլ ինչպե՞ս կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։ Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, և մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։ Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասածի պես լինի. ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի. իսկ դուք անպարտ կլինեք»։ Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետին և ամեն մեկը բացեց իր պարկը։ Վերակացուն սկսեց խուզարկել՝ սկսեց մեծից և վերջացրեց կրտսերով. և բաժակը գտնվեց Բենիամինի պարկի մեջ։ Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները և ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա՝ վերադարձան քաղաք։ Հուդան և նրա եղբայրները եկան Հովսեփի տունը. նա դեռ այնտեղ էր. և գետին ընկան նրա առաջ։ Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք. դուք չգիտե՞ք, թե ինձ նման մի մարդ անպատճառ կգուշակի»։ Հուդան պատասխանեց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք կամ ինչպե՞ս արդարանանք. Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ. միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։ Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։ Իմ տերն իր ծառաներին հարցրեց՝ ասելով. “Հայր կամ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։ Դու քո ծառաներին ասացիր. “Բերե՛ք նրան ինձ մոտ, որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նրան”։ Մենք ասացինք մեր տիրոջը. “Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա”։ Իսկ դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսնը այլևս չտեսնեք”։ Երբ մենք գնացինք քո ծառայի՝ իմ հոր մոտ, նրան պատմեցինք իմ տիրոջ խոսքերը։ Իմ հայրն ասաց. “Դարձյալ գնացե՛ք և մեզ համար մի քիչ ուտելի՛ք գնեք”։ Մենք ասացինք. “Չենք կարող գնալ. եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”։ Քո ծառան՝ իմ հայրը, ասաց մեզ. “Դուք գիտեք, որ իմ կինը ինձ համար երկու որդի ծնեց։ Մեկն իմ մոտից գնաց, ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է, և մինչև հիմա չեմ տեսել նրան։ Եթե սրան էլ առնեք տանեք իմ մոտից, և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով”։ Արդ, եթե գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին, և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի, և մենք՝ քո ծառաները, ցավով գերեզման կիջեցնենք քո ծառային՝ իմ հորը, սպիտակ մազերով։ Որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը՝ ասելով. “Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ”։ Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես՝ քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ. որովհետև ինչպե՞ս գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի. միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։ Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։ Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ մոտեցե՛ք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոս տարվելու։ Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։ Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։ Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։ Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։ Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։ Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։ Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրե՛ք այստեղ»։ Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։ Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։ Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները. դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. “Այսպե՛ս արեք. բեռնե՛ք ձեր անասունները և գնացե՛ք Քանանի երկիրը։ Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը”։ Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։ Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։ Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենիամինին՝ երեք հարյուր կտոր արծաթ և հինգ ձեռք նոր հագուստ։ Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։ Եվ ճանապարհ դրեց իր եղբայրներին, և նրանք մեկնեցին։ Եվ ասաց նրանց. «Ճանապարհին չկռվեք»։ Նրանք Եգիպտոսից ելան և գնացին դեպի Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ։ Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։ Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին։ Իսրայելն ասաց. «Բավ է. իմ որդին դեռ կենդանի է. գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»։ Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ։ Նա եկավ Բերսաբեե և զոհեր մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։ Գիշերային տեսիլքում Աստված խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ »։ Աստված ասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։ Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս, նաև անպատճառ կհանեմ այնտեղից, և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։ Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։ Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս. իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին, իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։ Սրանք են Իսրայելի որդիների անունները, որոնք եկան Եգիպտոս. Հակոբն ու իր որդիները. Հակոբի անդրանիկը՝ Ռուբեն. Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Շմավոնի որդիները՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին և Սահառ, նաև քանանացի կնոջից ծնված որդին՝ Սավուղ։ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ Իսաքարի որդիները՝ Թավղա, Փուա, Հոբ և Սամրոն։ Զաբուղոնի որդիները՝ Սարեդ, Ելոն և Հաղել։ Սրանք Լիայի որդիներն են, որոնց ծնեց Միջագետքում Հակոբի համար, նաև՝ նրա Դինա աղջկան։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։ Գադի որդիները՝ Սափոն, Անգի, Սունի, Եսբոն, Էրի, Արոտի և Արելի։ Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի, Բարիա, նրանց քույրը՝ Սարա, և Բարիայի որդիները՝ Քաբեր և Մաղքիել։ Սրանք Զեղփայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. տասնվեց հոգի։ Հակոբի կին Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։ Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր, Ասբել, Գերա, Նեեման, Էհի, Ռոս, Մուփիմ, Ռոփիմ և Արեդ։ Սրանք Ռաքելի որդիներն են, որոնք ծնվեցին Հակոբի համար. բոլորը՝ տասնչորս հոգի։ Դանի որդին՝ Հուսիմ։ Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասիր և Սիլլեմ։ Սրանք Բաղղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. բոլորը՝ յոթ հոգի։ Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը վաթսունվեց հոգի էին։ Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։ Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի Գեսեմը ցույց տա նրան, և նրանք եկան Գեսեմի երկիրը։ Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։ Իսրայելն ասաց Հովսեփին. «Հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ»։ Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան. “Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։ Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են, և իրենց հոտերը, արջառները և իրենց ողջ ունեցվածքը բերել են”։ Եթե փարավոնը կանչի ձեզ և ասի, թե՝ “Ի՞նչ է ձեր արհեստը”, ասացե՛ք. “ Մենք՝ քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։ Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին և ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով և իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա Գեսեմի երկրում են»։ Եվ իր եղբայրներից հինգ մարդ վերցրեց և նրանց ներկայացրեց փարավոնին։ Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։ Նաև ասացին փարավոնին. «Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում»։ Փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։ Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։ Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին։ Եվ Հակոբն օրհնեց փարավոնին։ Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քո կյանքի տարիների օրերն ինչքա՞ն են»։ Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։ Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ փարավոնի մոտից։ Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի երկրի ամենալավ մասում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը։ Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։ Ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը շատ էր սաստկացել։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը թուլացան սովի պատճառով։ Հովսեփը Եգիպտոսի երկրում և Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփն այդ փողը տարավ փարավոնի տունը։ Երբ Եգիպտոսի երկրից և Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասացին. «Հա՛ց տուր մեզ. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա»։ Հովսեփն ասաց. «Բերե՛ք ձեր անասունները, և ձեր անասունների փոխարեն հաց կտամ ձեզ, եթե փող չկա»։ Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։ Լրացավ այդ տարին. հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, և մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից և մեր հողից։ Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։ Եվ Հովսեփը գնեց Եգիպտոսի ամբողջ երկիրը փարավոնի համար. որովհետև եգիպտացիները վաճառում էին՝ յուրաքանչյուրն իր արտը, քանի որ սովը սաստիկ ճնշում էր նրանց։ Եվ երկիրը դարձավ փարավոնինը, և ժողովրդին բերել տվեց քաղաքները՝ Եգիպտոսի սահմանի մի ծայրից մինչև մյուս ծայրը։ Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։ Հովսեփն ասաց ժողովրդին. «Այսօր ես ձեզ և ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա՛ ձեզ սերմացու. սերմանե՛ք հողը։ Բերքի ժամանակ հինգից մեկը պիտի տաք փարավոնին, իսկ չորս մասերը ձերը կլինեն, որպեսզի արտի համար սերմացու, իսկ ձեզ համար, ձեր տանը եղողների ու ձեր երեխաների համար ուտելիք լինի»։ Նրանք ասացին. «Մեր կյանքերը փրկեցիր. թող շնորհ գտնենք մեր տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին»։ Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։ Այսպես Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում՝ Գեսեմի երկրում։ Այնտեղ կալվածքներ ստացան, աճեցին և շատ բազմացան։ Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։ Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմությո՛ւն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր. այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։ Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդում արեց նրան։ Ապա Իսրայելը խոնարհվեց Գավազանի գլխի վրա։ Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին։ Հակոբին հայտնեցին և ասացին. «Ահա քո որդի Հովսեփը գալիս է քեզ մոտ»։ Իսրայելը ուժ հավաքեց և նստեց անկողնու վրա։ Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ։ Եվ ասաց ինձ. “Ես քեզ աճեցնելու և բազմացնելու եմ. ազգերի բազմություն եմ դարձնելու քեզ և քեզնից հետո այս երկիրը տալու եմ քո սերնդին իբրև հավիտենական կալվածք”։ Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։ Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։ Երբ ես գալիս էի Միջագետքից, իմ Ռաքելը մեռավ՝ ինձ վիշտ պատճառելով, Քանանի երկրում՝ Եփրաթայից քիչ հեռու՝ ճանապարհին։ Ես նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի ճանապարհին»։ Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»։ Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։ Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին, և չէր կարողանում տեսնել։ Հովսեփը նրանց մոտեցրեց նրան. Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։ Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց»։ Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։ Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից, ու մոտեցրեց նրան։ Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։ Նա օրհնեց Հովսեփին և ասաց. «Այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեց ինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր, Այն Հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին. սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով և երկրի վրա թող շատ բազմանան»։ Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն. նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։ Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։ Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։ Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։ Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։ Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։ Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։ Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ. լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին։ Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի, դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝ գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։ Ջրի պես եռացիր. Գերապատիվ չես լինի, քանզի քո հոր անկողինը բարձրացար Եվ այն պղծեցիր։ Շմավոնն ու Ղևին եղբայրներ են. Բռնության գործիքներ են նրանց սրերը։ Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը, նրանց ժողովին չմիանա իմ փառքը, քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։ Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր. անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։ Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ Եվ կցրեմ Իսրայելի մեջ։ Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։ Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։ Չի պակասելու իշխանությունը Հուդայից, ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից, մինչև որ գա Սելովը. և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։ Նա իր ավանակին որթից կկապի և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին. իր պատմուճանը կլվա գինով և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։ Գինուց կարմիր կլինեն իր աչքերը, և ատամները՝ կաթից սպիտակ։ Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։ Իսաքարն ամրապինդ մի էշ է, Պառկում է գոմերի մեջտեղում. Տեսնելով, որ հանգստությունը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, իր ուսը ծռեց՝ բեռ կրելու, և դարձավ հարկատու ծառա։ Դանը կդատի իր ժողովրդին Իսրայելի ցեղերից մեկի նման։ Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա, մի իժ՝ արահետի վրա. կծում է ձիու գարշապարը, Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։ Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։ Գադի վրա կհարձակվի մի գունդ, Բայց ինքը կհետապնդի նրանց։ Ասերի հացը առատ է. Եվ ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։ Նեփթաղիմն ազատ մի եղջերու է. նա գեղեցիկ ձագեր է տալիս ։ Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա. բողբոջները տարածվում են պատի վրա։ Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին, ատեցին նրան։ Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը Հակոբի Հզորի ձեռքով. Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։ Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ, երկնային վերին օրհնություններով, ներքևում եղող անդունդի օրհնություններով և ստինքների ու արգանդի օրհնություններով։ Քո հոր օրհնություններով, որ զորացան հավերժական լեռների օրհնություններից, և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։ Բենիամինը հոշոտող գայլ է. առավոտյան որսն է ուտում, երեկոյան՝ կողոպուտը բաժանում»։ Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են։ Սա է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, օրհնեց նրանց՝ յուրաքանչյուրին իր օրհնությամբ։ Եվ պատվիրեց նրանց և ասաց նրանց. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին. թաղե՛ք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որ քետացի Եփրոնի արտում է գտնվում. այն այրի մեջ, որ Քանանի երկրում՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում է, որն Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից այն արտի հետ միասին՝ որպես կալվածք գերեզմանի համար։ Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։ Այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը գնվեցին Քետի որդիներից»։ Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։ Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։ Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ զմռսեն իր հորը, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։ Լրացան նրա քառասուն օրերը, որովհետև այդքան օր պետք է զմռսման համար։ Եգիպտացիները յոթանասուն օր սգացին նրա համար։ Երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Եթե հիմա շնորհ գտա ձեր առաջ, խնդրում եմ, դիմե՛ք փարավոնին և ասացե՛ք, որ իմ հայրը երդվեցրեց ինձ՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ. ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես փորել եմ ինձ համար Քանանի երկրում”։ Այժմ թող գնամ թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։ Փարավոնն ասաց. «Ելի՛ր և թաղի՛ր քո հորը, ինչպես որ երդվեցրել է քեզ»։ Հովսեփը ելավ թաղելու իր հորը, և նրա հետ ելան փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ծերերը, Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը, նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։ Նրա հետ ելան կառքեր ու ձիավորներ, և կազմվեց մի շատ մեծ բազմություն։ Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։ Այդ երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ատադի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար այդ տեղի անունը դրեցին Աբելմիսրայիմ, որ Հորդանանի մյուս կողմում է։ Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։ Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։ Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։ Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։ Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին. "Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին"”։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։ Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։ Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։ Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։ Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։ Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։ Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։ Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։ Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։ Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա, Իսաքար, Զաբուղոն և Բենիամին, Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին։ Հովսեփն էլ Եգիպտոսում էր։ Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։ Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։ Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։ Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։ Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։ Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։ Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։ Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։ Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։ Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։ Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։ Փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Ծնված ամեն տղայի գե՛տը նետեք, իսկ ամեն աղջկա ո՛ղջ թողեք»։ Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։ Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։ Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։ Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։ Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։ Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնա՞մ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։ Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։ Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։ Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։ Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։ Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։ Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։ Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։ Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։ Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան՝ Սեփորային, կնության տվեց Մովսեսին։ Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։ Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենին այրվելով չի սպառվում»։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ »։ Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։ Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։ Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։ Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ Աստված ասաց Մովսեսին. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Եվ ասաց. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “ԵՄ-ը ուղարկեց ինձ ձեզ մոտ”»։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Գնա հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. "Արդարև, այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում և ասացի. "Դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում"”։ Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ. դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։ Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա. այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։ Մովսեսն ասաց. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն. որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»։ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, և այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքն ու բռնեց. և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ «Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Տերը դարձյալ ասաց նրան. «Հիմա ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն. և ահա ձեռքը բորոտ դարձավ՝ ձյան պես։ Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։ «Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանի ձայնին։ Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, գետից ջո՛ւր վերցրու ու թափի՛ր գետին. և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։ Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։ Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ Մովսեսն ասաց. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և նա ասաց. «Մի՞թե ես քո Ահարոն եղբորը՝ Ղևտացուն, չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։ Դու խոսի՛ր նրա հետ և խոսքե՛ր դիր նրա բերանում, և ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ պետք է անեք։ Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։ Վերցրո՛ւ այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները»։ Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։ Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։ Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։ Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։ Կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ անդրանիկը։ Եվ ասում եմ քեզ. թո՛ւյլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ. իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն՝ քո անդրանիկին”»։ Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։ Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»։ Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։ Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։ Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին։ Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին. և ժողովրդի առաջ նշաններ արեց։ Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։ Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։ Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերին և թողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։ Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։ Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ժողովրդին ինչո՞ւ եք ետ պահում իրենց գործերից. գնացե՛ք ձեր գործին»։ Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից»։ Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. «Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։ Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։ Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։ Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա. ինքնե՛րդ գնացեք ու ձեզ համար հա՛րդ ձեռք բերեք, ուր որ գտնեք”. սակայն ձեր աշխատանքից մի բան չպետք է պակասի»։ Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։ Գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։ Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։ Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։ Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։ Փարավոնը պատասխանեց. «Դուք ծույլ եք, ծույլ. դրա համար էլ ասում եք, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”։ Ուստի հիմա գնացե՛ք և աշխատե՛ք. ձեզ հարդ չի տրվելու, բայց նույն քանակությամբ աղյուս պետք է տաք»։ Իսրայելի որդիների վերակացուները իրենց չարիքի մեջ տեսան, երբ որ ասվեց, թե՝ «Ձեր աղյուսների քանակից ոչինչ չպակասեցնեք. օրական գործն իր օրը տվե՛ք»։ Փարավոնի մոտից դուրս գալով՝ նրանք հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։ Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։ Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին. իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից»։ Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. «Ես եմ Տերը։ Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստված անունով. բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։ Նաև հաստատեցի իմ ուխտը նրանց հետ, որպեսզի նրանց տամ Քանանի երկիրը՝ նրանց պանդխտության երկիրը, որտեղ նրանք պանդխտություն արեցին։ Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի իմ ուխտը։ Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. “Ես եմ Տերը ։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։ Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես՝ Տերը”»։ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մտի՛ր ու խոսի՛ր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից»։ Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. «Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, հապա փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ. չէ՞ որ ես ծանրալեզու եմ»։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների և Եգիպտոսի փարավոն թագավորի մասին՝ Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։ Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։ Շմավոնի որդիներն են՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին, Սահառ և քանանացի կնոջ որդին՝ Սավուղը։ Սրանք են Շմավոնի տոհմերը։ Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։ Գերսոնի որդիներն էին՝ Ղոբենի և Սեմեի՝ ըստ իրենց տոհմերի։ Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։ Մերարի որդիներն են՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց ծնունդների։ Ամրամն ամուսնացավ իր հորաքույր Հոքադի հետ, և սա նրա համար ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։ Իսահառի որդիներն են՝ Կորխ, Նափեկ և Զեքրի։ Ոզիելի որդիներն են՝ Միսայել, Եղիսափան և Սեթրի։ Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։ Կորխի որդիներն են՝ Ասիր, Եղկանա և Աբիասափ։ Սրանք են կորխեցիների տոհմերը։ Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փուտիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Ահարոնն ու Մովսեսը, որոնց Տերն ասաց. «Հանե՛ք Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից իրենց զորքերով հանդերձ»։ Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները. սրանք էին՝ այս Մովսեսը և Ահարոնը։ Երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում, այն ժամանակ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես եմ Տերը։ Ասա՛ Եգիպտոսի փարավոն թագավորին այն ամենը, ինչ ասում եմ քեզ»։ Եվ Մովսեսը Տիրոջ առաջ ասաց. «Ահա ես ծանրալեզու եմ, փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ»։ Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ փարավոնի համար աստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։ Դու խոսի՛ր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ. իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։ Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը և իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ Փարավոնը ձեզ չի լսի. և ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորքերը՝ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։ Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։ Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին. Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնն արեցին։ Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր, և դրանք օձեր էին դառնում. բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ. նա չի ուզում արձակել ժողովրդին։ Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։ Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում"։ Բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր։ Այսպես է ասում Տերը. սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան։ Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»։ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան”»։ Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին. գետի բոլոր ջրերը արյուն դարձան։ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։ Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։ Բոլոր եգիպտացիները փորեցին գետի շրջակայքը՝ խմելու ջուր գտնելու համար, որովհետև գետի ջրից չէին կարողանում խմել։ Յոթ օր էր անցել, որ Տերը հարվածել էր գետին։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։ Գետում գորտեր կվխտան. դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի տաշտերը։ Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա"”»։ Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Ահարոնին. “Մեկնի՛ր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտե՛ր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»։ Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։ Մովսեսն ասաց փարավոնին. « Ժամանա՛կ որոշիր ինձ համար, թե ե՛րբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների և քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից և միայն գետում մնան»։ Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող քո ասածի պես լինի, որպեսզի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։ Գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից և քո ժողովրդից. միայն գետի մեջ կմնան»։ Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա։ Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը. գորտերը սատկեցին ու վերացան տներից, բակերից և արտերից։ Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը հոտեց։ Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Գավազանդ մեկնի՛ր և հարվածի՛ր գետնի հողին, որպեսզի ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”»։ Այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքը մեկնեց իր գավազանով և հարվածեց գետնի հողին, ու ոջիլ եղավ մարդկանց և անասունների վրա։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա գետնի հողը ոջիլ դարձավ։ Մոգերն էլ իրենց կախարդություններով փորձեցին նույնն անել, որպեսզի ոջիլներ հանեն, բայց չկարողացան։ Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ։ Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։ Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։ Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։ Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը"”»։ Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։ Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։ Ուրեմն երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։ Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։ Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից։ Բայց փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին՝ թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։ Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։ Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը փարավոնի, նրա ծառաների և նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չմնաց։ Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և խոսի՛ր նրա հետ, թե եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Եթե չուզենաս արձակել և դեռ պինդ պահես նրանց, ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկ անասունն անգամ չի սատկի”»։ Տերը ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։ Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։ Փարավոնը մարդ ուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։ Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։ Նրանք վերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։ Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան, գնա կանգնի՛ր փարավոնի առաջ և ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։ Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով, և կկորչես երկրից։ Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով, և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։ Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակե՞ս նրան։ Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։ Հիմա մա՛րդ ուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում. որովհետև դաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են"”»։ Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։ Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։ Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։ Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։ Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։ Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։ Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար է Տերը, իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։ Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևս այստեղ չեք մնա»։ Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։ Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։ Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։ Բայց ցորենը և հաճարը կարկտահար չեղան, որովհետև դրանք ուշ են հասունանում։ Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։ Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։ Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա և նրա ծառաների սիրտը, որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, և որպեսզի դու պատմես քո որդուն և քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին և թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց։ Եվ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը»։ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։ Դրանք կծածկեն երկրի երեսը, և ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն, ինչ որ փրկվել մնացել է կարկուտից, և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։ Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։ Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։ Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։ Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար»։ Փարավոնն ասաց նրանց. «Այդպես թող լինի. Տերը ձեզ հետ. ես ձեզ կարձակեմ, բայց ինչո՞ւ երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք ։ Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։ Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա. և Տերն արևելյան հողմ փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխ բերեց։ Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր. դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և դրանից հետո էլ չեղավ։ Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։ Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։ Այժմ խնդրում եմ, այս անգա՛մ էլ ներեք իմ հանցանքը և աղաչե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։ Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։ Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։ Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։ Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։ Մարդ մարդու չէր տեսնում. երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավայրերում լույս էր։ Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։ Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր և ողջակեզներ էլ տաս, որպեսզի մատուցենք մեր Տեր Աստծուն։ Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չկամեցավ արձակել նրանց։ Փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից, զգուշացի՛ր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։ Մովսեսն ասաց. «Լավ ես ասում. այլևս քո երեսը չեմ տեսնի»։ Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։ Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։ Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում, և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։ Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։ Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։ Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով. "Դո՛ւրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը"։ Դրանից հետո ես կգնամ”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։ Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։ Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։ Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։ Այն պահե՛ք ձեզ համար մինչև ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։ Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։ Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։ Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։ Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ. ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով, և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա՝ կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։ Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։ Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։ Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։ Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։ Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։ Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը, օտարական լինի, թե տեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք. ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք”»։ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։ Վերցրե՛ք զոպայի մի փունջ, այն թաթախե՛ք կոնքի մեջ լցված արյան մեջ, կոնքի մեջ եղած արյունից քսե՛ք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին, և մինչև առավոտ ձեզանից ոչ ոք թող իր տան դռնից դուրս չգա։ Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար և տեսնելով դռան վերևի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը՝ Տերը կանցնի դռան վրայով և չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար։ Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։ Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։ Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։ Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։ Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։ Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։ Նրանց հետ ելավ նաև խառնիճաղանջ մի բազմություն, և ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։ Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։ Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից. սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիներն ու նրանց սերունդները։ Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլփատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։ Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։ Այն պետք է ուտվի մեկ տան մեջ. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոչ մի ոսկորը չջարդեք։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա։ Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլփատվի, և դրանից հետո մոտենա՝ զատիկը կատարելու, և նա կհամարվի երկրի բնիկ։ Որովհետև ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։ Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենք պիտի լինի»։ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։ Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։ Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։ Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։ Յոթ օր բաղարջ հաց պիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։ Այդ յոթ օրերին բաղարջ հաց պիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քո երկրի բոլոր սահմաններում։ Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։ Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։ Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։ Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա, Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։ Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։ Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։ Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։ Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։ Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։ Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։ Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։ Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։ Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովի մոտ, բնակություն կհաստատեք։ Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել են այս երկրում, անապատը շրջափակել է նրանց”։ Կկարծրացնեմ փարավոնի սիրտը, և նա կհետապնդի նրանց. ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա, և եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝ զրկվելով մեզ ծառայություն անելուց»։ Փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։ Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։ Տերը կարծրացրեց Եգիպտոսի թագավոր փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսրայելի որդիները դուրս եկան՝ ձեռքերը բարձր պահած։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։ Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի և նրա ձիավորների առաջ»։ Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս։ Եվ բանակներն ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։ Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։ Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։ Տերը հզոր պատերազմող է. Տեր է անունը նրա։ Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։ Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։ Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։ Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։ Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, Հեղեղները կանգնեցին դեզի պես, Անդունդները քարացան ծովում։ Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։ Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց. Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։ Մեկնեցիր քո աջ ձեռքը, Երկիրը կուլ տվեց նրանց։ Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։ Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։ Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր. Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։ Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից, Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։ Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ Մարիամը երգեց նրանց. «Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։ Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա ։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։ Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։ Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը մեկնեց Եղիմից և եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի և Սինայի միջև, Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունն անապատում տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ։ Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։ Վեցերորդ օրը, երբ նրանք պատրաստեն իրենց բերածը, իրենց ամեն օրվա հավաքածի կրկնապատիկը կլինի»։ Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո դուք կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է, իսկ առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ արած ձեր տրտունջն ինքը լսեց։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։ Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիս կիմանաք, որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ բազմությանն ասա՛. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև ձեր տրտունջը լսեց”»։ Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը. խոսի՛ր նրանց հետ և ասա՛. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան պիտի կշտանաք հացով. և կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Երեկոյան լորամարգիներ ելան և ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ։ Երբ իջած ցողը վերացավ, անապատի երեսին մանր թեփաձև մի բան կար՝ գետնի վրայի եղյամի նման մանր։ Իսրայելի որդիները տեսան և ասացին միմյանց. «Ի՞նչ է սա». որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ Տիրոջ պատվիրածն այս է. “Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ՝ մարդագլուխ մեկ օմեր ՝ ըստ ձեր վրանի անդամների թվի. յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար”»։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. որը շատ, որը քիչ հավաքեց։ Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»։ Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։ Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։ Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։ Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։ Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։ Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։ Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։ Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։ Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։ Իսրայելի տունն այդ ուտելիքի անունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։ Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա՛ լցրու և դի՛ր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։ Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։ Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։ Մեկ օմերը մեկ արդուի տասներորդ մասն է։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։ Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։ Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։ Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։ Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։ Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։ Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։ Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և Իսրայելի իր ժողովրդին, որ Տերը Իսրայելին հանեց Եգիպտոսից։ Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Մովսեսի կնոջը՝ Սեպփորային, նրան ետ ուղարկելուց հետո, և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև Մովսեսն ասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում», իսկ մյուսի անունը՝ Եղիազար, որովհետև ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր և ինձ ազատեց փարավոնի սրից»։ Մովսեսի աներ Հոթորը նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բանակատեղի էր հաստատել Աստծու լեռան վրա։ Նա ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, գալիս եմ քեզ մոտ, նաև քո կինը և նրա երկու որդիները՝ նրա հետ»։ Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ արել էր Տերը փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, այն բոլոր չարչարանքները, որ կրել էին ճանապարհին, և Տերն ազատել էր իրենց։ Հոթորն ուրախացավ այն բոլոր բարությունների համար, որ Տերն արել էր Իսրայելին և փրկել նրանց եգիպտացիների ձեռքից։ Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։ Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որով եգիպտացիները հպարտանում էին նրանց դեմ»։ Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։ Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։ Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։ Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։ Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։ Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։ Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։ Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւ բեռը քո վրայից, և նրանք թող այն կրեն քեզ հետ։ Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։ Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։ Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։ Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։ Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը։ Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալուց հետո երրորդ ամսվա նույն օրը, նրանք եկան Սինայի անապատը, այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։ Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի ինձ մոտ։ Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։ Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։ Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց առաջ դրեց այն բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրել էր իրեն։ Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և հավատա քեզ հավիտյան»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ և սրբի՛ր նրանց այսօր և վաղը. թող լվանան իրենց հանդերձները։ Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։ Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։ Ձեռք չդիպչի դրան. դիպչողը անպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։ Միայն երբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։ Մովսեսը լեռից իջավ դեպի ժողովուրդը և սրբեց ժողովրդին։ Նրանք լվացին իրենց հանդերձները։ Նա ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար. կնոջ մի՛ մոտեցեք»։ Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգին հնչեց փողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։ Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս հանեց Աստծու առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին։ Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։ Փողի ձայնը գնալով շատ էր սաստկանում։ Մովսեսը խոսում էր, և Աստված բարձրաձայն պատասխան էր տալիս նրան։ Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար սահմանից չանցնեն, և նրանցից շատերը չկորչեն։ Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող սրբվեն. միգուցե Տերը նրանց վրա էլ հարձակվի»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու պատվիրել ես մեզ՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան շուրջը և սրբի՛ր այն”»։ Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թե Տերը նրանց խոցի»։ Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և խոսեց նրանց հետ։ Աստված ասաց հետևյալը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։ Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։ Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը. որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։ Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Մի՛ սպանիր։ Մի՛ շնացիր։ Մի՛ գողացիր։ Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։ Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր »։ Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։ Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։ Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։ Ինձ զուգահեռ պաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։ Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։ Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։ Աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա”»։ «Սրանք են այն օրենքները, որ պիտի դնես նրանց առաջ։ Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդ տարում ձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։ Եթե նա մենակ է տունդ մտել, մենակ էլ դուրս պիտի գա. եթե նա կին ունեցող մարդ էր, կինն էլ դուրս պիտի գա իր հետ։ Եթե նրա տերն է կին տվել նրան, և կինը որդիներ կամ աղջիկներ է ծնել նրա համար, կինն ու զավակները տիրոջը պիտի լինեն, իսկ ինքը մենակ դուրս պիտի գա։ Բայց եթե ծառան բացահայտ ասի, թե՝ “Ես սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ”, այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։ Եթե մի մարդ վաճառի իր աղջկան աղախնության, նա դուրս չի գա, ինչպես ծառաներն են դուրս գալիս։ Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա չի նշանում նրան, թող փրկագնով վաճառի նրան, բայց օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև խաբեություն է արել նրան։ Եթե իր որդու համար նշանի նրան, ապա նրա հետ թող վարվի աղջիկների օրենքի համաձայն։ Եթե իր համար ուրիշ կին առնի, թող չզեղչի նախկին կնոջ ուտելիքը, հագուստը և ամուսնական մերձավորությունը։ Եթե այս երեք բաները չանի նրա համար, ապա կինը կարող է առանց փրկագնի, ձրի դուրս գալ։ Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։ Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը, ապա ես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։ Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։ Ով որ հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի սպանվի։ Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։ Ով որ իր հորը կամ մորն անիծի, նա անպատճառ պիտի սպանվի։ Եթե մարդիկ վիճեն միմյանց հետ, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և նա չմահանա, այլ անկողին ընկնի, և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքից կտրվելու արժեքը և առողջացնի։ Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։ Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։ Եթե մարդիկ կռվելիս լինեն և մի հղի կնոջ զարնվելով՝ վիժել տան նրա պտուղը, և ուրիշ վնասվածք չլինի, նա անպատճառ պետք է հատուցի այդ կնոջ ամուսնու կողմից պահանջված տույժը և վճարի դատավորների մոտ։ Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց՝ հոգի, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։ Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի, ապա աչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։ Եթե վայր գցի իր ծառայի ատամը կամ աղախնի ատամը, ապա նրա ատամի փոխարեն ազատ թող արձակի նրան։ Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։ Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։ Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։ Եթե եզը հարվածի տղայի կամ աղջկա, այս դատաստանի պես պիտի լինի նրան։ Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։ Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի, փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկած կենդանին իրենը պիտի լինի։ Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջ մնացած եզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։ Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։ «Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, նա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի։ Եթե մեկը գողին բռնի տան պատը ծակելիս և զարկի այնպես, որ նա սպանվի, նրանից արյուն թող չպահանջվի։ Բայց եթե նրա վրա արևը ծագել է, գողի արյունը զարկողի վրա է. բոլորը պիտի հատուցի։ Եթե ոչինչ չունի, այն ժամանակ նա կվաճառվի գողացածի փոխարեն։ Եթե գողացածը ողջ գտնվի նրա ձեռքում, եզ լինի, թե էշ, թե ոչխար, կրկնապատիկը կհատուցի։ Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի, ապա իր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։ Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցողն այրածը պիտի հատուցի։ Եթե մեկն իր հարևանին պահ տա փող կամ կարասի, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, նա կրկնապատիկը թող հատուցի։ Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։ Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։ Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդ անասունը սատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի, այն ժամանակ երկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունի այդ երդումը, և նա հատուցում չանի։ Բայց եթե իրոք իր մոտից է գողացվել, թող հատուցի նրա տիրոջը։ Եթե գազանից է հոշոտվել, թող վկայության համար հոշոտվածը բերի. հոշոտվածի համար չհատուցի։ Եթե մեկն իր հարևանից անասուն փոխ առնի, և սա վնասվածք ստանա կամ սատկի, իսկ նրա տերը նրա մոտ չլինի, ապա նա անպատճառ պիտի հատուցի։ Բայց եթե նրա տերը հետը լինի, նա թող չհատուցի. եթե դա վարձով է առնված, վարձը որպես հատուցում հաշվվի։ Եթե մեկը խաբի չնշանված աղջկա և պառկի նրա հետ, անպատճառ նրա օժիտը պիտի տա և նրան կին առնի իր համար։ Եթե նրա հայրը բնավ չուզենա նրան տալ, խաբողը կույսերի օժիտի չափ փող պիտի վճարի։ Չթողնես կախարդն ապրի։ Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։ Բացի միայն Տիրոջից, ուրիշ աստվածների զոհ մատուցողը կորստյան պիտի մատնվի։ Օտարականին մի՛ չարչարիր և մի՛ նեղիր նրան, որովհետև Եգիպտոսի երկրում դուք էլ էիք օտարական։ Ոչ մի որբևայրու կամ որբի բնավ մի՛ չարչարեք։ Եթե նրան չարչարես, և նա ինձ բողոքի, անպատճառ կլսեմ նրա աղաղակը. իմ բարկությունը կբորբոքվի, և ձեզ սրով կսպանեմ. ձեր կանայք որբևայրի, իսկ ձեր զավակները որբ կդառնան։ Եթե իմ ժողովրդից քեզ մոտ եղած մի աղքատի փող փոխ տաս, վաշխառուի նման մի՛ եղիր նրա հանդեպ և վաշխ մի՛ դիր նրա վրա։ Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրո՛ւ նրան, որովհետև դա է նրա միակ ծածկոցը և իր մարմնի հանդերձն է դա. ինչո՞վ պիտի պառկի. եթե նա աղաղակի ինձ, կլսեմ, որովհետև ես ողորմած եմ։ Դատավորներին մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր։ Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու։ Քո որդիներից անդրանիկներին ինձ պիտի տաս։ Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։ Եվ դուք սուրբ մարդիկ կլինեք ինձ համար։ Դաշտում հոշոտված կենդանու միս չպիտի ուտեք. շներին պիտի գցեք այն»։ «Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։ Չարություն անելու համար բազմության չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։ Աղքատին աչառություն չանես նրա դատի ժամանակ։ Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ դրան ետ կդարձնես տիրոջը։ Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։ Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։ Հեռո՛ւ մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի՛ մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի։ Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։ Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։ Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը. բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։ Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։ Ձեզ իմ բոլոր ասածները պահե՛ք և ուրիշ աստվածների անունը մի՛ հիշեք. թող ձեր բերանից չլսվի։ Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։ Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։ Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։ Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։ Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։ Քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։ Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։ Զգո՛ւյշ եղիր նրա առաջ և լսի՛ր նրա խոսքը. մի՛ համառիր նրա դիմաց, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ իմ անունը նրա մեջ է։ Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ, որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։ Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։ Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։ Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։ Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։ Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։ Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։ Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։ Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։ Նրանք չպիտի բնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, դա անպատճառ որոգայթ կդառնա քեզ համար»։ Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։ Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները թող չմոտենան. ժողովուրդը նրա հետ թող չբարձրանա»։ Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։ Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։ Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։ Մովսեսը, զոհերի արյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։ Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդվենք»։ Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա և ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»։ Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։ Նրանք տեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։ Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և կանգնի՛ր այնտեղ. քեզ պիտի տամ քարե տախտակները և իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորեցնես նրանց»։ Մովսեսն ու նրա օգնական Հեսուն վեր կացան, և Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Նա ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասե՛ք մեզ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են. ով որ որևէ վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։ Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։ Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա, և ամպը այն ծածկեց վեց օր։ Յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։ Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։ Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։ Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ, կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր, լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ, եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։ Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։ Այն կպատես մաքուր ոսկով. ներսից ու դրսից կպատես այն և դրա վրա չորս կողմից ոսկե մի շրջանակ կշինես։ Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։ Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։ Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։ Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։ Մաքուր ոսկուց մի կափարիչ կշինես։ Դրա երկարությունը թող լինի երկուսուկես կանգուն, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։ Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։ Մի քերովբեն պատրաստի՛ր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ այն ծայրին. քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։ Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավության վրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։ Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգուն թող լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես։ Դրա չորս կողմը մեկ թզաչափ եզրագոտի կշինես և եզրագոտուն չորս կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։ Սեղանի համար չորս ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ դրա չորս ոտքերի մոտ։ Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։ Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։ Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։ Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։ Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։ Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ Մեկ ճյուղի վրա պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։ Աշտանակի վրա լինեն նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ Երկու ճյուղերի տակ իրենից պետք է լինի մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպես պետք է լինեն այն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։ Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։ Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։ Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։ Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։ Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։ «Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։ Հինգ վարագույրներն իրար կցված լինեն. հինգ վարագույրները՝ իրար կցված։ Կապույտ օղակներ կդնես. առաջին վարագույրի եզրին՝ երկու կցվածքի միացման ծայրին. այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է երկու կեսերը կցվածքին։ Մեկ վարագույրի վրա կդնես հիսուն օղակ. հիսուն օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն։ Կպատրաստես հիսուն ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի մեկ վրան։ Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։ Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Տասնմեկ վարագույրի համար նույն չափսը լինի։ Հինգ վարագույրները առանձի՛ն կցիր և վեց վարագույրները՝ առանձին։ Վեցերորդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից։ Հիսուն օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին։ Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։ Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։ Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։ Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։ Վրանի համար սատիմի փայտից շրջանակներ կշինես և դրանք ուղղահայաց կկանգնեցնես։ Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն, և մեկ շրջանակի լայնությունը մեկուկես կանգուն պետք է լինի։ Ամեն մեկ շրջանակ իրար ագուցիկ երկու ելուստ թող ունենա. վրանի բոլոր շրջանակներն այդպես կշինես։ Վրանի համար կշինես. քսան շրջանակ հարավային կողմում։ Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։ Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ՝ իրենց քառասուն արծաթե խարիսխներով։ Մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ Վեց շրջանակ կշինես վրանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք։ Երկու շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար՝ ետևի կողմից։ Ներքևի կողմից դրանք զույգ պետք է լինեն՝ իրար միացած, իսկ վերևից՝ իրար միացած մեկ օղակով։ Երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։ Այսպիսով՝ ութ շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը, վրանի մյուս կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ և վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ։ Ներսի նիգը, որ մեջտեղում է, շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի։ Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։ Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։ Կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։ Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։ Քավությունը կդնես վկայության տապանակի վրա՝ սրբությունների սրբության մեջ։ Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։ Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։ Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։ «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանես այնպես, որ եղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։ Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։ Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։ Այն կդնես զոհասեղանի շրջանակի տակ՝ ներքևից, որ ցանցը հասնի մինչև զոհասեղանի բարձրության կեսը։ Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։ Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։ Զոհասեղանը կպատրաստես գերաններից՝ մեջը դատարկ. ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես այն։ Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։ Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։ Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուր կանգուն։ Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։ Արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրները հիսուն կանգուն լինեն։ Դրանց սյուները՝ տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը։ Արևելյան կողմում՝ գավթի լայնությամբ դեպի արևելք՝ հիսուն կանգուն։ Մեկ կողմի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։ Մյուս թևի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։ Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորս հատ, և դրանց խարիսխները՝ չորս։ Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։ Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն. վարագույրները լինեն մանած նուրբ կտավից, և սյուների խարիսխները՝ պղնձից։ Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։ Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։ Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։ «Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստնե՛ր պատրաստիր փառքի և պատվի համար։ Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։ Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։ Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի, կարմիր ու բարակ կտավ և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։ Դրա երկու ուսադիրները երկու ծայրերից կցված պիտի լինեն, որպեսզի կոճկվեն։ Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։ Երկու եղնգաքար կառնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։ Նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի։ Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։ Այդ երկու քարերը կդնես եփուդի ուսերի վրա, որպեսզի դրանք Իսրայելի որդիների համար հիշատակի քարեր լինեն։ Ահարոնը նրանց անունները որպես հիշատակ կկրի երկու ուսերի վրա Տիրոջ առաջ։ Ոսկուց խորշեր կպատրաստես և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։ Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։ Այն թող լինի քառակուսի և երկծալ։ Դրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և դրա լայնությունը՝ մեկ թիզ։ Դրա վրա կշարես ակնաքարեր՝ չորս շարք ընդելուզվածքով։ Առաջին շարքը՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ Երկրորդ շարքը՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ։ Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։ Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշիկների մեջ։ Ակնաքարերը տասներկուսը թող լինեն՝ Իսրայելի որդիների անունների պես։ Դրանք քանդակված թող լինեն կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։ Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես։ Լանջապանակի վրա երկու ոսկե օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես լանջապանակի երկու ծայրերին։ Այդ երկու ոլորուն և հյուսված ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին գտնվող երկու օղակների մեջ և հյուսված երկու շղթաների ծայրերը առջևի կողմից կամրացնես եփուդի ուսերի վրա գտնվող խորշիկներին։ Երկու ոսկե օղակներ կպատրաստես և դրանք կդնես լանջապանակի ներսի կողմից եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։ Լանջապանակի օղակներից կապույտ մի կապիչով կապեն եփուդի օղակներին այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից։ Երբ Ահարոնը սրբարանը մտնի, թող նա միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակի վրա փորագրված Իսրայելի որդիների անունները՝ Տիրոջ առաջ նրանց հիշելու համար։ Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։ Եփուդի պատմուճանը ամբողջապես կապույտ կտավից կպատրաստես։ Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։ Դրա քղանցքների վրա շուրջանակի կապույտ, ծիրանագույն ու կարմիր նռներ կպատրաստես և դրանց միջև շուրջանակի՝ ոսկե զանգակներ։ Պատմուճանի քղանցքի վրա շուրջանակի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ լինեն։ Ահարոնը թող այն կրի իր վրա՝ պաշտամունքի համար, և նրա ձայնը լսվի Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու դուրս գալիս, որպեսզի Ահարոնը չմեռնի։ Մաքուր ոսկուց մի թիթեղ կշինես և դրա վրա կփորագրես, ինչպես կնիքն են փորագրում՝ “ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ ”։ Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։ Եվ Ահարոնի ճակատի վրա լինի, որպեսզի Ահարոնը կրի. Իսրայելի որդիների նվիրած բոլոր սուրբ ընծաների անօրենությունը միշտ իր ճակատի վրա լինի, որպեսզի նրանք ընդունելի լինեն Տիրոջ առաջ։ Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։ Ահարոնի որդիների համար շապիկներ կպատրաստես և նրանց համար գոտիներ կպատրաստես. նրանց պատվի և փառքի համար ապարոշներ կպատրաստես։ Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։ Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։ «Ահա թե ինչ պիտի անես նրանց, որ սրբագործես նրանց՝ ինձ համար քահանա լինելու։ Վերցրո՛ւ արջառներից մի զվարակ և երկու անարատ խոյ։ Եվ բաղարջ հաց, յուղով հունցված բաղարջ շոթեր և յուղով օծված բաղարջ բլիթներ. ցորենի ընտիր ալյուրով կպատրաստես դրանք։ Դրանք կդնես մի կողովի մեջ և կմատուցես կողովի մեջ. նաև զվարակն ու երկու խոյերը։ Ահարոնին և նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։ Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։ Խույրը կդնես նրա գլխին և սուրբ թագն էլ կամրացնես խույրի վրա։ Ապա կվերցնես օծության յուղը, կթափես նրա գլխին և կօծես նրան։ Մոտ կբերես նրա որդիներին և շապիկներ կհագցնես նրանց։ Գոտիներով կգոտևորես նրանց, այսինքն՝ Ահարոնին ու նրա որդիներին, և նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես։ Եվ հավիտենական կանոնով քահանայությունը կպատկանի նրանց։ Այսպես լցրո՛ւ Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը։ Զվարակը կմոտեցնես ժողովի վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն զվարակի գլխին։ Զվարակը կմորթես ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։ Կվերցնես զվարակի արյունից և քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ։ Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։ Բայց զվարակի միսը, նրա մորթին և աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս։ Դա զոհաբերություն է մեղքերի համար։ Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։ Կմորթես այդ խոյը և վերցնելով նրա արյունը՝ շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։ Խոյը կբաժանես մասերի, կլվանաս նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք կդնես կտրտած մասերի և նրա գլխի վրա։ Ապա ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է Տիրոջ համար. կրակով այրված անուշահոտ զոհաբերություն է Տիրոջը։ Կառնես մյուս խոյը. և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։ Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից, կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջների բլթակին, նրանց աջ ձեռքի բթամատին, նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։ Կառնես զոհասեղանի վրա եղած արյունից ու օծման յուղից և շաղ կտաս Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա հետ նաև նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ նա ու իր զգեստները, նրա հետ նաև նրա որդիներն ու նրա որդիների զգեստները սրբացած կլինեն։ Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է), Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի կողովից կվերցնես նաև մի նկանակ հաց, յուղով հունցված մի կարկանդակ և մի բլիթ. այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջ որպես երերացնելու ընծա կմատուցես։ Ապա դրանք կվերցնես նրանց ձեռքից և սեղանի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ անուշահոտության համար։ Դա զոհաբերություն է Տիրոջը։ Կառնես Ահարոնի քահանայական ձեռնադրության համար մորթված խոյի կուրծքը և այն իբրև երերացնելու ընծա կմատուցես Տիրոջ առաջ. և դա կլինի քո բաժինը։ Կսրբագործես Ահարոնի և նրա որդիների քահանայական ձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։ Եվ հավիտենական մի կանոն կդառնա Ահարոնի և նրա որդիների համար Իսրայելի որդիների կողմից, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և բարձրացնելու ընծա պիտի լինի Իսրայելի որդիների կողմից խաղաղության զոհերից. բուն իրենց բարձրացնելու ընծան Տիրոջ համար է։ Ահարոնի սուրբ զգեստները իրենից հետո իր որդիներին թող պատկանեն՝ դրանցով օծվելու և դրանցով ձեռնադրվելու համար։ Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Կվերցնես ձեռնադրության խոյը և դրա միսը կեփես սուրբ վայրում։ Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանի դռան մոտ թող ուտեն խոյի միսը և կողովում գտնվող հացը։ Նրանք թող ուտեն այն բաները, որ իրենց ձեռնադրության ու նվիրագործման համար նրանցով քավություն եղավ։ Եվ ուրիշը չպիտի ուտի, որովհետև դրանք սուրբ են։ Եթե ձեռնադրության մսից և հացից մինչև առավոտ մնա, այդ ավելացածը կայրես կրակով։ Այն չպետք է ուտվի, որովհետև սուրբ է։ Ահարոնին ու նրա որդիներին այնպես կանես, ինչպես պատվիրել եմ քեզ։ Յոթ օր պիտի տևի նրանց ձեռնադրությունը։ Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։ Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որպեսզի զոհասեղանը ամենասուրբ լինի։ Եվ ամեն բան, որ դիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի։ Ահա թե ինչ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ։ Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ։ Մի գառան հետ կմատուցես շուրջ մեկուկես լիտր զտված ձիթայուղ՝ շաղված երեք կիլոգրամ ընտիր ալյուրի հետ, և մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա հեղելու համար։ Մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. առավոտյան հացի ընծայի պես և նրա հեղելու ընծայի պես՝ որպես կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն Տիրոջ համար։ Ձեր սերունդների մեջ դա մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, որտեղ ես կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար։ Այնտեղ պիտի հանդիպեմ Իսրայելի որդիներին, և վրանը պիտի սրբանա իմ փառքով։ Եվ պիտի սրբագործեմ ժողովի վրանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Եվ պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը լինեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ իրենց Տեր Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի իրենց մեջ բնակվեմ ես՝ իրենց Տեր Աստվածը»։ «Խունկ ծխելու սեղան կշինես. սատիմի փայտից կշինես այն։ Դրա երկարությունը՝ մեկ կանգուն, և լայնությունը՝ մեկ կանգուն. այն քառակուսի թող լինի. բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրները իրենից ելնեն։ Դա մաքուր ոսկով կպատես՝ դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջը ոսկե շրջանակ կշինես։ Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։ Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։ Այն կդնես վկայության տապանակի դիմաց գտնվող վարագույրի առջևում՝ վկայության վրա գտնվող քավության դիմաց, այնտեղ, ուր ես հանդիպելու եմ քեզ։ Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ թող ծխի. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ թող ծխի։ Եվ Ահարոնը խունկ թող ծխի երեկոյան դեմ ճրագները վառելիս, որպեսզի մշտնջենապես խունկ լինի Տիրոջ առաջ ձեր սերունդների մեջ։ Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ դրա վրա հեղելու ընծա թափեք։ Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անի. քավությունների մեղքի զոհի արյունով դրա վրա տարին մեկ անգամ քավություն անի ձեր սերունդների մեջ։ Դա ամենասուրբն է Տիրոջ համար»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիս լինես, որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։ Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։ Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին, պետք է տա Տիրոջ ընծան։ Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։ Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ Ահարոնն ու նրա որդիները նրանից կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։ Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար, այսպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն կլինի նրանց համար. թե՛ Ահարոնի համար և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուր սիկղ ընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմեն ձեթ։ Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։ Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։ Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. “Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։ Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։ Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, քաղբան՝ այս անուշահոտ համեմունքները, և մաքուր կնդրուկ. բոլորը քաշով հավասար լինեն։ Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։ Դրանից մի քիչ կառնես ու կծեծես շատ մանր և կդնես ժողովի վրանի մեջ՝ վկայության առաջ, որտեղ ես հանդիպելու եմ քեզ։ Դա ձեզ համար ամենասուրբը թող լինի։ Դուք ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ չպատրաստեք. դա Տիրոջը վերապահված սրբություն պիտի լինի ձեզ համար։ Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար, ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ։ Եվ ես ահա նրա հետ տվեցի Աքիսամայի որդի Ողիաբին՝ Դանի ցեղից։ Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ. ժողովի վրանը, վկայության տապանակն ու նրա վրայի քավությունը, վրանի ամբողջ սպասքը, զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակն ու նրա բոլոր գործիքները, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը, պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների քահանայություն անելու զգեստները, օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։ Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։ Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը գործ անի, անպատճառ պիտի մեռցվի։ Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։ Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ”»։ Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։ Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։ Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։ Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։ Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։ Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։ Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։ Տերն ասաց Մովսեսին. «Տեսա այս ժողովրդին. ահավասիկ խստապարանոց ժողովուրդ է նա։ Այժմ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։ Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։ Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։ Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. “Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն”»։ Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։ Մովսեսը դարձավ և իջավ լեռից։ Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները։ Տախտակների երկու երեսին էլ գրված էր. թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից նրանք գրված էին։ Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։ Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։ Մովսեսն ասաց. «Դա ո՛չ հաղթության աղաղակ է և ո՛չ էլ պարտության աղաղակ. այլ երգի ձայն եմ լսում ես»։ Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։ Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։ Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։ Նրանք ինձ ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը՝ Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանողը, չգիտենք, թե ի՛նչ եղավ”։ Ես նրանց ասացի. “Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերեն ինձ մոտ”։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը»։ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։ Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա »։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։ Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։ Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։ Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։ Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։ Բայց հիմա եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ քո գրած գրքից»։ Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից։ Իսկ հիմա գնա՛ և ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից. բայց իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ»։ Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։ Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։ Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։ Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց, որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։ Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։ Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։ Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։ Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։ Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։ Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։ Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ»։ Մովսեսն ասաց նրան. «Եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի՛ հանիր։ Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենք աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։ Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։ Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։ Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։ Եվ ասաց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ»։ Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։ Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։ Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա»։ Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։ Առավոտվա համար պատրա՛ստ եղիր և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կանգնի՛ր իմ առաջ։ Ոչ ոք չբարձրանա քեզ հետ, և ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա. ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»։ Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։ Տերն ամպով իջավ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։ Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։ Մովսեսն շտապելով մինչև գետին խոնարհվեց և երկրպագություն արեց։ Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։ Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։ Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։ Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք նրանց աստարովթները։ Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։ Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից. և քո որդիներին կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։ Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։ Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։ Ամեն առաջնածին ինձ է պատկանում, նաև քո անասունների մեջ ամեն արու առաջնեկ, արջառ լինի, թե ոչխար։ Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես, այն ժամանակ նրա վիզը կկտրես։ Քո որդիների բոլոր առաջնեկներին կփրկագնես, և ոչ մեկն իմ առաջ ձեռնունայն չերևա։ Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը հանգստանաս։ Պիտի հանգստանաս նաև ցանքի և հնձի ժամանակ։ Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։ Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ, որովհետև քո առաջից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները. ոչ ոք չպիտի ցանկանա քո երկիրը, երբ դու տարին երեք անգամ վեր բարձրանաս՝ ներկայանալու քո Տեր Աստծուն։ Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։ Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»։ Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։ Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։ Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։ Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։ Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը և իր երեսին քող էր դրել։ Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։ Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։ Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը և ասաց նրանց. «Սրանք են այն բաները, որ Տերը պատվիրեց, որ անեք. վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։ Շաբաթ օրը ձեր բոլորի բնակարաններում կրակ չվառեք»։ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով. “Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ, կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր, լույսի համար ձեթ, համեմունքներ օծության յուղի համար և անուշահոտ խնկի համար, եղնգաքարեր և ամրացնելու քարեր եփուդի համար և լանջապանակի համար”։ Ձեր միջից սրտով բոլոր իմաստունները թող գան և շինեն այն ամենը, ինչ պատվիրել է Տերը. տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները, տապանակն ու նրա ձողերը, քավությունը և այն ծածկող վարագույրը, զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները, առաջավորության հացը, լույսի աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, նրա կանթեղներն ու լույսի ձեթը, խնկարկության սեղանն ու նրա ձողերը, օծության յուղը, անուշահոտ խունկը, վրանի մուտքի վարագույրը, ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանցակերպ կասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը, գավթի վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը, վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները, ծառայության զգեստները սրբարանում ծառայության համար, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ քահանայություն անելու համար»։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը գնաց Մովսեսի մոտից։ Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։ Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։ Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։ Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։ Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։ Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։ Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր, նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։ Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։ Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ, որպեսզի նա ոսկու, արծաթի և պղնձի վրա հնարամիտ վարպետի գործեր կատարի, քարեր տաշի ամրացնելու համար, փայտեր փորագրի և կատարի ամեն տեսակ վարպետի գործեր։ Տերը նրա սրտի մեջ դրեց, որ սովորեցնի էլ թե՛ նրան և թե՛ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին։ Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողի գործն անեն»։ Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։ Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։ Նրանք Մովսեսից առան բոլոր ընծաները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայություն անելու համար։ Նրանք տակավին ամեն առավոտ կամավոր ընծաներ էին բերում նրա մոտ։ Սրբարանի ամբողջ գործը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, յուրաքանչյուրը, թողնելով իր գործը, եկավ. խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդն ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Տերը պատվիրել է անել»։ Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Թող այլևս ոչ ոք, տղամարդ լինի, թե կին, սրբարանի համար ընծաներ չբերի»։ Եվ ժողովուրդը դադարեց նվերներ բերելուց։ Նյութը բավական էր այդ բոլոր գործերը պատրաստելու համար. դեռ ավելացավ։ Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսը նույնն էր ։ Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։ Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին նա կապույտ օղակներ դրեց. մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին էլ նույնն արեց։ Մեկ վարագույրի վրա դրեց հիսուն օղակ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին նույնպես դրեց հիսուն օղակ։ Այդ օղակները դեմ դիմաց էին։ Ապա հիսուն ոսկե ճարմանդներ դրեց և վարագույրները ճարմանդներով միացրեց իրար։ Վրանը մեկ ամբողջություն դարձավ։ Վրանի համար այծի մազից վարագույրներ պատրաստեց որպես ծածկ. տասնմեկ այդպիսի վարագույրներ պատրաստեց։ Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսը նույնն էր։ Հինգ վարագույրներն իրար միացրեց առանձին և վեց վարագույրներն էլ՝ առանձին։ Հիսուն օղակ դրեց մեկ վարագույրի եզերքին՝ կցվածքի մոտ, և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Պատրաստեց հիսուն պղնձե ճարմանդներ՝ վրանը կոճկելու համար, որպեսզի մեկ ամբողջություն լինի։ Վրանի համար մի ծածկոց պատրաստեց խոյի կարմիր ներկված մորթիներից և մի ծածկոց էլ թեհաշի մորթիներից՝ դրա վրա։ Վրանի համար սատիմի փայտից ուղղահայաց դիրքով շրջանակներ պատրաստեց։ Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, և մեկ շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն։ Ամեն մեկ շրջանակն ուներ իրար ագուցված երկու ցցվածք։ Այդպես արեց նաև վրանի բոլոր շրջանակների համար։ Վրանի շրջանակները պատրաստեց. քսան շրջանակ դրեց դեպի հարավ՝ հարավային կողմում։ Քսան շրջանակների տակ դրեց քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար։ Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար պատրաստեց քսան շրջանակ և քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ։ Վրանի ետևի՝ արևմտյան կողմի համար պատրաստեց վեց շրջանակ և երկու շրջանակ էլ՝ վրանի մյուս անկյունների համար՝ ետևի կողմից։ Ներքևի կողմից դրանք զույգ էին, իսկ վերևից իրար միացած էին մեկ օղակով։ Երկուսն էլ պատրաստեց երկու անկյուններում։ Այսպիսով՝ վրանները ութն էին իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. ամեն մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ Սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ վրանի մի կողմի շրջանակների համար, հինգ նիգ՝ վրանի մյուս կողմի շրջանակների համար և հինգ նիգ՝ վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար։ Պատրաստեց նաև մեջտեղի նիգը, որպեսզի շրջանակների միջով այն անցկացվի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։ Շրջանակները պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց դրանց օղակները, որոնց միջով պիտի անցկացվեին նիգերը. նիգերը պատեց ոսկով։ Վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից. պատրաստեց ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։ Վրանի մուտքի համար պատրաստեց նկարազարդ մի վարագույր՝ կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Եվ նրա հինգ սյուներն ու դրանց կեռիկները, դրանց խոյակներն ու դրանց կապերը պատեց ոսկով. դրանց հինգ խարիսխները պղնձից էին։ Բեսելիելը տապանակը շինեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ Ներսից և դրսից այն պատեց մաքուր ոսկով։ Դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։ Դրա չորս անկյունների համար ձուլեց չորս ոսկե օղակներ, այսինքն՝ երկու օղակ՝ մի կողմից և երկու օղակ՝ մյուս կողմից։ Սատիմի փայտից ձողեր շինեց և դրանք պատեց ոսկով։ Ձողերն անցկացրեց տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վեր բարձրացվի տապանակը։ Քավությունը շինեց մաքուր ոսկուց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։ Երկու ոսկե քերովբեներ շինեց. դրանք կռածո շինեց քավության երկու ծայրերին. մի քերովբեն՝ այս կողմի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին. քավությունից շինեց քերովբեները՝ նրա երկու ծայրերին։ Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։ Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ Այն պատեց մաքուր ոսկով և դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։ Դրա շուրջբոլորը դրեց մեկ թզաչափ բարձրությամբ մի եզրագոտի և այդ եզրագոտու շուրջը՝ ոսկե մի եզրագոտի։ Զոհասեղանի համար ձուլեց չորս ոսկե օղակներ և օղակները դրեց չորս անկյուններին, որոնք զոհասեղանի չորս ոտքերի մոտ էին։ Օղակները կցված էին պսակին իբրև ձողերի տեղեր՝ զոհասեղանը բարձրացնելու համար։ Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով՝ զոհասեղանը բարձրացնելու համար։ Պատրաստեց սեղանի վրա դրվելիք անոթները՝ դրա սկուտեղներն ու խնկամանները, սկիհներն ու բաժակները, որոնցով հեղելու նվեր է մատուցվում։ Դրանք պատրաստեց մաքուր ոսկուց։ Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էին ելնում։ Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։ Աշտանակի բնի վրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ Երկու ճյուղերի տակ կար իրենից ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից ելնող մեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։ Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին՝ ամբողջությամբ կոփածո մեկ կտոր մաքուր ոսկուց։ Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։ Մի տաղանդ մաքուր ոսկի օգտագործեց պատրաստելու համար աշտանակն ու նրա ամբողջ սպասքը։ Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։ Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։ Եզրագոտու ներքևի մասում, երկու կողմերին նրա համար ոսկուց երկու օղակներ պատրաստեց. երկու անկյունների վրա՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը բարձրացնելու համար։ Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով։ Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։ Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էին ելնում. և այն պատեց պղնձով։ Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։ Զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ մի կասկարա, որը դրեց նրա շրջանակի տակ ներքևից, մինչև նրա կեսը։ Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։ Ձողերը շինեց սատիմի փայտից և դրանք պատեց պղնձով։ Ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ՝ զոհասեղանը դրանցով բարձրացնելու համար։ Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ։ Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։ Կառուցեց գավիթը. հարավային կողմի համար՝ վարագույրները դեպի հարավ, մանած նուրբ կտավից, հարյուր կանգուն։ Դրանց սյուները՝ քսան, դրանց խարիսխները՝ քսան։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Հյուսիսային կողմի համար՝ հարյուր կանգուն վարագույր. սյուները՝ քսան հատ, և դրանց խարիսխները՝ քսան, պղնձից։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։ Արևելյան կողմի համար, դեպի արևելք, վարագույրը հիսուն կանգուն էր։ Մուտքի մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, ու դրանց խարիսխները՝ երեք։ Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի դռան այս կողմից և մյուս կողմից վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, և դրանց խարիսխները՝ երեք։ Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։ Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերով իրար կցված էին։ Գավթի մուտքի վարագույրը նկարազարդ էր, կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Դրա երկարությունը քսան կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների չափ։ Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս. դրանց կեռիկներն արծաթից էին, դրանց խոյակները՝ արծաթապատ, և ճանկերը՝ արծաթից։ Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։ Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։ Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։ Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։ Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից, այսինքն՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։ Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։ Այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ արծաթով պատրաստեց սյուների կեռիկները և դրանց խոյակները պատեց ու կապեց նրանց։ Նվիրված պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։ Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները, գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։ Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եփուդը պատրաստեցին ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ Ոսկու թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք գործվեն կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավի հետ՝ վարպետորեն հյուսելով։ Ագուցիկ ուսադիրներ պատրաստեցին նրան. այն կոճկվում էր երկու ծայրերից։ Եփուդի վրայի գոտին հենց իրենից էր, ուներ նույն գործվածքը, ոսկուց և կապույտ, ծիրանի ու կարմիր և մանած նուրբ կտավից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։ Դրանք դրեցին եփուդի ուսերի վրա՝ իբրև հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։ Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. մի թզաչափ երկարությամբ ու մի թզաչափ լայնությամբ և երկծալ էր։ Դրա վրա ամրացվեցին չորս շարք ակնաքարեր։ Առաջին շարքի վրա՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ Երկրորդ շարքը կարկեհան, շափյուղա և ադամանդ էր։ Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։ Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք ամրացված էին ոսկե խորշերի մեջ։ Քարերը տասներկու հատ էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների։ Դրանք փորագրված էին կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։ Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։ Պատրաստեցին երկու ոսկե խորշիկներ և երկու ոսկե օղակներ. երկու օղակներն ամրացրին լանջապանակի երկու ծայրերին։ Երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների մեջ։ Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։ Ոսկե երկու օղակներ էլ շինեցին և լանջապանակի ներսի կողմից դրեցին եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ Նաև ուրիշ երկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։ Լանջապանակի օղակները կապույտ մի ժապավենով կապեցին եփուդի օղակներին, որպեսզի եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը չբաժանվի եփուդից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջությամբ հյուսված կապույտ բրդից։ Պատմուճանը մեջտեղի մասում մի բացվածք ուներ, որ նման էր զրահի բացվածքի. բացվածքի շուրջը մի եզերք կար, որպեսզի պատմուճանը չպատռվի։ Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։ Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները դրեցին պատմուճանի քղանցքների շուրջբոլորը, նռնածաղիկների միջև. մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ, մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ պատմուճանի քղանցքներին՝ շուրջանակի. դա ծառայություն անելու համար, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նրանք նուրբ կտավից հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի և նրա որդիների համար։ Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։ Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին, ինչպես փորագրում են կնիքը. «ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ»։ Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։ Մովսեսի մոտ բերեցին վրանը, ծածկոցը և դրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, շրջանակները, նիգերը, դրա սյուներն ու խարիսխները, խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոցը, թեհաշի մորթիներից պատրաստված ծածկոցը, ծածկող վարագույրը, վկայության տապանակը, դրա ձողերը և քավությունը, զոհասեղանը և դրա բոլոր անոթները, առաջավորության հացը, մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագամաններով, այսինքն՝ շարքով դրված ճրագամաններով և իր ամբողջ սպասքով, լույսի ձեթը, ոսկե սեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, մուտքի վարագույրը, պղնձե զոհասեղանը և դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը, գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար, սրբարանում ծառայության համար օգտագործվող ծիսական հանդերձները և Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։ Իսրայելի որդիներն այս բոլոր գործերը կատարեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ ժողովի վրանը։ Նրա մեջ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով։ Սեղանը ներս կբերես և դրա վրա կշարես հացերը։ Ներս կբերես աշտանակը և կվառես դրա ճրագները։ Վկայության տապանակի առաջ կտեղավորես խնկարկության ոսկե սեղանը և խորանի մուտքին կկախես վարագույրը։ Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։ Ավազանը կդնես ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ Գավիթը կկանգնեցնես շուրջանակի և գավթի մուտքին կկախես վարագույրը։ Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։ Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։ Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։ Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։ Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։ Կմոտեցնես նաև նրա որդիներին, շապիկներ կհագցնես նրանց և նրանց էլ կօծես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Նրանց օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական քահանայության համար կլինի»։ Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։ Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։ Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։ Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։ Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։ Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից, և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց, և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Վարագույրը կախեց խորանի մուտքին։ Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։ Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։ Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։ Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։ Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ Տերը կանչեց Մովսեսին և խոսեց նրա հետ ժողովի վրանից՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզնից մեկը զոհ մատուցի Տիրոջը, ապա ձեր զոհը թող արջառներից կամ հոտերից մատուցի ։ Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։ Եվ իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որպեսզի ընդունելի լինի՝ իրեն քավություն լինելու համար։ Զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն շաղ տան ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ Ողջակեզը մաշկի և այն բաժանի մասերի։ Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։ Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։ Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։ Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։ Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։ Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։ Եթե Տիրոջ համար ողջակեզը թռչուններից է, ապա նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից։ Քահանան այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը, այրի զոհասեղանի վրա, և զոհի արյունը քամվի զոհասեղանի մի կողմում։ Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։ Ապա թևերից պատռի նրան՝ առանց դրանք բաժանելու, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ կրակին դրված փայտերի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհաբերություն Տիրոջ համար”»։ «Եթե մեկը հացի ընծա է մատուցելու Տիրոջը, նրա ընծան թող ընտիր ալյուրից լինի, և դրա վրա յուղ թափի և կնդրուկ դնի և այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ։ Քահանան վերցնի յուղած այդ ընտիր ալյուրից մի բուռ ամբողջ կնդրուկի հետ միասին և այն այրի զոհասեղանի վրա իբրև հիշատակ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։ Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։ Եթե թոնրի մեջ եփված հացի ընծա է զոհ մատուցելու, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ շոթեր կամ յուղով օծված բաղարջ լավաշներ թող լինեն։ Եթե քո զոհաբերությունը տապակի վրա եփված հացի ընծա է, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ թող լինի։ Այն կբաժանես կտորների և վրան յուղ կլցնես։ Դա հացի ընծա է։ Եթե քո զոհաբերությունը կասկարայի վրա եփված հացի ընծա է, թող այն յուղով պատրաստվի ընտիր ալյուրից։ Դրանից պատրաստված հացի ընծան կբերես Տիրոջը և կներկայացնես քահանային, և նա այն կմոտեցնի զոհասեղանին։ Քահանան մատուցվելիք ընծայից մի մաս կվերցնի իբրև խորհրդանշական բաժինը և կայրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ այրված զոհ լինելու համար։ Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ զոհերից է Տիրոջ համար։ Տիրոջը մատուցվող ոչ մի հացի ընծա թթխմորով չպատրաստվի, որովհետև թթխմոր և մեղր չպիտի այրեք՝ իբրև այրված զոհ Տիրոջ համար։ Դրանք կմատուցեք Տիրոջը որպես երախայրիքի զոհաբերում, բայց զոհասեղանի վրա չպիտի այրվեն որպես անուշահոտ զոհաբերություն։ Քո բոլոր հացի ընծաները աղով կանես. քո հացի ընծաներից քո Աստծու ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր զոհերի հետ աղ էլ կբերես։ Եթե քո առաջին բերքից հացի ընծա մատուցես Տիրոջը, ապա նոր հասկերից կրակի վրա բոված և ծեծած ցորեն կմատուցես՝ որպես քո առաջին բերքի ընծան։ Դրա վրա յուղ կթափես և կնդրուկ կդնես վրան. դա հացի ընծա է։ Քահանան իբրև խորհրդանշական բաժին թող այրի ծեծած ցորենից և յուղից, նաև ամբողջ կնդրուկը՝ Տիրոջը զոհ լինելու համար»։ «Եթե նրա զոհաբերությունը խաղաղության զոհ է, և եթե նա արջառներից է մատուցում, արու լինի, թե էգ, Տիրոջ առաջ անարատը թող մատուցի։ Եվ իր ձեռքը դնի զոհի գլխին և այն մորթի ժողովի վրանի մուտքի մոտ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ Եվ խաղաղության զոհից Տիրոջը զոհ մատուցի, այսինքն՝ հանի փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, երկու երիկամները և դրանց շուրջը մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ Ահարոնի որդիները թող այրեն դա զոհասեղանի վրա այն ողջակեզի հետ, որը կրակի վրայի փայտերի վրա է՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։ Եթե խաղաղության համար Տիրոջը մատուցելիք նրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։ Եթե նա իր ընծան գառ է մատուցում, այն թող մատուցի Տիրոջ առաջ։ Եվ իր ձեռքը դնի իր ընծայի գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը, երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես հացի զոհ, որ այրվում է Տիրոջ համար։ Եթե նրա զոհաբերածն այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ։ Եվ իր ձեռքը դնի նրա գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ Եվ դրանից իր զոհը մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի փորոտիքի ճարպաթաղանթը, փորոտիքի վրայի ամբողջ ճարպը, երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար. ամբողջ ճարպը Տիրոջն է։ Ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում սա հավիտենական կանոն լինի. բնավ չուտեք այրված ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն, եթե օծված քահանան մեղանչի՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից անարատ մի զվարակ պիտի մատուցի Տիրոջը որպես մեղքի զոհաբերություն։ Նա զվարակը թող բերի ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ։ Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։ Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և այդ արյունից յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առաջ, սրբարանի վարագույրի դիմաց։ Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակի մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։ Եվ վերցնի մեղքի համար զոհաբերված զվարակի ամբողջ ճարպը, այսինքն՝ փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը։ Եվ հանի երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ, ինչպես դրանք հանվում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք թող այրի ողջակեզի զոհասեղանի վրա։ Իսկ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխի և ոտքերի հետ, փորոտիքը և աղբը, այսինքն՝ ամբողջ զվարակը հանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և այրի կրակով, փայտերի վրա։ Մոխրի թափված տեղում այրվի։ Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։ Եթե իմացվի նրանց գործած մեղքը, ժողովուրդն արջառներից մի զվարակ թող մատուցի որպես մեղքի զոհ և այն բերի ժողովի վրանի առաջ։ Ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքերը դնեն զվարակի գլխին և զվարակը մորթեն Տիրոջ առաջ։ Օծված քահանան զվարակի արյունից բերի ժողովի վրան։ Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ, վարագույրի դիմաց։ Եվ արյունից քսի ժողովի վրանում Տիրոջ առաջ դրված սեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։ Զվարակի ամբողջ ճարպը թող հանի նրա վրայից և այրի զոհասեղանի վրա։ Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։ Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։ Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։ Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։ Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։ Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրա մնացած արյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։ Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։ Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։ Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։ Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։ Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։ Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգ գառ։ Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։ Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։ «Եթե մի մարդ մեղանչի ու մեկի երդումի ձայնը լսի և վկա լինի, կամ տեսել է կամ գիտե, եթե չհայտնի, այդ ժամանակ իր հանցանքը կկրի։ Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։ Կամ մարդու անմաքրության, անմաքուր անող որևէ անմաքրության դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա հանցավոր կլինի։ Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։ Ու եթե այսպիսի բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը։ Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։ Իսկ եթե նա կարողություն չունենա ոչխար կամ այծ բերելու, իր գործած հանցանքի համար թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ մատուցի Տիրոջը՝ մեկը որպես մեղքի զոհ, մյուսը՝ ողջակեզ։ Դրանք թող բերի քահանայի մոտ և նախ մատուցի այն, որ մեղքի զոհաբերություն է. դրա գլուխը ոլորի վզից, բայց չպոկի։ Եվ մեղքի զոհի արյունից շաղ տա զոհասեղանի մի կողմում, իսկ մնացած արյունը քամվի զոհասեղանի պատվանդանին. սա մեղքի զոհ է։ Իսկ մյուսն ըստ կանոնի ողջակեզ անի։ Քահանան նրան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի։ Իսկ եթե նա կարողություն չունենա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր մեղքի զոհի համար։ Դրա վրա ո՛չ յուղ լցնի և ո՛չ էլ կնդրուկ դնի, որովհետև դա մեղքի զոհ է։ Այն թող բերի քահանայի մոտ, և քահանան դրանից մի լիքը բուռ վերցնի իբրև հիշատակ և այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցված զոհաբերությունների հետ։ Դա մեղքի զոհ է։ Քահանան այդպես քավություն կանի նրան այդպիսի բաներից մեկում գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի, իսկ մնացածը կպատկանի քահանային, հացի ընծայի նման»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։ Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։ Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։ Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։ Սա հանցանքի զոհ է, որովհետև նա հանցավոր է Տիրոջ առաջ»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ, կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով, այն ժամանակ, քանի որ մեղանչել ու հանցանք է գործել, նա պետք է ետ տա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ կորած բանը, որ գտել է, կամ որևէ բան, որի համար սուտ երդում էր արել. ամբողջությամբ պետք է հատուցի դա՝ դրան ավելացրած դրա մեկ հինգերորդ մասը, և վերադարձնի տիրոջը իր հանցանքի համար զոհաբերություն մատուցելու օրը։ Եվ իր հանցանքի զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ հոտերից քահանայի մոտ բերի անարատ մի խոյ՝ քո որոշած արժեքով, իբրև հանցանքի զոհ։ Քահանան քավություն անի նրան Տիրոջ առաջ, և թողություն կլինի նրան, ինչ բանի համար որ հանցանք էր գործել»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։ Քահանան կտավե պատմուճան պիտի հագնի և կտավե անդրավարտիք իր մարմնի վրա։ Նա զոհասեղանի վրայից պիտի վերցնի կրակից այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ։ Նա իր զգեստները պիտի հանի ու հագնի ուրիշ զգեստներ և մոխիրը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։ Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։ Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։ Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։ Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։ Ահարոնի զավակների բոլոր արուները թող ուտեն դրանից։ Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Ով դիպչի դրանց, կսրբանա”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Այս է Ահարոնի ու նրա որդիների զոհաբերությունը, որ նրանք պիտի մատուցեն Տիրոջը օծվելու օրը։ Մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր ամեն օր հացի ընծայի համար. կեսը՝ առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան։ Տապակի մեջ յուղով պիտի պատրաստվի. այն պիտի բերես հունցված, եփված և կտորների բաժանված վիճակում ու մատուցես Տիրոջը իբրև անուշահոտ հացի ընծա։ Այն պիտի մատուցի նրա որդիներից նրա տեղը օծվող քահանան։ Սա հավիտենական կանոն է Տիրոջ համար. այն պիտի այրվի ամբողջովին։ Քահանայի ամեն հացի ընծան ամբողջովին պիտի այրվի, այն չպիտի ուտվի»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։ Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։ Ամեն ինչ, որ դիպչի դրա մսին, կսրբանա։ Եթե դրա արյունից ցայտի զգեստի վրա, այն ցայտված զգեստը պետք է լվացվի սուրբ վայրում։ Կավե այն ամանը, որի մեջ եռացել է այդ միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։ Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։ Մեղքի ամեն զոհը, որի արյունից ժողովի վրան է բերվում քավություն անելու համար սուրբ վայրի մեջ, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”»։ «Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։ Ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի հանցանքի զոհը, և դրա արյունը շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։ Եվ մատուցի դրա ամբողջ ճարպը, այսինքն՝ դմակը և փորոտիքը ծածկող ճարպը, երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամներով հանդերձ հանի։ Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես այրված զոհաբերություն Տիրոջը. դա հանցանքի զոհ է։ Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։ Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։ Որևէ մեկի ողջակեզը մատուցող քահանային թող պատկանի ողջակիզվող անասունի մորթը։ Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։ Հացի ամեն ընծա, յուղով հունցված լինի, թե չոր, հավասարապես թող պատկանի Ահարոնի բոլոր որդիներին։ Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը. եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։ Այս շոթերի հետ թող մատուցի թթխմորով հացի ընծա՝ շնորհակալության համար մատուցվող իր խաղաղության զոհի հետ։ Յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը՝ որպես բարձրացնելու ընծա. դա խաղաղության զոհի արյունը շաղ տվող քահանային թող պատկանի։ Շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պիտի ուտվի հենց մատուցվելու օրը։ Դրանից բան չպետք է մնա մինչև առավոտ։ Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհի մատուցման օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։ Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։ Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողին զոհ չի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։ Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսից ուտել։ Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։ Ով որ դիպչի որևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։ Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։ Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։ Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։ Ամեն մարդ, որ որևէ տեսակի արյուն ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։ Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։ Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։ Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։ Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ զիստը նրա բաժինը թող լինի։ Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։ Այս է Տիրոջը մատուցվող զոհերից Ահարոնին ու նրա որդիներին հասանելիք բաժինը նրանց քահանա օծվելու օրվանից, որ Տերը պատվիրել է Իսրայելի որդիներից տալ նրանց՝ իրենց օծման օրվանից սկսած՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։ Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի զոհի, հանցանքի զոհի, նվիրաբերման և խաղաղության զոհի օրենքը, որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհերը Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին իր հետ և զգեստները, օծության յուղը, մեղքի զոհի զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ պատվիրեց Տերը, որ արվի»։ Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։ Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին կապեց գոտին, պատմուճանը հագցրեց նրան, դրա վրա դրեց եփուդը և եփուդի ժապավենով գոտևորեց նրան ու դրանով զգեստավորեց նրան։ Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։ Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մովսեսն առավ օծության յուղը, օծեց վրանն ու դրա մեջ եղած ամեն բան և սրբագործեց դրանք։ Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։ Նա օծության յուղից թափեց Ահարոնի գլխին, օծեց նրան, որպեսզի սրբագործի։ Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մոտեցրեց մեղքի զոհի զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի զոհի զվարակի գլխին, և մորթեց այն։ Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։ Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա։ Իսկ զվարակը, այսինքն՝ դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Եվ մոտ բերեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։ Մովսեսը մորթեց այն և դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։ Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը։ Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մոտ բերեց մյուս խոյը, այսինքն՝ ձեռք նվիրագործելու խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին, և մորթեց այն։ Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։ Առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ զիստը։ Եվ Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղով հունցված մի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի վրա և աջ զիստի վրա։ Նա այդ ամենը դրեց Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք երերացրեց նրանց՝ որպես երերացնելու զոհ Տիրոջ առաջ։ Ապա Մովսեսը, դրանք վերցնելով նրանց ձեռքերի վրայից, այրեց զոհասեղանի վրա դրված ողջակեզի վրա։ Դրանք նվիրագործելու համար անուշահոտ զոհաբերություն էին Տիրոջը։ Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրայի արյունից, շաղ տվեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրանց զգեստների վրա։ Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք ժողովի վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերե՛ք այն, նաև սակառի միջի հացերը, որ նվիրագործելու համար են, ինչպես պատվիրվեց ինձ՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։ Իսկ մսից և հացից ավելացածն այրե՛ք կրակով։ Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր է հարկավոր ձեր նվիրագործման համար։ Ինչպես որ արվեց այսօր, Տերը պատվիրել է այդպես անել ձեր քավության համար։ Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։ Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։ Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։ Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։ Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։ Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։ Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։ Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։ Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։ Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։ Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։ Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։ Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։ Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։ Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։ Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։ Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։ Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը, և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։ Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։ Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։ Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։ Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։ Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։ Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։ Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։ Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։ Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով. «Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ, որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։ Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։ Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։ Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։ Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։ Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։ Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։ Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։ Մովսեսը լսեց և հավանեց։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։ Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։ Բայց որոճացողներից և կճղակավորներից սրանց չպիտի ուտեք. ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է. խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։ Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք. դրանք ձեզ համար անմաքուր են։ Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։ Բայց չուտեք ծովերի մեջ և գետերի մեջ ջրերի բոլոր զեռուններից և ջրերի մեջ եղած բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն. դրանք պիղծ են ձեզ համար։ Եվ դրանք պիղծ կլինեն ձեզ համար. դրանց մսից չպիտի ուտեք և դրանց դիակներից պիտի գարշեք։ Ջրերի մեջ եղած բոլոր կենդանիները, որոնք լողակ և թեփուկ չունեն, պիղծ են ձեզ համար։ Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը, անգղը, ցինը և այն, ինչ սրա տեսակից է, ագռավը և այն, ինչ սրա տեսակից է, ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է, հավպատիրը, հողամաղը, քաջահավը, կարապը, հավալուսնը, սև անգղը, արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։ Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։ Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։ Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։ Մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։ Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո. և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։ Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։ Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։ Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։ Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է, առնետը, ցամաքային կոկորդիլոսը, մողեսը, ավազամողեսը և քամելեոնը։ Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են. ամեն ոք, ով որ դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։ Ամենը, ինչի վրա որ ընկնի սրանց դիակը, լինի դա փայտից պատրաստված աման կամ զգեստ, կամ մորթի կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման էլ լինի, անմաքուր պիտի լինի. այն պետք է ջրի մեջ դրվի և անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։ Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։ Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։ Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դա լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։ Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։ Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրա, այն մաքուր է մնում։ Բայց եթե սերմացուի վրա ջուր թափված լինի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։ Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը անմաքուր պիտի լինի մինչև երեկո։ Ով որ դրա դիակից ուտի, իր հագուստները պիտի լվանա և մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ վերցնի դրա դիակը, իր հագուստները պետք է լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։ Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։ Երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից, որոնք սողում են իրենց որովայնի վրա կամ սողում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, չպետք է ուտեք, որովհետև դրանք պիղծ են։ Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։ Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։ Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։ Այս է չորքոտանիներին, թռչուններին, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիներին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին վերաբերող օրենքը, որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։ Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։ Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։ Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։ Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։ Քահանան թող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։ Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։ Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։ Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է և մաշկից ավելի խոր չի երևում, ու մազն էլ սպիտակի չի փոխվել, այն ժամանակ քահանան թող յոթ օր արգելափակված պահի ախտակրին։ Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։ Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։ Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո, նա պետք է դարձյալ ներկայանա քահանային, և քահանան զննի, և եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա բորոտություն է։ Ուրեմն, երբ մի մարդու վրա բորոտության ախտ լինի, նա պետք է տարվի քահանայի մոտ։ Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա, ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան անմաքուր պետք է հայտարարի նրան և արգելափակված չպահի նրան, որովհետև նա անմաքուր է։ Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է, և քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, ապա մաքուր պետք է հայտարարի ախտակրին, քանի որ ամբողջովին սպիտակի է փոխվել. նա մաքուր է։ Բայց այն օրը, երբ նրա վրա առողջ միս նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։ Քահանան, տեսնելով առողջ միսը, նրան անմաքուր պետք է հայտարարի. առողջ միսը անմաքուր է. դա բորոտություն է։ Իսկ եթե առողջ միսը դարձյալ սպիտակի փոխվի, այն ժամանակ քահանայի մոտ պետք է գա։ Քահանան պետք է զննի նրան, և եթե վերքը սպիտակի է փոխվել, ապա քահանան թող մաքուր հայտարարի ախտակրին. նա մաքուր է։ Եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, և դա լավանա, և պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ երևա, նա պետք է դիմի քահանային։ Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։ Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ Եթե տարածվի մաշկի վրա, այն ժամանակ քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա ախտ է։ Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։ Եթե մարմնի մաշկի վրա կրակի այրվածք լինի, և այրվածքի տեղում կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ երևա, և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և մաշկից խոր չէ ու թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։ Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։ Իսկ եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել մաշկի վրա և թեթև նկատելի է, ուրեմն դա այրվածքի ուռուցքն է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպին է։ Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի, քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։ Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։ Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ, թող ածիլվի, բայց գոնջության տեղը չածիլի։ Քահանան կրկին յոթ օր պետք է արգելափակված պահի գոնջություն ունեցողին։ Յոթերորդ օրը քահանան թող զննի գոնջություն ունեցողին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խոր չէ, քան մաշկը, այն ժամանակ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, և նա իր զգեստները պետք է լվանա ու մաքուր լինի։ Բայց եթե նրա մաքրվելուց հետո գոնջությունը մաշկի վրա տարածվի, քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։ Բայց եթե գոնջությունն իր ձևով մնա, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունն անցել է, և նա մաքուր է. քահանան նրան պետք է մաքուր հայտարարի։ Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ ունենա, այսինքն՝ սպիտակ բշտիկներ, քահանան թող զննի, և եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկները խամրած սպիտակ լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած թեփուկ է. նա մաքուր է։ Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է, բայց մաքուր է։ Եթե նրա գլխի մազերը առջևի կողմից թափվեն, նա ճաղատ է, բայց մաքուր է։ Բայց եթե կնտության կամ ճաղատության մեջ մի քիչ կարմրած սպիտակ վերք լինի, դա նրա կնտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է։ Այն ժամանակ քահանան թող զննի նրան։ Եթե նրա կնտության կամ ճաղատության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանի պես, այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։ Ախտ ունեցող բորոտի հագուստը պատռված պետք է լինի. նրա գլուխը բաց, և նրա շրթունքները ծածկված պետք է լինեն։ Նա պետք է բացականչի. “Անմաքուր, անմաքուր”։ Բոլոր օրերին, քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է. մենակ պետք է մնա. նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի։ Այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, դա լինի բրդե հագուստ, թե կտավե հագուստ, Կտավից թե բրդից գործված, հենքի կամ թևքի մեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա, այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։ Քահանան պետք է զննի ախտը և յոթ օր մեկուսացված պահի ախտահարված բանը։ Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված բանը. եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։ Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։ Բայց եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի մեջ, այդ ժամանակ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված բանը, և կրկին յոթ օր այն մեկուսացված պահի։ Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։ Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի- անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։ Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։ Այն զգեստը կամ հենքը կամ թևքը և կամ կաշվից շինված ամեն տեսակ բան, որ լվացվելուց հետո ախտը դուրս է գալիս դրանից, կրկին պետք է լվացվի և մաքուր կլինի։ Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։ Քահանան դուրս պիտի գա բանակատեղիից և քահանան պիտի զննի նրան։ Եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից, այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա ։ Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։ Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրն ու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։ Եվ յոթ անգամ շաղ տա բորոտությունից մաքրվող մարդու վրա և մաքրի նրան, իսկ ողջ թռչունը բաց թողնի դեպի դաշտ։ Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։ Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։ Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգ յուղ։ Մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով բերի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ Քահանան թող վերցնի արու գառներից մեկը և մատուցի այն հանցանքի զոհի համար, և մի լոգ յուղն էլ. նա դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։ Գառը մորթի մեղքի զոհի անասունների և ողջակեզի մորթելու տեղը՝ սուրբ վայրում. որովհետև, մեղքի զոհի նման, հանցանքի զոհը քահանայինն է. դա ամենասուրբ է։ Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ Քահանան թող վերցնի մի լոգ յուղից և այն լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։ Քահանան իր աջ մատը թող թաթախի իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին և իր մատով այդ յուղից թող յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ։ Իր ձեռքի մեջ մնացած յուղից քահանան թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ հանցանքի զոհի արյան վրայից։ Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։ Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։ Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա և մաքրվողի համար քավություն անի. և նա մաքուր կլինի։ Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդական գրիվ ընտիր ալյուր և մի լոգ յուղ, երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որ մեկը որ կարող է, և մեկը՝ մեղքի զոհի համար, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Ութերորդ օրը իր մաքրման համար դրանք թող բերի քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։ Քահանան թող վերցնի հանցանքի զոհի գառն ու մի լոգ յուղը և դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։ Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ Քահանան յուղից թող լցնի իր ձախ ձեռքի մեջ։ Եվ քահանան իր աջ ձեռքի մատով ձախ ձեռքի մեջ եղած յուղից յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առաջ։ Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։ Իր ձեռքի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։ Ապա տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնի, այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։ Այս է բորոտության ախտ ունեցող և մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու օրենքը»։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ, այդ տան տերը պիտի գա և այդ մասին հայտնի քահանային՝ ասելով. “Ես նկատում եմ, որ իմ տանը ախտ կա”։ Քահանան, զննելու համար դեռ ներս չմտած, պիտի հրամայի, որ տունը դատարկեն, որպեսզի տան մեջ գտնվող ոչ մի բան անմաքուր չլինի, և դրանից հետո քահանան ներս կմտնի՝ զննելու տունը։ Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում, այն ժամանակ քահանան թող դուրս գա տան դռնից և յոթ օր կողպի տունը։ Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա, ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։ Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ, այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։ Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ Փակի տակ պահված բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչև երեկո անմաքուր կլինի։ Այդ տանը պառկողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանը հաց ուտողը նույնպես պետք է լվանա իր հագուստները։ Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։ Այդ տան մաքրության համար առնի երկու թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։ Եվ թռչուններից մեկը մորթի կավե ամանի մեջ, հոսող ջրի վրա։ Ապա եղևնու փայտը, զոպան, կարմիրը և ողջ մնացած թռչունը վերցնի և թաթախի մորթված թռչնի արյան և հոսող ջրի մեջ ու յոթ անգամ շաղ տա տան վրա։ Եվ տունը մաքրի թռչնի արյամբ, աղբյուրի հոսող ջրով, ողջ մնացած թռչունով, եղևնու փայտով, զոպայով և կրկնակի կարմիրով, իսկ ողջ թռչունը բաց թողնի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ. և քավություն անի այդ տան համար, և տունը մաքուր կլինի։ Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության, հագուստի կամ տան բորոտության, ուռուցքի, քոսի և բշտիկի մասին օրենքը՝ որոշելու համար, թե ե՛րբ է անմաքուր և ե՛րբ՝ մաքուր։ Այս է բորոտության օրենքը»։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։ Սա՛ է ծորումի ժամանակ նրա անմաքրությունը. եթե նրա մարմնից ծորում լինի, կամ նրա մարմինն այդ ծորումը պահի, դա նրա անմաքրությունն է։ Ամեն անկողին, որի մեջ ծորում ունեցողը պառկի, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր է։ Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ամեն թամբ, որի վրա ծորում ունեցողը նստի, անմաքուր կլինի։ Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ծորում ունեցողն իր ձեռքերը չլվացած եթե դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։ Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։ Ութերորդ օրը իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։ Քահանան դրանցից մեկը մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն անի նրան նրա ծորումից։ Եթե մի տղամարդ զուգավորության սերմնահոսություն ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է ջրով լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ամեն հագուստ և ամեն մորթեղեն, որի վրա զուգավորության սերմ լինի, ջրով պետք է լվացվի։ Դա անմաքուր կլինի մինչև երեկո։ Երբ մի տղամարդ կնոջ հետ պառկի զուգավորության համար, նրանք երկուսն էլ ջրով պետք է լվացվեն, և անմաքուր կլինեն մինչև երեկո։ Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։ Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։ Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։ Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրա այդ կինը նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։ Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։ Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։ Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։ Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։ Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։ Քահանան դրանցից մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։ Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։ Այս է ծորում ունեցողի, զուգավորության սերմի արտահոսումով անմաքուր եղողի, իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու օրենքը»։ Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Տիրոջ առաջ մոտենալիս մեռան։ Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրից ներս տապանակի վրա գտնվող քավության առաջ, որպեսզի չմեռնի. որովհետև ես ամպի մեջ երևալու եմ քավության վրա։ Ահարոնն այս բաներով պետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։ Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։ Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։ Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։ Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։ Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։ Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ։ Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։ Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։ Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։ Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։ Եվ մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ։ Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։ Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ Այնուհետև դուրս գա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավություն անի դրա համար. և վերցնի զվարակի ու նոխազի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։ Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։ Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։ Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։ Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր, և այդ մարդը անապատում բաց թողնի նոխազը։ Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։ Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։ Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։ Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։ Մեղքի զոհի զվարակն ու մեղքի զոհի նոխազը, որոնց արյունը սուրբ տեղ է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանեն բանակատեղիից և նրանց մորթերը, մսերն ու աղբը այրեն կրակով։ Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։ Այս ձեզ համար հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսի տասներորդ օրը, ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք. ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը. որովհետև այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։ Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը։ Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները, և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։ Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու՝ իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով»։ Եվ նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Տերն այս բաները պատվիրեց՝ ասելով. "Իսրայելի տնից ով որ արջառ, ոչխար կամ այծ մորթի բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս մորթի և չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար Տիրոջ խորանի առաջ, այդ մարդը արյունապատ պիտի համարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից", որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։ Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։ Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևից գնալով՝ պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։ Նրանց կասես. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։ Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից. որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։ Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։ Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով. որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։ Ով որ մեռած կամ գազանից հոշոտված միս ուտի, երկրացի լինի, թե օտարական, պիտի լվանա իր զգեստները, ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։ Բայց եթե չլվանա իր զգեստները և չլվանա իր մարմինը, այն ժամանակ նա կկրի իր անօրենությունը»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Ձեր բնակած Եգիպտոս երկրի գործերի պես չանեք և չանեք Քանանի երկրի գործերի պես, ուր ձեզ պիտի տանեմ, և նրանց կանոնների համաձայն չընթանաք։ Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։ Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բանալու համար. ես եմ Տերը։ Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։ Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։ Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։ Քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը չբանաս, քանի որ նրանց մերկությունը քոնն է։ Քո հոր կնոջ աղջկա մերկությունը չբանաս. նա քո հորից ծնված քո քույրն է, նրա մերկությունը չբանաս։ Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։ Քո մոր քրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա քո մոր ազգականն է։ Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։ Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։ Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։ Մի կնոջ և նրա աղջկա մերկությունը չբանաս։ Նրա որդու աղջիկը կամ նրա աղջկա աղջիկը քեզ կին չառնես՝ նրանց մերկությունը բանալու համար։ Նրանք նրա ազգականներն են. դա պղծություն է։ Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։ Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։ Քո հարևանի կնոջ հետ չպառկես զուգավորության համար՝ նրա հետ պղծվելով։ Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համար կրակի միջով անցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։ Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ. դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։ Այս բաներից ոչ մեկով չպղծվեք, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։ Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։ Իսկ դուք պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները և այս պղծություններից ոչ մեկը չանեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակվող օտարականը. որովհետև ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։ Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։ Որովհետև ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։ Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները և դրանցով չպղծվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։ Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձեր զոհն ընդունելի լինի։ Զոհը պետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։ Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։ Ով ուտի դրանից, իր անօրենության պատիժը պիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։ Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։ Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։ Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք. ես եմ Տերը։ Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։ Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։ Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։ Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։ Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։ Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։ Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։ Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։ Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։ Քահանան Տիրոջ առաջ խոյի զոհաբերումով քավություն կանի նրան նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի նրան։ Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն. դրանցից չպիտի ուտեք։ Չորրորդ տարում դրանց բոլոր պտուղները պիտի նվիրաբերվեն Տիրոջը փառավորելու համար։ Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Միսը արյունով չուտեք։ Հմայություն և գուշակություն չանեք։ Ձեր գլուխների եզերքի մազերը կլոր չկտրեք և ոչ էլ ձեր մորուքի եզերքը կտրեք։ Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։ Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։ Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանը հարգե՛ք. ես եմ Տերը։ Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։ Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։ Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Դատաստանի մեջ անիրավություն չանեք, ոչ էլ կանգունաչափի մեջ, կշռելու մեջ և չափելու մեջ։ Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։ Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։ Ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից Մողոքին է տվել՝ իմ սրբարանը պղծելու և իմ սուրբ անունն անարգելու համար։ Եթե այդ երկրի ժողովուրդն իր աչքերը փակի իր զավակներից Մողոքին հանձնած մարդուց ու չսպանի նրան, ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։ Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։ Ուրեմն սրբագործե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Պահե՛ք իմ կանոնները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը, որ սրբագործում եմ ձեզ։ Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյան մեղքն իր վրա կլինի։ Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։ Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ Եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. նրանք գարշություն են արել. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։ Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։ Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։ Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։ Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։ Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենության պատիժը։ Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։ Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։ Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։ Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։ Եվ ասացի ձեզ. "Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը. ես այն ձե՛զ պիտի տամ որպես ստացվածք. մի երկիր, ուր կաթ և մեղր է բխում"։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրի ազգերից։ Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։ Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։ Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։ Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար, բացի միայն իր մոտ արյունակցի համար, այսինքն՝ իր մոր, իր հոր, իր որդու, իր աղջկա և իր եղբոր համար, նաև իր մոտ եղող և դեռ չամուսնացած իր կույս քրոջ համար։ Սրանց համար թող անմաքուր լինի։ Նա, իր ժողովրդի մեջ գլխավոր լինելով, անմաքուր չպիտի դառնա իրեն պղծելով։ Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։ Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։ Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծուն։ Դու պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև ես՝ Տերը, որ սրբագործում եմ ձեզ, սուրբ եմ։ Եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվի, նա պղծում է իր հորը. նա պետք է այրվի կրակով։ Իր եղբայրներից մեծ եղող քահանան, որի գլխին օծության յուղն է թափվել, և նվիրագործվել է սուրբ զգեստներ հագնելու, իր գլուխը չպիտի բանա և իր զգեստները չպատառոտի։ Եվ ոչ մի մեռած մարդու մոտ չգնա և ո՛չ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։ Եվ սրբարանից դուրս չգա և իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա է կրում իր Աստծու օծության յուղի պսակը. ես եմ Տերը։ Նա իրեն կին պիտի առնի մի կույս աղջիկ։ Որբևայրի, արձակված, պղծված կամ բոզացած կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կույս պիտի առնի որպես կին, որպեսզի իր սերունդը չպղծի իր ժողովրդի մեջ, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ Որովհետև արատ ունեցող ոչ մի մարդ չպիտի մոտենա՝ կույրը, կաղը, դեմքի թերություն ունեցողը ականջատը, ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը, կամ կուզ ու գաճաճ, աչքը հատ ընկած, քոսոտ, մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդված մարդը։ Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ Նա կարող է ուտել իր Աստծու հացը, ամենասուրբ բաներ և սուրբ բաներ։ Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։ Այս բաներն ասաց Մովսեսը Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ամբողջ ժողովրդին։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների սրբությունների հանդեպ և իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով, որ ինձ համար սրբագործում են. ես եմ Տերը։ Ասա՛ նրանց. “Ձեր ամբողջ սերնդից և ձեր ազգերի մեջ ով որ իր անմաքրությունն իր վրա ունենալով մոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիները սրբացնում են Տիրոջ համար, այդ անձը պիտի վերանա իմ առջևից. ես եմ Տերը։ Ահարոնի ցեղից ով որ բորոտ լինի կամ սերմնածորում ունենա, չպետք է ուտի այդ սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի, և ով որ դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամ դիպչի նրան, ով որ սերմնահոսություն է ունեցել, կամ ով որ դիպչի որևէ սողունի, որից նա կարող է պղծվել, կամ մի մարդու, որ ինչ-որ անմաքրություն ունի, և որից նա կարող էր պղծվել, սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։ Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։ Սատկածը կամ գազանից հոշոտվածը չուտի, որպեսզի չպղծվի դրանով. ես եմ Տերը։ Նրանք պետք է պահեն իմ հրահանգը, որպեսզի դրա համար մեղքի պատիժ չկրեն ու չմեռնեն նրա համար, որ պղծվել են. ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։ Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։ Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։ Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։ Եթե մի մարդ սխալմամբ ուտի սրբություններից, դրա վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդ մասը և սուրբ բանը քահանային տա։ Եվ չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջը նվիրված սուրբ բաները։ Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չբերեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով. որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ, որպեսզի ընդունելի լինի ձեզ համար, պիտի լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից՝ անարատ արու։ Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։ Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։ Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։ Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։ Ամորձիները ջարդված, ճմլված, պոկված կամ կտրած կենդանի չմատուցեք Տիրոջը և ձեր երկրում այսպիսի բաներ չանեք։ Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Երբ մի զվարակ, մի ոչխար կամ մի այծ ծնվի, յոթ օր պետք է մնա իր մոր մոտ և ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջը ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։ Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։ Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։ Նույն օրը պիտի ուտվի. մինչև առավոտ ոչինչ չթողնեք դրանից. ես եմ Տերը։ Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։ Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ. ես եմ Տերը»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։ Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը հանգստյան շաբաթ է՝ սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի անեք. դա Տիրոջ համար շաբաթ է ձեր բոլոր բնակավայրերում։ Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։ Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։ Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։ Առաջին օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չանեք։ Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը։ Յոթերորդ օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չանեք”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։ Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։ Ձեր խուրձը մատուցելու օրը ողջակեզի համար մեկ տարեկան անարատ մի գառ կմատուցեք Տիրոջը։ Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։ Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։ Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։ Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։ Ձեր բնակավայրերից երկու հաց կբերեք երերացնելու զոհի համար։ Դրանք երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուրից լինեն և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար։ Այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից՝ մեկ զվարակ և երկու խոյ, որպեսզի հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։ Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։ Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։ Հենց այդ օրը դուք կհռչակեք տոնը, և սուրբ ժողով կլինի. ոչ մի ծառայական գործ չանեք։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։ Երբ հնձեք ձեր երկրի հունձը, հնձելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և հնձի ժամանակ գետին ընկած հասկերը չհավաքես։ Դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։ Ոչ մի ծառայական գործ չանեք, այլ զոհ կմատուցեք Տիրոջը”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։ Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է՝ ձեզ համար ձեր Տեր Աստծու առաջ քավություն անելու համար։ Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։ Եվ ով որ այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։ Ոչ մի գործ չպիտի անեք. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։ Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։ Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. ոչ մի ծառայական գործ չպիտի անեք։ Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, և զոհ կմատուցեք Տիրոջը. դա տոնախմբության օր է. ոչ մի ծառայական գործ չանեք։ Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ, բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պիտի տաք Տիրոջը։ Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյան օրեր լինեն։ Առաջին օրը կառնեք գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիների ճյուղեր և յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ։ Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։ Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ, որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձեթ բերեն քեզ մոտ լուսավորության համար, որպեսզի ճրագները միշտ վառ մնան։ Ժողովի վրանի մեջ՝ վկայության վարագույրից դուրս, միշտ Ահարոնը պատրաստի այն. երեկոյից մինչև առավոտ ճրագները միշտ վառ մնան Տիրոջ առաջ։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ։ Նա ճրագները միշտ մաքուր աշտանակի վրա պիտի պատրաստի Տիրոջ առաջ։ Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդական հիմեն պիտի լինի։ Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։ Ամեն մի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա զոհի հիշատակ լինի Տիրոջ համար։ Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։ Դրանք պիտի լինեն Ահարոնինն ու նրա որդիներինը. նրանք այդ կուտեն սուրբ տեղում, որովհետև նրանց համար դա ամենասուրբ է Տիրոջ զոհերից հավիտենական կանոնով»։ Իսրայելացի մի կնոջ որդին, որի հայրը եգիպտացի էր, դուրս գալով իսրայելացիների մեջ, բանակատեղիում իսրայելացի կնոջ որդին կռվեց մի իսրայելացի մարդու հետ։ Իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անվանը և անիծեց. նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սաղոմիթ էր. Դանի ցեղից Դաբրիի աղջիկը։ Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Այդ հայհոյիչին դո՛ւրս հանիր բանակատեղիից, և նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը քարկոծի նրան։ Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։ Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։ Ով որ մարդ սպանի, անպատճառ մահվամբ պիտի մեռցվի։ Ով անասուն սպանի, պիտի հատուցի նույնի տեղ նույնը։ Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն. ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչպիսի խեղվածք որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։ Անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մեռցվի։ Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ. բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ անիծել էր, և քարկոծեցին նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես պիտի տամ ձեզ, թող այդ երկիրը հանգստյան շաբաթ պահի Տիրոջ համար։ Վեց տարի կվարես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը։ Բայց յոթերորդ տարին հանգստյան շաբաթ լինի երկրի համար, այսինքն՝ Տիրոջ համար շաբաթ։ Քո արտը չպիտի վարես, քո այգին չպիտի էտես, քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։ Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար, քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։ Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։ Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։ Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։ Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք, որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։ Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։ Եթե քո մերձավորին որևէ բան վաճառես կամ քո հարևանից որևէ բան գնես, իրար անիրավություն չանեք։ Հոբելյանից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից. նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։ Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը և տարիների քչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետև նա արդյունքի քանակով է վաճառում քեզ։ Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Կկատարեք իմ կանոնները, կպահեք իմ օրենքները, կգործադրեք դրանք և ապահով կբնակվեք այդ երկրում։ Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։ Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”, ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։ Ութերորդ տարում կցանեք և հին բերքից կուտեք մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքի հասնելը կուտեք հինը։ Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետև երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք և հյուրեր։ Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։ Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։ Եթե մի մարդ փրկագնող չունենա, և հետո երբ ինքը հարստանա և կարողանա այն փրկագնել, ապա թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը ետ տա այն մարդուն, որին վաճառել էր, և այն դարձյալ իր ստացվածքը կլինի։ Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։ Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։ Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյան տարում էլ։ Բայց պարսպապատ չեղող գյուղաքաղաքների տները պիտի համարվեն երկրի արտերի պես։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյան տարում պետք է վերադարձվեն։ Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։ Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյան տարում նա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։ Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։ Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։ Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։ Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ և լինեմ ձեր Աստվածը։ Եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա և իրեն վաճառի քեզ, նրան չպիտի ծառայեցնես ստրուկի ծառայությամբ։ Նա վարձկանի կամ պանդուխտի պես կլինի քեզ մոտ և քեզ կծառայի մինչև հոբելյան տարին։ Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա. որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։ Խստությամբ չիշխես նրա վրա, այլ վախենաս քո Աստծուց։ Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։ Նաև կարող եք գնել ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում։ Դրանք ձեր սեփականությունը կլինեն։ Ձեզանից հետո նրանց որպես ժառանգություն կթողնեք ձեր որդիներին և մշտապես կգործածեք իբրև ձեր ծառաները։ Իսկ ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների մասին՝ խստությամբ չպիտի իշխեք միմյանց վրա։ Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտ եկող քո եղբայրն աղքատանա և իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացած օտարականին կամ այդ օտարականի ընտանիքից որևէ ազգականի, ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։ Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտիկ ազգականներից մեկը թող փրկագնի նրան. կամ եթե ինքը ի վիճակի լինի, փրկավճարով թող գնի ինքն իրեն։ Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։ Եթե դեռ շատ տարի կա, իր փրկագինը թող հատուցի այդ տարիներին իր անձի վաճառքի գնի համեմատ։ Իսկ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և իր փրկագինը տա իր տարիների համեմատ։ Նա տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ. խստությամբ չպիտի վարվի նրա հետ քո առաջ։ Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ, որովհետև Իսրայելի որդիներն իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրից իմ հանած ծառաներն են նրանք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։ «Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Իմ շաբաթները պիտի պահեք և իմ սրբարանը հարգեք. ես եմ Տերը։ Եթե հետևեք իմ կանոններին և իմ պատվիրանները պահեք ու գործադրեք դրանք, ես էլ ձեզ անձրև կուղարկեմ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։ Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, իսկ այգեկութը մինչև ցանքսի ժամանակը կհասնի։ Ձեր հացը կուշտ կուտեք և ապահով կապրեք ձեր երկրում։ Ես խաղաղություն կտամ երկրին, և դուք հանգիստ կպառկեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես կվերացնեմ երկրից չար գազաններին, և ձեր երկրից սուր չի անցնի բնավ։ Ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջ։ Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։ Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ ու կբազմացնեմ և իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։ Հին պաշարը կուտեք և հինը դուրս կհանեք՝ եկող նորին տեղ բացելու համար։ Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։ Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ստրուկ չլինեք նրանց։ Փշրեցի ձեր լծի կապանքները և ձեզ բարձրագլուխ ման ածեցի։ Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը, ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։ Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։ Եթե դուք ինձ հետ խոտոր վարվեք և չուզենաք լսել ինձ, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կհարվածեմ ձեզ։ Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։ Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից և խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Ես ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը. և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ես ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և թշնամու ձեռքը կմատնվեք։ Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։ Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Դուք կուտեք ձեր որդիների ու ձեր աղջիկների միսը։ Կքանդեմ ձեր Բարձր տեղերը, կփչացնեմ ձեր արեգական կուռքերը, ձեր դիակները կդնեմ ձեր կուռքերի դիակների վրա, և իմ անձը պիտի զզվի ձեզնից։ Ձեր քաղաքները ավերակ, ձեր սրբավայրերն ամայի կդարձնեմ և ձեր զոհաբերությունների անուշ հոտը չեմ հոտոտի։ Կամայացնեմ երկիրը, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան դրա վրա։ Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։ Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերին կվայելի իր շաբաթները, երբ դուք կլինեք ձեր թշնամիների երկրում։ Երկիրն այն ժամանակ կհանգստանա և կամբողջացնի իր հանգստի տարիները։ Իր ամայության բոլոր օրերին կհանգստանա, որովհետև չէր հանգստացել այն շաբաթներին, երբ դուք բնակվում էիք այնտեղ։ Վախ պիտի գցեմ ձեր միջից այն մարդկանց սրտում, որոնք վերապրելու են իրենց թշնամիների երկրներում։ Քամուց շարժվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց։ Նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են սրի առջևից, և պիտի ընկնեն առանց հալածող լինելու։ Սրից փախուստ տվողների պես նրանք իրար վրա պիտի ընկնեն՝ հալածող չեղած, և չպիտի կարողանաք կանգնել ձեր թշնամիների առաջ։ Պիտի կորչեք ազգերի մեջ, և ձեր թշնամիների երկիրը պիտի ուտի ձեզ։ Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։ Եթե խոստովանեն իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները իմ հանդեպ ունեցած իրենց անհավատարմության համար, նաև որ հակառակ են ընթացել ինձ, որի պատճառով ես էլ հակառակ վարվեցի իրենց հետ ու իրենց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այն ժամանակ նրանց անթլփատ սիրտը խոնարհվի, և նրանք հոժար լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը, այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը, կհիշեմ նաև այդ երկիրը։ Այդ երկիրը լքված պիտի մնա նրանց կողմից և պիտի ամբողջացնի իր հանգստի տարիները նրանցից ամայի մնացած ժամանակ։ Նրանք հոժար պիտի լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը հենց նրա համար, որ անարգեցին իմ հրամանները, և նրանք ատեցին իմ կանոնները։ Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, որով նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար. ես եմ Տերը»։ Սրանք են այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդը Տիրոջը պետք է լինի ըստ քո գնահատության ։ Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Եթե դա կին է, քո գնահատությունը թող լինի երեսուն սիկղ։ Եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։ Եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան լինի, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի հինգ սիկղ արծաթ, իսկ աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։ Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։ Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։ Եթե Տիրոջը մատուցելու զոհը անասուններից է, ինչ որ տրվի դրանից Տիրոջը, սուրբ կլինի։ Այն չպիտի փոխվի. լավը վատի տեղ կամ վատը լավի տեղ չպիտի փոխվի։ Եթե մի անասունը փոխարինի մեկ ուրիշով, ապա այդ ընծայվածը և դրա փոխարեն բերվածը սուրբ կլինեն։ Եթե դա որևէ անմաքուր անասուն է, որը չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այն ժամանակ այդ անասունը թող կանգնեցվի քահանայի առաջ։ Քահանան գին կնշանակի դրան՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես թող լինի։ Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։ Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։ Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։ Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։ Եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, դա թող լինի ըստ քո գնահատության։ Իսկ եթե նա իր արտը նվիրաբերի հոբելյանից հետո, ապա քահանան թող հաշվի մինչև հոբելյանական տարին ընկած տարիների համար վճարելիք փողը և այն հանի իր նշանակած գնից։ Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։ Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա նա այլևս այն փրկագնել չի կարող։ Այլ արտը հոբելյանական տարում ազատվելիս նվիրված արտի պես պետք է լինի՝ որպես սրբություն Տիրոջը. նրա կալվածքը քահանայինը պիտի լինի։ Եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր ծախու առած արտը, որ իր կալվածքի արտը չէ, այն ժամանակ քահանան դրա գինը թող նշանակի ըստ քո գնահատության մինչև հոբելյան տարին, և այդ մարդը նույն օրը թող վճարի քո սահմանած գնի համաձայն։ Դա Տիրոջն ընծայաբերված սրբություն է։ Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։ Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։ Ոչ ոք չի կարող ընծայաբերել իր անասունների առաջնածինը, որը առաջնածին լինելու պատճառով իսկ պատկանում է Տիրոջը։ Դա արջառ լինի, թե ոչխար, պատկանում է Տիրոջը։ Եթե դա անմաքուր անասուններից է, թող չփրկագնվի ըստ քո նշանակած գնի՝ դրա վրա ավելացնելով մեկ հինգերորդը։ Իսկ եթե ետ չգնվի, ապա թող վաճառվի ըստ քո գնահատած գնի։ Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։ Մարդկանց միջից որպես ուխտ նվիրաբերված որևէ անձ չպետք է ետ գնվի. անպատճառ պիտի մեռցվի։ Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։ Եթե մի մարդ ուզենա ետ գնել իր տասանորդից ինչ-որ բան, նա դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը։ Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշված անասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։ Լավի և վատի միջև տարբերություն չպիտի դրվի, և այն չպիտի փոխարինվի. իսկ եթե փոխարինվի, այն ժամանակ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի համարվեն և չպիտի փրկագնվեն”»։ Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։ Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց. «Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։ Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։ Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։ Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը. Շմավոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը. Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը. Իսաքարից՝ Սոգարի որդի Նաթանայելը. Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը. Հովսեփի որդիներից՝ Եփրեմի ցեղից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը. Բենիամինից՝ Գեդեոնի որդի Աբիդանը. Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը. Ասերից՝ Եքրանի որդի Փագիելը. Գադից՝ Դագուելի որդի Եղիասափը. Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրեն»։ Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։ Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, որոնց անունները հիշվեցին։ Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորն իրենց անունների թվով։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։ Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իր անվան թվով. Ռուբենի ցեղից հաշվառվեցին քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի։ Շմավոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Շմավոնի ցեղից հաշվառվեց հիսունինը հազար երեք հարյուր հոգի։ Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Գադի ցեղից հաշվառվեց քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի։ Հուդայի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Հուդայի ցեղից հաշվառվեց յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի։ Իսաքարի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Իսաքարի ցեղից հաշվառվեց հիսունչորս հազար չորս հարյուր հոգի։ Զաբուղոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Զաբուղոնի ցեղից հաշվառվեց հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի։ Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Եփրեմի ցեղից հաշվառվեց քառասուն հազար հինգ հարյուր հոգի։ Մանասեի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Մանասեի ցեղից հաշվառվեց երեսուներկու հազար երկու հարյուր հոգի։ Բենիամինի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Բենիամինի ցեղից հաշվառվեց երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի։ Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Դանի ցեղից հաշվառվեց վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի։ Ասերի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Ասերի ցեղից հաշվառվեց քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի։ Նեփթաղիմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով. Նեփթաղիմի ցեղից հաշվառման ենթարկվածները՝ հիսուներեք հազար չորս հարյուր հոգի։ Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։ Եվ այսպես հաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։ Բոլոր հաշվառվածները՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի։ Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։ Տերը խոսել էր Մովսեսի հետ՝ ասելով. «Միայն ղևտացիների ցեղը չհաշվառես և նրանց թիվը Իսրայելի որդիների հետ չհաշվես։ Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։ Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։ Իսրայելի որդիներն իրենց գնդերով՝ յուրաքանչյուրն իր բանակատեղիում և իր դրոշակի մոտ պիտի հաստատվեն։ Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։ Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին. այդպես էլ արեցին։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը։ Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, յոթանասունչորս հազար վեց հարյուր է։ Նրա մոտ բանակողը Իսաքարի ցեղը լինի. Իսաքարի որդիների իշխան լինի Սոգարի որդի Նաթանայելը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունչորս հազար չորս հարյուր է։ Ապա՝ Զաբուղոնի ցեղը. Զաբուղոնի որդիների իշխան լինի Քեղոբի որդի Եղիաբը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունյոթ հազար չորս հարյուր է։ Հուդայի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր են։ Առաջինը սրանք գնան։ Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունվեց հազար հինգ հարյուր է։ Նրա մոտ բանակատեղի պիտի հաստատի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխան լինի Սուրիսադայի որդի Սաղամիելը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունինը հազար երեք հարյուր է։ Ապա՝ Գադի ցեղը։ Գադի որդիների իշխան լինի Դագուելի որդի Եղիասափը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն է։ Ռուբենի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն են։ Երկրորդը սրանք թող գնան։ Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։ Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։ Նրա մոտ՝ Մանասեի ցեղը. Մանասեի որդիների իշխան լինի Փադասուրի որդի Գամաղիելը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսուներկու հազար երկու հարյուր է։ Ապա՝ Բենիամինի ցեղը. Բենիամինի որդիների իշխան լինի Գեդեոնիի որդի Աբիդանը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսունհինգ հազար չորս հարյուր է։ Եփրեմի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութ հազար հարյուր են։ Երրորդը սրանք գնան։ Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։ Նրա մոտ բանակողը Ասերի ցեղը լինի։ Ասերի որդիների իշխան լինի Եքրանի որդի Փագիելը։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունմեկ հազար հինգ հարյուր է։ Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։ Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսուներեք հազար չորս հարյուր է։ Դանի բանակի բոլոր հաշվառվածները հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր են։ Սրանք իրենց դրոշակներով թող գնան բոլորից հետո»։ Սրանք են Իսրայելի որդիներից հաշվառվածներն ըստ իրենց հայրերի տների։ Բանակների մեջ բոլոր հաշվառվածներն իրենց զորագնդերով վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։ Բայց ղևտացիները չհաշվառվեցին Իսրայելի որդիների հետ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։ Ահա Ահարոնի և Մովսեսի ազգաբանությունը սա է, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ։ Սրանք են Ահարոնի որդիների անունները. անդրանիկինը՝ Նադաբ, և Աբիուդ, Եղիազար և Իթամար։ Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց օծեց քահանայություն անելու համար։ Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մոտեցրո՛ւ Ղևիի ցեղին և նրանց կանգնեցրո՛ւ Ահարոն քահանայի առաջ, որպեսզի ծառայություն անեն նրան։ Նրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը Ահարոնին և ամբողջ ժողովրդին՝ ժողովի վրանի առջև վրանի ծառայությունն անելով։ Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ու կահավորանքը և հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։ Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։ Ահարոնին ու նրա որդիներին կկարգես, որպեսզի կատարեն իրենց քահանայական պաշտոնը։ Մոտեցող աշխարհականը կմեռցվի»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն, որովհետև ինձ է պատկանում ամեն առաջնեկ։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։ Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։ Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։ Սրանք են Ղևիի որդիներն իրենց անուններով՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Սրանք են Գերսոնի որդիների անուններն ըստ իրենց տոհմերի՝ Ղոբենի և Սեմեի։ Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։ Գերսոնից եղան Ղոբենյանց տոհմը և Սեմեյանց տոհմը. Գերսոնյանց տոհմերը սրանք են։ Նրանց հաշվառվածներն ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ յոթ հազար հինգ հարյուր հոգի։ Գերսոնյանց տոհմերը վրանի հետևի մասում՝ արևմտյան կողմում, բանակատեղի կհաստատեն։ Գերսոնյանց հայրական տան իշխանը Լայելի որդի Եղիասափն էր։ Ժողովի վրանում Գերսոնի որդիների պահպանությանը կհանձնվեն խորանը և վրանը, դրա ծածկոցը և ժողովի վրանի մուտքի վարագույրը, վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի առագաստները, սրահի մուտքի վարագույրն ու նրա պարանները և նրա հետ կապված ամբողջ սպասքը։ Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։ Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուր հոգի, որոնք ծառայում էին սրբարանում։ Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։ Կահաթյանց տոհմերի հայրական տան իշխանը Ոզիելի որդի Եղիսափանն է։ Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։ Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։ Մերարիից եղան Մոողյանց տոհմը և Մուսյանց տոհմը. Մերարիի տոհմերը սրանք են։ Սրանց մեկ ամսականից բարձր տարիք ունեցող բոլոր արուների թիվը՝ վեց հազար երկու հարյուր հոգի։ Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։ Մերարիի որդիների պահպանությանը պիտի հանձնվեն վրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները, սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։ Խորանի դիմաց, այսինքն՝ ժողովի վրանի առջևում, արևելյան կողմում, բանակողները կլինեն Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնք ծառայում էին Իսրայելի որդիների պահպանությանը հանձնված սրբարանին։ Նրան մոտեցող աշխարհականը կմեռցվի։ Տիրոջ խոսքով Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու ղևտացիները, ըստ իրենց տոհմերի, քսաներկու հազար էին։ Տերն ասաց Մովսեսին. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկներին և ստացի՛ր նրանց թիվն ըստ անունների։ Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։ Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։ Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստ իրենց անունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն և ղևտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարեն, որպեսզի ղևտացիներն իմը լինեն. ես եմ Տերը։ Եվ Իսրայելի որդիներից երկու հարյուր յոթանասուներեքը, որ ավելի էին ղևտացիների թվից, պիտի փրկագնով գնվեին։ Յուրաքանչյուր մարդու համար հինգ սիկղ կվերցնես. ըստ սրբարանի սիկղի կվերցնես. մեկ սիկղը քսան կերատ է։ Նրանց մեջ ավելացածների փրկագնի փողը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։ Մովսեսը վերցրեց ղևտացիներով փրկվածների ավելացածներից փրկանքի փողը։ Նա Իսրայելի որդիների թվով ավելացած առաջնեկներից վերցրեց հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն փրկագնվածների փողը տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց. «Ղևիի որդիների միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաների պահպանությունն է։ Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։ Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։ Առաջավորության սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և դրա վրա կդնեն սկուտեղները, խնկամանները, թասերը և թափելու նվեր մատուցելու բաժակները։ Դրա վրա կլինի նաև հանապազօրյա հացը։ Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։ Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։ Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներից շինված մի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։ Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։ Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։ Զոհասեղանի մոխիրները հանելով՝ այն կծածկեն ծիրանագույն կերպասով։ Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։ Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։ Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց. «Ղևտացիների միջից Կահաթյանց տոհմերի ցեղը չվերացնեք, սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։ Երբ սուրբ բաները ծածկում են, ներս չմտնեն դրանք տեսնելու համար, որպեսզի չմեռնեն»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հաշվառի՛ր նաև Գերսոնի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց տոհմերի։ Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։ Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։ Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը, վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի վարագույրները, սրահի մուտքի վարագույրը և նրանց պարանները, պաշտամունքի ամբողջ սպասքը և դրանց հարկավոր բոլոր ծառայությունները կանեն։ Ահարոնի և նրա որդիների խոսքով կլինեն Գերսոնյանց որդիների բոլոր ծառայությունները՝ բեռներ կրելու ծառայություններ անելու համար. նրանց կհանձնեք իրենց բոլոր բեռների պահպանությունը։ Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։ Կհաշվառես Մերարիի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների։ Հաշվառի՛ր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որոնք ծառայություն պիտի անեն ժողովի վրանում։ Սրանք են ժողովի վրանում ամեն տեսակ ծառայության համար նրանց հանձնված բեռները. վրանի տախտակները, նրա նիգերը, նրա սյուներն ու խարիսխները, սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։ Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։ Մովսեսն ու Ահարոնը և համայնքի իշխանները հաշվառեցին Կահաթյանց որդիներին ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ Նրանց հաշվառավծներն ըստ իրենց տոհմերի՝ երկու հազար յոթ հարյուր հիսուն հոգի։ Սրանք են Կահաթյանց տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում։ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։ Գերսոնի որդիների հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների՝ երկու հազար վեց հարյուր երեսուն հոգի։ Սրանք են Գերսոնի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն։ Հաշվառեցին Մերարիի որդիների տոհմերն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։ Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի՝ երեք հազար երկու հարյուր հոգի։ Սրանք են Մերարիի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։ Ղևտացիներից բոլոր հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխաններն ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, ժողովի վրանում ծառայություն անելու և բեռ փոխադրելու բոլոր մտնողները, այսինքն՝ նրանց հաշվառվածները՝ ութ հազար հինգ հարյուր ութսուն հոգի։ Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։ Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։ Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. նրանք բանակատեղիից դուրս արեցին նրանց։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի, այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը. դրա վրա ավելացնի մեկ հինգերորդ մասը և վճարի վնասը քաշողին։ Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։ Բոլոր սուրբ բաները բարձրացնելու ընծան, որ Իսրայելի որդիները բերում են քահանային, նրան պատկանի։ Ամեն մեկի բերած սուրբ բաները նրանը լինեն. ամեն մարդ ինչ որ տա քահանային, նրան պատկանի”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի մարդու կինը խոտորվի և նրան անհավատարիմ լինի, և մեկը կենակցի նրա հետ, ու այդ բանը ծածուկ մնա նրա ամուսնու աչքից, և հայտնի չլինի, որ նա պղծվել է, վկա էլ չի եղել, ու կինը չբռնվի, և խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի, ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։ Քահանան կմոտեցնի կնոջը և կկանգնեցնի Տիրոջ առջև։ Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։ Քահանան կնոջը կկանգնեցնի Տիրոջ առջև, կբացի կնոջ գլուխը, նրա ձեռքը կտա հիշատակի ընծան, խանդի հացի ընծան, և նզովքի լեղի ջուրը քահանայի ձեռքին պիտի լինի։ Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան. "Եթե ոչ մի մարդ քեզ հետ չի պառկել, և եթե չես պղծվել՝ անհավատարիմ գտնվելով քո ամուսնուն, ապա այս լեղի ջուրը, որ նզովք է բերում, ոչ մի վնաս չի պատճառի քեզ։ Բայց եթե քո ամուսնուն անհավատարիմ գտնվելով՝ պղծվել ես, և քո ամուսնուց բացի ուրիշ մարդ է պառկել քեզ հետ, (այն ժամանակ քահանան կերդվեցնի այդ կնոջը այս նզովքի երդմամբ և կասի նրան.) Տերը քեզ քո ժողովրդի մեջ նզովքի և երդման առարկա կդարձնի՝ փտեցնելով քո զիստը և ուռեցնելով քո որովայնը. այս նզովյալ ջուրը կգնա քո աղիքների մեջ, որպեսզի ուռեցնի քո որովայնը և փտեցնի քո զիստը"։ Իսկ կինը կասի՝ ամեն, ամեն։ Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։ Նա նզովքի լեղի ջուրը կխմեցնի այդ կնոջը, և նզովքի ջուրը կլցվի նրա մեջ լեղի դառնալու համար։ Քահանան կնոջ ձեռքից կառնի խանդի հացի ընծան, այն կերերացնի Տիրոջ առաջ և կմոտեցնի զոհասեղանին։ Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։ Ջուրը նրան խմեցնելուց հետո, եթե կինը պղծված է և անհավատարիմ է եղել իր ամուսնուն, ապա այդ նզովյալ ջուրը, լեղի լինելով, կլցվի նրա մեջ, նրա որովայնը կուռչի, նրա զիստը կփտի, և կինը իր ժողովրդի մեջ նզովված պիտի լինի։ Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, պատիժ չի կրի և զավակ կծնի։ Այս է խանդի մասին օրենքը, երբ մի կին դավաճանում է իր ամուսնուն և պղծվում, կամ երբ խանդի ոգին է տիրում տղամարդուն, և նա խանդում է իր կնոջն ու նրան կանգնեցնում Տիրոջ առջև, քահանան նրա նկատմամբ պիտի կիրառի այս ամբողջ օրենքը։ Եվ այն ամուսինը զերծ պիտի լինի հանցանքից, իսկ կինը իր հանցանքը պիտի կրի”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր, նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։ Իր ուխտի բոլոր օրերին որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի՝ խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։ Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։ Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա. նա իրեն չպետք է պղծի նույնիսկ իր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։ Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։ Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։ Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։ Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։ Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։ Նա Տիրոջը կմատուցի իր զոհը. մեկ տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, մեկ տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար և անարատ մի խոյ խաղաղության զոհի համար, մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ընծան ու թափելու նվերը։ Քահանան դրանք կմատուցի Տիրոջ առաջ և կկատարի նրա մեղքի զոհն ու նրա ողջակեզը։ Եվ խոյը բաղարջ հացի զամբյուղի հետ կմատուցի Տիրոջ առաջ որպես խաղաղության զոհ, և քահանան կմատուցի հացի նվերն ու թափելու նվերը։ Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։ Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։ Քահանան դրանք որպես երերացնելու ընծա կմատուցի Տիրոջ առաջ։ Երերացնելով մատուցվող կուրծքը և վերընծայումով մատուցվող ազդրը քահանայի համար սուրբ են։ Դրանից հետո ուխտյալը կարող է գինի խմել։ Այս է ուխտավորի օրենքը, որն իր նվերը խոստանում է Տիրոջը իր ուխտի համար, բացի նրանից, երբ նա կարող է իր ուխտի համար ավելին անել. նա կկատարի այն՝ համաձայն իր ուխտի օրենքի”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այսպե՛ս օրհնեք Իսրայելի որդիներին՝ ասելով նրանց. "Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ և խաղաղություն տա քեզ"։ Այսպես նրանք իմ անունը պիտի դնեն Իսրայելի որդիների վրա, և ես կօրհնեմ նրանց”»։ Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք, այն ժամանակ Իսրայելի իշխանները՝ իրենց հայրերի տան գլխավորները, այսինքն՝ ցեղերի իշխանները, որոնք վերակացու էին հաշվառվածների վրա, ընծաներ մատուցեցին։ Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև, Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Այդ բաները վերցրո՛ւ նրանցից, որպեսզի օգտագործվեն ժողովի վրանի սպասավորության համար։ Դրանք տո՛ւր ղևտացիներին՝ ամեն մեկին ըստ իր պաշտոնի»։ Մովսեսը վերցրեց սայլերն ու եզները և դրանք տվեց ղևտացիներին։ Երկու սայլ և չորս եզ տվեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի։ Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։ Բայց Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։ Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։ Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։ Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամինադաբի որդի Նաասոնի մատուցած ընծան։ Երկրորդ օրը մատուցեց Իսաքարի իշխանը՝ Սոգարի որդի Նաթանայելը։ Այս էր նրա մատուցած ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սոգարի որդի Նաթանայելի մատուցածը։ Երրորդ օրը մատուցեց Զաբուղոնի որդիների իշխանը՝ Քեղոնի որդի Եղիաբը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Քեղոնի որդի Եղիաբի մատուցած զոհը։ Չորրորդ օրը մատուցեց Ռուբենի որդիների իշխանը՝ Սեդիուրի որդի Եղիսուրը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցած զոհը։ Հինգերորդ օրը մատուցեց Շմավոնի որդիների իշխանը՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սուրիսադայի որդի Սաղամիելի մատուցած ընծան։ Վեցերորդ օրը մատուցեց Գադի որդիների իշխանը՝ Դագուելի որդի Եղիասափը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Դագուելի որդի Եղիասափի մատուցած ընծան։ Յոթերորդ օրը մատուցեց Եփրեմի որդիների իշխանը՝ Ամիուդի որդի Եղիսաման։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիուդի որդի Եղիսամայի մատուցած ընծան։ Ութերորդ օրը մատուցեց Մանասեի որդիների իշխանը՝ Փադասուրի որդի Գամաղիելը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Փադասուրի որդի Գամաղիելի մատուցած ընծան։ Իններորդ օրը մատուցեց Բենիամինի որդիների իշխանը՝ Գեդեոնիի որդի Աբիդանը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Գեդեոնիի որդի Աբիդանի մատուցած ընծան։ Տասներորդ օրը մատուցեց Դանի որդիների իշխանը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցած ընծան։ Տասնմեկերորդ օրը մատուցեց Ասերի որդիների իշխանը՝ Եքրանի որդի Փագիելը։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Եքրանի որդի Փագիելի մատուցած ընծան։ Տասներկուերորդ օրը մատուցեց Նեփթաղիմի որդիների իշխանը՝ Ենանի որդի Աքիրեն։ Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով, խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով, մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար, այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ենանի որդի Աքիրեի մատուցած զոհը։ Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։ Խնկով լցված տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր խնկամանը՝ տասը սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. տուփերի ամբողջ ոսկին հարյուր քսան սիկղ էր։ Ողջակեզի համար ամբողջ մատուցվածը՝ տասներկու զվարակ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու գառ՝ իրենց հացի ընծաներով և մեղքի զոհի համար այծերից տասներկու նոխազ։ Խաղաղության զոհի համար մատուցվածը՝ բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։ Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։ Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները դրեց աշտանակի առջևի կողմից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։ Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։ Հետո նրանք մի զվարակ կվերցնեն և յուղով հունցված ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա, և մեղքի զոհի համար դու մի ուրիշ զվարակ կվերցնես։ Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։ Երբ ղևտացիներին կբերես Տիրոջ առջև, Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը կդնեն ղևտացիների վրա։ Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։ Ղևտացիներն իրենց ձեռքերը կդնեն այդ զվարակների գլխին. մեկը կմատուցես Տիրոջը որպես մեղքի զոհ, իսկ մյուսը ողջակեզ կանես ղևտացիների քավության համար։ Ղևտացիներին կկանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առջև և նրանց երերացնելու զոհ կմատուցես Տիրոջը։ Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։ Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։ Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։ Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։ Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։ Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։ Ղևտացիները մաքրվեցին և լվացին իրենց հագուստները։ Ահարոնը նրանց որպես երերացնելու զոհ ներկայացրեց Տիրոջ առաջ։ Ահարոնը նրանց համար քավություն արեց, որպեսզի մաքրի նրանց։ Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։ Հիսուն տարեկան դառնալուց հետո ետ կքաշվեն սպասավորություն կատարողների խմբից և այլևս չեն ծառայի։ Սակայն թող օգնեն իրենց եղբայրներին ժողովի վրանում պաշտոն կատարելու, բայց իրենք ծառայություն չանեն։ Այսպե՛ս արա ղևտացիներին իրենց սպասավորության համար»։ Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին և ասաց. «Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։ Այն արե՛ք իր որոշված ժամանակին՝ այս ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ. արե՛ք նրա բոլոր կանոնների և նրա բոլոր կարգադրությունների համաձայն»։ Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, որպեսզի կատարեն զատիկը։ Նրանք զատիկն արեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Սինայի անապատում, ամեն ինչ այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։ Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ, և այդ մարդիկ ասացին նրան. «Մենք մեռած մարդու դիակից պղծված ենք. ինչո՞ւ պիտի զրկվենք որոշված ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց Իսրայելի որդիների մեջ»։ Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք. թողե՛ք իմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը մեռած մարմնի դիպչելով պղծվի և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ լինի, նա զատիկը կկատարի Տիրոջ համար։ Երկրորդ ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, թող կատարեն այն. բաղարջ հացով և դառը խոտերով ուտեն այն։ Մինչև առավոտ դրանից ոչ մի բան չթողնեն և դրա ոչ մի ոսկորը չջարդեն։ Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն։ Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։ Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։ Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։ Միշտ այդպես էր. ցերեկը ամպն էր ծածկում վրանը, իսկ գիշերը՝ կրակի տեսքը։ Երբ ամպը վերանում էր վրանից, Իսրայելի որդիները մեկնում էին, և որտեղ որ ամպը կանգ էր առնում, նրանք այնտեղ էին բանակում։ Իսրայելի որդիները մեկնում էին Տիրոջ հրամանով և Տիրոջ հրամանով էլ բանակատեղի էին հաստատում։ Այնքան ժամանակ, մինչ ամպը կանգ էր առնում վրանի վրա, նրանք մնում էին բանակած տեղում։ Երբ ամպը շատ օրեր էր մնում վրանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։ Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։ Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։ Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։ Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում և Տիրոջ հրամանով էլ մեկնում էին։ Նրանք պահում էին Տիրոջ պատվերը՝ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։ Երբ երկուսն էլ հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը կհավաքվի քեզ մոտ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եթե մեկը հնչեցնեն, քեզ մոտ կհավաքվեն իշխանները՝ Իսրայելի հազարապետները։ Երբ ազդարարության համար հնչեցնեք, թող մեկնեն արևելյան կողմում բանակած գնդերը։ Երբ երկրորդ անգամ ազդարարության փող հնչեցնեք, թող մեկնեն հարավային կողմում բանակատեղի դրած գնդերը։ Ազդարարության փող թող հնչեցնեն նրանց մեկնելու համար։ Կհնչեցնեք նաև ժողովրդին հավաքելու համար, բայց ազդարարության նման չանեք։ Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։ Եթե ձեր երկրում պատերազմի գնաք ձեզ նեղություն տվող թշնամու դեմ, ազդարարության փող կհնչեցնեք, և դուք կհիշվեք ձեր Տեր Աստծու առաջ և կազատվեք ձեր թշնամիներից։ Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։ Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։ Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։ Առաջին անգամ նրանք մեկնեցին համաձայն այն հրամանի, որ Տերը տվել էր Մովսեսի միջոցով։ Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։ Իսաքարի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սոգարի որդի Նաթանայելը։ Զաբուղոնի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Քեղոնի որդի Եղիաբը։ Խորանն իջեցրին և մեկնեցին խորանը կրող Գերսոնի որդիներն ու Մերարիի որդիները։ Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։ Շմավոնի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սուրիսադայի որդի Սաղամիելը։ Գադի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Դագուելի որդի Եղիասափը։ Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։ Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։ Մանասեի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Փադասուրի որդի Գամաղիելը։ Բենիամինի ցեղի զորագնդի առաջնորդն էր Գեդեոնիի որդի Աբիդանը։ Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։ Ասերի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Եքրանի որդի Փագիելը։ Նեփթաղիմի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Ենանի որդի Աքիրեն։ Այս էր Իսրայելի որդիների մեկնելն իրենց զորագնդերով. և նրանք մեկնեցին։ Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։ Նա պատասխանեց նրան. «Չեմ գա, այլ կգնամ իմ երկիրը և իմ ազգականների մոտ»։ Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։ Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։ Նրանք, Տիրոջ լեռից մեկնելով, երեք օրվա ճանապարհ գնացին։ Տիրոջ ուխտի տապանակը, նրանց առջևից գնալով, երեք օրվա ճանապարհ անցավ, որպեսզի նրանց համար հանգստանալու տեղ գտնի։ Տիրոջ ամպը նրանց վրա էր լինում ցերեկները, երբ բանակատեղիից մեկնում էին։ Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցրվեն քո թշնամիները, և քո առջևից փախուստի դիմեն քեզ ատողները»։ Իսկ երբ տապանակը տեղում մնում էր, նա ասում էր. «Դարձի՛ր, Տե՛ր, դեպի Իսրայելի բյուր բյուրավորները»։ Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։ Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսեսի առաջ։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և կրակը դադարեց։ Այդ վայրը կոչեցին Տաբերա, որովհետև Տիրոջ կրակը թափվել էր նրանց վրա։ Նրանց մեջ գտնվող խառնամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։ Հիմա մենք ուժասպառ ենք եղել, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում»։ Մանանան նման էր գինձի սերմի. նրա գույնը սուտակի գույնի պես էր։ Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։ Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա։ Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։ Մի՞թե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ե՞ս եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես. “Քո գի՛րկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, և տա՛ր մինչև այն երկիրը, որ երդումով խոստացար նրանց հայրերին”։ Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։ Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։ Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, խնդրեմ մեռցրո՛ւ ինձ, եթե շնորհ գտա քո առաջ, որպեսզի չտեսնեմ իմ դժբախտությունը»։ Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։ Ես կիջնեմ այնտեղ, կխոսեմ քեզ հետ և քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա։ Եվ ժողովրդին ասա՛. “Մաքրե՛ք ձեր անձերը վաղվա համար, որ միս ուտեք, որովհետև Տիրոջը լսելի կերպով լաց եղաք և ասացիք. "Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում լավ էր մեզ համար"։ Տերը ձեզ միս կտա, և դուք կուտեք։ Կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը կամ քսան օր, այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա, և դուք զզվանք զգաք. որովհետև դուք արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, և լաց եղաք նրա առաջ՝ ասելով. "Ինչո՞ւ մենք դուրս եկանք Եգիպտոսից"”»։ Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ “Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս”։ Մի՞թե բոլոր ոչխարներն ու արջառները պիտի մորթվեն, որ բավականացնի նրանց, կամ ծովի բոլոր ձկները մեկտե՞ղ պիտի հավաքվեն, որ բավարար լինի նրանց համար»։ Տերն ասաց Մովսեսին. «Մի՞թե կարճ է Տիրոջ ձեռքը. հիմա կտեսնես, թե ասածիս պե՞ս կլինի քեզ, թե՞ ոչ»։ Մովսեսը վեր կացավ և Տիրոջ խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ծերերի միջից հավաքեց յոթանասուն հոգի և նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։ Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։ Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։ Մի պատանի վազեց, պատմեց Մովսեսին և ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարեություն են անում բանակատեղիում»։ Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։ Մովսեսն ասաց նրան. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին»։ Մովսեսը և նրա հետ Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։ Տիրոջ կողմից հողմ բարձրացավ և ծովի կողմից լորամարգիներ բերեց տարածեց բանակատեղիի շուրջը՝ մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մի կողմից, մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մյուս կողմից և երկու կանգունի չափ բարձր գետնի մակերեսից։ Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։ Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։ Այդ վայրը կոչվեց Կիբրոթ-Հաթթավա, որովհետև այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։ Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և կանգ առավ Ասերոթի մեջ։ Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթովպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթովպացի կին էր առել։ Նրանք ասացին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ նա մեր միջոցով էլ խոսեց»։ Տերը լսեց դա։ Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։ Տերն իսկույն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ դո՛ւրս եկեք և գնացե՛ք ժողովի վրան». և երեքն էլ դուրս եկան։ Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։ Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։ Բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է։ Ես նրա հետ խոսում եմ երես առ երես, հստակորեն, ոչ թե առակով, և նա տեսնում է Տիրոջ կերպարանքը։ Ինչո՞ւ չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, ու նա գնաց։ Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ էր դարձել։ Ահարոնն ասաց Մովսեսին. «Ո՜հ, տե՛ր իմ, աղաչում եմ, մեզ վրա մեղք մի՛ դիր, որովհետև հիմարություն արեցինք և մեղք գործեցինք։ Թող նա չնմանվի այն մեռած երեխային, որ դուրս է գալիս մոր արգանդից՝ մարմինը կիսով չափ սպառված»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Խնդրում եմ քեզ, ո՛վ Աստված, խնդրում եմ, բժշկի՛ր նրան»։ Տերն ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչի. ուրեմն յոթ օր նա թող արգելափակված պահվի բանակատեղիից դուրս, որից հետո կընդունվի»։ Եվ Մարիամը յոթ օր արգելափակված մնաց բանակատեղիից դուրս։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ մինչև Մարիամի վերադառնալը։ Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։ Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։ Սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուա, Շմավոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատ, Հուդայի ցեղից՝ Հեփոնի որդի Քաղեբ, Իսաքարի ցեղից՝ Հովսեփի որդի Իգազ, Եփրեմի ցեղից՝ Նավեի որդի Օսես, Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի, Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիել, Հովսեփի ցեղից, այսինքն՝ Մանասեի ցեղից՝ Սուսիի որդի Գադդի, Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել, Ասերի ցեղից՝ Միքայելի որդի Սաթուր, Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբի, Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։ Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։ Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ. ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում. ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։ Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։ Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։ Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։ Այդ վայրը կոչվեց Եսքողի ձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։ Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։ Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։ Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։ Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։ Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։ Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։ Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։ Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։ Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։ Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։ Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։ Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։ Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։ Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։ Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։ Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից) և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։ Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով. “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։ Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով. “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։ Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։ Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն, բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով. որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։ Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։ Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Մինչև ե՞րբ պիտի համբերեմ այս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։ Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։ Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ, բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։ Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկությունների պատիժը կկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։ Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը և կիմանաք իմ դժգոհությունը։ Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։ Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ, այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։ Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։ Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։ Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։ Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։ Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։ Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։ Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ, և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը, այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։ Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։ Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար, ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։ Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։ Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։ Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։ Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։ Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։ Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։ Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ, և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը. ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։ Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։ Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին, այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին, և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։ Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։ Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։ Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։ Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։ Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենության պատիժը ”»։ Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։ Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։ Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։ Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։ Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։ Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով՝ դուք մոլորվում եք ։ Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։ Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով, մբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն հոգի՝ ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին և անվանի մարդիկ։ Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին նրանց. «Ձեր արածը բավական է ձեզ, որովհետև ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։ Երբ Մովսեսն այս լսեց, երեսնիվայր ընկավ գետին։ Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, և նրան կմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։ Այսպե՛ս արեք. դո՛ւ, Կո՛րխ, և քո ամբողջ խումբը. վերցրե՛ք բուրվառներ, դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։ Մովսեսն ասաց Կորխին. «Լսե՛ք, Ղևիի՛ որդիներ, մի՞թե ձեր աչքին քիչ բան է երևում, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար ձե՛զ առանձնացրեց Իսրայելի ժողովրդի միջից, որպեսզի Տիրոջ վրանի սպասավորությունն անեք և կանգնեք ժողովրդի առաջ՝ նրանց ծառայելու համար։ Ձեզ իրեն մոտեցրեց, քեզ և քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին։ Եվ դուք քահանայություն է՞լ եք ուզում։ Ուրեմն դու և քո ամբողջ խումբը հավաքվել եք Տիրոջ դեմ, որովհետև Ահարոնն ո՞վ է, որ տրտնջաք նրա դեմ»։ Մովսեսը մարդ ուղարկեց Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին կանչելու համար։ Բայց նրանք ասացին. «Մենք չենք գա։ Քի՞չ է այն, որ մեզ հանեցիր կաթ ու մեղր բխող երկրից, որպեսզի մեզ մեռցնես այս անապատում, և դեռ մեզ վրա տիրապետել էլ ես ուզում։ Մի՞թե դու մեզ կաթ ու մեղր բխող երկիր ես բերել և մեզ արտեր ու այգիներ ես ժառանգություն տվել. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք չենք գա»։ Մովսեսը խիստ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց նվիրաբերումներին. ես նրանցից մի էշ անգամ չեմ առել և նրանցից ոչ մեկին չար բան չեմ արել»։ Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո ամբողջ խումբը վաղը կներկայանաք Տիրոջը, դու, նրանք և Ահարոնը։ Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։ Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։ Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որ անմիջապես ոչնչացնեմ դրանց»։ Բայց նրանք երեսնիվայր գետին ընկան և ասացին. «Ո՛վ Աստված, բոլոր մարմինների հոգիների՛ Աստված, մեկ մարդ մեղանչեց, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի բարկանաս»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր այդ ժողովրդի հետ և ասա՛. “Հեռացե՛ք Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից”»։ Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ։ Նրա հետևից գնացին Իսրայելի ծերերը։ Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Ե՛տ քաշվեք այդ չար մարդկանց վրանների մոտից և նրանց ոչ մի բանին ձեռք մի՛ տվեք, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով դուք էլ չկորչեք»։ Այսպիսով նրանք հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից։ Դաթանը և Աբիրոնը դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքին իրենց կանանց, որդիների և ընտանիքի հետ։ Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերն անելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում. այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։ Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։ Հենց որ Մովսեսը վերջացրեց այս բոլոր խոսքերը խոսելը, գետինն իսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ. երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։ Նրանք և ամեն ինչ, որ նրանցն էր, ողջ-ողջ իջան դժոխք, և երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։ Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին. «Գուցե երկիրը մեզ էլ կուլ տա»։ Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։ Իրենց հոգիների դեմ մեղք գործած այդ մարդկանց բուրվառներից թիթեղներ թող շինեն՝ դրանցով պատելու համար զոհասեղանը, որովհետև դրանք, Տիրոջ առաջ մատուցվելով, սրբացած են։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան լինեն»։ Եղիազար քահանան առավ այդ այրված մարդկանց մատուցած պղնձե բուրվառները. դրանցից զոհասեղանը պատելու համար թիթեղներ պատրաստեցին։ (Դա հիշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջ խունկ մատուցելու և Կորխի ու նրա մարդկանց նման չլինի), ինչպես որ Տերն ասել էր նրան Մովսեսի միջոցով։ Հետևյալ օրը Իսրայելի ամբողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասաց. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։ Մովսեսն ու Ահարոնը եկան ժողովի վրանի առաջ։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որպեսզի անմիջապես ոչնչացնեմ նրանց»։ Բայց նրանք երեսնիվայր ընկան գետին։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից կրա՛կ դիր և խո՛ւնկ դիր և շտապ գնա՛ դեպի ժողովուրդն ու քավությո՛ւն արա նրանց համար, որովհետև Տիրոջ բարկությունը բորբոքվել է, և ժանտախտ է սկսվել»։ Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես որ ասել էր Մովսեսը, ու վազեց ժողովրդի մոտ։ Ժանտախտն արդեն սկսվել էր ժողովրդի մեջ։ Նա խունկ մատուցեց և քավություն արեց ժողովրդի համար։ Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։ Ժանտախտից մեռածները տասնչորս հազար յոթ հարյուր հոգի էին, բացի Կորխի պատճառով մեռածներից։ Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, որովհետև ժանտախտը դադարել էր։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստ իրենց հայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։ Ահարոնի անունը գրի՛ր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի իրենց հայրերի տան իշխանի համար։ Դրանք կդնես ժողովի վրանում՝ վկայության առաջ, որտեղ հանդիպում եմ ձեզ։ Եվ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, և ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների՝ ձեր դեմ բարձրացրած տրտունջը»։ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։ Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առաջ, վկայության վրանում։ Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։ Մովսեսը բոլոր գավազանները դուրս հանեց Տիրոջ առաջից և դրեց Իսրայելի բոլոր որդիների առջև, և նրանք տեսան, ու ամեն մեկն առավ իր գավազանը։ Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն. նա այդպես էլ արեց։ Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։ Ով որ մոտենում է Տիրոջ վրանին, մեռնում է։ Մի՞թե ամենքս էլ պիտի մեռնենք»։ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենության պատիժը։ Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենության պատիժը։ Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։ Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։ Նրանք կմիանան քեզ և կկատարեն ժողովի վրանի սպասավորությունը վրանի բոլոր ծառայությունների համեմատ։ Ոչ մի աշխարհական չպետք է մոտենա ձեզ։ Կատարե՛ք սրբարանի և զոհասեղանի ծառայությունը, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս բարկություն չլինի։ Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։ Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։ Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։ Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։ Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ամեն արու կարող է ուտել դրանից։ Դա սուրբ է քեզ համար։ Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։ Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։ Իրենց երկրի մեջ եղած ամեն ինչի առաջին բերքը, որ բերում են Տիրոջը, քոնը լինի։ Քո տանը ամեն մաքուր անձ թող ուտի դրանից։ Իսրայելի մեջ ամեն նվիրվածը քոնը լինի։ Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։ Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։ Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։ Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։ Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։ Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չպիտի ունենաս, նրանց մեջ բաժին չպիտի ունենաս. ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ։ Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։ Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։ Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ, որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։ Ձեր բարձրացնելու ընծան կհամարվի իբրև կալի ցորեն և հնձանում եղած գինի։ Այսպես դո՛ւք էլ բարձրացնելու ընծա մատուցեք Տիրոջը այն տասանորդներից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից։ Այդ ընծան, որ առանձնացրել եք Տիրոջ համար, տվե՛ք Ահարոն քահանային։ Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։ Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակ մնացածը ղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։ Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։ Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Այս է օրենքի կանոնը, որ Տերը պատվիրեց՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ բերեն անարատ մի կարմիր երինջ, որ բիծ չունենա, և որի վրա լուծ դրված չլինի։ Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։ Եղիազար քահանան իր մատով կառնի նրա արյունից և յոթ անգամ շաղ կտա ժողովի վրանի առջևում։ Երինջը կայրեն նրա աչքի առաջ, դրա մորթը, դրա միսն ու արյունը աղտեղիքի հետ միասին կայրեն։ Քահանան կվերցնի եղևնու փայտ, զոպա ու մուգ կարմիր մի շոր կվերցնի և կգցի այրվող երինջի վրա։ Քահանան ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով, հետո կմտնի բանակատեղի. և քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։ Երինջն այրողը ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով. մինչև երեկո նա անմաքուր կլինի։ Մի մաքուր մարդ կհավաքի երինջի մոխիրը և կդնի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Դա պահված պիտի մնա Իսրայելի ժողովրդի համար. մեղքերի մաքրման ջուր է այն։ Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։ Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։ Նա այդ ջրով թող մաքրվի երրորդ օրը և յոթերորդ օրը և մաքուր կլինի. բայց եթե չմաքրվի երրորդ և յոթերորդ օրը, մաքուր չի լինի։ Ով որ մեռած մարդու մարմնին դիպչի և չմաքրվի, նա պղծում է Տիրոջ վրանը։ Այդ անձը թող վերանա Իսրայելից, քանի որ մաքրման ջուր չցանվեց նրա վրա. նա անմաքուր է, և նրա անմաքրությունը դեռ իր վրա է։ Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։ Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։ Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։ Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրված երինջի մոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։ Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան, այն թաթախի ջրի մեջ և շաղ տա վրանի, բոլոր ամանների, այնտեղ գտնվող մարդկանց և այն մարդու վրա, որը դիպել էր մարդկային ոսկորի, սպանվածի կամ մեռածի կամ գերեզմանի։ Մաքուր մարդը երրորդ օրը և յոթերորդ օրը ջուրը թող շաղ տա այդ անմաքուր մարդու վրա, և յոթերորդ օրը նա կմաքրի նրան. սա իր հագուստները թող լվանա ու լվացվի ջրով և երեկոյան մաքուր կլինի։ Բայց այն մարդը, որ անմաքուր է և չի մաքրվում, այդ անձը վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա պղծել է Տիրոջ սրբարանը։ Նրա վրա մաքրման ջուրը շաղ չի տրվել. նա անմաքուր է։ Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։ Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։ Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։ Ժողովուրդը ջուր չուներ. նրանք հավաքվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ։ Ժողովուրդը վիճելով խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև մեռան մեր եղբայրները։ Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ մենք և մեր անասունները կոտորվե՞նք այստեղ։ Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից՝ մեզ այս վատ տեղը բերելու համար։ Այստեղ ո՛չ սերմի տեղ է, և ո՛չ էլ թզենիներ, այգիներ ու նռնենիներ կան. խմելու ջուր անգամ չկա»։ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։ Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրեց իրեն։ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, և Մովսեսն ասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։ Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։ Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։ Սա է Մերիբայի ջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։ Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները, թե ինչպես մեր հայրերն իջան Եգիպտոս, ու մենք բնակվեցինք Եգիպտոսում երկար ժամանակ, և եգիպտացիները չարչարեցին մեզ և մեր հայրերին։ Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։ Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։ Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։ Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։ Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։ Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։ Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։ Տերը Հոր լեռան վրա՝ Եդովմի երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։ Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։ Ահարոնի վրայից հանի՛ր նրա զգեստները և դրանք հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին։ Այնտեղ պիտի վախճանվի Ահարոնը և միանա իր ժողովրդին»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր պատվիրել, և ամբողջ ժողովրդի առաջ բարձրացավ Հոր լեռը։ Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։ Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր սգաց Ահարոնի համար։ Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։ Իսրայելացիները ուխտ արեցին Տիրոջը և ասացին. «Եթե մեր ձեռքը հանձնես այդ ժողովրդին, մենք կնզովենք նրա քաղաքները»։ Տերը լսեց իսրայելացիների ձայնը և քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայելացիները նզովեցին նրանց ու նրանց քաղաքները և այդ վայրը կոչեցին Հորմա։ Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։ Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։ Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։ Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։ Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին և առողջանում էր։ Իսրայելի որդիները, մեկնելով այդտեղից, բանակատեղի դրեցին Օբոթում։ Օբոթից նրանք դուրս եկան և բանակատեղի դրեցին Իյե-Աբարիմում, այն անապատում, որը գտնվում է Մովաբի դիմաց՝ դեպի արևելք։ Այնտեղից մեկնելով՝ նրանք բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։ Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։ Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է. «Վահեպը Սուֆայում Եվ Առնոնի գետերը Եվ գետերի հորձանքը, Որ դառնում է դեպի Արի բնակարանը Եվ թեքվում դեպի Մովաբի սահմանը»։ Այնտեղից նրանք եկան Ջրհորը։ Սա այն ջրհորն է, որի մասին Տերն ասել էր Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես նրանց խմելու ջուր կտամ»։ Այն ժամանակ իսրայելացիներն այս երգը երգեցին. «Բխի՛ր, ջրհո՛ր. երգեցե՛ք նրա համար. Ջրհորը, որը իշխանները փորեցին, Ժողովրդի ազնվականները խորացրին Իրենց մականով ու գավազաններով»։ Անապատից նրանք գնացին Մաթանա, Մաթանայից՝ Նաալիել, Նաալիելից՝ Բամոթ, Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։ Իսրայելացիները պատգամախոսներ ուղարկեցին ամորհացիների Սեհոն թագավորի մոտ՝ ասելու. «Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. չենք շեղվի ո՛չ արտերի և ո՛չ էլ այգիների մեջ ու չենք խմի ջրհորի ջրից. կգնանք արքունի ճանապարհով, մինչև որ անցնենք քո սահմաններից»։ Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր սահմաններով, այլ նա հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս ելավ կռվելու իսրայելացիների դեմ անապատում։ Նա եկավ Հասսա և պատերազմ մղեց իսրայելացիների դեմ։ Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։ Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում, որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։ Դրա համար առակախոսներն ասում են. «Եկե՛ք Եսեբոն, Թող վերաշինվի և բարեզարդվի Սեհոնի քաղաքը, Քանզի կրակ ելավ Եսեբոնից, Բոց՝ Սեհոնի քաղաքից, Այրեց Մովաբի Արը, Առնոնի բարձր տեղերի տերերին։ Վա՜յ քեզ, Մովա՛բ, Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ. Նրանց որդիները փախուստի մատնվեցին, Իսկ աղջիկները գերի ընկան Ամորհացիների արքա Սեհոնի ձեռքը։ Բայց մենք նետահարեցինք նրանց. Եսեբոնը կորավ մինչև Դեբոն. Եվ ավերեցինք մինչև Նոփա, Մինչև Մեդեբա»։ Այսպես իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում։ Մովսեսը մարդ ուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։ Ապա շրջվեցին ու եկան Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս ելավ պատերազմելու նրանց դեմ Եդրայիում։ Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին և նրա երկիրը։ Դու նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ»։ Եվ այսպես իսրայելացիները հարվածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, այնպես որ մեկ հոգու էլ չթողեցին և տիրեցին նրանց երկրին։ Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։ Սեպփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ իսրայելացիներն արել էին ամորհացիներին։ Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։ Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։ Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։ Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։ Մովաբի ծերերն ու Մադիամի ծերերը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով բախտագուշակությունների համար տրվելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և նրան հայտնեցին Բաղակի խոսքերը։ Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։ Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։ Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մոտ՝ ասելու, թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։ Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։ Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։ Մովաբի իշխանները վեր կացան, եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չուզեց գալ մեզ հետ»։ Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։ Նրանք եկան Բաղաամի մոտ և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակն այսպես է ասում. “Աղաչում եմ, մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալուց, որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։ Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։ Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։ Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։ Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։ Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։ Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։ Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։ Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։ Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։ Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։ Տերը բացեց էշի լեզուն, և էշն ասաց Բաղաամին. «Ես ի՞նչ եմ արել քեզ, որ երեք անգամ ծեծեցիր ինձ»։ Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։ Էշն ասաց Բաղաամին. «Ես քո այն էշը չեմ, որի վրա դու հեծնել ես սկզբից մինչև այսօր. մի՞թե իմ սովորությունն էր այսպես անել քեզ»։ Նա պատասխանեց. «Ոչ»։ Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։ Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։ Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։ Տիրոջ հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։ Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։ Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ մարդ էի ուղարկել քեզ կանչելու համար։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Կարծում էիր, թե չէի՞ կարող պատվել քեզ»։ Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ. բայց ես զորություն ունե՞մ մի բան ասելու։ Աստված ինչ խոսք որ դնի իմ բերանում, այն պիտի ասեմ»։ Բաղաամը գնաց Բաղակի հետ, և եկան Կարիաթ-Հուսոթ։ Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։ Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։ Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։ Բաղակը Բաղաամի ասածի պես արեց։ Բաղակն ու Բաղաամը յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեցին։ Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։ Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց նրան. «Յոթ զոհասեղան պատրաստեցի և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեցի»։ Տերը Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և խոսի՛ր այսպես»։ Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։ Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում, Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։ Ապառաժների գլխից տեսնում եմ նրան, Բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի, Ազգերի մեջ չպիտի դասվի։ Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին, Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։ Թող իմ անձը արդարների մահով մեռնի, Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։ Նա պատասխանեց. «Մի՞թե չպիտի զգուշանամ խոսելու այն, ինչ Տերը դնում է իմ բերանը»։ Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։ Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։ Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։ Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։ Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։ Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ. Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։ Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի։ Ահա հրաման ստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց, Եվ ես այն չեմ կարող փոխել։ Հակոբի վրա անօրենություն չնկատեց, Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։ Նրա Տեր Աստվածն իր հետ է, Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։ Աստված է Եգիպտոսից նրանց հանողը, Միեղջերուի նման զորություն ունի նա. Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։ Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին, Թե ինչե՜ր արեց Աստված։ Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա, Առյուծի պես պիտի բարձրանա. Նա չի պառկի, մինչև որսը չուտի Եվ չխմի սպանվածների արյունը»։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ո՛չ անիծիր նրանց, ո՛չ էլ օրհնիր»։ Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։ Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի ուրիշ տեղ։ Գուցե Աստված բարեհաճի, որ այնտեղի՛ց անիծես նրանց ինձ համար»։ Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։ Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ կառուցի՛ր յոթ զոհասեղան և ինձ համար այստեղ պատրաստի՛ր յոթ զվարակ և յոթ խոյ»։ Բաղակը Բաղաամի ասածի պես արեց և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։ Բաղաամը, տեսնելով, որ Տերը բարեհաճեց օրհնել Իսրայելին, նա ուրիշ անգամների պես հմայություններ որոնելու չգնաց, այլ իր երեսը դարձրեց դեպի անապատ։ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իսրայելացիները բանակատեղի են դրել ըստ իրենց ցեղերի։ Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Բեորի որդի Բաղաամի խոսքը, Բաց աչքերով մարդու խոսքը, Աստծու խոսքերը լսողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը. Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, Հակո՛բ, Եվ քո օթևանները, ո՛վ Իսրայել։ Հովիտների նման տարածվեցին, Գետերի ափին գտնվող պարտեզների պես, Տիրոջ տնկած հալվեի ծառերի, Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։ Նրա դույլերից հոսում է ջուրը, Եվ նրա սերմն առատ ջրերի մեջ պիտի լինի։ Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա, Եվ նրա թագավորությունը կբարգավաճի։ Աստված է նրան Եգիպտոսից հանողը. Միեղջերուի նման զորություն ունի նա։ Նա ուտում է իր թշնամի ազգերին, Փշրում է նրանց ոսկորները Եվ իր նետերով նետահարում է նրանց։ Առյուծի պես նստեց, պառկեց Եվ մատակ առյուծի նման։ Ո՞վ կզարթնեցնի նրան։ Քեզ օրհնողները օրհնված են, Եվ քեզ անիծողները՝ անիծված»։ Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։ Հիմա փախի՛ր, գնա՛ քո տեղը։ Ասացի՝ քեզ շատ պատիվ տամ, բայց Տերն ահա զրկեց քեզ պատվից»։ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քո ուղարկած պատգամախոսներին չասացի. “Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ և ոսկի տա, ես չեմ կարող զանց անել Տիրոջ խոսքը և մի լավ կամ վատ բան անել ինձանից։ Տերն ինչ որ ասի, այն էլ կխոսեմ”։ Իսկ հիմա ահա ես գնում եմ իմ հայրենիքը. արի՛ քեզ հասկացնեմ, թե առաջիկայում այդ ժողովուրդն ի՛նչ է անելու քո ժողովրդին»։ Եվ արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Բեովրի որդի Բաղաամի խոսքը, Բաց աչքերով մարդու խոսքը, Աստծու խոսքերը լսողի, Բարձրյալի գիտությունն իմացողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը. Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։ Նաև Եդովմը իր կալվածքը կլինի, Նաև Սեիրը իր թշնամիների կալվածքը կլինի։ Իսրայելն իր քաջությունը ցույց կտա, Հակոբից եղողը կիշխի Եվ քաղաքի վերապրողներին կորստյան կմատնի»։ Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամաղեկն ազգերի գլուխն է, Բայց նրա վախճանը կործանումն է»։ Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամուր է քո բնակավայրը, Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը. Բայց կենեցին ավերակ պիտի դառնա, Երբ Ասուրը գերի տանի քեզ»։ Բաղաամն արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված այս բաներն անի. Նավեր կգան կիտացիների եզերքներից Եվ կչարչարեն Ասուրին, կչարչարեն Եբերին, Բայց իրենք էլ կկործանվեն»։ Հետո Բաղաամը վեր կացավ գնաց և վերադարձավ իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր ճանապարհով։ Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։ Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Ժողովուրդը կերավ և երկրպագություն արեց նրանց աստվածներին։ Իսրայելացիները հարեցին Բահաղ-Փեորին, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ։ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։ Մովսեսն ասաց իսրայելացիների դատավորներին. «Ամեն մեկդ սպանե՛ք Բահաղ-Փեորին հարած ձեր մարդկանց»։ Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելով այդ, ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝ իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։ Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, վերացրեց իմ բարկությունն Իսրայելի որդիների վրայից՝ ինձ համար նախանձախնդրություն ունենալով նրանց մեջ։ Եվ ես իմ նախանձով բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին։ Դրա համար ասա՛, որ ահա ես տալիս եմ նրան խաղաղության իմ ուխտը։ Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։ Մադիանացի կնոջ հետ սպանված տղամարդու անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմավոնյանների տոհմերից մեկի իշխանն էր։ Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մադիանացիներին թշնամությո՛ւն արեք և զարկե՛ք նրանց, որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։ Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով. «Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։ Մովսեսն ու Եղիազար քահանան խոսեցին նրանց հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ՝ ասելով. «Հաշվառե՛ք քսան տարեկանից բարձր եղողներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից»։ Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը, Փաղղուսից՝ Փաղղուսյանների տոհմը, Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Քարմիից՝ Քարմիյանների տոհմը։ Ռուբենյան տոհմերը սրանք են, և սրանցից հաշվառվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի են։ Փաղղուսի որդին էր Եղիաբը։ Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովրդի մեջ երևելի մարդիկ էին. սրանք դեմ էին Մովսեսին և Ահարոնին և միացան Կորխի խմբին, որ Տիրոջ դեմ էր ըմբոստացել։ Երկիրը բացելով իր երախը՝ կուլ տվեց նրանց և Կորխին, և մեռան նրանք, երբ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգի։ Սրանք օրինակ եղան ժողովրդին։ Սակայն Կորխի որդիները չմեռան։ Շմավոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Նամուելից՝ Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը, Սավուղից՝ Սավուղյանների տոհմը։ Սրանք են Շմավոնյան տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի։ Գադի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սափոնից՝ Սափոնյանների տոհմը, Անգիից՝ Անգյանների տոհմը, Սունիից՝ Սունյանների տոհմը, Ազենիից՝ Ազենյանների տոհմը, Էրիից՝ Էրյանների տոհմը, Արոդիից՝ Արոդյանների տոհմը, Արելիից՝ Արելյանների տոհմը։ Սրանք են Գադի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին։ Հուդայի որդիներն էին Էրը և Օնանը, բայց Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում։ Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։ Սրանք էին Փարեսի որդիները. Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Համուլից՝ Համուլյանների տոհմը։ Սրանք են Հուդայի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին։ Իսաքարի որդիներն ըստ իրենց տոհմերի. Թովղայից՝ Թովղայանների տոհմը, Փուայից՝ Փուայանների տոհմը, Հասուբից՝ Հասուբյանների տոհմը, Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը։ Սրանք են Իսաքարի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին։ Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։ Սրանք են Զաբուղոնի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին։ Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։ Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։ Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը, Քեղեգից՝ Քեղեգյանների տոհմը, Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը, Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը, Ոփերից՝ Ոփերյանների տոհմը։ Ոփերի որդի Սալպաադը որդի չունեցավ, այլ աղջիկներ։ Սալպաադի աղջիկների անուններն են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ Սրանք են Մանասեի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին։ Սրանք են Եփրեմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սուտաղայից՝ Սուտաղայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը, Թաանից՝ Թաանյանների տոհմը։ Սուտաղայի որդիները սրանք են. Էրանից սերվեց Էրանյանների տոհմը։ Սրանք են Եփրեմի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք են Հովսեփի որդիներն իրենց տոհմերով։ Բենիամինի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Բաղայից՝ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝ Աքիրամյանների տոհմը, Սուփամից՝ Սուփամյանների տոհմը, Ոփիմից՝ Ոփիմյանների տոհմը։ Բաղայի որդիներն էին Արդը և Նեեմանը։ Արդից՝ Արդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմյանների տոհմը։ Սրանք են Բենիամինի որդիներն իրենց տոհմերով։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին։ Դանի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Սուհամից՝ Սուհամյանների տոհմը։ Սրանք Դանի տոհմերն են ըստ իրենց սերունդների։ Սուհամյանների բոլոր տոհմերից հաշվառվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին։ Ասերի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հեմնայից՝ Հեմնայանների տոհմը, Հեսուից՝ Հեսույանների տոհմը, Բարիայից՝ Բարիայանների տոհմը։ Բարիայի որդիներից՝ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը, Մեղքիելից՝ Մեղքիելյանների տոհմը։ Ասերի աղջկա անունը Սարա էր։ Սրանք են Ասերի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին։ Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հասիելից՝ Հասիելյանների տոհմը, Գունիից՝ Գունյանների տոհմը, Հասերից՝ Հասերյանների տոհմը, Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը։ Սրանք են Նեփթաղիմի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին։ Այս է Իսրայելի որդիների ընդհանուր թիվը՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։ Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։ Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։ Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։ Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։ Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։ Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։ Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։ Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։ Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում. որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ Սրանք կանգնեցին Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ամբողջ ժողովրդի առաջ, ժողովի վրանի մուտքին և ասացին. «Մեր հայրը մեռավ անապատում։ Նա Տիրոջ դեմ հավաքված խմբի՝ Կորխի խմբի մեջ չէր, այլ նա մեռավ իր մեղքի պատճառով, առանց որդիներ ունենալու։ Ինչո՞ւ մեր հոր անունը պիտի իր տոհմի միջից վերանա, քանի որ որդի չունեցավ։ Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ»։ Մովսեսը նրանց դատը տարավ Տիրոջ առաջ։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս որպես ժառանգություն իրենց հոր եղբայրների մեջ և նրանց վրա կդարձնես իրենց հոր ժառանգությունը։ Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Երբ մի մարդ մեռնի առանց որդի ունենալու, նրա ժառանգությունը կդարձնեք նրա աղջկա վրա։ Իսկ եթե նա աղջիկ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա եղբայրներին։ Իսկ եթե նա եղբայրներ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա հորեղբայրներին։ Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Աբարիմի այս լեռը և դիտի՛ր այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Դու այն կտեսնես, որից հետո դու էլ կմիանաս քո նախնիներին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ, որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։ Մովսեսը խոսեց Տիրոջ հետ և ասաց. «Բոլոր մարմինների հոգիների Տեր Աստվածը թող այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի, որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։ Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։ Նրան կանգնեցրո՛ւ Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առջև և նրան պատվե՛ր տուր նրանց աչքերի առաջ։ Քո փառքից տո՛ւր նրան, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը նրան հնազանդվի։ Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։ Իր ձեռքը դրեց նրա վրա և պատվեր տվեց նրան, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսի միջոցով։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։ Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։ Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։ Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։ Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։ Մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ հացի ընծայի և հեղելու ընծայի հետ՝ առավոտյան ընծաների նման։ Դա Տիրոջը մատուցված կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն է”։ Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։ Սա, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հեղելու ընծայից, յուրաքանչյուր շաբաթ օրվա ողջակեզը կլինի։ Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։ Ամեն մի զվարակի համար պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր իբրև հացի ընծա, և մեկ խոյի համար՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա. և ամեն մի գառան համար՝ յուղով հունցված մեկական տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա։ Սա մի ողջակեզ է՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։ Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար. նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։ Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։ Դրանց հացի ընծան յուղով հունցված ընտիր ալյուր պետք է լինի. ամեն մի զվարակի համար կմատուցեք երեք տասներորդ գրիվ և մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ։ Յոթ գառներից ամեն մի գառան համար մեկ տասներորդ կմատուցեք։ Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ։ Այս կկատարեք, բացի առավոտյան ողջակեզից, որը մշտնջենավոր ողջակեզ է։ Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։ Յոթերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանց հացի ընծան՝ ամեն մի զվարակի համար՝ երեք տասներորդ, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. և յոթ գառներից ամեն մեկի համար՝ մեկ տասներորդ ընտիր ալյուր՝ յուղով հունցված։ Կնվիրաբերեք նաև այծերից մեկ նոխազ՝ ձեզ քավություն անելու համար։ Այս զոհաբերությունները կմատուցեք, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հացի ընծայից. և իրենց հեղելու ընծաները. սրանք ձեզ համար անարատ պետք է լինեն»։ «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։ Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։ Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր. և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ. բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։ Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։ Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։ Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։ Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։ Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։ Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։ Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։ Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։ Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։ Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը. “Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։ Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի, և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։ Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։ Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի, և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։ Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրն արգելի նրան, ապա նրա արած ուխտը և նրա շուրթերից դուրս եկած անխորհուրդ խոսքը, որով նա պարտավորություն էր ստանձնել, անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա այդ կնոջը։ Բայց որբևայրի կամ արձակված կնոջ ուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։ Իսկ եթե իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով պարտավորություն ստանձնել, և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին, լռել է և նրան չի արգելել, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։ Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։ Կնոջ ամեն ուխտ և իր անձը խոնարհեցնելու մասին արված կապող երդումը նրա ամուսինը կարող է հաստատել և նրա ամուսինը կարող է խափանել։ Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։ Բայց եթե լսելուց հետո խափանի դրանք, այն ժամանակ ինքը կկրի նրա անօրենությունը”»։ Սրանք են այն օրենքները, որ Տերը պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ միջև, հոր և նրա աղջկա միջև, որը երիտասարդ հասակում իր հոր տանն էր բնակվում։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։ Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։ Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։ Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։ Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։ Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։ Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։ Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։ Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։ Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։ Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։ Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։ Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։ Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։ Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։ Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։ Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։ Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։ Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։ Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին. ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։ Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։ Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։ Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։ Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։ Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։ Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։ Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար, յոթանասուներկու հազար արջառ, վաթսունմեկ հազար էշ և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։ Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։ Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ, արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու, էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ, մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։ Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիների հասանելիքի կեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից, ժողովրդին հասած կես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար, երեսունվեց հազար արջառ, երեսուն հազար հինգ հարյուր էշ և տասնվեց հազար մարդ։ Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները, և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։ Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։ Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։ Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։ Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։ Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։ Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։ Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց. «Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան, այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։ Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։ Մովսեսն ասաց Գադի որդիներին և Ռուբենի որդիներին. «Ձեր եղբայրները պատերազմելու գնան, իսկ դուք այստեղ նստե՞ք։ Ինչո՞ւ եք ուզում Իսրայելի որդիների սրտերը թուլացնել, որ չանցնեն այն երկիրը, որ Տերը տվել է նրանց։ Ձեր հայրերն էլ այդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։ Նրանք բարձրացան մինչև Եսքողի ձորը, տեսան երկիրը, Իսրայելի որդիների սրտերը թուլացրին, որպեսզի չմտնեն այդ երկիրը, որ Տերը տվել էր նրանց։ Այդ օրը Տիրոջ բարկությունը բորբոքվեց, և նա, երդվելով, ասաց. “Եգիպտոսից դուրս ելած քսան տարեկանից բարձր եղող մարդիկ չեն տեսնի այն երկիրը, որ ես երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որովհետև ինձ չհետևեցին, բացի կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, որոնք ամբողջովին հետևեցին Տիրոջը”։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։ Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ. որովհետև եթե դուք խոտորվեք նրանից, նա դարձյալ կթողնի այս ժողովրդին անապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ կդառնաք»։ Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք. իսկ մենք շտապ կպատրաստվենք ու կգնանք Իսրայելի որդիների առջևից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղերը. մեր ընտանիքները թող բնակվեն պարսպապատ քաղաքներում, որպեսզի ապահով լինեն այս երկրի բնակիչներից։ Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը տեր դառնա իր ժառանգությանը։ Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։ Մովսեսն ասաց նրանց. «Եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար, եթե դուք ամենքդ էլ պատրաստված Հորդանան գետն անցնեք Տիրոջ առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առջևից, և այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճվելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջ ու Իսրայելի առաջ, և այդ երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։ Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։ Ձեր ընտանիքների համար քաղաքներ ու ձեր հոտերի համար փարախնե՛ր շինեք և արե՛ք այն, ինչ դուրս է եկել ձեր բերանից»։ Գադի որդիները և Ռուբենի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր Տերը պատվիրում է։ Մեր զավակները, մեր կանայք, մեր հոտերն ու մեր բոլոր անասունները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում։ Բայց մենք՝ քո ծառաները, ամենքս զինված պատրաստված գնդով Տիրոջ առջևից կանցնենք պատերազմելու համար, ինչպես որ ասում է մեր տերը»։ Մովսեսը հրահանգ տվեց նրանց մասին Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին, իսրայելացի ցեղերի նահապետությունների իշխաններին։ Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի որդիներն ու Ռուբենի որդիները, բոլորն էլ սպառազինված, Տիրոջ առաջ պատերազմելու համար ձեզ հետ միասին անցնեն Հորդանան գետը, և այդ երկիրը նվաճվի ձեր առաջ, այդ ժամանակ Գաղաադի երկիրը նրանց կտաք իբրև կալվածք։ Բայց եթե սպառազինված ձեզ հետ չգնան, ապա նրանք կալվածք կստանան ձեզ հետ Քանանի երկրում»։ Գադի որդիներն ու Ռուբենի որդիները պատասխանելով ասացին. «Ինչպես որ Տերը պատվիրել է քո ծառաներին, այնպես էլ կանենք։ Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։ Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։ Գադի որդիները կառուցեցին Դեբոնը, Ադարոթը, Արոերը, Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան, Բեթնամրան և Բեթարանը, պարսպապատ քաղաքներ և հոտերի փարախներ։ Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը, Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։ Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։ Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ։ Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։ Նոբահը գնաց և գրավեց Կանաթն ու նրա գյուղերը և այն իր անունով կոչեց Նոբահ։ Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։ Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։ Նրանք Ռամսեսից գնացին առաջին ամսին, այսինքն՝ առաջին ամսի տասնհինգերորդ օրը. զատկի հաջորդ օրը Իսրայելի որդիները բարձրացրած ձեռքով դուրս ելան բոլոր եգիպտացիների աչքի առաջ։ Եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին, որոնց Տերը կոտորեց։ Տերը դատաստան արեց նաև նրանց աստվածների նկատմամբ։ Իսրայելի որդիները, Ռամսեսից գնալով, բանակատեղի դրեցին Սոկքովթում։ Սոկքովթից գնալով՝ բանակատեղի դրեցին Ոթոմում, որը գտնվում է անապատի ծայրին։ Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։ Փիաիրոթի առջևից գնացին և ծովի միջով անցնելով՝ եկան անապատ. Ոթոմի անապատում երեք օրվա ճանապարհ կտրելով՝ բանակատեղի դրեցին Մեռայում։ Գնացին Մեռայից և եկան Եղիմ։ Եղիմում տասներկու ջրի աղբյուր կար և յոթանասուն արմավենի. նրանք բանակատեղի դրեցին այնտեղ։ Եղիմից գնալով՝ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի մոտ։ Կարմիր ծովից գնալով՝ բանակատեղի դրեցին Սին անապատում։ Սին անապատից գնացին և բանակատեղի դրեցին Դափկայում։ Դափկայից գնացին և բանակատեղի դրեցին Եղուսում։ Եղուսից գնացին և բանակատեղի դրեցին Ռափիդիմում։ Այստեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Ռափիդիմից գնացին և բանակատեղի դրեցին Սինայի անապատում։ Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։ Կիբրոթ-Հաթթավայից գնացին և բանակատեղի դրեցին Ասերոթում։ Ասերոթից գնացին և բանակատեղի դրեցին Ռաթամայում։ Ռաթամայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեմոն-Փարեսում։ Ռեմոն-Փարեսից գնացին և բանակատեղի դրեցին Լեբնայում։ Լեբնայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեսսայում։ Ռեսսայից գնացին և բանակատեղի դրեցին Կեելաթայում։ Կեելաթայից գնացին և բանակատեղի դրեցին Սոփար լեռան վրա։ Սոփար լեռից գնացին և բանակատեղի դրեցին Քարադայում։ Քարադայից գնացին և բանակատեղի դրեցին Մակեղոթում։ Մակեղոթից գնացին և բանակատեղի դրեցին Թաաթում։ Թաաթից գնացին և բանակատեղի դրեցին Թարայում։ Թարայից գնացին և բանակատեղի դրեցին Մատեկայում։ Մատեկայից գնացին և բանակատեղի դրեցին Հասմոնայում։ Հասմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Մոսերոթում։ Մոսերոթից գնացին և բանակատեղի դրեցին Բանե-Յականում։ Բանե-Յականից գնացին և բանակատեղի դրեցին Հորգադգադում։ Հորգադգադից գնացին և բանակատեղի դրեցին Ետեբաթայում։ Ետեբաթայից գնացին և բանակատեղի դրեցին Եբրոնայում։ Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։ Գասիոն-Գաբերից գնացին և բանակատեղի դրեցին Սին անապատում, այսինքն՝ Կադեսում։ Կադեսից գնացին և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա, որը գտնվում է Եդովմի երկրի ծայրին։ Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։ Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա։ Քանանի երկրի հարավային կողմում բնակվող Արադի Քանանիս թագավորն իմացավ Իսրայելի որդիների գալը։ Հոր լեռից գնացին և բանակատեղի դրեցին Սելմոնայում։ Սելմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Փունոնում։ Փունոնից գնացին և բանակատեղի դրեցին Օբոթում։ Օբոթից գնացին և բանակատեղի դրեցին Մովաբի սահմաններում գտնվող Իյե-Աբարիմում։ Իյե-Աբարիմից գնացին և բանակատեղի դրեցին Դեբոնգադում։ Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։ Գելմոն-Դեբլաթեմից գնացին և բանակատեղի դրեցին Աբարիմի լեռների վրա՝ Նաբավի դիմաց։ Աբարիմի լեռներից գնացին և բանակատեղի դրեցին Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։ Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։ Տերը խոսեց Մովսեսի հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետից անցնեք ու մտնեք քանանացիների երկիրը, այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատկերազարդ կոթողները, նրանց բոլոր ձուլածո կուռքերը և նրանց բոլոր Բարձր տեղերը։ Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։ Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։ Բայց եթե այդ երկրի բնակիչներին չքշեք ձեր առջևից, այն ժամանակ նրանցից ում որ ողջ թողած լինեք, նրանք ձեր աչքերին փուշ և ձեր կողերին տատասկ կլինեն ու կնեղեն ձեզ ձեր բնակած երկրում։ Եվ կլինի այնպես, որ ինչ մտածել էի անել նրանց, նույնը կանեմ ձեզ”»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։ Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից. ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին և այնտեղից դուրս գալով՝ կտարածվի մինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։ Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։ Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։ Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը, Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ. և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։ Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։ Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։ Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։ Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։ Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։ Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։ Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը, Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը, Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը, Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին, Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը, և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը, Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը, Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը, Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը, Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։ Սրանք են այն մարդիկ, որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։ Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։ Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։ Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։ Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։ Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։ Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։ Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետն անցնեք ու մտնեք Քանանի երկիրը, այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։ Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։ Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։ Քաղաքներից երեքը կտաք Հորդանան գետի այս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։ Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։ Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։ Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։ Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան, այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների. ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։ Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր, և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի, որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։ Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։ Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։ Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։ Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։ Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։ Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։ Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։ Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։ Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։ Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։ Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։ Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։ Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։ Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։ Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։ Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։ Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև. (Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։ Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն. Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։ Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով. «Մեր Տեր Աստվածը, Քորեբ լեռան վրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում. Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։ Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին”։ Այն ժամանակ ես խոսեցի ձեզ հետ՝ ասելով. “Ես մենակ չեմ կարող ձեզ տանել։ Ձեր Տեր Աստվածը ձեզ բազմացրել է, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։ (Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։ Ես մենակ ինչպե՞ս կրեմ ձեր նեղությունը, ձեր բեռը, ձեր վեճերը։ Դուք ձեր ցեղերից իմաստուն, փորձառու և շրջահայաց մարդի՛կ տվեք, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կարգեմ”։ Իսկ դուք ինձ պատասխանեցիք և ասացիք. “Ինչ որ ասում ես անելու, լավ է”։ Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։ Այն ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով. “Լսե՛ք ձեր եղբայրների միջև եղած դատերը և արդարությա՛մբ դատեք ամեն մարդու դատը թե՛ իր եղբոր և թե՛ օտարականի հետ։ Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։ Այն ժամանակ ես ձեզ պատվիրել եմ այն ամենը, ինչ պետք է անեք։ Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։ Ես ձեզ ասացի. “Դուք եկաք ամորհացիների լեռը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ։ Տե՛ս, քո Տեր Աստվածը այդ երկիրը տվել է քեզ. բարձրացի՛ր, ժառանգի՛ր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ։ Մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր”։ Դուք ամենքդ ինձ մոտ եկաք և ասացիք ինձ. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ մեզ համար հետախուզեն երկիրը և մեզ լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի բարձրանանք, և այն քաղաքների մասին, ուր մուտք պիտի գործենք”։ Այս խոսքն ինձ հաճո թվաց։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ։ Նրանք գնացին, բարձրացան լեռը, հասան մինչև Եսքողի ձորը և հետախուզեցին այդ երկիրը։ Նրանք իրենց ձեռքն առան այդ երկրի պտուղներից, բերեցին մեզ մոտ և մեզ տեղեկություն տալով՝ ասացին. “Լավ է այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ”։ Բայց դուք չուզեցիք բարձրանալ և հակառակվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին։ Եվ տրտնջալով ձեր վրանների մեջ՝ ասացիք. “Տերը, մեզ ատելով, մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կորստյան մատնելու համար։ Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. "Այդ ժողովուրդը մեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին"”։ Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։ Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում։ Այս անապատում էլ, որ տեսար, թե քո Տեր Աստվածը քեզ տարավ, ինչպես մի մարդ տանում է իր զավակին, ձեր գնացած ամբողջ ճանապարհին, մինչև որ եկաք հասաք այստեղ”։ Սրանից հետո էլ չհավատացիք ձեր Տեր Աստծուն, որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։ Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, բարկացավ և երդում արեց՝ ասելով. “Այս մարդկանցից, այս չար ազգից ո՛չ մեկը չի տեսնելու այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին, բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։ Տերը ձեր պատճառով ինձ վրա էլ բարկացավ և ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ։ Նավեի որդի Հեսուն՝ քո առաջ կանգնողը, նա՛ կմտնի այնտեղ. զորացրո՛ւ նրան, որովհետև նա՛ պիտի այդ երկիրը ժառանգել տա Իսրայելին։ Ձեր այն երեխաները, որոնց մասին ասում էիք, թե ավար կդառնան, և ձեր այն որդիները, որոնք այսօր դեռ չգիտեն բարին ու չարը, նրա՛նք կմտնեն այնտեղ, նրա՛նց պիտի տամ այդ երկիրը, նրա՛նք պիտի ժառանգեն այն։ Բայց դուք ե՛տ դարձեք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնե՛ք դեպի անապատը”։ Այն ժամանակ դուք պատասխանեցիք ինձ և ասացիք. “Մեղք գործեցինք Տիրոջ առջև. վեր ելնենք, պատերազմենք, ինչպես մեզ պատվիրեց մեր Տեր Աստվածը”։ Եվ ամեն մեկդ ձեր պատերազմական զենքն առնելով՝ թեթևամտությամբ ուզեցիք բարձրանալ լեռը։ Տերն ինձ ասաց. “Ասա՛ նրանց. "Մի՛ բարձրացեք և մի՛ պատերազմեք, որովհետև ես ձեր մեջ չեմ. գուցե ձեր թշնամիների առաջ կոտորվեք"”։ Ես էլ ձեզ հետ խոսեցի, բայց դուք չլսեցիք ինձ, այլ հակառակվեցիք Տիրոջ հրամանին, համառություն արեցիք ու բարձրացաք լեռը։ Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները, դուրս գալով ձեր դեմ, մեղուների նման հալածեցին ձեզ ու կոտորեցին Սեիրում՝ մինչև Հորմա։ Ետ դառնալով՝ լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեզ, ականջ չդրեց ձեր ձայնին։ Դուք Կադեսում շատ օրեր, իսկապես երկար մնացիք»։ «Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։ Տերը խոսեց ինձ հետ և ասաց. “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։ Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛. "Դուք այժմ անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք շատ զգո՛ւյշ եղեք. նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։ Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք, որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել"”։ Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։ Տերն ինձ ասաց. “Մովաբացիների հետ թշնամություն չանես և նրանց դեմ չպատերազմես, որովհետև նրանց երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, քանի որ Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև ժառանգություն։ (Նախկինում էմիմներն էին բնակվում այնտեղ, որոնք մեծ, բազմամարդ և ենակիմների նման երկարահասակ ազգ էին։ Սրանք էլ ենակիմների պես հսկաներ էին համարվում, և մովաբացիները սրանց էմիմ էին կոչում։ Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։ Այժմ վե՛ր կացեք և անցե՛ք Զարեդ ձորով”։ Եվ մենք անցանք Զարեդ ձորով։ Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։ Տիրոջ ձեռքն էլ նրանց վրա էր, որպեսզի բնաջինջ անի նրանց բանակատեղիում, մինչև որ սպառվեն։ Երբ պատերազմող բոլոր մարդիկ մեռնելով վերացան ժողովրդի միջից, Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Դու այսօր Մովաբի սահմանն Արով ես անցնում և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։ (Դա էլ էր հսկաների երկիր համարվում. նախապես այստեղ հսկաներ էին բնակվում, որոնց ամմոնացիները զամզումիմ էին կոչում։ Ենակիմների նման մեծ, բազմամարդ և երկարահասակ ազգ էին, բայց Տերը կոտորեց նրանց ամմոնացիների առաջ, որոնք քշեցին նրանց և բնակվեցին նրանց երկրում. ինչպես որ արեց Տերը Սեիրում բնակվող Եսավի որդիների համար, երբ քոռեցիներին բնաջնջեց նրանց առաջ. Եսավի որդիները քշեցին նրանց ու նրանց տեղում բնակվեցին և այնտեղ են մինչև այսօր։ Ավացիները, որոնք բնակվում էին գյուղաքաղաքներում մինչև Գազա, կոտորվեցին Կափթորից դուրս եկած կափթորացիների կողմից և նրանց տեղում բնակվեցին)։ Վե՛ր կացեք, մեկնե՛ք և անցե՛ք Առնոնի ձորով։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, պատերազմի՛ր նրա դեմ։ Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։ Կադեմոթի անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով՝ ասելով. “Թո՛ւյլ տուր անցնել քո երկրով. միշտ ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։ Ուտելիքը փողով վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, ջուրը փողով տո՛ւր ինձ, որ խմեմ, միայն թե իմ ոտքերով անցնեմ. ինչպես որ վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արում բնակվող մովաբացիները. մինչև որ Հորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը, տալիս է մեզ”։ Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։ Տերն ինձ ասաց. “Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, որպեսզի ժառանգես նրա երկիրը”։ Սեհոնն ինքը իր ամբողջ ժողովրդով Հասսայում պատերազմի դուրս ելավ մեր դեմ։ Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և բոլոր քաղաքները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին բնաջնջեցինք. ոչ մեկին էլ ողջ չթողեցինք։ Միայն անասունները ավար վերցրինք և կողոպտեցինք մեր գրաված քաղաքները։ Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջ եղած քաղաքից մինչև Գաղաադ մի քաղաք չմնաց, որ մեր դեմ ելներ. մեր Տեր Աստվածը բոլորն էլ մատնեց մեր ձեռքը։ Միայն թե չմոտեցար Ամմոնի որդիների երկրին, Հաբոկ վտակի երկայնքին և լեռնային քաղաքներին ու այն բոլոր վայրերին, որ մեր Տեր Աստվածը արգելել էր մեզ»։ «Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։ Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։ Եվ մեր Տեր Աստվածը Բասանի Օգ թագավորին էլ մատնեց մեր ձեռքը նրա ամբողջ ժողովրդի հետ։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկն էլ ողջ չմնաց։ Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։ Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։ Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։ Սակայն ավար առանք բոլոր անասուններն ու քաղաքներից կողոպուտը։ Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռը։ (Սիդոնացիները Հերմոնն անվանում էին Սարիոն, իսկ ամորհացիներն այն անվանում էին Սանիր)։ Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։ Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։ Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։ Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։ Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։ Գաղաադը տվեցի Մաքիրին։ Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է. նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։ Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ. իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ, մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։ Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։ Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։ Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։ Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։ Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։ Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։ Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։ «Այժմ, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ ես ուսուցանում եմ ձեզ, որ անեք, որպեսզի ողջ մնաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Չավելացնեք այն խոսքի վրա, որ ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։ Պահե՛ք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես պատվիրում եմ ձեզ։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։ Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք։ Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։ Այժմ պահե՛ք և գործադրե՛ք դրանք, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր կանոնները, պիտի ասեն. “Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է”։ Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։ Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։ Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։ Այն օրը, երբ դու Քորեբում կանգնած էիր քո Տեր Աստծու առաջ, Տերն ինձ ասաց. “Հավաքի՛ր ժողովրդին ինձ մոտ, որ ես իմ խոսքերը լսել տամ նրանց, որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն”։ Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։ Տերը խոսեց ձեզ հետ կրակի միջից. դուք լսեցիք խոսքերի ձայնը, բայց կերպարանք չտեսաք, այլ միայն ձայն լսեցիք։ Եվ ձեզ հայտնեց իր ուխտը, պատվիրեց ձեզ, որ կատարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։ Այդ ժամանակ Տերն ինձ պատվիրեց, որ կանոններ ու հրամաններ սովորեցնեմ ձեզ, որպեսզի դուք դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք այն ժառանգելու համար։ Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք. միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրա գտնվող անասունի կերպարանքով, օդում թռչող թռչունի կերպարանքով, գետնի վրա սողացողի կերպարանքով կամ երկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող ձկան կերպարանքով. և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։ Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։ Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։ Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։ Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռանաք ձեզ հետ ձեր Տեր Աստծու արած ուխտը և ձեզ համար կերտեք մի կուռք՝ ինչ-որ արարածի կերպարանք ունեցող մի բան, որը քո Տեր Աստվածն արգելել է քեզ. որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է. նա նախանձոտ Աստված է։ Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան, ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձեր կյանքի օրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։ Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։ Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։ Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին, որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։ Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է, արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի. կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։ Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։ Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։ Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից, որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօր է։ Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։ Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։ Այն ժամանակ Մովսեսը երեք քաղաք ընտրեց Հորդանանի այս կողմում՝ արևելյան մասում, որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որն անգիտությամբ սպանել է իր մերձավորին՝ առանց նախապես նրա դեմ ատելություն ունենալու, որպեսզի այդ քաղաքներից մեկնումեկը փախչելով՝ ողջ մնա։ Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։ Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։ Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից, Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։ Նրանք գրավեցին նրա երկիրը, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանանի այս կողմում՝ արևելքում, Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից սկսած մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոնը, Հորդանանի արևելյան կողմում եղած ամբողջ անապատը մինչև Մեռյալ ծովը և Փասգա լեռան ստորոտը։ Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։ Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբ լեռան վրա։ Տերն այդ ուխտը մեր հայրերի հետ չարեց, այլ մեզ հետ, որ այստեղ այսօր բոլորս էլ ողջ ենք։ Տերը դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից (Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի հաղորդեմ ձեզ Տիրոջ խոսքերը, որովհետև դուք, կրակից վախենալով, լեռը չբարձրացաք) և ասաց. “Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։ Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։ Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։ Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմություն եմ անում նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները։ Քո Տեր Աստծու անունը իզուր բերանդ չառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուր բերանն է առնում։ Զգո՛ւյշ եղիր, որ հանգստյան օրը սուրբ պահես, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։ Վեց օր կաշխատես և բոլոր գործերդ կկատարես։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։ Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։ Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ Մի՛ սպանիր։ Մի՛ շնացիր։ Մի՛ գողացիր։ Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։ Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։ Տերն այն սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ձեր ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։ Երբ լսեցիք այդ ձայնը խավարի միջից, մինչ լեռը վառված էր կրակով, դուք եկաք ինձ մոտ, այսինքն՝ ձեր ցեղերի բոլոր գլխավորներն ու ձեր ծերերը, և ասացիք. “Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս իր փառքն ու մեծությունը, և նրա ձայնը լսում ենք կրակի միջից. այդ օրը տեսանք, որ Աստված խոսեց մարդու հետ, և մարդը ողջ մնաց։ Հիմա ինչո՞ւ մեռնենք (որովհետև այս մեծ կրակը մեզ կսպառի)։ Եթե մենք մեր Տեր Աստծու ձայնը կրկին լսենք, ապա կմեռնենք. որովհետև բոլոր մարմնավոր մարդկանցից ո՞վ է նա, որ մեզ նման լսել է կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը և ողջ է մնացել։ Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։ Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։ Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։ Գնա՛ և ասա՛ նրանց. "Վերադարձե՛ք ձեր վրանները"։ Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։ Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ և ո՛չ ձախ։ Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։ «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար, որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն։ Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։ Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։ Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։ Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։ Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։ Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս, զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։ Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ Չգնաք օտար աստվածների՝ ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից, որովհետև քո Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է. միգուցե Տեր Աստծու բարկությունը բորբոքվի քո դեմ, և քեզ վերացնի երկրի երեսից։ Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։ Զգուշությա՛մբ պահեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, նրա վկայություններն ու կանոնները, որ պատվիրել է ձեզ։ Կկատարես, ինչ որ ուղիղ է և հաճելի Տիրոջ առաջ, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն լավ երկիրը, որ Տերը երդումով խոստացավ քո հայրերին, որպեսզի քո բոլոր թշնամիներին հալածես քո առջևից, ինչպես որ ասաց Տերը։ Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”, այն ժամանակ քո որդուն կասես. “Մենք Եգիպտոսում փարավոնի ծառաներն էինք, և Տերը հզոր ձեռքով մեզ դուրս հանեց։ Տերը նաև մեծ և սոսկալի նշաններ ու հրաշքներ կատարեց մեր աչքերի առջև Եգիպտոսի դեմ, փարավոնի դեմ ու նրա ամբողջ տան դեմ։ Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։ Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։ Մեզ համար արդարություն կլինի, եթե մենք զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները մեր Տեր Աստծու առաջ, ինչպես որ նա պատվիրել է մեզ”»։ «Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։ Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես, որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն. այն ժամանակ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։ Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները և կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը, որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք, այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է։ Արդ, պահի՛ր այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ պատվիրում եմ քեզ այսօր, որ կատարես դրանք։ Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը։ Նա կսիրի քեզ, կօրհնի քեզ և կբազմացնի քեզ։ Նա կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, քո կովերի ծնունդն ու քո ոչխարների հոտերն այն երկրում, որ քո հայրերին երդվեց քեզ տալու համար։ Բոլոր ազգերից ավելի օրհնված կլինես, և քո մեջ ու քո անասունների մեջ՝ արու թե էգ, ամուլ չի լինի։ Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։ Դու կոչնչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո ձեռքը կմատնի քո Տեր Աստվածը։ Քո աչքը թող չնայի նրանց, և չպաշտես նրանց աստվածներին, որովհետև դա որոգայթ կդառնա քեզ համար։ Եթե քո սրտում ասես, թե՝ “Այդ ազգերն ինձանից մեծաթիվ են, ես ինչպե՞ս կարող եմ հալածել նրանց”, մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին, այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։ Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։ Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։ Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ Քո Տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը և նրանց կկործանի մեծ կործանումով, մինչև որ նրանք բնաջինջ լինեն։ Եվ նրանց թագավորներին կհանձնի քո ձեռքը, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից։ Ոչ ոք չի կարողանա կանգնել քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։ Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։ Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։ «Զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ այսօր, որպեսզի ապրեք, բազմանաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդումով խոստացավ ձեր հայրերին։ Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։ Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում։ Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ։ Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով, մի երկիր՝ առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով և նռնենիներով, յուղատու ձիթենիների ու մեղրի երկիր, մի երկիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը և որտեղ ոչ մի բանի պակասություն չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են, և որի լեռներից պղինձ կհանես։ Երբ ուտես ու կշտանաս, կօրհնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա կտա քեզ։ Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա, և հետո սիրտդ գոռոզանա, ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից, քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ։ Քո սրտում չասես. “Այս հարստությունը ես իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով եմ վաստակել”, այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։ Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք. այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, այսօր դու անցնում ես Հորդանան գետը, որպեսզի գնաս ու տիրանաս քեզանից մեծ և հզոր ազգերի, մինչև երկինք հասնող պարսպապատ մեծ քաղաքների, այն մեծ և երկարահասակ ժողովրդին՝ ենակիմների որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կդիմանա Ենակի որդիներին”։ Արդ, իմացի՛ր այսօր, որ քո Տեր Աստվածն ի՛նքը կգնա քո առջևից որպես լափող կրակ. նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, և դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։ Երբ քո Տեր Աստվածը քո առջևից հալածի նրանց, քո սրտում չասես, թե՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տերն ինձ բերեց այստեղ, որ ժառանգեմ այս երկիրը”։ Որովհետև այս ազգերի անօրենության համար է, որ Տերը հալածում է նրանց քո առջևից։ Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի ուղղության համար ես դու մտնում նրանց երկիրը ժառանգելու, այլ այդ ազգերի անօրենության համար է քո Տեր Աստվածը քշում նրանց քո առջևից, նաև նրա համար, որպեսզի հաստատի քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդումով արած իր խոսքը։ Իմացի՛ր, որ քո արդար լինելու համար չէ, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս այս լավ երկիրը, որ ժառանգես այն. որովհետև դու համառ մի ժողովուրդ ես։ Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։ Քորեբում էլ բարկացրիք Տիրոջը, և Տերը բարկացավ, որ կորստյան մատնի ձեզ։ Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։ Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։ Քառասուն օր և քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե այդ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև ապականվեց Եգիպտոսի երկրից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք շատ շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրել էի նրանց. իրենց համար ձուլածո կուռք շինեցին”։ Տերը, խոսելով ինձ հետ, նաև ասաց. “Տեսա այս ժողովրդին. ահա համառ մի ժողովուրդ է սա։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, ջնջեմ նրանց անունը երկնքի տակից և քեզ նրանցից հզոր ու բազմամարդ մի ազգ դարձնեմ”։ Ես դարձա և իջա լեռից. լեռը այրվում էր կրակով. ուխտի երկու տախտակներն իմ երկու ձեռքերում էին։ Տեսնելով, որ ձեր Տեր Աստծու դեմ մեղք էիք գործել, ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել և շատ շուտ շեղվել էիք այն ճանապարհից, որ Տերը պատվիրել էր ձեզ, բռնեցի այդ երկու տախտակները, վայր գցեցի իմ երկու ձեռքերից և ձեր աչքերի առջև կոտրատեցի դրանք։ Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։ Որովհետև վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա՝ ձեզ կոտորելու համար։ Սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։ Տերը խիստ բարկացել էր Ահարոնի վրա, որպեսզի կորստյան մատներ նրան։ Բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի։ Ձեր գործած մեղքը, այսինքն՝ այդ հորթը վերցրի և այրեցի կրակով. և ծեծելով փշուր-փշուր արեցի այն, մինչև որ մանր փոշու վերածվեց. ապա այդ փոշին թափեցի լեռից իջնող առվի մեջ։ Տիրոջը բարկացրիք նաև Տաբերայում, Մասսայում և Կիբրոթ-Հաթթավայում։ Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։ Դուք անհնազանդ եք Տիրոջը այն օրից, ինչ ճանաչել եմ ձեզ։ Ես քառասուն օր և քառասուն գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ և աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։ Ես Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Ամենակալ Տեր, մի՛ կոտորիր քո ժողովրդին և քո ժառանգներին, որոնց ազատեցիր քո մեծությամբ և հզոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսից։ Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, անօրենությանն ու մեղքին։ Միգուցե այն երկրում, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն, թե՝ "Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, կամ նրանց ատելով՝ դուրս հանեց նրանց, որպեսզի մեռցնի անապատում"։ Սակայն նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգները, որոնց դու դուրս բերեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով”»։ «Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։ Ես տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որոնք քո կոտրատած նախկին տախտակների վրա էին, ու դրանք կդնես տապանակի մեջ”։ Ես սատիմի փայտից մի տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը՝ այդ երկու տախտակներն իմ ձեռքին։ Այդ տախտակների վրա նախկին գրվածքի նման գրեց այն տասը խոսքերը, որ Տերն ասել էր ձեզ լեռան վրա, կրակի միջից, հավաքի օրը։ Եվ Տերը դրանք տվեց ինձ։ Ետ դառնալով՝ իջա լեռից, տախտակները դրեցի այն տապանակի մեջ, որ պատրաստել էի, որպեսզի դրանք մնան այնտեղ, ինչպես Տերը պատվիրել էր ինձ։ Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից մեկնեցին Մոսերա։ Այնտեղ մեռավ Ահարոնը և այնտեղ էլ թաղվեց։ Նրա որդի Եղիազարը քահանա եղավ նրա փոխարեն։ Այնտեղից մեկնեցին Գադգադ և Գադգադից էլ՝ ջրի հոսքերի երկիրը՝ Ետեբաթա։ Այդ ժամանակ Տերն առանձնացրեց Ղևիի ցեղը, որ տանի Տիրոջ ուխտի տապանակը, կանգնի Տիրոջ առաջ, ծառայի նրան և օրհնի նրա անունով, ինչպես որ շարունակվում է մինչև այսօր։ Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։ Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առջևից, որպեսզի մտնեն և ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա նրանց հայրերին, որ կտամ նրանց”։ Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։ Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան։ Տերը միայն քո հայրերին հավանեց, որ սիրի նրանց, և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց զավակներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ այսօր է։ Ուրեմն թլփատե՛ք ձեր սրտերի անթլփատությունը և այլևս համառ մի՛ եղեք, որովհետև ձեր Տեր Աստվածը աստվածների Աստվածն է և տերերի Տերը. այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում, որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։ Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։ Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։ Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։ «Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։ Այսօր իմացե՛ք, որ իմ խոսքը ձեր որդիների հետ չէ, որոնք չգիտեն և չեն տեսել ձեր Տեր Աստծու խրատը, նրա մեծությունը, նրա հզոր ձեռքն ու բարձր բազուկը, նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։ Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը, և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։ Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։ Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար, և որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման. այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։ Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով, ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։ Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։ Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։ Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։ Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա, որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։ Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան, ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։ Ուր որ ձեր ոտքերը կկոխեն, ձերը կլինի. ձեր սահմանը կտարածվի անապատից և Լիբանանից, գետից, այսինքն՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը։ Ոչ ոք չի կանգնի ձեր դեմ. ձեր Տեր Աստվածը ձեր ահն ու սարսափը կտարածի ձեր կոխած ամբողջ երկրի վրա, ինչպես որ ասել է ձեզ։ Ահա ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք. օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ, և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։ Ուստի երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր գնում ես այն ժառանգելու համար, ապա օրհնություն կտաս Գարիզին լեռան վրա և անեծք՝ Գեբաղ լեռան վրա։ Չէ՞ որ դրանք գտնվում են Հորդանան գետի այն կողմում՝ արևմտյան ճանապարհի վրա, քանանացիների երկրում, որոնք բնակվում են հովտում, Գաղգաղայի դիմաց, Մորեի կաղնիների մոտ։ Որովհետև դուք անցնելու եք Հորդանան գետով՝ մտնելու և ժառանգելու համար այն երկիրը, որը ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Դուք կժառանգեք այն և կբնակվեք այնտեղ։ Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։ «Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։ Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։ Քանդե՛ք նաև նրանց զոհասեղանները, ջարդե՛ք նրանց արձանները, կրակով այրե՛ք նրանց աստարովթները, փշրե՛ք նրանց աստվածների կուռքերը և դրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։ Իսկ ձեր Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվեք, այլ կփնտրեք այն տեղը, որ կընտրի ձեր Տեր Աստվածը ձեր ցեղերի միջից՝ իր անունը այնտեղ դնելու և բնակվելու. այդտեղ կգնաք։ Այդտեղ կտանեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, բարձրացնելու ձեր ընծաները, ձեր ուխտերը, կամավոր ընծաները և ձեր արջառների ու ոչխարների առաջնածինները։ Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։ Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի է մարդու աչքին, որովհետև դուք դեռ չեք հասել հանգստի և ժառանգության այն վայրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Բայց երբ դուք անցնեք Հորդանան գետը և բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։ Եվ կլինի այն տեղը, որ ձեր Տեր Աստվածը կընտրի՝ իր անունը բնակեցնելու համար, այնտեղ կտանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտեք Տիրոջը։ Այնտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ձեր բնակավայրերում գտնվող ղևտացին, որովհետև նա ձեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։ Զգո՛ւյշ եղիր, որ քո ողջակեզները չմատուցես, ուր որ պատահի, այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։ Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։ Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։ Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները, այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։ Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես քո երկրի վրա քո կյանքի բոլոր օրերին։ Երբ քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես որ խոստացել է քեզ, և ասես՝ “Միս ուտեմ”, որովհետև քո սիրտն ուզում էր միս ուտել, կարող ես միս ուտել, որքան որ սիրտդ ցանկանում է։ Եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, այն ժամանակ կմորթես Տիրոջ քեզ տված արջառներից և ոչխարներից, ինչպես պատվիրել եմ քեզ, և կուտես քաղաքներում, որքան որ սիրտդ ցանկանում է։ Ինչպես այծյամն ու եղջերուն են ուտվում, այդպես էլ դու կուտես դրանք։ Անմաքուր և մաքուր մարդիկ նույն կերպ կարող են ուտել։ Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։ Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։ Այն չուտես, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի Տիրոջ առջև ուղիղ վարվելովդ։ Բայց քո սուրբ բաները և ուխտի ընծաները կվերցնես և կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը։ Եվ կմատուցես քո ողջակեզները՝ միսը և արյունը, քո Տեր Աստծու զոհասեղանի վրա, իսկ քո զոհերի արյունը կթափես քո Տեր Աստծու զոհասեղանի վրա և միսը կուտես։ Զգո՛ւյշ եղիր և լսի՛ր այս բոլոր խոսքերը, որոնք ես պատվիրում եմ քեզ, որպեսզի հավիտենապես լավ լինի քեզ համար և քեզանից հետո՝ քո որդիների համար. քո Տեր Աստծու առաջ բարի և հաճելի եղածն արած լինես։ Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում, զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։ Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։ Զգո՛ւյշ եղիր, որ անես այն ամենը, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Դրա վրա ոչ մի բան չավելացնես և դրանից ոչ մի բան չպակասեցնես»։ «Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք, և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”, այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։ Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։ Եթե քո մոր տղան՝ քո եղբայրը, կամ քո տղան կամ քո աղջիկը, կամ քո ծոցում եղող կինդ, կամ քո բարեկամը, որին սիրում ես քո անձի պես, ուզենալով քեզ մոլորեցնել, գաղտնաբար ասի՝ “Գնանք օտար աստվածներին պաշտենք”, որոնց չես ճանաչել ո՛չ դու և ո՛չ էլ քո հայրերը, ձեր շուրջը՝ քեզ մոտիկ կամ քեզանից հեռու գտնվող ազգերի աստվածներից են երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, հավանություն չտաս նրան, ոչ էլ կլսես նրան, և քո աչքը չխնայի նրան, և ոչ էլ գութ ունենաս նրա հանդեպ և չպահես նրան, այլ անպատճառ կսպանես նրան. նրան սպանելու համար նախ քո ձեռքը թող բարձրանա նրա վրա, հետո՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։ Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։ Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝ “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով. "Գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին"”, այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ, այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։ Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։ Այդ նզովվածից ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։ «Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Մեռելի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր աչքերի մեջտեղի մազերը չպոկեք. որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Տերը քե՛զ ընտրեց երկրի վրա եղած բոլոր ժողովուրդների միջից, որպեսզի իր համար սեփական ժողովուրդ լինես։ Ոչ մի պիղծ բան չուտեք։ Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել. արջառը, ոչխարը և այծը, եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։ Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։ Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։ Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։ Ջրերում գտնվող բոլոր կենդանիներից կարող եք ուտել հետևյալները. կուտեք բոլոր լողակ ու թեփուկ ունեցողները։ Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։ Ամեն մաքուր թռչուն կերե՛ք։ Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվը, պասկուճը և գետարծիվը, անգղը, ցինը, ուրուրը և ինչ որ դրան ցեղակից է, ագռավը և ինչ որ դրան ցեղակից է, ջայլամը, բուն, որորը, բազեն և ինչ որ դրան ցեղակից է, հավպատիրը, քաջահավը, կարապը, հավալուսնը, սև անգղը, հողամաղը, արագիլը, քարադրը և ինչ որ դրան ցեղակից է, հոպոպը և չղջիկը։ Թռչող բոլոր զեռունները ձեզ համար պիղծ լինեն. դրանք չպետք է ուտել։ Կուտեք բոլոր մաքուր թռչունները։ Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։ Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։ Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։ Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանաս այնտեղ տանել տասանորդները այն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ, այն ժամանակ դրանք կփոխանակես փողով և այդ փողը վերցնելով ձեռքդ՝ կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։ Աչքաթող չանես քո քաղաքում գտնվող ղևտացուն, որովհետև նա քեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։ Ամեն երեք տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը և կդնես քո քաղաքում։ Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում»։ «Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։ Պարտքերը ներելու կանոնն այս է. ամեն պարտատեր ինչ որ փոխ է տվել իր մերձավորին, թող դա չպահանջի իր մերձավորից կամ եղբորից, որովհետև ներում է հայտարարված հանուն Տիրոջ։ Օտարազգի մարդուց պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբոր մոտ, պիտի շնորհես նրան, եթե միայն քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի. որովհետև Տերն անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։ Որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնի, ինչպես որ ասել է քեզ։ Շատ ազգերի դու փոխ կտաս, բայց ինքդ փոխ չես առնի, և դու բազում ազգերի կտիրես, բայց նրանք քեզ չեն տիրի։ Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև, այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։ Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։ Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։ Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։ Եթե եբրայեցի քո եղբայրներից մեկը՝ տղամարդ թե կին, վաճառվի քեզ, նա վեց տարի թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես։ Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։ Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։ Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։ Իսկ եթե քեզ ասի՝ “Դուրս չեմ գա քո մոտից”, որովհետև սիրում է քեզ ու քո տունը, քանի որ լավ է քեզ մոտ, այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։ Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։ Քո արջառներից և հոտերից ծնված բոլոր արու առաջնածինները կնվիրաբերես քո Տեր Աստծուն։ Քո արջառների առաջնածինները գործի չլծես և քո առաջնածին ոչխարների բուրդը չխուզես։ Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։ Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։ Դրանք կուտես քո դռներում։ Անմաքուրն ու մաքուրը հավասարապես կուտեն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։ Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։ «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։ Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։ Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։ Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։ Դու չես կարող զատիկը մորթել այն քաղաքներից մեկում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև բնակավայր, այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։ Կեփես, կուտես քո Տեր Աստծու ընտրած վայրում և առավոտյան կվերադառնաս քո վրանը։ Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։ Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։ Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։ Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։ Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։ Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։ Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։ Քո Տեր Աստծու համար յոթ օր տոն կատարելով՝ ուրախություն կանես այն վայրում, որ կընտրի Տերը. որովհետև քո Տեր Աստվածը կօրհնի քեզ և քո բոլոր բերքերն ու քո ձեռնարկած բոլոր գործերը։ Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։ Ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա։ Ամեն մարդ իր կարողության չափով թող տա՝ քո Տեր Աստծու՝ քեզ տված օրհնության համեմատ։ Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։ Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։ Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։ Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։ «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։ Եթե քո Տեր Աստծու քեզ տված քաղաքներից մեկում ձեր մեջ գտնվի մի տղամարդ կամ կին, որ քո Տեր Աստծու առջև չար գործ կատարի, չպահի նրա ուխտը, գնա պաշտի ուրիշ աստվածների, երկրպագի նրանց, այսինքն՝ արեգակին կամ լուսնին և կամ աստղերից որևէ մեկին, որ ես չեմ հրամայել, և այդ բանը պատմվի քեզ, ու դու լսես, ապա խիստ քննություն կկատարես, և եթե տեսնես, որ դա ստույգ և ճշմարիտ է, որ Իսրայելում այդ պղծությունը կատարվել է, այն ժամանակ այդ չար գործը կատարած տղամարդուն կամ կնոջը բերել կտաս քո քաղաքի դռներից դուրս, քարերով քարկոծել կտաս այդ տղամարդուն կամ կնոջը, որ նա մեռնի։ Մահապարտը պետք է մեռնի երկու կամ երեք հոգու վկայությամբ. մեկ վկայի վկայությամբ մահվան չպետք է դատապարտվի։ Առաջինը վկաների ձեռքը պետք է բարձրանա նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։ Այդպիսով չարությունը ձեր միջից կվերացնես։ Եթե քաղաքներում արյունահեղության, դատական վճռի, պատճառված ծանր վերքի վերաբերյալ մի գործ դատելու համար շատ դժվար երևա քեզ, այսինքն՝ առիթ տա վեճերի, ապա վեր կկենաս և կգնաս քո Տեր Աստծու ընտրած վայրը։ Կգնաս ղևտացի քահանաների և այդ ժամանակի դատավորի մոտ ու կհարցնես, և նրանք քեզ կասեն դատարանի վճիռը։ Եվ կանես այդ վճռի համաձայն, որ նրանք ասացին քեզ Տիրոջ ընտրած վայրում։ Եվ զգուշությամբ կկատարես այն ձեզ տված նրանց ցուցումների համաձայն։ Կշարժվես ըստ այն օրենքի, որ նրանք կուսուցանեն քեզ, և ըստ այն դատաստանի, որ կծանուցեն քեզ. քեզ հայտնած նրանց խոսքից աջ և ձախ չշեղվես։ Բայց այն մարդը, որ հանդգնություն ցուցաբերելով չի լսի քո Տեր Աստծուն ծառայելու համար այնտեղ կանգնած այդ քահանային կամ դատավորին, այդ մարդը մահվամբ կպատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես Իսրայելից, և ամբողջ ժողովուրդը լսելով կվախենա, և այլևս հանդգնություն չեն անի։ Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, տիրես նրան և բնակվես նրա մեջ ու ասես՝ “Ինձ վրա թագավոր դնեմ իմ շուրջը գտնվող բոլոր ազգերի նման”, անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։ Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։ Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։ Բայց հենց որ նստի իր թագավորական գահին, թող գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։ Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները, որ իր սիրտը չմեծամտանա իր եղբայրների վրա, և այս պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի, որպեսզի իր և իր որդիների թագավորությունը երկար տևի Իսրայելի մեջ»։ «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։ Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։ Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։ Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը, որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։ Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը, ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։ Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։ Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։ Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես, որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։ Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք. ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։ Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են. ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։ Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։ Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։ Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”, եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։ «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում, քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։ Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։ Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանի մասին օրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ. մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի, որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։ Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։ Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին, և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս, որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։ Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, ապա նրա քաղաքի ծերերը թող մարդ ուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։ Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։ Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։ Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը. այլ երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի այդ բանը։ Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար, ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ, և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ, այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։ Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։ Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։ «Եթե քո թշնամիների դեմ պատերազմի ելնես և տեսնես ձիեր ու կառքեր և քեզանից շատ մի ժողովուրդ, չվախենաս նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից։ Երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա և խոսի ժողովրդի հետ ու ասի նրանց. “Լսի՛ր, Իսրայե՛լ, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք, մի՛ դողացեք նրանց դիմաց, որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։ Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։ Ո՞վ է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ վայելի այն։ Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։ Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։ Երբ զինվորական պաշտոնյաները վերջացնեն իրենց խոսքը ժողովրդի առաջ, այն ժամանակ թող զորապետներ նշանակեն ժողովրդի վրա։ Երբ մոտենաս մի քաղաքի՝ պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղության կոչիր։ Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ և իր դռները բաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։ Իսկ եթե չընդունի քո խաղաղության հրավերը և պատերազմի քո դեմ, ապա կպաշարես այն, և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։ Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։ Այդպես կվարվես այն բոլոր քաղաքների հետ, որոնք քեզանից շատ հեռու են, և որոնք այս ազգերի քաղաքներից չեն։ Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես, այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ, որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծու առաջ։ Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։ Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել. դրանցով պատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։ «Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան, ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղած հեռավորությունը։ Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ, այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։ Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։ Սպանվածին ամենամոտ գտնվող այդ քաղաքի բոլոր ծերերն այն ձորում իրենց ձեռքերը թող լվանան վիզը կտրած այդ երինջի վրա և թող պատասխանեն ու ասեն. “Մեր ձեռքերը չթափեցին այս արյունը, և մեր աչքերը չտեսան։ Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։ Իսկ դու անմեղ արյունը կվերացնես քեզանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ առաջ։ Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, և գերիներ վերցնես նրանցից և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ, ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները, իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։ Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։ Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին, իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջ գցելով, այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։ Եթե մի մարդ անզգամ և անհնազանդ մի տղա ունենա, որն իր հոր և մոր խոսքը չի լսում և իրեն խրատելիս չի հնազանդվում նրանց, ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրա բնակած վայրի դարպասի առջև և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”. այն ժամանակ այդ քաղաքի բոլոր մարդիկ թող քարկոծեն ու սպանեն նրան։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա։ Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։ Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։ «Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։ Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։ Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։ Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։ Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդ բաներն անի։ Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ. ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։ Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։ Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։ Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։ Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։ Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։ Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան, զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”, այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսության նշանը թող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։ Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան. ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ "Քո աղջկան կույս չգտա"։ Ահա՛ իմ աղջկա կուսության նշանը ”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։ Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն, նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։ Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի, այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։ Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։ Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ, այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։ Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։ Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։ Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։ Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն, ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։ Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։ «Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։ Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։ Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի, որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։ Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։ Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։ Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։ Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։ Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։ Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։ Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնաս քո պետքն անելու համար։ Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսում պետքերդ հոգալու համար նստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես. որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։ Իր տիրոջից փախչելով քեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։ Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։ Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։ Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։ Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։ Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։ Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։ Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։ Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։ Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։ «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։ Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա, եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա, առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։ Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։ Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնել դրա տիրոջ կյանքը։ Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։ Զգուշացե՛ք բորոտության ախտից, հետամո՛ւտ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ ձեզ կսովորեցնեն ղևտացի քահանաները. զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես որ ես պատվիրել եմ նրանց։ Հիշի՛ր, թե քո Տեր Աստվածը Մարիամին ինչ արեց ճանապարհին, երբ դուրս եկաք Եգիպտոսից։ Երբ քո մերձավորին փոխ տաս որևէ բան, նրա տունը չմտնես գրավը վերցնելու համար։ Կկանգնես դրսում, և փոխ առնող մարդն ինքը գրավը դուրս կբերի քեզ մոտ։ Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես. արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։ Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։ Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։ Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։ Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։ Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։ Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղես ճյուղերի վրա մնացած պտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։ Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։ Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը»։ «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատավորները դատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։ Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։ Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։ Կալում աշխատող եզան դունչը չկապես։ Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։ Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։ Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։ Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”, այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։ Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։ Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից, այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։ Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։ Քո տանը տեսակ-տեսակ չափսեր չլինեն՝ մեծ ու փոքր։ Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։ Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից, որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։ Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։ «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ, այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։ Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։ Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։ Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։ Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։ Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։ Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։ Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։ Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան, այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։ Իմ սգո օրերին դրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։ Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։ Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։ Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։ Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։ Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։ Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվիրեց ժողովրդին՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ։ Այն օրը, երբ անցնես Հորդանան գետը և մտնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկիրը, քեզ համար մեծամեծ քարեր կկանգնեցնես և դրանք կծեփես կրով։ Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։ Ուրեմն երբ Հորդանան գետն անցնես, ինչպես այսօր պատվիրեցի քեզ, այն քարերը կկանգնեցնես Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփես կրով։ Այնտեղ քո Տեր Աստծու համար քարե մի զոհասեղան կշինես. նրանց վրա երկաթ չբարձրացնես։ Չհղկված քարերով կշինես քո Տեր Աստծու զոհասեղանը և դրա վրա ողջակեզներ կմատուցես քո Տեր Աստծուն։ Խաղաղության զոհեր կմատուցես և այնտեղ կուտես ու կուրախանաս քո Տեր Աստծու առաջ։ Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։ Մովսեսն ու ղևտացի քահանաները խոսեցին ամբողջ Իսրայելի հետ՝ ասելով. «Լո՛ւռ մնա և լսի՛ր, ո՛վ Իսրայել։ Դու այսօր քո Տեր Աստծու ժողովուրդը եղար։ Ուրեմն հնազանդվի՛ր քո Տեր Աստծու ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ»։ Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։ Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։ Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց. “Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի պանդուխտի, որբի ու որբևայրու իրավունքը ոտնահարողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի որևէ անասունի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր զոքանչի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի իր հարևանին գաղտնաբար սպանողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի նա, ով կաշառք է վերցնում անմեղ մարդ սպանելու համար”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ “Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։ «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։ Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։ Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։ Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։ Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։ Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։ Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։ Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։ Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։ Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։ Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը, անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։ Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։ Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։ Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։ Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։ Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։ Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։ Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։ Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։ Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։ Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։ Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։ Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։ Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։ Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։ Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։ Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։ Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։ Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։ Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։ Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։ Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի և խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։ Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։ Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։ Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։ Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։ Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։ Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։ Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։ Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։ Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա, մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։ Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։ Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։ Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ ուտելու ոչ մի բան չի մնալու նրան։ Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան, իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։ Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ, ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։ Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։ Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։ Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։ Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։ Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։ Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։ Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։ Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։ Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։ Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։ Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին, այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։ Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։ Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին. հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։ Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց. գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։ Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։ Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ, ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը, որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ, որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը, այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։ Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։ Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։ Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։ Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։ Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։ Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը. ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։ Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։ Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ. նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, և Տերը դրանք չէր սահմանել նրանց համար։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։ Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպես տեսնում ենք այսօր”։ Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։ «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ, և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։ Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։ Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։ Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։ Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։ Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։ Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։ Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։ Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։ Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։ Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը. ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։ Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց, ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։ Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը, որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։ Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելի որդիներին ու նրանց ասաց. «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։ Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։ Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։ Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։ Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։ Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։ Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։ Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։ Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին, երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։ Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։ Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։ Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։ Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։ Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։ Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։ Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։ Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ. որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։ Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։ Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։ Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ, նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով. «Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ. որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։ Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ. որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։ Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ. - Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ. Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։ Անձրևի պես թող կաթի իմ խրատը, Ցողի պես թող իջնի իմ խոսքը, Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա, Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա, Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը. Պատի՛վ տվեք մեր Աստծուն։ Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։ Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։ Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը, Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ. Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը, Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։ Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։ Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց Եվ սփռեց Ադամի որդիներին, Ազգերի սահմանները դրեց Ըստ Իսրայելի որդիների թվի. Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է։ Նրան գտավ ամայի մի երկրում, Վայրի, ոռնացող անապատում. Շրջապատեց նրան, խրատեց նրան, Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։ Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում, Շուռ է գալիս իր ձագերի վրա, Տարածում թևերն իր, վերցնում է նրանց Ու տանում նրանց իր թևերի վրա, Այնպես Տե՛րը միայն ման ածեց նրան. Նրա հետ օտար աստված չկար։ Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը, Որպեսզի ուտի արտերի պտուղը. Ժայռից նրան մեղր ծծել տվեց Եվ ապառաժ քարից՝ յուղ։ Կովերի յուղով, մաքիների կաթով, Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով, Ընտիր ցորենի ալյուրով կերակրեց նրան. Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։ Եսուրունը գիրացավ և քացի տվեց (Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր). Եվ լքեց իր արարիչ Աստծուն Եվ արհամարհեց իր փրկության վեմը։ Օտար աստվածներով նրա նախանձը գրգռեցին, Գարշելի բաներով բարկացրին նրան։ Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն, Աստվածներին, որոնց չէին ճանաչում, Նոր աստվածեր, որ վերջերս եկան, Որոնցից ձեր հայրերը չվախեցան։ Դու լքեցիր քեզ ծնող Վեմը Եվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։ Տերը տեսավ և բարկացավ, Իր որդիներին ու դուստրերին մերժեց Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից, Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի. Քանզի նրանք մի ծուռ ազգ են, Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։ Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով. Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով, Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով. Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեց Եվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը, Կլափի երկիրն ու նրա բերքը, Կբորբոքեցնի լեռների հիմքերը։ Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմ Ու իմ նետերն սպառեմ՝ նրանց վրա արձակելով։ Նրանք պիտի հյուծվեն սովից Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։ Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա Գետնի վրա սողացողների թույնի հետ։ Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց. Երիտասարդներին և կույս աղջիկներին, Կաթնակերին ալևոր ծերի հետ։ Ես ասացի. “Կցրեմ նրանց, Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”, Միայն թե թշնամու բարկությունից վախեցա. Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան, Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, Այլ մեր բարձրացած ձեռքը”. Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են, Եվ նրանց մեջ իմաստություն չկա։ Երանի իմաստուն լինեին, հասկանային այս, Մտածեին իրենց վախճանի մասին։ Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին, Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին, Եթե նրանց ապավենը չլքեր նրանց, Եվ Տերը չմատներ նրանց. Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ, Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն. Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը Եվ Գոմորի արտից։ Նրանց խաղողները թունավոր խաղողներ են, Նրանց ողկույզները դառն են։ Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։ Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ, Չի՞ կնքված իմ շտեմարաններում։ Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։ Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի, Կգթա իր ծառաներին, Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց, Եվ չկա կապվածը և ազատը։ Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները, Այն ապավենը, որի վրա հույս էին դրել, Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։ Թող վեր կենան և օգնեն ձեզ, Ձեզ պաշտպան կանգնեն։ Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում, Եվ իմ ձեռքից ազատող չկա. Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ". Երբ իմ փայլատակող սուրը սրեմ, Եվ ձեռքս դատաստանը գործադրի, Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ Եվ ինձ ատողներին կհատուցեմ։ Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ, Իմ սուրը միս կուտի, Սպանվածների ու գերիների արյամբ, Թշնամիների իշխանների գլխից ”։ Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին, Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում, Իր թշնամիներից վրեժ է առնում Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։ Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլ նրա հետ։ Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց, ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն. որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։ Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց. «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներին իբրև կալվածք։ Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին. որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։ Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։ Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։ Նա ասաց. «Տերը եկավ Սինայից, Սեիրից երևաց նրանց, Փայլեց Փառանի լեռից Ու եկավ բյուրավոր սրբերով։ Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։ Այո՛, նա սիրում է ժողովուրդներին. Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են. Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝ Քո խոսքերն ընդունելու համար։ Մովսեսը տվեց մեզ օրենքը, Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։ Եսուրունի մեջ Տերը թագավոր եղավ. Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին Իսրայելի ցեղերի հետ միասին։ Ռուբենն ապրի ու չմեռնի, Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։ Հուդայի մասին այս ասաց. «Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ. Նրա ձեռքերը բավական են իրեն, Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։ Ղևիի մասին ասաց. «Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի, Որին դու փորձեցիր Մասսայում Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։ Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց. “Ես չտեսա նրանց”։ Նա իր եղբայրներին չճանաչեց Ու իր որդիներին անտեսեց. Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին Եվ քո ուխտը պահեցին։ Քո հրամանները սովորեցնում են Հակոբին Եվ քո օրենքը՝ Իսրայելին։ Քո առաջ խունկ կմատուցեն Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։ Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը, Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը, Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը, Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։ Բենիամինի մասին ասաց. «Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ. Միշտ պաշտպանում է նրան Եվ բնակվում նրա ուսերի միջև»։ Հովսեփի մասին ասաց. «Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի Երկնքի ընտիր պարգևներով, ցողով, Ներքևում գտնվող անդունդների պարգևներով, Արեգակից առաջ եկած ընտիր բերքով, Ամեն ամսի ընտիր արդյունքներով, Հինավուրց սարերի ընտիր պտուղներով, Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։ Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ Թող իջնի Հովսեփի գլխին՝ Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։ Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման, Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների. Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին Մինչև երկրի ծայրերը։ Սրանք են Եփրեմի բյուրավորները Եվ Մանասեի հազարավորները»։ Զաբուղոնի մասին ասաց. «Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ, Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։ Ժողովուրդներին լեռն են հրավիրում, Արդարության զոհեր են մատուցում այնտեղ, Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։ Գադի մասին ասաց. «Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը. Մատակ առյուծի նման նստել է նա Եվ գիշատում է թևերն ու գլուխը։ Նա տեսավ երկրի առաջին մասն իրեն հարմար, Որովհետև այնտեղ որոշվեց իշխանի տված բաժինը. Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ, Գործադրեց Տիրոջ արդարությունն Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։ Դանի մասին ասաց. «Դանը առյուծի ձագ է. Բասանից է դուրս թռչում»։ Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը, շնորհով հագեցած Եվ լցված Տիրոջ օրհնությամբ, Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։ Ասերի մասին ասաց. «Ասերն օրհնված է որդիների մեջ. Նա իր եղբայրներին հաճո լինի, Իր ոտքը թաթախի յուղի մեջ։ Քո նիգերը երկաթե և պղնձե լինեն, Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։ Եսուրունի Աստծու նմանը չկա. Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ, Որպեսզի օգնության հասնի քեզ։ Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։ Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը՝ առանձին Ցորենի ու գինու երկրում, Որի երկնքից ցող կկաթի։ Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։ Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան, նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը և Հուդայի ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը, հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։ Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու դա”։ Ահա քո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։ Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։ Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր։ Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։ Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։ Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքերը դրել էր նրա վրա, և Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես. այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիրը, և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով. «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։ Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց. «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։ Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց. «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։ Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց, մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։ Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։ Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։ Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։ Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։ Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։ Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։ Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։ Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։ Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ, և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել. որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։ Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։ Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք, որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։ Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։ Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։ Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։ Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։ Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։ Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։ Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։ Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։ Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։ Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։ Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։ Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։ Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։ Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։ Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։ Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։ Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։ Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։ Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ, և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։ Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։ Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից), այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ, և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։ Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։ Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին, որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”, նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։ Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։ Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։ Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։ Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։ Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։ Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։ Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով. «Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։ Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։ Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։ Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։ Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝ “Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”, որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։ Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։ Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին, որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։ Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։ Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա. այդպես է մինչև այսօր։ Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։ Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։ Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։ Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։ Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։ Եվ Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։ Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։ Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։ Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։ Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։ Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։ Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։ Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։ Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։ Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։ Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։ Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։ Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։ Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։ Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։ Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։ Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։ Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։ Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։ Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը, և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին ։ Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։ Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։ Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։ Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։ Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով »։ Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։ Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։ Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմում, և ասաց նրանց. «Բարձրացե՛ք և հետախուզե՛ք այդ երկիրը»։ Այդ մարդիկ բարձրացան և հետախուզեցին Գայիին, վերադարձան Հեսուի մոտ և ասացին նրան. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, միայն երկու կամ երեք հազարի չափ մարդիկ բարձրանան և հարվածեն Գային. ամբողջ ժողովրդին մի՛ հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են»։ Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։ Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։ Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։ Հեսուն ասաց. «Օ՜, Տե՛ր Տեր, ինչո՞ւ այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը և կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք։ Աղաչում եմ, Տե՛ր, ի՞նչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել։ Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։ Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։ Իսրայելը մեղք գործեց. նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։ Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։ Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. "Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից"։ Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։ Ով որ նզովվածով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը և իր ամբողջ ունեցածը, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անզգամություն է գործել Իսրայելի մեջ”»։ Եվ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով, և Հուդայի ցեղը ցույց տրվեց։ Նա մոտեցրեց Հուդայի ազգատոհմերը, և ցույց տրվեց Զարայի ազգատոհմը։ Մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զաբդին։ Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։ Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։ Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի. ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։ Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը, և ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։ Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ և դրեցին Տիրոջ առաջ։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։ Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին նրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։ Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։ Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։ Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։ Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։ Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։ Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։ Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։ Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։ Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։ Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։ Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։ Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։ Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։ Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։ Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։ Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։ Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։ Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։ Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։ Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։ Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։ Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։ Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։ Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։ Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։ Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։ Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։ Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։ Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա, ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշ քարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։ Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։ Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։ Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։ Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։ Հորդանանի այս կողմի բոլոր թագավորները, որոնք ապրում էին լեռան վրա, դաշտում և մեծ ծովի ամբողջ եզերքին մինչև Լիբանանի դիմաց, այսինքն՝ քետացիները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիներն ու հեբուսացիները, երբ լսեցին այս, միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։ Բայց երբ Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն արել էր Երիքովին և Գայիին, իրենք էլ խորամանկություն արեցին և գնացին պաշարներ պատրաստեցին. իրենց էշերի վրա դրեցին հնացած քուրձեր, գինու հին, պատառոտած և կարկատած տիկեր, իրենց ոտքերին հնացած ու կարկատած տրեխներ և իրենց վրա հին շորեր գցեցին։ Նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։ Նրանք գնացին Հեսուի մոտ՝ Գաղգաղայում գտնվող բանակատեղին, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռու երկրից ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք»։ Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։ Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին նրան. «Քո ծառաները, շատ հեռու երկրից ենք գալիս քո Տեր Աստծու անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավը և այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսում, ու նաև այն ամենը, ինչ նա արեց Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհոն թագավորին և Աստարովթում գտնվող Բասանի Օգ թագավորին։ Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց. "Մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք"”։ Այն օրը, երբ մենք պաշար վեցրինք մեր տներից և դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, իսկ հիմա ահա չորացած և բորբոսնած են։ Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։ Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց Տիրոջը չհարցրին։ Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։ Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են և իրենց մոտ են բնակվում։ Իսրայելի որդիները մեկնեցին և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրան, Բերոթը և Կարիաթարիմը։ Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։ Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։ Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։ Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։ Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։ Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։ Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։ Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։ Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։ Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։ Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել, խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։ Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով. «Բարձրացեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ հարվածենք Գաբավոնին, որովհետև նա հաշտություն կնքեց Հեսուի և Իսրայելի որդիների հետ»։ Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։ Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Գաղգաղայի բանակատեղին՝ ասելով. «Քո ձեռքը ետ մի՛ քաշիր քո ծառաներից, շուտ մեզ մո՛տ բարձրացիր, մեզ ազատի՛ր և մեզ օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր լեռնաբնակ թագավորները հավաքվել են մեր դեմ»։ Հեսուն ելավ գնաց Գաղգաղայից իր բոլոր պատերազմողների և զորքի բոլոր զորավոր մարդկանց հետ։ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։ Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։ Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։ Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի մեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։ Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր »։ Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։ Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։ Հինգ թագավորները փախան և թաքնվեցին Մակեդայում՝ քարայրի մեջ։ Հեսուին հայտնեցին՝ ասելով. «Այդ հինգ թագավորները գտնվել են Մակեդայում՝ քարայրի մեջ թաքնված»։ Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։ Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։ Երբ Հեսուն Իսրայելի որդիների հետ նրանց ջարդեց շատ մեծ կոտորածով, մինչև որ նրանց իսպառ բնաջնջեց, նրանց փախստականները մտան պարսպապատ քաղաքները։ Ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա. ոչ ոք բնավ չհամարձակվեց իր բերանը բացել Իսրայելի որդիների դեմ։ Այն ժամանակ Հեսուն ասաց. «Բա՛ց արեք քարայրի մուտքը և այնտեղից հանեք բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։ Այդպես էլ արեցին. այն հինգ թագավորներին, այսինքն՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Էգղոնի թագավորին հանեցին տարան նրա մոտ։ Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։ Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք, զորացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի պատերազմեք»։ Դրանից հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց ու նրանց կախեց հինգ ծառերից. և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո։ Արեգակի մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ նրանք թաքնվել էին, և քարայրի մուտքին դրեցին մեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։ Հեսուն նույն օրը գրավեց նաև Մակեդան, սրի քաշեց այն և բնաջնջեց նրա թագավորին ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. Մակեդայի թագավորի հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Մակեդայից անցան Լեբնա և պատերազմեցին Լեբնայի դեմ։ Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լեբնայից անցան Լաքիս և նրա դիմաց բանակ դրեցին ու պատերազմեցին նրա դեմ։ Տերը Լաքիսն Իսրայելի որդիների ձեռքը մատնեց, և երկրորդ օրը Հեսուն գրավեց այն և սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց այնպես, ինչպես արել էր Լեբնային։ Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լաքիսից անցան Էգղոն և նրա մոտ բանակատեղի դնելով՝ պատերազմեցին նրա դեմ։ Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։ Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան Դաբիր և պատերազմեցին նրա դեմ։ Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։ Հեսուն հաղթեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրներին, լեռների ստորոտներին և դրանց բոլոր թագավորներին. ոչ մեկին ողջ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը՝ Տերը։ Հեսուն նրանց հարվածեց Կադես-Բառնեայից մինչև Գազա և հարվածեց Գոսոմի ամբողջ երկրին մինչև Գաբավոն։ Հեսուն այս բոլոր թագավորներին ու նրանց երկիրը նվաճեց միանգամից, որովհետև Իսրայելի Աստվածը՝ Տերն էր պատերազմում Իսրայելի համար։ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։ Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում, այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։ Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։ Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։ Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։ Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։ Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։ Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։ Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։ Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։ Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։ Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես Հեսուն գրավեց այդ ամբողջ երկիրը, լեռնակողմը, ամբողջ հարավային կողմը, ամբողջ Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը, Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։ Այս բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։ Չկար մի քաղաք, որ Իսրայելի որդիների հետ հաշտություն կնքած լիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից։ Նրանք բոլորն էլ գրավեցին պատերազմով, որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։ Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։ Սրանք են այն թագավորները, որոնց հարվածեցին Իսրայելի որդիները և որոնց երկրները գրավեցին Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռն ու ամբողջ դաշտավայրը՝ դեպի արևելյան կողմը։ Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը, նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։ Եվ Բասանի Օգ թագավորը, որը հսկաների ցեղի մնացորդներից էր և որը բնակվում էր Աստարովթում ու Եդրայիում, և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։ Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադի սերունդներին և Մանասեի կես ցեղին։ Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ. սարերում, հովիտներում, դաշտերում, սարերի ստորոտներում, անապատում և հարավային կողմում բնակվող քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին. Երիքովի թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը՝ մեկ, Երուսաղեմի թագավորը՝ մեկ, Քեբրոնի թագավորը՝ մեկ, Հերիմութի թագավորը՝ մեկ, Լաքիսի թագավորը՝ մեկ, Էգղոնի թագավորը՝ մեկ, Գազերի թագավորը՝ մեկ, Դաբիրի թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ, Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ, Լեբնայի թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, Մակեդայի թագավորը՝ մեկ, Բեթելի թագավորը՝ մեկ, Թափուայի թագավորը՝ մեկ, Ոփերի թագավորը՝ մեկ, Ափեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ, Մադոնի թագավորը՝ մեկ, Հասորի թագավորը՝ մեկ, Սամրոն-Մառոնի թագավորը՝ մեկ, Աքսափի թագավորը՝ մեկ, Թանաքի թագավորը՝ մեկ, Մակեդովի թագավորը՝ մեկ, Կադեսի թագավորը՝ մեկ, Կարմելի Հեկնամի թագավորը՝ մեկ, Դորի գավառում Դորի թագավորը՝ մեկ, Գաղգաղայի Գոյիմ թագավորը՝ մեկ, Թերսայի թագավորը՝ մեկ։ Բոլորը՝ երեսունմեկ թագավոր։ Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։ Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը. Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։ Հարավային կողմից՝ քանանացիների ամբողջ երկիրը և սիդոնացիների Մեարան մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանը, գեբաղացիների երկիրը և ամբողջ արևելյան Լիբանանը՝ Հերմոն լեռան ստորոտի Բաաղգադից մինչև Եմաթի մուտքը։ Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։ Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին». Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց. Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորի մեջ գտնվող քաղաքը և Մեդաբայի ամբողջ դաշտը մինչև Դեբոն, նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը, Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա, Բասանում Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարովթում և Եդրայիում։ Սա էր մնացել հսկաների մնացորդներից, բայց Մովսեսը հարվածեց ու քշեց նրանց։ Բայց Իսրայելի որդիները չհալածեցին գեսուրացիներին ու մաքաթացիներին, և գեսուրացիներն ու մաքաթացիները բնակվում են Իսրայելում մինչև այսօր։ Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։ Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։ Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը, Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը, Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը, Կարիաթեմը, Սեբաման, Սարեթ-Սահառը հովտի լեռան վրա, Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը, դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։ Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։ Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանան գետը և Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։ Մովսեսը բաժին տվեց նաև Գադի ցեղին՝ ըստ իրենց ազգատոհմերի։ Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է, Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը, նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։ Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց ազգատոհմերի. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։ Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։ Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։ Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են, որ Մովսեսը ժառանգություն տվեց Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք։ Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։ Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։ Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով, որովհետև Մովսեսը երկուսուկես ցեղերին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում. բայց ղևտացիներին ժառանգություն չտվեց նրանց մեջ։ Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այնպես արեցին և բաժանեցին երկիրը։ Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։ Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։ Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։ Այն օրը Մովսեսը երդում արեց՝ ասելով. “Այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որովհետև դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն”։ Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։ Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։ Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։ Եվ Հեսուն օրհնեց նրան ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։ Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։ Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։ Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից. հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը. ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։ Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։ Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։ Այս սահմանը բարձրանում է մինչև Բեթագղա, անցնում Բեթարաբայի հյուսիսային կողմից և վեր ելնում մինչև Ռուբենի որդիների Բաանի քարը։ Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։ Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։ Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։ Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։ Ապա այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մոտ՝ դեպի հյուսիս, և այս սահմանը հասնում է Սաքարոն, անցնում Բաաղա սարից, ձգվում մինչև Հաբնել և վերջանում ծովափի մեջ։ Արևմտյան սահմանը մեծ ծովի ափն է։ Այս է ահա Հուդայի որդիների սահմանը շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։ Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։ Քաղեբն այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին՝ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի զավակներին։ Նա այնտեղից բարձրացավ գնաց Դաբիրի բնակիչների դեմ։ Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր։ Քաղեբն ասաց. «Ով որ Կարիաթ-Սեփերին հարվածի և գրավի այն, իմ աղջկան՝ Աքսային, կնության կտամ նրան»։ Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։ Երբ կինը գնում էր, նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի։ Նա ցած իջավ էշի վրայից, և Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ պատահեց քեզ»։ Աղջիկն ասաց. «Ինձ մի նվե՛ր տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տո՛ւր ինձ նաև ջրի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։ Այս է ահա Հուդայի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ Եդովմի սահմանի մոտ՝ հարավային կողմում, Հուդայի որդիների ցեղի ծայրամասային քաղաքները սրանք են՝ Կաբեսեել, Եդեր, Հագուր, Կինա, Դեմոնա, Ադադա, Կադես, Հասոր, Հեթնա, Զիփ, Տելեմ, Բաալոթ, Հասոր-Ադաթա, Կարիոթ, Եսրոն, որ Հասորն է, Ամամ, Սամա, Մոլադա, Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղեթ, Ասեր-Սուաղ, Բերսաբեե, Բազիոթիա, Բաաղա, Իյիմ, Ասեմ, Էլթուղաթ, Քեսիլ, Հորմա, Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա, Լաբաոթ, Սելեմ, Ային և Ռեմոն. ընդամենը քսանինը քաղաք և դրանց գյուղերը։ Դաշտավայրում՝ Եսթավուղ, Սարաա, Ասնա, Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ, Հերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա, Սագարիմ, Ատիթայիմ և Գադերա (Գադերոթայիմի հետ). տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Սեննան, Ադասա, Մագդաղգադ, Դաղաան, Մասփա, Հեկթովել, Լաքիս, Բազկաթ, Էգղոն, Քաբբոն, Լամաս, Քիթլիս, Գադերոթ, Բեթդագոն, Նաամա և Մակեդա. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ Լեբնա, Եթեր, Ասան, Հեփթա, Ասնա, Նեսիբ, Կեիլա, Աքեզիբ և Մարեսա. ինը քաղաք և դրանց գյուղերը։ Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Ակկարոնից մինչև ծովը՝ Ասեդոթի մոտ, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով. Ասեդոթն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Գազան իր գյուղաքաղաքներով և գյուղերով մինչև Եգիպտոսի հեղեղատն ու մեծ ծովը, որը սահմանն է։ Լեռնավայրի վրա՝ Սամիր, Հաթիր, Սոքով, Դաննա, Կարիաթ-Սաննա, այսինքն՝ Դաբիր, Անաբ, Եսթեմով, Անիմ, Գոսոմ, Քողոն և Գեղոն. տասնմեկ քաղաք և դրանց գյուղերը։ Երեբ, Դումա, Եսան, Հանում, Բեթթափուա, Ափեկա, Քամմատա, Կարիաթ-Արբա, այսինքն՝ Քեբրոն, և Սիոր. ինը քաղաք և դրանց գյուղերը։ Մաոն, Կարմեղոս, Զիփ, Հետտա, Հեզրայել, Հեկդաամ, Զանով, Կային, Գաբաա և Թամնա. տասը քաղաք և դրանց գյուղերը։ Աղուղ, Բեթ-Սուր, Գեդոր, Մաարաթ, Բեթ-Անոթ և Ելթեկոն. վեց քաղաք և դրանց գյուղերը։ Կարիաթ-Բաաղ, այսինքն՝ Կարիաթարիմ և Ռաբբա. երկու քաղաքներ և դրանց գյուղերը։ Անապատում՝ Բեթ-Արաբա, Մադդին, Սեքաքա, Նեբսան, Աղի քաղաք և Ենգադդի. վեց քաղաք և դրանց գյուղերը։ Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։ Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել, Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։ Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։ Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։ Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե, Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։ Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։ Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։ Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի անդրանիկ որդին էր։ Մանասեի անդրանիկը՝ Մաքիրը՝ Գաղաադի հայրը, քանի որ պատերազմող մարդ էր, բաժին ստացավ Գաղաադն ու Բասանը։ Մանասեի մյուս որդիներին՝ Աբիեզերի որդիներին, Քեղեքի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Ոփերի որդիներին և Սեմիդայի որդիներին, ժառանգություն հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք էին Հովսեփի որդու՝ Մանասեի արու զավակներն ըստ իրենց տոհմերի։ Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդու՝ Ոփերի որդին՝ Սալպաադը, տղաներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Նրա աղջիկների անունները սրանք են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։ Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից, որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։ Մանասեի սահմանը եղավ Ասերից մինչև Մաքմեթաթ, որ Սյուքեմի դիմացն է. այս սահմանը գնում է դեպի աջ մինչև Թափուայի աղբյուրի բնակիչների մոտ։ Թափուայի երկիրը Մանասեինը եղավ, իսկ Մանասեի սահմանի վրա գտնվող Թափուա քաղաքը Եփրեմի որդիներինը եղավ։ Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։ Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։ Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։ Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։ Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։ Հեսուն նրանց ասաց. «Եթե դու բազմաքանակ ժողովուրդ ես, ապա բարձրացի՛ր անտառ և այնտեղ քեզ համար տե՛ղ պատրաստիր փերեզացիների և Ռափայինների երկրում, քանի որ Եփրեմի լեռը քեզ համար նեղ է»։ Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։ Հեսուն Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ խոսեց և ասաց. «Դու բազմաքանակ ժողովուրդ ես և շատ զորություն ունես. թող քեզ մեկ վիճակ չլինի, այլ լեռը քոնը լինի, որովհետև դա անտառ է, կմաքրեք այն, և մինչև ծայրը այն քոնը կլինի, որովհետև դու այնտեղից կհալածես քանանացիներին, ինչքան էլ նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն»։ Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։ Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։ Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։ Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։ Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ, որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։ Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։ Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։ Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։ Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։ Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանան գետից, և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։ Այնտեղից սահմանն անցնում է դեպի Լուզ՝ անցնելով Լուզի հարավային կողմը, այսինքն՝ Բեթելի մոտ. այս սահմանն իջնում է Ատարոթ-Ադար լեռան վրա, որը վարի Բեթորոնի հարավային կողմում է։ Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։ Սահմանի հարավային կողմը, Կարիաթարիմի ծայրից սկսելով, դուրս է գալիս դեպի արևմուտք և գնում դեպի Նափթովայի ջրի աղբյուրը։ Այնուհետև սահմանն իջնում է Ռափայինների հովտի հյուսիսային կողմում գտնվող Ենոմի որդու ձորի դիմացի լեռան լանջը և Հեբուսի մոտից՝ դեպի հարավ, Ենոմի ձորով իջնում Ռոգելի աղբյուրը։ Հյուսիսային կողմից գնում և դուրս է գալիս Ենսամյուս, ապա այնտեղից գնում է դեպի Գալիլոթ, որը գտնվում է Եդովմինի զառիվերի դիմաց, և իջնում մինչև Ռուբենի որդու՝ Բաանի վեմը և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։ Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։ Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն իր շուրջանակի սահմաններով՝ ըստ նրանց տոհմերի։ Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս, Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել, Ավիմ, Փարա, Եփրա, Քեփարամոննա, Հոփնի և Գաբա. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։ Գաբավոն, Ռամա, Բերոթ, Մասփա, Կեփիրա, Մոսա, Ռեկեմ, Հերփայել, Թարաղա, Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։ Նրանց ժառանգության մեջ եղան այս քաղաքները՝ Բերսաբեե (Սաբեե), Մոլադա, Ասեր-Սուաղ, Բաղա, Ասեմ, Էլթուղադ, Բաթուլ, Հորմա, Սիկելակ, Բեթմարքաբոթ, Ասեր-Սուսա, Բեթլաբավոթ և Սարուհեն. տասներեք քաղաք և դրանց գյուղերը։ Ային, Ռեմոն, Եթեր և Ասան. չորս քաղաք և դրանց գյուղերը, ինչպես նաև այս քաղաքների շուրջն ընկած տարածքները մինչև Բաաղեթ-Բեեր կամ Ռաման՝ հարավում։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։ Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։ Նրանց սահմանը ելնում է դեպի ծովը և Մարաղա, դիպչում Դաբասեթին և հասնում Հեկնամի դիմաց գտնվող ձորը, Սարիդից դառնում է դեպի արևելյան կողմը՝ Քասղոթ-Թաբորի սահմանը, դուրս է գալիս Դաբարաթից և բարձրանում Հափիե։ Այնտեղից սահմանն անցնում է ավելի ևս արևելք՝ դեպի Գեթքոփեր և Իթագասին, ու դուրս գալիս Ռեմոն-Մեթոար, Նուա, ապա հյուսիսային կողմից պտույտ է տալիս դեպի Ենաթոնով և վերջանում Հեփթայելի ձորում. նաև Կատտաթ, Նաաղոլ, Սամրոն, Հադելա և Բեթլեհեմ. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Զաբուղոնի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։ Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ, Ափերեմ, Սիան, Անարեթ, Ռաբբիդ, Կեսիոն, Աբես, Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա և Բեթփասես։ Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։ Հինգերորդ վիճակը դուրս եկավ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց սահմանը եղավ՝ Քեղկաթ, Աղի, Բետեն, Աքսափ, Ալամելեք, Ամադ և Մուսաղ։ Արևմտյան կողմից սահմանը հասնում է Կարմեղոսին ու Սիոր-Լեբնաթին և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող, Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։ Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում. նաև Ամմա, Ափեկ և Րոոբ. քսաներկու քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։ Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց սահմանը եղավ Հելեփից, Ալոնից մինչև Սանանիմ, Ադամի-Նագեբ և Հաբնել, մինչև Լակում և վերջանում է Հորդանան գետում։ Արևմտյան կողմից այս սահմանը դառնում է դեպի Ազանոթ-Թաբոր, այնտեղից դուրս է գալիս Հուկոկ և հասնում հարավային կողմից մինչև Զաբուղոն, արևմտյան կողմից՝ մինչև Ասեր, արևելյան կողմից՝ մինչև Հուդա և Հորդանան գետը։ Պարսպապատ քաղաքներն էին՝ Ասեդիմ, Սեր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ, Ադամա, Ռամա, Հասոր, Կադես, Եդրայի, Ենհասոր, Հարոն, Մակդաղիել, Հարեմ, Բեթանաթ և Բեթսամյուս. տասնինը քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։ Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես, Սաղաբին, Այեղոն, Հեթլա, Ելոն, Թամնաթա, Ակկարոն, Ելթեկե, Քաբաթոն, Բաալոթ, Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն, Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։ Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։ Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ։ Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը՝ Թամնաթ-Սարան, որը Եփրեմի լեռան վրա է։ Նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։ Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։ Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Որոշե՛ք ձեզ համար ապաստանի այն քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ, որպեսզի այնտեղ փախչի սխալմամբ, առանց գիտենալու մարդ սպանողը, և դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան վրեժխնդիր եղողից։ Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։ Երբ արյան վրեժխնդիր եղողն ընկնի նրա հետևից, նրանք սպանողին նրա ձեռքը չմատնեն, որովհետև նա իր մերձավորին առանց գիտենալու է սպանել և նրա դեմ նախապես ատելություն չի ունեցել։ Նա այդ քաղաքում թող բնակվի, մինչև որ դատաստանի համար ժողովրդի առաջ կանգնի, և մինչև որ այն օրերին եղող քահանայապետը վախճանվի։ Այն ժամանակ սպանողը թող վերադառնա իր քաղաքն ու իր տունը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղից նա փախել էր”»։ Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։ Իսկ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։ Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։ Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին, խոսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանի երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայեց բնակության համար մեզ քաղաքներ տալ և մեր անասունների համար՝ դրանց շրջակա ագարակները»։ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։ Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։ Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։ Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ, Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։ Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։ Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով, և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։ Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։ Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։ Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով, Հաթիրն իր շրջակա ագարակներով, Եսթեմովն իր շրջակա ագարակներով, Քողոնն իր շրջակա ագարակներով, Դաբիրն իր շրջակա ագարակներով, Այինն իր շրջակա ագարակներով, Հետտան իր շրջակա ագարակներով, Բեթսամյուսն իր շրջակա ագարակներով. ինը քաղաքներ այս երկու ցեղից։ Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնն իր շրջակա ագարակներով, Գաբան իր շրջակա ագարակներով, Անաթոթն իր շրջակա ագարակներով և Գաղմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին՝ իրենց ագարակներով։ Կահաթի որդիներից մնացած ղևտացի Կահաթյանների ազգատոհմերն էլ վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից։ Եփրեմի լեռնակողմում նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմն իր շրջակա ագարակներով, Գազերն իր շրջակա ագարակներով, Կաբսեմն իր շրջակա ագարակներով և Բեթորոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Դանի ցեղից՝ Ելթեկեն իր շրջակա ագարակներով, Գաբաթոնն իր շրջակա ագարակներով, Այեղոնն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։ Կահաթի որդիներից մնացած ազգատոհմերի բոլոր քաղաքները տասն էին՝ իրենց ագարակներով։ Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։ Իսաքարի ցեղից՝ Կեսիոնն իր շրջակա ագարակներով, Դաբարաթն իր շրջակա ագարակներով, Հերիմութն իր շրջակա ագարակներով և Ենգանիմն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Աոերի ցեղից՝ Մասաղն իր շրջակա ագարակներով, Աբդոնն իր շրջակա ագարակներով, Քեղկաթն իր շրջակա ագարակներով և Րոոբն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։ Գերսոնյանների բոլոր քաղաքներն ըստ իրենց ազգատոհմերի տասներեքն էին՝ իրենց ագարակներով։ Մնացած ղևտացիներին, այսինքն՝ Մերարիի որդիների ազգատոհմերին, Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկնամն իր շրջակա ագարակներով, Կարթան իր շրջակա ագարակներով, Դեմնան իր շրջակա ագարակներով և Նաաղոլն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով, Կադեմոթն իր շրջակա ագարակներով և Մեփայաթն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։ Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով, Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։ Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։ Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները քառասունութն էին՝ իրենց ագարակներով։ Այս քաղաքներից ամեն մեկն ուներ իր շրջակա ագարակները. այս քաղաքները բոլորն էլ այդպես էին։ Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։ Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։ Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։ Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի, Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին ու նրանց ասաց. «Ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, դուք այդ բոլորը պահեցիք և անսացիք իմ խոսքին այն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ։ Այսքան շատ օրեր, մինչև այս օրը չթողեցիք ձեր եղբայրներին և պահեցիք ձեր Տեր Աստծու պատվիրանները։ Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։ Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն պատվիրաններն ու այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել է ձեզ. որ սիրեք ձեր Տեր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահեք նրա պատվիրանները, հարեք նրան և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։ Եվ Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց վրանները։ Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան իրենց ժառանգությունը եղող երկիրը, այսինքն՝ Գաղաադի երկիրը, որը ստացել էին Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանով։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։ Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։ Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, Իսրայելի որդիների ամբողջ համախմբումը հավաքվեց Սելովում, որպեսզի նրանց դեմ պատերազմելու գնա։ Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադի երկիր ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։ Նրանք գնացին Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, և խոսեցին նրանց հետ՝ ասելով. «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։ Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։ Դուք այսօր խոտորվեցիք Տիրոջից, ուրեմն եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը նա էլ կբարկանա Իսրայելի ամբո՛ղջ ժողովրդի վրա։ Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։ Չէ՞ որ Զարայի որդի Աքարը մեղք գործեց՝ նզովված բաներից վերցնելով, և Տիրոջ բարկությունն ամբողջ Իսրայելի համայնքի վրա թափվեց, և այդ մարդը միայնակ չմեռավ իր անօրենության պատճառով”»։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին և ասացին Իսրայելի հազարապետներին. «Աստվածների Աստվածը՝ Տերը, աստվածների Աստված Տերը գիտե, և Իսրայելն էլ թող գիտենա. եթե այս բանն ապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցանք գործելով արեցինք, թող մեզ այսօր չփրկի։ Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք Տիրոջից ետ դառնալու կամ դրա վրա ողջակեզ ու հացի ընծա մատուցելու և կամ դրա վրա խաղաղության զոհեր անելու համար, Տերն ինքը թող քննի։ Բայց մենք դա շինեցինք մեր վախից՝ ասելով, թե վաղը ձեր որդիները մեր որդիներին կասեն, թե՝ “Դուք Իսրայելի Տեր Աստծու հետ ի՞նչ ունեք. Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։ Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար, այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ "Դուք բաժին չունեք Տիրոջից"”։ Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ "Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար"”։ Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։ Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։ Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։ Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։ Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։ Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցին Վկայություն, որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։ Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու օրերն անց էր կացրել, այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։ Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր Տեր Աստվածն արեց ձեր առաջ այս բոլոր ազգերին. որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն էր ձեզ համար պատերազմողը։ Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։ Ձեր Տեր Աստվածն ինքը նրանց կհալածի ու կքշի ձեր առջևից, և դուք կժառանգեք նրանց երկիրը, ինչպես որ ձեր Տեր Աստվածն ասել է ձեզ։ Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք, որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց, այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։ Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։ Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։ Ուրեմն շատ զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք ձեր Տեր Աստծուն։ Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ, ապա ստո՛ւյգ իմացեք, որ ձեր Տեր Աստվածն այլևս այս ազգերին չի հալածի ձեր առջևից, այլ նրանք ձեզ համար որոգայթ և թակարդ կդառնան, խթաններ՝ ձեր կողերի համար և փշեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ բնաջինջ լինեք այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։ Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին ձեր Տեր Աստծու ձեզ համար ասած բոլոր բարի խոսքերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ Եթե դուք դրժեք ձեր Տեր Աստծու ձեզ պատվիրած ուխտը և գնաք օտար աստվածների պաշտեք և նրա՛նց երկրպագություն անեք, Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեզ վրա, և դուք շուտով կկորչեք ձեզ տրված այս բարի երկրից»։ Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։ Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին, Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։ Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։ Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։ Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։ Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։ Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։ Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։ Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։ Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։ Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։ Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք, որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։ Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։ «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։ Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։ Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։ Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։ Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։ Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։ Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար Տիրոջ արած բոլոր գործերը։ Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։ Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։ Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին և ասացին. «Ո՞վ առաջ վեր կկենա քանանացիների դեմ՝ մեզ համար նրանց դեմ պատերազմելու»։ Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։ Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։ Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։ Բեզեկի մեջ նրանք գտան Ադոնիբեզեկին և պատերազմեցին նրա դեմ և կոտորեցին քանանացիներին ու փերեզացիներին։ Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք, նրա հետևից ընկնելով, բռնեցին նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատները։ Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։ Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, վերցրին այն ու սրի քաշեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին։ Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։ Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։ Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ (Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր)։ Քաղեբն ասաց. «Ով որ զարկի Կարիաթ-Սեփերին և վերցնի, իմ աղջիկ Աքսային նրան կնության կտամ»։ Եվ Քաղեբի փոքր եղբոր՝ Կենեզի որդին՝ Գոթոնիելը, վերցրեց այն, և Քաղեբն իր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։ Երբ աղջիկը գնում էր, Գոթոնիելը նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի. աղջիկն էշից ցած իջավ, և Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում»։ Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։ Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։ Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։ Հուդայի որդիները վերցրին Գազան ու նրա սահմանը, Ասկաղոնն ու նրա սահմանը, Ակկարոնն ու նրա սահմանը։ Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։ Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։ Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։ Հովսեփի տունն էլ վեր կացավ Բեթելի դեմ, և Տերը նրանց հետ էր։ Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։ Պահապանները մի մարդ տեսան, որը դուրս էր գալիս այդ քաղաքից, և նրան ասացին. «Աղաչում ենք, մեզ ցո՛ւյց տուր քաղաք մտնելու տեղը, և քեզ ողորմություն կանենք»։ Եվ նա քաղաք մտնելու տեղը ցույց տվեց նրանց, և նրանք քաղաքը սրի բերան տվին, բայց այն մարդուն ու նրա ամբողջ ազգատոհմը թողեցին։ Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։ Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։ Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։ Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։ Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին, այլ Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև նրանց չհալածեցին։ Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։ Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։ Եվ ամորհացիների սահմանը վեր էր Ակրաբիմի զառիվայրից՝ Սելայից, և նրանից էլ վեր էր։ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից Բոքիմ ելավ և ասաց. «Ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին, և ասացի. “Ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժելու։ Իսկ դուք դաշինք մի՛ կնքեք այս երկրի բնակիչների հետ, քանդե՛ք նրանց սեղանները”. բայց դուք չհնազանդվեցիք իմ ձայնին. դուք այդ ի՞նչ եք արել։ Ես էլ ասացի. “Նրանց չեմ քշելու ձեր առաջից, և նրանք ձեզ համար հակառակորդ կլինեն, և նրանց աստվածն էլ՝ ձեզ համար որոգայթ”»։ Երբ Տիրոջ հրեշտակն ամբողջ Իսրայելի որդիների հետ խոսեց այս խոսքերը, ժողովուրդը, ձայնը բարձրացնելով, լաց եղավ։ Եվ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։ Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։ Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։ Եվ Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, մեռավ հարյուր տասը տարեկանում։ Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։ Եվ այդ սերնդի բոլոր մարդիկ ննջեցին իրենց հայրերի հետ, և նրանցից հետո ելավ ուրիշ մի սերունդ, որը չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ և պաշտեցին Բահաղներին։ Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Տիրոջը թողեցին և պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։ Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։ Եվ Տերը դատավորներ առաջ բերեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։ Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։ Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։ Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և ասաց. «Քանի որ այս ազգը զանց է առնում այն ուխտը, որ ես պատվիրեցի իրենց հայրերին, և չի լսում իմ ձայնին, ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս, որպեսզի նրանցով փորձեմ Իսրայելին, թե արդյոք նրանք իրենց հայրերի պես կզգուշանա՞ն Տիրոջ ճանապարհով գնալու համար, թե՞ ոչ»։ Եվ Տերը թողեց այդ ազգերին և շուտով չհալածեց ու նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։ Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն՝ ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին. միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին. փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։ Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանար, թե արդյոք կլսե՞ն Տիրոջ պատվիրանները, որ Մովսեսի միջոցով պատվիրեց նրանց հայրերին։ Եվ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ, նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։ Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղիմներին ու Աստարովթներին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։ Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։ Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։ Եվ Իսրայելի որդիները Մովաբի Էգղոն թագավորին ծառայեցին տասնութ տարի։ Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։ Ավոդը մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր շինեց իր համար և այն կապեց իր հանդերձների տակից՝ իր աջ ազդրի վրա։ Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։ Եվ երբ ընծան տվեց վերջացրեց, ընծան կրող մարդկանց ետ ուղարկեց, և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։ Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։ Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը քաշեց իր աջ ազդրի վրայից և կոխեց նրա փորը։ Սրի ետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ծածկվեց ճարպով, որովհետև սուրը չհանեց նրա փորից, և աղբը դուրս ելավ։ Եվ Ավոդը դուրս եկավ նախասրահը, վերնատան դռները փակեց իր ետևից ու կողպեց։ Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել »։ Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։ Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։ Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։ Եվ նրանց ասաց. «Եկե՛ք իմ ետևից, որովհետև Տերը ձեր թշնամի մովաբացիներին ձեր ձեռքը մատնեց». և նրա ետևից իջան ու բռնեցին Հորդանանի այն գետանցները, որոնք Մովաբի առաջ էին, և թույլ չտվին, որ մի մարդ անցնի։ Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։ Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. Ավոդը մեռել էր։ Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթի մեջ։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, որովհետև նա ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղեց Իսրայելի որդիներին։ Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։ Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում՝ Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենու տակ. և Իսրայելի որդիները գնում էին վեր՝ նրա մոտ, դատաստանի համար։ Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից, և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը”»։ Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։ Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։ Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։ (Կենեցի Քաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիներից՝ կենեցիներից, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ՝ Սանանիմի կաղնու մոտ)։ Եվ Սիսարային իմաց տվին, թե Աբինոամի որդի Բարակը ելել է վեր՝ Թաբոր սարը։ Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքերը, և իր հետ եղած ամբողջ զորքն Ազգերի Արիսոթից հավաքեց Կիսոնի հեղեղատում։ Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։ Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։ Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։ Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։ Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։ Քաբերի կինը՝ Հայելը, վերցրեց վրանի մի ցից, մուրճն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ և ցիցը խրեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին. իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր, ու մեռավ։ Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։ Աստված այդ օրը քանանացիների Հաբին թագավորին կորացրեց Իսրայելի որդիների առաջ։ Եվ Իսրայելի որդիների ձեռքն օրեցօր զորանում էր քանանացիների Հաբին թագավորի դեմ, մինչև որ բնաջինջ արեցին քանանացիների Հաբին թագավորին։ Այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին. «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ Լսե՜ք, թագավորնե՛ր, Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր, Ես երգում եմ Տիրոջը. Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։ Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։ Սարերը հալվեցին Տիրոջ երեսից, Նույնիսկ Սինան՝ Իսրայելի Տեր Աստծու երեսից։ Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։ Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին, Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա, Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։ Նոր աստվածներ ընտրեցին, Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին. Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝ Իսրայելի քառասուն հազարի մեջ։ Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է. Ո՛վ ժողովրդի անձնվեր որդիներ, Օրհնեցե՛ք Տիրոջը։ Սպիտակ էշերին հեծնողնե՛ր, Գորգի վրա նստողնե՛ր Եվ ճանապարհներին գնացողնե՛ր, Երգեցե՛ք։ Աղեղնավորների ձայնից ավելի բարձր Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ, Գովաբանում են Տիրոջ հաղթանակները, Նրա գյուղացիների ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ, Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա, Վե՛ր կաց, Բարա՛կ, Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։ Այն ժամանակ վերապրողները Հաղթող դուրս եկան Իշխանավորների դեմ։ Տիրոջ ժողովուրդը գնաց հզորների դեմ։ Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է, Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական բռնողներ։ Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։ Եվ Իսաքարն էլ Բարակի պես Նրա ետևից հովիտ խուժեց. Ռուբենի տոհմերում Մեծ հուզմունք կար։ Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ, Որ հոտերի մայելը լսես։ Ռուբենի տոհմերում Մեծ տարակուսանք կար։ Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում, Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։ Ասերը նստում է ծովի եզերքում Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։ Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։ Թագավորները եկան, պատերազմեցին. Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ՝ Մակեդդովի ջրի մոտ. Փողի ավար իսկ չառան։ Երկնքից պատերազմեցին. Աստղերն իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին։ Կիսոնի հեղեղատը քշեց նրանց, Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։ Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց, Նրա զորավորների վազելուց։ - Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։ Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ, Կենեցի Քաբերի կինը, Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։ Ջուր ուզեց, կաթ տվեց, Կարագ մատուցեց իշխանների ամանով։ Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին, Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց, Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։ Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ, Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ. Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։ Պատուհանից նայում է և աղաղակում Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից. Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու, Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։ Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան. Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն. Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն. Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար, Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար, Գույնզգույն և նկարագործ ավար, Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։ Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։ Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա. նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։ Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։ Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։ Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով, Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից, ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի. և ձեզ ասացի. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք". բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։ Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։ Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։ Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։ Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։ Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։ Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։ Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։ Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։ Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։ Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։ Գեդեոնն իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Տերը։ Բայց իր հոր տնեցիներից և քաղաքի մարդկանցից վախենալով ցերեկն անել՝ գիշերն արեց։ Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։ Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ պրպտեցին, քննեցին, ու ասվեց, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։ Եվ քաղաքի մարդիկ Հովասին ասացին. «Դո՛ւրս բեր որդուդ, նա պետք է մեռնի, քանի որ քանդել է Բահաղի սեղանը և կտրել նրա մոտի Աստարովթը»։ Հովասը դեպի իրեն եկող բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դուք եք Բահաղի իրավունքը պաշտպանելու, կամ թե դո՞ւք եք նրան ազատելու. ով որ պաշտպանի նրա իրավունքը, թող մեռնի մինչև առավոտ. եթե նա աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։ Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։ Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ և Հորդանանից անցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։ Տիրոջ Հոգին իջավ Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, ու Աբիեզերի ցեղի մարդիկ հավաքվեցին նրա մոտ։ Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։ Եվ Գեդեոնն Աստծուն ասաց. «Եթե Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես, ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։ Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։ Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։ Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։ Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։ Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։ Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։ Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։ Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։ Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։ Եթե դու վախենում ես իջնել, քո ծառա Փուրայի հետ իջի՛ր բանակը, այդ ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում. և հետո քո ձեռքերը կզորանան, և կիջնես բանակը»։ Եվ Մադիամն իջավ, նա և իր ծառա Փուրան մտան բանակի առաջապահ գնդերի մոտ։ Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։ Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։ Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։ Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։ Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար ”»։ Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։ Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։ Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։ Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։ Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։ Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։ Եվ Եփրեմի որդիները նրան ասացին. «Այս ի՞նչ բան էր, որ մեզ արիր. առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու». և նրա հետ սաստիկ վիճեցին։ Եվ նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պես. մի՞թե Եփրեմի ճռաքաղն ավելի լավը չէ Աբիեզերի այգեկութից։ Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։ Եվ Գեդեոնը եկավ Հորդանան, և ինքն ու իր հետ եղած երեք հարյուր մարդիկ անցան գետը. թեև նվաղած էին, բայց հալածում էին թշնամուն։ Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։ Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։ Եվ Գեդեոնն ասաց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները պիտի ծեծեմ անապատի փշերով ու տատասկներով»։ Այնտեղից ելավ գնաց Փանուել, նրանց էլ այնպես ասաց. և Փանուելի մարդիկ պատասխանեցին Սոկքովթի մարդկանց տված պատասխանի պես։ Փանուելի մարդկանց էլ ասաց. «Երբ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։ Զեբեեն ու Սաղմանան Կարկարում էին, և նրանց բանակը նրանց հետ էր՝ արևելքի բնակիչների ամբողջ բանակից մնացածները՝ բոլորը միասին տասնհինգ հազարի չափ մարդ, և որոնք ընկել մեռել էին, հարյուր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։ Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։ Զեբեեն ու Սաղմանան փախան. Գեդեոնը նրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։ Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դարձավ Արեսի զառիվայրից։ Եվ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց ու նրան հարցրեց. սա գրեց նրա համար Սոկքովթի իշխաններին ու ծերերին՝ թվով յոթանասունյոթ մարդու։ Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։ Եվ նա քաղաքի ծերերին վերցրեց, անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով պատժեց Սոկքովթի մարդկանց։ Եվ Փանուելի աշտարակը քանդեց և կոտորեց քաղաքի մարդկանց։ Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։ Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։ Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։ Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։ Եվ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Թագավորի՛ր մեզ վրա, դու էլ, քո որդին էլ, քո որդու որդին էլ, որովհետև մեզ ազատեցիր Մադիամի ձեռքից»։ Գեդեոնը նրանց ասաց. «Ես չեմ թագավորի ձեզ վրա, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի. թող Տերը թագավորի ձեզ վրա»։ Հետո Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզնից մի բան եմ խնդրում. թող ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա» (որովհետև նրանք, իսմայելացի լինելով, ոսկե օղեր ունեին)։ Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։ Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։ Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։ Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։ Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։ Գեդեոնը յոթանասուն որդի ուներ՝ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։ Սյուքեմում ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։ Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։ Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։ Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։ Եվ Հերո-Բաաղի (այսինքն՝ Գեդեոնի) տան հետ կարեկցությամբ չվարվեցին այն ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։ Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով. «Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։ Եվ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերն ասացին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը դարձավ դեպի Աբիմելեքը, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»։ Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։ Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։ Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։ Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի. ծառերը գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն, և ձիթենուն ասացին. “Մեզ վրա թագավո՛ր եղիր”։ Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Եվ ծառերը թզենուն ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Եվ թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Այն ժամանակ ծառերն ասացին որթին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։ Այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։ Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։ Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր դարձրիք, և եթե Հերո-Բաաղին ու նրա տանը բարություն արեցիք, և եթե նրա ձեռքի գործերի համեմատ նրան հատուցում արեցիք. (որովհետև իմ հայրը պատերազմեց ձեզ համար և իր անձը չխնայեց և մեզ ազատեց Մադիամի ձեռքից, իսկ դուք այսօր դեմ կանգնեցիք իմ հոր տանը և նրա որդիներին՝ յոթանասուն մարդու, սպանեցիք մի քարի վրա և նրա աղախնի տղային՝ Աբիմելեքին, թագավոր դարձրիք Սյուքեմի բնակիչների վրա, ըստ այնմ, որ ձեր եղբայրն էր). եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար. ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։ Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր և վախենալով իր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։ Աբիմելեքն Իսրայելի վրա իշխեց երեք տարի։ Եվ Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչները նենգությամբ վարվեցին Աբիմելեքի հետ, որպեսզի Հերո-Բաաղի յոթանասուն որդիներին արած անիրավությունը գա, և նրանց արյունն իրենց եղբոր՝ Աբիմելեքի վրա հասնի, որը սպանել էր նրանց. և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը՝ իր եղբայրներին սպանելու համար։ Սյուքեմի բնակիչները նրա համար դարաններ պատրաստեցին սարերի գլուխներին և կողոպտում էին իրենց մոտով անցնող բոլոր մարդկանց։ Եվ այս բանն իմաց տվեցին Աբիմելեքին։ Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։ Եվ դուրս եկան դաշտ ու քաղեցին իրենց այգիների խաղողը և հնձաններում կոխելով՝ ուրախություն արեցին, մտան իրենց Աստծու տունը, կերան ու խմեցին և Աբիմելեքին անիծեցին։ Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։ Երանի թե այս ժողովուրդն անցներ իմ ձեռքի տակ, և ես Աբիմելեքին հեռացնեի»։ Եվ Աբիմելեքին ասաց. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ»։ Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց։ Նա խորամանկ կերպով պատգամավորներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը հանում են քո դեմ։ Հիմա դու և քեզ հետ եղած ժողովուրդը գիշերը վե՛ր կացեք, և դարա՛ն մտիր դաշտում։ Եվ առավոտը հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կաց ու հարձակվի՛ր քաղաքի վրա. և ահա երբ նա և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը դուրս գան քո դեմ, այն ժամանակ ձեռքիցդ եկածն արա՛ նրան»։ Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը գիշերը վեր կացան և չորս գնդով դարանակալեցին Սյուքեմից դուրս։ Աբեդի որդի Գաաղը դուրս եկավ և կանգնեց քաղաքի դռան առաջ. և Աբիմելեքն ու իր հետ եղած ժողովուրդը դուրս եկան դարաններից։ Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։ Եվ Գաաղը շարունակեց խոսքը և ասաց. «Ահա երկրի բարձր տեղից ժողովուրդ է իջնում, և մի գունդ էլ գալիս է Մեռնենիմի կաղնու ճանապարհով»։ Եվ Զեբուղը նրան ասաց. «Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե՝ “Աբիմելեքն ո՞վ է, որ մենք ծառայենք նրան”։ Ահա սա այն ժողովուրդն է, որ դու արհամարհեցիր. հիմա վե՛ր կաց և պատերազմի՛ր նրա դեմ»։ Եվ Գաաղը դուրս եկավ Սյուքեմի բնակիչների առաջ և պատերազմեց Աբիմելեքի դեմ։ Աբիմելեքը նրան հալածեց, և նա փախավ նրա առաջից, և շատերը մեռած ընկան մինչև դռան առաջը։ Աբիմելեքը բնակվեց Արումայում, և Զեբուղը Գաաղին ու նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեին։ Հետևյալ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ, և Աբիմելեքին իմաց տվեցին։ Նա վերցրեց իր ժողովրդին, բաժանեց երեք գնդի և դարանամուտ եղավ դաշտում. և տեսավ, որ ահա ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրանց վրա և ջարդեց նրանց։ Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։ Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։ Երբ այդ բանը լսեցին Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, մտան Էլ-Բերիթ աստծու տան բերդը։ Աբիմելեքին իմաց տվեցին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները հավաքվել են այնտեղ։ Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։ Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։ Հետո Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց Թեբեսը և վերցրեց այն։ Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար. քաղաքի բոլոր բնակիչները՝ տղամարդիկ ու կանայք, փախան այնտեղ, դուռը ներսից կողպեցին և ելան վեր՝ աշտարակի կտուրը։ Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։ Մի կին երկանաքարի մի կտոր գցեց Աբիմելեքի գլխին և կոտրեց նրա գագաթը։ Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։ Իսրայելի մարդիկ տեսան, որ Աբիմելեքը մեռավ, և ամեն մարդ գնաց իր տեղը։ Այսպես Աստված հատուցեց Աբիմելեքին այն չարիքի համար, որ նա արել էր իր հորը՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին։ Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարիքներն Աստված թափեց նրանց գլխին. և Հերո-Բաաղի որդի Հովաթամի անեծքը եկավ նրանց վրա։ Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։ Իսրայելում քսաներեք տարի դատավորություն արեց և մեռավ ու թաղվեց Սամիրում։ Նրանից հետո վեր կացավ գաղաադացի Հայիրը և քսաներկու տարի դատավորություն արեց Իսրայելում։ Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։ Եվ Հայիրը մեռավ ու թաղվեց Կամոնում։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։ Նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այդ տարվանից մինչև տասնութ տարի, այսինքն՝ Իսրայելի բոլոր այն որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում՝ Գաղաադում էին, ամորհացիների երկրում։ Նաև Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ պատերազմեն Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ. և Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին և ասացին. «Մեղք գործեցինք քո դեմ, որովհետև մեր Աստծուն թողեցինք և պաշտեցինք Բահաղիմին»։ Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թե ձեզ չազատեցի եգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։ Ձեզ նեղում էին նաև սիդոնացիները, ամաղեկացիները և մաոնացիները, և դուք աղաղակեցիք ինձ, և ես ձեզ ազատեցի նրանց ձեռքից։ Բայց դուք ինձ թողեցիք և ծառայություն արեցիք ուրիշ աստվածների. դրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։ Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջն ասացին. «Մենք մեղք գործեցինք, և ինչ որ հաճելի է քո աչքին, մեզ հետ արա՛, միայն թե, աղաչում ենք, ազատի՛ր մեզ այսօր»։ Եվ իրենց միջից վերցրին օտար աստվածներին ու ծառայեցին Տիրոջը. և նրա սիրտը վշտացավ Իսրայելի նեղության համար։ Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։ Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։ Գաղաադացի Հեփթայեն հզոր ու զորավոր մարդ էր. նա պոռնիկ մի կնոջ զավակ էր, և Հեփթայեի հայրը Գաղաադն էր։ Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց, և երբ այդ կնոջ զավակները մեծացան, Հեփթայեին հալածեցին և նրան ասացին. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չպիտի ունենաս, որովհետև դու մի օտար կնոջ զավակ ես»։ Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։ Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։ Եվ երբ Ամմոնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Հեփթայեին վերցնեն Տոբի երկրից։ Հեփթայեին ասացին. «Եկ մեզ համար զորապե՛տ դարձիր, որ մենք պատերազմենք Ամմոնի որդիների դեմ»։ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տնից. հիմա ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, երբ նեղության մեջ եք»։ Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։ Եվ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Եթե դուք ինձ վերադարձնեք Ամմոնի որդիների դեմ պատերազմելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, ես գլուխ կլինե՞մ ձեզ համար»։ Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։ Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։ Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ եկել ես ինձ մոտ՝ իմ երկրում պատերազմելու»։ Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։ Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ կրկին պատգամավորներ ուղարկեց։ Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը, որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ ասելով. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով". բայց Եդովմի թագավորը չլսեց։ Մովաբի թագավորի մոտ էլ դեսպաններ ուղարկեց, բայց նա էլ չթողեց, և Իսրայելը մնաց Կադեսի մեջ։ Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց. "Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով, մինչև գնամ իմ տեղը"։ Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։ Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։ Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։ Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։ Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։ Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։ Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։ Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։ Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։ Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։ Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես, և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։ Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։ Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։ Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։ Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։ Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։ Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։ Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։ Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։ Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։ Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը Ամմոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցանք. և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։ Ես էլ երբ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրեցի և գնացի Ամմոնի որդիների դեմ, և Տերը նրանց մատնեց իմ ձեռքը. ինչո՞ւ եք դուք այսօր եկել պատերազմելու իմ դեմ»։ Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։ Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։ Նրան ասում էին. «Ապա ասա՛ Շիբբոլեթ», և նա ասում էր՝ Սիբբոլեթ (որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել), և նրան բռնում էին ու սպանում Հորդանանի անցումներում. և այն ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ ընկավ։ Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում. և գաղաադացի Հեփթայեն մեռավ ու թաղվեց Գաղաադի քաղաքներից մեկում։ Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց բեթլեհեմացի Աբեսսանը։ Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։ Աբեսսանը մեռավ և թաղվեց Բեթլեհեմում։ Նրանից հետո զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր և տասը տարի դատավորություն արեց Իսրայելում։ Եվ զաբուղոնացի Ելոնը մեռավ ու թաղվեց Զաբուղոնի երկրում՝ Այեղոնի մեջ։ Նրանից հետո փարաթոնացի Հելլելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։ Նա քառասուն տղա և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ. և ինքն ութ տարի դատավորություն արեց Իսրայելում։ Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։ Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։ Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։ Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։ Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։ Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։ Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղան մոր արգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։ Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։ Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։ Կինը շուտ վազեց, իր մարդուն պատմեց և նրան ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որն այն օրը եկել էր ինձ մոտ»։ Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից. որթից դուրս եկած ոչ մի բան չուտի և գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի և իմ պատվիրած ամեն բանը պահի»։ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Աղաչում եմ, թող քեզ մի քիչ պահենք, այծերից մի ուլ պատրաստենք, դնենք քո առաջ»։ Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտելու, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջ համա՛ր զոհիր այն», որովհետև Մանուեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Անունդ ի՞նչ է, որպեսզի երբ խոսքդ կատարվի, քեզ պատվենք»։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը. այն սքանչելի է»։ Եվ Մանուեն վերցրեց ուլն ու հացի նվերը և ապառաժի վրա զոհաբերեց Տիրոջը. և հրեշտակը Մանուեի ոի նրա կնոջ աչքի առաջ հրաշք գործեց, որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։ Եվ Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը. այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ Եվ Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ պիտի մեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։ Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։ Եվ կինը մի որդի ծնեց և նրա անունը Սամփսոն դրեց. տղան մեծացավ, և Տերն օրհնեց նրան։ Եվ Տիրոջ Հոգին սկսեց նրան մղել՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը՝ Դանի բանակում։ Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։ Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։ Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։ Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։ Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։ Տիրոջ Հոգին իջավ Սամփսոնի վրա, և նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատռեն, և ձեռքին մի բան չկար. և իր հորն ու մորը չպատմեց, թե ինչ էր արել։ Եվ իջավ, այն կնոջ հետ խոսեց. և կինը հաճելի էր Սամփսոնի աչքին։ Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։ Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։ Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։ Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։ Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ, բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։ Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։ Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։ Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։ Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։ Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։ Եվ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա իջավ Ասկաղոն, նրանցից երեսուն մարդ սպանեց և նրանց հանդերձները վերցրեց ու տվեց հանելուկը բացատրողներին, և բարկությունը բորբոքվեց, ու նա գնաց իր հոր տուն։ Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։ Մի ժամանակ հետո՝ ցորենի հնձի օրերին, Սամփսոնը մի ուլ վերցրեց այծերից և գնաց իր կնոջն այցելության ու ասաց. «Գնամ ներքին սենյակը՝ կնոջս մոտ», բայց կնոջ հայրը նրան չթողեց, որ մտներ։ Եվ նրա հայրն ասաց. «Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր, և նրան տվի քո ընկերոջը։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է. հիմա թող նրա փոխարեն սա քեզ կին լինի»։ Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։ Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսների ագին կապեց ագու հետ, երկու ագիների մեջտեղը մի ջահ դրեց, ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։ Եվ փղշտացիներն ասացին. «Այս բանն ո՞վ արեց»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև նրա կնոջը նա վերցրեց և տվեց նրա ընկերոջը»։ Փղշտացիները վեր կացան և կնոջն ու նրա հորը կրակով այրեցին։ Իսկ Սամփսոնը նրանց ասաց. «Թեև դուք այդպես արեցիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզնից և հետո պիտի դադարեմ»։ Մեծ հարվածով ջարդեց նրանց սրունքներն ու երանքները և իջավ Ետամ, բնակվեց ապառաժի խոռոչում։ Փղշտացիները ելան ու բանակ դրեցին Հուդայի մեջ և տարածվեցին Լեքիի մեջ։ Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։ Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։ Նրան ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինձ երդո՛ւմ տվեք, որ ինձ չեք սպանի»։ Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։ Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիներն աղաղակելով դիմավորեցին նրան. Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, և նրա կռների վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան, և կապերը քանդվեցին ձեռքերից։ Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։ Եվ Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով մի խումբ, երկու խումբ՝ հազար մարդ սպանեցի էշի ծնոտով»։ Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը գցեց ձեռքից և այդ տեղի անունը կոչեց Ռամաթ-Լեքի։ Եվ շատ խիստ ծարավեց, Տիրոջն աղաղակեց և ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավից մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։ Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։ Սամփսոնը գնաց Գազա և այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ։ Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։ Իսկ Սամփսոնը մինչև կեսգիշեր քնեց և կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգի հետ մեկտեղ հանեց և դրանք վերցնելով ուսերի վրա՝ տարավ Քեբրոնի դիմացի սարի գլուխը։ Դրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ. նրա անունը Դալիլա էր։ Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ և նրան ասացին. «Նրան խաբի՛ր և տե՛ս, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք և տկարացնենք, և մենք՝ ամեն մեկս, քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։ Եվ Դալիլան Սամփսոնին ասաց. «Աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե քո մեծ զորությունն ինչո՛ւմ է, և քեզ տկարացնելու համար ինչո՞վ պետք է կապել»։ Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ հատ չչորացած, դալար ջիլերով, կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ Եվ փղշտացիների նախարարները նրա համար յոթ հատ չչորացած, դալար ջիլեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան։ Եվ նրա մոտ՝ ներքին սենյակում, դարանակալներ էին նստել։ Եվ կինը նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». այն ժամանակ նա ջիլերը կտրտեց, ինչպես կկտրտեն կրակի հոտ առած խծուծից շինած լարը, և նրա ուժը չիմացվեց։ Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. հիմա աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա ասաց նրան. «Եթե ինձ նոր և չգործածված չվաններով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։ Դալիլան նոր չվաններ վերցրեց, դրանցով նրան կապեց և նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». (իսկ դարանակալները նստել էին ներքին սենյակում). այն ժամանակ նա դրանք դերձանի պես կտրտեց իր բազուկներից։ Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա նրան ասաց. «Եթե գլխիս յոթ բաժին մազերը հենքի թելերով հյուսես»։ Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։ Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։ Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան, նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասաց նրան. «Իմ գլխին ածելի չի դիպել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծու ուխտավոր եմ. եթե ածիլվեմ, իմ ուժն ինձնից կգնա, և ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես»։ Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. «Այս անգամ եկե՛ք վերև, որովհետև իր սրտի մեջ եղած ամեն ինչ հայտնել է ինձ»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները գնացին վերև՝ նրա մոտ, և արծաթն էլ բերեցին իրենց ձեռքին։ Դալիլան նրան քնեցրեց իր ծնկների վրա և մի մարդ կանչեց ու նրա գլխի յոթ բաժին մազերն ածիլել տվեց, և սկսեց նրան նեղել. ու նրա ուժը գնացել էր իրենից։ Կինն ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա, քնից զարթնելով, ասաց. «Դուրս գամ և առաջվա անգամների պես թոթափվեմ», բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։ Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին և նրան տարան ցած՝ Գազա, կապեցին պղնձե կապերով, և բանտում աղում էր։ Նրա գլխի մազն ածիլվելուց հետո սկսեց բուսնել։ Փղշտացիների նախարարները հավաքվեցին, որ իրենց աստծուն՝ Դագոնին, մեծ զոհ մատուցեն և ուրախություն անեն. և ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։ Եվ ժողովուրդը, նրան տեսնելով, գովեց իր աստծուն, որովհետև ասացին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ մեր երկիրը քանդողին ու մեզնից շատերին սպանողին, մեր ձեռքը մատնեց»։ Եվ երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե՛ք, որ պարի մեր առաջ»։ Սամփսոնին կանչեցին բանտից, և պարում էր նրանց առաջ. և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։ Տունը լիքն էր մարդկանցով՝ տղամարդիկ ու կանայք, և փղշտացիների բոլոր նախարարներն այնտեղ էին, և տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամփսոնի պարելուն։ Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, Տե՛ր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ, ո՛վ Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ո՛ւժ տուր, որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժն առնեմ միանգամից»։ Եվ Սամփսոնն այն տունը կրող միջի սյուները բռնեց՝ մեկն աջ ձեռքով և մյուսը ձախ ձեռքով, և կռթնեց նրանց վրա։ Եվ Սամփսոնն ասաց. «Իմ անձն էլ թող մեռնի փղշտացիների հետ», և ամբողջ ուժով ծռեց, ու տունը փլվեց ընկավ նախարարների վրա և մեջը եղած ամբողջ ժողովրդի վրա. և իր մեռնելով սպանածներն ավելի շատ էին իր կենդանության ժամանակ սպանածներից։ Նրա եղբայրները և նրա հոր ամբողջ տունն իջան և նրան վերցրին ու տարան դուրս և թաղեցին նրան իր հոր՝ Մանուեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի։ Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։ Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։ Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։ Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։ Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեց իր համար։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։ Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։ Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։ Եվ Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա նրան ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմից և գնում եմ պանդխտանալու, ուր որ տեղ գտնեմ»։ Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։ Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։ Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։ Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. և այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր որոնում, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր ընկել։ Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։ Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։ Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։ Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։ Եվ քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջ է»։ Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։ Եվ այդ հինգ մարդը գնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչ ասելիք ունեք »։ Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։ Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։ Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։ Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։ Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։ Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։ Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։ Իսկ Դանի որդիներից այն վեց հարյուր սպառազինված մարդիկ կանգնեցին դռան մուտքի մոտ։ Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղ և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։ Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։ Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։ Եվ նրանք ետ դարձան գնացին, և՛ ընտանիքները, և՛ անասունները, և՛ թանկագին կարասիները դրեցին իրենց առաջ։ Երբ նրանք Միքայի տնից հեռացան, Միքայի տան մոտ եղած տների մարդիկ հավաքվեցին և Դանի որդիներին հասան. կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։ Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։ Դանի որդիները նրան ասացին. «Մեր մեջ էլ քո ձայնը չլսվի, թե չէ գուցե բարկասիրտ մարդիկ հարձակվեն ձեզ վրա, և քո կյանքն ու քո ընտանիքի կյանքը կորցնես»։ Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։ Իսկ նրանք Միքայի շինածներն ու նրա քահանային վերցրին և գնացին Լայիսի վրա՝ այն հանգիստ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի բերան քաշեցին և քաղաքը կրակով այրեցին։ Նրանք, Սիդոնից հեռու լինելով և ոչ մի մարդու հետ գործ չունենալով, իրենց ազատող չկար. այն քաղաքը Բեթ-Րոոբի հովտում էր. և քաղաքը վերաշինեցին ու բնակվեցին նրա մեջ։ Եվ քաղաքի անունն իրենց հոր՝ Իսրայելի որդի Դանի անունով կոչեցին Դան, բայց քաղաքի անունն առաջ Լայիս էր։ Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։ Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։ Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, մի ղևտացի պանդուխտ կար, որ բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանի կողմերում. նա Հուդայի Բեթլեհեմից մի հարճ առավ իր համար։ Նրա հարճը նրա դեմ շնություն արեց և նրա մոտից գնաց իր հոր տուն՝ Հուդայի Բեթլեհեմ, և մոտ չորս ամիս մնաց այնտեղ։ Նրա ամուսինը վեր կացավ գնաց նրա ետևից, որ քաղցրությամբ խոսի նրա հետ և նրան ետ բերի. նրա հետ էին իր ծառան և էլի երկու մարդ. և կինը նրան տարավ իր հոր տուն. երբ աղջկա հայրը տեսավ նրան, ուրախությամբ նրան դիմավորեց։ Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։ Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։ Նրանք նստեցին, և երկուսը միասին կերան ու խմեցին, և աղջկա հայրն այն մարդուն ասաց. «Աղաչում եմ, այս գիշե՛ր էլ այստեղ մնա, և թող սիրտդ զվարճանա»։ Այն մարդը վեր կացավ, որ գնա, բայց իր աները նրան ստիպեց, և նա ետ դարձավ ու գիշերը մնաց այնտեղ։ Հինգերորդ օրն առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, աղջկա հայրն ասաց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրո՛ւ». և երկուսը միասին կերան և ուշացան, մինչև որ օրը թեքվեց։ Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։ Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։ Երբ մոտեցան Հեբուսին, օրն արդեն շատ էր անցել, և ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ ճանապարհը ծռենք ու գնանք այս հեբուսացիների քաղաքը և գիշերն այնտեղ մնանք»։ Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։ Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ այն տեղերից մեկին մոտենանք և գիշերը մնանք Գաբաայի կամ Ռամայի մեջ»։ Եվ անցան գնացին ու երբ մոտեցան Բենիամինի Գաբաային, արեգակը մայր մտավ։ Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։ Եվ ահա իրիկունն արտից՝ իր գործից, մի ծեր մարդ էր գալիս. նա Եփրեմի լեռնային շրջանից էր և պանդուխտ էր Գաբաայի մեջ. իսկ այդտեղի բնակիչները Բենիամինի ցեղից էին։ Երբ նա աչքերը բարձրացրեց և ճանապարհորդ մարդուն տեսավ քաղաքի հրապարակում, ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։ Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթլեհեմից անցնում ենք մինչև Եփրեմի լեռնային շրջանի կողմերը. ես այնտեղացի եմ և գնացի մինչև Հուդայի Բեթլեհեմ ու հիմա Տիրոջ տունն եմ գնում. և ինձ իր տունն ընդունող մի մարդ չկա։ Բայց մեր էշերի համար հարդ ու կեր կա, և ինձ համար, քո աղախնի համար և քո ծառաների հետ գտնվող պատանու համար հաց ու գինի ունեմ, ոչ մի բան պակաս չէ»։ Այն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ. քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը մի՛ մնա հրապարակում»։ Եվ նրան տարավ իր տուն ու էշերին կեր տվեց. և նրանք իրենց ոտքերը լվանալուց հետո կերան ու խմեցին։ Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։ Եվ տան տեր այն մարդը դուրս ելավ նրանց մոտ ու նրանց ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, աղաչում եմ, չարիք մի՛ արեք. այս մարդու իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի՛ արեք։ Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։ Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։ Առավոտվա դեմ կինը վերադարձավ և գալով ընկավ այն մարդու տան դռան առաջ, ուր որ իր տերն էր, մինչև լույսը բացվեց։ Նրա տերն առավոտը վեր կացավ, տան դռները բացեց, որ դուրս գա և գնա իր ճանապարհը, և ահա այն կինը՝ իր հարճը, ընկած էր տան դռան առաջ, և ձեռքերը սեմի վրա էին։ Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք». բայց պատասխան տվող չկար։ Այն ժամանակ նրան դրեց իր էշի վրա և վեր կացավ ու գնաց իր տեղը։ Երբ իր տունը հասավ, մի դանակ վերցրեց, բռնեց իր հարճին և ոսկոր առ ոսկոր կոտորեց նրան, տասներկու կտոր արեց և ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները։ Եվ բոլոր տեսնողներն ասում էին. «Այսպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել է Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալու օրից մինչև այսօր. մտածե՛ք սրա մասին, խորհո՛ւրդ արեք և որոշե՛ք»։ Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։ Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։ Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։ Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։ Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։ Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։ Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։ Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։ Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։ Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։ Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։ Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։ Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։ Եվ Բենիամինի որդիներն իրենց քաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։ Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։ Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։ Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։ Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։ Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։ Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։ Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։ Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։ Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։ Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։ Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։ Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր. և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։ Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։ Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։ Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։ Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։ Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։ Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։ Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։ Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։ Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։ Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։ Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։ Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։ Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։ Այսպես պաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։ Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ Մնացածները դարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։ Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։ Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։ Իսրայելի մարդիկ Մասփայում երդվել էին և ասել. «Մեզնից ոչ ոք իր աղջկան բենիամինցու կին չտա»։ Ժողովուրդը գնաց Բեթել, և այնտեղ Աստծու առաջ մինչև իրիկուն նստեցին և իրենց ձայնը բարձրացնելով՝ մեծ ողբով լաց եղան։ Եվ ասացին. «Ո՛վ Իսրայելի Տեր Աստված, ինչո՞ւ պատահեց այս բանն Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելից պակաս է մեկ ցեղ»։ Հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, և այնտեղ սեղան շինեցին և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։ Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ հավաքի հետ չի գնացել Տիրոջ առաջ», որովհետև Տիրոջ առաջ՝ Մասփա չգնացող մարդու համար մեծ երդում էին տվել՝ ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնի։ Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։ Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։ Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։ Ստուգեցին ժողովրդին, և ահա նրանց մեջ Գաղաադի Հաբիսի բնակիչներից ոչ մի մարդ չգտնվեց։ Այն ժամանակ ժողովուրդը խիստ զորավոր մարդկանցից տասներկու հազար մարդ ուղարկեց այնտեղ, և նրանց պատվիրելով ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիսի բնակիչներին սրի բերա՛ն քաշեք՝ կանանց էլ, մանուկներին էլ։ Եվ այս է լինելու ձեր անելիքը, որ կոտորեք ամեն մի այր մարդու և տղամարդու անկողին ճանաչած ամեն մի կնոջ»։ Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։ Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։ Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։ Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։ Եվ ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք մնացածներին կանայք տալու համար, որովհետև Բենիամինի կանայք ոչնչացել են»։ Եվ ասացին. «Բենիամինի ողջ մնացած որդիների համար թող մնա իրենց ժառանգությունը, որպեսզի Իսրայելից մի ցեղ բնաջինջ չլինի։ Իսկ մենք մեր աղջիկներից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիները երդում են տվել՝ ասելով. “Բենիամինին կին տվողն անիծյալ լինի”»։ Եվ ասացին. «Ահա ամեն տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսային կողմում է, և Բեթելից Սյուքեմ գնացող ճանապարհի արևելյան կողմում, և Ղեբոնայի հարավային մասում»։ Եվ Բենիամինի որդիներին պատվիրելով՝ ասացին. «Գնացե՛ք, թաքնվե՛ք այգիներում, և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։ Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։ Բենիամինի որդիներն այդպես էլ արեցին. իրենց թվի համեմատ կանայք հափշտակելով պար բռնածներից՝ վերցրին և գնացին, վերադարձան իրենց ժառանգությունը և քաղաքներ շինեցին ու բնակվեցին դրանց մեջ։ Այն ժամանակ Իսրայելի որդիները՝ ամեն մարդ, այնտեղից իր ցեղի և իր ազգատոհմի մոտ գնաց, և ամեն մարդ այնտեղից գնաց դեպի իր ժառանգությունը։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։ Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։ Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։ Եվ Նոեմիի մարդը՝ Ելիմելեքը, մեռավ, և նա մնաց իր երկու որդիների հետ, որոնք իրենց համար մովաբացի կանայք առան. մեկի անունը Որփա էր, իսկ մյուսի անունը՝ Հռութ. և նրանք մոտ տասը տարի մնացին այնտեղ։ Մաալոնն ու Քելլոնը երկուսն էլ մեռան, և այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։ Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։ Եվ նա իր ապրած տեղից դուրս եկավ իր երկու հարսների հետ, և ճանապարհ ընկան Հուդայի երկիրը վերադառնալու համար։ Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։ Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ հանգստություն գտնի իր մարդու տանը»։ Համբուրեց նրանց, և նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, լաց եղան։ Եվ նրան ասացին. «Մենք անպատճառ քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։ Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, որովհետև ես պառաված եմ, այլևս մարդու չեմ գնալու. եթե ասեի, թե հույս ունեմ հենց այս գիշեր կարգվելու և որդիներ էլ ծնելու, դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։ Եվ նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, դարձյալ լաց եղան։ Եվ Որփան համբուրեց իր սկեսուրին, իսկ Հռութը մնաց նրա մոտ։ Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։ Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։ Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։ Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։ Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։ Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։ Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ Նա գնաց ու մտնելով մի արտի մեջ՝ հնձվորների ետևից հասկ էր հավաքում. և այնպես պատահեց, որ նա մտավ այն արտը, որ Բոոսինն էր՝ Ելիմելեքի ազգատոհմից։ Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։ Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված պատանուն ասաց. «Ո՞ւմն է այս աղջիկը»։ Հնձվորների վերակացու պատանին պատասխանեց և ասաց. «Նոեմիի հետ Մովաբի երկրից եկած մովաբացի աղջիկն է։ Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա և միայն հիմա մի քիչ նստեց տանը»։ Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։ Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից »։ Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։ Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։ Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։ Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։ Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ, Բոոսը հեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։ Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։ Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։ Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։ Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։ Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։ Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։ Եվ մովաբացի Հռութն ասաց. «Ինձ ասաց նաև, թե՝ “Իմ պատանիների մոտից չբաժանվես, մինչև որ նրանք իմ ամբողջ հունձը չվերջացնեն”»։ Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։ Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։ Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։ Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։ Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ Հռութը նրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։ Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։ Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ. Հռութը կամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։ Եվ կեսգիշերին մարդը վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին էր պառկել։ Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։ Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։ Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։ Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։ Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ »։ Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։ Եվ Հռութը բռնեց այն, և նա վեց չափ գարի չափեց ու նրա շալակը տվեց։ Ինքն էլ քաղաք գնաց։ Հռութը վերադարձավ իր սկեսուրի մոտ։ Նա ասաց. «Աղջի՛կս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, թե ինչ էր արել այդ մարդն իրեն. և ասաց. «Նա այս վեց չափ գարին ինձ տվեց ու ասաց. “Քո սկեսուրի մոտ դատարկ չգնաս”»։ Եվ Նոեմին ասաց. «Աղջի՛կս, նստի՛ր, մինչև որ իմանաս, թե այս գործը ինչպես պիտի վերջանա, որովհետև այդ մարդը մինչև որ այս գործը չվերջացնի այսօր, չի հանգստանալու»։ Բոոսը ելավ դռան մոտ ու նստեց այնտեղ, և ահա անց էր կենում այն ազգականը, որի մասին ասել էր Բոոսը։ Բոոսը նրան ասաց. «Ո՜վ (այսինչ) մարդ, եկ այստեղ նստի՛ր»։ Եվ նա դարձավ ու նստեց։ Այն ժամանակ Բոոսը քաղաքի ծայրերից տասը մարդ վերցրեց և ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։ Հետո այն ազգականին ասաց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որը վերադարձել է Մովաբի երկրից։ Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։ Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։ Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։ Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։ Եվ երբ ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։ Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։ Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։ Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։ Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։ Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։ Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։ Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։ Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։ Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, Եսրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։ Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։ Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։ Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։ Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին, իսկ Աննային երևելի բաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։ Բայց նրա նախանձորդը՝ Փենանան, վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։ Եղկանան այդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան նույնպես վշտացնում էր նրան, և Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։ Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։ Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ). և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։ Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։ Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։ Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։ Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։ Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։ Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։ Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։ Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։ Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։ Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։ Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։ Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։ Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։ Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։ Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։ Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։ Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։ Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։ Աննան աղոթեց և ասաց. «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով, Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը, Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ, Քանզի քո փրկությամբ ուրախացա։ Տիրոջ նման սուրբ չկա, Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա, Եվ վեմ չկա մեր Աստծու նման։ Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք, Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից, Քանզի Տերն է գիտությունների Աստվածը, Եվ նա է կշռում գործերը։ Կոտրվեցին զորավորների աղեղները, Իսկ տկարները ուժ առան։ Կուշտերը վարձկան դարձան հացի համար, Իսկ սովածները դադարեցին սովելուց, Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց, Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։ Տերն է մեռցնողը և կենդանացնողը, Գերեզման իջեցնողը և վեր հանողը։ Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը, Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։ Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։ Նա է պահում իր սրբերի ոտքերը, Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։ Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։ Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։ Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։ Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին, և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։ Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։ Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, և հետո սրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։ Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։ Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։ Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։ Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։ Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։ Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։ Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։ Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։ Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։ Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանը ծառա էին, և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։ Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։ Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։ Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։ Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։ Բայց քո սերնդի ամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համար պիտի մնա, իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։ Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։ Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։ Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. "Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ"”»։ Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։ Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։ Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։ Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։ Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։ Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։ Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։ Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։ Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։ Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։ Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։ Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։ Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։ Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։ Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։ Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ Եվ Հեղին ասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։ Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։ Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։ Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։ Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։ Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։ Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։ Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։ Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի, փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։ Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։ Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։ Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։ Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։ Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։ Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։ Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։ Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։ Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։ Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։ Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։ Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։ Եվ այդ տղայի անունը Իքաբոդ դրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։ Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։ Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։ Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։ Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։ Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։ [Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։ Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։ Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։ Մարդ ուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցին Գեթ։ Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։ Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։ Մարդ ուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։ Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։ Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։ Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։ Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։ Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։ Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։ Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որ Աստծու՝ նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։ Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։ Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։ Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։ Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։ Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։ Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։ Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։ Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։ Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։ Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։ Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։ Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։ Եվ Տերը հարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։ Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։ Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։ Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։ Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։ Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։ Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։ Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։ Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։ Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։ Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։ Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։ Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։ Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։ Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր ՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։ Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։ Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։ Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։ Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։ Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։ Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։ Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։ Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։ Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։ Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։ Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։ Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։ Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։ Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։ Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։ Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար, դնելու է իր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։ Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։ Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։ Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։ Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։ Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։ Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։ Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։ Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։ Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։ Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։ Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։ Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։ Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։ Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։ Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայց այնտեղ էլ չկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։ Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։ Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։ Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։ Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։ (Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։ Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։ Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։ Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։ Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։ Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։ Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։ Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։ Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։ Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևից գնա՛ բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։ Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագն ո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։ Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։ Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։ Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։ Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։ Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, և Սամուելը կտուրի վրա խոսեց Սավուղի հետ։ Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։ Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի (և նա առաջ անցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։ Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։ Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։ Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։ Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։ Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։ Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդ կդառնաս։ Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։ Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։ Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։ Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։ Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։ Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։ Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։ Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”, բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։ Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։ Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։ Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։ Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։ Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։ Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։ Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։ Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։ Ամմոնացի Նաասը գնաց դեպի վեր և բանակ դրեց Գաղաադի Հաբիսի դիմաց. և Հաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք քեզ կծառայենք»։ Բայց ամմոնացի Նաասը նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ ձեր բոլորի աջ աչքը հանեմ և դրանով նախատինք դնեմ ամբողջ Իսրայելի վրա»։ Եվ Հաբիսի ծերերը նրան ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ ազատող չլինի, այն ժամանակ մենք կհանձնվենք քեզ»։ Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։ Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։ Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։ Եվ Սավուղը նրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։ Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։ Հաբիսի բնակիչներն ասացին ամմոնացիներին. «Վաղը կհանձնվենք ձեզ, և ինչ հաճելի է ձեզ, այն էլ արե՛ք մեզ հետ»։ Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։ Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Ո՞վ էր ասում, թե Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի. այդ մարդկանց մե՛զ տվեք, որ մեռցնենք»։ Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։ Եվ Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա և այնտեղ վերահաստատենք թագավորությունը»։ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։ Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։ Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։ Ահա ես այստեղ եմ. Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել. ասացե՛ք, և ես կվերադարձնեմ ձեզ»։ Եվ ասացին. «Մեզ չես զրկել և անիրավություն չես արել և ոչ մի մարդու ձեռքից ոչ մի բան չես վերցրել»։ Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։ Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։ Եվ հիմա կանգնե՛ք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։ Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։ Բայց նրանք մոռացան իրենց Տեր Աստծուն, և նա էլ նրանց մատնեց Հասորի զորապետ Սիսարայի ձեռքը, փղշտացիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմում էին նրանց դեմ։ Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։ Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովության մեջ։ Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։ Եվ հիմա ահա այն թագավորը, որին ընտրեցիք և ուզեցիք. և ահա Տերը թագավոր դրեց ձեզ վրա։ Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։ Բայց եթե չհնազանդվեք նրա ձայնին և դեմ կանգնեք Տիրոջ հրամանին, այն ժամանակ Տիրոջ ձեռքը պիտի ծանրանա ձեզ վրա, ինչպես որ ձեր հայրերի վրա։ Եվ հիմա կանգնե՛ք և տեսե՛ք այն մեծ բանը, որ Տերը պիտի անի ձեր աչքերի առաջ։ Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։ Այն ժամանակ Սամուելն աղաղակեց Տիրոջը, և Տերը նույն օրը որոտ ու անձրև տվեց, և ամբողջ ժողովուրդը խիստ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։ Եվ ամբողջ ժողովուրդը Սամուելին ասաց. «Քո Տեր Աստծուն աղո՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեր բոլոր մեղքերի վրա այս չարիքն էլ ավելացրինք, որ թագավոր ուզեցինք մեզ համար»։ Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։ Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։ Իսկ Տերը իր մեծ անվան համար չի լքի իր ժողովրդին, քանզի Տերն է ուզել, որ ձեզ դարձնի իր ժողովուրդը։ Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։ Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։ Իսկ եթե շարունակեք չարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։ Սավուղը.... տարեկան էր, երբ թագավոր եղավ։ Եվ երբ Իսրայելում երկու տարի թագավորեց, Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։ Եվ Հովնաթանը ջարդեց փղշտացիների պահապան զորքերին, որ Գաբաայում էին, և փղշտացիները լսեցին այդ մասին։ Եվ Սավուղը փող փչել տվեց ամբողջ երկրում և ասաց. «Եբրայեցիները թող լսեն»։ Եվ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը ջարդել է փղշտացիների պահապան զորքերին, և Իսրայելն ատելի է դարձել փղշտացիներին. և ժողովուրդը հավաքվեց Գաղգաղայում՝ Սավուղի մոտ։ Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։ Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։ Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։ Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։ Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։ Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։ Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում, այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։ Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։ Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։ Եվ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը և նրանց հետ եղած մարդիկ հաստատվեցին Բենիամինի Գաբաայում, իսկ փղշտացիների բանակը Մաքմասում էր։ Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը, մի ուրիշ գունդ ուղղվեց դեպի Բեթորոնի ճանապարհը, իսկ երրորդ գունդն ուղղվեց դեպի անապատ, որը սահմանի ճանապարհին նայում է դեպի Սեբոյիմի հովիտը։ Եվ ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չէր գտնվում, որովհետև փղշտացիներն ասել էին. «Չթողնենք, որ եբրայեցիները սուր ու նիզակ շինեն»։ Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։ Բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների ու կացինների բերանները կամ խթանները սրելու խարտոց ունեին։ Եվ եղավ այնպես, որ պատերազմի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղած ժողովրդի ձեռքին ո՛չ սուր կար և ո՛չ էլ նիզակ. միայն Սավուղի և նրա որդի Հովնաթանի մոտ կար։ Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։ Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։ Եվ Սավուղը նստած էր Գաբաայի սահմանագլխին՝ Մագրոնում, նռնենու տակ, և նրա հետ եղած ժողովուրդը վեց հարյուր մարդ էր։ Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու՝ Փենեհեսի որդու՝ Իքաբոդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան էր, որը եփուդ էր հագնում. և ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։ Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։ Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։ Եվ Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք այս անթլփատների պահապան զորքի մոտ, գուցե Տերը մի բան անի մեզ համար. չէ՞ որ Տիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ»։ Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։ Եվ Հովնաթանն ասաց. «Հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ. թող երևանք նրանց։ Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։ Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։ Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։ Եվ պահապան զորքից Հովնաթանին ու նրա զինակրին պատասխանեցին և ասացին. «Բարձրացե՛ք մեզ մոտ, մենք ձեզ բան ունենք հաղորդելու». և Հովնաթանն իր զինակրին ասաց. «Իմ ետևից վե՛ր ելիր, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ձեռքը»։ Եվ Հովնաթանը ձեռքերով ու ոտքերով մագլցեց. նրա զինակիրն էլ՝ նրա ետևից. և փղշտացիներն ընկնում էին Հովնաթանի առջև. նրա զինակիրն էլ նրա ետևից էր սպանում։ Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։ Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։ Եվ Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն զորքը հալվում է և գնալով ցրվում։ Եվ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. «Նայե՛ք և տեսե՛ք, թե ով է մեզնից գնացել». նայեցին, և տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինակիրը չկան։ Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. «Մոտեցրո՛ւ Աստծու տապանակը» (այդ ժամանակ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)։ Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։ Եվ Սավուղն ու իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ և գնացին մինչև պատերազմի դաշտ. և ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ, և շատ մեծ խռովություն կար։ Եվ այն եբրայեցիները, որոնք առաջ փղշտացիների հետ էին, և որոնք շրջակա երկրներից նրանց հետ բանակ էին եկել, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։ Եվ Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում, լսեցին, որ փղշտացիները փախչում են, և նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։ Եվ այդ օրը Տերը ազատեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթավան։ Այդ օրը Իսրայելի մարդիկ տագնապեցին, որովհետև Սավուղը ժողովրդին երդվել էր տվել և ասել. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ». և ամբողջ ժողովուրդը բերանը հաց չդրեց։ Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անտառ, որտեղ գետնի վրա մեղր կար։ Եվ երբ ժողովուրդը անտառ մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ձեռքը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։ Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։ Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց և ասաց. «Հայրդ ժողովրդին երդվել է տվել՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի”»։ Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։ Բայց եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, փղշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ» ։ Եվ այդ օրը փղշտացիներին հարվածեցին Մաքմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։ Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։ Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։ Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։ Սավուղը Տիրոջ համար զոհասեղան շինեց, և սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։ Բայց Սավուղն ասաց. «Գիշերը իջնենք, հետապնդենք փղշտացիներին, մինչև առավոտ՝ լույսը բացվելը, նրանց կողոպտենք և նրանցից ոչ մի մարդ չթողնենք». և նրանք ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Եվ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։ Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։ Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է, քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։ Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։ Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը »։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։ Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։ Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։ Եվ Սավուղն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի. դու, Հովնաթա՛ն, այսօր անպատճառ պիտի մեռնես»։ Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։ Եվ Սավուղը վերադարձավ փղշտացիներին հետապնդելուց, փղշտացիներն էլ գնացին իրենց տեղը։ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։ Նա քաջություն արեց և զարկեց Ամաղեկին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ձեռքից։ Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։ Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։ Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդիներն էին։ Եվ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատերազմ կար փղշտացիների դեմ, և Սավուղն իր տեսած ամեն մի ուժեղ մարդու և ամեն մի քաջ մարդու հավաքում էր իր մոտ։ Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։ Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։ Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։ Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։ Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։ Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։ Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։ Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով. «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։ Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։ Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։ Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։ Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։ Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։ Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։ Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։ Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։ Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։ Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։ Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ. քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ է մերժել, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։ Երբ Սամուելը ետ դարձավ, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրից, որը պատռվեց։ Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։ Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։ Եվ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջ և Իսրայելի առաջ պատվի՛ր ինձ և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ քո Տեր Աստծուն»։ Եվ Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը երկրպագություն արեց Տիրոջը։ Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։ Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։ Եվ Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը վեր գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա։ Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, սակայն Սամուելը սուգ էր անում Սավուղի համար. և Տերը զղջաց, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։ Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։ Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի»։ Եվ Տերն ասաց. «Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝ “Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու”։ Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։ Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։ Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է, եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։ Սրբվեցե՛ք և ինձ հետ եկե՛ք զոհաբերության». և Հեսսեին ու նրա որդիներին սրբվել տվեց և նրանց հրավիրեց զոհաբերության։ Եվ երբ նրանք եկան, Եղիաբին տեսնելուն պես ասաց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։ Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. « Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։ Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։ Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։ Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան։ Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. «Ահա Աստծու կողմից մի չար ոգի նեղում է քեզ. թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։ Եվ Սավուղն իր ծառաներին ասաց. «Հիմա ինձ համար մի լավ քնարահա՛ր գտեք և նրան ինձ մո՛տ բերեք»։ Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որ քնար նվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։ Եվ Սավուղը պատգամավորներ ուղարկեց Հեսսեի մոտ և ասաց. «Քո որդի Դավթին, որ ոչխարների մոտ է, ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հեսսեն մի էշի վրա բեռնեց հաց, մի տիկ գինի և այծերից մի ուլ և իր որդի Դավթի միջոցով ուղարկեց Սավուղին։ Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. և Սավուղը շատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։ Եվ Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։ Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։ Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։ Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։ Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։ Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։ Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։ Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։ Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։ Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։ Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։ Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։ Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։ Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։ Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։ Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։ Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։ Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։ Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։ Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։ Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։ Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։ Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։ Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։ Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։ Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։ Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։ Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։ Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։ Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։ Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։ Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։ Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։ Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։ Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։ Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։ Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։ Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։ Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։ Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։ Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։ Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։ Եվ նույն օրը Սավուղը նրան պահեց իր մոտ և չթողեց, որ նա վերադառնար իր հոր տուն։ Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։ Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։ Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։ Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։ Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, Դավիթը՝ իր բյուրավորներին»։ Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։ Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։ Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքով քնար էր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։ Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։ Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։ Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։ Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։ Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։ Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղն ինքն իրեն ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ կյանքը, և իմ հոր ազգատոհմը Իսրայելի մեջ, որ թագավորի փեսա դառնամ»։ Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։ Սավուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դավթին. և երբ հայտնեցին Սավուղին, դա հաճելի եղավ նրան։ Եվ Սավուղը մտածեց. «Ես աղջկաս նրան տամ, որ նրա համար որոգայթ դառնա, և փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այսօր դու ինձ փեսա՛ եղիր իմ երկրորդ աղջկա համար»։ Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։ Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։ Սավուղի ծառաները նրան հաղորդեցին և ասացին, թե Դավիթն այսպես ասաց։ Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։ Եվ երբ այս խոսքերը նրա ծառաները հայտնեցին Դավթին, Դավթին էլ հաճելի թվաց, որ թագավորին փեսա դառնար։ Նշանակված օրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։ Եվ երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և իր Մեղքող աղջիկն էլ սիրում է նրան, Սավուղն առավել ևս վախեցավ Դավթից. և Սավուղը միշտ թշնամություն էր անում Դավթին։ Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. երբ նրանք դուրս էին գալիս, Դավիթը Սավուղի բոլոր ծառաներից ավելի խելամիտ էր գործում, և նրա անունը շատ հռչակվեց։ Սավուղն իր որդի Հովնաթանին և իր բոլոր ծառաներին ասաց, որ Դավթին սպանեն։ Բայց Սավուղի Հովնաթան որդին շատ էր սիրում Դավթին։ Եվ Հովնաթանը հաղորդեց Դավթին՝ ասելով. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. հիմա զգո՛ւյշ եղիր մինչև առավոտ, թաքնվի՛ր ու նստի՛ր մի ծածուկ տեղ։ Ես դուրս կգամ ու կկանգնեմ իմ հոր մոտ այն դաշտում, որտեղ դու կլինես. և քո մասին կխոսեմ իմ հոր հետ և ինչ որ իմանամ, կհաղորդեմ քեզ»։ Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։ Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։ Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։ Եվ Հովնաթանը կանչեց Դավթին. և Հովնաթանը այս բոլոր խոսքերը հաղորդեց նրան. և Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթն առաջվա պես ծառայում էր նրան։ Եվ դարձյալ պատերազմ եղավ, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմի ու մեծ կոտորած արեց նրանց մեջ, և նրանք փախան նրա առաջից։ Եվ Տիրոջ կողմից չար ոգի իջավ Սավուղի վրա, երբ նա, նիզակը ձեռքին, նստած էր իր տանը, Դավիթն էլ իր ձեռքով քնար էր նվագում։ Եվ Սավուղն ուզեց, որ նիզակով զարկի Դավթին, մեխի պատին, բայց նա Սավուղի դեմից շրջվեց մի կողմ, և նիզակը դիպավ պատին։ Եվ Դավիթը փախավ այդ գիշեր ու ազատվեց։ Բայց Սավուղը Դավթի տուն մարդիկ ուղարկեց, որ շրջապատեն նրան և առավոտյան սպանեն։ Սակայն Դավթի կին Մեղքողը նրան հաղորդեց այդ մասին և ասաց. «Եթե այս գիշեր դու քեզ չփրկես, վաղը քեզ պիտի սպանեն»։ Եվ Մեղքողը Դավթին ցած իջեցրեց պատուհանից, և նա գնաց, փախավ ու ազատվեց։ Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։ Եվ երբ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու համար, նա ասաց. «Հիվանդ է»։ Եվ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին տեսնելու համար և ասաց. «Նրան անկողնով բերե՛ք ինձ մոտ, որ սպանեմ»։ Այդ մարդիկ եկան. ահա անկողնու մեջ մի արձան էր դրված, իսկ գլխի տակ՝ այծի մազի բարձ։ Եվ Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր և իմ թշնամուն բաց թողեցիր, և նա էլ ազատվեց»։ Եվ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ինձ ասաց. “Բա՛ց թող ինձ, ինչո՞ւ քեզ սպանեմ”»։ Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։ Եվ Սավուղին հաղորդեցին ու ասացին. «Ահա Դավիթը Նավաթում է՝ Ռամայում»։ Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Եվ երբ հաղորդեցին Սավուղին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Եվ Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Այդ ժամանակ ինքն էլ գնաց Ռամա և հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց ու ասաց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Եվ մեկն ասաց. «Ահա նրանք Ռամայում՝ Նավաթում են»։ Նա գնաց Ռամայի Նավաթ, և Աստծու Հոգին իջավ նրա վրա էլ. գնում էր ու մինչև Ռամայի Նավաթ հասնելը մարգարեություն էր անում։ Եվ նա էլ հանեց իր հանդերձները, և ինքն էլ էր մարգարեություն անում Սամուելի առջև. և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը նա մերկ ընկած էր գետնին, դրա համար էլ ասում են, թե՝ «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։ Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։ Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։ Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։ Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։ Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։ Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։ Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. « Վկա է Իսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակ մարդ չուղարկեմ և քեզ չհայտնեմ. Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։ Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ. այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։ Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։ Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։ Եվ Հովնաթանը նրան ասաց. «Վաղը ամսագլուխ է, և քեզ պիտի փնտրեն, որովհետև քո տեղը պիտի դատարկ մնա։ Եվ երրորդ օրը շուտ կիջնես այն տեղը, ուր թաքնվել էիր, երբ այս դեպքերն սկսվեցին, և կնստես Եզելի քարի մոտ։ Եվ ես երեք նետ կարձակեմ քարի մոտ՝ նշան բռնելու նման։ Ահա մի տղայի կուղարկեմ, կասեմ. “Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։ Բայց եթե տղային այսպես ասեմ. “Ահա նետերը քեզանից այն կողմն են”, այն ժամանակ կգնաս, որովհետև Տերն է քեզ ուղարկում։ Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյան վկա իմ և քո միջև»։ Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։ Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։ Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։ Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։ Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։ Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։ Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։ Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։ Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել»։ Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։ Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։ Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։ Նա տղային ասաց. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ». և երբ տղան վազում էր, նա նետը նրանից այն կողմ արձակեց։ Երբ տղան գնաց այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը տղայի ետևից կանչեց և ասաց. «Նետը քեզանից այն կողմ է»։ Եվ Հովնաթանը տղայի ետևից կանչեց. «Շո՛ւտ արա, շտապի՛ր, մի՛ կանգնիր»։ Եվ Հովնաթանի տղան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։ Բայց տղան ոչինչ չգիտեր, միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։ Եվ Հովնաթանը իր զենքերը տվեց տղային ու նրան ասաց. «Գնա՛, քաղա՛ք տար»։ Երբ տղան գնաց, իսկ Դավիթը դուրս եկավ հարավային կողմից, երեսի վրա ընկավ գետին, երեք անգամ երկրպագություն արեց. նրանք համբուրեցին իրար ու լաց եղան իրար համար, բայց Դավիթն ավելի շատ լացեց։ Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերը վկա լինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։ Եվ Դավիթը վեր կացավ գնաց, Հովնաթանն էլ գնաց քաղաք։ Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։ Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։ Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։ Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել, թող ուտեն »։ Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։ Եվ քահանան սուրբ հացը տվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։ Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։ Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։ Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։ Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։ Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում. “Սավուղը իր հազարավորներին զարկեց, Դավիթը՝ իր բյուրավորներին”»։ Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։ Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։ Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։ Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։ Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։ Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։ Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։ Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։ Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։ Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։ Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի, որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։ Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։ Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։ Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։ Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։ Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։ Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։ Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։ Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։ Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։ Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։ Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավ գնաց Դավթի հետևից։ Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։ Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։ Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։ Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։ Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։ Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։ Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։ Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։ Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։ Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։ Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։ Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։ Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։ Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։ Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց Աստված Դավթին չմատնեց նրա ձեռքը։ Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։ Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։ Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։ Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։ Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։ Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։ Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։ Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, և թե ո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։ Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։ Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։ Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։ Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։ Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։ Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթ դրվեց։ Դավիթն այնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։ Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիների պատերազմից, նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։ Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։ Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։ Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։ Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։ Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։ Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։ Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։ Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։ Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։ Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։ Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։ Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։ Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։ Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։ Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։ Դավիթը երդվեց Սավուղին, և Սավուղը գնաց իր տուն, իսկ Դավիթն իր մարդկանցով գնաց ամուր տեղը։ Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։ Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։ Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։ Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։ Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։ Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։ Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։ Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։ Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին և լուռ կանգնեցին։ Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։ Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։ Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։ Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։ Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։ Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։ Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։ Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։ Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։ Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։ Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։ Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։ Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։ Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։ Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։ Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ մի բան չդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղ է, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։ Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։ Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։ Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։ Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկից նետած քարերի պես։ Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա, այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։ Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու, օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։ Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։ Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։ Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։ Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։ Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։ Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։ Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։ Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։ Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։ Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։ Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։ Զիփացիները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա»։ Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։ Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ, Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։ Դավիթը վեր կացավ եկավ Սավուղի բանակատեղին. և Դավիթը տեսավ այն տեղը, ուր պառկել էին Սավուղը և նրա զորապետ Ների որդի Աբենները. սակայն Սավուղը պառկել էր կառքերի մեջտեղը, իսկ ժողովուրդը բանակել էր նրա շուրջը։ Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։ Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։ Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին և հարվածս չկրկնեմ»։ Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։ Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։ Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։ Եվ Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և գնացին. և ոչ ոք չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, որովհետև բոլորն էլ քնած էին, և այդ խոր քունը նրանց վրա իջել էր Տիրոջ կողմից։ Եվ Դավիթն անցավ այն կողմը, բարձրացավ սարի գլուխը և կանգնեց հեռվում, և մեծ արանք կար նրանց միջև։ Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։ Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։ Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։ Այդ ժամանակ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Դա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Դավիթն ասաց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։ Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։ Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։ Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։ Դավիթը պատասխանեց և ասաց. «Ահա թագավորի նիզակը. թող երիտասարդներից մեկը գա և վերցնի այն։ Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։ Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։ Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։ Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։ Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։ Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։ Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։ Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։ Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։ Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։ Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։ Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։ Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։ Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։ Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։ Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։ Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։ Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։ Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։ Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։ Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։ Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։ Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։ Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։ Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։ Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։ Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։ Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։ Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։ Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։ Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։ Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։ Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։ Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։ Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։ Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։ Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։ Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով. և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։ Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։ Փղշտացիների նախարարներն անց էին կենում հարյուրավորներով և հազարավորներով, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի հետ գնում էին նրանց ետևից։ Եվ փղշտացիների իշխաններն ասացին. «Այս ի՞նչ եբրայեցիներ են»։ Եվ Անքուսը փղշտացիների իշխաններին ասաց. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դավիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել է մեր կողմը, այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։ Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։ Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պատասխանելով, ասում էին. “Սավուղը զարկեց իր հազարավորներին, Եվ Դավիթը՝ իր բյուրավորներին”»։ Եվ Անքուսը կանչեց Դավթին ու նրան ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, և ինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։ Եվ հիմա ե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարարների աչքին»։ Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ վատ բան գտար առաջդ կանգնած քո ծառայի մեջ, որ ես չգնամ և իմ տեր թագավորի թշնամիների դեմ չպատերազմեմ»։ Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։ Ուստի առավոտ կանուխ վե՛ր կաց, և՛ դու, և՛ քո տիրոջ ծառաները, որոնք եկել են քեզ հետ, վե՛ր կացեք և առավոտ կանուխ՝ լուսածագին, գնացե՛ք»։ Դավիթը և իր մարդիկ առավոտ կանուխ վեր կացան, որ գնան և փղշտացիների երկիրը վերադառնան, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել։ Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։ Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։ Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։ Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։ Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։ Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։ Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։ Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։ Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։ Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։ Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։ Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։ Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։ Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։ Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։ Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։ Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։ Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։ Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։ Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։ Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։ Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։ Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։ Այսինքն՝ նրանց, ովքեր Բեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին, Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին, Քեբրոնում էին և բոլոր այն վայրերում էին, ուր Դավիթը եղել էր իր մարդկանց հետ։ Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։ Փղշտացիները հասան Սավուղին ու նրա որդիներին. և փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։ Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ, և աղեղնավորները գտան նրան, և աղեղնավորներից ծանր վիրավորվեց։ Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։ Եվ երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ ընկավ իր սրի վրա և մեռավ նրա հետ։ Եվ նույն օրը այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, նրա կապարճակիրը և նրա բոլոր մարդիկ միասին։ Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։ Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։ Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։ Նրա զենքերը դրեցին Աստարովթի տանը և նրա մարմինը կախեցին Բեթսանի պարսպից։ Եվ երբ Գաղաադի Հաբիսի բնակիչները լսեցին, թե ինչ էին արել փղշտացիները Սավուղին, բոլոր քաջ մարդիկ վեր կացան և ամբողջ գիշեր գնացին և Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի մարմինն ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և դրանք այրեցին այնտեղ։ Եվ վերցրին նրանց ոսկորներն ու դրանք թաղեցին Հաբիսում՝ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։ Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։ Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։ Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։ Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։ Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։ Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։ Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։ Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։ Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։ Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։ Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։ Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։ Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։ Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։ Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը. Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում). Քո փառքը, ո՜վ Իսրայել, Քո բարձր տեղերի վրա խոցվեց. Ինչպե՞ս ընկան քաջերը։ Մի՛ պատմեք Գեթում, Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին. Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան, Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։ Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։ Խոցվածների արյունից, քաջերի ճարպից Հովնաթանի աղեղը ետ չքաշվեց, Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։ Սավուղն ու Հովնաթանը՝ Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ, Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից. Արծիվներից ավելի թեթևաշարժ Եվ առյուծներից ավելի հզոր էին։ Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։ Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում, Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։ Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան, Դու ինձ շատ սիրելի էիր, Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։ Ինչպե՞ս ընկան քաջերը, Եվ պատերազմի զենքերը կորան։ Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց. «Քեբրոն»։ Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։ Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։ Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։ Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։ Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։ Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։ Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին, նրան տարավ Մանայիմ, նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։ Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։ Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։ Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։ Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։ Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։ Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։ Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ, որը գտնվում է Գաբավոնում։ Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։ Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։ Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։ Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։ Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։ Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։ Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։ Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։ Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։ Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։ Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։ Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանան գետը և ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։ Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը, իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։ Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։ Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։ Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ ծնված հեզրայելացի Աքինոամից, նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին, չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին, և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։ Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։ Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ Եվ Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։ Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։ Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան, այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։ Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։ Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։ Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։ Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։ Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։ Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։ Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։ Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։ Աբենները խոսեց նաև Բենիամինի ցեղի հետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։ Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։ Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։ Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։ Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։ Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։ Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։ Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։ Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։ Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։ Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնի հանցանքը, և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։ Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։ Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։ Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։ Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց. «Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝ անզգամի մեռնելու նման. Քո ձեռքերը կապված չէին, Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ. Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։ Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։ Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։ Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, և այդ բանն իրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։ Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորի կամքով չէր։ Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։ Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։ Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։ Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։ Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։ Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։ Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։ Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։ Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։ Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։ Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։ Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։ Որչափ ավելի այն չար մարդկանց պիտի տրվի նույն վարձը, որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։ Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։ Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։ Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։ Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։ Երեսուն տարեկան էր Դավիթը, երբ դարձավ թագավոր, և թագավորեց քառասուն տարի։ Յոթ տարի և վեց ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։ Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։ Բայց Դավիթը վերցրեց Սիոնի բերդը (սա Դավթի քաղաքն է)։ Եվ Դավիթն այդ օրն ասաց. «Ով կոտորի հեբուսացիներին և հասնի ջրանցքին, թող նա կույրերին ու կաղերին էլ կոտորի, որոնք ատելի են Դավթի համար։ Դրա համար էլ ասում են՝ “Կույրն ու կաղը չպետք է մտնեն Տիրոջ տունը”»։ Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջը կառույցներ շինեց՝ Մելոնից դեպի ներս։ Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։ Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։ Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։ Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան, Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ, Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։ Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։ Փղշտացիները եկան և տարածվեցին Ռափայինների հովտում։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։ Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին ։ Փղշտացիները թողեցին իրենց կուռքերը, իսկ Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք։ Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։ Երբ Դավիթը Տիրոջը հարցրեց, Տերն ասաց. «Վեր մի՛ գնա, այլ անցի՛ր նրանց թիկունքը և թթենիների կողմից հարձակվի՛ր նրանց վրա։ Եվ երբ թթենիների կատարներից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ շարժվի՛ր առաջ, որովհետև այդ ժամանակ Տերը պիտի դուրս գա քո առջև, որ ջարդի փղշտացիների բանակը»։ Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Տերը հրամայեց իրեն, և փղշտացիներին ջարդեց Գաբայից մինչև Գազեր։ Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիր մարդկանց՝ երեսուն հազար հոգի։ Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։ Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։ Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։ Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։ Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։ Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա ։ Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։ Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։ Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։ Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբ տարավ Դավթի քաղաքը։ Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։ Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։ Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։ Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։ Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։ Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։ Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։ Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկ մարդկանցից մեկը»։ Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։ Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։ Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։ Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից, թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։ Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։ Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով. «Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։ Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։ Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար"”։ Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։ Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։ Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան, ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։ Երբ քո կյանքի օրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։ Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։ Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։ Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան"”»։ Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։ Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։ Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։ Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։ Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։ Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։ Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։ Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։ Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։ Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։ Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։ Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։ Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։ Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։ Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։ Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։ Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։ Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։ Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին, Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։ Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝ ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։ Դավիթը մեծ անուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։ Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։ Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։ Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էր նշանակված, և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր, և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր, և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էր նշանակված, և Դավթի որդիները նախարարներ էին։ Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։ Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։ Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։ Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։ Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։ Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։ Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։ Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։ Դրանից հետո Ամմոնի որդիների թագավորը մեռավ, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Անոնը։ Եվ Դավիթն ասաց. «Մարդասիրություն անեմ Նաասի որդի Անոնին, ինչպես որ նրա հայրը մարդասիրություն արեց ինձ»։ Եվ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրան մխիթարեն իր հոր համար, և Դավթի ծառաները գնացին Ամմոնի որդիների երկիրը։ Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։ Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։ Այս բանը պատմեցին Դավթին, և նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, և հետո վերադարձե՛ք»։ Եվ երբ Ամմոնի որդիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթի համար, Ամմոնի որդիները մարդ ուղարկեցին և քսան հազար հետևակ վարձեցին Բեթրոբի ասորիներից ու Սուբայի ասորիներից, հազար մարդ՝ Մաաքայի թագավորից և տասներկու հազար մարդ՝ Իստովբից։ Երբ Դավիթը լսեց այդ, Հովաբին և բոլոր քաջ մարդկանց ուղարկեց։ Եվ Ամմոնի որդիները դուրս եկան և քաղաքի դռան առաջ կարգով շարվեցին պատերազմելու, իսկ Սուբայի և Րոոբի ասորիները և Իստովբն ու Մաաքան առանձին կանգնել էին դաշտում։ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։ Եվ մնացած զորքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդիների դեմ շարի։ Հովաբն ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթելու լինեն, օգնության կհասնես ինձ, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ես քեզ օգնության կհասնեմ։ Քաջասի՛րտ եղիր, արիանանք մեր ժողովրդի համար և մեր Աստծու քաղաքների համար, և թող Տերը անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Եվ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին, որպեսզի պատերազմի նրանց դեմ, և նրանք փախան նրա առաջից։ Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք էլ փախան Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Եվ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ և եկավ Երուսաղեմ։ Երբ ասորիները տեսան, որ իրենք ջախջախվեցին Իսրայելի առաջ, հավաքվեցին մեկտեղ։ Եվ Ադրաազարը մարդ ուղարկեց և ոտքի հանեց գետի այն կողմը եղած ասորիներին, ու եկան Էլամ, և Ադրաազարի զորապետ Սովբակը առաջնորդեց նրանց։ Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։ Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։ Եվ Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները, երբ տեսան, որ հաղթվեցին Իսրայելի առաջ, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և դարձան նրա ծառաները, իսկ ասորիները դրանից հետո վախենում էին օգնել Ամմոնի որդիներին։ Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։ Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։ Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։ Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։ Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։ Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։ Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։ Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։ Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։ Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։ Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։ Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։ Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։ Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։ Հովաբը մարդ ուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։ Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես, և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։ Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։ Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։ Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը. և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։ Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։ Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։ Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։ Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։ Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։ Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։ Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։ Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։ Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից. քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցը դրեցի քո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։ Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։ Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։ Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։ Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։ Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի, բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։ Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։ Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։ Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։ Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։ Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկով խոսում են իրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։ Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։ Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։ Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։ Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։ Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։ Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։ Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։ Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։ Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։ Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։ Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։ Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։ Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։ Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։ Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։ Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։ Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։ Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։ Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։ Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։ Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։ Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։ Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։ Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։ Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որով առաջ սիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։ Եվ Թամարն ասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։ Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։ Թամարի վրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։ Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։ Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։ Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։ Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։ Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։ Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։ Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։ Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթը նրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։ Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։ Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։ Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։ Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էին շուրջը՝ հանդերձները պատառոտած։ Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։ Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։ Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։ Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։ Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։ Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։ Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։ Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։ Շարուհեայի որդի Հովաբն իմացավ, որ թագավորի սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը։ Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։ Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։ Թեկուացի կինը եկավ թագավորի մոտ, երեսնիվայր ընկավ գետին, երկրպագեց և ասաց. «Օգնի՛ր, թագավո՛ր»։ Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել քեզ»։ Կինն ասաց. «Ես որբևայրի կին եմ, ամուսինս մեռել է։ Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։ Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։ Թագավորն ասաց կնոջը. «Գնա՛ քո տուն, ես կպատվիրեմ քո մասին»։ Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։ Թագավորն ասաց. «Եթե քեզ բան ասող լինի, նրան բե՛ր ինձ մոտ, և այլևս քեզ չի դիպչի»։ Կինն ասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվ թագավորն ասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդու գլխից մի մազ էլ գետին չի ընկնի»։ Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։ Եվ կինն ասաց. «Հապա ինչո՞ւ ես այդպիսի բան ծրագրում Աստծու ժողովրդի դեմ. և այս բանը խոսելով՝ թագավորն իրեն հանցավոր է դարձնում, քանի որ չի վերադարձնում իր աքսորածին։ Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։ Եվ հիմա եկա այս խոսքը իմ տեր թագավորի հետ խոսելու, որովհետև ժողովուրդը վախեցնում է ինձ, և քո աղախինը մտածեց. “Կխոսեմ թագավորի հետ, գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը”։ Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։ Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։ Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։ Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։ Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։ Ապա թագավորն ասաց Հովաբին. «Ահա այս բանն արեցի. գնա՛ և ե՛տ բեր Աբիսողոմ պատանուն»։ Եվ Հովաբը երեսի վրա ընկավ գետին, երկրպագեց և օրհնեց թագավորին. և Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ եմ գտել քո աչքի առաջ, տե՛ր իմ արքա, քանի որ թագավորը կատարեց իր ծառայի խոսքը»։ Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Գեսուր և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ։ Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։ Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար. նրան շատ էին գովում. ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ։ Երբ նա ածիլում էր իր մազերը (նա ամեն տարվա վերջին ածիլում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար), նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր երկու հարյուր սիկղ՝ թագավորական կշեռքով կշռած։ Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։ Եվ Աբիսողոմը երկու տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ։ Հետո Աբիսողոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց Հովաբը չուզեց գնալ նրա մոտ։ Նա երկրորդ անգամ էլ ուղարկեց, բայց նա չուզեց գնալ։ Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։ Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։ Եվ Աբիսողոմը պատասխանեց Հովաբին. «Ահա քեզ մոտ մարդ ուղարկեցի և ասացի. “Ե՛կ այստեղ”, որ քեզ ուղարկեմ թագավորի մոտ, որ նրան ասես. “Ես ինչո՞ւ եկա Գեսուրից, որ ինձ համար ավելի լավ կլիներ, որ դեռ այնտեղ լինեի. հիմա ես ուզում եմ տեսնել թագավորի երեսը, և եթե ես հանցանք ունեմ, թող այն ժամանակ ինձ սպանի”»։ Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։ Դրանից հետո Աբիսողոմն իր համար կառքեր ու ձիեր և իր առջևից վազող հիսուն սուրհանդակներ պատրաստեց։ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է», Աբիսողոմը նրան ասում էր. «Տե՛ս, քո պահանջները բարի և արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի»։ Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։ Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։ Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։ Քառասուն տարի անցնելուց հետո Աբիսողոմն ասաց թագավորին. «Թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը, քանզի ես՝ քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը”»։ Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Բայց Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ՝ ասելով. «Երբ փողի ձայն լսեք, ասացե՛ք. “Աբիսողոմը թագավոր դարձավ Քեբրոնում”»։ Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։ Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական գեղոնացի Աքիտոփելի մոտ և նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր, և ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։ Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։ Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։ Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։ Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։ Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում ։ Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։ Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։ Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։ Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։ Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։ Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։ Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։ Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։ Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։ Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։ Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։ Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։ Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։ Եվ երբ Դավիթը հասավ բլրի գլուխը, որտեղ նա երկրպագեց Աստծուն, ահա նրան դիմավորեց արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառոտած և հող ցանած գլխին։ Եվ Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, բեռ կլինես ինձ վրա, բայց եթե ետ դառնաս քաղաք և Աբիսողոմին ասես. “Ո՛վ թագավոր, թող ես քեզ ծառա դառնամ, ինչպես ես առաջ քո հոր ծառան էի, հիմա էլ քո ծառան եմ”, այդ դեպքում դու ինձ համար կցրես Աքիտոփելի խորհուրդը։ Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։ Ահա այնտեղ նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով էլ ինձ տեղեկացրե՛ք ամեն բան, ինչ լսեք»։ Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, մինչ Աբիսողոմը մտնում էր Երուսաղեմ։ Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։ Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։ Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։ Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր, քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։ Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։ Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։ Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։ Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասի նրան. “Ինչո՞ւ ես այդպես անում”»։ Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։ Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։ Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։ Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։ Մինչ այդ Աբիսողոմն ու ամբողջ ժողովուրդը, բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ. նրանց հետ էր Աքիտոփելը։ Եվ երբ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը, եկավ Աբիսողոմի մոտ, Քուսին ասաց Աբիսողոմին. «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»։ Աբիսողոմն ասաց Քուսիին. «Դա՞ է բարեկամիդ նկատմամբ ունեցած ազնվությունդ. ինչո՞ւ չես գնացել բարեկամիդ հետ»։ Քուսին ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ հավանի Տերը, և այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր մարդիկ, ես կլինեմ նրանը և կմնամ նրա հետ։ Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։ Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։ Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Մտի՛ր քո հոր հարճերի մոտ, որոնց նա թողել է տունը պահելու, և ամբողջ Իսրայելը կլսի, որ դու ատելի ես հորդ համար, և բոլոր քեզ հետ եկողների ձեռքերը կուժեղանան»։ Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։ Աքիտոփելի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծու խոսքը հարցներ։ Այդպիսին էր Աքիտոփելի խորհուրդը թե՛ Դավթի և թե՛ Աբիսողոմի համար։ Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։ Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։ Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։ Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։ Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։ Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։ Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։ Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։ Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։ Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։ Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։ Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։ Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։ Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։ Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։ Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “ Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։ Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։ Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։ Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։ Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։ Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։ Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։ Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։ Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։ Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։ Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից, անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար, մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։ Եվ Դավիթը իր հետ եղած ժողովրդին զորահանդես արեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ դրեց։ Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։ Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։ Թագավորն ասաց նրանց. «Ինչ հաճելի է ձեզ, ես կանեմ»։ Եվ թագավորը մնաց քաղաքի դռան մոտ, իսկ ամբողջ զորքը՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, դուրս ելավ։ Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։ Զորքը դուրս եկավ դաշտ՝ Իսրայելին դիմավորելու, և պատերազմ եղավ Եփրեմի անտառում։ Այնտեղ Իսրայելի զորքը ջախջախվեց Դավթի զինվորներից, և այդ օրը մեծ կոտորած եղավ այնտեղ. քսան հազար մարդ սպանվեց։ Պատերազմն այնտեղից տարածվեց ամբողջ երկրի վրա, և այդ օրը անտառը զորքից ավելի շատ մարդ ոչնչացրեց, քան կոտորեց սուրը։ Աբիսողոմը դեմ դիմաց հանդիպեց Դավթի ծառաներին. Աբիսողոմը ջորի էր հեծնել, և ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, և իր տակի ջորին էլ գնաց։ Մի մարդ, որ տեսել էր, ասաց Հովաբին. «Ահա ես տեսա Աբիսողոմին՝ կաղնուց կախված»։ Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։ Իսկ այդ մարդն ասաց Հովաբին. «Եթե իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռվեր, ես իմ ձեռքը չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև մենք լսեցինք, որ թագավորը պատվիրեց քեզ, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. “Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն”։ Եթե ես դավաճան լինեի իմ անձի դեմ, ապա թագավորից ոչ մի բան ծածուկ չէր մնալու, և այն ժամանակ դու դեմ կկանգնեիր»։ Հովաբն ասաց. «Ես այսպես չեմ սպասելու քո առաջ», և իր ձեռքը վերցրեց երեք գեղարդ և կոխեց Աբիսողոմի սիրտը. մինչ այդ նա դեռ կենդանի էր կաղնու ոստերի մեջ։ Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։ Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։ Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։ Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։ Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։ Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։ Հովաբն ասաց Քուսիին. «Գնա պատմի՛ր թագավորին, ինչ որ տեսար»։ Եվ Քուսին երկրպագեց Հովաբին ու վազեց։ Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։ Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։ Դավիթը նստել էր երկու դռների միջև, և դետը բարձրացավ դռան տանիքը՝ դեպի պարիսպը, աչքերը բարձրացրեց և տեսավ, որ ահա մի մարդ է մենակ վազում։ Դետը ձայն տվեց և հայտնեց թագավորին։ Թագավորն ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն ավետիք կա նրա բերանում»։ Իսկ նա ավելի ու ավելի էր մոտենում։ Դետը մի ուրիշ մարդ էլ տեսավ վազելիս և դետը ձայն տվեց դռնապանին. «Ահա մի մարդ էլ է վազում մենակ»։ Եվ թագավորն ասաց. «Նա էլ է ավետաբեր»։ Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։ Աքիմաասը ձայն տվեց և ասաց թագավորին. «Խաղաղությո՜ւն», և երեսի վրա մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց թագավորին ու ասաց. «Օրհնյա՜լ է քո Տեր Աստվածը, որ կործանեց իմ տեր թագավորի վրա իրենց ձեռքը բարձրացնող մարդկանց»։ Եվ թագավորն ասաց. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Աքիմաասն ասաց. «Ես տեսա միայն այն մեծ բազմությունը, երբ Հովաբն ուղարկեց թագավորի ծառային և ինձ՝ քո ծառային, բայց թե ի՞նչ էր, չիմացա»։ Եվ թագավորն ասաց. «Դարձի՛ր, այսպե՛ս կանգնիր»։ Եվ նա դարձավ ու կանգնեց։ Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։ Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։ Եվ խռովվեց թագավորն ու գնաց վերև՝ դռան վերնատունը, գնում ու լաց էր լինում և այսպես ասում. «Որդի՛ս, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛ Աբիսողոմ, երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, օ՜, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛»։ Հովաբին ասացին. «Ահա թագավորը լաց է լինում և սուգ է անում Աբիսողոմի վրա»։ Այդ օրը հաղթությունը սուգ դարձավ ամբողջ զորքի համար, որովհետև զորքը այդ օրը լսել էր, որ ասում են, թե թագավորը սգում է իր որդու համար։ Եվ այդ օրը զորքը քաղաք էր մտնում գողի պես, ինչպես գողի պես քաղաք կմտնի այն զորքը, որ ամոթահար փախել է ճակատամարտից։ Թագավորը ծածկեց իր երեսը և բարձր ձայնով թագավորն աղաղակեց. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ որդիս, որդի՜ս»։ Հովաբը գնաց թագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։ Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին, որովհետև այսօր հասկացրիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, որովհետև ես այսօր հասկացա, որ եթե Աբիսողոմն այսօր կենդանի լիներ, իսկ մենք այսօր բոլորս էլ մեռած լինեինք, ապա դա հաճելի կլիներ քեզ։ Արդ վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաղցրությամբ խոսի՛ր քո զինվորների հետ, քանզի երդվում եմ Տիրոջով, որ եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա, և սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ քո մանկությունից մինչև հիմա»։ Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։ Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր, և ասում էին. «Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացիների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։ Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք մեզ վրա, մեռավ պատերազմում. և հիմա ինչո՞ւ եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար»։ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։ Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք. և ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին ետ բերելու մեջ։ Ամեսայիին ասացե՛ք. “Մի՞թե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես և ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն”»։ Ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, և նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե՝ «Վերադարձի՛ր և՛ դու, և՛ քո բոլոր ծառաները»։ Թագավորը վերադարձավ և եկավ մինչև Հորդանան, և Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա՝ թագավորին դիմավորելու և Հորդանանով թագավորին անցկացնելու։ Եվ բավուրիմացի Սեմեին՝ Բենիամինի որդի Գերայի որդին, Հուդայի մարդկանց հետ շտապ իջավ և եկավ Դավիթ թագավորին դիմավորելու։ Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։ Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ և ասաց թագավորին. «Թող իմ տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառադ անօրենություն գործեց այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում, որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։ Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։ Բայց Դավիթն ասաց. «Ի՞նչ կա իմ և ձեր միջև, Շարուհեայի՛ որդիներ, որ այսօր ոսոխ եք դառնում ինձ։ Մի՞թե այսօր մարդ պետք է մեռնի Իսրայելի մեջ. մի՞թե չգիտեմ, որ ես այսօր թագավոր եմ Իսրայելի վրա»։ Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։ Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։ Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։ Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետև ես՝ քո ծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։ Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։ Որովհետև իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի համար այլ բան չէր, բացի մահվան արժանի լինելուց, բայց ծառայիդ դրեցիր քո սեղանից ուտողների հետ, և ես այլևս ի՞նչ իրավունք ունեմ ավելին խնդրելու թագավորից»։ Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։ Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա ամբողջն էլ վերցնի, քանի որ իմ տեր թագավորը խաղաղությամբ վերադարձել է իր տուն»։ Գաղաադացի Բերզելին էլ Ռովգելիմից եկավ թագավորին Հորդանանով ճանապարհ դնելու համար և թագավորի հետ անցավ Հորդանանը։ Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։ Թագավորն ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քեզ կկերակրեմ ինձ մոտ Երուսաղեմում»։ Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։ Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։ Ծառադ մի քիչ անց է կենում Հորդանանով թագավորի հետ, և ինչո՞ւ է թագավորն ուզում ինձ այդպիսի մեծ վարձ հատուցել։ Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։ Թագավորն ասաց. «Թող Քամաամն անցնի ինձ հետ, և ես նրա համար կանեմ այն, ինչ բարի է քո աչքին, և քեզ համար կանեմ ամեն բան, ինչ որ դու ուզես ինձանից»։ Ամբողջ զորքն անցավ Հորդանանը, անցավ և թագավորը։ Եվ թագավորը համբուրեց Բերզելիին ու օրհնեց նրան, և նա վերադարձավ իր տեղը։ Թագավորը գնաց Գաղգաղա, և Քամաամն էլ գնաց նրա հետ։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելի ժողովրդի կեսը թագավորին անցկացրին։ Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։ Եվ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Թագավորն ավելի մոտ է մեզ, և դուք ինչո՞ւ եք բարկանում դրա համար։ Մի՞թե մենք թագավորի մոտ կերակրվեցինք, կամ նա ընծանե՞ր էր ընծայել մեզ»։ Եվ իսրայելացիները պատասխանեցին Հուդայի մարդկանց. «Մենք տասը բաժին իրավունք ունենք թագավորի վրա և Դավթին ավելի մոտ ենք, քան դուք, և ինչո՞ւ անարգեցիք մեզ, և մեր խոսքը առաջինը չեղավ մեր թագավորին վերադարձնելու համար»։ Հետո Հուդայի մարդկանց խոսքերն ավելի խիստ էին իսրայելացիների խոսքերից։ Այնտեղ Բենիամինի ցեղից անպետք մի մարդ պատահեց՝ անունը Սաբեե, Բոքորի որդին։ Նա փող փչեց և ասաց. «Մենք ո՛չ բաժին ունենք Դավթի մոտ և ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, ամեն մարդ թող գնա իր վրանը»։ Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ։ Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։ Եվ թագավորն ասաց Ամեսայիին. «Հուդայի մարդկանց երեք օրվա մեջ կանչի՛ր ինձ մոտ և դո՛ւ էլ ներկայացիր այստեղ»։ Եվ Ամեսային գնաց Հուդայի մարդկանց կանչելու, բայց ուշացավ թագավորի դրած ժամանակից։ Այն ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորի որդի Սաբեեն Աբիսողոմից ավելի մեծ չարիք պիտի դառնա մեզ համար։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին և հետապնդի՛ր նրան, որ իր համար պարսպապատ քաղաքներ չգտնի և թաքնվի մեր աչքից»։ Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։ Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։ Եվ Հովաբն ասաց Ամեսայիին. «Առո՞ղջ ես, եղբա՛յր իմ»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքից, որ համբուրի նրան։ Բայց Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը սրով զարկեց նրա փորին ու փորոտիքը թափեց գետին և կրկնելու կարիք չունեցավ, և Ամեսային մեռավ, իսկ Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին հետապնդելու Բոքորի որդի Սաբեեին։ Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է, թող գնա Հովաբի ետևից»։ Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։ Հենց որ նա վերցվեց ճանապարհից, բոլորն էլ գնացին Հովաբի ետևից՝ Բոքորի որդի Սաբեեին հետապնդելու։ Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։ Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։ Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։ Հովաբը մոտեցավ նրան, և կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր աղախնիդ խոսքերը». և նա ասաց. «Լսում եմ»։ Եվ կինն այսպես ասաց. «Առաջ այսպիսի խոսք էին ասում. “Թող Աբելում անպայման հարցնեն, այնուհետև վերջացնեն”։ Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։ Հովաբը պատասխանեց և ասաց. «Քա՜վ լիցի, քա՜վ լիցի ինձ, թե բնաջնջեմ կամ քանդեմ։ Բանն այդպես չէ, այլ մի մարդ կա Եփրեմի սարից, անունը՝ Սաբեե. Բոքորի որդին իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ. տվե՛ք միայն նրան, և կգնամ այս քաղաքից»։ Եվ կինն ասաց Հովաբին. «Ահա նրա գլուխը կգցվի քեզ մոտ, պարսպի այդ կողմը»։ Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբ խոսեց, և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։ Հովաբը Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիադայի որդի Բանեան՝ քերեթիների և փելեթիների վրա։ Ադորամը տաժանակիր աշխատողների վերակացուն էր, Աքիլուդի որդի Հոսափատը գրագրությունների քարտուղարն էր։ Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին, իսկ հայիրացի Իրասն էլ Դավթի քահանան էր։ Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։ Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։ Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։ Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։ Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում, նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։ Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։ Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար, նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։ Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։ Դավթին ասացին, թե ինչ է արել Սավուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։ Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։ Նա այնտեղից վերցրեց Սավուղի ոսկորները և նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեցին նաև կախվածների ոսկորները։ Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում, իրենց հոր՝ Կիսի գերեզմանում, և արեցին ամեն ինչ, որ պատվիրել էր թագավորը, և Աստված դրանից հետո ընդունեց երկրի համար արած աղոթքը։ Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։ Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նոր սուր էր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։ Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։ Դրանից հետո փղշտացիների դեմ պատերազմ եղավ Գովբում. այդ ժամանակ ովսացի Սոբաքը սպանեց Սափին, որը Ռափայի որդիներից էր։ Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։ Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. բարձրահասակ մի մարդ կար, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց հատ էին. քսանչորս մատ ուներ։ Նա էլ Ռափայի որդիներից էր։ Նա նախատեց Իսրայելին, բայց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը սպանեց նրան։ Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։ Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։ Նա ասաց. «Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։ Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում, Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը, Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։ Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի, Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։ Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին, Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։ Դժոխքի լարերը պատեցին ինձ, Մահվան որոգայթներն իմ առաջն առան։ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը Եվ աղաղակեցի իմ Աստծուն, Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը, Եվ աղաղակն իմ հասավ նրա ականջին։ Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց, Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին, Քանզի նա բարկացավ։ Ծուխ ելավ նրա քթից, Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ. Կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեին ու թռավ Եվ երևաց հողմի թևերի վրա։ Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝ Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։ Նրա առջևի ճաճանչից Բորբոքվեցին կրակի կայծեր։ Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։ Նետեր ուղարկեց և դրանք ցրեց, Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։ Տիրոջ հանդիմանությամբ, Նրա բարկության հողմի փչելուց Երևացին ծովի հատակները, Հայտնվեցին երկրի հիմքերը։ Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց, Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։ Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց, Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։ Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը, Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։ Նա ինձ դուրս բերեց լայնարձակ մի տեղ, Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։ Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։ Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։ Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները, Եվ ես նրա կանոններից չհեռացա։ Նրա առաջ կատարյալ եղա Եվ զգուշացա իմ անօրենությունից։ Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ, Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։ Ողորմած մարդու հետ ողորմած ես, Կատարյալ մարդու հետ կատարյալ ես, Մաքուրի հետ մաքուր ես, Խոտորի հետ հնարագետ ես։ Եվ դու փրկում ես վշտացած ժողովրդին, Աչքերդ պահում ես ամբարտավանների վրա, որ նվաստացնես։ Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր, Եվ Տերը լուսավորելու է իմ խավարը։ Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել Եվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։ Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։ Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից, Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։ Աստված է իմ հզոր բերդը, Որ իմ ճամփան ապահով է դարձնում։ Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը, Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։ Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում, Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։ Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը, Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ, Եվ իմ սրունքները չդողդողացին։ Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց, Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։ Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն. Նրանք իմ ոտքերի տակ ընկան։ Դու ինձ զորությամբ գոտեպնդեցիր պատերազմելու Եվ իմ դեմ ելնողներին ինձ հնազանդեցրիր։ Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր, Որ ինձ ատողներին ջարդեմ։ Նայեցին, բայց փրկող չկար. Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։ Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես, Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։ Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից, Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ. Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։ Օտարների որդիները խոնարհվեցին ինձ Եվ հնազանդվեցին ինձ՝ իրենց ականջով լսելով։ Օտարների որդիները թուլացան Եվ դողալով դուրս եկան իրենց ապաստաններից։ Կենդանի է Տերը, և Օրհնյալ է իմ Վեմը, Թող բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը, Այն Աստվածը, որ վրեժխնդիր է լինում ինձ համար Եվ ժողովուրդներին ինձ ենթարկում։ Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝ Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիր Եվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։ Սրա համար, Տե՜ր, քեզ պիտի գովեմ ազգերի մեջ Եվ քո անվանը սաղմոսներ երգեմ, Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեց Եվ հավիտենապես ողորմություն ցույց տվեց Իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։ Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը. «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով, Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։ Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։ Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։ Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ, Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ, Պահված և հաստատված ամեն բանի մեջ։ Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է, Բայց նա չպիտի ծաղկեցնի։ Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են, Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։ Բայց նրանց դիպչող մարդը Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով. Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։ Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։ Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին, նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին. և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը, և զորքը նրա հետևից գնաց, բայց միայն դիակներին կողոպտելու համար։ Նրանից հետո Սամման էր՝ արարացի Ագեի որդին։ Երբ փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից, այդ ժամանակ նա կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն և հարվածեց փղշտացիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։ Այս երեսուն զորավարներից երեքը հնձի ժամանակ գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, երբ փղշտացիների մի գունդ բանակատեղի էր դրել Ռափայինների հովտում։ Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։ Դավիթը փափագեց ջուր խմել և ասաց. «Ո՞վ ինձ համար Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։ Եվ այդ երեք քաջ մարդիկ ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից, բերին և տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն և Տիրոջ համար հեղեց ցած. և ասաց. «Քա՛վ լիցի ինձ, Տե՛ր, որ ես այդ բանն անեմ. մի՞թե ես պիտի խմեմ այն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին»։ Եվ նա չկամեցավ խմել այն։ Այս բանն արին այդ երեք քաջ մարդիկ։ Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։ Թեև այդ երեքից ավելի պատվավոր էր և նրանց գլխավորն էր, բայց նա չէր հասնում այն առաջին երեքին։ Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց ։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։ Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։ Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։ Երեսունի մեջ նա ավելի բարձր պատիվ ուներ, բայց չէր հասնում այն առաջին երեքին, և Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների գլխավորը։ Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին, հարոդացի Սամման, հարոդացի Եղիկան, փելլատացի Քեղղեսը, թեկուացի Իրասը՝ Եկգեսի որդին, անաթովթացի Աբիեզերը, ովսացի Մեբունան, աքուքացի Սելմոնը, նետոփաթացի Մաարան, Ալաբը՝ նետոփաթացի Բաանայի որդին, Բենիամինի որդիներից Ռիփայի որդի Եթթին՝ Գաբայից, փարաթոնացի Բանեան, Գաասի ձորից՝ Ադդային, արաբաթացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը, Սաղաբինացի Եղիաբան, Հասենի որդիներից՝ Հովնաթանը, հարարացի Սամման, արարացի Սարարի որդի Աքիամը, Մաաքաթիի որդի Ահասբայի որդին՝ Եղիփաղետը, գեղոնացի Աքիտոփելի որդին՝ Եղիամը, կարմելացի Ասարեն, արբացի Փաարան, սուբացի Նաթանի որդին՝ Իգալը, գադացի Բանին, ամմոնացի Սելեկը, բերովթացի Նաարան՝ Շարուհեայի որդու՝ Հովաբի կապարճակիրը, հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը, քետացի Ուրիան. ընդամենը՝ երեսունյոթ հոգի։ Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա, և Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա Իսրայելի ու Հուդայի մարդահամա՛ր արա»։ Եվ թագավորը զորքի գլխավոր Հովաբին, որ իր հետ էր, ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, և հաշվե՛ք ժողովրդին, որ ժողովրդի թիվը գիտենամ»։ Եվ Հովաբն ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը ժողովրդին, ինչքան կա, այսքան և այսքան հարյուրապատիկ էլ ավելացնի, և իմ տեր թագավորի աչքերը տեսնեն, բայց ինչո՞ւ է իմ տեր թագավորը փափագում այդ բանը»։ Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։ Նրանք անցան Հորդանանը և բանակատեղի դրին Արոեր քաղաքի աջ կողմը, որը գտնվում է Գադ ձորում՝ դեպի Հազեր։ Եկան Գաղաադ և Թահթիմադասեի երկիրը, հետո եկան Դանաեաան և Սիդոնի շրջակայքը։ Հետո եկան Տյուրոսի ամրոցը և անցան խևացիների ու քանանացիների բոլոր քաղաքները. հետո դուրս ելան դեպի Հուդայի հարավ՝ Բերսաբեե։ Շրջեցին ամբողջ երկիրը և ինն ամիս քսան օր անց եկան Երուսաղեմ։ Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։ Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։ Երբ Դավիթը առավոտյան վեր էր կացել, Տերը խոսեց Գադ մարգարեի՝ Դավթի տեսանողի հետ՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ Դավթին. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առաջ. ընտրի՛ր նրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան և նրան ասաց. «Արդյոք ո՞րը կուզես՝ յոթ տարի սո՞վ լինի քո երկրի մեջ, թե՞ երեք ամիս դու փախչես քո թշնամիներից, և նրանք քեզ հալածե՞ն, կամ թե երեք օր ժանտա՞խտ լինի քո երկրում։ Հիմա մտածի՛ր և որոշի՛ր, թե ես ի՛նչ խոսք տանեմ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Հրեշտակն իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, բայց Տերը հրաժարվեց այդ չարիքից և ժողովրդին ոչնչացնող հրեշտակին ասաց. «Բավական է. հիմա ձեռքդ ե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։ Երբ Դավիթը տեսավ, որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, ասաց Տիրոջը. «Ահա ես եմ մեղանչել, ես եմ հանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. աղաչում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա լինի»։ Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։ Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։ Ոռնան նայեց ու տեսավ թագավորին և նրա ծառաներին, որոնք գալիս էին իր մոտ, և Ոռնան դուրս ելավ ու երկրպագեց թագավորին՝ երեսնիվայր խոնարհվելով մինչև գետին։ Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։ Ոռնան ասաց Դավթին. «Թող թագավորը վերցնի, ինչ հաճելի է իր աչքին, և զոհ մատուցի. ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերի ու եզների լծասարքը՝ փայտի համար»։ Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։ Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։ Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։ Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։ Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։ Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։ Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ, որոնք գնում էին իր առջևից։ Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։ Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։ Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։ Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։ Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։ Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։ Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝ "Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին"։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան դարձել թագավոր”։ Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։ Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։ Եվ Բերսաբեն, գլուխ տալով, երկրպագեց թագավորին. և թագավորն ասաց. «Ի՞նչ կա»։ Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։ Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։ Նա շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային և զորքի հրամանատար Հովաբին, բայց քո ծառա Սողոմոնին չի կանչել։ Արդ, տե՛ր իմ թագավոր, ամբողջ Իսրայելի աչքերը նայում են քեզ, որ նրանց հայտնես, թե քեզնից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին։ Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։ Եվ մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն։ Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարեն եկավ »։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։ Եվ Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել. “Ադոնիան պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”, որովհետև նա այսօր իջել ու շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին և զորավորներին, Աբիաթար քահանային, ու հիմա նրանք ուտում ու խմում են նրա հետ և ասում. “Կեցցե՜ Ադոնիա արքան”։ Իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային ու Հովիադայի որդի Բանեային և քո ծառա Սողոմոնին չեն կանչել։ Արդյոք այս բանն իմ տեր թագավորի կամքո՞վ է եղել. բայց դու քո ծառային չես հայտնել, թե ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին իրենից հետո»։ Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։ Թագավորը երդվեց և ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ կյանքն ազատեց ամեն նեղությունից։ Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։ Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։ Եվ Դավիթ թագավորն ասաց. «Կանչե՛ք ինձ մոտ Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային». և նրանք եկան թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին նստեցրե՛ք իմ ջորու վրա և նրան իջեցրե՛ք Գեհոն։ Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Նրա հետևից գնացե՛ք, և նա թող գա ու նստի իմ աթոռին և իմ փոխարեն թագավոր լինի, որովհետև ես որոշել եմ, որ նա իշխան լինի Իսրայելի և Հուդայի վրա»։ Եվ Հովիադայի որդի Բանեան պատասխանեց թագավորին և ասաց. «Ամեն, թող այդպես տնօրինի իմ տեր թագավորի Տեր Աստվածը։ Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։ Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։ Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։ Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։ Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։ Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։ Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։ Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։ Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։ Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։ Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։ Ու նաև այսպես ասաց թագավորը. “Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր իմ աթոռին նստեցրեց մեկին, որին տեսնում են իմ աչքերը”»։ Եվ Ադոնիայի բոլոր հրավիրյալները զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մարդ գնաց իր ճանապարհով։ Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ Եվ Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից, և նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից ու ասում է. “Թող հենց այսօր Սողոմոն թագավորը երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։ Եվ Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի»։ Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։ Դավթի մեռնելու օրերը մոտեցան, և նա պատվիրեց իր որդի Սողոմոնին՝ ասելով. «Ես գնում եմ ամբողջ երկրի ճանապարհը, բայց դու զորացի՛ր և քաջարի՛ եղիր։ Եվ պահի՛ր քո Տեր Աստծու պատվերները, որ գնաս նրա ճանապարհով, որ պահես նրա կանոնները, պատվիրանները, իրավունքներն ու ցուցումները, ինչպես գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողություն ունենաս ամեն բանում, ինչ որ անես, և ամենուր, որտեղ էլ լինես։ Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։ Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։ Եվ դու ըստ քո իմաստությա՛ն վարվիր և չթողնես, որ նրա ալևոր մազերը խաղաղ իջնեն գերեզման։ Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։ Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։ Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։ Եվ Դավիթը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում թագավորել էր երեսուներեք տարի։ Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։ Եվ Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի մոտ, և Բերսաբեն ասաց. «Բարի՞ է գալուստդ»։ Նա էլ ասաց. «Բարի է»։ Եվ ասաց. «Ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Եվ Բերսաբեն ասաց՝ ասա՛։ Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։ Եվ հիմա ես քեզնից միայն մի խնդրանք ունեմ. ինձ չմերժես»։ Եվ Բերսաբեն ասաց նրան՝ ասա՛։ Եվ նա ասաց. «Սողոմոն թագավորին ասա՛, քանի որ քեզ չի մերժի, որ նա սունամացի Աբիսակին ինձ կնության տա»։ Եվ Բերսաբեն ասաց. «Լավ, ես քո մասին կխոսեմ թագավորի հետ»։ Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։ Եվ Բերսաբեն ասաց. «Ես մի փոքր խնդրանք ունեմ քեզնից. ինձ չմերժես»։ Եվ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ Եվ Բերսաբեն էլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը կնության տրվի քո եղբայր Ադոնիային»։ Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։ Եվ Սողոմոն թագավորը երդվեց Տիրոջ անունով. «Թող Աստված ինձ այսպես անի ու էլ ավելին անի, եթե Ադոնիայի խոսքն իր իսկ կյանքի դեմ չէ։ Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։ Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։ Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։ Եվ Սողոմոնն Աբիաթարին հեռացրեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Հեղիի տան մասին ասել էր Սելովում։ Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոն թագավորին իմաց տվին, թե Հովաբը փախել է Տիրոջ վրանը, և ահա նա զոհասեղանի մոտ է։ Եվ Սողոմոնը Հովիադայի որդի Բանեային ուղարկեց՝ ասելով. «Գնա՛, սպանի՛ր նրան»։ Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։ Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։ Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։ Թող նրանց արյունը Հովաբի գլխին գա և հավիտյան՝ նրա սերնդի գլխին, իսկ Տերը հավիտյան խաղաղություն տա Դավթին ու նրա սերնդին, նրա տանն ու աթոռին»։ Եվ Հովիադայի որդի Բանեան գնաց, խփեց ու սպանեց նրան, և նա թաղվեց իր տանը՝ անապատում։ Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։ Թագավորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում և բնակվի՛ր այնտեղ ու այնտեղից այս կամ այն կողմ դուրս մի՛ ելիր։ Այն օրը, որ դուրս եկար ու անցար Կեդրոնի հեղեղատը, հաստատ իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես, և քո արյունը քո գլխին գա»։ Եվ Սեմեին ասաց թագավորին. «Բարի է այդ խոսքը, որ ասացիր. ինչպես ասաց իմ տեր թագավորը, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Սեմեին երկար ժամանակ բնակվեց Երուսաղեմում։ Բայց երեք տարի անց այնպես եղավ, որ Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի թագավոր Մաաքայի որդի Անքուսի մոտ, և Սեմեիին հայտնեցին, թե՝ «Ահա քո ծառաները Գեթում են»։ Եվ Սեմեին վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։ Եվ Սողոմոնին հայտնեցին, թե Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձել։ Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ Հապա ինչո՞ւ չպահեցիր Տիրոջ երդումը և այն պատվերը, որ ես քեզ պատվիրեցի»։ Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։ Օրհնյա՜լ է Սողոմոն թագավորը, և հավիտյան հաստատ է Դավթի աթոռը Տիրոջ առաջ»։ Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։ Եվ Սողոմոնը խնամիացավ Եգիպտոսի թագավոր փարավոնի հետ և կին առավ փարավոնի աղջկան ու նրան բերեց Դավթի քաղաք՝ դեռևս չվերջացրած իր պալատի և Տիրոջ տան ու Երուսաղեմի շրջապարսպի շինարարությունը։ Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։ Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։ Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։ Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։ Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։ Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։ Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։ Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։ Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։ Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։ Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը »։ Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։ Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։ Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը, որդի ծնեցի։ Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։ Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։ Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։ Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։ Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվ այսպես խոսում էին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։ Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛ր արեք այս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։ Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։ Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։ Եվ Սողոմոն թագավորը թագավոր էր ամբողջ Իսրայելի վրա։ Եվ սրանք էին նրա գլխավոր պաշտոնյաները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանա, Սիսայի որդիները՝ Ելիքորեփը և Աքիան՝ քարտուղարներ, Աքիուդի որդի Հոսափատը՝ ատենագիր, Հովիադայի որդի Բանեան՝ հրամանատար, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ, Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ, Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։ Սողոմոնը տասներկու կուսակալներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս պարեն էր տալիս թագավորին և նրա տանը։ Սրանք էին նրանց անունները. Բենովրը՝ Եփրեմի սարում, Բենդակիրը՝ Մաքասում և Սաղաբիմում, Բեթսամյուսում և Ելոն-Բեթանանում, Բենհեսեդը՝ Արարովթում. նրանն էր Սոքովը և Ոփերի ամբողջ երկիրը։ Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։ Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։ Բենգաբերը՝ Ռամովթ-Գաղաադում. նրանն էին Մանասեի Հայերի գյուղաքաղաքները, նրանն էին Բասանում գտնվող Արգովբի գավառը Բասանում և վաթսուն մեծ ու պարսպապատ և պղնձանիգ քաղաքներ։ Ադդովի որդի Աքինաբադը՝ Մանայիմում, Աքիմաասը՝ Նեփթաղիմում. սա էլ կնության էր առել Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։ Քուսիի որդի Բաանան՝ Ասերում և Բաալոթում, Փարուայի որդի Հոսափատը՝ Իսաքարում, Էլայի որդի Սեմեին՝ Բենիամինում, Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ ամորհացիների Սեհոն թագավորի և Բասանի Ովգ թագավորի երկրում. այդ երկրում մեկ կուսակալ կար։ Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։ Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։ Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր, տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից, որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։ Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։ Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։ Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։ Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։ Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։ Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։ Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։ Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։ Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։ Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստության համբավը։ Տյուրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավոր օծել, որովհետև Քիրամը միշտ էլ սիրել էր Դավթին։ Եվ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամի մոտ՝ ասելով. «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։ Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։ Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ՝ ասելով. “Քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարեն, իմ անվան տունը նա է շինելու”։ Արդ հրամա՛ն տուր, որ Լիբանանից մայրիներ կտրեն ինձ համար, և իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, և ես քո ծառաներին այնքան վարձ կտամ, որքան դու կասես, որովհետև դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ սիդոնացիների նման փայտ կտրել իմանա»։ Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը, որ Դավթին իմաստուն որդի է տվել՝ այդ մեծ ժողովրդի վրա իշխելու»։ Եվ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Ես լսեցի այն խոսքը, որ ուղարկել ես ինձ. ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես եղևնափայտի և մայրու փայտի մասին։ Իմ ծառաները Լիբանանից փայտը կիջեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս. այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես. իսկ դու կկատարես իմ կամքը. հաց կտաս իմ տանը»։ Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղևնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր։ Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։ Եվ Տերն իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշինք կնքեցին իրար հետ։ Եվ Սողոմոն թագավորը մարդահարկ դրեց ամբողջ Իսրայելի վրա. հարկադիր աշխատող դարձան երեսուն հազար մարդ։ Նա հաջորդաբար նրանցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան, որոնք մեկ ամիս լինում էին Լիբանանում և երկու ամիս՝ տանը. այդ հարկի վերակացուն Ադոնիրամն էր։ Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ, բացի երեք հազար երեք հարյուր վերակացուների պետերից, որ Սողոմոնը դրել էր գործավորներին վերահսկելու համար։ Եվ թագավորը հրամայեց, որ մեծ քարեր կտրեն, ընտիր քարեր՝ տան հիմքը տաշած քարերով դնելու համար։ Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։ Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում և Սողոմոնի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարում՝ Զիվ ամսում, այսինքն՝ երկրորդ ամսում, Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը։ Սողոմոն թագավորի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ քսան, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։ Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ ։ Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։ Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։ Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։ Միջին կարգի խուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։ Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։ Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։ Եվ Տերը խոսեց Սողոմոնի հետ՝ ասելով. «Դու ահա շինում ես այս տունը. եթե դու գնաս իմ կանոններով և կատարես իմ իրավունքը, իմ բոլոր հրամանները պահես և հետևես դրանց, ապա այն ժամանակ ես քո նկատմամբ կկատարեմ իմ ասած խոսքը, որ խոսել եմ քո հայր Դավթի հետ։ Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ և չեմ թողնի Իսրայելի իմ ժողովրդին»։ Եվ Սողոմոնը շինեց տունն ու ավարտեց այն։ Եվ տան պատերը ներսից երեսապատեց եղևնափայտի տախտակներով տան հատակից մինչև ձեղունի պատերը, իսկ տան հատակը ծածկեց մայրու տախտակներով։ Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը, այսինքն՝ սրբությունների սրբարանը։ Եվ տունը, այսինքն՝ տաճարի առաջին մասը, քառասուն կանգուն էր։ Տաճարի ներսի եղևնափայտերը զարդարված էին կոկոնների և բացված ծաղիկների նման քանդակներով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված, և բնավ քար չէր երևում։ Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։ Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։ Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։ Եվ ամբողջ տունը պատեց ոսկով, ամբողջ տունը՝ մինչև վերջ, և ամբողջ զոհասեղանը, որ սրբարանում էր, նույնպես պատեց ոսկով։ Եվ սրբարանում երկու քերովբեներ դրեց՝ շինված ձիթենու փայտից, տասը կանգուն բարձրությամբ։ Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, հինգ կանգուն էր նաև մյուս թևը. մեկ թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։ Երկրորդ քերովբեի թևերի երկարությունը տասը կանգուն էր. երկու քերովբեները մեկ չափի էին և նույն ձևի։ Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։ Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։ Եվ քերովբեներին պատեց ոսկով։ Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։ Եվ տան թե՛ ներսի և թե՛ դրսի սենյակների հատակն էլ պատեց ոսկով։ Եվ սրբարանի դռան համար ձիթենու փայտից փեղկեր շինեց՝ դռնասյուների շրջանակներով, որ հնգանկյուն էր։ Դռան երկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։ Եվ տաճարի շրջանակը շինեց ձիթենու փայտից, որ քառանկյուն էր։ Դռան երկու փեղկերը մայրու փայտից էին, ծալվում էին թե՛ մի փեղկի երկու տախտակները և թե՛ մյուս փեղկի երկու տախտակները։ Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։ Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։ Տիրոջ տան հիմքը դրվեց չորրորդ տարվա Զի ամսում։ Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։ Իսկ իր տունը Սողոմոնը շինեց տասներեք տարում և ամբողջովին վերջացրեց այն։ Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։ Նաև եղևնափայտե մի հարկ շինեց այն գերանների վրա, որոնք քառասունհինգ սյուների վրա էին՝ մեկ շարքը տասնհինգ հատ։ Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։ Եվ բոլոր դռներն ու դռնասյուները քառակուսի էին, կամարակապ և երեք շարք՝ մի պատուհանը մյուսի դեմ։ Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։ Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։ Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։ Այս բոլորը շինված էին ընտիր քարերից, որոնք տաշված էին ըստ չափերի, ներսից ու դրսից սղոցով սղոցված, հիմքից մինչև առաստաղը և դրսից մինչև մեծ գավիթը։ Եվ հիմքն ընտիր քարերից էր, մեծ-մեծ քարերից, տասը կանգուն քարերից և ութ կանգուն քարերից։ Եվ հիմքի վրա ընտիր քարեր էին՝ տաշած քարերի չափով, և եղևնափայտ։ Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։ Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։ Նա ձուլեց պղնձե երկու սյուները. մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն է, որի շրջագիծը տասներկու կանգուն էր, և երկրորդը նրա նման էր։ Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։ Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։ Եվ երկու սյուների վրա մեկ ցանցի շուրջը երկու շարք նռներ շինեց, որ ծածկեին խոյակները. նույնն էլ արեց մյուս խոյակի համար։ Եվ խոյակները, որ սյուների գլխին էին, նախասրահում, շուշանաձև էին, չորս կանգուն։ Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։ Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին, և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։ Եվ սյուների գլուխների վրա շուշանաձև քանդակներ կային. այդպես ավարտվեց սյուների գործը։ Շինեց նաև ձուլածո ծովը՝ մի պռունկից մինչև մյուս պռունկը տասը կանգուն, բոլորովին կլոր. բարձրությունը՝ հինգ կանգուն, և երեսուն կանգունանոց մի դերձան շրջապատում էր այն։ Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։ Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։ Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։ Եվ պղնձե տասը պատվանդաններ շինեց. յուրաքանչյուր պատվանդանի երկարությունը՝ չորս կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն, և երեք կանգուն՝ բարձրությունը։ Եվ պատվանդանները շինված էին այսպես. դրանք շրջանակվող տախտակներ ունեին, որոնք հաստատված էին շրջանակների վրա։ Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։ Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։ Եվ նրա բերանը ձագարի նման էր, դեպի վեր՝ մեկ կանգուն, և նրա բերանը կլոր էր՝ մեկուկես կանգուն. բերանի վրա նույնպես քանդակներ և շրջանակներ կային՝ քառակուսի և ոչ թե կլոր։ Եվ չորս անիվները շրջանակների տակ էին, և անիվների առանցքները՝ պատվանդանի մեջ, և յուրաքանչյուր անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։ Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։ Եվ յուրաքանչյուր պատվանդանի չորս անկյունների վրա չորս նեցուկներ կային՝ պատվանդանի հետ միացած։ Եվ պատվանդանի գլխին կես կանգուն բարձրությամբ շուրջանակի բոլորակ կար, և պատվանդանի գլխին նրա ունկերն ու շրջանակները միացված էին իրար։ Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախված զարդեր։ Այսպես շինեց այդ տասը պատվանդանները՝ բոլորն էլ ձուլածո, միևնույն չափի ու ձևի։ Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։ Եվ հինգ պատվանդանը դրեց տաճարի աջ կողմի ծայրին, հինգը՝ ձախ կողմի ծայրին և ծովը դրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։ Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։ Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համար շինված երկու ցանցերը։ Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին, տասը պատվանդանները և տասը ավազանները՝ պատվանդանների վրա, մեկ ծովը և տասներկու եզները՝ ծովի տակ։ Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։ Թագավորը դրանք հողե կաղապարներով ձուլել տվեց Հորդանանի դաշտում՝ Սոկքովթի և Սարթանի միջև։ Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։ Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը, մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։ Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։ Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։ Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։ Եվ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ յոթերորդ ամսում, այսինքն՝ Էթանիմ ամսի տոնին։ Եկան Իսրայելի բոլոր ծերերը, և քահանաները վերցրին տապանակը։ Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։ Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։ Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։ Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։ Տապանակում ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որոնք Մովսեսն այնտեղ էր դրել Քորեբում, երբ Տերն ուխտ էր արել Իսրայելի որդիների հետ՝ Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու ժամանակ։ Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։ Եվ քահանաներն ամպի պատճառով չկարողացան կանգնել սպասավորելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։ Ես քեզ համար բնակվելու տուն շինեցի, մի տեղ, որ դու բնակվես հավիտյան»։ Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին, իսկ Իսրայելի ամբողջ ժողովուրդը կանգնել էր։ Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով. “Այն օրից ի վեր, երբ Իսրայելի իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավթին, որ նա լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա”։ Իմ հայր Դավիթը սրտում դրել էր Իսրայելի Տեր Աստծու անվան համար տուն շինել։ Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։ Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։ Եվ Տերը հաստատեց իր ասած խոսքը. և ես հաջորդեցի իմ հայր Դավթին և նստեցի Իսրայելի գահին, ինչպես ասել էր Տերը, ես տուն շինեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար։ Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։ Եվ Սողոմոնը կանգնեց Տիրոջ զոհասեղանի առաջ, Իսրայելի ամբողջ ժողովրդի դիմաց, ձեռքերը տարածեց դեպի երկինք և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։ Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին ասած քո խոսքը, որ ասել էիր քո բերանով և այսօր քո ձեռքով կատարեցիր այն։ Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։ Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։ Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։ Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ, և քո աչքերը գիշեր ու ցերեկ թող բաց լինեն այս տան ու այստեղի վրա, որի համար ասացիր. “Իմ անունը այնտեղ պիտի լինի”. լսի՛ր այս աղոթքը, որ քո ծառան աղոթում է այստեղ։ Եվ լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ մատուցում են այստեղ. և հիմա լսի՛ր քո բնակվելու տեղից՝ երկնքից, և լսելով՝ ների՛ր։ Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և կատարի՛ր. դատի՛ր քո ծառաներին, դատապարտի՛ր մեղապարտին, որ նրա արածը բերես նրա գլխին, և արդարացրո՛ւ արդարին, որ ըստ իր արդարության հատուցես նրան։ Եթե քո ժողովուրդ Իսրայելը քո դեմ մեղանչելու համար հաղթվի իր թշնամիներից և դառնա դեպի քեզ ու փառք տա քո անվանը, աղոթի ու աղերսի քեզ այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։ Եթե քո դեմ նրանց մեղանչելու համար երկինքը փակվի, և անձրև չլինի, և այստեղ աղոթք անեն ու փառք տան քո անվանը և ետ կանգնեն իրենց մեղքերից՝ նրանց քո նեղելու պատճառով, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։ Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն, և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը, որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։ Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար, որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։ Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը, այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։ Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը, և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։ Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։ Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց հանեցիր Եգիպտոսից՝ երկաթե փռի միջից։ Եվ քո աչքերը թող բաց լինեն քո ծառայի աղերսանքի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքի վրա, որ ամեն անգամ դեպի քեզ նրանց աղաղակելու ժամանակ լսես նրանց, որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։ Եվ երբ Սողոմոնը վերջացրեց այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը՝ Տիրոջն աղոթելը, վեր կացավ Տիրոջ սեղանի առջևից, ուր ծունկ էր չոքել և ձեռքերը տարածել դեպի երկինք, կանգնեց և բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին և ասաց. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։ Մեր Տեր Աստվածը թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, թող մեզ չլքի և անտես չանի մեզ. և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։ Եվ իմ այս խոսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջ, գիշեր ու ցերեկ թող մոտենան մեր Տեր Աստծուն, որպեսզի նա ամեն օր իր ծառայի և իր Իսրայել ժողովրդի իրավունքը պաշտպանի, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տերն է Աստվածը, և ուրիշը չկա։ Եվ ձեր սրտերը ուղիղ լինեն մեր Տեր Աստծու հանդեպ, և պահեք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։ Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։ Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։ Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։ Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։ Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը, այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում, և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։ Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզ և պահես իմ կանոններն ու իրավունքները, այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։ Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց, այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։ Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։ Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։ Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը, և Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին ընծայել էր եղևնափայտ, մայրու փայտ ու ոսկի և այն ամենը, ինչ փափագել էր նա, այն ժամանակ Սողոմոն թագավորը դրանց փոխարեն Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայի երկրում։ Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։ Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբող երկիր, ինչպես կոչվում են մինչև այսօր։ Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։ Այս էր Սողոմոն թագավորի դրած հարկի պատճառը, որ շիներ Տիրոջ տունը և իր պալատը, Մելոնն ու Երուսաղեմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը և Գազերը։ Եգիպտոսի փարավոն թագավորը գնացել ու վերցրել էր Գազերը, կրակով այրել այն և սպանել այդ քաղաքում բնակվող քանանացիներին և այն իբրև օժիտ տվել իր աղջկան, որը Սողոմոնի կինն էր։ Եվ Սողոմոնը շինեց Գազերը և ներքին Բեթորոնը, նաև Բաաղեթը և Թադմորը Հուդայի անապատի մեջ, Սողոմոնի բոլոր շտեմարան քաղաքները, կառքերի քաղաքները, ձիավորների քաղաքները և այն բոլոր կառույցները, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր թագավորության ամբողջ երկրում։ Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին, այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։ Սակայն Սողոմոնը Իսրայելի որդիներին ստրուկ չդարձրեց, որովհետև նրանք պատերազմի մարդիկ էին. իր իշխաններն իր զորավարներն էին լինում և իր կառքերի ու ձիավորների վերակացուները։ Սրանք էին Սողոմոնի գործերի վրա եղած վերակացուների գլխավորները՝ հինգ հարյուր հիսուն մարդ, որոնք կառավարում էին աշխատանքները կատարող ժողովրդին։ Եվ փարավոնի աղջիկը ելավ Դավթի քաղաքից ու գնաց այն տունը, որ Սողոմոնը շինել էր նրա համար. ապա կառուցեց Մելոնը։ Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։ Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։ Եվ Քիրամն իր ծառաներին, որ նավավարներ էին և հմուտ ծովայիններ, նավով ուղարկեց Սողոմոնի մարդկանց հետ։ Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի՝ Տիրոջ անունով համբավի մասին, եկավ նրան խրթին հարցումներով փորձելու։ Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։ Եվ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. թագավորի համար ոչ մի գաղտնի բան չկար, որ նա չբացատրեր նրա համար։ Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը և նրա շինած պալատը, նրա սեղանի կերակուրը և նրա ծառաների նստելն ու նրա սպասավորների վեր կենալը, նրանց հագուստները և նրա մատռվակներին, նրա այն սանդուղքը, որով նա ելնում էր Տիրոջ տունը, էլ ուշք չմնաց նրա մեջ։ Եվ նա ասաց թագավորին. «Ճշմարիտ է եղել այն խոսքը, որ ես իմ երկրում լսել եմ քո գործերի և քո իմաստության մասին։ Բայց ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ եկա, և իմ աչքերը տեսան. և ահա ինձ կեսն էլ չեն պատմել. դու իմ լսած համբավից ավելի իմաստություն և հարստություն ունես։ Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը։ Օրհնյա՜լ լինի քո Տեր Աստվածը, որ քեզ հավանեց՝ քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու համար. Տերը, հավիտյան սիրելով Իսրայելին, քեզ թագավոր է դրել, որ իրավունք և արդարություն անես»։ Եվ թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի և խիստ շատ խունկ ու պատվական քարեր տվեց. և այդքան շատ խունկ, որքան Սաբայի թագուհին տվեց Սողոմոնին, այլևս չեկավ։ Եվ Քիրամի նավերը, որ Ոփիրից ոսկի էին բերում, խիստ շատ ալմուգ փայտ էլ բերեցին, ինչպես նաև պատվական քարեր։ Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։ Եվ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա փափագում էր և ուզեց, բացի այն ամենից, ինչ Սողոմոն թագավորն էր առատաձեռնությամբ տվել. և նա իր ծառաների հետ վերադարձավ ու գնաց իր երկիրը։ Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի համար եկած ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր, բացի այն ոսկուց, որ գալիս էր վաճառականներից, առևտրականներից և Արաբիայի թագավորներից ու երկրի կառավարիչներից։ Եվ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան շինեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գնաց վեց հարյուր սիկղ ոսկի ։ Եվ երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց. յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկի ծախսվեց. և թագավորը դրանք դրեց «Լիբանանի անտառի տանը»։ Եվ թագավորը փղոսկրյա մի մեծ գահ շինեց և այն պատեց մաքուր ոսկով։ Գահը վեց աստիճաններ ուներ, և գահի գլուխը բոլորաձև էր ետևից, իսկ նստելու տեղը թե՛ այս և թե՛ մյուս կողմից հենարաններ ուներ, և այդ հենարանների մոտ քանդակված երկու առյուծներ կային։ Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսի բան չէր շինված ոչ մի թագավորության մեջ։ Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։ Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։ Եվ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։ Ամբողջ երկիրը փափագում էր տեսնել Սողոմոնի երեսը, որ լսի նրա այն իմաստությունը, որ Աստված տվել էր նրա սրտին։ Եվ ամեն տարի նրանցից ամեն մեկը բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ ու ոսկե անոթներ, հանդերձներ, զենքեր, խնկեղեն, ձիեր և ջորիներ։ Սողոմոնը կառքեր և ձիավորներ հավաքեց. ուներ հազար չորս հարյուր կառք և տասներկու հազար ձիավոր. և նրանց տեղավորեց կառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։ Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանը ձիերը երամակով էր ծախու առնում։ Մեկ կառքը Եգիպտոսից գնվում և բերվում էր վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունով։ Այդպես էլ արտահանում էին իրենց ձեռքով քետացիների թագավորների և ասորիների թագավորների համար։ Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ. այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։ Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։ Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։ Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։ Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։ Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։ Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։ Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։ Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին, որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։ Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։ Եվ նրանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան և Փառանից իրենց հետ մարդիկ վերցրին ու գնացին Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր փարավոնի մոտ։ Եվ նա նրան տուն ու հաց տվեց և հող շնորհեց նրան։ Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։ Եվ Թահփենեսի քույրը նրա համար ծնեց Գանեբաթին, և Թահփենեսը նրան մեծացրեց փարավոնի պալատում, և Գանեբաթը փարավոնի պալատում փարավոնի որդիների հետ էր լինում։ Եվ երբ Ադադը Եգիպտոսում լսեց, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, և թե զորապետ Հովաբն էլ է մեռել, Ադադն ասաց փարավոնին. «Ինձ արձակի՛ր, որ իմ երկիրը գնամ»։ Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։ Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։ Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։ Նա Իսրայելի հակառակորդն էր Սողոմոնի կյանքի բոլոր օրերին. բացի այն չարիքից, որ Ադադն էր անում, նա էլ էր նեղում Իսրայելին. և թագավորեց ասորիների վրա։ Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։ Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը. Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։ Եվ երբ այդ օրերին Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարեն, որը նոր վերարկու էր հագել. և նրանք երկուսով մենակ էին դաշտում։ Եվ Աքիան բռնեց իր վրայի նոր վերարկուից, պատառոտեց և տասներկու կտոր արեց այն։ Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ, իսկ մի ցեղը նրանը կլինի իմ ծառա Դավթի պատճառով և Իսրայելի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի պատճառով։ Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։ Բայց ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու նրա ձեռքից, այլ նրան իշխան կդնեմ իր կյանքի բոլոր օրերին՝ իմ ծառա Դավթի պատճառով, որին ընտրել եմ ես, և որը պահել է իմ պատվերներն ու իմ կանոնները։ Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը։ Եվ նրա որդուն պիտի տամ մեկ ցեղը, որ իմ ծառա Դավիթը միշտ մի ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը ես ընտրել եմ իմ անունն այնտեղ դնելու համար։ Եվ ես վեր եմ բարձրացնելու քեզ, և դու պիտի թագավորես քո ցանկացածի պես և պիտի թագավոր լինես Իսրայելի վրա։ Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։ Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես”»։ Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։ Եվ Սողոմոնի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, և նրա իմաստությունը, դրանք ահա գրված են Սողոմոնի գործերի գրքում։ Ամբողջ Իսրայելի վրա Երուսաղեմում Սողոմոնի թագավորության ժամանակը քառասուն տարի էր։ Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։ Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։ Եվ երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը փախել էր Սողոմոն թագավորից և տակավին Եգիպտոսում էր (Հերոբովամը մնում էր Եգիպտոսում), մարդ ուղարկեցին և նրան կանչեցին. և եկան Հերոբովամն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, խոսեցին Ռոբովամի հետ և ասացին. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը. բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դրած խիստ ծառայությունը և նրա մեզ վրա դրած ծանր լուծը, և այն ժամանակ քեզ ծառայություն կանենք»։ Եվ նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից հետո դարձյալ եկե՛ք ինձ մոտ». և ժողովուրդը գնաց։ Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։ Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։ Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։ Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։ Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։ Եվ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես խոսել էր թագավորը և ասել. «Երրորդ օրը դարձյալ ինձ մո՛տ եկեք»։ Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։ Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։ Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րը գնա, ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։ Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։ Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։ Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։ Եվ երբ ամբողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը ետ է եկել, այն ժամանակ մարդ ուղարկեցին ու նրան ժողովի կանչեցին և նրան թագավոր դարձրին ամբողջ Իսրայելի վրա, իսկ Դավթի տանը ուրիշ հետևող չկար, բացի մեկից՝ Հուդայի ցեղից։ Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։ Եվ Աստված խոսեց Աստծու մարդ Սեմայիայի հետ և ասաց. «Ասա՛ Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամին և ամբողջ Հուդայի ու Բենիամինի տանը և մնացած ժողովրդին. “Այսպես է ասում Տերը. "Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել"”»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։ Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։ Եվ Հերոբովամն ասաց իր սրտում. «Հիմա թագավորությունը պիտի վերադառնա Դավթի տուն։ Եթե այս ժողովուրդը ելնի Երուսաղեմ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը կդառնա դեպի իրենց տերը՝ Հուդայի թագավոր Ռոբովամը, ինձ կսպանեն և ետ կդառնան դեպի Ռոբովամ թագավորը»։ Եվ թագավորը խորհուրդ արեց և ոսկե երկու հորթ շինեց ու ասաց ժողովրդին. «Բավական է դուք Երուսաղեմ գնաք. ահա քո աստվածները, ո՛վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»։ Եվ մեկը դրեց Բեթելում, իսկ մյուսը դրեց Դանում։ Եվ սա մեղքի պատճառ դարձավ, և ժողովուրդը մեկի առաջ գնալու համար հասնում էր մինչև Դան։ Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։ Եվ Հերոբովամը տոն կատարեց ութերորդ ամսի տասնհինգին՝ Հուդայում հաստատված տոնի նման, և բարձրացավ զոհասեղանին. այսպես էլ արեց Բեթելում, որ զոհ մատուցեր իր շինած ոսկե հորթերին. և Բեթելում դրեց իր շինած Բարձր տեղերի քահանաներին։ Եվ Բեթելում իր շինած զոհասեղանի վրա բարձրացավ իր մտքի հնարած ամսի, այսինքն՝ ութերորդ ամսի տասնհինգին և տոն սահմանեց այդ օրը Իսրայելի որդիների համար, բարձրացավ զոհասեղանի վրա՝ զոհ մատուցելու համար։ Ահա Աստծու մի մարդ Տիրոջ խոսքով Հուդայից եկավ Բեթել, իսկ Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ՝ զոհ մատուցելու համար։ Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։ Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։ Եվ երբ թագավորը լսեց Աստծու մարդու այն խոսքը, որ կանչել էր Բեթելում եղած զոհասեղանի դեմ, այդ ժամանակ Հերոբովամն իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցե՛ք դրան». սակայն նրա ձեռքը չորացավ, որ մեկնել էր զոհասեղանի վրայից, և չկարողացավ այն ետ քաշել դեպի իրեն։ Եվ զոհասեղանը ճեղքվեց, ու մոխիրը թափվեց զոհասեղանից՝ որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծու մարդուն։ Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։ Եվ թագավորն ասաց Աստծու մարդուն. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, և ես պարգևներ կտամ քեզ»։ Բայց Աստծու մարդն ասաց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի, որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. “Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր”»։ Եվ նա գնաց ուրիշ ճանապարհով և չվերադարձավ այն ճանապարհով, որով գնացել էր Բեթել։ Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում, և այն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։ Եվ նրանց հայրն ասաց. «Ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։ Եվ նա ասաց իր որդիներին. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և էշը համետեցին նրա համար, և նա հեծնեց այն։ Եվ գնաց Աստծու մարդու ետևից և նրան գտավ մի բևեկնու տակ նստած ու ասաց նրան. «Դո՞ւ ես Աստծու այն մարդը, որ եկել ես Հուդայից». և նա ասաց՝ ես եմ։ Եվ նրան ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։ Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ, որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել. “Այնտեղ հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով դու գնացիր”»։ Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։ Եվ նա ետ դարձավ նրա հետ, հաց կերավ նրա տանը և ջուր խմեց։ Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։ Նա կանչեց Հուդայից եկած Աստծու մարդուն և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու անհնազանդ եղար Տիրոջ խոսքին և չպահեցիր քո Տեր Աստծու քեզ պատվիրած պատվիրանը և ետ դարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղում, որի մասին քեզ ասաց. "Հաց չուտես և ջուր չխմես", դրա համար էլ քո դիակը չի մտնելու քո հայրերի գերեզմանը”»։ Եվ երբ հաց էր կերել և ջուր խմել, նա պատրաստեց էշը իր ետ դարձրած մարգարեի համար։ Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։ Եվ ահա ճանապարհով անցնողներ կային, որոնք տեսան, որ դիակն ընկած է ճանապարհին, և առյուծը կանգնած է դիակի մոտ, և եկան ու պատմեցին այն քաղաքում, որտեղ բնակվում էր ծեր մարգարեն, և ասացին նրան։ Եվ երբ այս բանը լսեց նրան իր ճանապարհից ետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու այն մարդն է, որն անհնազանդ եղավ Տիրոջ խոսքին, և Տերը նրան մատնել է առյուծին, որը նրան պատառոտել է և մեռցրել, ինչպես Տերն ասել էր նրան»։ Եվ խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և նրանք համետեցին էշը։ Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։ Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։ Նրա դիակը դրեց իր գերեզմանում, և սուգ արեցին նրա վրա. «Վա՜յ, եղբա՛յր իմ»։ Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Երբ ես մեռնեմ, ինձ թաղե՛ք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը. իմ ոսկորները դրե՛ք նրա ոսկորների կողքին, որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։ Այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։ Եվ այս բանը պատճառ եղավ Հերոբովամի տան մեղք գործելու համար, որ այն կորչի և բնաջինջ լինի երկրի երեսից։ Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։ Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։ Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։ Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։ Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։ Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. «Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու. գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա, թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։ Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։ Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։ Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։ Եվ դու վե՛ր կաց, գնա՛ քո տուն. քո ոտքը քաղաք մտնելիս երեխան պիտի մեռնի։ Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։ Եվ Տերն իր համար Իսրայելի վրա մի թագավոր վեր կհանի, որ նույն օրը կբնաջնջի Հերոբովամի տունը ու նաև այն, ինչ որ կա հիմա։ Եվ Տերն Իսրայելին այնպես պիտի հարվածի, ինչպես եղեգն է շարժվում ջրերի մեջ, և Իսրայելից պիտի խլի այս բարի երկիրը, որ տվել է իրենց հայրերին, և պիտի ցրի նրանց Գետի մյուս կողմում, որովհետև Տիրոջը բարկացնելով՝ կուռքի աստարովթներ շինեցին իրենց համար։ Եվ պիտի կորստյան մատնի Իսրայելին այն մեղքերի համար, որ գործեց Հերոբովամը և որոնցով մեղանչել տվեց Իսրայելին»։ Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։ Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։ Հերոբովամի մնացած գործերի՝ թե՛ պատերազմելու և թե՛ թագավորելու մասին ահա գրված են Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։ Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։ Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։ Նրանք էլ իրենց համար Բարձր տեղեր ու սյուներ և աստարովթներ շինեցին բոլոր բարձր բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ Եվ իգացողներ էլ կային այդ երկրում և ամեն տեսակ գարշելի բաներ էին անում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Եվ Ռոբովամ թագավորի հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա։ Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։ Եվ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե վահաններ շինեց և հանձնեց պահապանների գլխավորներին, որոնք պահպանում էին թագավորի պալատի մուտքը։ Երբ թագավորը գնում էր Տիրոջ տուն, սուրհանդակները տանում էին դրանք և ետ էին բերում սուրհանդակների խուցը։ Ռոբովամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Ռոբովամի և Հերոբովամի միջև միշտ պատերազմ կար։ Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամ որդին։ Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիամը թագավորեց Հուդայի վրա։ Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Եվ նա շարունակեց գործել այն բոլոր մեղքերը, որ գործել էր իր հայրը իրենից առաջ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու հանդեպ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։ Որովհետև Դավթի սիրուց նրա Տեր Աստվածը նրան մեկ ճրագ էր տվել, որ իրենից հետո նրա որդուն հաստատի Երուսաղեմում և հաստատուն պահի Երուսաղեմը, որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։ Եվ պատերազմ կար Ռոբովամի և Հերոբովամի միջև նրա կյանքի բոլոր օրերին։ Աբիամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում. և պատերազմ կար Աբիամի և Հերոբովամի միջև։ Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։ Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։ Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։ Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։ Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։ Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։ Եվ նա իր հոր նվիրած և իր նվիրած ամեն բան՝ արծաթը, ոսկին և անոթները, բերեց Տիրոջ տուն։ Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։ Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։ Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով. «Դաշինք կա իմ և քո միջև, իմ հոր և քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ ու ոսկի եմ ընծա ուղարկել. քանդի՛ր քո դաշինքը, որ կնքել ես Իսրայելի Բաասա թագավորի հետ, որպեսզի նա գնա ինձնից»։ Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։ Եվ երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեց Ռաման շինելուց և բնակվեց Թերսայում։ Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։ Եվ Ասայի մնացած բոլոր գործերի՝ և՛ նրա ամբողջ զորության, և՛ նրա բոլոր արածների, և՛ նրա շինած քաղաքների մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում, բացի նրանից, որ իր ծերության ժամանակ ոտքերը ցավում էին։ Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։ Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու նրա մեղքերով և դրանցով էլ մեղանչել տվեց Իսրայելին։ Եվ նրա նկատմամբ դավադրություն արեց իսաքարցի Աքիայի որդի Բաասան. և Բաասան նրան ջարդեց փղշտացիների Գաբաթոնում, երբ Նադաբը և ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։ Բաասան սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում և ինքը թագավորեց նրա փոխարեն։ Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով Հերոբովամի գործած և Իսրայելին մեղանչել տված նրա այն մեղքերի համար, որոնցով բարկացրել էր Իսրայելի Տեր Աստծուն։ Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։ Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում, և թագավորեց քսանչորս տարի։ Եվ չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքերով, որոնցով մեղանչել տվեց Իսրայելին։ Տերն Անանիի որդի Հեուի միջոցով խոսեց Բաասայի դեմ՝ ասելով. «Որովհետև ես քեզ բարձրացրի փոշուց և քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան դրեցի, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և մեղանչել տվեցիր Իսրայելի իմ ժողովրդին՝ նրանց մեղքերով ինձ բարկացնելու համար, ահա ես պիտի կործանեմ Բաասային ու նրա տունը և քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես։ Բաասայի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում նրա մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։ Եվ Բաասայի մնացած գործերի՝ և՛ նրա արածի, և՛ նրա քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ Բաասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Թերսայում, և իր որդի Էլան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։ Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։ Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։ Այդ ժամանակ եկավ Զամրին, հարվածեց ու սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում, և ինքը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Եվ երբ նրա փոխարեն թագավոր դարձավ ու նստեց գահին, իսկույն կոտորեց Բաասայի ամբողջ տունը և նրա համար ոչ մի արու մարդ չթողեց թե՛ ազգականներից և թե՛ բարեկամներից։ Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով, Բաասայի բոլոր մեղքերի և նրա որդի Էլայի մեղքերի համար, որ մեղանչեցին և մեղանչել տվեցին Իսրայելին՝ իրենց սնոտիապաշտությամբ բարկացնելով Իսրայելի Աստծուն։ Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։ Եվ պաշարող բանակը լսեց, որ Զամրին դավադրություն է արել և սպանել է թագավորին. այդ օրը ամբողջ Իսրայելը բանակատեղիում Ամրի զորավարին թագավոր հռչակեց Իսրայելի վրա։ Ամրին ելավ Գաբաթոնից, և ամբողջ Իսրայելը նրա հետ գնաց ու պաշարեց Թերսան։ Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։ Զամրիի մնացած գործերի և նրա դավաճանության մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը բաժանվեց երկու մասի. ժողովրդի մի կեսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետևից, որպեսզի նրան դարձնի թագավոր, իսկ մյուս կեսը գնաց Ամրիի ետևից։ Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։ Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։ Եվ նա Սամերից երկու տաղանդ արծաթով գնեց Սամարիա լեռը, քաղաք շինեց լեռան վրա և իր շինած քաղաքի անունը կոչեց Սամարիա՝ լեռան տիրոջ՝ Սամերի անունով։ Եվ Ամրին չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ բոլոր իրենից առաջ եղածներից։ Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։ Ամրիի մնացած գործերի և նրա արած քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Ամրին ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում, և իր որդի Աքաաբը թագավորեց նրա փոխարեն։ Եվ Ամրիի որդի Աքաաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի Ասա թագավորի երեսունութերորդ տարում, և Ամրիի որդի Աքաաբը Սամարիայում քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։ Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։ Եվ Սամարիայում Բահաղի համար իր կառուցած Բահաղի տանը մի զոհասեղան շինեց։ Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեց այնպես անել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։ Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։ Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։ Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։ Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։ Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։ Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։ Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։ Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառ էլ հա՛ց բեր»։ Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։ Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։ Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։ Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։ Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։ Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։ Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։ Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։ Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։ Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։ Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։ Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։ Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Եղիային՝ ասելով. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և ես անձրև պիտի տամ երկրին»։ Եվ Եղիան գնաց Աքաաբին երևալու համար. և սովը սաստիկ էր Սամարիայում։ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր, և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։ Եվ Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա՛ այս երկրի ջրի բոլոր աղբյուրների և հեղեղատների մոտ, գուցե խոտ գտնենք և կեր տանք մեր ձիերին ու ջորիներին և չզրկվենք անասուններից»։ Եվ նրանք իրենց միջև բաժանեցին երկիրը՝ նրա մեջ շրջելու համար. Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, և Աբդիան էլ մի այլ ճանապարհով գնաց առանձին։ Եվ երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան ահա հանդիպեց նրան, և Աբդիան ճանաչեց նրան, ընկավ իր երեսի վրա և ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»։ Եվ նա ասաց. «Ես եմ. գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան»։ Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։ Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։ Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան”։ Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։ Մի՞թե իմ տիրոջը չեն իմացրել, թե ի՛նչ եմ արել. Հեզաբելի Տիրոջ մարգարեներին սպանելիս ես Տիրոջ մարգարեներից հարյուր մարդ հիսուն-հիսուն թաքցրեցի քարայրներում և նրանց կերակրեցի հացով ու ջրով։ Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը, թե՝ ահա Եղիան”, որ ինձ սպանի»։ Եվ Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ, որ այսօր պիտի երևամ նրան»։ Աբդիան գնաց ու դիմավորեց Աքաաբին և հայտնեց նրան. և Աքաաբը գնաց Եղիային դիմավորելու։ Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։ Նա ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից։ Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։ Եվ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։ Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։ Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։ Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։ Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։ Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։ Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։ Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։ Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։ Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։ Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։ Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։ Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։ Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։ Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։ Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։ Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։ Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։ Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։ Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։ Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։ Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։ Եվ այդ լսելով՝ վեր կացավ գնաց իր անձն ազատելու և հասավ Հուդայի Բերսաբեե. և իր ծառային թողեց այնտեղ։ Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։ Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։ Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ Եվ Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, անապատով գնա՛ Դամասկոս և երբ հասնես, Ազայելին թագավո՛ր օծիր ասորիների վրա։ Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։ Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։ Ինձ համար Իսրայելում թողնելու եմ յոթ հազար հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որոնք չծնրադրեցին Բահաղին, և բոլորն էլ իրենց բերանով չհամբուրեցին նրան»։ Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. և Եղիան անցավ նրա մոտով ու իր վերարկուն գցեց նրա վրա։ Նա թողեց եզները, վազեց Եղիայի ետևից և ասաց. «Թող համբուրեմ հորս ու մորս և հետո հետևեմ քեզ». և նա ասաց նրան. «Գնա՛ ու վերադարձի՛ր, որովհետև ես քեզ ի՞նչ եմ արել»։ Եվ նա ետ դարձավ նրա մոտից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների լծափայտերով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։ Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։ Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։ Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։ Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Թող քո ասածի պես լինի, տե՛ր իմ թագավոր, ես և իմ ամբողջ ունեցածը քոնն ենք»։ Պատգամավորները վերադարձան և ասացին. «Այսպես է ասում Բենադադը, թե՝ “Ես քեզ մոտ էի ուղարկել և ասել. "Քո արծաթը և ոսկին, քո կանանց և քո որդիներին ի՛նձ տուր"։ Ուրեմն վաղն իմ ծառաներին կուղարկեմ քեզ մոտ, որ աչքի անցկացնեն քո տունը և քո ծառաների տները, և այն ամենը, ինչ հաճելի լինի քո աչքին, նրանք պիտի վերցնեն”»։ Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։ Եվ բոլոր ծերերն ու ամբողջ ժողովուրդն ասացին նրան. «Մի՛ լսիր և հանձդ մի՛ առ»։ Եվ նա ասաց Բենադադի պատգամավորներին. «Ասացե՛ք իմ տեր թագավորին. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ այն, բայց այս մեկը չեմ կարող անել”». և պատգամավորները գնացին ու պատասխանը ետ տարան։ Եվ Բենադադը մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Աստվածներն ինձ թող այսպես անեն և սրանից ավելին անեն, եթե Սամարիայի հողը իմ ետևից եկող բոլոր զորքերի ափերը լցնելուն բավականացնի»։ Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։ Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։ Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։ Եվ նա հաշվեց գավառների իշխանների ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկու հոգի էին. նրանցից հետո հաշվեց ժողովրդին՝ Իսրայելի բոլոր որդիներին. յոթ հազար էին։ Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։ Նախ գավառների իշխանների ծառաներն առաջ անցան հարձակման. Բենադադը հետախույզներ ուղարկեց, և նրան հայտնեցին՝ ասելով. «Սամարիայից մարդիկ են դուրս գալիս»։ Նա էլ ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց. և եթե պատերազմի համար են դուրս եկել, դարձյալ կենդանի՛ բռնեք նրանց»։ Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։ Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։ Եվ Իսրայելի թագավորը դուրս եկավ, ոչնչացրեց ձիերն էլ, կառքերն էլ և մեծ ջարդ տվեց ասորիներին։ Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։ Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։ Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։ Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։ Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։ Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։ Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։ Եվ յոթ օր, բանակ կազմած, մնացին իրար դեմ դիմաց, և յոթերորդ օրը սկսվեց պատերազմը. և Իսրայելի որդիները մեկ օրում ասորիներից հարյուր հազար հետևակ ջարդեցին։ Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։ Եվ նրանք մեջքերին քուրձեր և իրենց գլուխներին չվաններ կապեցին ու գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. “Թող իմ անձն ապրի”»։ Եվ նա ասաց. «Մի՞թե նա դեռ ողջ է. նա իմ եղբայրն է»։ Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։ Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը, - դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։ Եվ մարգարեների խմբից մի մարդ, Տիրոջ խոսքով, ասաց իր ընկերոջը. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». բայց այդ մարդը չուզեց զարկել նրան։ Նա էլ ասաց այդ մարդուն. «Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը, ահա իմ մոտից գնալիս առյուծը քեզ պիտի սպանի»։ Նա գնաց նրա մոտից, և մի առյուծ գտավ նրան ու նրան սպանեց։ Եվ մի ուրիշ մարդու հանդիպեց և ասաց նրան. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». և այդ մարդը նրան ուժեղ զարկեց ու վիրավորեց։ Եվ մարգարեն գնաց ու կանգնեց թագավորի ճանապարհին և աչքերին մի ծածկոց դրեց ու ծպտվեց։ Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։ Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։ Եվ նա ծածկոցն իսկույն հեռացրեց աչքերի վրայից, և Իսրայելի թագավորը ճանաչեց նրան, որ նա մարգարեներից էր։ Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։ Եվ Իսրայելի թագավորը տխուր ու բարկացած գնաց իր տուն և եկավ Սամարիա։ Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։ Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. «Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։ Բայց Նաբովթն ասաց Աքաաբին. «Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։ Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։ Նրա կին Հեզաբելը եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այս ինչո՞ւ է սիրտդ տխուր, և հաց չես ուտում»։ Եվ Աքաաբն ասաց նրան, թե՝ «Ես խոսեցի հեզրայելացի Նաբովթի հետ և ասացի նրան. “Այգիդ փողով տո՛ւր ինձ, կամ եթե հաճելի է քեզ, ես քեզ նրա փոխարեն մի այգի կտամ”. բայց նա ասաց. “Ես իմ այգին քեզ չեմ տա”»։ Եվ նրա կին Հեզաբելն ասաց նրան. «Դու այդպե՞ս ես հիմա թագավորություն անում Իսրայելի վրա. վե՛ր կաց, հա՛ց կեր, և թող սիրտդ զվարճանա. ես քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»։ Եվ Աքաաբի անունով նամակներ գրեց, նրա կնիքով կնքեց դրանք և նամակներն ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին ու ազնվականներին։ Եվ այդ նամակներում գրեց, թե՝ «Ծո՛մ քարոզեք և Նաբովթին դրե՛ք ժողովրդի մեջ գլխավոր տեղը։ Եվ նրա դիմաց երկու անօրեն մա՛րդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ ու ասեն, թե՝ “Դու հայհոյեցիր Աստծուն և թագավորին”. հետո նրան դո՛ւրս հանեք և քարկոծե՛ք, որ մեռնի»։ Եվ նրա քաղաքի մարդիկ՝ այդ ծերերն ու ազնվականները, որոնք բնակվում էին նրա քաղաքում, արեցին այնպես, ինչպես որ Հեզաբելը հրաման էր ուղարկել նրանց, ինչպես որ գրել էր նրանց ուղարկած իր նամակներում։ Ծոմ հայտարարեցին և Նաբովթին նստեցրին ժողովրդի մեջ գլխավոր տեղը։ Եվ երկու անօրեն մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց. և այդ երկու անօրեն մարդիկ վկայություն տվեցին Նաբովթի մասին ժողովրդի առաջ՝ ասելով. «Նաբովթը հայհոյեց Աստծուն և թագավորին». և նրանք դուրս հանեցին նրան քաղաքից և քարերով քարկոծեցին, և նա մեռավ։ Եվ մարդ ուղարկեցին Հեզաբելի մոտ՝ ասելով. «Նաբովթը քարկոծվեց և մեռավ»։ Եվ հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթը քարկոծվել է ու մեռել, Հեզաբելն ասաց Աքաաբին. «Վե՛ր կաց, ժառանգի՛ր հեզրայելացի Նաբովթի այգին, որը չէր ուզում փողով քեզ տալ, քանի որ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռավ»։ Եվ հենց որ Աքաաբը լսեց, թե Նաբովթը մեռած է, վեր կացավ, որ իջնի հեզրայելացի Նաբովթի այգին՝ այն ժառանգելու համար։ Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ և ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Իսրայելի Աքաաբ թագավորի մոտ, որը Սամարիայում է. հիմա նա Նաբովթի այգում է, ուր իջել է դրան տիրանալու համար։ Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Սպանեցիր և տիրանո՞ւմ էլ ես"”։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. "Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն"”»։ Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։ Ահա ես չարիք եմ բերելու քեզ վրա և ավլելու եմ քո ետևից և բնաջնջելու եմ Աքաաբի տնից ամեն մի արու մարդու և Իսրայելի մեջ գերվածին ու ազատին։ Եվ քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան պես այն բարկության համար, որով բարկացրիր Տիրոջը և մեղանչել տվեցիր Իսրայելին»։ Նաև Հեզաբելի մասին խոսեց Տերը՝ ասելով. «Շները պիտի ուտեն Հեզաբելին Հեզրայելի պարսպի մոտ։ Աքաաբի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։ Բայց Աքաաբի նմանը դեռ չէր եղել, որ իրեն ծախած լիներ Տիրոջ առաջ չարիք գործելու համար. նրան դրդել էր իր կին Հեզաբելը։ Եվ կուռքերի ետևից գնալով՝ նա շատ գարշելի եղավ, արեց այն ամենը, ինչ ամորհացիներն էին արել, որոնց Տերը քշեց Իսրայելի որդիների առաջից։ Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։ Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ՝ ասելով. «Տեսնո՞ւմ ես, որ Աքաաբն իրեն խոնարհեցրեց իմ առաջ, և որովհետև նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին»։ Երեք տարի ապրեցին, և պատերազմ չկար ասորիների և Իսրայելի միջև։ Եվ երրորդ տարում Հուդայի Հոսափատ թագավորն իջավ Իսրայելի թագավորի մոտ։ Եվ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամովթ-Գաղաադը մերն է, իսկ մենք անհոգ ենք այն ասորիների թագավորի ձեռքից վերցնելու համար»։ Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, հիմա հարցրո՛ւ, թե ի՛նչ է ասում Տերը»։ Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։ Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ էլ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից էլ հարցնենք»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, բայց ես ատում եմ նրան, որովհետև բարի բան չի մարգարեանում ինձ համար, այլ չար. Հեմլայի որդի Միքիան է»։ Եվ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։ Իսրայելի թագավորը կանչեց իր պալատական ծառային և ասաց. «Շտապ բե՛ր Հեմլայի որդի Միքիային»։ Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը, թագավորական զգեստներ հագած, նստել էին յուրաքանչյուրն իր գահին՝ Սամարիայի դռան առջևի կալում, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։ Եվ բոլոր մարգարեները մարգարեանում էին այդպես՝ ասելով. «Գնա՛ Ռամովթ-Գաղաադ, և կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։ Եվ այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան այսպես ասաց. «Ահա մարգարեները միաբերան նպաստավոր են խոսում թագավորի համար. թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի պես լինի, և դո՛ւ էլ նպաստավոր խոսիր»։ Եվ Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. Տերը ինչ որ ասի ինձ, այն եմ խոսելու»։ Եվ նա եկավ թագավորի մոտ, և թագավորն ասաց նրան. «Միքիա՛, Ռամովթ-Գաղաադ պատերազմի գնա՞նք, թե՞ չգնանք»։ Եվ նա ասաց. «Գնա՛, գործդ կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։ Եվ թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ երդվել տամ քեզ, որ Տիրոջ անունով ինձ միայն ճշմարտությունն ասես»։ Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ չար»։ Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսի՛ր Տիրոջ խոսքը. ես տեսա՝ Տերը նստած էր իր գահին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա առաջ՝ նրա աջ ու նրա ձախ կողմը։ Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։ Եվ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առաջ և ասաց. “Ես նրան կխաբեմ”։ Եվ Տերը նրան ասաց՝ ինչպե՞ս։ Նա էլ ասաց. “Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում կդառնամ սուտ ոգի”. և Տերն ասաց. “Դու կխաբես և կարող էլ ես. գնա՛ և այդպե՛ս արա”։ Արդ, Տերը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարեների բերանում. Տերը չարիք է խոսել քեզ համար»։ Այդ ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, ապտակեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ինչպե՞ս է Տիրոջ Հոգին հեռացել ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»։ Միքիան էլ ասաց նրան. «Ահա կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրո՛ւ Միքիային, տա՛ր քաղաքագլուխ Ամոնի և թագավորի որդի Հովասի մոտ և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։ Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։ Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը ելան գնացին Ռամովթ-Գաղաադ։ Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Ես պետք է ծպտվեմ և հետո գնամ պատերազմ, բայց դու հագի՛ր քո հանդերձները». և Իսրայելի թագավորը ծպտվեց ու գնաց պատերազմ։ Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։ Եվ հենց որ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Անշուշտ, նա է Իսրայելի թագավորը». և դարձան դեպի նա, որ պատերազմեն նրա դեմ, և Հոսափատն աղաղակեց։ Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չի, այդ ժամանակ ետ դարձան նրանից։ Բայց մի մարդ պատահաբար քաշեց իր աղեղը և զարկեց Իսրայելի թագավորին՝ նրա զրահի օղակների միջով. և թագավորն ասաց իր կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվեցի»։ Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։ Եվ երբ արեգակը մայր էր մտնում, մունետիկը ման էր գալիս բանակի մեջ՝ ասելով. «Ամեն մարդ՝ իր քաղաքը և ամեն մարդ՝ իր երկիրը»։ Եվ թագավորը մեռավ ու բերվեց Սամարիա, և թագավորին թաղեցին Սամարիայում։ Եվ կառքը լվացին Սամարիայի ջրավազանի մոտ, և շները լակեցին նրա արյունը, և պոռնիկները լվացվեցին այնտեղ՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։ Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։ Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։ Եվ նա գնաց իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով, չխոտորվեց նրանից և արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։ Սակայն Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։ Հոսափատի մնացած գործերի և նրա արած քաջության ու պատերազմի մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ այն բոլոր իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերից, նա բնաջնջեց երկրից։ Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։ Հոսափատը Թարսիսի նավեր շինեց, որ գնան Ոփիր՝ ոսկու համար, բայց տեղ չհասան, որովհետև ջարդվեցին Գասիոն-Գաբերում։ Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հոսափատին. «Թող իմ ծառաները նավերով գնան քո ծառաների հետ». բայց Հոսափատը չհամաձայնվեց։ Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա որդի Հովրամը թագավորեց նրա փոխարեն։ Աքաաբի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի վրա՝ Սամարիայում, Հուդայի թագավոր Հոսափատի տասնյոթերորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու իր մոր ճանապարհով և Իսրայելին մեղանչել տված Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ Եվ պաշտեց Բահաղին ու երկրպագություն արեց նրան և բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն՝ ամբողջովին իր հոր արածին հետևելով։ Աքաաբի մեռնելուց հետո Մովաբն ապստամբեց Իսրայելի դեմ։ Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։ Պատգամավորները վերադարձան թագավորի մոտ, և նա ասաց նրանց. «Այդ ինչո՞ւ ետ դարձաք»։ Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան. "Այսպես է ասում Տերը. "Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու. դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես"”»։ Եվ նա ասաց նրանց. «Ինչպիսի՞ն էր այդ մարդը, որ ելավ ձեր դիմաց և ձեզ ասաց այդ խոսքերը»։ Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել, և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։ Թագավորը մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Երբ նա գնաց Եղիայի մոտ, Եղիան նստել էր սարի գլխին, և ասաց նրան. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։ Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։ Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։ Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։ Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։ Ահա երկնքից կրակ իջավ և լափեց առաջին այն երկու հիսնապետներին և նրանց հիսուն մարդկանց. բայց հիմա թող իմ անձը պատվական համարվի քո աչքին»։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց Եղիային. «Վա՛յր իջիր նրա հետ, մի՛ վախեցիր նրանից»։ Նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ։ Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։ Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավ իր եղբայրը՝ Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։ Օքոզիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։ Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։ Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։ Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։ Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։ Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։ Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։ Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։ Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։ Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։ Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։ Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։ Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։ Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։ Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։ Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։ Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։ Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։ Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։ Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։ Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։ Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։ Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։ Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։ Աքաաբի որդի Հովրամն Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հոսափատ թագավորի տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։ Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։ Սակայն հետևեց Նաբատի որդի Հերոբովամի այն մեղքին, որով նա մեղանչել էր տվել Իսրայելին. չհեռացավ դրանից։ Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։ Երբ Աքաաբ թագավորը մեռավ, Մովաբի թագավորն ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ։ Այդ ժամանակ Հովրամը դուրս եկավ Սամարիայից և ամբողջ Իսրայելի զորահավաք արեց։ Եվ գնաց ու մարդ ուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։ Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։ Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։ Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։ Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին »։ Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։ Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր մարգարեների մոտ և քո մոր մարգարեների մոտ»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Ո՛չ, որովհետև Տերն այս երեք թագավորներին կանչել է, որ նրանց մատնի Մովաբի թագավորի ձեռքը»։ Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։ Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։ Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք”։ Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։ Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։ Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։ Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։ Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։ Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։ Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։ Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։ Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։ Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։ Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։ Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։ Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։ Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։ Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։ Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։ Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։ Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։ Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։ Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։ Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։ Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։ Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։ Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։ Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։ Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։ Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։ Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։ Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։ Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր »։ Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։ Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։ Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։ Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։ Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։ Բայց երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ լքելու»։ Եվ նա վեր կացավ ու գնաց այդ կնոջ ետևից։ Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։ Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։ Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։ Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։ Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։ Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։ Կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։ Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։ Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։ Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։ Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։ Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։ Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։ Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։ Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։ Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։ Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։ Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ, իմացի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։ Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։ Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։ Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։ Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։ Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։ Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։ Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։ Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։ Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։ Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։ Եվ Նեեմանն ասաց. «Հիմա, որ չես ընդունում, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակեզ կամ զոհ չի մատուցելու։ Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն՝ այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։ Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. «Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին և բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի է Տերը, եթե ես չվազեմ նրա ետևից և մի բան չվերցնեմ նրանից»։ Եվ Գեեզին վազեց Նեեմանի ետևից. և երբ Նեեմանը տեսավ, որ մեկը վազում է իր ետևից, կառքից թռավ ցած՝ նրան դիմավորելու, և ասաց. «Խաղաղությա՞մբ է»։ Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է. իմ տերն ինձ ուղարկեց, թե՝ “Հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից երկու պատանի են եկել։ Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հանդե՛րձ տուր”»։ Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։ Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից և թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց, ու նրանք գնացին։ Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։ Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։ Ուստի թող Նեեմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունից ճերմակ՝ ձյունի նման։ Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։ Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։ Նրանցից մեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնալ քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։ Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։ Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։ Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։ Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։ Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։ Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։ Եվ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ զգուշացավ։ Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։ Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։ Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։ Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։ Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։ Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։ Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։ Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, և հետո նրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։ Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։ Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։ Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։ Եվ նա ասաց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղի՞ց օգնեմ քեզ՝ կալի՞ց, թե՞ հնձանից»։ Եվ թագավորը նրան ասաց. «Ի՞նչ է եղել»։ Նա էլ ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Քո տղային տո՛ւր, որ այսօր ուտենք, իմ տղային էլ վաղը կուտենք”։ Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։ Եվ երբ թագավորը լսեց այդ կնոջ խոսքերը, պատռեց իր հանդերձը պարսպի վրայով գնալիս, և ժողովուրդը տեսավ, որ ներսի կողմից նրա մարմնի վրա քուրձ էր։ Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։ Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։ Նա տակավին խոսում էր նրանց հետ, երբ ահա պատգամավորն իջավ նրա մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջ կողմից է, այլևս ի՞նչ սպասեմ Տիրոջից»։ Եղիսեն ասաց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ կլինի”»։ Եվ այն զորապետը, որի ձեռքի վրա հենվում էր թագավորը, պատասխանեց Աստծու մարդուն և ասաց. «Եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, մի՞թե կլինի այդ բանը»։ Եվ նա ասաց. «Ահա քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։ Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։ Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։ Եվ մթնշաղին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակատեղիի ծայրը, բայց այնտեղ մարդ չկար։ Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։ Եվ ելան ու փախան մութ ժամանակ և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերն ու իրենց էշերը և բանակատեղին, ինչպես որ էր, և փախան՝ փրկելով իրենց անձերը։ Եվ այն բորոտները եկան մինչև բանակատեղիի ծայրը, մտան մի վրան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի և հանդերձներ վերցրին և գնացին ու թաքցրին, ապա ետ դարձան ու մտան մի ուրիշ վրան, այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։ Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։ Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։ Եվ դռնապանները կանչեցին ու հայտնեցին թագավորի պալատում՝ ներսում։ Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։ Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։ Եվ երկու կառք վերցրին իրենց ձիերով, և թագավորը մարդ ուղարկեց ասորիների բանակի ետևից՝ ասելով. «Գնացե՛ք և տեսե՛ք»։ Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։ Ժողովուրդը գնաց, և կողոպտեցին ասորիների բանակատեղին, և Տիրոջ խոսքի համաձայն մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ։ Եվ թագավորը դռան վերակացու դրեց այն զորապետին, որի ձեռքի վրա հենվում էր ինքը, և ժողովուրդը նրան կոխկռտեց դռան արանքում, և նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ թագավորն իջել էր նրա մոտ։ Եվ եղավ այն, ինչ թագավորի հետ խոսելիս ասել էր Աստծու մարդը. «Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը երկու գրիվ գարին մեկ սիկղ կդառնա, և մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ»։ Մինչդեռ այն զորապետը պատասխանել էր Աստծու մարդուն և ասել. «Ահա, եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, կլինի՞ այդ բանը». նա էլ ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։ Եվ այդպես էլ եղավ նրա հետ. ժողովուրդը կոխկռտեց նրան դռան արանքում, և նա մեռավ։ Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։ Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։ Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։ Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։ Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։ Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։ Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։ Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։ Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։ Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։ Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։ Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը »։ Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։ Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։ Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրա դեռ թագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։ Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջ առաջ։ Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։ Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։ Եվ Հովրամը բոլոր կառքերը վերցրեց իր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։ Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։ Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։ Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։ Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։ Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։ Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։ Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։ Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։ Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”։ Հետո դուռը բա՛ց արա և փախի՛ր ու էլ մի՛ հապաղիր»։ Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։ Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։ Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։ Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։ Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։ Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։ Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։ Հեուն դուրս եկավ, գնաց իր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։ Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”»։ Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։ Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։ Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։ Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։ Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։ Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։ Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։ Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։ Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։ Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։ Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։ Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։ “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։ Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». և նրան վիրավորեցին Հեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։ Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։ Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։ Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։ Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից, Հեզաբելն ասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։ Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։ Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։ Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։ Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։ Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։ Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. "Սա Հեզաբելն է"”»։ Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբի որդիների հոգաբարձուներին՝ ասելով. «Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։ Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։ Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։ Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմ կողմից եք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։ Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։ Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։ Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։ Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։ Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։ Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում, այնտեղ Հեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։ Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։ Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։ Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։ Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։ Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։ Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։ Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։ Եվ Հեուն մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։ Հեուն ասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։ Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։ Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցի փախչող անձի փոխարեն»։ Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցին նրանց, գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։ Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։ Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։ Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։ Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։ Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։ Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։ Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում. Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։ Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։ Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։ Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։ Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։ Եվ յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։ Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի, Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։ Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։ Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։ Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։ Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։ Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։ Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։ Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։ Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։ Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։ Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։ Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։ Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։ Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։ Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։ Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն, քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։ Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։ Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։ Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։ Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։ Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։ Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին, որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։ Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ, այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։ Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։ Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։ Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։ Հուդայի Հովաս թագավորը վերցրեց այն բոլոր նվերները, որ նվիրել էին իր հայրերը՝ Հուդայի թագավորները՝ Հոսափատը, Հովրամը և Օքոզիան, և՛ իր նվերները, և՛ թագավորի տան, և՛ Տիրոջ տան գանձարաններում գտնվող ամբողջ ոսկին ուղարկեց ասորիների Ազայել թագավորին, և նա ետ քաշվեց Երուսաղեմից։ Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։ Նրա ծառաները՝ Հովզաքարը՝ Սամեթի որդին, և Հովզաբադը՝ Սոմերի որդին, զարկեցին նրան, և նա մեռավ։ Նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Ամասիան։ Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնյոթ տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։ Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։ Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։ Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։ Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։ Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնվեց տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։ Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։ Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։ Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։ Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։ Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։ Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։ Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։ Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։ Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։ Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։ Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։ Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։ Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։ Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։ Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։ Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։ Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։ Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։ Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։ Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։ Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։ Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։ Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։ Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։ Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։ Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։ Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայց մարդ ուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։ Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։ Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։ Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։ Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։ Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։ Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։ Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։ Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։ Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։ Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։ Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։ Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։ Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայից սկսած, որովհետև քաղաքը չէր բացել իր դռները։ Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանց որովայնները։ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարի թագավորեց Սամարիայում։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։ Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։ Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։ Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարի թագավորեց Սամարիայում։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։ Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։ Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։ Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես. միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։ Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։ Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։ Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ, այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել նրան։ Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։ Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։ Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։ Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։ Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։ Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։ Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։ Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։ Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։ Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։ Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։ Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։ Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։ Հուդայի թագավոր Աքազի տասներկուերորդ տարում Էլայի որդի Ովսեեն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց ինը տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։ Նրա դեմ ելավ Ասորեստանի Սաղմանասար թագավորը, և Ովսեեն նրան հպատակ դարձավ և նրան հարկ էր տալիս։ Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։ Ասորեստանի թագավորն անցավ ամբողջ երկրով և եկավ Սամարիա ու երեք տարի պաշարեց այն։ Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։ Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։ Եվ ընթացան այն ազգերի կանոններով, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, և այն կանոններով, որ Իսրայելի թագավորներն էին հաստատել։ Իսրայելի որդիները գաղտնի գործեր էին արել, որ ուղիղ չէին իրենց Տեր Աստծու մոտ. և իրենց համար Բարձր տեղեր էին շինել իրենց բոլոր քաղաքներում՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։ Եվ իրենց համար արձաններ էին դրել և Աստարովթի կուռքեր տնկել ամեն մի բարձր բլրի վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։ Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։ Տերն իր բոլոր մարգարեների և բոլոր տեսանողների միջոցով պատվեր էր տվել Իսրայելին և Հուդային՝ ասելով. «Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և պահե՛ք իմ պատվիրաններն ու իմ կանոնները այն բոլոր օրենքների պես, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին և իմ ծառաների՝ մարգարեների միջոցով ուղարկել եմ ձեզ»։ Բայց նրանք չլսեցին և խստացրին իրենց պարանոցը իրենց հայրերի պարանոցի նման, որոնք չէին հավատում իրենց Տեր Աստծուն։ Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։ Եվ թողեցին իրենց Տեր Աստծու հրամանները և իրենց համար ձուլածո երկու հորթեր շինեցին, աստարովթներ շինեցին ու երկրպագեցին երկնքի բոլոր զորություններին և պաշտեցին Բահաղին։ Եվ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին, կախարդություն և հմայություն արեցին ու ծախեցին իրենց՝ Տիրոջ առջև չարիք գործելու, և նրան բարկացրին։ Եվ Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա, նրանց մերժեց իր երեսից և չթողեց ոչ ոքի, բացի Հուդայի ցեղից։ Հուդան էլ չպահեց իր Տեր Աստծու պատվիրանները և գնաց Իսրայելի այն կանոններով, որ նրանք հաստատել էին։ Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից, որովհետև Իսրայելն անջատվեց Դավթի տանից, և նրանք թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին, բայց Հերոբովամը Իսրայելին շեղեց Տիրոջը հետևելուց և մեծ մեղքեր գործել տվեց նրանց։ Իսրայելի որդիները գնացին Հերոբովամի բոլոր մեղքերի միջով, որ նա արել էր, և չհրաժարվեցին դրանցից, մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։ Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։ Եվ նրանք իրենց այնտեղ բնակվելու սկզբում Տիրոջից չէին վախենում, և Տերն առյուծներ ուղարկեց նրանց վրա, որոնք սպանում էին նրանցից ոմանց։ Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։ Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։ Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։ Եվ ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում և դնում այն Բարձր տեղերում, որ շինել էին սամարացիները. ամեն մի ազգ իր քաղաքներում, որտեղ բնակվում էին իրենք։ Եվ Բաբելոնի մարդիկ շինեցին Սաքքովթ-Բանովթը, Քութի մարդիկ շինեցին Ներգաղը, Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը, ավացիները շինեցին Նեբասը և Թարթակը. իսկ սեփարուիմցիները որպես ողջակեզ այրում էին իրենց որդիներին այն կրակում, որ վառում էին Սեփարուիմի աստվածների՝ Ադրամելեքի և Անամելեքի համար։ Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։ Նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։ Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։ Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել և նրանց պատվիրել էր՝ ասելով. «Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ երկրպագեք նրանց, նրանց մի՛ ծառայեք և զոհեր մի՛ մատուցեք նրանց, այլ պաշտե՛ք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ հզոր ուժով և մեկնած բազկով. նրա՛ն պաշտեք, նրա՛ն երկրպագեք և նրա՛ն զոհ մատուցեք։ Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։ Եվ մի՛ մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների, այլ պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից»։ Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։ Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Նա վերացրեց Բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց Աստարովթի կուռքերը և փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան. նա կոչվում էր Նեեսթան ։ Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ։ Եվ հարեց Տիրոջը և չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։ Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։ Եզեկիայի չորրորդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի յոթերորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագավորը հարձակվեց Սամարիայի վրա և պաշարեց այն։ Երեք տարի հետո վերցրեց այն, Եզեկիայի վեցերորդ տարում, որն Իսրայելի Ովսեե թագավորի իններորդ տարին էր. Սամարիան վերցվեց այդ ժամանակ։ Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում. նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծու ձայնին և զանց էին արել նրա ուխտը և այն ամենը, ինչ հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը. ո՛չ լսեցին, ո՛չ էլ արեցին։ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։ Հուդայի Եզեկիա թագավորը մարդ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Մեղք եմ գործել, ե՛տ դարձիր ինձնից. ինչ որ դնես ինձ վրա, կհատուցեմ»։ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի հարկ դրեց։ Եզեկիան տվեց այն ամբողջ արծաթը, որ գտնվեց Տիրոջ տանը և թագավորի տան գանձերի մեջ։ Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների ոսկին, ինքը՝ Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։ Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։ Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։ Եվ Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացե՛ք. “Այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. "Այդ ի՞նչ հույս է, որին ապավինել ես դու"։ Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում. "Պատերազմի համար խորհուրդ և զորություն ունեմ ". հիմա ո՞ւմ ես ապավինել, որ ապստամբել ես իմ դեմ։ Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։ Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։ Արդ, ուրեմն դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ երկու հազար ձի կտամ, եթե կարող ես այդքան հեծյալներ դնել նրանց վրա. հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։ Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։ Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։ Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։ Եվ Ռաբսակը կանգնեց ու բարձր ձայնով եբրայերեն կանչեց և խոսեց՝ ասելով. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը. թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից, և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք և դո՛ւրս եկեք ինձ մոտ, որպեսզի ամեն մարդ իր որթից, և ամեն մարդ իր թզենուց ուտի, և ամեն մարդ խմի իր ջրհորի ջրից, մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, ցորենի և գինու երկիր, հացի և այգիների երկիր, յուղ տվող ձիթենիների և մեղրի երկիր, որ ապրեք ու չմեռնեք։ Եվ մի՛ լսեք Եզեկիային, որովհետև ձեզ խաբում է՝ ասելով, թե՝ "Տերը մեզ կազատի"։ Մի՞թե մյուս ազգերի աստվածները փրկեցին ամեն մեկն իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։ Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։ Ժողովուրդը լռեց, և նրան ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Նրան չպատասխանեք»։ Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։ Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։ Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։ Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։ Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։ Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։ Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։ Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։ Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։ Ասորեստանի թագավորը լսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով. "Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը"։ Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։ Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։ Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։ Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։ Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։ Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։ Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները. կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։ Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։ Եվ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։ Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է. «Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը. Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։ Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր Եվ աչքերդ վեր հառեցիր. Իսրայելի Սրբի վրա։ Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր. “Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝ Լիբանանի հեռու կողմերը. Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները Եվ նրա ընտիր մայրիները. Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը Եվ նրա պտղատու ծառերի անտառը։ Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի Եգիպտոսի բոլոր գետերը”։ Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ Եվ նախանշել դա հին օրերից Եվ բերել հիմա, Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։ Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։ Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքը Եվ քո բարկությունն իմ դեմ։ Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին, Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին Եվ իմ սանձը՝ քո բերանին Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։ Եվ սա նշան կլինի քեզ համար. Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը, Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։ Եվ Հուդայի տան ազատված մնացորդը Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար Եվ պտուղ տա վերևում, Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից, Եվ վերապրողները՝ Սիոնի սարից. Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։ Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին. “Նա չի մտնելու այս քաղաքը Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ, Եվ վահանով չի գալու նրա առջև Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։ Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”. Ասում է Տերը. “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։ Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։ Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։ Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։ Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով. «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով. «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. "Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։ Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։ Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։ Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։ Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։ Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։ Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։ Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։ Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։ Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։ Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։ Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը. “Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։- Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։ Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։ Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։ Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։ Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։ Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։ Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։ Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։ Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։ Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով. «Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով, դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։ Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։ Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար, որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։ Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։ Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։ Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։ Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։ Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։ Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։ Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։ Հովսիա թագավորի տասնութերորդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն՝ Սափան դպիրին, ուղարկեց Տիրոջ տուն՝ ասելով. «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից, հանձնեն Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը, որպեսզի տան Տիրոջ տանը գործ անողներին՝ տան վնասված տեղերը նորոգելու համար. հյուսներին, շինարարներին և որմնադիրներին, նաև փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։ Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։ Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։ Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։ Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։ Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։ Եվ թագավորը հրամայեց Քեղկիա քահանային և Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աքոբորին, Սափան դպիրին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով. «Գնացեք հարցրե՛ք Տիրոջն ինձ համար, ժողովրդի համար և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համաձայն, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ վրա նրա համար, որ մեր հայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին, որ կատարեն մեր մասին բոլոր գրվածները»։ Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայի մեջ, և խոսեցին նրա հետ։ Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ. այսպես է ասում Տերը. "Ահա ես չարիք պիտի բերեմ այս տեղի վրա և նրա բնակիչների վրա այն գրքի բոլոր խոսքերի համաձայն, որ կարդացել է Հուդայի թագավորը. նրա համար, որ ինձ թողել են և խունկ ծխել ուրիշ աստվածների՝ իրենց ձեռքերի բոլոր գործերով ինձ բարկացնելու համար, և իմ բարկությունը պիտի բորբոքվի այս տեղի վրա և չպիտի հանգչի"”»։ Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպե՛ս ասեք նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այն խոսքերի համար, որ լսել ես. “Որովհետև քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Տիրոջ առաջ՝ լսելով այն խոսքերը, որ ես ասել եմ այս տեղի դեմ և նրա բնակիչների դեմ, թե ավերում և անեծք պիտի լինի, և պատռեցիր քո հանդերձներն ու լաց եղար իմ առաջ, ես էլ քեզ լսեցի,- ասում է Տերը։- Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։ Թագավորը մարդիկ ուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։ Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։ Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։ Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։ Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը, տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։ Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։ Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։ Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։ Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։ Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում, արեգակի կառքերն այրեց կրակով։ Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։ Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։ Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։ Նաև այն սեղանը, որը Բեթելում էր, և այն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։ Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։ Եվ թագավորն ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։ Թագավորն ասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։ Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։ Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։ Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։ Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։ Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։ Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։ Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։ Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։ Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։ Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։ Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։ Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։ Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։ Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։ Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։ Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։ Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավ կռվի, և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Տիրոջ պատվերի համաձայն դա եղավ Հուդային, որպեսզի նրան մերժի իր առջևից Մանասեի մեղքերի համար, այն բոլորի համար, ինչն արել էր նա, նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։ Հովակիմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ Հովակիմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Եգիպտոսի թագավորն այլևս դուրս չեկավ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը վերցրել էր այն ամենը, ինչը Եգիպտոսի թագավորինն էր։ Տասնութ տարեկան էր Հովաքինը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Նեհուսթա՝ երուսաղեմացի Եղնաթանի դուստրը։ Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հոր բոլոր արածների պես։ Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։ Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։ Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։ Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։ Եվ Հովաքինին գերի տարավ Բաբելոն. թագավորի մորը, թագավորի կանանց, նրա ներքինիներին և երկրի բոլոր զորավոր մարդկանց Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն։ Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։ Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։ Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։ Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։ Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։ Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։ Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար, քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի ճանապարհով։ Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։ Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։ Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ. այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։ Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։ Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։ Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներից մարդիկ թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։ Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։ Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։ Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։ Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։ Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։ Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում. Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։ Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։ Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։ Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։ Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։ Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։ Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։ Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ և նրան հանեց բանտից։ Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։ Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։ Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։ Ադամ, Սեթ, Ենոս, Կայնան, Մաղաղիել, Հարեդ, Ենոք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյի որդիները՝ Սեմ, Քամ և Հաբեթ։ Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հովան, Թոբել, Մոսոք և Թիրաս։ Գոմերի որդիները՝ Ասքանազ, Ռիփաթ և Թորգոմա։ Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներ և ռոդացիներ։ Քամի որդիները՝ Քուշ և Մեստրեմ, Փուդ և Քանան։ Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ Քուշը ծնեց Նեբրոթին. սա սկսեց հզոր լինել երկրի վրա։ Մեստրեմը ծնեց լուդացիներին, անամացիներին, լաբացիներին, նեփթուքացիներին, պաթուրեսացիներին, քասլուքացիներին (որտեղից դուրս եկան փղշտացիները) և կափթորացիներին։ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին, հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին, խևացիներին, արուկեցիներին, ասենացիներին, արուադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։ Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։ Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունն էր Հեկտան։ Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին, Հադորամին, Ուզալին, Դեկլային, Գեբաղին, Աբիմիելին, Սաբային, Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։ Սեմ, Արփաքսադ, Սաղա, Եբեր, Փաղեկ, Ռաքավ, Սերուգ, Նաքոր, Թարա, Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։ Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։ Նրանց սերունդները սրանք են. Նաբեոթ՝ Իսմայելի անդրանիկ որդին, Կեդար, Ադբեել, Մաբսամ, Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։ Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։ Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։ Եսավի որդիները՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգղոմ և Կորխ։ Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։ Ռագուելի որդիները՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա։ Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։ Ղոտանի որդիները՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրը՝ Թամնա։ Սոբաղի որդիները՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո և Օնամ։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Անա։ Անայի որդին՝ Դիսոն։ Դիսոնի որդիները՝ Ամրան, Եսբան, Հեթրան և Քառան։ Եսերի որդիները՝ Բաղղան, Զաավան և Հաական։ Դիսանի որդիները՝ Հուս և Առան։ Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում՝ նախքան մի թագավորի թագավորելը Իսրայելի որդիների վրա։ Բեորի որդին Բաղան էր, և նրա քաղաքի անունն էր Դենհաբա։ Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից։ Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։ Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։ Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց գետի մոտի Ռոբոթից Սավուղը։ Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքբորի որդի Բաաղանանը։ Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։ Ադադն էլ մեռավ։ Եդովմի իշխաններն էին՝ իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ, իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն, իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար, իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք Եդովմի իշխաններն են։ Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն, Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։ Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին և Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ Զարայի որդիները՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա. բոլորը միասին հինգն էին։ Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։ Եթանի որդին էր Ազարիան։ Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։ Րամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Հուդայի որդիների իշխանին։ Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։ Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային, չորրորդին՝ Նաթանայելին, հինգերորդին՝ Հռադային, վեցերորդին՝ Ասոմին, և յոթերորդին՝ Դավթին։ Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝ այս երեքը։ Աբիգեան ծնեց Ամեսայիին. Ամեսայիի հայրը իսմայելացի Հեթերն էր։ Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ունեցավ իր կնոջից՝ Ազուբայից և Հերիոթից։ Սրանք են նրա որդիները՝ Հասեր, Սոբաբ և Արդոն։ Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համար կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։ Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։ Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։ Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։ Գեսուրը և Արամը գրավեցին Հայերի գյուղաքաղաքները, նաև Կանաթին ու նրան ենթակա քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։ Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։ Եսրոնի անդրանիկ որդու՝ Հերամելի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամը, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան։ Հերամելն ուներ մի ուրիշ կին, որի անունը Ատարա էր. սա Օնամի մայրն էր։ Հերամելի անդրանիկ որդու՝ Հռամի որդիներն էին՝ Մաաս, Համին և Ակոր։ Օնամի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։ Աբիսուրի կնոջ անունն էր Աբիհայիլ, որը նրա համար ծնեց Աքբանին և Մողիդին։ Նադարի որդիներն էին՝ Սաղադ և Ափփիմ։ Սաղադը մեռավ անորդի։ Ափփիմի որդին՝ Հեսսի, Հեսսիի որդին՝ Սեսան, Սեսանի որդին՝ Աղայի։ Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին՝ Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ անորդի։ Հովնաթանի որդիներն էին՝ Փաղեթ և Զազա։ Սրանք Հերամելի որդիներն էին։ Սեսանը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Սեսանն ուներ մի եգիպտացի ծառա՝ անունը Հարքա։ Սեսանն իր աղջկան կնության տվեց իր ծառա Հարքային, որից նա ծնեց Եթթիին։ Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբադին. Զաբադը ծնեց Ոփղաղին. Ոփղաղը ծնեց Օբեդին. Օբեդը ծնեց Հեուին. Հեուն ծնեց Ազարիային. Ազարիան ծնեց Քեղեսին. Քեղեսը ծնեց Եղեասային. Եղեասան ծնեց Սոսոմեին. Սոսոմեն ծնեց Սեղղումին. Սեղղումը ծնեց Հեկամիային. Հեկամիան ծնեց Եղիսամային։ Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։ Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ և Սեմայի։ Սեմային ծնեց Հռաամին՝ Հարկաամի հորը. Ռոկոմը ծնեց Սամայիին։ Սամայիի որդին էր Մաոնը. Մաոնը Բեթսուրի հայրն էր։ Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Մոսանին և Գազեզին։ Առանը Գազեզի հայրն էր։ Հադայիի որդիները՝ Հռագեմ, Հովաթամ, Գեսան, Փաղետ, Գեփա և Սագափ։ Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։ Նա ծնեց նաև Սագափին՝ Մադմանայի հորը, և Շավային՝ Մաքաբենայի և Գաբաայի հորը։ Քաղեբի աղջիկն էր Աքսան։ Եփրաթի անդրանիկ որդու՝ Ովրի որդու՝ Քաղեբի որդիները սրանք են՝ Սոփաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղմոն՝ Բեթլեհեմի հայրը, Նարեփ՝ Բեթկադերի հայրը։ Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիները՝ Հարոե, համենուքոթացիների կեսը։ Կարիաթարիմի տոհմերը՝ հեթերացիներ, փութացիներ, սամաթացիներ և մասարացիներ։ Սրանցից առաջացան սաարացիները և եսթավուղացիները։ Սաղմոնի որդիներն էին Բեթլեհեմը, նետոփաթացիները, Ատարոթը, Հովաբի տունը և համենաքթացիների կեսը, սարացիները։ Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։ Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից, երրորդը՝ Աբիսողոմը՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստր Մաաքայի որդին, չորրորդը՝ Ադոնիան՝ Ագգիթի որդին, հինգերորդը՝ Սափատիան՝ Աբիտալից, և վեցերորդը՝ Հեթրամը՝ իր Եգլա կնոջից։ Այս վեցը նրա համար ծնվեցին Քեբրոնում։ Դավիթն այնտեղ թագավորեց յոթ տարի և վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը. այս չորսը ծնվեցին Ամիելի աղջիկ Բերսաբեեից։ Նաև Հաբաարը, Եղիսաման, Եղիփաղետը, Նոքան, Նափեկը, Հափիեն, Եղիսաման, Եղիադան և Եղիփաղետը՝ այս ինը։ Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, բացի հարճերի որդիներից և սրանց քույր Թամարից։ Սողոմոնի որդին էր Ռոբովամը, նրա որդին՝ Աբիան, նրա որդին՝ Ասան, նրա որդին՝ Հոսափատը, նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը, նրա որդին՝ Ամասիան, նրա որդին՝ Ազարիան, նրա որդին՝ Հովաթամը, նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն, նրա որդին՝ Ամոնը, նրա որդին՝ Հովսիան։ Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։ Հովակիմի որդիները՝ Հեքոնիա և Սեդեկիա։ Հեքոնիայի որդիները՝ Ասիր, նրա որդիները՝ Սաղաթիել, Մաղքիրամ, Փադայիա, Սանեսար, Հեկամիա, Օսամա և Նադաբիա։ Փադայիայի որդիները՝ Զորաբաբել և Սիմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մեսուղամ, Անանիա, և սրանց քույրը՝ Սաղոմիթ. ապա նաև՝ Ասուբա, Ոհող, Բարաքիա, Ասադիա և Հոսաբհեսեդ՝ այս հինգը։ Անանիայի որդիները՝ Փաղատիա և Եսայիա, նաև Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները։ Սեքենիայի որդիները՝ Սեմայիա, Սեմայիայի որդիները՝ Քետտուս, Իգաղ, Բերիա, Նաարիա և Սափատ՝ այս վեցը։ Նաարիայի որդիները՝ Եղիովենայի, Եզեկիա և Եզրիկամ՝ այս երեքը։ Եղիովենայիի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուր, Հոհանան, Դաղայիա և Անանի՝ այս յոթը։ Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։ Սոբաղի որդին՝ Ռեայիան, Հեթի հայրն էր. Հեթը Աքիմայի և Ղաադի հայրն էր։ Սրանք սաարացիների տոհմերն են։ Սրանք են Աբիեթամի որդիները՝ Հեզրայել, Հեսմա և Հեդբաս։ Սրանց քրոջ անունն էր Եսելերիոն։ Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։ Թեկուեի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Եղաա և Նաարա։ Նաարան նրա համար ծնեց Օքոզամին, Օփերին, Թեմանին և Ահասթարիին։ Սրանք Նաարայի որդիներն են։ Եղաայի որդիները՝ Սարեթ, Սահառ և Եթնան։ Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։ Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. «Ցավով ծնեցի»։ Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։ Սոհայի եղբայր Քեղուբը Մաքիրի հայրն էր, որը Եսթոնի հայրն էր։ Եսթոնը ծնեց Բեթոափային, Փասեին և Իրնաասի հորը՝ Թունային։ Սրանք են Հռեքայի մարդիկ։ Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա։ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։ Մաոնաթային Եփրանի հայրն էր, իսկ Սարայիան Գե-Քարսիմի հայրն էր, որը Հովաբի հայրն էր, որովհետև նրանք հյուսներ էին։ Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Իրու, Էլա և Նաամ։ Էլայի որդին՝ Կենեզ։ Հալելելի որդիները՝ Զիփ, Զիփա, Թիրիա և Ասարել։ Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերի կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։ Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։ Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիները՝ Գարմին Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովը։ Սիմոնի որդիները՝ Ամնոն, Հռինա, Բենանան և Թիղոն։ Հեսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։ Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։ Նաև Հովակիմը և Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարափ, որոնք Մովաբի և Հասուբի-Լեհեմի վրա իշխեցին։ Բայց այս բաները հին են։ Սրանք բրուտներ էին, բնակվում էին Նեթայիմում և Գադերայում՝ թագավորի մոտ, և աշխատում էին նրա համար։ Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։ Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։ Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։ Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։ Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում, Բաղայում, Ասեմում, Թուղադում, Բաթուելում, Հորմայում, Սիկելակում, Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։ Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք, և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։ Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան. Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու. Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա. Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։ Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։ Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։ Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։ Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։ Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։ Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։ Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։ Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։ Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաաղ։ Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։ Նրա եղբայրների՝ իրենց տոհմերով ազգահամարի մեջ արձանագրվելիս գլխավորն էր Հեիելը, հետո՝ Զաքարիան և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։ Նա բնակվեց արևելյան կողմում՝ Եփրատ գետից մինչև անապատը, որովհետև նրանց անասունները շատացել էին Գաղաադի երկրում։ Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։ Գադի որդիները բնակվեցին սրանց դիմաց՝ Բասանի երկրում, մինչև Սելքա։ Գլխավորն էր Հովելը, երկրորդը՝ Սափամը, ապա՝ Հունային և Սափատը Բասանում։ Նրանց եղբայրներն ըստ իրենց ազգատոհմերի՝ Միքայել, Մեսուղամ, Սաբեե, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր՝ այս յոթը։ Սրանք Բուզի որդու՝ Հաքդովի որդու՝ Հեսիսայի որդու՝ Միքայելի որդու՝ Գաղաադի որդու՝ Հարոայի որդու՝ Հուրիի որդի Աբիքելի որդիներն էին։ Գունիի որդու՝ Աբդիելի որդի Աքին նրանց ազգատոհմի գլխավորն էր։ Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։ Նրանք ամենքը ազգահամարի մեջ գրվեցին Հուդայի Հովաթամ թագավորի և Իսրայելի Հերոբովամ թագավորի օրոք։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։ Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։ Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։ Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։ Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։ Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։ Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։ Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ մնում են մինչև այսօր։ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։ Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր, Աբիսուան Բոկկիի հայրն էր, Բոկկին Օզիի հայրն էր, Օզին Զարիայի հայրն էր, Զարիան Մարիոթի հայրն էր, Մարիոթը Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Աքիմաասի հայրն էր, Աքիմաասը Ազարիայի հայրն էր, Ազարիան Հոհանանի հայրն էր, Հոհանանը Ազարիայի հայրն էր. սա նա է, որ քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։ Ազարիան Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Սեղղումի հայրն էր, Սեղղումը Քեղկիայի հայրն էր, Քեղկիան Ազարիայի հայրն էր, Ազարիան Սարայիայի հայրն էր, իսկ Սարայիան Հոսեդեկի հայրն էր։ Հոսեդեկը գերի տարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։ Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Գերսոնի որդիների անունները սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։ Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։ Գերսոնի որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա, նրա որդին՝ Հովաք, նրա որդին՝ Ադդով, նրա որդին՝ Զարա, նրա որդին՝ Հաթրի։ Կահաթի որդիները՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ, նրա որդին՝ Ասիր, նրա որդին՝ Եղկանա, նրա որդին՝ Աբիասափ, նրա որդին՝ Ասիր, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Սավուղ։ Եղկանայի որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։ Աքիմոթի որդին՝ Եղկանա, Եղկանայի որդին՝ Սուփի, նրա որդին՝ Նահաթ, նրա որդին՝ Եղիաբ, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա։ Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։ Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա, նրա որդին՝ Սամաա, նրա որդին՝ Անգիա, նրա որդին՝ Ասայիա։ Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։ Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։ Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝ որդին Եղկանայի՝ որդին Հերոամի՝ որդին Եղիելի՝ որդին Թովայի՝ որդին Սուփիի՝ որդին Եղկանայի՝ որդին Մաաթի՝ որդին Ամեսայիի՝ որդին Եղկանայի՝ որդին Հովելի՝ որդին Ազարիայի՝ որդին Սոփոնիայի՝ որդին Թաաթի՝ որդին Ասիրի՝ որդին Աբիասափի՝ որդին Կորխի՝ որդին Իսահառի՝ որդին Կահաթի՝ որդին Ղևիի՝ որդին Իսրայելի։ Նրա եղբայր Ասափը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը՝ որդին Բարաքիայի՝ որդին Սամուայի՝ որդին Միքայելի՝ որդին Բաասիայի՝ որդին Մեղքիայի, որդին Աթանիի՝ որդին Զարայի՝ որդին Ադայիայի՝ որդին Եթանի՝ որդին Զամմայի՝ որդին Սեմեիի՝ որդին Հեթի՝ որդին Գերսոնի՝ որդին Ղևիի։ Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝ որդին Ասաբիայի՝ որդին Ամասիայի՝ որդին Քեղկիայի՝ որդին Ամասիի՝ որդին Բանիի՝ որդին Սամերի՝ որդին Մոողիի՝ որդին Մուսիի՝ որդին Մերարիի՝ որդին Ղևիի։ Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։ Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։ Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա, նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա, նրա որդին՝ Մարիոթ, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտովբ, նրա որդին՝ Սադոկ, նրա որդին՝ Աքիմաաս։ Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ), Հուդայի երկրում տվեցին Քեբրոնը և նրա շրջակայքի ագարակները, բայց այդ քաղաքի արտերն ու նրա գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։ Ահարոնի որդիներին տվեցին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան և նրա ագարակները, Հաթիրն ու Եթիմովը՝ իր ագարակներով, Քիլենը՝ իր ագարակներով, Դաբիրը՝ իր ագարակներով, Ասանը՝ իր ագարակներով, և Բեթսամյուսը՝ իր ագարակներով։ Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։ Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։ Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։ Իսրայելի որդիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։ Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։ Կահաթի որդիներից մի քանիսին բաժին ընկած քաղաքները Եփրեմի ցեղից էին։ Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով, Հեկնամը՝ իր ագարակներով, Բեթորոնը՝ իր ագարակներով, Այեղոնը՝ իր ագարակներով, և Գեթրեմոնը՝ իր ագարակներով։ Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմին տվեցին Աները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։ Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով, Իսաքարի ցեղից՝ Կադեսը՝ իր ագարակներով, Դաբարաթը՝ իր ագարակներով, Ռամոթը՝ իր ագարակներով, Անամը՝ իր ագարակներով, Ասերի ցեղից՝ Մասաղը՝ իր ագարակներով, Աբդոնը՝ իր ագարակներով, Հուկոկը՝ իր ագարակներով, Րոոբը՝ իր ագարակներով, Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։ Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից, տվեցին Ռեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով. Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով, Կադեմոթը՝ իր ագարակներով, Մեփայաթը՝ իր ագարակներով, Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով, Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։ Սրանք են Իսաքարի որդիները՝ Թողա, Փուա, Հասուբ և Սամրոն՝ այս չորսը։ Թողայի որդիները՝ Օզի, Հռեփայիա, Հերիել, Հեմայի, Հեբսամ և Սամուել, որոնք իրենց հոր՝ Թողայի տան գլխավորները և իրենց ազգի քաջազուններն էին։ Նրանց թիվը Դավթի օրոք քսաներկու հազար վեց հարյուր էր։ Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հեսիա՝ այս հինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։ Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։ Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։ Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր և Հեդիել՝ այս երեքը։ Բաղայի որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. այս հինգը իրենց ազգատոհմի գլխավորներն ու քաջազուններն էին. նրանց ազգահամարը քսաներկու հազար երեսունչորս հոգի էր։ Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիազար, Եղիոենայի, Ամրի, Հերիմոթ, Աբիա, Անաթոթ և Գաղամեթ. սրանք ամենքը Բոքորի որդիներն էին. սրանք իրենց ցեղերի մեջ, ըստ իրենց ազգատոհմերի, գլխավորներ և քաջազուններ էին. իրենց ազգահամարում բոլորը քսան հազար երկու հարյուր հոգի էին։ Հեդիելի որդին էր Բաղղանը. Բաղղանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոթ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսար. սրանք ամենքը Հեդիելի որդիներն էին՝ քաջազուն, գլխավորներն իրենց տոհմերի, որոնք պատերազմելու պատրաստ տասնյոթ հազար երկու հարյուր հոգի էին։ Սուփիմն ու Օփիմը Իրի որդիներն էին, Հուսիմը՝ Աքերի որդին։ Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։ Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։ Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմի համար. Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրի երկրորդ որդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավ միայն աղջիկներ։ Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։ Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։ Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։ Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։ Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։ Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։ Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։ Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։ Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։ Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան, նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա, նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։ Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։ Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։ Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։ Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։ Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։ Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։ Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։ Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։ Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա, Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։ Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։ Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։ Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկ որդուն, երկրորդին՝ Ասբելին, երրորդին՝ Աարային, չորրորդին՝ Նովային, և հինգերորդին՝ Ռափային։ Բաղայի որդիները՝ Ադար, Գերա, Աբիուդ, Աբիսուա, Նեեման, Աքուք, Գերա, Սուփան և Քիրամ։ Սրանք են Աքուդի որդիները, որոնք ազգատոհմերի գլխավորներ էին Գաբայի բնակիչների մեջ և նրանց աքսորեցին Մանաքաթ։ Նեեման, Աքիա և Գերա, որը աքսորեց նրանց և ծնեց Օզային և Աքիուդին։ Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբի երկրում իր կանանց՝ Հուսիմին և Բաարային հետ ուղարկելուց հետո։ Եվ իր կին Գոդեսից ունեցավ Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մեղքամին, Հեուսին, Սեքիային և Մուրմային։ Սրանք նրա որդիներն են՝ ազգատոհմերի գլխավորները։ Նա Հուսիմից ունեցել էր Աբիտոբին և Եղբաաղին։ Եղբաաղի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեր, որը կառուցեց Օնոն, Ղոդը և նրա գյուղերը. Բարիան և Սեման, որոնք ազգատոհմերի գլխավորներն էին Այեղոնում բնակվողների մեջ, քշեցին Գեթի բնակիչներին։ Բարիայի որդիները՝ Աքիո, Սոսեք, Հերիմոթ, Զաբադիա, Արադ, Եդեր, Միքայել, Հեսփա և Հոքա։ Եղբաաղի որդիները՝ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր, Հեսամարի, Հեզղիա և Հոբաբ։ Սեմեիի որդիները՝ Հակիմ, Զեքրի, Զաբթի, Եղիենայի, Սաղթի, Եղիել, Ադայիա, Բարեա և Սամարաթ։ Սոսեկի որդիները՝ Հեսփան, Եբեր, Եղիել, Աբդոն, Զեքրի, Անան, Անանիա, Եղամ, Անաթոթիա, Հեփադիա և Փանուել։ Հերոամի որդիները՝ Սամսարի, Սաարիա, Գոթողիա, Հարասիա, Եղիա և Զեքրի։ Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։ Գաբավոնում բնակվում էին Գաբավոնի հայրը, և նրա կնոջ անունը Մաաքա էր, նրա անդրանիկ որդին՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ, Գեդոր, Աքիով, Զաքար և Մակեղոթ։ Մակեղոթը ծնեց Սամաային. հենց դրանք էլ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։ Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սավուղին. Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Աբինադաբին և Եսբաաղին։ Հովնաթանի որդին էր Մերիբաաղը։ Մերիբաաղը ծնեց Միքային։ Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե, Աքազ։ Աքազը ծնեց Հովադային. Հովադան ծնեց Գաղեմեթին, Ազամոթին և Զամբրիին. Զամբրին ծնեց Մոսային. Մոսան ծնեց Բանաային. նրա որդին էր Ռափան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։ Եսելն ուներ վեց որդի. սրանք են նրանց անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք ամենքը Եսելի որդիներն էին։ Նրա եղբայր Եսեկի որդիները. անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Հեուս, և երրորդը՝ Եղիփաղետ։ Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսուն հոգի։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։ Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։ Առաջին բնակիչները, որ բնակվում էին իրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։ Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։ Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային, Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները, Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի, Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդու՝ Օդուայի որդու՝ Մեսուղամի որդի Սալլուն, Հերոամի որդի Հեբնիան, Մաքրիի որդու՝ Օզիի որդի Էլան, Հեբնիայի որդու՝ Ռագուելի որդու՝ Սափատիայի որդի Մեսուղամը և նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամենը ինը հարյուր հիսունվեց մարդ։ Այս բոլոր մարդիկ իրենց տոհմերի գլխավորներն էին։ Իսկ քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը և Հաքինը, Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան, Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։ Նրանց եղբայրներն իրենց ազգատոհմերի գլխավորներն էին՝ հազար յոթ հարյուր վաթսուն քաջազուն մարդիկ Աստծու տան ծառայության գործում։ Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան, Բակբակուրը, Արեսը, Գաղաղը և Ասափի որդու՝ Զեքիրի որդու՝ Միքիայի որդի Մաթանիան, Եդիթունի որդու՝ Գաղաղի որդու՝ Սեմայիայի որդի Աբդիան, և Եղկանայի որդու՝ Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոփաթացիների գյուղերում։ Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։ Մինչև այսօր թագավորի դռան վրա՝ արևելյան կողմում, Ղևիի որդիների բանակատեղիից սրանք են դռնապանները։ Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։ Եղիազարի որդի Փենեհեսը նախկինում նրանց գլխավորն էր, և Տերը նրա հետ էր։ Մասեղամիայի որդի Զաքարիան ժողովի վրանի մուտքի դռնապանն էր։ Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամենքը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվեցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում։ Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։ Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։ Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ, որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները, իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված։ Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։ Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։ Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։ Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։ Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սեղղումի անդրանիկ որդին էր, զբաղվում էր տապակների մեջ պատրաստվող բաները հսկելով։ Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից էին լինում առաջավորության հացի վերակացուները, որպեսզի այն պատրաստեն ամեն շաբաթ։ Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում և ուրիշ ծառայություններից ազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։ Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։ Գաբավոնում բնակվում էր Գաբավոնի հայրը՝ Հեիելը։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։ Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ, Գեդոր, Աքիով, Զաքարիա և Մակեղոթ։ Մակեղոթը Սամաամի հայրն էր. սրանք բնակվում էին հենց իրենց եղբայրների դիմաց՝ Երուսաղեմում, իրենց եղբայրների հետ։ Ները Կիսի հայրն էր. Կիսը Սավուղի հայրն էր. Սավուղը Հովնաթանի, Մեղքիսավեի, Աբինադաբի և Եսբաաղի հայրն էր։ Հովնաթանի որդին էր Մերիբաաղը. Մերիբաաղը Միքայի հայրն էր։ Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ։ Աքազը Հովարայի հայրն էր. Հովարան Գաղեմեթի, Ազամոթի և Զամբրիի հայրն էր. Զամբրին Մոսայի հայրն էր. Մոսան Բանաայի հայրն էր։ Նրա որդին էր Ռափայիան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։ Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։ Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։ Փղշտացիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին. փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։ Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։ Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։ Այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, և նրա ամբողջ տունը միասին մեռավ։ Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ բանակը փախավ, և Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախան, իսկ փղշտացիները եկան և բնակվեցին նրանց քաղաքներում։ Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։ Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։ Երբ Գաղաադում Հաբիսի բոլոր բնակիչները լսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին, բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։ Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։ Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։ Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։ Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։ Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։ Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։ Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։ Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։ Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։ Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։ Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջ ասած խոսքի համաձայն։ Ահա Դավթի քաջերի թիվը. Հաքեմոնիի որդի Հեսբաամը՝ զորավարների գլխավորը։ Սա իր նիզակը բարձրացրեց երեք հարյուր մարդկանց վրա՝ միանգամից սպանելով նրանց։ Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։ Սա Դավթի հետ էր Աբեսդոմմինում, որտեղ հավաքվել էին փղշտացիները՝ պատերազմելու համար։ Այնտեղ արտի մեկ մասը լիքն էր գարիով, և իսրայելացիները փախչում էին փղշտացիների առջևից։ Իսկ սրանք կանգնեցին արտի մեջտեղում, ազատեցին նրան և հարվածեցին փղշտացիներին։ Եվ Տերը մեծ փրկություն պարգևեց։ Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։ Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։ Դավիթը, փափագելով խմել, ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։ Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։ Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։ Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելով նրանց։ Նա անվանի էր այդ երեքի մեջ։ Այդ երեքից նա ավելի հարգված էր, քան երկուսը, և դարձավ նրանց իշխանը, բայց այն մյուս երեքին չէր հասնի։ Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։ Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։ Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։ Նա այն երեսունից ավելի նշանավոր էր, բայց այն երեքին չէր հասնի։ Դավիթը նրան թիկնապահների գլխավոր կարգեց։ Ահա զորքի քաջազունները՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթլեհեմացի Դոդայի որդի Ելեանանը, հարոդացի Սամման, փելոնացի Քեղղեսը, թեկուացի Եկգեսի որդի Իրասը, անաթոթացի Աբիեզերը, օսացի Սոբաքը, աքուքացի Եղին, նետոփաթացի Մաարան, նետոփաթացի Բաանայի որդի Ալադը, Բենիամինի որդիների տարածքում գտնվող Գաբայից Ռիբայի որդի Եթթին, փարաթոնացի Բանեան, Գաասի ձորերից՝ Հուրայը, արաբաթացի Արիելը, բարումացի Ազամոթը, սաղաբինացի Եղիաբան, գեղոնացի Հասեմի որդիները՝ արարացի Սագեի որդի Հովնաթանը, արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը, մեքուրաթացի Օփերը, փելոնացի Աքիան, կարմելացի Ասարեն, Ազբիայի որդի Նաարան, Նաթանի եղբայր Հովելը, Ագարայի որդի Մաբարը, ամմոնացի Սելեկը, Շարուհեայի որդի Հովաբի կապարճակիր բերոթացի Նաարան, հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը, քետացի Ուրիան, Աղայիի որդի Զաբադը, Ռուբենյանների գլխավորը՝ Ռուբենյան Սիզայի որդի Ադինան, որի հետ կար երեսուն մարդ, Մաաքայի որդի Անանը, մաթանացի Հոսափատը, աստարովթացի Ոզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման և Հեիելը, Սամարիի որդի Հեդիելը և նրա եղբայր թիսացի Հոքան, մահավացի Եղիելը, Եղնաամի որդիներ Հարիբային և Հոսավիան, մովաբացի Հեթեման, Եղիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։ Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։ Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։ Գլխավորն էր Աքիեզերը, ապա՝ Հովասը, որոնք գաբաացի Սամաայի որդիներն էին, Ազամոթի որդիներ Հեզիելն ու Փաղետը, Բարաքան ու անաթոթացի Հեուն, գաբավոնացի Իսմայիան, որն այն երեսունի մեջ քաջազուն մարտիկ էր և այն երեսունի գլխավորը, Երեմիան, Հազիելը, Հոհանանը և գադերացի Հոզաբադը, Եղիոզան, Հերիմոթը, Բաաղիան, Սամարիան, հարուփացի Սափատիան, Եղկանան, Հեսիան, Ազարիելը, Հոեզերը և Հեսբաամը, որոնք կորխացիներ էին, նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։ Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։ Եզերը գլխավորն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը, չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան, վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Եղիելը, ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Եղզաբադը, տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան։ Սրանք Գադի որդիներից էին, զորքի գլխավորներ։ Նրանցից ոմանք կրտսեր սպաներ էին հարյուրի վրա, իսկ ոմանք՝ ավագ սպաներ հազարի վրա։ Սրանք են, որ անցան Հորդանան գետը առաջին ամսին, երբ նրա բոլոր ափերը ողողվել էին ջրով, և հովիտների բոլոր բնակիչներին փախցրին դեպի արևելք և դեպի արևմուտք։ Բենիամինի և Հուդայի որդիներից էլ մարդիկ եկան բերդը՝ Դավթի մոտ։ Դավիթը դուրս եկավ նրանց ընդառաջ և ասաց նրանց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ՝ օգնելու ինձ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, բայց եթե եկել եք խաբեությամբ, որպեսզի ինձ իմ թշնամիներին մատնեք, երբ իմ ձեռքերում անօրենություն չկա, այն ժամանակ թող մեր հայրերի Աստվածը տեսնի և հանդիմանի»։ Եվ Հոգին պատեց իշխանների գլխավորին՝ Ամեսայիին, և նա ասաց. «Մենք քոնն ենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ, Հեսսեի՛ որդի, Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն քեզ, Խաղաղությու՜ն քո օգնականներին, Քանզի քո օգնականը քո Աստվածն է»։ Եվ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց գնդի գլխավորներ կարգեց։ Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։ Երբ նա Սիկելակ գնաց, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Մանասեի հազարապետներ Եդնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սաղթին։ Սրանք օգնեցին Դավթին նրանց հրոսակախմբերի դեմ, որովհետև բոլորն էլ քաջազուններ էին և զորքի գլխավորներ եղան։ Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։ Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։ Հուդայի որդիներից՝ վահան ու նիզակ կրող վեց հազար ութ հարյուր սպառազինյալ մարդ։ Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։ Ղևիի որդիներից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։ Նաև Հովիադան՝ Ահարոնի որդիների գլխավորը, և նրա հետ երեք հազար յոթ հարյուր հոգի։ Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։ Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։ Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն մարդիկ՝ անվանի իրենց ազգատոհմերում։ Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուններով որոշված էին, որ գնան Դավթին թագավոր անեն։ Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։ Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։ Նեփթաղիմի որդիներից՝ հազար իշխաններ ու նրանց հետ երեսունյոթ հազար վահանավորներ և նիզակակիրներ։ Դանի որդիներից՝ պատերազմող քսանութ հազար վեց հարյուր հոգի։ Ասերի որդիներից՝ զինվոր լինելու ընդունակ և պատերազմող քառասուն հազար հոգի։ Հորդանան գետի այն կողմում՝ Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ հարյուր քսան հազար մարդ՝ զինված պատերազմական բոլոր գործիքներով։ Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։ Նրանք այնտեղ երեք օր ուտում ու խմում էին Դավթի հետ, որովհետև իրենց եղբայրները պատրաստել էին նրանց համար։ Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։ Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։ Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ, և մեր Աստծու տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետև Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք»։ Հավաքված ամբողջ ժողովուրդն ասաց. «Այդպես անենք», որովհետև այս խոսքը ուղիղ թվաց ամբողջ ժողովրդին։ Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի Սիոր գետից մինչև Եմաթի մուտքը, որպեսզի Աստծու տապանակը բերեն Կարիաթարիմից։ Դավիթն ամբողջ Իսրայելի հետ գնաց Բաաղ, այսինքն՝ Հուդայի Կարիաթարիմ՝ այնտեղից վեր բերելու քերովբեների վրա տեղադրված Աստծու տապանակը, որը կրում է Տիրոջ անունը։ Ամինադաբի տնից Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, և Օզան ու Աքիովը քշում էին սայլը։ Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։ Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։ Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա ։ Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։ Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։ Տյուրոսի Քիրամ թագավորը Դավթի մոտ ուղարկեց պատգամաբերներ, եղևնափայտ, որմնադիրներ և հյուսներ, որպեսզի նրա համար տուն կառուցեն։ Դավիթը հասկացավ, որ Տերն իրեն թագավոր հաստատեց Իսրայելի վրա, որովհետև նրա թագավորությունը բարձրացվեց Իսրայելի ժողովրդի համար։ Դավիթն ուրիշ կանայք էլ առավ Երուսաղեմում, որոնցից ևս ունեցավ տղաներ և աղջիկներ։ Սրանք են Երուսաղեմում նրա համար ծնված տղաների անունները՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Եղիփաղետ, Նոգա, Նափեկ, Հափիե, Եղիսամա, Բաղիադա և Եղիփաղետ։ Երբ փղշտացիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացիները ելան Դավթին որոնելու։ Դավիթն այդ լսեց և դուրս եկավ նրանց դիմաց։ Փղշտացիները եկան և ասպատակեցին Ռափայինների հովտում։ Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։ Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։ Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։ Փղշտացիները կրկին եկան և ասպատակեցին հովտում։ Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց ետևից, շեղվի՛ր նրանցից և նրանց վրա գնա՛ թթենիների կողմից։ Երբ թթենիների գագաթից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ դո՛ւրս եկ պատերազմի, որովհետև Աստված պիտի դուրս գա քո առջևից՝ հարվածելու համար փղշտացիների բանակին»։ Դավիթն արեց այնպես, ինչպես որ Տերը հրամայեց իրեն, և նրանք կոտորեցին փղշտացիների բանակը Գաբավոնից մինչև Գազեր։ Դավթի համբավը տարածվեց բոլոր երկրներում, և Տերը նրա վախը տարածեց բոլոր ազգերի վրա։ Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։ Այն ժամանակ Դավիթն ասաց. « Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։ Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։ Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին. Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի, Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի, Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի, Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի, Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի, Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։ Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը, որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։ Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։ Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։ Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։ Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։ Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։ Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար, Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։ Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։ Ղևտացիների երգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։ Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։ Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։ Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։ Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։ Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, նույնպես և տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու երգիչների հետ Քոնոնիան՝ երգիչների գլխավորը։ Դավթի վրա քաթանե մի եփուդ կար։ Ամբողջ Իսրայելը տանում էր Տիրոջ ուխտի տապանակը ուրախ աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով և հնչուն ծնծղաներով, տավիղներով ու քնարներով։ Երբ Տիրոջ ուխտի տապանակը հասավ Դավթի քաղաքը, այն ժամանակ Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ Դավիթ թագավորը պարում ու ցատկոտում է, և իր սրտում արհամարհեց նրան։ Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։ Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։ Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։ Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։ Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։ Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։ Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին. «Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։ Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան, Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։ Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։ Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը. Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։ Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու նրա հրահանգները։ Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ, Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։ Ինքը Տերն է մեր Աստվածը, Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։ Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը, Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ, Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ, Եվ իր երդումը Իսահակի հետ։ Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի՝ Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝ Որպես ձեր ժառանգության բաժին”։ Սակավաթիվ էին նրանք, Շատ քիչ և պանդուխտ այնտեղ, Ազգից ազգ էին գնում Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։ Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց. Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով. “Մի՛ մոտեցեք իմ օծյալներին, Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։ Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը, Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը, Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի, Ահավոր է նա, քան բոլոր աստվածները, Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, Իսկ Տերը երկինքն է արարել։ Փառք և վայելչություն կա նրա առաջ, Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։ Ո՛վ բոլոր ժողովուրդներ, Տիրոջը տվե՛ք փառք և զորություն, Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։ Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։ Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա, Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։ Ծովը գոռգոռա իր լիությամբ, Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։ Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը, Քանզի նա գալիս է երկիրը դատելու։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է, Եվ նրա ողորմությունը հավիտենական է։ Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից, Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը Եվ պարծենանք քո մեծագործություններով”։ Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հավիտենից մինչև հավիտյան»։ Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։ Դավիթն այնտեղ՝ Տիրոջ ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին և նրա եղբայրներին, որպեսզի միշտ՝ ամեն օր, ծառայեն տապանակի առջև։ Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններ կարգեց։ Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներին դրեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում, որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։ Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։ Նրանց հետ էին Եմանն ու Իդիթունը՝ փողերով և ծնծղաներով՝ հնչեցնելու համար, և նվագարաններով՝ Աստծուն փառաբանելու համար։ Իսկ Իդիթունի որդիները դռնապաններ էին։ Ամբողջ ժողովուրդը գնաց՝ ամեն մեկն իր տունը, Դավիթն էլ վերադարձավ իր տունն օրհնելու։ Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։ Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։ Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. "Դու ինձ համար բնակվելու տուն չես շինի, որովհետև Իսրայելի որդիներին Եգիպտոսից իմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլ գնացել եմ վրանից վրան և խորանից խորան։ Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվել Իսրայելի իմ ժողովրդին, ասելով. "Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք"”։ Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։ Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան, ինչպես այդ եղել է այն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։ Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։ Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։ Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։ Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի"”»։ Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։ Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։ Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։ Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։ Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։ Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։ Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես, որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։ Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։ Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։ Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։ Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։ Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։ Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։ Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։ Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։ Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը, նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։ Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։ Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր, Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։ Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։ Դրանից հետո մեռավ ամմոնացիների թագավոր Նաասը, և նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդին։ Դավիթն ասաց. «Նաասի որդի Անոնին հավատարմություն անեմ, որովհետև նրա հայրը հավատարմությամբ վարվեց ինձ հետ»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որպեսզի մխիթարեն նրան իր հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիրը՝ Անոնի մոտ՝ մխիթարելու նրան։ Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջ, որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։ Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։ Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։ Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։ Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։ Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։ Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։ Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։ Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։ Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։ Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։ Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։ Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։ Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։ Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։ Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիս պատերազմի, Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։ Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։ Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։ Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։ Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։ Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։ Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։ Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։ Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։ Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։ Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։ Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։ Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազար սուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։ Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։ Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։ Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։ Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց. «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։ Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։ Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝ նրան բնաջնջելու համար»։ Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։ Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։ Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։ Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։ Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։ Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։ Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։ Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։ Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։ Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։ Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։ Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։ Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։ Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։ Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ, անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։ Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար, պետք է ամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համար շինանյութեր պատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատ շինանյութեր պատրաստեց։ Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։ Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ, բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։ Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։ Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։ Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։ Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։ Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։ Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։ Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար, ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։ Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։ Նա ասաց. «Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։ Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։ Դավիթը ծերացել ու հագեցել էր իր ապրած օրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։ Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։ Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։ Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ, չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։ Դավիթը նրանց դասերի բաժանեց ըստ Ղևիի որդիների՝ Գերսոնի, Կահաթի և Մերարիի։ Գերսոնի որդիներից էին Ղադանն ու Սեմեին։ Ղադանի որդիները երեքն էին. գլխավորը՝ Հեքիելը, հետո՝ Զեթամը և Հովելը։ Սեմեիի որդիները երեքն էին՝ Սաղամոթը, Ազիելը և Արանը։ Սրանք են Ղադանի տոհմերի գլխավորները։ Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հեուսը և Բարիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ ընդամենը չորս հոգի։ Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բարիան շատ որդիներ չունեին և մարդահամարի մեջ մեկ տոհմ կազմեցին։ Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։ Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։ Բայց Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները համարվեցին Ղևիի ցեղ։ Մովսեսի որդիներն էին Գերսոմն ու Եղիազարը։ Գերսոմի որդիներից առաջինն էր Սուբայելը։ Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։ Իսահառի որդիներից առաջինն էր Սաղամոթը։ Քեբրոնի որդիներն էին՝ առաջինը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հազիելը, չորրորդը՝ Հեկամամը։ Օզիելի որդիներն էին՝ առաջինը՝ Միքան, երկրորդը՝ Հեսիան։ Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։ Եղիազարը մեռավ, բայց նա որդիներ չունեցավ, այլ աղջիկներ, որոնց կնության առան իրենց եղբայրները՝ Կիսի որդիները։ Մուսիի որդիներն էին՝ Մոողի, Եդեր ու Հերիմոթ՝ այս երեքը։ Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից, որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։ Ղևտացիներն այլևս չպիտի կրեն Տիրոջ խորանն ու դրա անոթները խորանի ծառայության համար, որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։ Նրանք կլինեն Ահարոնի որդիների ձեռքի տակ, որպեսզի ծառայեն Տիրոջ տանը՝ գավիթներում, սենյակներում, հոգ տանեն բոլոր սուրբ բաների մաքրությանը, Աստծու տան ծառայության գործին, կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։ Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։ Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոն օրերին մշտապես Տիրոջ առաջ Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզներն ըստ նշված թվի և կանոնի։ Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։ Ահա Ահարոնի որդիների դասակարգումը. Ահարոնի որդիներն են՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար ու Իթամար։ Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիներ չունեցան, ուստի քահանայություն անում էին Եղիազարն ու Իթամարը։ Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։ Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութ իշխան։ Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։ Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։ Առաջին վիճակը դուրս ելավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային, երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին, հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Միամինին, յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային, իններորդը՝ Հեսուին, տասներորդը՝ Սեքենիային, տասնմեկերորդը՝ Եղիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, տասնհինգերորդը՝ Բեղգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Եզեկիելին, քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, քսաներեքերորդը՝ Դաղայիային, քսանչորսերորդը՝ Մաազիային։ Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։ Ահա Ղևիի որդիներից մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Սուբայելի որդիներից՝ Հադայիա, Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը՝ Հեսիա, Իսահառի որդիներից՝ Սաղոմոթ, Սաղոմոթի որդիներից՝ Հեթ, Քեբրոնի որդիներից՝ Հերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Հազիել, չորրորդը՝ Հեկամամ, Օզիելի որդիներից՝ Միքա, Միքայի որդիներից՝ Սամիր։ Միքայի եղբայրը՝ Հեսիա, Հեսիայի որդիներից՝ Զաքարիա։ Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի, Հազիայի որդին՝ Բենով։ Մերարիի որդիները Հազիայից՝ Բենով, Սոհամ, Զաքուր և Եբրի։ Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիներ չունեցավ։ Կիսից՝ Կիսի որդիներից՝ Հերամել։ Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր և Հերիմոթ։ Սրանք ղևտացիների որդիներն են իրենց ազգատոհմերով։ Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։ Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործը կատարող մարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր. Ասափի որդիներից՝ Զաքար, Հովսեփ, Նաթանիա և Ասարելա. Ասափի որդիները լինում էին Ասափի հսկողության տակ, որը մարգարեանում էր թագավորի հրահանգով։ Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։ Եմանից՝ Եմանի որդիները՝ Բոկքիա, Մաթանիա, Օզիել, Սուբայել, Հերիմոթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռոմամիթիեզեր, Հեսբակասա, Մեղեթի, Հոթիր, Մազիոթ։ Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որը թագավորի տեսանողն էր Աստծու խոսքը հայտնելու և նրա փառքը բարձրացնելու համար։ Աստված Եմանին տասնչորս տղա և երեք աղջիկ էր տվել։ Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։ Սրանք իրենց եղբայրներով հանդերձ, որոնք վարժվել էին Տիրոջ համար երգեր կատարելու, երկու հարյուր ութսունութ հոգի էին՝ բոլորն էլ բանիմաց մարդիկ։ Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։ Առաջին վիճակը ելավ Ասափին՝ Հովսեփի համար, երկրորդը՝ Գոդողիային. ինքը, իր եղբայրներն ու իր որդիները՝ ընդամենը տասներկու հոգի. երրորդը՝ Զաքուրին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. չորրորդը՝ Եզրիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. հինգերորդը՝ Նաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. վեցերորդը՝ Բոկքիային. իր որդիներն ու իր եղբայրները՝ տասներկու հոգի. յոթերորդը՝ Հեսարելային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. ութերորդը՝ Եսայիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. իններորդը՝ Մաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասներորդը՝ Սեմեիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնմեկերորդը՝ Ազարիելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասներկուերորդը՝ Ասաբիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասներեքերորդը՝ Սուբայելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնչորսերորդը՝ Մատաթիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնհինգերորդը՝ Հերիմոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնվեցերորդը՝ Անանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնյոթերորդը՝ Հեսբակասին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնութերորդը՝ Անանիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. տասնիններորդը՝ Մեղեթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. քսաներորդը՝ Եղիաթային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. քսանմեկերորդը՝ Հոթերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. քսաներկուերորդը՝ Գեդողաթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. քսաներեքերորդը՝ Մազիոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի։ Ահա դռնապանների դասակարգումը. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասեղամիա։ Մասեղամիայի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հեդիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Հաթնիել, հինգերորդը՝ Եղամ, վեցերորդը՝ Հոհանան, յոթերորդը՝ Եղիովենայի։ Աբդեդոմի որդիները. անդրանիկը՝ Սեմայիա, երկրորդը՝ Հոզաբադ, երրորդը՝ Հովաք, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել, վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փեղաթի, որովհետև Աստված օրհնել էր նրան։ Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։ Սեմայիայի որդիները՝ Օթնի, Ռափայել, Օբեդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս և Սամաքիա։ Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։ Մասեղամիան տասնութ զորավոր որդիներ և եղբայրներ ուներ։ Մերարիի որդիներից Ուսան ուներ որդիներ, որոնց գլխավորը Սամարին էր. թեև նա անդրանիկը չէր, բայց նրա հայրը նրան նշանակեց գլխավոր։ Երկրորդը՝ Քեղկիա, երրորդը՝ Տաբաղիա, չորրորդը՝ Զաքարիա։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեք հոգի էին։ Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։ Փոքրն ու մեծը, ըստ իրենց հայրերի տների, նմանապես վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։ Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։ Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները, Սուփիմին և Ուսային՝ արևմտյան կողմը՝ Սալեքադի դռան մոտ, դեպի վեր բարձրացող ճանապարհի վրա. մի պահակագունդը՝ մյուս պահակագնդից հետո։ Արևելյան կողմում՝ վեց ղևտացի, հյուսիսում՝ օրը չորս, հարավում՝ օրը չորս, իսկ շտեմարանների վրա՝ երկու-երկու։ Գավթի կողմում՝ դեպի արևմուտք, չորս հոգի ճանապարհին, և երկու հոգի գավթի համար։ Սա է Կորխի որդիներից և Մերարիի որդիներից դռնապանների դասակարգումը։ Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։ Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի գլխավորներից՝ գերսոնացի Ղադանի որդիներից էր Հեքիելը։ Հեքիելի որդիներից Զեթամն ու նրա եղբայր Հովելը Տիրոջ տան գանձերի վերակացուն էին։ Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից՝ Սուբայելն էլ՝ Մովսեսի որդի Գերսոմի որդին, գլխավոր գանձապահն էր։ Նրա եղբայրները. Եղիազարից՝ նրա որդին՝ Հռաբիա, նրա որդին՝ Եսայի, նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Զեքրի և նրա որդին՝ Սաղոմոթ։ Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։ Դրանք նվիրել էին պատերազմներից վերցված ավարից՝ Տիրոջ տաճարի կարիքների համար։ Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել տեսանողը, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբենները և Շարուհեայի որդի Հովաբը. այդ բոլոր նվիրաբերված գանձերը Սաղամոթի և նրա եղբայրների հսկողության տակ էին։ Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։ Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։ Քեբրոնյաններից գլխավորն էր Հերիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում Քեբրոնի սերունդների և տոհմերի քննություն կատարվեց Գաղաադի Հազեր բնակավայրում, և նրանց մեջ գտնվեցին քաջազուն տղամարդիկ։ Նրա եղբայրները՝ թվով երկու հազար յոթ հարյուր քաջարի մարդիկ, տոհմապետներ էին։ Դավիթ թագավորը նրանց Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի վրա վերակացու նշանակեց Աստծու և թագավորի բոլոր գործերի համար։ Ահա Իսրայելի որդիներն ըստ իրենց թվի. տոհմապետները, հազարապետները և հարյուրապետները. նրանց կառավարիչները, որոնք ծառայում էին թագավորին դասակարգման բոլոր գործերում։ Տարվա բոլոր ամիսներին ամսեամիս մտնողների և ելնողների ամեն մի դասը բաղկացած էր քսանչորս հազար մարդուց։ Առաջին ամսին առաջին դասի գլխավորն էր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Նա Փարեսի որդիներից էր՝ առաջին ամսվա բանակի բոլոր զորավարների գլխավորը։ Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Երրորդ գլխավոր զորավարը երրորդ ամսվա համար Հովիադա քահանայի որդի Բանեան էր։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Այս Բանեան քաջազուն էր և երեսունի գլխավորը։ Նրա դասի հրամանատարը՝ նրա որդի Ամիզաբադը։ Չորրորդ ամսվա համար չորրորդ զորապետը Հովաբի եղբայր Ասայելն էր. նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Հինգերորդ ամսվա համար հինգերորդ զորապետը հեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Վեցերորդ ամսվա համար վեցերորդ զորապետը թեկուացի Եկգեսի որդի Իրասն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Յոթերորդ ամսվա համար յոթերորդ զորապետը Եփրեմի որդիներից փելոնացի Քեղղեսն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Ութերորդ ամսվա համար ութերորդ զորապետը Զարայի ընտանիքից օսացի Սոբաքն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Իններորդ ամսվա համար իններորդ զորապետը Բենիամինի որդիներից անաթոթացի Աբիեզերն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Տասներորդ ամսվա համար տասներորդ զորապետը Զարայի ընտանիքից նետոփաթացի Մաարն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Տասնմեկերորդ ամսվա համար տասնմեկերորդ զորապետը Եփրեմի որդիներից փարաթոնացի Բանեան էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Տասներկուերորդ ամսվա համար տասներկուերորդ զորապետը Գոթոնիելի ընտանիքից նետոփաթացի Ալադն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։ Իսրայելի ցեղերի գլխավորներն էին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան, Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկը, Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիուսը, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամրին, Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմինը՝ Եզրիելի որդի Հերիմոթը, Եփրեմինը՝ Ազազիայի որդի Ովսեեն, Մանասեի կես ցեղինը՝ Փադայիայի որդի Հովելը, Գաղաադում Մանասեի կեսինը՝ Զաքարիայի որդի Հեդդովը, Բենիամինինը՝ Աբենների որդի Հեսիելը, Դանինը՝ Հերոամի որդի Ազարիելը։ Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները։ Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան և քսանից ցածր տարիք ունեցողներին, որովհետև Տերն ասել էր, որ կբազմացնի Իսրայելը երկնքի աստղերի չափ։ Շարուհեայի որդի Հովաբն սկսել էր հաշվառել, բայց չավարտեց, և դրա համար Տիրոջ բարկությունը թափվեց Իսրայելի վրա, և այդ հաշվառումը չմտավ Դավիթ թագավորի հիշատակների պատմության մեջ։ Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։ Դաշտում երկրագործությամբ զբաղվողների վերակացուն Քեղուբի որդի Եզրին էր, այգիներինը՝ արիմաթացի Սեմեին, այգիների արդյունքի և գինու շտեմարաններինը՝ սեփամացի Զաբդին, հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը, Սարոնում արածող արջառներինը՝ սարոնացի Սետրան, ձորերում եղած արջառներինը՝ Ադղիի որդի Սափատը, ուղտերինը՝ իսմայելացի Օբիլը, էգ էշերինը՝ մերոնոթացի Հադայիան և հոտերինը՝ հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ստացվածքների վերակացուներն էին։ Դավթի հորեղբայր Հովնաթանը խորհրդական էր։ Նա բանիմաց մարդ էր և դպրապետ էր։ Հաքեմոնի որդի Հեքիելը թագավորի որդիների հետ էր։ Աքիտոփելը թագավորի խորհրդականն էր, արաքացի Քուսին՝ թագավորի բարեկամը։ Աքիտոփելից հետո խորհրդական եղան Բանեայի որդի Հովիադան և Աբիաթարը, իսկ թագավորի զորագլուխն էր Հովաբը։ Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։ Դավիթ թագավորը ոտքի կանգնեց և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ իմ եղբայրներ և իմ ժողովուրդ. ես իմ սրտում դրել էի հանգստյան մի տուն կառուցել Տիրոջ ուխտի տապանակի ու մեր Աստծու ոտքի պատվանդանի համար և պատրաստություն տեսա այն կառուցելու։ Բայց Աստված ինձ ասաց. “Դու իմ անվան համար տուն չպիտի կառուցես, որովհետև դու պատերազմող մարդ ես և արյուն ես թափել”։ Իսրայելի Տեր Աստվածն իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որպեսզի Իսրայելի վրա հավիտյան թագավոր լինեմ, քանզի նա Հուդայի ցեղին ընտրեց առաջնորդ և Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և իմ հոր որդիներից ի՛նձ հավանեց, որպեսզի թագավոր անի ինձ ամբողջ Իսրայելի վրա։ Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։ Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։ Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։ Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջ ասում եմ. “Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։ Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։ Հիմա տե՛ս, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար. զորացի՛ր և գործի՛ր»։ Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։ Նաև հրահանգ տվեց քահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։ Նրան տվեց նաև յուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ, ոսկե աշտանակների ու դրանց ոսկե ճրագների կշիռը, յուրաքանչյուր աշտանակի ու դրա ոսկե ճրագի, նույնպես և արծաթե աշտանակների, աշտանակի ու դրա ճրագների կշիռը՝ ըստ յուրաքանչյուր աշտանակի գործածության։ Եվ առաջավորության հացի սեղանների՝ ոսկին կշռով յուրաքանչյուր սեղանի համար, և արծաթ կշռով՝ արծաթե սեղանների համար։ Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը, և խնկարկության սեղանի համար մաքուր ոսկի կշռով կշռաչափը և իրենց թևերը տարածող ու Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբեների կառքի պատկերը։ «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։ Ապա Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր և կատարի՛ր. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև Տեր Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մինչև որ լրացնես Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը։ Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։ Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։ Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար. երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու, ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։ Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։ Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։ Ում մոտ որ թանկարժեք քարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։ Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։ Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։ Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։ Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։ Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։ Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։ Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։ Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։ Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։ Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։ Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։ Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։ Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում. նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։ Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։ Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։ Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։ Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։ Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։ Սողոմոնը բարձրացավ այնտեղ՝ Տիրոջ առաջ, և ժողովի վրանում գտնվող պղնձե զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։ Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։ Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։ Արդ, ո՛վ Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հորը տված քո խոստումը, որովհետև դու ինձ թագավոր արեցիր երկրի փոշու չափ շատ մի ժողովրդի վրա։ Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին»։ Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի, քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։ Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։ Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։ Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականների քարավանը գնում և դրանք բերում էր երամակով՝ ծախու առած։ Եգիպտոսից մեկ մարտակառքը դուրս էին հանում վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն արծաթով։ Այսպես նրանց միջոցով դրանք դուրս էին բերվում նաև քետացիների բոլոր թագավորների և ասորիների բոլոր թագավորների համար։ Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Տիրոջ անվան համար և մի թագավորական տուն՝ իր համար։ Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։ Սողոմոնը մարդ ուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։ Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։ Այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեծ է մեր Աստվածը բոլոր աստվածներից։ Եվ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրան։ Ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն խունկ ծխելու մի տեղ կշինեմ նրա առաջ։ Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։ Ինձ համար Լիբանանից ուղարկի՛ր նաև եղևնափայտ, մայրու փայտ և ալմուգ փայտեր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները լավ գիտեն Լիբանանի փայտերը կտրել։ Ահա իմ ծառաները թող քո ծառաների հետ աշխատեն։ Ինձ համար թող շատ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ և շքեղ պիտի լինի։ Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։ Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։ Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։ Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։ Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։ Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։ Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։ Սողոմոնը հաշվեց Իսրայելի երկրում գտնվող բոլոր օտարազգի մարդկանց իր հայր Դավթի հաշվելուց հետո, և նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։ Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներում քար կտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։ Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։ Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։ Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։ Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։ Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։ Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։ Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։ Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։ Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։ Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։ Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։ Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։ Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։ Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։ Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։ Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։ Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։ Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։ Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։ Այն կանգնած էր տասներկու եզների վրա, որոնցից երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք։ Ավազանը վերևից դրանց վրա էր, և դրանց բոլորի հետևի կողմերը ուղղված էին դեպի ներս։ Նրա հաստությունը մեկ թիզ էր, և նրա եզրը, որ նման էր բաժակի եզրին, ձևավորված էր շուշան ծաղկի նմանությամբ։ Պարունակությունը երեք հազար մար էր։ Նա պատրաստեց տասը լվացվելու տաշտ. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ կողմում՝ դրանց մեջ լվացումներ կատարելու համար։ Ողջակեզի տարբեր մասերը դրանց մեջ էին լվանում, իսկ ավազանը քահանաների համար էր, որ լվացվեն մեջը։ Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։ Նա պատրաստեց տասը սեղան և դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ. նաև պատրաստեց հարյուր ոսկե կոնքեր։ Նա պատրաստեց քահանաների գավիթը, մեծ սրահն ու սրահի դռները և դրանց փեղկերը պատեց պղնձով։ Նա ավազանը տեղադրեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելյան կողմը։ (Քիրամը) պատրաստեց կաթսաները, թիակներն ու կոնքերը։ Քիրամն ավարտեց այն ամբողջ գործը, որ կատարեց Սողոմոն թագավորի համար Աստծու տան համար. այն է՝ երկու սյուներն ու գնդաձև խոյակներն այդ երկու սյուների գլուխներին, երկու ցանցերը՝ ծածկելու համար այն երկու գնդաձև խոյակները, որոնք սյուների գլխին էին, չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները, տասը խարիսխներն ու խարիսխների վրա դրված ավազանները, մեկ ծովն ու դրա տակ գտնվող տասներկու եզները, կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։ Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։ Սողոմոնն այս բոլոր անոթները պատրաստեց խիստ մեծ քանակությամբ, այնպես որ հնարավոր չեղավ որոշել պղնձի կշիռը։ Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրա դրվում էր առաջավորության հացը, մաքուր ոսկե աշտանակներն ու դրանց ճրագները, որոնք ըստ սահմանված օրինակի պետք է վառվեին սրբարանի դիմաց, նաև ծաղիկները, ճրագները, ունելիները, որոնք ոսկուց, շատ մաքուր ոսկուց էին, պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։ Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։ Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին ու իսրայելացիների տոհմապետներին, որ Տիրոջ ուխտի տապանակը տանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին թագավորի մոտ՝ յոթերորդ ամսի տոնը կատարելու համար։ Երբ Իսրայելի բոլոր ծերերը եկան, ղևտացիները վերցրին տապանակը։ Նրանք տարան տապանակը, ժողովի վրանն ու վրանում եղած բոլոր սուրբ անոթները։ Քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։ Սողոմոն թագավորն ու Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը, որոնք հավաքվել էին նրա մոտ, անթիվ-անհամար ոչխարներ ու եզներ էին զոհում տապանակի առջև։ Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ Քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա և վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։ Ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սուրբ տեղից՝ սրբությունների սրբության առջևից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր։ Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որ Մովսեսը տվեց Քորեբում, երբ Տերը ուխտ արեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։ Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանց իրենց դասը պահպանելու), և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։ Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով, և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։ Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասաց, որ ինքը մառախուղի մեջ է բնակվում. բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։ Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդին։ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ Նա ասաց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որն ինչ որ ասաց իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով՝ ասելով. “Այն օրվանից, երբ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից որևէ քաղաք չընտրեցի տուն կառուցելու համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի, և որևէ մարդու չընտրեցի, որպեսզի առաջնորդ լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա, այլ Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի իշխան լինի”։ Իմ հայր Դավիթը մտադրվել էր, որ Իսրայելի Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցի։ Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։ Միայն թե դու չէ, որ պիտի կառուցես տունը, այլ՝ քեզնից ծնված քո որդին. նա՛ պիտի կառուցի իմ անվան համար տունը”։ Տերը կատարեց իր ասած խոսքը, և ես բարձրացա իմ հայր Դավթի տեղն ու նստեցի Իսրայելի գահին, ինչպես որ ասել էր Տերը, և ես կառուցեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար տունը։ Ես տապանակը դրեցի այնտեղ, որի մեջ է գտնվում Տիրոջ ուխտը, որ նա կնքեց Իսրայելի որդիների հետ»։ Ապա Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առջև, Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի դիմաց և տարածեց իր ձեռքերը։ (Որովհետև Սողոմոնը պղնձե մի ամբիոն էր պատրաստել և այն դրել գավթի մեջտեղում. դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, բարձրությունը՝ երեք կանգուն)։ Նա կանգնեց դրա վրա, ծնկի եկավ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի առաջ և իր ձեռքերը մեկնեց դեպի երկինք։ Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։ Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։ Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։ Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։ Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։ Սակայն, ո՛վ իմ Տեր Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսի՛ր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ, որպեսզի քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այնտե՛ղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն աղոթքը, որ ծառադ աղոթում է այստեղ։ Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։ Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։ Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվի իր թշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։ Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։ Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն, երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանք մատուցի, և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, այն ժամանակ դու երկնքից՝ քո բնակության տեղից, լսի՛ր ու ների՛ր և տո՛ւր այդ մարդուն իր բոլոր ճանապարհների համեմատ, որ ճանաչել ես նրա սիրտը (որովհետև դո՛ւ միայն գիտես մարդկանց որդիների սիրտը), որպեսզի վախենան քեզանից և գնան քո ճանապարհներով բոլոր այն օրերին, որ կապրեն այս երկրում, որ դու տվել ես մեր հայրերին։ Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, և արա՛ այն օտարականին այն ամենը, ինչ նա կխնդրի քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, վախենան քեզանից, ինչպես Իսրայելի քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչված իմ կառուցած այս տունը։ Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես, և երբ նրանք աղոթք անեն քեզ՝ դառնալով դեպի քո այս ընտրած քաղաքն ու այս տունը, որ ես կառուցել եմ քո անվան համար, այն ժամանակ լսի՛ր երկնքից նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։ Երբ նրանք մեղանչեն քո դեմ (որովհետև չկա մարդ, որ չմեղանչի), և դու բարկանաս նրանց վրա ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և նրանց գերեվարողները նրանց գերի տանեն հեռավոր կամ մոտիկ երկիր, և սրտանց զղջան այն երկրում, ուր գերի են տարվել, դարձի գան ու քեզ աղերսեն իրենց գերության երկրում՝ ասելով՝ “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար, այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։ Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։ Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։ Ո՛վ Տեր Աստված, մի՛ մերժիր քո օծյալին, հիշի՛ր քո ծառա Դավթին խոստացած քո ողորմությունները»։ Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։ Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։ Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։ Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։ Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։ Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։ Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։ Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։ Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։ Տերը գիշերը երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այս տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերության տուն։ Եթե ես փակեմ երկինքը, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի երկիրը, եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդին, և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։ Արդ իմ աչքերը բաց և իմ ականջները լսող կլինեն այստեղի աղոթքին։ Արդ, ես ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունն այստեղ լինի հավիտյան, և իմ աչքերն ու իմ սիրտն այստեղ լինեն ամեն ժամանակ։ Եվ դու էլ, եթե իմ առջևից գնաս, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և անես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, ու պահես իմ կանոններն ու հրահանգները, այն ժամանակ քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես որ ուխտեցի քո հայր Դավթին՝ ասելով. “Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասի քեզանից”։ Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց, ապա ես նրանց (իսրայելացիներին) կպոկեմ այն երկրից, որ տվեցի ձեզ, և այս տունը, որ ես սրբագործել եմ իմ անվան համար, դեն կգցեմ և այն առակ ու խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։ Եվ ով որ անցնի այս վեհաշուք տան մոտով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այսպես արեց այս երկիրն ու այս տունը”։ Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։ Սողոմոնը քսան տարվա ընթացքում կառուցեց Տիրոջ տունն ու իր տունը. Սողոմոնը վերակառուցեց նաև այն քաղաքները, որ Քիրամն իրեն էր տվել էր, և այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։ Սողոմոնը գնաց Սուբայի Եմաթ և գրավեց այն։ Նա անապատում կառուցեց Թադմորը և Եմաթում՝ բոլոր շտեմարանների քաղաքները։ Նա կառուցեց նաև Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով և նիգերով ամրացված քաղաքները, Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։ Այն բոլոր ժողովուրդներին, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից, հեբուսացիներից, որոնք իսրայելացի չէին, այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։ Բայց նրանք, որոնք Իսրայելի որդիներից էին, Սողոմոնը նրանց ստրուկներ չդարձրեց իր աշխատանքների համար, որովհետև նրանք պատերազմող մարդիկ էին և իր զորավարների իշխանները, իր մարտակառքերի և իր հեծյալների իշխաններն էին։ Սրանք Սողոմոնի գլխավոր իշխաններն էին՝ երկու հարյուր հիսուն հոգի, որոնք իշխում էին ժողովրդի վրա։ Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։ Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա, որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։ Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։ Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։ Այսպես իրագործվեց Սողոմոնի ամբողջ գործը՝ Տիրոջ տան հիմը դնելու օրվանից մինչև նրա ավարտը. Տիրոջ տան կառուցումն ավարտվեց։ Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։ Քիրամը նրա համար իր ծառաների միջոցով նավեր և ծովագետ ծառաներ ուղարկեց։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Օփիր և այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի առան ու բերեցին Սողոմոն թագավորի համար։ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։ Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը, նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։ Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։ Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։ Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։ Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։ Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։ Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։ Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։ Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր, բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։ Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։ Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։ Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։ Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։ Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։ Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։ Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։ Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։ Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։ Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի մոլաթզենու չափ շատացրեց։ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։ Սողոմոնի առաջին և վերջին գործերի մնացած մասը գրի է առնված Նաթան մարգարեի պատմության մեջ, սիլոնացի Աքիայի մարգարեության մեջ և Նաբատի որդի Հերոբովամի մասին Ադդով տեսանողի գրած տեսիլքների մեջ։ Սողոմոնը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա։ Ապա Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ռոբովամը։ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր այնտեղ՝ նրան թագավոր դարձնելու համար։ Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն թագավորից փախել և Եգիպտոսում էր գտնվում, երբ լսեց այդ, վերադարձավ Եգիպտոսից։ Մարդ ուղարկեցին և կանչեցին նրան։ Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան և խոսեցին Ռոբովամի հետ՝ ասելով. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը, բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դաժան ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, և մենք կծառայենք քեզ»։ Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։ Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ Նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Եթե դու այս ժողովրդի հանդեպ քաղցր լինես, հաճոյանաս նրանց և բարի խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն»։ Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։ Նա ասաց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին, որն ինձ ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։ Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։ Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը խոսել էր՝ ասելով. «Երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։ Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։ Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։ Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։ Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։ Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։ Այսպես Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, ու այդպես է մինչև այսօր։ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և Հուդայի ու Բենիամինի տնից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկներ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը ետ դարձնեն Ռոբովամին։ Տիրոջ խոսքը եղավ Աստծու մարդ Սեմայիային՝ ասելով. «Խոսի՛ր Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայում ու Բենիամինում գտնվող բոլոր իսրայելացիների հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Վեր մի՛ ելեք և մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ. ամեն մարդ թող վերադառնա իր տունը, որովհետև ինձնի՛ց եղավ այս բանը"”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա գնալուց։ Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայի մեջ, այսինքն՝ կառուցեց Բեթլեհեմը, Ետամը, Թեկուեն, Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը, Գեթը, Մարեսան, Զիփը, Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։ Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։ Վահաններ ու նիզակներ դրեց յուրաքանչյուր քաղաքում և խիստ ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանը եղան։ Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ, որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։ Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրների և հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։ Նրանցից հետո Իսրայելի բոլոր ցեղերից Երուսաղեմ եկան մարդիկ, որոնք սրտանց փնտրում էին Իսրայելի Տեր Աստծուն, որպեսզի զոհեր մատուցեն իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք երեք տարվա ընթացքում զորացրին Հուդայի թագավորությունը, հզորացրին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարիներին գնում էին Դավթի և Սողոմոնի ճանապարհով։ Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։ Նա Ռոբովամի համար որդիներ ծնեց՝ Հեուսին, Սամարիային և Զաամին։ Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։ Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։ Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։ Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։ Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։ Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։ Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։ Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։ Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։ Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։ Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։ Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե ասպարներ պատրաստեց և դրանք հանձնեց թագավորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխավորներին։ Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։ Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերը նրան ամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։ Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։ Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։ Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։ Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիան թագավոր եղավ Հուդայի վրա։ Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։ Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։ Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնակողմում էր, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ. մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Տեր Աստվածը աղի ուխտով Իսրայելի թագավորությունը հավիտյան տվել է Դավթին, նրան և նրա որդիներին։ Բայց Դավթի որդի Սողոմոնի ծառան՝ Նաբատի որդի Հերոբովամը, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։ Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։ Եվ հիմա դուք կարծում եք, թե դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է։ Դուք մեծ բազմություն եք, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ է արել։ Մի՞թե դուք դուրս չքշեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղևտացիներին, և ձեզ համար քահանաներ ընտրեցիք, ինչպես ուրիշ երկրների ժողովուրդները։ Քահանա դառնալու համար ով որ գալիս էր մեկ զվարակով և յոթ խոյերով, քահանա էր լինում չաստվածների համար։ Բայց մեր Աստվածը Տերն է, և մենք նրան չլքեցինք։ Տիրոջը ծառայող քահանաները Ահարոնի որդիներն են, և ղևտացիները՝ իրենց պաշտոնին։ Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրա շարում են առաջավորության հացը և պատրաստում ոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։ Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։ Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։ Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։ Հուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Երբ հուդայականներն աղաղակեցին, Աստված հարվածեց Հերոբովամին ու ամբողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առջև։ Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված սրանց մատնեց նրանց ձեռքը։ Աբիան և նրա զորքը մեծ ջարդ տվեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար ընտիր մարդ կոտորվեց։ Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։ Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։ Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ և ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։ Աբիայի մնացած պատմությունը, նրա ընթացքն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի հիշատակարանում։ Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։ Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։ Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։ Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։ Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց Բարձր տեղերն ու խունկի սեղանները, և թագավորությունը հանգստություն գտավ նրա առաջ։ Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։ Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։ Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։ Եթովպացի Զարան մեկ միլիոն զորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։ Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։ Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։ Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։ Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։ Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։ Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։ Աստծու Հոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա։ Նա գնաց կանգնեց Ասայի առջև և ասաց նրան. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և ողջ Հուդա ու Բենիամին. Տերը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նրա հետ եք։ Եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան լքեք, նա էլ ձեզ կլքի։ Բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի։ Բայց երբ իր նեղության մեջ նա դարձավ դեպի Իսրայելի Տեր Աստվածը և որոնեց նրան, այն ժամանակ նրան գտավ։ Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։ Բախվում էին ազգ ազգի և քաղաք քաղաքի, որովհետև Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։ Բայց դուք զորացե՛ք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձ կա ձեր գործին»։ Երբ Ասան Օդեդի որդի Ազարիայի այս խոսքերն ու մարգարեությունը լսեց, զորացավ և դեն գցեց նողկալի կուռքերը Հուդայի և Բենիամինի ամբողջ երկրից ու Եփրեմի լեռան վրա իր գրաված քաղաքներից։ Ապա նորոգեց Տիրոջ զոհասեղանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի գավթի առջևում։ Նա հավաքեց Հուդայի և Բենիամինի բոլոր մարդկանց, ինչպես և Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերից նրանց հետ եղող պանդուխտներին, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը՝ տեսնելով, որ նրա Տեր Աստվածը նրա հետ է։ Նրանք հավաքվեցին Երուսաղեմում՝ Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին։ Այդ օրը իրենց բերած ավարից Տիրոջ համար զոհաբերեցին յոթ հարյուր արջառ և յոթ հազար ոչխար։ Եվ ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ Ով չփնտրի Իսրայելի Տեր Աստծուն, պիտի մեռցվի՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղամարդ, թե՛ կին։ Բարձր ձայնով և աղաղակներով, փողերով և շեփորներով երդում արեցին Տիրոջը։ Ամբողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, որովհետև երդվել էին իրենց ամբողջ սրտով, հոժարակամ փնտրել էին Տիրոջն ու գտել նրան։ Եվ Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։ Ասան թագավորի մայր Մաաքային իսկ զրկեց տիկնանց տիկնությունից, որովհետև նա Աշերա չաստվածուհու պիղծ կուռք էր շինել։ Ասան խորտակեց նրա կուռքը և այրեց Կեդրոնի հեղեղատում։ Թեև Բարձր տեղերը չվերացվեցին Իսրայելից, սակայն Ասայի սիրտն ուղիղ էր իր կյանքի բոլոր օրերին։ Նա Աստծու տունը տարավ իր հոր նվերներն ու իր նվերները՝ արծաթը, ոսկին և անոթները։ Եվ պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։ Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորի երկրից մարդ դուրս ելնի և ներս մտնի։ Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով. «Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ և ոսկի եմ ուղարկում. արի քանդի՛ր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա»։ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ։ Նրանք հարված հասցրին Իոնին, Դանին, Աբելմայիմին և Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքներին։ Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։ Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, որոնք վերցրին Բաասայի կառուցած Ռամայի քարերն ու փայտերը, և դրանցով կառուցեց Գաբաան և Մասփան։ Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։ Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց, որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։ Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։ Ասայի առաջին ու վերջին գործերի պատմությունը. ահա դրանք գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։ Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։ Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։ Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։ Զորքեր դրեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում, ինչպես նաև պահապան զորքեր՝ Հուդայի երկրում և Եփրեմի երկրի քաղաքներում, որոնք գրավել էր իր հայր Ասան։ Տերը Հոսափատի հետ էր, որովհետև նա գնում էր իր նախահոր՝ Դավթի սկզբնական ճանապարհներով. Բահաղներ չորոնեց, այլ իր հոր Աստծուն փնտրեց և առաջնորդվեց նրա պատվիրաններով և ոչ թե ինչպես արել էր Իսրայելը։ Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում։ Ամբողջ Հուդան ընծաներ էր տալիս Հոսափատին, և նրա հարստությունն ու փառքը մեծացան։ Նրա սիրտը արիացավ Տիրոջ ճանապարհների մեջ, և նա Հուդայից վերացրեց Բարձր տեղերն ու Աստարովթի կուռքերը։ Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։ Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։ Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։ Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։ Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։ Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։ Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։ Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։ Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։ Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։ Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։ Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։ Մի քանի տարուց հետո նա իջավ Սամարիա՝ Աքաաբի մոտ, և Աքաաբը նրան ու նրա հետ եղող մարդկանց համար շատ ոչխարներ և արջառներ մորթեց և համոզեց նրան, որ բարձրանա Ռամոթ-Գաղաադ։ Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։ Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։ Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։ Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։ Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։ Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։ Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։ Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։ Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։ Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։ Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։ Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։ Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։ Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։ Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։ Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադի վրա։ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Պետք է կերպարանափոխվեմ և հետո պատերազմի գնամ. բայց դու հագի՛ր քո զգեստները»։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, ու գնացին պատերազմի։ Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։ Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։ Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չէ, դադարեցրին հետապնդելը և վերադարձան։ Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։ Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։ Հուդայի Հոսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։ Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։ Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։ Հոսափատը բնակվում էր Երուսաղեմում։ Նա դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բեսաբեեից մինչև Եփրեմի լեռը և նրանց դարձրեց դեպի իրենց հայրերի Տեր Աստվածը։ Նա դատավորներ կարգեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում՝ ամեն մեկ քաղաքում։ Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։ Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։ Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։ Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։ Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։ Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։ Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։ Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։ Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին. “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։ Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։ Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։ Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա, և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։ Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։ Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։ Որովհետև ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա՝ ջարդելու և բնաջնջելու նրանց։ Եվ երբ վերջացրին իրենց գործը Սեիրի բնակիչների հետ, իրար օգնեցին՝ միմյանց ջարդելու։ Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։ Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։ Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։ Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։ Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։ Հոսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա՝ Սաղիի դուստրը։ Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։ Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստել դառնալու դեպի իր հայրերի Աստվածը։ Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։ Դրանից հետո Հուդայի Հոսափատ թագավորը դաշնակցեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ, որը չար գործեր էր անում։ Նրա հետ ընկերացավ, որպեսզի նավեր կառուցեն Թարսիս գնալու համար։ Նրանք նավեր կառուցեցին Գասիոն-Գաբերում։ Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։ Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում, իր հայրերի կողքին։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Հովրամը։ Սրա եղբայրները՝ Հոսափատի որդիներն էին՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարիու, Միքայել և Սափատիա։ Սրանք բոլորը Իսրայելի թագավոր Հոսափատի որդիներն էին։ Նրանց հայրը նրանց տվեց շատ պարգևներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք բաներ, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում։ Բայց թագավորությունը հանձնեց Հովրամին, որովհետև նա էր անդրանիկը։ Երբ Հովրամն ստանձնեց իր հոր թագավորությունն ու հաստատվեց, սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։ Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, որովհետև Աքաաբի աղջիկը նրա կինն էր, և չարիք գործեց Տիրոջ առաջ։ Բայց Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ արել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան և նրա որդիներին։ Նրա օրոք եդովմացիներն ապստամբեցին Հուդայի գերիշխանության դեմ և մի թագավոր նշանակեցին իրենց վրա։ Հովրամը գնաց իր հրամանատարներով ու բոլոր մարտակառքերով և գիշերը վեր կենալով՝ հարվածեց իրեն շրջապատած եդովմացիներին և մարտակառքերի հրամանատարներին։ Այդ ապստամբությունից մինչև այսօր եդովմացիներն ազատված են Հուդայի երկրի գերիշխանությունից։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի գերիշխանության դեմ, որովհետև նա լքել էր իր հայրերի Տեր Աստծուն։ Նա նույնիսկ Բարձր տեղերր կառուցեց Հուդայի լեռների վրա, պոռնկություն անել տվեց Երուսաղեմի բնակիչներին և մոլորեցրեց Հուդան։ Նրան Եղիա մարգարեից մի թուղթ եկավ, որում ասված էր. «Այսպես է ասում քո հայր Դավթի Տեր Աստվածը. “Քանի որ դու չգնացիր քո հայր Հոսափատի ճանապարհներով և Հուդայի Ասա թագավորի ճանապարհներով, այլ գնացիր Իսրայելի թագավորների ճանապարհով, պոռնկություն անել տվեցիր Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին Աքաաբի տան արած պոռնկությունների նման, նաև սպանեցիր քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, ահա Տերը մեծ հարված պիտի հասցնի քո ժողովրդին, քո որդիներին, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին. դու էլ ծանր մի հիվանդություն պիտի ունենաս, որովայնի հիվանդություն, մինչև որ քո փորոտիքը օրեցօր դուրս թափվի հիվանդության պատճառով”»։ Տերը Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների և արաբացիների ոգին, որոնք բնակվում էին եթովպացիների կողմերում։ Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, ներխուժեցին այնտեղ, կողոպտեցին թագավորի տանը գտնված ամբողջ հարստությունը և գերի տարան նրա որդիներին ու կանանց. նրա որդիներից ոչ մեկը չմնաց, բացի ամենափոքր որդուց՝ Հովաքազից։ Այս ամենից հետո Տերը նրան հարվածեց որովայնի հիվանդությամբ, որն անբուժելի էր։ Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։ Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու, և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։ Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։ Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։ Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներով, որովհետև նրա մայրը խրատում էր նրան, որ չարիք գործի։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։ Նաև առաջնորդվելով նրանց խորհուրդներով՝ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝ պատերազմելու ասորիների թագավոր Ազայելի դեմ։ Եվ ասորիները վիրավորեցին Հովրամին։ Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։ Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։ Երբ Հեուն Աքաաբի տան վրա Աստծու դատաստանն էր ի գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային, և սպանեց նրանց։ Նա փնտրեց Օքոզիային, որին բռնեցին, երբ նա թաքնված էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ և սպանեցին նրան. ու թաղեցին նրան, որովհետև ասում էին, թե՝ «Սա այն Հոսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով փնտրում էր Տիրոջը»։ Եվ Օքոզիայի տանը չկար մեկը, որ կարողանար թագավորել։ Բայց Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ իր որդին մեռավ, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։ Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։ Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։ Յոթերորդ տարում Հովիադան քաջություն ունեցավ և դաշինք կնքեց հարյուրապետներ Հերոամի որդի Ազարիայի, Հոհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի և Զեքրիի որդի Եղիսափատի հետ։ Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմապետներին և եկան Երուսաղեմ։ Հավաքված ամբողջ ժողովուրդը դաշինք կնքեց թագավորի հետ Աստծու տանը։ Հովիադան նրանց ասաց. «Ահա՛ թագավորի որդին. թող նա թագավորի, ինչպես որ Տերն ասել է Դավթի որդիների մասին։ Ահա թե ի՛նչ պետք է անեք. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներիցդ և ղևտացիներիցդ նրանք, որ գալիս են շաբաթ օրը ծառայություն կատարելու, դռների պահապաններ թող լինեն, մեկ երրորդը թող լինի թագավորի տանը, մեկ երրորդ մասը՝ Հիմքի դռան մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ Տիրոջ տան գավթում։ Ոչ ոք չմտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից և ղևտացի ծառայողներից։ Նրանք թող մտնեն, որովհետև նրանք սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է պահի Տիրոջ հրամանը։ Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։ Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։ Հովիադա քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն ու վահանները, որ Աստծու տանն էին։ Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։ Դուրս հանեցին թագավորի որդուն, նրա վրա դրեցին թագն ու վկայությունը և թագավոր դարձրին նրան։ Հովիադան և իր որդիները օծեցին նրան ու ասացին. «Կեցցե՛ արքան»։ Գոթողիան, լսելով վազող և թագավորին շնորհավորող ժողովրդի ձայնը, գնաց ժողովրդի մոտ՝ Տիրոջ տունը։ Նա նայեց և տեսավ, որ թագավորը կանգնած է իր սյան մոտ՝ մուտքի կողքին, իսկ զորապետներն ու փողհարները՝ թագավորի մոտ. երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր. փողեր էին հնչեցնում, և երգիչներն ու երաժիշտները օրհներգում էին նվագարաններով։ Այն ժամանակ Գոթողիան պատռեց իր զգեստները և ասաց. «Դավաճանությու՜ն, դավաճանությու՜ն»։ Հովիադա քահանան հրամայեց հրամանատարներին, որոնք նշանակված էին զորքի վրա, և ասաց նրանց. «Դո՛ւրս հանեք դրան շարքերի միջից, և ով նրա հետևից գնա, սրով թող սպանվի», որովհետև քահանան ասել էր, թե՝ «Նրան չսպանեք Տիրոջ տանը»։ Նրանք ձերբակալեցին նրան, և երբ նա մտնում էր թագավորի պալատը մտնող ձիերի դռնով, այնտեղ սպանեցին նրան։ Հովիադան ուխտ կնքեց իր, ամբողջ ժողովրդի և թագավորի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն։ Ամբողջ ժողովուրդը գնաց Բահաղի տունը. քանդեցին այն, ջարդեցին նրա զոհասեղաններն ու պատկերները, իսկ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին զոհասեղանների առջև։ Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։ Նա դռնապաններ կարգեց Տիրոջ տան դռների վրա, որպեսզի անմաքուր եղող մարդ որևէ կերպ ներս չմտնի։ Ապա վերցրեց հարյուրապետներին, ազնվականներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին և թագավորին իջեցրեց Տիրոջ տնից, և վերին դռնով մտան թագավորի տունը և թագավորին նստեցրին արքայական գահին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։ Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։ Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։ Հովիադան նրա համար երկու կին առավ, որոնցից նա տղաներ և աղջիկներ ունեցավ։ Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։ Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը»։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։ Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։ Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։ Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։ Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։ Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։ Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։ Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։ Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։ Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։ Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։ Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրա Տիրոջ բարկությունն իջավ։ Տերը մարգարեներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի նրանց իրենց դարձնեն. նրանք վկայեցին նրանց, բայց նրանք չլսեցին։ Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։ Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։ Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։ Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։ Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։ Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։ Նրա դեմ դավաճանություն անողները ամմոնացի կնոջ՝ Սամեթի որդի Զաբադը և մովաբացի կնոջ՝ Սամարիթի որդի Հոզաբադն են։ Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։ Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։ Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։ Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին, բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։ Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիր մարդ։ Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։ Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։ Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։ Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։ Ամասիան բաժանեց Եփրեմի երկրից իր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։ Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։ Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։ Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։ Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։ Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։ Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետո մարդ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։ Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։ Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։ Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։ Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։ Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։ Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։ Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը. վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։ Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։ Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։ Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։ Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։ Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։ Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ Ամասիա թագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։ Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։ Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։ Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։ Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։ Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։ Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։ Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։ Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։ Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։ Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։ Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։ Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։ Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։ Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։ Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։ Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։ Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։ Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։ Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։ Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։ Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։ Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։ Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։ Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։ Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։ Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։ Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթն արեց։ Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհներով և նույնիսկ Բահաղիմների համար ձուլածո կուռքեր պատրաստեց։ Նա Ենոմի որդու ձորում խունկ էր ծխում և իր որդիներին զոհ մատուցեց. կրակով այրեց ազգերի գարշությունների պես, որոնց քշել էր Տերը Իսրայելի որդիների առջևից։ Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։ Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար մարդ սպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Մի քաջազուն Եփրեմից՝ Զեքրին, սպանեց թագավորի որդի Մաասիային, պալատի վերակացու Եզրիկամին և թագավորի փոխանորդ Եղկանային։ Իսրայելի որդիներն իրենց եղբայրներից գերի վերցրին երկու հարյուր հազար կին, տղա և աղջիկ, նաև շատ ավար հափշտակեցին նրանցից և ավարը բերեցին Սամարիա։ Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։ Եվ հիմա մտածում եք Հուդայի և Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք հանցանքներ չունեք Տեր Աստծու առաջ։ Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։ Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։ Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։ Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։ Այն ժամանակ Աքազ թագավորը պատգամ ուղարկեց Ասորեստանի թագավորին, որ օգնի իրեն, որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։ Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ, որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։ Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։ Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններից ինչ որ գտավ, վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։ Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։ Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։ Աքազը հավաքեց Աստծու տան անոթները, կոտրատեց Աստծու տան անոթները և փակեց Տիրոջ տան դուռը. և Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղաններ դրեց, Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։ Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։ Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։ Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։ Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։ Բերեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց արևելյան հրապարակում։ Եվ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ ղևտացիներ, սրբագործվե՛ք հիմա, սրբագործե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու տունը և սրբարանից դո՛ւրս հանեք պղծությունը, որովհետև մեր հայրերը անհավատարիմ եղան և չարիք գործեցին մեր Տեր Աստծու առջև, լքեցին նրան, իրենց երեսը շուռ տվեցին Տիրոջ խորանից և արհամարհեցին այն։ Սրահի դռները փակեցին, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն։ Տերը բարկացավ Հուդայի և Երուսաղեմի վրա և նրանց մատնեց խռովության, ավերման ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։ Դրա համար մեր հայրերն ընկան սրով, և մեր տղաները, մեր աղջիկներն ու կանայք գերության մեջ են։ Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։ Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։ Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը, Եղիսափանի որդիներից Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից Զաքարիան և Մաթանիան, Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։ Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։ Քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը, որ մաքրեն այն, և դուրս հանեցին այն ամբողջ աղտեղությունը, որ գտան Տիրոջ տաճարում, ու բերեցին Տիրոջ տան գավիթը. ղևտացիները վերցրին դրանք, որ տանեն դուրս՝ Կեդրոնի հեղեղատը։ Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրին ամբողջ աշխատանքը։ Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։ Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։ Եզեկիա թագավորը առավոտ կանուխ վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին և գնաց Տիրոջ տունը։ Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։ Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։ Իսկ մեղքի զոհի նոխազները բերեցին թագավորի և հավաքված ժողովրդի առջև, և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։ Քահանաները մորթեցին դրանք և դրանց արյունը, իբրև մեղքի զոհաբերություն, շաղ տվեցին զոհասեղանի վրա ամբողջ Իսրայելի քավության համար, որովհետև թագավորն ասել էր, որ ողջակեզը և մեղքի զոհն ամբողջ Իսրայելի համար է։ Թագավորը ղևտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը՝ ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, որովհետև այդ պատվերը Տիրոջ կողմից էր տրված իր մարգարեների միջոցով։ Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ փողերով։ Եզեկիան հրամայեց, որ ողջակեզը մատուցեն զոհասեղանի վրա։ Եվ երբ սկսվեց ողջակիզումը, սկսվեց նաև Տիրոջ երգը՝ փողերի և Իսրայելի թագավոր Դավթի նվագարանների նվագակցությամբ։ Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։ Երբ ողջակեզի մատուցումը վերջացրին, թագավորը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, խոնարհվելով երկրպագեցին։ Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։ Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։ Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։ Նվիրաբերված անասունները վեց հարյուր արջառ և երեք հազար ոչխար էին։ Սակայն քահանաները սակավաթիվ էին և չկարողացան մաշկահան անել բոլոր ողջակեզները։ Նրանց օգնեցին իրենց ղևտացի եղբայրները, մինչև որ գործն ավարտվեց, և մնացած քահանաները սրբագործվեցին. որովհետև ղևտացիներն ավելի հոժարամիտ էին սրբագործվելու, քան քահանաները։ Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվ այսպես վերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։ Եզեկիան և ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանը պատրաստել էր ժողովրդի համար, որովհետև այս բանը հանկարծակի եղավ։ Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։ Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին, որովհետև չէին կարող այն տոնել ժամանակին նրա համար, որ բավական քահանաներ դեռ չէին սրբագործված, և ժողովուրդն էլ չէր հավաքված Երուսաղեմում։ Այս բանն ընդունելի թվաց թագավորին ու հավաքված ամբողջ ժողովրդին, և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։ Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։ Մի՛ եղեք ձեր հայրերի և ձեր եղբայրների նման, որոնք անհավատարիմ եղան իրենց հայրերի Տեր Աստծուն, և որոնց նա մատնեց կործանման, ինչպես դուք տեսնում եք։ Արդ, մի՛ հաստացրեք ձեր պարանոցը ձեր հայրերի նման. հնազանդվե՛ք Տիրոջը, եկե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, և ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հեռանա ձեզանից։ Որովհետև եթե դուք դառնաք դեպի Տերը, ապա ձեր եղբայրներն ու ձեր որդիները գթություն կգտնեն իրենց գերեվարողների մոտ և կվերադառնան այս երկիրը. որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած է ու գթառատ և իր երեսը չի թեքի ձեզանից, եթե դուք դառնաք նրան»։ Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։ Սակայն Ասերից, Մանասեից և Զաբուղոնից ոմանք խոնարհվեցին և եկան Երուսաղեմ։ Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։ Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաք էր։ Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։ Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքից առնելով։ Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։ Որովհետև ժողովրդից շատերը՝ Եփրեմի, Մանասեի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերից եկած մարդկանցից շատերը, չէին մաքրվել. զատիկը կերան գրվածին հակառակ։ Բայց Եզեկիան նրանց համար աղոթեց՝ ասելով. «Բարերար Տերը թող ների բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստեցին խնդրելու Աստծուն՝ իրենց հայրերի Տեր Աստծուն, թեև ըստ սրբարանի մաքրության կանոնի մաքրված չեն նրանք»։ Տերը լսեց Եզեկիային և ներեց ժողովրդին։ Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝ փառաբանելու նրա զորությունը նվագարաններով։ Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։ Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին, որովհետև Հուդայի Եզեկիա թագավորը ժողովրդին նվիրեց հազար ցլիկ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները նրանց նվիրեցին հազար ցլիկ և տասը հազար ոչխար, շատ քահանաներ իրենք իրենց սրբագործեցին։ Եվ ուրախացան Հուդայի հավաքված ամբողջ ժողովուրդը, քահանաները, ղևտացիները և ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Իսրայելից, նաև Իսրայելի երկրից եկած և Հուդայում բնակվող պանդուխտները։ Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։ Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։ Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։ Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։ Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։ Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։ Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։ Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։ Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։ Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին, և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։ Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։ Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։ Հեքիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Եղիելը, Հեսմաքիան, Մաաթը և Բանեան վերակացուներ էին Քոնոնիայի և նրա եղբայր Սեմեիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագավորի և Աստծու տան վերակացու Ազարիայի հրամանով։ Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաների էր նշանակված, որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։ Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբ գործողներ, որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։ Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները, այսինքն՝ այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։ Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։ Նաև ազգահամարում գրված նրանց բոլոր ընտանիքների կանանց, տղաներին, աղջիկներին՝ ամբողջ բազմությանը, որովհետև սրանք հավատարմությամբ նվիրվեցին սուրբ ծառայությանը։ Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։ Ահա այսպես արեց Եզեկիան ամբողջ Հուդայում և արեց այն, ինչ բարի, ուղիղ և ճշմարիտ է իր Տեր Աստծու առաջ։ Իր այն բոլոր գործերը, որոնց նա ձեռնամուխ եղավ, և որոնք վերաբերում էին թե՛ Աստծու տան ծառայությանը և թե՛ օրենքին ու պատվիրաններին, նա կատարեց իր ամբողջ սրտով Աստծուն պաշտելով և հաջողություն ունեցավ։ Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։ Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ, խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։ Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։ Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։ Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլոր մարդկանց մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ "Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից"։ Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ "Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք"։ Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։ Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։ Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։ Եվ դեռ ավելին խոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։ Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։ Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։ Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։ Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։ Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելած որդիները սրով սպանեցին նրան։ Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։ Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։ Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։ Տերը խոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։ Բայց Եզեկիան իր նկատմամբ եղած բարերարության համեմատ չհատուցեց, որովհետև նրա սիրտը հպարտացավ, և Տիրոջ բարկությունն իջավ նրա վրա, ինչպես և Հուդայի և Երուսաղեմի վրա։ Սակայն Եզեկիան զղջաց իր սրտի հպարտության համար և խոնարհվեց, նույնպես և Երուսաղեմի բնակիչները, որի համար էլ Եզեկիայի օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա։ Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար, շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։ Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։ Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։ Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։ Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքների գրքում, նաև Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։ Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։ Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։ Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։ Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։ Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որ տրված են Մովսեսի միջոցով»։ Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։ Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։ Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։ Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։ Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։ Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։ Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։ Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։ Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։ Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։ Նրա աղոթքը, Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողների հիշատակարանում։ Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես որ գործել էր իր հայրը՝ Մանասեն, և զոհեր մատուցեց ու ծառայեց այն բոլոր կուռքերին, որ պատրաստել էր իր հայր Մանասեն։ Նա չխոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես որ խոնարհվել էր իր հայր Մանասեն, այլ այս Ամոնն ավելացրեց իր հանցանքը։ Նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ և նրան սպանեցին իր տան մեջ։ Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։ Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, և գնաց իր հայր Դավթի ճանապարհներով ու չխոտորվեց ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ ինքը պատանի էր, սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն, իսկ տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Հուդան ու Երուսաղեմը Բարձր տեղերից, Աստարովթի կուռքերից և քանդակած ու ձուլածո արձաններից։ Նրա առաջ քանդեցին Բահաղիմի զոհասեղանները, և նա կոտրատեց դրանց վրա գտնվող խունկի սեղանները, ջարդուփշուր արեց Աստարովթի կուռքերն ու ձուլածո արձանները, մանրեց դրանք ու ցրիվ տվեց դրանք զոհ մատուցողների գերեզմանների վրա։ Նա քրմերի ոսկորներն այրեց նրանց զոհասեղանների վրա և մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։ Մանասեի, Եփրեմի և Շմավոնի քաղաքներում, մինչև Նեփթաղիմ, դրանց շրջակայքի ավերակ վայրերում նա կործանեց զոհասեղանները, Աստարովթի կուռքերը, փշրեց ու մանրեց քանդակած արձանները, կտոր-կտոր արեց խունկի բոլոր սեղանները Իսրայելի ամբողջ երկրում և վերադարձավ Երուսաղեմ։ Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ մաքրել էր երկիրն ու Տիրոջ տունը, նա ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, քաղաքի իշխան Մաասիային և Հովաքազի որդի Հովաքին՝ հիշատակաց դպիրին, որպեսզի նորոգեն Տեր Աստծու տունը։ Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։ Տվեցին այն գործավորների ձեռքը, որոնք նշանակված էին Տիրոջ տան վրա, և սրանք էլ հանձնեցին այն գործավորներին, որոնք աշխատում էին Տիրոջ տանը՝ տունը վերաշինելու և նորոգելու համար։ Նրանք տվեցին հյուսներին և շինարարներին, որպեսզի տաշած քարեր և փայտե գերաններ առնեն այն տների համար, որ քանդել էին Հուդայի թագավորները։ Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։ Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։ Երբ հանում էին Տիրոջ տուն բերված փողը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով տրված Տիրոջ օրենքի գիրքը։ Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։ Սափանն այդ գիրքը բերեց թագավորին։ Նա տեղեկացրեց թագավորին՝ ասելով. «Քո ծառաները կատարում են այն ամենը, ինչ հանձնարարվել է նրանց։ Տիրոջ տանը գտնված փողը թափեցին և տվեցին վերակացուներին ու գործավորներին»։ Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք տվեց»։ Եվ Սափանը թագավորի առջև կարդաց դրա միջից։ Թագավորը, լսելով օրենքի խոսքերը, պատռեց իր հագուստները։ Նա հրամայեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աբդոնին, Սափան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով. «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։ Քեղկիան և թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապահի կնոջ՝ Օղդա մարգարեուհու մոտ, որը բնակվում էր Երուսաղեմի Երկրորդ թաղամասում, և նրա հետ այնպես խոսեցին։ Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել. այսպես է ասում Տերը. "Ահա ես այս տեղի և նրա բնակիչների վրա չարիք պիտի բերեմ, այսինքն՝ այն բոլոր անեծքները, որ գրված են այդ գրքում, և կարդացել են Հուդայի թագավորի առջև։ Նրա համար, որ ինձ թողած՝ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որպեսզի բարկացնեն ինձ իրենց ձեռքի բոլոր գործերով, իմ բարկությունը պիտի թափվի այդ տեղի վրա և չպիտի հանգչի"”։ Բայց Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է հարցնելու Տիրոջը, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այդ քո լսած խոսքերի մասին. "Քանի որ քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Աստծու առաջ՝ այդ տեղի ու նրա բնակիչների մասին եղած խոսքերը լսելով, և խոնարհվեցիր իմ առաջ, պատռեցիր քո զգեստները ու լաց եղար իմ դիմաց, ուրեմն ես էլ լսեցի քեզ, - ասում է Տերը"։- Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։ Թագավորը մարդ ուղարկեց և հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։ Թագավորը, Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, բարձրացան Տիրոջ տունը, և թագավորը նրանց առաջ կարդաց Տիրոջ տանը գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ Թագավորը կանգնած էր իր տեղը և ուխտ արեց Տիրոջ առաջ, որ կգնա Տիրոջ հետևից, կպահի նրա պատվերները, հրահանգներն ու կանոնները իր ամբողջ սրտով ու իր ամբողջ հոգով և կկատարի այդ գրքում գրված ուխտի խոսքերը։ Նա կանգնեցրեց Երուսաղեմում և Բենիամինում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչներն ուխտ արեցին Աստծուն՝ իրենց հայրերի Աստծու ուխտի համաձայն։ Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց ստիպեց ծառայել իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք նրա կյանքի բոլոր օրերին չխոտորվեցին իրենց հայրերի Տեր Աստծուց։ Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։ Նա քահանաներին նշանակեց իրենց պաշտոնին և քաջալերեց նրանց, որ ծառայություն անեն Տիրոջ տանը։ Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանող և Տիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։ Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր դասերի՝ Իսրայելի թագավոր Դավթի գրածի համաձայն և նրա որդի Սողոմոնի գրածի համաձայն։ Սրբարանում կանգնե՛ք ձեր տեղերում ըստ ձեր եղբայրների՝ ժողովրդի զավակների ազգատոհմերի բաժանումների և ըստ ղևտացիների ագատոհմերի դասերի։ Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։ Հովսիան այնտեղ գտնվող ժողովրդի բոլոր զավակներին իր հոտերից պարգևեց թվով երեսուն հազար գառ և այծի ձագ՝ բոլորը զատկի համար, և երեք հազար արջառ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։ Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և երեք հարյուր արջառ։ Քոնոնիան և նրա եղբայրները՝ Սեմայիան ու Նաթանայելը, և ղևտացիների գլխավորներ Ասաբիան, Հեիելն ու Հոզաբադը զատկի համար ղևտացիներին պարգևեցին հինգ հազար գառ և հինգ հարյուր արջառ։ Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։ Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիս արյունը՝ առնելով նրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։ Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպես արեցին նաև արջառներին։ Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։ Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։ Ասափի որդիների երգողները կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։ Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։ Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։ Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, այնտեղ գտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Այս զատիկը տոնվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։ Այս ամենից հետո, երբ Հովսիան կարգի էր բերել Աստծու տունը, Եգիպտոսի Նեքավով թագավորը եկավ Եփրատի մոտ գտնվող Քարքեմիշի դեմ պատերազմելու, և Հովսիան դուրս ելավ նրա դեմ։ Բայց Նեքավովը պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմ եկել, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։ Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ նրա դեմ պատերազմելու համար փոխեց հագուստը և չլսեց Նեքավովի խոսքը, որ Աստծու բերանից էր դուրս եկել, և գնաց պատերազմելու Մակեդդովի հովտում։ Աղեղնավորները նետով հարվածեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ, որովհետև ծանր վիրավորված եմ»։ Նրա ծառաները նրան տարան իր մարտակառքից, դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ և բերեցին Երուսաղեմ։ Նա մեռավ և թաղվեց իր հայրերի գերեզմանատանը, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։ Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։ Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները, որ նա արեց Տիրոջ օրենքում գրվածի համաձայն, նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։ Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։ Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։ Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։ Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։ Նրա դեմ ելավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրան կապեց պղնձե կրկնակի ոտնակապերով, որպեսզի նրան տանի Բաբելոն։ Նաբուգոդոնոսորը Բաբելոն տարավ Տիրոջ տան անոթները և Բաբելոնում դրանք դրեց իր տաճարի մեջ։ Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։ Հաջորդ տարի Նաբուգոդոնոսոր թագավորը զորք ուղարկեց և նրան, Տիրոջ տան թանկարժեք անոթներով հանդերձ, բերել տվեց Բաբելոն, և նրա հոր եղբայր Սեդեկիային թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա։ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև. չխոնարհվեց Տիրոջ բերանով խոսող Երեմիա մարգարեի առաջ։ Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորեն կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։ Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցին ուրիշ ազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։ Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, իր պատգամավորների ձեռքով կրկին ու կրկին նրանց ուղարկում էր իր պատգամները, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր բնակարանը։ Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։ Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին, որն էլ սրով սպանեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբարանում, և չխնայեց երիտասարդին, կույսին, ծերին և ալևորին. բոլորին մատնեց նրա ձեռքը։ Նա Աստծու տան բոլոր անոթները՝ մեծերն ու փոքրերը, Տիրոջ տան գանձերը, թագավորի և նրա իշխանների գանձերը, բոլորը տարավ Բաբելոն։ Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։ Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով. «Երկիրը պիտի ավերակ մնա յոթանասուն տարի՝ ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել» ։ Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով. «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։ Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով. «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։ Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։ Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ”»։ Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։ Եվ նրանց շուրջը բոլոր եղողները օգնեցին նրանց արծաթի անոթներով, ոսկով, ունեցվածքով և անասուններով ու թանկագին բաներով, բացի այն ամենից, որ կամովին ընծայեցին։ Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։ Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։ Եվ այս է դրանց թիվը. երեսուն ոսկե կոնք, հազար արծաթե կոնք, քսանինը դանակ. երեսուն ոսկե տաշտ, չորս հարյուր տասը երկրորդ կարգի արծաթե տաշտ և հազար ուրիշ անոթներ։ Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։ Եվ սրանք են Հուդայի գավառացիները, որոնք վերադարձան գերությունից, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոն էր տարել, և որոնք հետ դարձան Երուսաղեմ և Հուդա՝ ամեն մարդ իր քաղաքը։ Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Սարայիայի, Հռեեղիայի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարի, Բագուեի, Հռեումի, Բաանայի հետ։ Ահա Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու. Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու. Արահի որդիները՝ յոթ հարյուր յոթանասունհինգ. Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասներկու. Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. Զաթուի որդիները՝ ինը հարյուր քառասունհինգ. Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն. Բանիի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու. Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսաներեք. Աղգադի որդիները՝ հազար երկու հարյուր քսաներկու. Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունվեց. Բագուեի որդիները՝ երկու հազար հիսունվեց. Ադինի որդիները՝ չորս հարյուր հիսունչորս. Ատերի որդիները Եզեկիայից՝ իննսունութ. Բեսեեի որդիները՝ երեք հարյուր քսաներեք. Հորայի որդիները՝ հարյուր տասներկու. Հասումի որդիները՝ երկու հարյուր քսաներեք. Գաբերի որդիները՝ իննսունհինգ. Բեթլեհեմի որդիները՝ հարյուր քսաներեք. Նետոփայի մարդիկ՝ հիսունվեց. Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ. Ազամոթի որդիները՝ քառասուներկու. Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիները՝ յոթ հարյուր քառասուներեք. Ռամայի ու Գաբայի որդիները՝ վեց հարյուր քսանմեկ. Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու. Բեթելի և Գայիի մարդիկ՝ երկու հարյուր քսաներեք. Նաբավի որդիները՝ հիսուներկու. Մակեբիսի որդիները՝ հարյուր հիսունվեց. մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան. Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ. Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ. Սենաայի որդիները՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։ Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք. Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու. Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ. Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։ Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։ Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քսանութ։ Դռնապանների որդիները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։ Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները, Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները, Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները, Ագաբի որդիները, Սաղամեի որդիները, Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաաբի որդիները, Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները, Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները, Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները, Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները, Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները, Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները, Հեղայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները. բոլոր նաթանայիմների և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու։ Եվ սրանք էին, որ եկան Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից և չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը, և թե Իսրայելի սերունդ են իրենք՝ Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու մարդ։ Եվ քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, որի պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։ Եվ Աթարսաթան ասաց նրանց. «Ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ վեր չկենա մի քահանա Ուրիմով և Թումիմով»։ Ամբողջ ժողովուրդը միասին քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն էր, բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթն էին. նրանց հետ նաև երկու հարյուր երգիչներ և երգչուհիներ կային։ Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ, նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար յոթ հարյուր քսան։ Եվ տոհմապետներից ոմանք, երբ Երուսաղեմում եղող Տիրոջ տունը գնացին, կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար։ Իրենց կարողության չափ գործի գանձարանին տվեցին վաթսունմեկ հազար ոսկի և հինգ հազար արծաթ և հարյուր քահանայական պատմուճան։ Եվ այսպես քահանաները և ղևտացիները և ժողովրդից եղողները և երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմները բնակվեցին իրենց քաղաքներում, և բոլոր իսրայելացիները՝ իրենց քաղաքներում։ Եվ երբ հասավ յոթերորդ ամիսը, և Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին, ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Երուսաղեմում։ Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։ Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։ Գրվածի համաձայն կատարեցին Տաղավարահարաց տոնը և ամեն օրվա ողջակեզները՝ յուրաքանչյուր օրվա համար ըստ կանոնի սահմանված թվով։ Իսկ դրանից հետո՝ մշտնջենական ողջակեզը և ամսագլուխներինը, Տիրոջ բոլոր սուրբ տոներինը և Տիրոջը ամեն մի կամավոր նվեր ընծայողինը։ Յոթերորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր։ Եվ փող տվեցին քարհատներին ու հյուսներին, ուտելիք, խմելիք և յուղ՝ սիդոնացիներին և տյուրացիներին, որ Լիբանանից ծովով եղևնու փայտ բերեն Հոպպե, ինչպես որ նրանց արտոնել էր պարսից Կյուրոս թագավորը։ Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։ Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկ մարդու պես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար. նույնպես և Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։ Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։ Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։ Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։ Եվ ժողովուրդը չէր կարողանում զանազանել ուրախության աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնից, որովհետև ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել, և ձայնը հեռվից էր լսվում։ Եվ երբ Հուդայի և Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձողներն Իսրայելի Տեր Աստծու համար տաճար են շինում, մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենք էլ ձեզ հետ կառուցենք, որովհետև մենք էլ ձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։ Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։ Եվ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և նրանց խանգարում կառուցելու։ Նրանց դեմ խորհրդականներ էին վարձում նրանց մտադրությունը խափանելու համար՝ պարսից Կյուրոս թագավորի բոլոր օրերում և մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորելը։ Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։ Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։ Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։ Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։ Եվ մնացած ազգերը, որոնց մեծ և պատվական Ասենափարը տեղափոխեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և մյուսները, որ Գետի այս կողմում են և այլն։ Ահա այն նամակի պատճենը, որ ուղարկեցին նրան. «Արտաշես թագավորիդ. քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս և այլն։ Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։ Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։ Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ, որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։ Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։ Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին. «Ողջույն և այլն։ Նամակը, որ մեզ էիք ուղարկել, հայտնապես կարդացվեց իմ առջև։ Եվ ես հրամայեցի, և որոնեցին ու գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից ընդդիմացել է թագավորներին, և դրա մեջ ապստամբություն ու դավաճանություն է եղել։ Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։ Այժմ հրամայե՛ք, որ այդ մարդկանց արգելեն, և այդ քաղաքը չշինվի, մինչև որ իմ կողմից հրաման չտրվի։ Եվ զգո՛ւյշ եղեք, որ այս մասին անհոգ չլինեք. ինչո՞ւ չարիքը մեծանա թագավորներին վնասելու համար»։ Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Հռեումի և Սամսա ատենադպրի ու նրանց ընկերների առջև, իսկույն շտապելով գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնությամբ ու ուժով խանգարեցին նրանց։ Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։ Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։ Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։ Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։ Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։ Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։ Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։ Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան. «Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։ Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։ Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։ Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։ Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։ Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։ Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։ Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։ Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։ Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։ Այդ ժամանակ Դարեհ թագավորը հրաման տվեց, և որոնեցին դիվանատանը, որտեղ գանձերն էին պահում Բաբելոնում։ Եվ Մարաց գավառի Եկբատանայի պալատում գտնվեց մի թերթ, և այսպես էր գրված նրանում. «Հիշատակարան. Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում եղող Աստծու տան մասին. “Այդ տունը թող շինվի իբրև մի տեղ, որտեղ զոհեր են մատուցում, և թող նրա հիմքերը հաստատվեն. նրա բարձրությունը՝ վաթսուն կանգուն, նրա լայնությունը՝ վաթսուն կանգուն. մեծ քարերից՝ երեք շարք և նոր փայտից՝ մեկ շարք, և ծախսը արքունիքից թող տրվի։ Նաև՝ Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմում եղող տաճարից և բերել Բաբելոն, թող հետ տրվեն և տարվեն Երուսաղեմի տաճարը՝ իրենց տեղը, և դրվեն Աստծու տանը”։ Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։ Թո՛ւյլ տվեք Աստծու այդ տան գործը. հրեաների նախարարը և հրեաների ավագները թող իր տեղում կառուցեն Աստծու այդ տունը։ Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։ Եվ ինչ որ պետք է՝ թե՛ արջառներ, թե՛ խոյեր և թե՛ գառներ ողջակեզի համար երկնքի Աստծուն, նաև ցորեն, աղ, գինի և յուղ, ինչպես որ կասեն Երուսաղեմում եղող քահանաները, թող ամեն օր անպակաս տրվի նրանց։ Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։ Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ով փոխի այս պատգամը, նրա տնից թող մի փայտ հանեն, և նա վեր հանվելով դրա վրա գամվի, և այդ պատճառով նրա տունը աղբանոցի վերածվի։ Եվ այն Աստվածը, որի անունը բնակվում է այնտեղ, կկործանի ամեն մի թագավորի և ժողովրդի, որոնք իրենց ձեռքը կմեկնեն փոխելու այս հրամանը, որ ավերեն Աստծու այս տունը, որ Երուսաղեմում է։ Ես՝ Դարեհս, տվեցի այս հրամանը. թող շուտով կատարվի»։ Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։ Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։ Եվ կառուցվեց այս տունը ադար ամսվա երրորդ օրը՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում։ Եվ Իսրայելի որդիները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից մյուս եկողները, Աստծու այս տան նավակատիքն արեցին ուրախությամբ։ Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։ Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Եվ գերությունից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսվա տասնչորսին։ Որովհետև քահանաներն ու ղևտացիները միասին սրբվեցին, ամենքը մաքուր էին, և զոհը մորթեցին գերությունից բոլոր վերադարձողների համար և իրենց եղբայրների, քահանաների և իրենց համար։ Եվ գերությունից վերադարձած իսրայելացիները և ամենքը, ով այն երկրի ազգերի պղծությունից ազատվել եկել էր նրանց մոտ՝ Իսրայելի Տեր Աստծուն փնտրելու համար, կերան։ Եվ յոթ օր ուրախություններով Բաղարջակերաց տոնը կատարեցին, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր. և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանց՝ նրանց ձեռքը Աստծու տան գործում զորացնելու համար։ Եվ այս բաներից հետո պարսից թագավոր Արտաշեսի թագավորության ժամանակ Եզրասը՝ որդին Սարաիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Քեղկիայի՝ որդին Սեղղումի՝ որդին Սադովկի՝ որդին Աքիտովբի՝ որդին Ամարիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Մարիոթի՝ որդին Զարիայի՝ որդին Ոզիի՝ որդին Բոկկիի՝ որդին Աբիսուայի՝ որդին Փենեհեսի՝ որդին Եղիազարի՝ որդին քահանայապետ Ահարոնի, այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։ Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։ Եվ նա Երուսաղեմ եկավ թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսում։ Որովհետև առաջին ամսվա մեկին սկսվեց Բաբելոնից դուրս գալը, և հինգերորդ ամսվա մեկին եկավ Երուսաղեմ, որովհետև իր Աստծու բարի ձեռքն իր հետ էր։ Քանի որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի։ Ահա այն նամակի պատճենը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրաս քահանային, որ Իսրայելի մասին Տիրոջ տված պատվիրանների և նրա օրենքի դպիր էր։ «Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու օրենքի կատարյալ դպիրին և այլն։ Հրամայում եմ, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելացիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։ Որովհետև դու ուղարկվում ես թագավորի և նրա յոթ խորհրդականների կողմից, որ քննես Հուդան և Երուսաղեմը քո Աստծու օրենքով, որ քո ձեռքին է։ Եվ տանես այն արծաթն ու ոսկին, որ թագավորը և նրա խորհրդականները հոժարակամ տվեցին Իսրայելի Աստծուն, որի տունը Երուսաղեմում է։ Եվ այն ամբողջ արծաթն ու ոսկին, որ գտար Բաբելոնի ողջ գավառում, այն կամավոր ընծաների հետ, որ ժողովուրդն ու քահանաները նվիրում են իրենց Աստծու տան համար, որ Երուսաղեմում է։ Որպեսզի շուտով այդ փողով արջառներ, խոյեր, գառներ և նրանց հացի ընծաները և թափելու նվերներն առնես և նրանց մատուցես Աստծու տան սեղանի վրա, որ Երուսաղեմում է։ Եվ ինչ որ քեզ ու քո եղբայրներին հաճելի լինի մնացած արծաթով և ոսկով անելու, ձեր Աստծու կամքի համաձա՛յն արեք։ Եվ այն անոթները, որ քեզ տրվեցին քո Աստծու տան պաշտամունքի համար, հանձնի՛ր Երուսաղեմում Աստծու առջև։ Եվ ուրիշ ինչ որ քո Աստծու տան համար պետք լինի, որ քեզ վայել է տալու, թագավորի գանձատնի՛ց տուր։ Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ բոլոր գանձապետներին, որ Գետի այդ կողմում եք, որ ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, ձեզնից ուզի, կատարեք. մինչև հարյուր տաղանդ արծաթ, մինչև հարյուր քոռ ցորեն և մինչև հարյուր մար յուղ և աղ՝ առանց գրելու։ Այն ամենը, ինչ որ երկնքի Աստվածը հրամայել է, թող ճշտիվ կատարվի երկնքի Աստծու տան համար, որ բարկություն չգա թագավորության, թագավորի և նրա որդիների վրա։ Իմացա՛ծ եղեք, որ քահանաներից և ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից, նաթանայիմներից և Աստծու այս տան սպասավորներից ոչ մեկի վրա իրավունք չկա հարկ, տուրք և մաքս դնելու։ Եվ դու, ո՛վ Եզրաս, քո Աստծու իմաստությամբ, որ քեզանում է, դատավորներ և իշխաննե՛ր դիր, որ դատեն Գետի այն կողմում եղող ժողովրդին, այսինքն՝ քո Աստծու օրենքն իմացողներին, և ով որ չգիտի, նրան սովորեցրե՛ք։ Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։ Օրհնյալ լինի մեր հայրերի Տեր Աստվածը, որ այսպիսի միտք դրեց թագավորի սրտում՝ Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը փառավորելու, և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։ Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։ Փենեհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիելը, Դավթի որդիներից՝ Քետտուսը. Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան, և նրա հետ հարյուր հիսուն մարդ հաշվառվեց. Փաաթ-Մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովենային և նրա հետ երկու հարյուր մարդ. Սեքենիայի որդիներից՝ Հազիելի որդին և նրա հետ երեք հարյուր մարդ. Ադինի որդիներից՝ Հովնաթանի որդի Աբեդը և նրա հետ հիսուն մարդ. Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան և նրա հետ յոթանասուն մարդ. Սափատիայի որդիներից՝ Միքայելի որդի Զաբադիան և նրա հետ ութսուն մարդ. Հովաբի որդիներից՝ Հեքիելի որդի Աբդիան և նրա հետ երկու հարյուր տասնութ մարդ. Սաղոմիթի որդիներից՝ Հոսեփիայի որդին և նրա հետ հարյուր վաթսուն մարդ. Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան և նրա հետ քսանութ մարդ. Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Հոհանանը և նրա հետ հարյուր տասը մարդ. Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անուններն են՝ Եղիփաղետ, Հեիել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն մարդ. Բագուեի որդիներից՝ Ութային և Զաբուդը և նրանց հետ յոթանասուն մարդ։ Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներից մարդ չգտա։ Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։ Նրանց պատվիրեցի, որ գնան Ադդով իշխանի մոտ՝ Քասիփիա կոչված տեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։ Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութ մարդ. Ասաբիային և նրա հետ Մերարիի որդիներից Եսայիային ու նրա եղբայրներին ու նրանց որդիներին՝ թվով քսան մարդ. և նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվել էին ղևտացիների ծառայության համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմ՝ բոլորը անունով հիշված։ Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։ Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։ Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։ Եվ քահանաների իշխաններից տասներկու մարդ ընտրեցի՝ Սարաբիային, Ասաբիային և նրանց հետ՝ իրենց եղբայրներից տասը մարդ։ Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։ Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի. քսան ոսկե տաշտ՝ յուրաքանչյուրը հազար դրամ, և երկու հատ մաքուր ու փայլուն պղնձե անոթ՝ ոսկու պես պատվական։ Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։ Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։ Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։ Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։ Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։ Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։ Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։ Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։ Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։ Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում. որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։ Հենց որ լսեցի այս բանը, պատառոտեցի իմ հանդերձանքը և վերարկուն, փետեցի գլխիս և մորուքիս մազերը և ապշած նստեցի։ Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։ Երեկոյան զոհաբերությանը վեր կացա իմ տառապանքի տեղից և իմ պատառոտված հագուստով ու վերարկուով ծունկի իջա և ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։ Մեր հայրերի օրերից ի վեր մինչև այսօր մենք մեծ մեղքի մեջ ենք, և մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները սրի, գերության, հափշտակության և սևերեսության ձեռքը մատնվեցինք, ինչպես որ այսօր է։ Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։ Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։ Եվ արդ, ի՞նչ ասենք, ո՛վ մեր Աստված, այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանները, որ քո ծառա մարգարեների միջոցով պատվիրեցիր՝ ասելով. “Այն երկիրը, ուր գնում եք այն ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ տարբեր երկրների ազգերի գարշություններով և նրանց պղծություններով, որոնցով ծայրեծայր լցրել են այն։ Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։ Եվ այս բոլորը մեր չար գործերի և մեր մեծ հանցանքի պատճառով մեզ վրա գալուց հետո (թեպետ և դու, ո՛վ Աստված, մեզ շատ ես խնայել մեր անօրինությունից և մեզ այսպես փրկվածներ ես տվել). Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։ Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետև մենք մինչև այսօր փրկված մնացինք. ահա մենք քո առջև ենք մեր հանցանքով, թեև այս պատճառով քո առաջ կանգնել չի լինի»։ Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։ Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։ Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։ Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք էլ քեզ հետ ենք. զորացի՛ր և արա՛»։ Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։ Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։ Եվ մունետիկ կանչել տվեցին, որ Հուդայի և Երուսաղեմի մեջ գտնվող բոլոր գերեդարձները հավաքվեն Երուսաղեմում. «Յուրաքանչյուր ոք, ով իշխանների և ավագների խորհրդի համաձայն երեք օրում չգա, նրա ամբողջ ունեցվածքը պիտի նզովվի, և նա պետք է զատվի գերեդարձների ժողովքից»։ Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։ Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։ Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։ Եվ բոլոր ժողովվածները պատասխանեցին ու բարձրաձայն ասացին. «Այդպես, մեր պարտքն է քո խոսքի համաձայն անել։ Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։ Հիմա թող մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովվածների փոխարեն, իսկ նրանք, ովքեր մեր քաղաքներում օտար կին են առել, թող որոշված ժամանակին գան, և նրանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքի ավագներն ու նրա դատավորները, մինչև որ մեր Աստծու բարկության բորբոքումը վանեն մեզանից այս գործի համար»։ Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։ Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։ Եվ մինչև առաջին ամսվա առաջին օրը վերջացրին բոլոր տղամարդկանց գործերը, որոնք օտար կին էին առել։ Քահանաների որդիներից սրանք գտնվեցին, որոնք օտար կին էին առել՝ Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Հարիբը և Գոդողիան։ Իրենց թողեցին, որ իրենց կանանց արձակեն և իրենց հանցանքի համար մեկ խոյ զոհաբերեցին։ Եվ Եմմերի որդիներից՝ Անանին և Զաբադիան. Հարիմի որդիներից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեքիելը և Ոզիան. Փասուրի որդիներից՝ Եղիովենային, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հովզաբադը և Եղեասան. ղևտացիներից՝ Հովզաբադը, Սեմեին, Կովղիան, այսինքն՝ Կովղիտան, Փեթայիան, Հուդան և Եղիազարը. երգիչներից՝ Եղիասիբը, դռնապաններից՝ Սեղղումը, Տելեմը և Ուրին. իսրայելացիներից՝ Փարոսի որդիներից՝ Ռամիան, Հեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան և Բանեան. Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեքիելը, Աբդին, Հերիմովթը և Եղիան. Զաթուի որդիներից՝ Եղիովենային, Եղիասիբը, Մաթանիան, Հերիմովթը, Զաբադը և Ազիզան. Բեբայիի որդիներից՝ Հոհանանը, Անանիան, Զաբբան, Աթաղին. Բանիի որդիներից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաաղը և Ռամովթը. Փաաթ-Մովաբի որդիներից՝ Եդնանը, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն. Հարիմի որդիներից՝ Եղիազարը, Հեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմավոնը, Բենիամինը, Մալուքը, Սամարիան. Հասումի որդիներից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին. Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, Բանեան, Բադայիան, Քեղուհան, Ուանիան, Մերամոթը, Եղիասիբը, Մաթանիան, Մաթանան, Հաասուն, Բանին, Բաբուին, Սեմեին, Սեղեմիան, Նաթանը, Ադայիան, Մաքնադբան, Սասան, Սարան, Ազարիելը, Սեղեմիան, Սամարիան, Սեղղումը, Ամարիան և Հովսեփը. Նաբավի որդիներից՝ Հեիելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։ Սրանք ամենքն օտար կին էին առել, և նրանց մեջ կային այնպիսի կանայք, որ զավակներ էին բերել։ Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։ Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։ Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։ Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։ Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։ Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։ Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։ Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “ Եթե դուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։ Եվ եթե հետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։ Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։ Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։ Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։ Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։ Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։ Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տա Աստծու տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։ Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։ Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։ Ես եկա Երուսաղեմ և երեք օր այնտեղ մնացի։ Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։ Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։ Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։ Գիշերը վեր գնացի հեղեղատով և զննեցի պարիսպը, հետ դարձա ու մտա Ձորի դռնով և վերադարձա։ Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։ Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։ Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։ Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։ Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։ Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։ Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։ Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։ Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի Հադոնը և Գաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։ Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմը բաց թողեցին մինչև լայն պարիսպը։ Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։ Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։ Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։ Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։ Ձորի դուռը նորոգեցին Անոնը և Զանովի բնակիչները. նրանք շինեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը, նաև պարսպից հազար կանգուն մինչև Աղբի դուռը։ Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։ Աղբյուրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզեի որդի Սեղղունը. նա շինեց այն և ծածկեց ու դրեց նրա դռները, փականքները և նիգերը, նաև Սիլովայի ավազանի պարիսպը թագավորի պարտեզի մոտից մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները։ Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։ Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։ Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։ Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալու ճանապարհի դիմացը, անկյունում։ Նրանից հետո Զաբբայի որդի Բարուքը փութով նորոգեց մյուս մասը՝ անկյունից մինչև մեծ քահանա Եղիասիբի տան մուտքը։ Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։ Նրանից հետո նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։ Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։ Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։ Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։ Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։ Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։ Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։ Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։ Նրանից հետո մյուս մասը նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան և Սեղեփի վեցերորդ որդի Անոնը. նրանից հետո իր սենյակի դիմացը նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը։ Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։ Իսկ անկյունի վերնատան ու Ոչխարաց դռան մեջտեղը նորոգեցին ոսկերիչները և վաճառականները։ Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։ Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։ Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։ Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։ Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետև քեզ բարկացրին շինողների առջև։ Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։ Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։ Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։ Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ, այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։ Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։ Եվ երբ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք, և թե Աստված ցրել է նրանց մտադրությունը, մենք ամենքս հետ դարձանք դեպի պարիսպը՝ ամեն մարդ իր գործին։ Եվ այն օրից ի վեր իմ մարդկանց կեսը գործ էր անում, իսկ մյուս կեսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները և զրահներն էր բռնում, և իշխանները կանգնել էին Հուդայի ամբողջ տան հետևում։ Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։ Եվ կառուցողներից ամեն մեկը, սուրը մեջքին կապած, գործ էր անում, իսկ փողհարն իմ կողքին էր։ Եվ ես ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Այս գործը մեծ և ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա միմյանցից հեռու։ Որտեղ որ լսեք փողի ձայնը, այնտեղ մեզ մո՛տ ժողովվեք. մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար»։ Եվ այսպես մենք գործ էինք անում, և կեսը նիզակներն էր բռնած արշալույսը ծագելուց մինչև աստղերի երևալը։ Այն ժամանակ այս էլ ասացի ժողովրդին, որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղեմում մնա, որ գիշերները մեզ համար պահպանություն անեն և ցերեկը գործեն։ Եվ ես ու իմ եղբայրները, իմ ծառաները և իմ հետևից եկող պահապան մարդիկ՝ ամենքս, մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդու ջուրն ուղարկելուց։ Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։ Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։ Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։ Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։ Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։ Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։ Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։ Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։ Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։ Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։ Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։ Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցից ոչինչ չենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։ Եվ ես թափ տվեցի իմ հագուստը և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։ Եվ այն օրից, երբ թագավորն ինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։ Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։ Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։ Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։ Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։ Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։ Եվ երբ Սանաբաղատը, Տուբիան և արաբացի Գեսամը և մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես շինեցի պարիսպը, և նրանում քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այն ժամանակը դռների փեղկերը չէի դրել), այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։ Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։ Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։ Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։ Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։ Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։ Եվ ես մարդ ուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։ Որովհետև նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը։ Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։ Իսկ ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի, և ինձ նման ո՞րը կգնա տաճարը, որ ողջ մնա. ես չեմ գնա»։ Ես գիտեի, որ Աստված չէր նրան ուղարկել, այլ մարգարեությունն ասաց ինձ նրա համար, որ Տուբիան և Սանաբաղատն էին վարձել նրան։ Նրա համար էր նա վարձվել, որպեսզի ես վախենամ և այնպես անեմ ու հանցավոր լինեմ, և դա նրանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։ Հիշի՛ր, ո՛վ իմ Աստված, Տուբիային և Սանաբաղատին իրենց այս գործերի համեմատ, նաև Նովադիա մարգարեուհուն և մյուս մարգարեներին, որ վախեցնում էին ինձ։ Պարիսպն ամբողջացվեց իլուլ ամսի քսանհինգին՝ հիսուներկու օրվա մեջ։ Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը։ Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։ Որովհետև Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հոհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջկան։ Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։ Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին, իմ եղբայր Անանիին և աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է և շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին և ասացի նրանց. «Երուսաղեմի դռները թող չբացվեն մինչև արևի տաքացնելը, և դեռ իրենք այնտեղ կանգնած՝ դռները փակեն և կողպեն, և Երուսաղեմի բնակիչներին պահապաններ դնեն՝ ամեն մարդ իր պահպանությամբ և ամեն մարդ իր տան դիմացը»։ Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։ Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամ գերությունից եկողների մասին, և նրանում գրված էր. «Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը, և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու. Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու. Արահի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու. Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասնութ. Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. Զաթուի որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ. Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն. Բանուիի որդիները՝ վեց հարյուր քառասունութ. Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսանութ. Ազգադի որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու. Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ. Բագուեի որդիները՝ երկու հազար վաթսունյոթ. Ադինի որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ. Ատերի որդիները՝ Եզեկիայից՝ իննսունութ. Հասումի որդիները՝ երեք հարյուր քսանութ. Բեսէէի որդիները՝ երեք հարյուր քսանչորս. Արիփի որդիները՝ հարյուր տասներկու. Գաբավոնի որդիները՝ իննսունհինգ. Բեթլեհեմի ու Նատոփայի մարդիկ՝ հարյուր ութսունութ. Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ. Ազամոթի տան մարդիկ՝ քառասուներկու. Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկ՝ յոթ հարյուր քառասուներեք. Ռամայի և Գաբայի մարդիկ՝ վեց հարյուր քսանմեկ. Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու. Բեթելի և Գայիի մարդիկ՝ հարյուր քսաներեք. մյուս Նաբավի մարդիկ՝ հիսուներկու. մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան. Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ. Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ. Սենաայի որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։ Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք. Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու. Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ. Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։ Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։ Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։ Դռնապանները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները՝ հարյուր երեսունութ։ Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները. Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները. Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սաղամեի որդիները. Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները. Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները. Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները. Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները. Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները. Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները. Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները. Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները. Հեզայի որդիները, Դերկոնի որդիները. Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասերայիմի որդիները, Ամոնի որդիները։ Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու»։ Եվ սրանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդոնից և Եմմերից դուրս եկողները, բայց նրանք չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը և իրենց սերունդը, թե Իսրայելից են իրենք՝ Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։ Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։ Եվ Աթարսաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ մի քահանա վեր չկենա Ուրիմով և Թումիմով։ Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի էր։ Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։ Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ. նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը վեց հազար յոթ հարյուր քսան էին։ Եվ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տվեցին. Աթարսաթան գանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։ Եվ տոհմապետներից ոմանք գործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։ Եվ մնացած ժողովրդի տվածը՝ քսան հազար ոսկի դրամ և երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։ Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։ Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։ Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։ Եվ առավոտից մինչև կեսօր տղամարդկանց, կանանց և հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։ Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։ Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։ Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։ Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։ Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։ Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։ Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։ Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։ Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։ Եվ գնացին ու իրենց համար տաղավարներ շինեցին՝ ամեն մարդ իր կտուրի վրա և իրենց գավիթներում և Աստծու տան գավիթներում ու Ջրի դռան հրապարակում և Եփրեմի դռան հրապարակում։ Եվ գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ շինեց և տաղավարներում բնակվեց։ Որովհետև Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այդ օրը այդպես չէին արել, ուստի շատ մեծ ուրախություն եղավ։ Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։ Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող իրենց վրա։ Եվ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։ Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։ Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։ Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։ «Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։ Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։ Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։ Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։ Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։ Եվ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի վրա և նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ ամբարտավան եղան նրանց դեմ, և անուն հանեցիր քեզ համար, ինչպես որ այսօր է։ Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։ Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։ Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։ Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։ Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։ Բայց նրանք և մեր հայրերը ամբարտավանացան և պնդացրին իրենց պարանոցը և չլսեցին քո պատվիրանները։ Եվ չուզեցին լսել և չհիշեցին քո հրաշքները, որ արել էիր նրանց մեջ, և պնդացրին իրենց պարանոցը և իրենց համար ապստամբության առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան իրենց ստրկությանը, բայց դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր։ Մանավանդ երբ իրենց համար ձուլածո հորթ շինեցին և ասացին. “Սա է քո Աստվածը, որ քեզ հանել է Եգիպտոսից”։ Եվ մեծ անարգանք գործեցին։ Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։ Եվ քո բարի Հոգին տվեցիր նրանց իմաստնացնելու համար և քո մանանան չզրկեցիր նրանց բերանից և ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին։ Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։ Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։ Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։ Նրանց որդիները եկան և ժառանգեցին այս երկիրը, և դու նվաճեցիր այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, և նրանց ձեռքը մատնեցիր նրանց և նրանց թագավորներին ու երկրի ազգերին, որ իրենց քմահաճույքով վարվեին նրանց հետ։ Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։ Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, անտեսեցին քո օրենքը և սպանեցին քո մարգարեներին, որոնք վկայում էին նրանց դեմ, որպեսզի դառնան դեպի քեզ, և մեծամեծ անարգանքներ արեցին։ Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։ Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։ Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։ Եվ դու շատ տարիներ համբերատար եղար նրանց նկատմամբ և մարգարեների միջոցով վկայեցիր նրանց քո Հոգով, բայց նրանք ականջ չդրեցին, և դու մատնեցիր նրանց ուրիշ երկրների ազգերի ձեռքը։ Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։ Բայց դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև դու ճշմարտությամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք։ Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։ Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։ Ահա մենք այսօր ծառաներ ենք, և ահա այն երկրում, որ մեր հայրերին տվեցիր՝ նրա բերքն ու բարիքը վայելելու համար, մենք ծառաներ ենք։ Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։ Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։ Եվ կնքողներն էին Աքաղիայի որդի Նեեմիա Աթարսաթան, Սեդեկիան, Սարայիան, Ազարիան, Երեմիան, Փասուրը, Ամարիան, Մեղքիան, Քետտուսը, Սաբանիան, Մալուքը, Հարիմը, Մերամոթը, Աբդիան, Դանիելը, Կանաթոնը, Բարուքը, Մեսուղամը, Աբիան, Միամինը, Մաազիան, Բեղգան և Սեմայիան. սրանք քահանաներ էին։ Եվ ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիելը։ Եվ նրանց եղբայրները՝ Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան, Անանը, Միքան, Րոոբը, Ասաբիան, Զաքուրը, Սարաբիան, Սաբանիան, Ովդիան, Բանին և Բանինուն։ Ժողովրդի գլխավորները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը, Եղամը, Զաթուն, Բանին, Բունին, Ազգադը, Բեբային, Ադոնիան, Բագուեն, Ադինը, Ատերը, Եզեկիան, Ազուրը, Ովդիան, Հասումը, Բեսեին, Արիփը, Անաթոթը, Նովբան, Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը, Մասիզեբելը, Սադովկը, Հադդուան, Փաղատիան, Անանը, Անանիան, Ովսեեն, Անանիան, Ասուրը, Ալոեսը, Պիլան, Սոբեկը, Հռեումը, Ասաբանան, Մաասիան, Աքիան, Անանը, Օնանը, Մալուքը, Հարիմը և Բաանան։ Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ, միացան իրենց զորավոր եղբայրներին և անեծքով երդվեցին, որ շարժվեն Աստծու օրենքով, որ նա տվեց Աստծու ծառա Մովսեսի ձեռքով, և որ պահեն ու կատարեն Տիրոջ՝ մեր Տիրոջ բոլոր պատվերները, իրավունքները և կանոնները։ Եվ որ մեր աղջիկներին չտանք երկրի այլազգիներին և նրանց աղջիկներին չուզենք մեր որդիների համար։ Եվ երկրի այլազգիներից, որոնք շաբաթ օրը ապրանք և ամեն տեսակ ուտելիք են բերում ծախելու, շաբաթ և սուրբ օրը չառնենք և յոթերորդ տարին թողնենք ամեն տեսակ պարտքերը։ Եվ մեզ վրա պատվեր դրեցինք, որ մեզ համար պարտք համարենք տարին մեկ երրորդ սիկղ վճարել մեր Աստծու տան սպասավորության համար, առաջավորության հացի համար, մշտնջենավոր հացի համար, մշտնջենավոր ողջակեզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տոներին՝ սուրբ բաների համար և Իսրայելի քավության մասին մեղքի պատարագների համար և մեր Աստծու տան ամբողջ գործի համար։ Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։ Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։ Եվ մեր որդիների անդրանիկներին և մեր անասուններինը, ինչպես որ գրված է օրենքում, և մեր արջառների ու ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստծու տունը՝ քահանաներին, որ ծառայում են մեր Աստծու տանը։ Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդը տանք ղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։ Եվ Ահարոնի որդի քահանան ղևտացիների հետ կլինի ղևտացիների տասանորդն առնելիս, և ղևտացիները տասանորդի տասանորդը կտանեն Աստծու տան գանձատան սենյակները։ Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։ Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։ Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։ Եվ սրանք էին այն գավառի գլխավորները, որ բնակվեցին Երուսաղեմում, իսկ Հուդայի քաղաքներում ամեն մարդ բնակվում էր իրենց քաղաքների իր կալվածքում՝ իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները։ Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից. Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։ Եվ Մաասիան՝ որդի Բարուքի՝ որդի Քոլոզեի՝ որդի Ազայիայի՝ որդի Ադայիայի՝ որդի Հովարիբի՝ որդի Զաքարիայի՝ որդի Սիլոնիի։ Փարեսի որդիներից Երուսաղեմում բոլոր բնակվողները չորս հարյուր վաթսունութ քաջ մարդիկ էին։ Սրանք են Բենիամինի որդիները՝ Սալլուն՝ որդի Մեսուղամի՝ որդի Հովազի՝ որդի Փադայիայի՝ որդի Կովդիայի՝ որդի Մաասիայի՝ որդի Իթիելի՝ որդի Եսայիայի։ Եվ նրանից հետո՝ Գեբեին, Սելեին՝ ինը հարյուր քսանութ հոգի։ Նրանց վրա իշխան էր Զեքրիի որդի Հովելը, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի երկրորդն էր։ Քահանաներից՝ Հովարիբի որդի Հեդայիան, Հաքինը, Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։ Եվ նրանց եղբայրները, որ տաճարի գործն էին կատարում, ութ հարյուր քսաներկուսն էին։ Եվ Ադայիան՝ որդի Հերսամի՝ որդի Փաղաղիայի՝ որդի Ամասիի՝ որդի Զաքարիայի՝ որդի Փասուրի՝ որդի Մեղքիայի։ Եվ նրա եղբայրները՝ տոհմապետներ, երկու հարյուր քառասուներկուսն էին։ Եվ Ամեսային՝ որդի Ազարիելի՝ որդի Ահզայի՝ որդի Մեսաղամոթի՝ որդի Եմմերի։ Եվ նրանց եղբայրները՝ քաջազուններ, հարյուր քսանութն էին։ Եվ նրանց վրա իշխան էր Ագեգողեմի որդի Զաբդիելը։ Իսկ ղևտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի՝ որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի՝ որդի Բունիի։ Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։ Եվ Մաթանիան՝ որդի Միքիայի՝ որդի Զաբդիի՝ որդի Ասափի՝ օրհնաբանության աղոթքի ժամանակ գլխավոր առաջնորդը, և Բակբոկիան, որ երկրորդն էր իր եղբայրներից, և Աբդան՝ որդի Սամուայի՝ որդի Գաղաղի՝ որդի Իդիթունի։ Բոլոր ղևտացիները սուրբ քաղաքում երկու հարյուր ութսունչորսն էին։ Դռնապանները՝ Ակկուբը, Տեղմոնը և նրանց եղբայրները, որոնք պահպանում էին դռները, հարյուր յոթանասուներկուսն էին։ Եվ մնացած իսրայելացիները, քահանաները և ղևտացիները Հուդայի բոլոր քաղաքներում էին՝ ամեն մարդ իր ժառանգությունում։ Բայց նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, և Սիհան ու Գիսփան նաթանայիմների վրա էին։ Երուսաղեմի ղևտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի՝ որդի Ասաբիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայի. Ասափի որդիներից՝ երգիչներից, որ Աստծու տան գործին էին։ Որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել, և յուրաքանչյուր օրվա համար ռոճիկ էր նշանակված երգիչներին։ Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։ Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում. Հեսուայում, Մոլադայում և Բեթփաղեթում, Ասեր-Սուաղում, Բերսաբեեում և նրա գյուղերում, Սիկելակում, Մեքոնայում և նրա գյուղերում, Ենռեմոնում, Սարաայում, Հերիմութում, Զանովում, Ոդողոմում և նրանց գյուղերում, Լաքիսում և նրա դաշտերում, Ազեկայում և նրա գյուղերում, և տեղավորվեցին Բերսաբեեից մինչև Ենովմի ձորը։ Եվ Բենիամինի որդիները՝ Գաբայից մինչև Մաքմաս, Այիա, Բեթել և նրա գյուղերը, Անաթովթ, Նոբ, Անանիա, Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ, Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։ Ղևտացիները Հուդայի բաժիններից Բենիամինում էին։ Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝ Սարայիան, Երեմիան, Եզրասը, Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը, Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան, Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան, Հովարիբը, Հեդայիան, Սալլուն, Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։ Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնությունների գլխավորն էր։ Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։ Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։ Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը, Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը, Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան, Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը, Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին, Բեղգայից՝ Սամուան, Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան, Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան, Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։ Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհ թագավորի օրոք։ Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։ Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։ Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։ Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։ Եվ հավաքվեցին երգիչների որդիները Երուսաղեմի շրջակա կողմերից և նետոփաթացիների գյուղերից, Բեթգաղգաղայից, Գաբայի և Ազամոթի դաշտերից, որովհետև երգիչներն իրենց համար գյուղեր էին շինել Երուսաղեմի շրջակայքում։ Քահանաներն ու ղևտացիները սրբվեցին և սրբեցին ժողովրդին և դռներն ու պարիսպը։ Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի. մեկը պարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։ Նրանց հետևից գնում էին Ովսեիան և Հուդայի իշխանների կեսը, Ազարիան, Եզրասը, Մեսուղամը, Հուդան, Բենիամինը, Սեմայիան և Երեմիան։ Իսկ փողերով՝ քահանաների որդիներից Զաքարիան՝ որդի Հովնաթանի՝ որդի Սեմայիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայիայի՝ որդի Զաքուրի՝ որդի Ասափի։ Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։ Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։ Մյուս երգողների դասը գնում էր դեմ ու դեմ, իսկ ես՝ նրա հետևից, և ժողովրդի կեսը՝ պարսպի վրա՝ Փուռերի աշտարակից վեր մինչև Լայն պարիսպը։ Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։ Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։ Եվ քահանաները՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովենային, Զաքարիան, Անանիան՝ փողերով։ Եվ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Հոհանանը, Մեղքիան, Եղամը և Եզերը և երգիչները բարձրաձայն երգեցին, և վերակացուն Հեզերիան էր։ Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։ Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։ Եվ պահում էին իրենց Աստծու պահապանությունը և մաքուր պահապանությունը. նույնպես և երգիչներն ու դռնապանները՝ Դավթի և իր որդի Սողոմոնի հրամանի համաձայն։ Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։ Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։ Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ. որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։ Եվ երբ որ նրանք լսեցին օրենքը, Իսրայելից զատեցին ամբողջ խառնուրդը։ Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը, նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։ Այս ամենի ժամանակ ես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետո կրկին հրաման ստացա թագավորից և եկա Երուսաղեմ ու իմացա Եղիասիբի արած չարությունը Տուբիայի նկատմամբ, որ նրա համար մի սենյակ էր շինել Աստծու տան գավթում։ Ես շատ զայրացա և այն սենյակից դուրս հանեցի Տուբիայի տան ամբողջ կահ-կարասին։ Եվ հրամայեցի, որ մաքրեն սենյակները, և դարձյալ այնտեղ տարա Աստծու տան անոթները և հացի ընծան ու կնդրուկը։ Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։ Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և ես ղևտացիներին հավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։ Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։ Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։ Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։ Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթ օրը խաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցի նրանց իրենց ուտելիք ծախած օրը։ Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթ օրը ծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։ Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։ Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։ Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։ Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։ Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթ օրն այլևս չեկան։ Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն և գան դռներին պահապանություն անեն՝ շաբաթ օրը սրբագործելու համար։ Սա է՛լ հիշիր ինձ համար, ո՛վ իմ Աստված, և ինձ ողորմի՛ր քո մեծ ողորմության համեմատ։ Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։ Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին և խոսում էին այս կամ այն ազգի լեզվով։ Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։ Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։ Սակայն օտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։ Եվ ձեր վերաբերյալ սա լսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։ Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։ Ո՛վ իմ Աստված, նրանց հիշի՛ր, որ պղծեցին քահանայությունը և քահանայության ու ղևտացիների ուխտը։ Եվ այսպես նրանց մաքրեցի բոլոր օտարազգիներից և քահանաների ու ղևտացիների համար պաշտոններ նշանակեցի՝ ամեն մարդու համար իր գործը։ Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։ Ասուերոսի (սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ գավառի վրա). այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է, իր թագավորության երրորդ տարում խնջույք արեց իր իշխանների և ծառաների համար, երբ պարսիկների և մարերի բանակի հրամանատարները, ավագանին և գավառների իշխաններն իր մոտ էին։ Եվ ցույց տվեց իր թագավորության մեծ հարստությունը և իր մեծության փառավոր շքեղությունը շատ օրեր, այսինքն՝ հարյուր ութսուն օր։ Եվ երբ այն օրերը լրացան, այդ ժամանակ թագավորը Շուշան մայրաքաղաքում գտնվող ամբողջ ժողովրդի համար՝ մեծից մինչև փոքրը, յոթ օր խնջույք արեց թագավորական պալատի պարտեզի գավթում։ Սպիտակ բեհեզից, կերպասից ու կապուտակից վարագույրներ կային, որ մարմարյա սյուներից ամրացված էին քթանի և ծիրանագույն բարակ լարերով և արծաթե օղակներով, ոսկե և արծաթե նստարաններ՝ զմրուխտաքարի և սպիտակ մարմարի, աղաբաստրի և սև մարմարի սալահատակի վրա։ Խմիչքները տրվում էին ոսկե անոթներով, իսկ անոթները միմյանցից տարբեր էին։ Թագավորի գինին առատ էր, ինչպես թագավորին է վայել։ Օրենքի համաձայն էին խմում, և բռնադատող չկար, որովհետև թագավորն այդպես էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նրանք ամեն մեկի ուզածի պես անեն։ Վաշթի թագուհին էլ կանանց խնջույք արեց Ասուերոս թագավորի պալատում։ Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ, որ նրանք Վաշթի թագուհուն արքայական թագով բերեն թագավորի առաջ, որ ժողովուրդն ու իշխանները տեսնեն նրա գեղեցկությունը, քանի որ տեսքով գեղեցիկ էր։ Սակայն Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի հրամանով, որ իրեն հաղորդվել էր ներքինիների միջոցով։ Թագավորը շատ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց նրա մեջ։ Եվ թագավորը հարցրեց իմաստուններին, որոնք գիտեին երկրի կարգն ու կանոնները, որովհետև թագավորը միշտ խորհուրդ էր հարցնում բոլոր օրենք և իրավունք իմացողներից, որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին. օրենքի համաձայն ի՞նչ պետք է անել Վաշթի թագուհուն, քանի որ Ասուերոս թագավորի հրամանը չկատարեց, որ ուղարկել էր ներքինիների միջոցով։ Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։ Որովհետև թագուհու արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, և նրանք անարգելու են իրենց ամուսիններին՝ ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհուն իր առջև բերել, բայց նա չգնաց։ Եվ այսօր, երբ պարսիկների և մարերի տիկինները լսեն թագուհու արարքի մասին, նույնը պիտի ասեն թագավորի բոլոր իշխաններին, և մեծ անարգանք ու ցասում պիտի լինի։ Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։ Եվ երբ որ լսվի թագավորի հրամանը, որ հրամայված է նրա ընդարձակ ողջ թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կանայք պատիվ կտան իրենց ամուսիններին՝ մեծից մինչև փոքրը»։ Այս խոսքը հաճելի թվաց թագավորին և իշխաններին, և թագավորը Մամուքանի խոսքի համաձայն արեց։ Թագավորը նամակներ ուղարկեց բոլոր գավառներին. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և յուրաքանչյուր ազգին՝ իր լեզվով, որ ամեն մարդ իր տան մեջ տեր լինի, և որ իր ժողովրդի լեզվով ասվի։ Այս բաներից հետո, երբ որ Ասուերոս թագավորի բարկությունը նստել էր, հիշեց Վաշթիին, նրա արածը և նրա դեմ եղած վճիռը։ Թագավորին սպասավորող ծառաներն ասացին. «Թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն, և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։ Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթիի տեղը»։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։ Շուշան մայրաքաղաքում մի հրեա մարդ կար. նրա անունն էր Մուրթքե՝ որդին Հայիրի՝ որդին Սեմեիի՝ որդին Կիսի՝ Բենիամինի ցեղից։ Նա Երուսաղեմից գերի էր տարվել այն գերիների հետ, որ Հուդայի Հեքոնիա թագավորի հետ գերեվարվեցին, որոնց գերի տարավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասսային, այսինքն՝ Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրթքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։ Եվ երբ թագավորի հրամանն ու հրովարտակը լսվեցին, շատ աղջիկներ հավաքվեցին Շուշան մայրաքաղաքում՝ Հեգեիի ձեռքի տակ. Եսթերն էլ տարվեց թագավորի պալատ՝ կանանց պահապան Հեգեիի ձեռքի տակ։ Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։ Եսթերը չհայտնեց իր ազգը և իր ծագումը, որովհետև Մուրթքեն նրան պատվիրել էր, որ չհայտնի։ Մուրթքեն ամեն օր ման էր գալիս կանանց պալատի գավթի առջև, որ իմանար Եսթերի առողջությունը, և թե նրան ինչ է լինելու։ Երբ գալիս էր յուրաքանչյուր աղջկա՝ Ասուերոս թագավորի մոտ գնալու հերթը՝ ըստ կանանց սովորության տասներկու ամիսը լրանալուց հետո (որովհետև այսպես էին լրանում մաքրությունները. վեց ամիս զմուռսի յուղով, վեց ամիս էլ անուշահոտ խունկերով և կանանց մաքրության համար պետք եղած օծանելիքներով), այդ ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ. ամեն ինչ, որ նա պահանջեր, տրվում էր նրան, որ նրա հետ կանանց պալատից տարվեր թագավորի պալատը։ Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։ Եվ երբ որ Մուրթքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերի հերթը եկավ, որին Մուրթքեն իրեն աղջիկ էր վերցրել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց, բացի նրանից, որ ասաց թագավորի կանանց պահապանը՝ ներքինի Հեգեին։ Եսթերը շնորհ գտավ իրեն բոլոր տեսնողների առաջ։ Եվ Եսթերը տարվեց Ասուերոս թագավորի մոտ՝ նրա արքայական տունը, տասներորդ ամսում, այսինքն՝ թեբեթ ամսում՝ նրա թագավորության յոթերորդ տարում։ Թագավորը Եսթերին բոլոր կանանցից ավելի սիրեց, և նա բոլոր աղջիկներից ավելի սեր և շնորհ գտավ նրա առաջ. և արքայական թագը նրա գլխին դրեց և նրան Վաշթիի փոխարեն թագուհի դարձրեց։ Եվ թագավորը մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար, այսինքն՝ Եսթերի խնջույքը, թեթևացրեց գավառների հարկերը և թագավորին վայել պարգևներ տվեց։ Երբ երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքեն նստում էր թագավորի դռանը։ Եսթերը չէր հայտնել իր ծագումն ու իր ազգը, ինչպես որ Մուրթքեն էր նրան պատվիրել։ Եսթերը Մուրթքեի հրամանն անում էր այնպես, ինչպես որ նրա մոտ խնամքի ժամանակ։ Այն օրերին, երբ Մուրթքեն թագավորի դռանն էր նստում, թագավորի երկու ներքինիները՝ Բիգթանը և Թարեսը, որ դռան պահապաններից էին, բարկանալով որոշեցին ձեռք բարձրացնել Ասուերոս թագավորի դեմ։ Այս բանը հայտնի դարձավ Մուրթքեին, և նա հաղորդեց Եսթեր թագուհուն։ Եվ Եսթերը Մուրթքեի անունից ասաց թագավորին։ Երբ այս բանը քննվեց ու ստուգվեց, նրանք երկուսն էլ կախվեցին փայտից, և սա թագավորի առջև գրվեց ժամանակագրության գրքում։ Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Ամադաթայի որդի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։ Թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Համանին, որովհետև թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին. բայց Մուրթքեն նրա առաջ չխոնարհվեց ու չերկրպագեց նրան։ Եվ թագավորի դռանը եղող թագավորի ծառաներն ասացին Մուրթքեին. «Դու ինչո՞ւ ես անտեսում թագավորի պատվերը»։ Եվ երբ նրանք ամեն օր ասում էին նրան, ու սա չէր լսում նրանց, այն ժամանակ Համանին ասացին, որ տեսնեն, թե Մուրթքեի խոսքերը կհաստատվե՞ն. որովհետև նա նրանց ասել էր, թե հրեա է։ Եվ երբ Համանը տեսավ, որ Մուրթքեն չի խոնարհվում ու երկրպագում իրեն, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։ Նվաստ մի բան թվաց նրան, որ միայն Մուրթքեի դեմ ձեռք բարձրացներ. բայց որովհետև նրան ասել էին Մուրթքեի ազգը, ուստի Համանը խորհեց վերացնել Մուրթքեի ազգը՝ բոլոր հրեաներին, որ կային Ասուերոսի ամբողջ թագավորության մեջ։ Առաջին ամսին, այսինքն՝ նիսան ամսին, Ասուերոս թագավորի տասներկուերորդ տարում փուր, այսինքն՝ վիճակ գցեցին Համանի առջև օրեցօր և ամսեամիս, մինչև տասներկուերորդ ամիսը, այսինքն՝ ադար ամիսը։ Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Մի ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է. թագավորի օրենքն էլ չեն կատարում, և նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։ Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց ոչնչացնեն. տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը»։ Թագավորն իր ձեռքից հանեց մատանին և այն հանձնեց հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանին։ Թագավորն ասաց Համանին. «Քեզ են տրվում արծաթը և ժողովուրդն էլ, որ անես, ինչ որ հաճելի է քեզ»։ Առաջին ամսի տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի գրագիրները, և գրվեց ամբողջովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց. թագավորի նախարարներին և բոլոր գավառների վրա եղող կուսակալներին, յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին՝ իրենց գրով և յուրաքանչյուր ազգի՝ իր լեզվով։ Ասուերոս թագավորի անունով հրովարտակ գրվեց և կնքվեց թագավորի մատանիով։ Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։ Այս գրի պատճենը պետք է տրվեր որպես օրենք՝ հրապարակված բոլոր ազգերի համար ամեն գավառի մեջ, որ նույն օրվա համար պատրաստ լինեն։ Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։ Երբ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, պատռեց իր հանդերձները. քուրձ հագավ ու մոխիր ցանեց իր վրա և գնաց քաղաքի կենտրոնը և բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։ Եվ եկավ մինչև թագավորի դռան մուտքը, որովհետև իրավունք չկար քուրձ հագած մտնել թագավորի դռնով։ Բոլոր գավառներում ամեն տեղ, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում և ծոմ էին պահում. լացուկոծ էին անում. շատերը պառկում էին քուրձով և մոխրի վրա։ Եսթերի աղախինները և ներքինիները եկան պատմեցին նրան։ Թագուհին խիստ տրտմեց և հանդերձներ ուղարկեց Մուրթքեին հագցնելու և նրա քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չընդունեց։ Եսթերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներից էր, որին թագավորը նրան էր տվել իրեն ծառայելու համար, և նրան հրամայեց, որ գնա Մուրթքեի մոտ և իմանա, թե ի՛նչ է լինելու, և սա ինչի՛ համար է։ Եվ Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմաց էր։ Մուրթքեն նրան պատմեց ամեն ինչ, որ պատահել էր իր հետ և այն որոշ գումար արծաթի մասին, որ Համանն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին՝ հրեաներին ոչնչացնելու համար։ Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եսթերին ցույց տա և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։ Հաթաքը գնաց և Մուրթքեի խոսքերը պատմեց Եսթերին։ Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեց գնալ Մուրթքեի մոտ և ասել. «Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։ Մուրթքեին պատմեցին Եսթերի խոսքերը։ Մուրթքեն պատասխան ուղարկեց Եսթերին՝ ասելով. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»։ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. «Գնա ժողովի՛ր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծո՛մ պահեք ինձ համար. երեք օր գիշեր ու ցերեկ ո՛չ կերեք և ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։ Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այնպես արեց, ինչպես որ Եսթերը պատվիրել էր իրեն։ Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։ Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։ Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։ Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։ Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։ Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։ Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը. եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։ Համանն այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ Համանը թագավորի դռանը տեսավ Մուրթքեին, որը ո՛չ կանգնեց և ո՛չ էլ նրանից դողաց, Մուրթքեի նկատմամբ բարկությամբ լցվեց։ Սակայն Համանն իրեն զսպեց և իր տունը գնաց. մարդ ուղարկեց և բերել տվեց իր բարեկամներին և իր կնոջը՝ Զերեսին։ Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։ Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացի մեկ ուրիշին չտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։ Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ անընդհատ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։ Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։ Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։ Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։ Թագավորն ասաց. «Մուրթքեին սրա փոխարեն ի՞նչ փառք կամ մեծարանք տրվեց»։ Թագավորի սպասավոր ծառաներն ասացին. «Նրան ոչ մի բան չեն արել»։ Թագավորն ասաց. «Ո՞վ կա գավթում»։ Իսկ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը՝ թագավորին ասելու, որ Մուրթքեին կախեին այն փայտից, որ պատրաստել էր նրա համար։ Թագավորի ծառաներն ասացին նրան. «Ահա Համանը կանգնած է գավթում»։ Եվ թագավորն ասաց. «Թող ներս գա»։ Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։ Եվ Համանն ասաց թագավորին. «Այն մարդուն, որին թագավորը բարեհաճում է պատվել, թող բերեն թագավորի հագած արքայական զգեստը, թագավորի հեծած ձին և այն արքայական թագը, որ դրվում է նրա գլխին։ Այն զգեստը և ձին թող տրվեն թագավորի պատվավոր իշխաններից մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդուն, որին թագավորը բարեհաճել է պատվել։ Քաղաքի հրապարակում նրան նստեցնեն այն ձիու վրա և կանչեն նրա առաջից։ Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։ Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Մուրթքեն վերադարձավ թագավորի դուռը, իսկ Համանն իր տուն շտապեց տրտում և գլխիկոր։ Եվ Համանը բոլորը, ինչ որ պատահել էր, պատմեց իր կնոջը՝ Զերեսին, և իր բոլոր բարեկամներին։ Նրա իմաստունները և նրա կինը՝ Զերեսը, ասացին նրան. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես խոնարհվել, հրեաների սերնդից է, դու նրան ոչինչ չես կարող անել, այլ անպատճառ ընկնելու ես նրա առաջ»։ Նրանք տակավին խոսում էին նրա հետ, երբ թագավորի ներքինիները հասան նրան, որպեսզի շուտով նրան տանեն Եսթերի սարքած խնջույքին։ Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ։ Երկրորդ օրն էլ գինի խմելիս թագավորը Եսթերին ասաց. «Քո խնդրանքն ի՞նչ է, Եսթե՛ր թագուհի, պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեկուզ մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։ Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։ Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։ Ասուերոս թագավորը խոսեց և Եսթեր թագուհուն ասաց. «Ո՞վ է նա և ո՞ւր է նա, որ համարձակվել է այդպես անել»։ Եսթերն ասաց. «Այդ հակառակորդը և թշնամին այս չար Համանն է»։ Իսկ Համանը դողում էր թագավորի և թագուհու առաջ։ Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։ Թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի սենյակը, և Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վրա։ Թագավորն ասաց. «Մի՞թե թագուհուն էլ բռնաբարում է ինձ մոտ՝ պալատում»։ Խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, և իսկույն ծածկեցին Համանի երեսը։ Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքինիներից մեկը՝ Արբոնան, ասաց. «Ահա այն հիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Նրան կախեցե՛ք դրա վրա»։ Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։ Այն ժամանակ Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց հրեաների թշնամի Համանի տունը, և Մուրթքեն եկավ թագավորի առաջ, քանի որ Եսթերը նրան ասել էր, թե նա իր ինչն էր։ Եվ թագավորը հանեց իր մատանին, որ վերցրել էր Համանից, և այն տվեց Մուրթքեին. Եսթերը Մուրթքեին Համանի տան վերակացու դրեց։ Եսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջ, նրա ոտքերն ընկավ, լացեց և աղաչեց նրան, որ խափանի ագագացի Համանի չարությունը և այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ։ Թագավորը դեպի Եսթերը մեկնեց ոսկե գավազանը, և Եսթերը ելավ կանգնեց թագավորի առաջ։ Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։ Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին հասնող չարիքը և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։ Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Ահա ես Համանի տունը տվեցի Եսթերին, և նրան կախեցին փայտից նրա համար, որ իր ձեռքը բարձրացրել էր հրեաների վրա։ Դուք էլ թագավորի անունով գրեցե՛ք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, և կնքեցե՛ք թագավորի կնիքով. որովհետև այն գիրը, որ գրվեց թագավորի անունով և կնքվեց թագավորի մատանիով, չի կարելի փոխել»։ Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես և ուղարկվեց նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։ Գրեց Ասուերոս թագավորի անունով և կնքեց թագավորի մատանիով և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որոնք հեծել էին նժույգների վրա, որ ծնվել էին արքունի ախոռում։ Հրովարտակներում թագավորը հրաման էր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը. Ասուերոս թագավորի բոլոր գավառներում մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին։ Այս գրի պատճենը իբրև օրենք պետք է տրվի յուրաքանչյուր գավառում՝ հրապարակելով բոլոր ազգերի համար, որպեսզի հրեաները նույն օրվա համար պատրաստ լինեն իրենց վրեժն իրենց թշնամիներից առնելու համար։ Թագավորական նժույգներին հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքով փութալով շտապում էին, դուրս գնացին։ Այս օրենքը հրապարակվեց Շուշան մայրաքաղաքում։ Մուրթքեն թագավորի առջևից դուրս եկավ արքայական կապուտակ և սպիտակ հագուստով և ոսկե մեծ թագով, բեհեզյա և ծիրանի պատմուճանով, և Շուշան քաղաքը աղաղակեց ու ցնծաց։ Հրեաները լույս և ուրախություն, ցնծություն և պատիվ ունեցան։ Բոլոր գավառներում ու բոլոր քաղաքներում, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների մեջ, մեծ խնջույք և տոնախմբություն։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախը նրանց վրա էր ընկել։ Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում, որ ձեռք բարձրացնեն իրենց չարիքը ցանկացողների վրա, և նրանց դեմ ոչ ոք չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։ Բոլոր գավառապետները, կուսակալները, իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի վախն ընկել էր նրանց վրա։ Որովհետև Մուրթքեն մեծ էր թագավորի պալատում, և նրա համբավը տարածվել էր բոլոր գավառներում, քանի որ այդ Մուրթքեն գնալով հզորացավ։ Հրեաները ջարդ տվին իրենց բոլոր թշնամիներին՝ սրով կոտորելով, սպանելով և ոչնչացնելով, և իրենց ատողներին իրենց ուզածի պես արեցին։ Հրեաները Շուշան մայրաքաղաքում հինգ հարյուր մարդ սպանեցին-ոչնչացրին։ Նաև Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային, Փորաթային, Ադալիային, Արիդաթային, Փարմասթային, Արիսային, Արիդային և Վայեզաթային. հրեաների թշնամի՝ Ամադաթայի որդի Համանի տասը որդիներին սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը բերեցին թագավորին։ Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Շուշան մայրաքաղաքում հրեաները սպանել և ոչնչացրել են հինգ հարյուր մարդու և Համանի տասը որդիներին. իսկ թագավորի մյուս գավառներո՞ւմ ինչեր են արել. դարձյալ ի՞նչ է քո խնդրանքը, պիտի տրվի քեզ, և դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարվի»։ Եսթերն ասաց. «Եթե հաճո է թագավորին, թող վաղն էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համաձայն անեն. Համանի տասը որդիներին կախեն փայտից»։ Թագավորն ասաց, որ այնպես կատարվի, և հրամանը հրապարակվեց Շուշանում, և Համանի տասը որդիներին կախեցին։ Շուշանում եղող հրեաները ադար ամսի տասնչորսերորդ օրն էլ հավաքվեցին և Շուշանում երեք հարյուր մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Թագավորի գավառներում եղող մնացած հրեաներն էլ հավաքվեցին և կանգնեցին իրենց կյանքերի համար և հանգստացան իրենց թշնամիներից և իրենց ատողներից յոթանասունհինգ հազար մարդու սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ Ադար ամսի տասներեքին եղավ այս, և նույն ամսի տասնչորսին հանգստացան և այն խնջույքի և ուրախության օր արեցին։ Շուշանում եղող հրեաներից հավաքվեցին այն ամսի տասներեքին ու տասնչորսին և հանգստացան տասնհինգին և այն խնջույքի և ուրախության օր արեցին։ Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում էին դաշտաքաղաքներում, ադար ամսի տասնչորսերորդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնում են որպես տոնախմբության օր և իրար ընծաներ են ուղարկում։ Մուրթքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտիկ ու հեռու հրեաներին, որ իրենց համար սահմանեն, որ ամեն տարի տոնեն ադար ամսի տասնչորսերորդ օրը և տասնհինգերորդ օրը։ Իբրև այնպիսի օրեր, երբ հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, երբ իրենց համար տրտմությունը ուրախության, իսկ սուգը տոնախմբության փոխվեց. որ դրանք տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր և միմյանց ուտելիքի ընտիր բաժիններ ուղարկեն, իսկ աղքատներին՝ ընծաներ։ Հրեաներն ընդունեցին, ինչ որ սկսել էին անել, և ինչ որ նրանց գրել էր Մուրթքեն. որովհետև բոլոր հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանը խորհեց հրեաներին կործանել և փուր, այսինքն՝ վիճակ էր գցել, որ նրանց բնաջնջի և կործանի։ Բայց երբ Եսթերը թագավորի առաջ գնաց, թագավորը հրովարտակով հրամայեց, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների համար, նրա գլխին դառնա, և նրան ու նրա որդիներին կախեցին փայտից։ Դրա համար այս օրերը Փուրիմ են անվանում՝ փուր անվան պատճառով. դրա համար այս թղթի բոլոր խոսքերի պատճառով, և ինչ որ իրենք տեսան սրան վերաբերող, և ինչ որ պատահեց իրենց, հրեաները որոշեցին և սահմանեցին իրենց և իրենց զավակների ու իրենց բոլոր միացողների համար, որ չանտեսեն ամեն տարի այս երկու օրը տոնել ըստ նրանց գրվածքի և նրանց ժամանակի։ Այս օրերը պետք է հիշվեն և տոնվեն բոլոր սերունդներում, բոլոր ազգատոհմերում, բոլոր գավառներում և բոլոր քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների մեջ թող չպակասեն, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերնդից։ Եվ Աբիքելի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն ունեցած իշխանության ողջ զորությամբ գրեցին այս երկրորդ թուղթը՝ Փուրիմը հաստատելու մասին։ Նա խաղաղության և ճշմարտության խոսքերով նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին Ասուերոսի թագավորության հարյուր քսանյոթ գավառները, որ պահեն այս Փուրիմի օրերն իրենց ժամանակներին, ինչպես որ նրանց համար սահմանեցին հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք գրեցին իրենց անձերի համար և իրենց սերնդի համար ծոմապահության և իրենց աղաղակի մասին։ Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի մասին խոսքերը, և գրվեց գրքի մեջ։ Ասուերոս թագավորը հարկ դրեց երկրի վրա և ծովի կղզիների վրա։ Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։ Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։ Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։ Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։ Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։ Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։ Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։ Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։ Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության. չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։ Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։ Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին, սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում, անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։ Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։ Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։ Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։ Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։ Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։ Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։ Նրա կինը նրան ասաց. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր»։ Հոբը նրան ասաց. «Հիմար կանանց նման ես խոսում։ Ուրեմն Աստծուց միայն բարի՞քն ընդունենք և չարիքը չընդունե՞նք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։ Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։ Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։ Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։ Դրանից հետո Հոբն իր բերանը բաց արեց և իր օրն անիծեց։ Հոբը խոսեց և ասաց. «Կորչի այն օրը, որ ես ծնվեցի, և այն գիշերը, որ ասաց, թե արգանդի մեջ արու զավակ գոյացավ։ Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։ Խավարն ու մահվան ստվերը թող այն սեփականեն. ամպը թող նրա վրա նստի. օրվա լույսը թող այն մթագնի։ Այն գիշերը՝ խավարը, տանի այն. տարվա օրերի հետ թող չուրախանա, ամիսների թվի մեջ չմտնի։ Ահա այն գիշերը թող ամայի մնա. նրա մեջ ուրախության ձայն չլսվի։ Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։ Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի, Որ ինձ ծնողի արգանդի դռները չփակեց ու տառապանքն իմ աչքերից չծածկեց։ Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։ Ինչո՞ւ նրա ծնկներն ինձ դիմավորեցին, և ինչո՞ւ ստինքը տվեց ինձ, որ ես ծծեմ։ Որովհետև եթե մեռնեի, հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի. Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են, Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին, Կամ ինչպես վիժվածը, թաղված կլինեի, այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։ Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում. Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում. Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։ Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին, Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։ Որոնք հրճվագին ուրախանում են և զվարճանում, որ գերեզման են գտել։ Ինչո՞ւ է կյանք տալիս մի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։ Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։ Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։ Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։ Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց. «Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։ Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։ Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։ Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։ Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։ Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։ Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։ Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։ Առյուծի մռնչյունը և գոռացող առյուծի ձայնը կտրվել է, իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։ Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։ Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ. Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի, Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։ Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։ Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռություն եղավ, ու ես մի ձայն լսեցի, որ ասում էր. “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։ Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։ Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։ Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։ Ահա նրանց վրանի լարը կկտրվի, և նրանք կմեռնեն իմաստության պակասից”»։ «Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։ Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։ Ես տեսել եմ, որ հիմարն արմատ էր գցել, բայց իսկույն անիծել եմ նրա բնակության տեղը։ Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։ Նրա հնձածը քաղցածն է ուտում և այն առնում է փշերի միջից. ծարավները նրա ստացվածքը կուլ են տալիս։ Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։ Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։ Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն, Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։ Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում. Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։ Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։ Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։ Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։ Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։ Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։ Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։ Որովհետև նա խոցում է, բայց վերքը փաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։ Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։ Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։ Լեզվի խարազանից կծածկվես ու չես վախենա կործանումից, երբ այն գա։ Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։ Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։ Եվ դու կիմանաս, որ քո վրանն ապահով է, ու քո բնակարանը կայցելես և պակասող բան չես գտնի։ Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։ Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։ Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։ Հոբը պատասխանեց. «Երանի՜ իմ տրտմությունը լավ կշռվեր, ու միաժամանակ իմ ցավերը կշեռքի մեջ դրվեին։ Քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։ Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։ Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։ Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։ Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։ Երանի՜ ուզածս կատարվեր, և Աստված իմ ակնկալածը տար։ Եվ Աստված համաձայնվեր ինձ ճզմելու, ձեռքը գցեր ու ինձ ոչնչացներ։ Այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի և անխնա ցավի մեջ կուրախանայի, որ Սրբի խոսքերը չեմ ուրացել։ Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։ Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։ Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։ Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։ Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում, Որոնք սառնությունից պղտորված են. նրանց մեջ ձյուն կա ծածկված։ Տաքանալիս դադար են առնում, շոգ ժամանակ իրենց տեղերից ցամաքում են։ Քարավանները փոխում են իրենց ճամփան, բայց հասնում են անապատին ու կորչում։ Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին. Նրանք հուսախաբ եղան, քանի որ վստահ էին. այնտեղ հասան ու ամաչեցին։ Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։ Արդյոք ասե՞լ եմ՝ ինձ համար մի բա՛ն բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագի՛ն տվեք Եվ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցե՛ք ու ինձ բռնավորների ձեռքից փրկեցե՛ք։ Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։ Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։ Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։ Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։ Բայց հիմա հաճեցե՛ք ինձ նայել. ես մի՞թե ձեր երեսին սուտ կասեմ։ Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։ Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։ «Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։ Ինչպես որ ստրուկն է ստվերի կարոտ լինում, և ինչպես որ վարձկանն է իր վարձին սպասում, Այնպես էլ իմ բաժինն ունայնության ամիսներ եղան, ու ինձ համար թշվառության գիշերներ որոշվեցին։ Պառկելիս մտածում եմ, թե ե՛րբ եմ վեր կենալու, բայց գիշերը երկարում է, և ես մինչև առավոտ անկողնուս մեջ թավալվելուց հոգնում եմ ։ Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։ Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։ Հիշի՛ր, ո՜վ Աստված, որ կյանքս մի շունչ է. աչքս նորից բարիք չի տեսնելու։ Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։ Ինչպես ամպն է անցնում գնում, այնպես էլ գերեզման իջնողը վեր չի ելնի. Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։ Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։ Մի՞թե ես ծով եմ կամ ծովի վիշապ, որ դու վրաս պահապան ես դրել։ Երբ ասում եմ, որ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս՝ իմ գանգատը թեթևացնելու, Այն ժամանակ դու ինձ երազներով ես վախեցնում և ինձ ցնորքներով ես զարհուրեցնում, Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։ Ես իմ կյանքից զզվել եմ, հավիտյան չեմ ապրելու. հեռացե՛ք ինձանից, որովհետև օրերս ունայնություն են։ Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես Եվ նրան ամեն առավոտ այցելես, նրան ամեն վայրկյան փորձես։ Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։ Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։ Եվ ինչո՞ւ չես իմ մեղքը ներում և իմ հանցանքին թողություն չես տալիս։ Որովհետև հիմա հողի մեջ եմ պառկելու. ինձ փնտրելու ես, ու ես չեմ լինելու»։ Այն ժամանակ Բաղդատ Սոքեցին պատասխանեց. «Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։ Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։ Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանի պատժի է մատնել։ Եթե դու փնտրես Աստծուն և Ամենակարողին աղաչես, Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։ Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։ Ուրեմն քո նախորդ սերունդներին հարցրո՛ւ և տե՛ս, թե նրանց հայրերն ի՛նչ սովորեցին։ Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։ Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։ Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։ Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։ Աստծուն բոլոր մոռացողների ճանապարհներն այսպիսին են. անաստվածի հույսն էլ կկորչի։ Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։ Կկռթնի իր ոստայնի վրա, բայց նա կայուն չի մնա. նրանից կբռնի, բայց նա չի դիմանա։ Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում. Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։ Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։ Ահա սա է նրա ուրախ ճանապարհը, և հողից ուրիշներ են բուսնում։ Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում, Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։ Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։ Հոբը պատասխանեց. «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։ Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։ Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։ Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։ Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են, Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է, Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում, Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները, Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։ Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։ Եթե նա խլել ուզենա, ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։ Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի օգնականները կխոնարհվեն։ Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրան ու նրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։ Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։ Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։ Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի, Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։ Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձ դատարան կկանչի։ Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։ Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։ Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։ Եթե աղետը հանկարծ մեռցնի, նա անմեղի փորձանքի վրա կծիծաղի։ Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդ անողն ո՞վ է։ Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։ Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։ Եթե ասելու լինեմ՝ “Գանգատս մոռանամ, դեմքիս տխրությունը թողնեմ ու զվարթանամ”, Այն ժամանակ բոլոր ցավերիցս կսարսափեմ. գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։ Ես պիտի ամբարիշտ լինեմ, ուրեմն ինչո՞ւ զուր տեղը տանջվեմ։ Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի, Այն ժամանակ էլ ինձ ճահիճը կկոխեիր, և իմ հագուստներն ինձանից կզզվեին։ Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։ Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։ Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։ Այն ժամանակ կխոսեմ ու իրենից չեմ վախենա, որովհետև հոգուս մեջ այն չեմ»։ «Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։ Աստծուն ասեմ. “Ինձ մի՛ դատապարտիր, ինձ իմացրո՛ւ, թե ինձ հետ ինչի՛ համար ես վիճում։ Մի՞թե քեզ հաճելի է, որ ընկճես, որ քո ձեռքի աշխատանքն արհամարհես ու ամբարիշտների խորհրդին լույս տաս։ Քո աչքերը մի՞թե մարմնավոր են, կամ մարդու տեսածի պե՞ս կտեսնես։ Քո օրերը մի՞թե մարդու օրերի պես են, կամ քո տարիները՝ մարդո՞ւ օրերի պես, Որ իմ հանցանքն ես որոնում ու իմ մեղքը քննում։ Դու գիտես, որ հանցավոր չեմ, բայց քո ձեռքից ազատող չկա։ Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և դու ինձ այժմ խորտակո՞ւմ ես։ Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր, Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր, Կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։ Սրանք քո սրտում պահեցիր. գիտեմ, որ սա քո նպատակն էր. Եթե մեղանչեմ, դու ինձ կնկատես ու իմ հանցանքն անպատիժ չես թողնի։ Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։ Բարձրանա էլ՝ առյուծի պես ինձ կորսաս ու դարձյալ ինձ կհաղթես։ Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։ Ուրեմն արգանդից ինձ ինչո՞ւ հանեցիր։ Երանի՜ մեռած լինեի, և ինձ որևէ աչք չտեսներ, Որ չեղածի պես լինեի, մորս արգանդից գերեզման տարվեի։ Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ Այնտեղ գնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը, Մառախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարին է նման, ու կարգ չկա, և լույսը մթին խավարի նման է”»։ Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց. «Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։ Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞։ Որ ասում ես՝ “Իմ խոսքը մաքուր է, և քո աչքի առաջ անարատ եմ”։ Սակայն երանի՜ թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։ Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ ։ Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։ Նրա չափը երկրից երկար է ու ծովից էլ լայն է։ Եթե նա անցնի ու բռնի և դատի հավաքի, նրան ո՞վ ետ կպահի։ Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։ Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։ Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես, Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։ Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։ Որովհետև թշվառությունը կմոռանաս, այն անցած ջրերի պես կհիշես։ Կյանքը կեսօրից էլ պայծառ կկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։ Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։ Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։ Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։ Հոբը պատասխանեց. «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։ Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։ Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։ Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։ Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։ Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։ Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։ Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել, Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։ Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։ Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։ Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։ Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։ Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։ Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։ Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։ Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս ։ Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։ Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։ Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։ Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։ Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։ Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։ Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։ «Այդ ամենն իմ աչքը տեսել է, ականջս՝ լսել ու հասկացել։ Ձեր իմացածի չափ ես էլ գիտեմ. ես ձեզանից պակաս չեմ։ Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։ Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։ Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։ Լսեցե՛ք, խնդրեմ, իմ պատճառաբանությունը և իմ շրթունքների փաստերին ակա՛նջ դրեք։ Աստծո՞ւ համար եք անիրավություններ խոսում, նրա՞ համար եք խաբեություններ խոսում։ Մի՞թե նրան եք կողմնակալություն անում կամ Աստծո՞ւ համար եք փաստաբանում։ Լա՞վ կլինի, որ նա ձեզ քննի, կամ նրան խաբել կարո՞ղ եք, ինչպես մարդուն են խաբում։ Նա ձեզ անպայման կհանդիմանի, եթե թաքուն էլ կողմնակալություն անեք։ Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։ Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։ Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։ Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։ Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։ Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։ Իմ խոսքը լա՛վ լսեցեք, և իմ ասածը ձեր ականջներին թող հասնի։ Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։ Ո՞վ է, որ ինձ հետ կվիճի, որովհետև այն ժամանակ պիտի լռեի ու մեռնեի։ Միայն այս երկու բաները մի՛ արա ինձ. այն ժամանակ քո երեսից չեմ թաքնվի։ Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։ Հետո կանչի՛ր, ու ես կպատասխանեմ, կամ ես կխոսեմ, և դու պատասխա՛ն տուր։ Իմ անօրենությունները և մեղքերն ինչքա՞ն են. իմ հանցանքն ու մեղքն ինձ իմացրո՛ւ։ Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։ Մի՞թե քամուց քշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։ Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։ Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։ Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։ «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։ Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։ Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։ Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր մի բան դուրս բերել. ոչ մեկը չի կարող։ Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։ Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։ Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։ Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած, Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։ Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։ Ջրերը ծովակից հոսում են, և գետը չորանում-ցամաքում է։ Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում։ Մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։ Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։ Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։ Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ ինձ, պիտի հավանեիր։ Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։ Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։ Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում, Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։ Դու նրան իսպառ ընկճում ես, ու նա գնում է։ Նրա դեմքը փոխելով՝ նրան բաց ես թողնում։ Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։ Մարդը միայն իր մարմնի ցավն է զգում, ու նրա հոգին նրա մեջ տրտմում է»։ Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց. «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի, Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։ Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։ Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։ Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։ Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։ Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։ Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։ Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։ Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որ խոսվեցին, մի՞թե քեզ քիչ են թվում։ Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում, Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդ այդպիսի խոսքեր ես հանում։ Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։ Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև, Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։ Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածը քեզ պատմեմ, Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերից ստացածը չթաքցրին։ Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։ Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։ Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։ Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։ Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։ Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։ Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։ Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։ Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։ Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։ Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։ Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նա Աստծու բերանի շնչով կոչնչանա։ Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։ Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։ Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։ Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։ Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։ Հոբը պատասխանեց. «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։ Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։ Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։ Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։ Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։ Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։ Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։ Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։ Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։ Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։ Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։ Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։ Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։ Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։ Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։ Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է, Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։ Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։ Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։ Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։ Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։ «Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։ Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մոտ են, և իմ աչքն անդադար տեսնում է նրանց հակառակությունները։ Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։ Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։ Ով որ իր ընկերներին դավի վարձատրության համար, նրա զավակների աչքերը պիտի նվաղեն։ Աստված ժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։ Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։ Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։ Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։ Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։ Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։ Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։ Իմ հուսացած միակ տունը գերեզմանն է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։ Ապականությանը գոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրն եք ”։ Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։ Հույսն ինձ հետ գերեզմանի դռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։ Բաղդատ Սոքեցին պատասխանեց. «Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։ Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։ Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։ Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։ Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։ Նրա քայլերի զորությունը պիտի տկարանա, ու նրա մտածածները պիտի տապալեն նրան։ Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։ Որոգայթը գարշապարը կբռնի. թակարդը նրա վրա կզորանա։ Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։ Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։ Նրա զորությունը պիտի սովածանա, և կործանումը կողքին պատրաստ է։ Նրա մորթի մասերն ուտի. մահվան անդրանիկն իր անդամները ուտի։ Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։ Նրա վրանում կործանումը պիտի բնակվի։ Նրա բնակարանի վրա ծծումբ պիտի ցանվի։ Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։ Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։ Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։ Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։ Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։ Ամբարիշտի բնակարաններում իրոք որ սա պիտի լինի. Աստծուն չճանաչողի տեղը սա է»։ Հոբը պատասխանեց. «Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։ Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։ Եվ եթե ես իրոք սխալվել եմ, իմ սխալմունքը միայն ինձ է վերաբերում։ Եթե իմ նկատմամբ մեծամտանալ եք ուզում և նվաստացումիս համար ինձ հանդիմանում եք, Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։ Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։ Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։ Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։ Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։ Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։ Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։ Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։ Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։ Իմ տանն ապրողներն ու իմ աղախիններն ինձ օտար են համարում. նրանց աչքին ես մի օտարական եմ դարձել։ Ծառայիս կանչում եմ, բայց նա չի պատասխանում. նրան իմ բերանով պետք է աղաչեմ։ Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։ Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։ Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։ Ոսկորներս մարմնիս ու մաշկիս են կպել, և ատամներիս կաշիով եմ ազատվել։ Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։ Ինչո՞ւ եք դուք էլ Աստծու նման ինձ հալածում. իմ մարմնից չե՞ք կշտանում։ Օ՜, երանի՜ թե խոսքերս գրի առնվեին, երանի՜ թե մի գրքում փորագրվեին՝ Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։ Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի. Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։ Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։ Պիտի ասեք՝ “Ինչո՞ւ ենք նրան հալածում”. և խնդրի արմատն իմ մեջ է։ Սրից վախեցե՛ք, որովհետև բարկության պատիժը սուրն է. իմացա՛ծ եղեք, որ դատաստան կա»։ Սոփար Նաամացին պատասխանեց. «Դրա մասին իմ խորհրդածություններն ինձ պատասխանել են տալիս, և այդ պատճառով խռովահույզ մտածումներս շտապեցնում են։ Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։ Այս բանը գիտե՞ս, որ հավիտենից ի վեր է, երկրիս վրա մարդու դրվելուց ի վեր, Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան. Թեկուզ նրա բարձրությունը մինչև երկինք հասնի, նրա գլուխն ամպին դիպչի, Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։ Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։ Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրա ապրած տեղը նրան կրկին չպիտի նայի։ Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։ Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։ Եթե չարությունը նրա բերանում քաղցր է, այն իր լեզվի տակ թաքցրել է, Խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն, Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։ Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։ Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։ Նա վտակները, մեղրի ու կարագի հեղեղների գետերը չպիտի տեսնի։ Վաստակածը նա ետ պիտի դարձնի և կուլ չպիտի տա։ Առևտրից իր շահածն իրեն չպիտի ուրախացնի։ Որովհետև աղքատներին ճնշել ու լքել է, հափշտակել տունը, որ ինքը չի շինել։ Քանի որ նա իր ներսում հանգստություն չի ճանաչել, իր գանձերով չպիտի կարողանա ազատվել ։ Նա ուտելու բան չունի. դրա համար նրա ունեցվածքը չպիտի հարատևի։ Առատության, լիության ժամանակ էլ նա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։ Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակ Աստված իր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։ Նա երկաթե զենքից պիտի փախչի, բայց պղնձե աղեղը նրան պիտի խոցի։ Աղեղը պիտի քաշի, և նետը նրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։ Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։ Երկինքը նրա հանցանքը մեջտեղ պիտի հանի. երկիրն էլ պիտի ընդդիմանա նրան։ Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ Ինքը Աստծու բարկության օրը պիտի տարվի։ Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։ Հոբը պատասխանեց. «Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։ Համբերո՛ղ եղեք, որ ես խոսեմ, ու իմ խոսելուց հետո՛ ծաղրեցեք։ Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։ Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։ Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։ Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։ Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։ Նրանց տներն ապահով են, երկյուղից ազատ, և Աստծու գավազանը նրանց վրա չէ։ Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։ Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։ Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։ Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ գերեզման կիջնեն։ Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք քո ճանապարհները չենք ուզում իմանալ։ Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, և մենք ի՞նչ օգուտ ունենք, որ նրան աղերսենք”։ Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։ Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։ Աստված իր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։ Նրանք կլինե՞ն, ինչպես հարդը՝ քամու առաջ, և ինչպես մղեղը, որին մրրիկն է հափշտակել։ Ասում ես. “Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։ Թող նրա աչքերն իր կորուստը տեսնեն, և թող նա Ամենակարողի բարկությունից խմի, Որովհետև նա իրենից հետո իր տան մասին ի՞նչ հոգս կունենա, երբ նրան հատկացված ամիսները վերջացել են”։ Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։ Մեկը մեռնում է իր առույգության մեջ՝ բոլորովին ապահով ու հանգիստ. Նրա մարմինը լիքն է, և նրա ոսկորները՝ լեցուն ծուծքով։ Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։ Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։ Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։ Որ ասում եք. “Ազնվականի տունը որտե՞ղ է, և որտե՞ղ է ամբարիշտների բնակության վրանը”։ Ճանապարհորդներին չե՞ք հարցրել ու նրանց նշանները չե՞ք հասկանում, Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։ Նրա դիմաց ո՞վ կդատապարտի նրա ընթացքը, և նրա արածի համար ո՞վ նրան կհատուցի։ Բայց նա գերեզմանոց է տարվում, և նրա տապանի վրա պահապան են դնում։ Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։ Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։ Եղիփազ Թեմանացին պատասխանեց. «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։ Ամենակարողին հաճելի կլինի՞, եթե արդար լինես, կամ շահ կլինի՞, եթե քո ճանապարհներն ուղիղ անես։ Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։ Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։ Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։ Ծարավին ջուր չէիր խմեցնում ու սովածից հացը խնայում էիր։ Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։ Որբևայրիներին դատարկ էիր ճանապարհ դնում, ու որբերի բազուկները կոտրվում էին։ Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։ Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։ Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։ Բայց դու ասում ես. “Աստված ի՞նչ գիտե. խավար մառախուղի միջի՞ց պիտի դատի։ Ամպերը նրա համար ծածկույթ են, ու նա չի նկատի. երկնքի կամարի վրա է շրջում”։ Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին, Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը, Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”, Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։ Արդարները պիտի տեսնեն և ուրախանան, իսկ անմեղները նրանց պիտի ծաղրեն՝ Ասելով. “Մեր թշնամիները ճշմարիտ կորել են, ու նրանց մնացորդին կրակն է լափել իրավ”։ Աստծուն հնազանդվի՛ր և խաղաղության մե՛ջ եղիր նրա հետ. դրանով քեզ բարիք կգա։ Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։ Եթե Ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես։ Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես, Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։ Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։ Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։ Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։ Երբ մեկին ցածրացնեն, դու կասես՝ բարձրությո՜ւն, և խոնարհ մարդուն նա կփրկի։ Նա նույնիսկ անմեղ չեղողին կազատի. նա քո ձեռքերի մաքրությամբ կազատվի»։ Հոբը պատասխանեց. «Գանգատս այսօր էլ դառն է, ստացածս հարվածը՝ իմ հառաչանքից ծանր։ Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի։ Իմ դատը նրա առաջ բաց կանեի և բերանս փաստերով կլցնեի։ Կիմանայի այն խոսքերը, որոնցով պիտի պատասխաներ, և կհասկանայի, թե ինձ ի՛նչ կասեր։ Մի՞թե մեծ զորությամբ կընդդիմանար ինձ։ Ո՛չ, այլ նա ինձ ուշադրություն կդարձներ։ Այնտեղ նրա հետ ուղղամիտ մարդն է վիճաբանում։ Ու ես իմ Դատավորից հավիտյան կազատվեի։ Ահա դեպի արևելք եմ գնում, ու նա չկա, դեպի արևմուտք, ու նրան չեմ նկատում, Դեպի հյուսիս, որտեղ ինքն է գործում, չեմ նշմարում. հարավո՞ւմ է թաքնվում, ես նրան չեմ տեսնում։ Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։ Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել։ Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնից ավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։ Բայց նա մեկ մտածում ունի. նրան ո՞վ ետ կկանգնեցնի. սրտի ուզածն անում է։ Այսպես նա ինձ համար սահմանվածը կկատարի. նրա մոտ սրանց նման շատ բաներ կան։ Դրա համար իր ներկայությունից զարհուրում եմ. մտածելիս նրանից վախենում եմ։ Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։ Որովհետև ես չոչնչացա խավարի պատճառով, ոչ էլ մութը երեսս ծածկեց»։ «Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։ Չարագործները սահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում, Որբերի էշը քշում-տանում են, որբևայրու եզը գրավ են վերցնում, Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։ Ահա անապատի մեջ վայրի էշերի պես նրանք իրենց գործին են դուրս գալիս՝ վաղ առավոտից որս ման գալու. տափաստանը նրանց զավակներին հաց է տալիս։ Իրենց չպատկանող արտն են հնձում և ամբարիշտի այգին քաղում։ Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։ Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։ Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։ Մերկ՝ առանց հագուստի են ման գալիս ու սոված-ծարավ՝ խուրձ են կրում։ Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։ Քաղաքում մեռնող մարդիկ հեծեծում են, ու վիրավորների հոգին աղաղակում է օգնության համար, սակայն Աստված դա անզգամություն չի համարում։ Նրանք լույսի հակառակորդներ են. նրա ճանապարհները չեն ճանաչում ու նրա շավիղներում չեն մնում։ Մարդասպանն արշալույսին է վեր կենում, աղքատին ու տնանկին սպանում և գիշերը գողի նման կողոպտում է։ Շնացողի աչքն էլ է երեկոյին սպասում՝ ասելով. “Ինձ աչք չի տեսնի”, ու երեսին քող է դնում։ Մթով ծակում են այն տները, որոնց վրա ցերեկով նշան են արել. նրանք լույս ասած բանը չգիտեն։ Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։ Ջրի երեսին այն թեթև է. երկրի վրա նրանց բաժինն անիծյալ է, դեպի այգիների ճանապարհը չի դառնում։ Երաշտն ու տապը ձյան ջրերն են հափշտակում, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։ Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է, Որ չարչարում է չբեր-ամուլին և որբևայրուն բարիք չի անում։ Բայց Աստված իր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։ Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։ Մի քիչ ժամանակ բարձրացան, բայց ոչնչացան, ամենքի պես գլորվեցին ու խորտակվեցին և հասկի գլխի պես կտրվեցին։ Եթե այսպես չէ, ո՞վ է ինձ սուտ հանում և ցույց տալիս, որ իմ ասածները ոչինչ են»։ Բաղդատ Սոքեցին պատասխանեց. «Իշխանությունն ու վախը նրա մոտ են. նա իր բարձրերում խաղաղություն է անում։ Նրա գնդերին մի՞թե թիվ կա, և նրա լույսն ո՞ւմ վրա չի ծագում։ Աստծու առաջ մարդ ինչպե՞ս կարդարանա, կամ կնոջից ծնվածն ինչպե՞ս մաքուր կլինի։ Տե՛ս, մինչև անգամ լուսինը լուսավոր չէ. աստղերն էլ նրա աչքի առաջ մաքուր չեն։ Ո՜ւր մնաց մարդը, որ մի որդ է, և մարդու որդին, որ մի ճիճու է»։ Հոբը պատասխանեց. «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։ Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։ Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։ Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։ Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։ Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում. Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։ Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։ Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։ Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։ Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։ Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։ Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։ Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց. «Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է, Ու քանի դեռ շունչս իմ մեջ է, և Աստծու հոգին իմ ռունգերի մեջ կա, Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։ Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։ Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկի համար իմ խիղճը չի տանջում ինձ։ Թող իմ թշնամին ամբարիշտի պես լինի, իմ հակառակորդը՝ անզգամի պես։ Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։ Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։ Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։ Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։ Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։ Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։ Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։ Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։ Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի, Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։ Նա իր տունը ցեցի ոստայնի պես է շինում և այն խրճիթի նման, որ այգու պահապանն է շինում։ Հարուստ կպառկի, բայց այլևս այդպես չի անի. աչքերը կբացի, բայց ամեն ինչ կորած լինի։ Արհավիրքը ջրերի պես նրան կհասնի. գիշերը փոթորիկը կգողանա նրան։ Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։ Նրան վեր կգցի ու չի խնայի, մինչ նա կփախչի նրա զորությունից։ Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։ «Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են. Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձ դառնում։ Մարդը վերջ է դնում խավարին և մինչև վերջին ծայրը քննում է. ծածուկ պահված հանքաքարերը, որոնք մթության և խոր խավարի մեջ են։ Նրանք հանքի մի խոռոչ են բացում ձորի մեջ՝ մարդկանց բնակավայրից հեռու, ճամփորդներից մոռացված. նրանք առանձին են աշխատում, խոռոչի մեջ, պարաններին կառչած։ Հողը, որից հաց է դուրս գալիս, և որի տակը կրակով տակնուվրա է լինում. Նրա քարերից շափյուղա է դուրս գալիս, ու նրա մեջ ոսկու ավազ կա։ Գիշատիչ թռչունը նրա ճանապարհը չգիտե, և անգղի աչքն այն չի տեսել։ Վայրի գազաններն այն կոխ չեն տվել. առյուծը նրա վրայով չի անցել։ Նա ապառաժին է ձեռքը գցում, սարերը հիմքից տապալում, Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։ Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույս աշխարհ է հանում։ Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։ Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։ Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։ Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։ Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։ Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։ Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։ Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։ Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։ Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։ Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։ Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։ Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։ Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս, Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ, Այս ամբողջ ժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։ Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց. «Երանի՜ առաջվա ամիսների և այն օրերի պես լինեի, երբ Աստված ինձ պահում էր. Երբ նրա ճրագն իմ գլխի վերևում լույս էր տալիս, խավարում նրա լույսով էի գնում։ Երբ ես իմ երիտասարդության օրերում էի, և Աստծու մտերմությունն իմ վրանի վրա էր։ Երբ Ամենակարողը դեռևս ինձ հետ էր, և իմ որդիներն իմ շուրջն էին։ Երբ իմ ճանապարհը կարագով էր լվացված, և ապառաժը կողքիս ձիթայուղի աղբյուրներ էր բխեցնում։ Իսկ երբ քաղաքի դուռն էի դուրս գալիս, իմ աթոռը հրապարակում էի դնում. Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում. Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում. Ազնվականների ձայնը կտրվում էր, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։ Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։ Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։ Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։ Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։ Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։ Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը, Փշրում էի անիրավի ժանիքը, նրա ատամների որսը խլում։ Ասում էի. “Բույնիս կողքին կմեռնեմ և օրերս ավազի չափ կշատացնեմ. Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի. Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։ Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։ Իմ խոսելուց հետո չէին կրկնում, և իմ ասածը կաթում էր նրանց վրա։ Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։ Եթե ես նրանց վրա ծիծաղեի, դժվար թե հավատային. իմ ուրախ երեսը չէին նսեմացնի։ Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։ «Բայց հիմա ինձ ծաղրում են տարիքով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ հոտերի շների հետ էլ չէի ուզենա դնել։ Ինձ ի՞նչ պետք էր զորությունը նրանց ձեռքերի, որոնց առույգությունը կորել էր։ Չքավորությունից և քաղցից ցամաքած՝ գիշեր ժամանակ անապատ էին փախչում, ավերակ և ամայի վայրեր. Մացառի վրայի մոլոշն էին քաղում և գիհիի արմատը՝ իբրև իրենց հաց։ Նրանք հասարակությունից դուրս էին արվում, ու նրանց վրա գոռում էին, ինչպես գողերի վրա։ Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնին ու ապառաժների ծերպերում։ Մացառներում բղավում էին, եղինջների տակ էին հավաքվում։ Հիմարների որդիներ և աննշան մարդկանց որդիներ լինելով՝ երկրից դուրս էին քշվում։ Բայց հիմա ես եմ նրանց խաղքը դարձել, նրանց համար ծաղրուծանակի առարկա եղել։ Ինձանից զզվում են, ինձանից հեռանում և չխնայելով երեսիս են թքում։ Քանի որ Աստված իմ աղեղի լարը թուլացրել է ու ինձ նեղել, նրանք էլ իմ առաջ սանձը բաց են թողել։ Աջ կողմից խաժամուժն է կանգնում, ոտքերս հրում, ինձ համար իրենց կործանումի ճանապարհները պատրաստում։ Նրանք իմ շավիղները քանդում են ու իմ կործանման համար են աշխատում՝ առանց որևէ օգնականի կարիքն ունենալու։ Գալիս են ասես լայն խրամատով, դղրդոցով գլորվելով են գալիս։ Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։ Հիմա հոգիս իմ ներսում հալվում է. ինձ տրտմության օրերն են պատել։ Գիշերները ոսկորներս ծակվում, ինձ կրծող ցավերը չեն հանգստանում։ Աստված մեծ ուժով բռնեց իմ հագուստները. պատմուճանիս օձիքից պինդ բռնեց ինձ։ Նա ինձ ցեխն է գցել, և ես հողի ու մոխրի նման եմ դարձել։ Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, բայց դու ինձ ուշադրություն չես դարձնում։ Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։ Դու ինձ բարձրացրել ես, քամուն հեծնել տվել ու մրրիկով ցնցում ես։ Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։ Արդարև, երբ Աստված իր ձեռքը երկարում է, աղաչանք չկա, և երբ կորստյան է մատնում, նրանց համար՝ աղաղակ։ Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։ Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։ Աղիքներս եռացին ու չհանդարտվեցին. տրտմության օրերը դեմս ելան։ Սևացած եմ ման գալիս, բայց ոչ արևից. ժողովրդի մեջ կանգնում եմ օգնության համար։ Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։ Մաշկս ինձ վրա սևացել է և կթափվի, ոսկորներս՝ տաքությունից վառվել։ Սգի է փոխվել իմ քնարը, ու իմ սրինգը՝ լալկանների ձայնի»։ «Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ։ Եվ Աստծուց՝ վերևից, ի՞նչ բաժին կա, ի՞նչ ժառանգություն Ամենակարողից՝ բարձրերից։ Չէ՞ որ ամբարիշտի համար կորուստ կա, և անօրենություն գործողների համար՝ աղետ։ Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։ Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել, Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։ Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել, Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։ Եթե սիրտս մի կնոջ նկատմամբ մոլորվել է, ու ես իմ հարևանի դռանը դարանամուտ եմ եղել, Թող իմ կինն ուրիշի համար աղորիք պտտի, և նրա վրա ուրիշները թեքվեն։ Որովհետև դա պղծագործություն է և դատավորների կողմից դատելի հանցանք։ Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։ Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել, Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբ Աստված վեր կենա, ու երբ նա քննի, ես ի՞նչ պատասխան կտամ։ Չէ՞ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։ Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել, Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել (Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի), Եթե մեկի եմ հանդիպել՝ առանց հագուստի, որ կորսվելու վրա է, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի, Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել, Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում պաշտպան ունեմ, Թող իմ թևն ուսիցս վայր ընկնի, և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։ Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։ Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես, Եթե ես ուրախացել եմ, որ ունեցվածքս շատ է, և ձեռքս առատություն է գտել, Կամ եթե արևին եմ նայել փայլելիս և լուսնին՝ պայծառությամբ գնալիս, Կամ սիրտս թաքուն խաբվել է նրանց պաշտելու, ու բերանս ձեռքս համբուրել՝ որպես մեծարանք նրանց (Սա էլ դատավորների կողմից դատելի հանցանք է, որովհետև ուրացած կլինեի Աստծուն՝ ի վերուստ), Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել (Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի), Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով. (Սակայն պանդուխտը դրսում չէր օթևանում. դռներս ճամփորդի առաջ բաց էի անում), Եթե մեղքս Ադամի պես թաքցրել եմ, որպեսզի իմ հանցանքը ծոցումս պահեմ, Որովհետև մեծ բազմությունից վախեցած եմ եղել, ու տոհմերի անարգանքն ինձ զարհուրեցրած է եղել, և ես լռած ու դուրս եկած չեմ եղել, Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։ Անշուշտ այն ուսիս վրա կառնեի ու պսակի պես ինձ վրա կկապեի։ Քայլերիս հաշիվը նրան կհայտնեի, իշխանի պես կմոտենայի նրան։ Եթե իմ երկիրն իմ դեմ աղաղակել է, ու նրա բոլոր ակոսները լաց են եղել, Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել, Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։ Հոբի խոսքերը վերջացան։ Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։ Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։ Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։ Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։ Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։ Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։ Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։ Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։ Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։ Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։ Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։ Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։ Միայն թե չասեք՝ “Իմաստություն գտանք. Աստվա՛ծ կարող է հաղթել նրան, ոչ թե մարդը”։ Նա իր խոսքերն իմ դեմ չշարեց. ես էլ ձեր խոսքերով չեմ իրեն պատասխանելու»։ Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։ «Ես սպասեցի, մինչև որ այլևս չէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։ Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։ Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։ Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։ Ասեմ, որ հանգստանամ, շրթունքներս բաց անեմ ու պատասխանեմ։ Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։ Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։ «Սակայն լսի՛ր իմ խոսքը, ո՛վ Հոբ, և իմ բոլոր ասածներին ակա՛նջ դիր։ Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։ Խոսքերս սրտիս ուղղությամբ են, և շրթունքներս պարկեշտությամբ պիտի խոսեն, ինչ որ գիտեմ։ Աստծու Հոգին է ինձ ստեղծել, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել։ Եթե կարող ես, ինձ պատասխա՛ն տուր, պատրաստվի՛ր, առա՛ջս կանգնիր։ Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։ Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։ Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի. Դու ասում ես. “Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։ Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։ Ոտքերս կոճղի մեջ է դնում, բոլոր շավիղներս դիտում է”։ Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։ Ինչո՞ւ ես վիճում նրա հետ, ով իր բոլոր արարքների համար պատասխան չի տա։ Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում. Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։ Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է, Որ մարդուն վատ գործից հեռացնի և հպարտությունից պահի, Որ պահպանի նրա հոգին գերեզմանից, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։ Մարդը իր անկողնուն պատժվում է ցավով, ու նրա ոսկորների ցավը սաստիկ է լինում։ Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։ Նրա մարմնի միսն այնպես է հալվում, որ էլ չի երևում. դուրս են ցցվում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում։ Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։ Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի, Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։ Այն ժամանակ նրա մարմինը երեխայի մսից փափուկ կլինի. նա ետ կդառնա դեպի իր մանկության օրերը։ Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։ Աստված մարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։ Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց. Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”, Ահա այս ամենն Աստված մարդու հետ երկու և երեք անգամ է կատարում, Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։ Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, լո՛ւռ կաց, ու թող ես խոսեմ։ Եթե խոսք ունես, պատասխանի՛ր ինձ, ասա՛, որովհետև ուզում եմ քեզ արդարացնել։ Եթե չունես, ի՛նձ լսիր, լռի՛ր, ու թող ես քեզ իմաստություն սովորեցնեմ»։ Եղիուսը պատասխանեց. «Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։ Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։ Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։ Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։ Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։ Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։ Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս. Որովհետև ասաց. “Մարդս Աստծու հաճության մեջ լինելուց օգուտ չունի”։ Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։ Որովհետև Աստված մարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։ Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։ Ո՞վ երկիրը նրան հանձնեց և ամբողջ աշխարհն ո՞վ կարգի դրեց։ Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել, Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։ Եթե հասկացողություն ունես, լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։ Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։ Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։ Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։ Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։ Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։ Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։ Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։ Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։ Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։ Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է. Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։ Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։ Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է. Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։ Որովհետև Աստծուն պետք է ասել. “Ես պատիժ կրեցի, այլևս չարիք չեմ գործի։ Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։ Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։ Իմաստուններն ինձ կասեն, նույնպես և գիտուն մարդը, որ ինձ լսում է. “Հոբը գիտենալով չի խոսել, ու նրա խոսքերն իմաստությամբ չեն”։ Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։ Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։ Եղիուսը պատասխանեց. «Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։ Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։ Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ. Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։ Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։ Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։ Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։ Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։ Բայց մեկը չի ասում. “Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս. Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։ Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։ Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։ Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։ Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել, Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։ Եղիուսը շարունակելով ասաց. «Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։ Ես իմ իմացածը հեռվից պիտի բերեմ և իմ Արարչին արդարություն պիտի ընծայեմ։ Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։ Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհի. նա հզոր է իր հասկացողության կարողությամբ։ Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։ Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։ Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու թշվառության պարաններով բռնվեն, Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։ Նրանց ականջը խրատին բաց կանի ու կպատվիրի, որ իրենց անօրենությունից ետ կանգնեն։ Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։ Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։ Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։ Նրանց անձը երիտասարդ տարիքում կվախճանվի, ու նրանց կյանքը՝ իգացողների հետ։ Նա աղքատին կազատի իր թշվառության ժամանակ, բռնությամբ կբացի նրանց ականջը։ Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։ Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու են քեզ։ Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։ Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։ Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։ Զգուշացի՛ր, որ դեպի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։ Տե՛ս, Աստված իր զորությամբ բարձր է. նրա պես ուսուցանող ո՞վ կա։ Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վ կհամարձակվի ասել. “Անիրավություն արեցիր”։ Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։ Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։ Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։ Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում, Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։ Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։ Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։ Որովհետև ազգերին դրանցով է դատում և առատորեն ուտելիք շնորհում։ Նա իր ձեռքերում կայծակն է ծածկում և այն դեպի նշանակետն ուղղում։ Փոթորկի մասին նրա շառաչյունն է ազդարարում. անգամ հոտերը գիտեն նրա մոտենալը»։ «Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։ Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։ Ամբողջ երկնքի տակ է այն արձակում և իր լույսը՝ մինչև երկրի ծայրերը։ Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։ Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։ Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։ Ամեն մարդու ձեռք կնքում է, որ իր ստեղծած բոլոր մարդիկ հասկանան։ Գազանները որջերն են մտնում, իրենց այրերում բնակվում։ Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։ Աստծու շնչից սառնամանիքներ են գոյանում, և ընդարձակ ջրերը սառչում են։ Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։ Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։ Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։ Ո՛վ Հոբ, լսի՛ր այս բաները, կանգնի՛ր ու մտածի՛ր Աստծու սքանչելի գործերի մասին։ Գիտե՞ս արդյոք, թե Աստված դրանք ինչպե՛ս է կարգավորում և իր ամպի կայծակը փայլեցնում։ Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։ Գիտե՞ս, որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։ Նրա հետ միասին կարո՞ղ ես երկինքը տարածել, որ ձուլած հայելու պես ամուր է։ Սովորեցրո՛ւ մեզ, թե նրան ի՛նչ ասենք. խավարի պատճառով չենք կարողանում մեր խոսքը դասավորել։ Իրեն թող ասեն՝ արդյոք ես ուզո՞ւմ եմ խոսել իր հետ։ Որևէ մեկը երբևիցե փափագե՞լ է կործանվել։ Եվ հիմա ոչ մեկը չի կարողանա նայել լույսին, որ փայլում է երկնքի վրա, երբ քամին անցնում է ու մաքրում դրանք։ Հյուսիսից ոսկի և պայծառություն է գալիս, Աստծու շուրջը ահեղ փառավորություն կա։ Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։ Դրա համար մարդիկ նրանից վախենում են. նա չի նայի ինքն իր մեջ իմաստուն եղող ոչ մեկի»։ Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։ Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։ Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։ Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։ Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել, Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։ Ծովը դռներով ո՞վ կապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։ Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր, Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։ Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես, Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։ Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված. Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։ Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։ Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։ Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։ Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը, Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։ Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։ Արդյոք ձյան շտեմարանները գնացե՞լ ես և կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես, Որ ես նեղության ժամանակի համար եմ պահել, կռվի և պատերազմի օրվա համար։ Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։ Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար, Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա, Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։ Անձրևը հայր ունի՞ արդյոք, կամ ո՞վ է ցողի կաթիլները ծնողը։ Ո՞ւմ արգանդից է սառույցը դուրս գալիս, ու երկնքի եղյամը ծնողն ո՞վ է։ Ջրերը քարի պես պնդանում են, և անդունդի երեսը սառչում է։ Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել կամ Հայկի կապերը բաց անել։ Համաստեղություններն իրենց ժամանակին կհանե՞ս և Արջն իր զավակների հետ կառաջնորդե՞ս։ Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։ Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի, Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։ Մարդու ներսում ո՞վ իմաստություն դրեց, կամ սրտին ո՞վ խելք տվեց։ Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում, Երբ փոշին անձրևից զանգված է դառնում, ու հողի կոշտերն իրար են կպչում։ Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել, Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։ Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։ «Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։ Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս, Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։ Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։ Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել, Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները. Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում. Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։ Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։ Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։ Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։ Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։ Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։ Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում. Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։ Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։ Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։ Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։ Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։ Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։ Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։ Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։ Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։ Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։ Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։ Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։ Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։ Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։ Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։ Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։ Տերը, Հոբին պատասխանելով, ասաց. «Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։ Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց. «Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։ Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։ Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց. «Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։ Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։ Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։ Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ, Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան. Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում. Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով. Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։ Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։ Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։ Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։ Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։ Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։ Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։ Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։ Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։ Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։ Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։ «Կարո՞ղ ես լևիաթանին կարթով քաշել ու նրա լեզուն պարանով վար ձգել։ Կարո՞ղ ես նրա քթին պարան անցկացնել ու նրա ծնոտը կարթով ծակել։ Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։ Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։ Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։ Առևտրական ընկերակիցները կարո՞ղ են նրանով առևտուր անել, նրան վաճառականների մեջ բաժանել։ Նրա մորթին կարո՞ղ ես սլաքներով լցնել, նրա գլուխը՝ ձկնորսի տեգերով։ Ձեռքդ վրա՛ն դիր և պատերա՛զմ հիշիր. կրկին չես անի։ Նրան նվաճելու հույսը դատարկ է մնում. արդեն միայն նրա տեսքը բավական է զարհուրեցնելու համար։ Մի այնպիսի հանդուգնը չկա, որ նրան գրգռի. ուրեմն ո՞վ է նա, որ իմ առջև կանգնի։ Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։ Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին։ Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։ Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա։ Նրա վահանների ամրությունն իր խրոխտությունն է. կպած են, պինդ կնքված. Մեկը մյուսին այնպես է կպած, որ նրանց միջով քամի էլ չի անցնի։ Իրար կցված են, իրար բռնել են, իրարից հնարավոր չէ բաժանել։ Նրա փռշտոցից լույս է փայլում. նրա աչքերն արշալույսի կոպերի նման են։ Նրա երախից ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր թռչկոտում։ Քթանցքերից ծուխ է դուրս գալիս, ինչպես եռացող պղնձե կաթսայից, որ վառվող ցախի վրա է։ Նրա շունչը կայծերն է վառում, և բոց է քլքլում նրա բերանից։ Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է ։ Նրա մսի ծալքերը իրար լավ կպած են. նրանք հաստատ են և անշարժ։ Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։ Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։ Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։ Երկաթը նա հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։ Աղեղի նետերը նրան չեն փախցնի. պարսաքարերը նրա համար մղեղ են դառնում։ Մահակները շյուղից է համարում իր համար, տեգի ճոճվելու վրա ծիծաղում է։ Նրա տակ սրածայր խեցիներ կան. կամնասայլի հետք է թողնում ցեխի վրա իր հետևից։ Անդունդը կաթսայի պես եռացնում է և ծովը իր հետևից սպեղանու եռացող կաթսայի է վերածում։ Ճանապարհը ետևից փայլող հետք է թողնում. անդունդն սպիտակած մազի պես է երևում։ Նրա նմանը երկրի վրա չկա. նա աներկյուղ է ստեղծվել։ Նա արհամարհանքով է նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։ Հոբը պատասխանեց Տիրոջն ու ասաց. «Գիտեմ, որ ամեն բան կարող ես անել, ու քո մտադրությունը չի կարելի շեղել։ Ինքն ո՞վ է, որ խորհուրդն անգիտությամբ պահի։ Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել. ինձ համար սքանչելի են եղել, ու ես չեմ իմացել։ Խնդրում եմ, լսի՛ր, և ես պիտի խոսեմ։ Քեզ հարցնում եմ, և դու պատասխան պիտի տաս ինձ։ Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Դրա համար իմ անձն արհամարհում եմ և հողի ու մոխրի վրա զղջում»։ Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։ Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին գնացին և արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց։ Եվ Տերը Հոբի աղոթքն ընդունեց։ Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։ Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։ Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։ Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ունեցավ։ Մի աղջկա անունը Եմիմա, երկրորդի անունը Կասիա և երրորդի անունը Կերեն-Հափուք դրեց։ Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։ Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։ Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։ Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում, Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով. «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով. «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։ Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։ Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։ Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։ Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։ Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։ Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։ Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։ Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։ Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։ Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։ Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։ Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։ Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։ Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։ Բայց իմացե՛ք, որ Տերն ընտրել է իր հավատարիմ ծառային. Տերը լսում է, երբ որ կանչում եմ նրան։ Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։ Արդարության զոհե՛ր ընծայեք և Տիրո՛ջն ապավինեք։ Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ». բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր։ Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։ Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։ Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին։ Ուշադրությամբ լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղաչում։ Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ, Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։ Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։ Դու կկորցնես սուտ խոսողներին. Տերը գարշում է արյունահեղ և նենգավոր մարդուց։ Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։ Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով, հարթի՛ր քո ճանապարհն իմ առջև, Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։ Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով. իրենց բազում ամբարշտությունների համար դե՛ն գցիր նրանց, որովհետև ապստամբեցին քո դեմ։ Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։ Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։ Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։ Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ... Դարձի՛ր, Տե՛ր, ազատի՛ր իմ անձը. փրկի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։ Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։ Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։ Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։ Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։ Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։ Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։ Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ, Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։ Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ, Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին, Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։ Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։ Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։ Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։ Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։ Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա. Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել, Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։ Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։ Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։ Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։ Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։ Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։ Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ. Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝ Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։ Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։ Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից, Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։ Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։ Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ, և դու քանդեցիր նրանց քաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։ Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։ Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։ Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։ Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ, Որպեսզի Սիոնի աղջկա դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։ Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։ Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։ Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։ Տե՛ր, ահ ու վա՛խ դիր նրանց մեջ. թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։ (Սելա)։ Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։ Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։ Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։ Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն. Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։ Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։ Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա »։ Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։ Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։ Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։ Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։ Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։ Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։ Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։ Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։ Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։ Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։ Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր, Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։ Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։ Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։ Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։ Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։ Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի, Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։ Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։ Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։ Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները, Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։ «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։ Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։ Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։ Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։ Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։ Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։ Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։ Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։ Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։ Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։ Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։ Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։ Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։ Տե՛ր, ո՞վ կկենա քո վրանում, և ո՞վ կբնակվի քո սուրբ լեռան վրա։ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։ Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում, Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։ Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։ Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։ Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։ Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։ Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։ Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։ Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։ Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա, Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։ Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։ Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։ Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։ Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։ Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։ Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։ Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։ Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։ Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։ Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։ Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։ Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։ Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։ Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։ Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։ Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։ Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։ Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։ Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։ Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։ Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։ Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։ Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան, դարձան կարկուտ և կրակի կայծակներ։ Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։ Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։ Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։ Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։ Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։ Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։ Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։ Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ, Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։ Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։ Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից, Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։ Հավատարիմի հետ հավատարիմ ես և անբիծ ես անբիծի հետ։ Մաքուրի հետ մաքուր ես և խոտորի հետ՝ խոտոր, Որովհետև դու ազատում ես աղքատ ժողովրդին և խոնարհեցնում ես ամբարտավան աչքերը։ Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը, Որովհետև քեզնով արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։ Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել, Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի. Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը, Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։ Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։ Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։ Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։ Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։ Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։ Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։ Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։ Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։ Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։ Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։ Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։ Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։ Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։ Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին, Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։ Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։ Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։ Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը, Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց, Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։ Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։ Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։ Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։ Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։ Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։ Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։ Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։ Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։ Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա) Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։ Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։ Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։ Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։ Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։ Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։ Ո՜վ Տեր, քո զորությամբ ուրախ է թագավորը, և որքա՜ն է ցնծում նա քո փրկությամբ։ Դու տվեցիր նրան իր սրտի փափագը և նրա շրթունքների խնդրանքը չարգելեցիր նրան։ (Սելա)։ Որովհետև դու բարի օրհնություններ ես բերում նրա առաջ և մաքուր ոսկե պսակ ես դնում նրա գլխին։ Նա կյանք խնդրեց քեզնից, և դու նրան երկար օրեր տվեցիր հավիտյանս հավիտենից։ Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա, Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր քո ուրախությամբ, Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։ Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին, և քո աջը կգտնի քեզ ատողներին։ Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։ Նրանց զավակին կկորցնես երկրից և նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից, Որովհետև նրանք չարիք խորհեցին քո դեմ, նենգ խորհուրդներ հնարեցին, բայց չպիտի հաջողեն։ Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։ Ո՜վ Տեր, բարձրացի՛ր քո զորությամբ, և մենք պիտի երգենք ու փառաբանենք քո զորությունը։ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։ Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։ Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։ Մեր հայրերը վստահեցին քեզ. նրանք հուսացին, և դու ազատեցիր նրանց։ Քեզ աղաղակեցին և ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա և չամաչեցին։ Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք։ Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ, բացում են իրենց շրթունքները և իրենց գլուխը շարժում։ Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։ Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։ Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։ Մի՛ հեռացիր ինձնից, որովհետև մոտ է նեղությունը, որովհետև օգնող չկա։ Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։ Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։ Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ, Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։ Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։ Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։ Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։ Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։ Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։ Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։ Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։ Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։ Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։ Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։ Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև, Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։ Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։ Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։ Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ « Այս ամենը նա արեց»։ Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։ Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։ Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։ Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։ Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։ Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։ Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։ Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։ Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։ Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։ Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ Աստվա՛ծ իմ, քեզ հուսացի, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։ Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։ Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները։ Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։ Հիշի՛ր, ո՜վ Տեր, քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։ Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։ Բարի և ուղիղ է Տերը. դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։ Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։ Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։ Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։ Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։ Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։ Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։ Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։ Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։ Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։ Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։ Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։ Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։ Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։ Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։ Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։ Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։ Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։ Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր, Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։ Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։ Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ, Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։ Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։ Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։ Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։ Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։ Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։ Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։ Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, երբ կանչեմ. ողորմի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ։ Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։ Մի՛ ծածկիր ինձնից քո երեսը, մի՛ մերժիր ծառայիդ քո բարկությամբ. դու ես իմ օգնությունը. մի՛ հեռացրու ինձ և մի՛ լքիր ինձ, ո՛վ իմ փրկության Աստված։ Թեկուզև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ թշնամիների պատճառով։ Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։ Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։ Տե՛ր, քեզ եմ կանչում. իմ Վե՛մ, լուռ մի՛ մնա իմ հանդեպ. չլինի թե դու ինձ համար լուռ մնաս, և ես նմանվեմ գերեզման իջնողներին։ Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։ Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։ Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։ Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։ Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։ Տերն իր ժողովրդի զորությունն է. նա է փրկության զորավոր ամրոցն իր օծյալի համար։ Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։ Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։ Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։ Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։ Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։ Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։ Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։ Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։ Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։ Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։ Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։ Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։ Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ և իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։ Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։ Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։ Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով, Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։ Իմ հաջողության մեջ ես ասացի. «Իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան»։ Տե՛ր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։ Տե՛ր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։ Ի՞նչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը. մի՞թե հողը պիտի փառաբանի քեզ և պատմի քո ճշմարտությունը։ Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։ Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։ Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։ Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, թող որ չամաչեմ հավիտյան. քո արդարությամբ ազատի՛ր ինձ։ Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ, Որովհետև դու ես իմ վեմը և ամրոցը. քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։ Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի դու ես իմ ապաստանը։ Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված։ Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։ Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։ Ինձ չմատնեցիր թշնամու ձեռքը, այլ իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։ Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։ Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։ Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։ Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։ Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։ Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։ Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։ Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում, Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։ Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։ Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։ Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունը ցույց տվեց ինձ մի ամուր քաղաքի մեջ։ Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։ Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։ Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։ Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։ Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։ Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց, Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։ Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։ Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։ Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։ Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։ Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։ Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։ Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։ Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։ Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։ Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։ Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։ Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։ Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։ Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։ Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։ Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։ Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։ Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։ Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։ Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։ Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։ Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։ Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։ Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։ Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։ Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։ Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։ Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։ Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։ Հանի՛ր գեղարդը և փակի՛ր ճանապարհն ինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։ Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։ Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածի նրանց։ Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։ Որովհետև զուր տեղը որոգայթ լարեցին ինձ բռնելու համար, զուր տեղը փոս փորեցին իմ անձի համար։ Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։ Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա նրա փրկությամբ։ Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։ Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։ Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։ Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։ Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։ Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։ Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։ Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։ Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։ Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։ Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։ Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։ Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։ Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։ Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։ Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց », թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։ Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։ Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։ Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։ Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։ Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։ Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և բարի գործելուց։ Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։ Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։ Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։ Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։ Նրանք լիանում են քո տան առատությունից, և քո բերկրանքի գետից խմել ես տալիս նրանց, Որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և քո լույսով ենք լույսը տեսնում։ Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։ Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։ Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։ Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։ Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։ Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։ Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։ Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես, Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։ Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։ Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։ Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։ Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։ Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։ Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։ Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։ Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։ Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։ Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։ Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։ Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։ Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։ Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։ Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։ Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։ Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։ Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։ Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։ Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։ Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։ Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։ Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։ Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։ Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։ Ո՜վ Տեր, քո բարկությամբ մի՛ հանդիմանիր ինձ և մի՛ խրատիր ինձ քո զայրույթով, Որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։ Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարության պատճառով։ Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։ Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։ Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։ Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։ Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։ Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։ Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։ Որովհետև ես ապավինում եմ քեզ, Տե՛ր, դու պիտի պատասխան տաս, ո՜վ Տեր իմ Աստված։ Որովհետև ես ասացի. «Թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան»։ Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։ Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։ Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։ Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։ Մի՛ լքիր ինձ, ո՜վ Տեր իմ Աստված, մի՛ հեռացիր ինձնից։ Շո՛ւտ արա, որ ինձ օգնես, ո՜վ Տեր, իմ Փրկի՛չ։ Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։ Բերանս փակեցի պապանձվելով. բարի բանից էլ լուռ մնացի, և ցավս շատ գրգռվեց։ Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։ Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։ Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։ Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։ Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։ Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։ Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։ Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։ Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։ Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։ Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։ Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։ Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։ Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։ Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը և չի հետևում ամբարտավաններին և ստության հետևողներին։ Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին, բայց դրանք շատ են թիվ ու համարից։ Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։ Հետո ասացի. «Ահա ես գալիս եմ. գրքի թերթերում գրված է իմ մասին. Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։ Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ. ահա չեմ արգելում իմ շրթունքներին, Տե՛ր. դու գիտես այդ։ Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։ Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։ Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։ Տե՛ր, բարեհաճի՛ր ինձ փրկել. Տե՛ր, փութա՛ օգնելու ինձ։ Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։ Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ...» Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։ Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։ Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։ Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, որովհետև մեղանչեցի քո առաջ»։ Իմ թշնամիները չարախոսում են իմ մասին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, և անունը կորչի»։ Եվ եթե մեկը գալիս է ինձ տեսնելու, ունայնություն է խոսում. նրա սիրտն անօրենություն է կուտակում իր մեջ, և նա դուրս է գնում և ասում ուրիշին։ Ինձ ատողները միասին փսփսում են իմ մասին և չարություն են հնարում իմ դեմ։ Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։ Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել, և որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։ Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և կանգնեցրո՛ւ ինձ, և ես կհատուցեմ նրանց։ Այն բանից կիմանամ, որ դու բարեհաճ ես իմ նկատմամբ, երբ իմ թշնամին չհաղթի ինձ։ Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։ Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան. ամեն և ամեն։ Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։ Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որովհետև ինձ ամեն օր ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»։ Այս բաները ես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից ։ Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով։ Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։ Աստծուն ասում եմ. «Ո՛վ իմ Վեմ, ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ ես սգավոր գնամ՝ թշնամուց տանջված»։ Իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք են տալիս և ամեն օր ինձ ասում. «Ո՞ւր է քո Աստվածը»։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։ Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։ Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։ Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։ Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։ Դու ես իմ թագավորը, ո՜վ Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։ Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին, Որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ինձ իմ սուրը չի փրկում, Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահար անում։ Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ (Սելա)։ Բայց մերժեցիր և ամոթահար արեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ։ Դու մեզ ետ ես դարձնում թշնամուց, և մեզ ատողները հափշտակում են մեզ իրենց համար։ Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։ Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։ Դու մեզ նախատինք դարձրիր մեր հարևանների առջև, ծաղր ու խայտառակություն՝ մեր չորս կողմը գտնվողների առջև։ Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։ Ամեն օր իմ նախատինքն իմ առաջ է, և իմ երեսի ամոթը ծածկում է ինձ Նախատողի և հայհոյողի ձայնից, թշնամու և վրեժխնդրի երեսից։ Այս ամենը եկավ մեզ վրա, և քեզ չմոռացանք ու չքանդեցինք քո ուխտը։ Մեր սիրտը ետ չդարձավ, և մեր ընթացքը չշեղվեց քո ճանապարհից, Թեև փշրեցիր մեզ տաժանքի տեղում և մահվան ստվերով ծածկեցիր մեզ։ Եթե մոռացած լինեինք մեր Աստծու անունը և մեր ձեռքերը մեկնած լինեինք օտար աստծուն, Չէ՞ որ Աստված կքններ այդ բանը, որովհետև նա գիտի սրտի գաղտնիքները։ Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ Զարթնի՛ր, ո՜վ Տեր, ինչո՞ւ ես քնած, վե՛ր կաց, իսպառ դեն մի՛ գցիր մեզ։ Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճությունն ու նեղությունը։ Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։ Վե՛ր կաց, մեզ օգնությա՛ն եկ և փրկի՛ր մեզ հանուն քո ողորմության։ Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։ Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։ Սուրդ կապի՛ր մեջքիդ, ո՛վ Հզոր. նա է քո պատիվը և քո փառքը։ Հաջողությա՛ն հասիր քո փառավորությամբ և ձի՛ հեծիր ճշմարտության ու հեզության և արդարության համար, և թող քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ սովորեցնի։ Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։ Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։ Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը. դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներից ավելի։ Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։ Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։ Լսի՛ր, ո՛վ աղջիկ, և տե՛ս. խոնարհեցրո՛ւ քո ականջը. մոռացի՛ր քո ժողովրդին և քո տունը։ Թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, որովհետև նա է քո տերը. երկրպագությո՛ւն արա նրան։ Տյուրոսի աղջիկը կներկայանա ընծայով. ժողովրդի հարուստները կխնդրեն քո երեսը տեսնել։ Թագավորի աղջիկը ամբողջովին փառավոր է ներսից. ոսկեհուռ է նրա հանդերձանքը։ Զարդարանքով պաճուճված ներս կտարվի թագավորի մոտ. նրա ետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ։ Ներս կտարվեն ուրախությամբ և ցնծությամբ, և կմտնեն թագավորի պալատը։ Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։ Ես կհիշեմ քո անունը ազգից մինչև ազգ. դրա համար էլ ժողովուրդները կփառավորեն քեզ հավիտյանս հավիտենից։ Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։ Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)։ Բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։ Աստված նրա մեջ է. նա չի սասանվի. Աստված կօգնի նրան վաղ առավոտից։ Հեթանոսները խռովվեցին, և թագավորությունները շարժվեցին. նա ձայն տվեց, և երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։ Եկե՛ք և տեսե՛ք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա, Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։ Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։ Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։ Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։ Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։ Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։ Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։ Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։ Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։ Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։ Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։ Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։ Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։ Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։ Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։ Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։ Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։ Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։ Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։ Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։ Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։ Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է, Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։ Լսեցե՛ք այս, ո՛վ համայն ժողովուրդներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ աշխարհի բոլոր բնակիչներ։ Հասարակ ու մե՛ծ մարդիկ, հարուստ և աղքա՛տ՝ բոլորդ. Բերանս պիտի իմաստություն խոսի, և սրտիս խորհուրդը՝ գիտություն։ Ես ականջս պիտի խոնարհեցնեմ դեպի առակը և քնարով բացեմ խրթին խոսքս։ Ինչո՞ւ վախենամ ես չար օրերին, թե խորամանկ թշնամուս անօրենությունը պատում է ինձ, Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։ Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն, (Որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը և հավիտյան չի կարող վճարվել), Որպեսզի ապրի հավիտյան և ապականություն չտեսնի։ Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։ Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։ Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։ Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են, սակայն նրանց հետևողները հավանում են նրանց խոսքը։ (Սելա)։ Ոչխարների պես նրանք գերեզմանի պիտի մատնվեն. մահը նրանց հովիվն է, և ուղիղները նրանց կտիրեն առավոտից. և նրանց կերպարանքը կմաշվի գերեզմանում՝ իրենց բնակարաններից դուրս։ Բայց Տերն իմ անձը կփրկի գերեզմանի ձեռքից, որովհետև նա ընդունում է ինձ։ (Սելա)։ Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։ Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։ Թեև նա իր անձն օրհնում է իր կյանքում, բայց քեզ կգովեն, որ բարիք ես անում քեզ։ Բայց նա էլ կմտնի իր հայրերի ազգի մոտ և լույս չի տեսնի մինչև հավիտյան։ Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։ Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։ Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։ Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։ Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։ «Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։ Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։ «Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես վկայություն կտամ քեզ, ո՛վ Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։ Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։ Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։ Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։ Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։ Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ։ Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։ Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։ Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում, Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։ Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։ Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։ Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։ Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։ Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։ Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։ Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից, Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։ Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ։ Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ։ Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։ Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։ Ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր ինձ. թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։ Երեսդ թաքցրո՛ւ իմ մեղքերից և ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։ Դեն մի՛ նետիր ինձ քո ներկայությունից և քո Սուրբ Հոգին մի՛ հանիր ինձնից։ Դարձյալ քո փրկության ուրախությո՛ւնը տուր ինձ և հոժարակամ հոգով հաստատի՛ր ինձ։ Ապա ամբարիշտներին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան քեզ։ Փրկի՛ր ինձ արյունապարտությունից, ո՜վ Աստված, իմ փրկությա՛ն Աստված, և իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը։ Տե՛ր, բացի՛ր իմ շրթունքները, և իմ բերանը կպատմի քո գովությունը։ Որովհետև դու զոհ չես ուզում, եթե ոչ, ես կմատուցեի քեզ, և ոչ էլ ողջակեզներն ես հավանում։ Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում։ Քո բարեհաճությամբ բարի՛ք արա Սիոնին. շինի՛ր Երուսաղեմի պարիսպները։ Այն ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարության զոհերը, ողջակեզներն ու ամբողջովին այրված զոհերը. այն ժամանակ ցլիկներ կմատուցեն քո զոհասեղանի վրա։ Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։ Քո լեզուն չարություն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։ Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան ճշմարտություն խոսելը։ (Սելա)։ Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։ Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։ Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա. «Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։ Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։ Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։ Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։ Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։ Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։ Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։ Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։ Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։ Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։ Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին. Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։ Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։ Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։ Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։ Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։ Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը և քեզ մի՛ թաքցրու իմ աղաչանքից։ Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում Թշնամու ձայնից և ամբարիշտի նեղություն տալուց, որովհետև անօրենություն են բարդում ինձ վրա և բարկությամբ հալածում են ինձ։ Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։ Վախ ու դող եկավ վրաս, և սոսկումը ծածկեց ինձ։ Եվ ես ասացի. «Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի։ Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։ Կփախչեի, որ ինձ համար ապաստան գտնեի փոթորկալի քամուց և մրրիկից»։ Ո՜վ Տեր, կործանի՛ր, բաժանի՛ր նրանց լեզուն, որովհետև բռնություն և կռիվ տեսա քաղաքում։ Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։ Նենգություն կա նրա մեջ. խաբեությունն ու հարստահարությունը չեն պակասում նրա հրապարակներից։ Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։ Թող մահը հասնի նրանց վրա, և ողջ-ողջ իջնեն մեռյալների աշխարհը, որովհետև չարություններ կան թե՛ իրենց բնակարաններում և թե՛ իրենց ներսում։ Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։ Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։ Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց։ Իր ձեռքը երկարում է իր խաղաղ ընկերների վրա, դրժում է իր դաշինքը։ Նրա բերանը յուղից ավելի փափուկ է, բայց կռիվ կա նրա սրտում, նրա խոսքերը ձեթից ավելի փափուկ են, բայց սրած թրեր են։ Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։ Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։ Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև մարդն ուզում է կուլ տալ ինձ. ամեն օր պատերազմելով՝ նեղում է ինձ։ Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։ Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։ Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։ Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։ Մի՞թե անօրենությամբ փրկություն կլինի նրանց համար. բարկությամբ տապալի՛ր նրանց, ո՜վ Աստված։ Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։ Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։ Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Տիրոջով պիտի գովեմ իր խոսքը։ Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։ Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ, Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։ Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։ Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։ Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։ Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։ Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքը լինի ամբողջ երկրի վրա։ Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։ Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։ Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան, Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ, Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։ Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։ Հիրավի մունջ արդարությո՞ւն եք խոսում, ուղի՞ղ դատաստան եք անում, ո՛վ մարդկանց որդիներ։ Ընդհակառակը, սրտով անօրենություն եք գործում. ձեր ձեռքի անիրավությունը կշռով բաժանում եք երկրի մեջ։ Ամբարիշտները խոտոր են իրենց մոր արգանդից. որովայնից մոլորված են սուտ խոսողները։ Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը, Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։ Ո՜վ Աստված, փշրի՛ր նրանց ատամներն իրենց բերանում և ջարդի՛ր առյուծների մեծ ժանիքները, ո՜վ Տեր։ Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։ Թող լինեն խխունջի նման, որ հալվում է գնալիս, կնոջ վիժածի պես լինեն, որ արև չի տեսնում։ Ձեր կաթսաները այրվող փշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։ Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։ Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։ Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։ Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ. Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։ Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։ Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։ Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։ Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։ Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։ Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։ Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։ Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։ Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։ Բարկությամբ սատկեցրո՛ւ նրանց, սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։ Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։ Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։ Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։ Ո՛վ իմ զորություն, քեզ սաղմոս պիտի երգեմ, որովհետև, ո՜վ Աստված, դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը։ Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։ Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։ Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։ Բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։ Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։ Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։ Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։ Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։ Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։ Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։ Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։ Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։ Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։ Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից. Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։ Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։ Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։ Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։ Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։ Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։ Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։ Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։ Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։ Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։ Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։ Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։ Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։ Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։ Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։ Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ, Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։ Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։ Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։ Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։ Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը. Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։ Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։ Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։ Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից, Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը, Որ թաքուն գցեն անմեղի վրա. հանկարծակի գցում են ու չեն վախենում։ Չար բանը զորավոր են անում իրենց համար, խորհրդակցում են, որ թաքուն որոգայթներ դնեն, և ասում են. «Ո՞վ պիտի տեսնի դրանք»։ Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։ Բայց Աստված հանկարծ նետ պիտի գցի նրանց վրա, և նրանք պիտի խոցվեն։ Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։ Բոլոր մարդիկ պիտի վախենան և պատմեն Աստծու գործերի մասին և պիտի մտածեն նրա արածների մասին։ Արդարն ուրախ պիտի լինի Տիրոջով և իր հույսը դնի նրա վրա, և ուղիղ սրտով բոլոր մարդիկ պիտի պարծենան։ Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։ Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։ Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։ Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես, Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված, Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը, Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։ Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։ Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։ Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։ Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։ Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։ Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։ Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։ Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։ Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը. նա իր գործերով ահեղ է մարդկանց որդիների համար։ Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։ Նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին. ապստամբները թող չբարձրանան։ (Սելա)։ Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։ Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։ Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։ Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին, Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։ Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը, Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։ Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։ Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։ Աստված թող ողորմի մեզ և օրհնի մեզ. իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, (Սելա)։ Որ քո ճանապարհը ճանաչվի երկրում, և քո փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ։ Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։ Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։ Ժողովուրդները թող գովեն քեզ, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։ Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։ Աստված թող օրհնի մեզ, և թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։ Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։ Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։ Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։ Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։ Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։ Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։ Ո՜վ Աստված, երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր, անապատի միջով անցնելիս (Սելա)։ Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։ Առատության անձրև տեղացիր, ո՜վ Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրիր։ Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ. քո քաղցրությամբ կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՜վ Աստված։ Տերը տալիս է իր խոսքը. ավետող մարդիկ մեծ բազմություն են։ Զորքերի թագավորները պիտի փախչեն փախեփախ, տան մեջ բնակվող կինը պիտի բաժանի ավարը։ Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։ Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։ Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ. Ո՛վ բարձր լեռներ, ինչո՞ւ եք նախանձով նայում. սա այն լեռն է, որին հավանեց Աստված՝ նրա վրա բնակվելու համար. Տերը պիտի հավիտյան բնակվի նրա վրա։ Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։ Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։ Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։ Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։ Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։ Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։ Որ քո ոտքը թրջես արյունով, և քո շների լեզուն իր բաժինն առնի թշնամիներից»։ Տեսան քո երթը, ո՜վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։ Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։ Օրհնեցե՛ք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք, որ Իսրայելի աղբյուրից եք։ Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։ Քո Աստվածը հաստատեց քո զորությունը. զորացրո՛ւ այն, ո՜վ Աստված, ինչ արեցիր մեզ համար։ Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներն ընծա պիտի բերեն քեզ։ Սաստի՛ր եղեգների գազանին, ցլերի բազմությունը՝ ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով. ցրի՛ր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։ Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն։ Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։ Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։ Ճանաչե՛ք Աստծու զորությունը. նրա փառքը Իսրայելի վրա է, և ամպերի մեջ է նրա զորությունը։ Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լ է Աստված։ Ազատի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև ջրերը մինչև իմ անձը հասան։ Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, և հորձանքն ինձ կուլ է տալիս։ Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։ Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։ Ո՜վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, և իմ հանցանքները ծածկված չեն քեզնից։ Թող իմ պատճառով չամաչեն նրանք, ովքեր սպասում են քեզ, ո՜վ Տեր, Զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով ամոթահար չլինեն քեզ փնտրողները, ո՛վ Իսրայելի Աստված։ Որովհետև ես քեզ համար համբերում եմ նախատինքին. ամոթը ծածկում է իմ երեսը։ Օտար եղա իմ եղբայրներին և անծանոթ՝ իմ մոր որդիների համար, Որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ, և քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա։ Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում, և դա նախատինք է լինում ինձ համար։ Ես իմ հանդերձանքը քուրձ դարձրի, առակ եմ դարձել նրանց համար. Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղք եմ դարձել։ Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։ Հանի՛ր ինձ ցեխից, որ չթաղվեմ. թող որ փրկվեմ ինձ ատողներից և խոր ջրերից։ Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։ Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև բարի է քո քաղցրությունը. քո մեծ ողորմության համեմա՛տ նայիր ինձ վրա։ Քո երեսը մի՛ դարձրու քո ծառայից, որովհետև ես նեղության մեջ եմ, շուտ լսի՛ր ինձ։ Մոտեցի՛ր իմ անձին, փրկի՛ր նրան, ազատի՛ր ինձ իմ թշնամիների պատճառով։ Դու գիտես իմ նախատինքը, իմ ամոթն ու խայտառակությունը, քո առջև են բոլոր ինձ նեղողները։ Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես հիվանդ դարձա. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների, բայց չեմ գտնում։ Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։ Թող նրանց սեղանն իրենց առջև որոգայթ դառնա, և հաջողության տեղ վարմ լինի։ Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։ Քո զարհուրանքը թափի՛ր նրանց վրա, և թող քո բարկության կրակը նրանց հասնի։ Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։ Որովհետև ում դու զարկեցիր, հալածում են նրան, պատմում են և քեզնից խոցվածների ցավերի մասին։ Մե՛ղք դիր նրանց մեղքի վրա, որ չհասնեն քո արդարությանը։ Նրանք թող ջնջվեն Կենաց գրքից և չգրվեն արդարների հետ։ Բայց ես աղքատ եմ և ցավերով լի, ո՜վ Աստված, քո փրկությունը թող պաշտպանի ինձ։ Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։ Եվ սա ավելի հաճելի պիտի լինի Տիրոջը, քան եղջյուրավոր և կճղակավոր պարարտ եզը։ Խեղճերը պիտի տեսնեն և ուրախանան. ո՛վ Աստծուն խնդրողներ, ձեր սիրտն էլ պիտի կենդանանա, Որովհետև Տերը լսում է խեղճերին և չի անարգում իր գերիներին։ Թող նրան գովեն երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց մեջ բոլոր զեռուն արարածները։ Որովհետև Տերը պիտի փրկի Սիոնը և շինի Հուդայի քաղաքները, և պիտի բնակվեն այնտեղ ու ժառանգեն այն։ Եվ պիտի վայելեն այն ծառաների զավակները, և նրա մեջ պիտի բնակվեն նրա անունը սիրողները։ Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։ Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։ Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։ Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։ Բայց ես աղքատ եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։ Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։ Քո արդարությամբ ազատի՛ր և փրկի՛ր ինձ. խոնարհեցրո՛ւ ականջդ դեպի ինձ և փրկի՛ր ինձ։ Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամ քեզ մոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։ Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։ Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։ Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։ Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։ Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։ Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս, Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։ Ո՜վ Աստված, մի՛ հեռացիր ինձնից. ո՛վ իմ Աստված, շուտ օգնի՛ր ինձ։ Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։ Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։ Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։ Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։ Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։ Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։ Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձր է, և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։ Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։ Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։ Ես նվագարանով պիտի գովեմ քեզ քո ճշմարտության համար, ո՜վ Աստված, սաղմոս պիտի ասեմ քնարով, ո՛վ Սուրբդ Իսրայելի։ Իմ շրթունքները պիտի ցնծան, երբ սաղմոս ասեմ քեզ, և իմ անձը, որ դու փրկեցիր։ Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։ Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։ Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։ Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։ Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին. Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։ Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։ Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։ Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։ Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։ Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։ Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։ Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։ Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։ Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։ Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։ Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։ Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։ Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։ Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։ Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։ Հիրավի, Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։ Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։ Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով, Որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է։ Նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։ Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։ Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում։ Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։ Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։ Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար։ Եվ ասում են. «Աստված ինչպե՞ս գիտի, և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ»։ Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը։ Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ Եվ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ։ Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։ Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ, Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։ Հիրավի, դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։ Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։ Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։ Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի, Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։ Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։ Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։ Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։ Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։ Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։ Հիշի՛ր քո ժողովրդին, որ ստացար սկզբից, փրկեցիր, որ քեզ համար ժառանգության վիճակ լինի, այս Սիոն լեռը, որտեղ բնակվում ես։ Բարձրացրո՛ւ քո քայլերը մշտական ավերումների վրա. թշնամին ամեն ինչ ապականեց քո սրբարանում։ Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մեջ. իրենց նշանները նշանների տեղ են դնում։ Նա երևում է, ինչպես մի մարդ, որ կացինը բարձրացրել է անտառի ծառերի վրա։ Եվ հիմա նրա քանդակակերտ բոլոր զարդարանքները կտրտեցին կացիններով և մուրճերով։ Կրակ գցեցին քո սրբարանի մեջ, գետին տապալելով պղծեցին քո անվան բնակարանը։ Իրենց սրտերում ասացին. «Սրանք բոլորը միասին եկեք կորցնենք». երկրի մեջ այրեցին Աստծու բոլոր ժողովարանները։ Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարե չկա, և մեզ մոտ մեկը չկա, որ մեզ գիտենա. մինչև ե՞րբ։ Ո՜վ Աստված, մինչև ե՞րբ է նախատելու նեղություն տվողը, մի՞թե թշնամին պիտի իսպառ անարգի քո անունը։ Ինչո՞ւ ես ետ դարձնում ձեռքդ և աջդ. հանի՛ր քո ծոցից, կորցրո՛ւ նրանց։ Բայց Աստված է իմ թագավորը սկզբից, որ փրկություններ արեց երկրի մեջ։ Դու ծովը պատռեցիր քո զորությամբ, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մեջ։ Դու ջարդեցիր լևիաթանի գլուխները. նրան կերակուր դարձրիր, անապատում տվեցիր ժողովրդին։ Դու աղբյուրներ և առուներ բխեցրիր. դու ցամաքեցրիր սաստիկ գետերը։ Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսատուները և արեգակը։ Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. դու ստեղծեցիր ամառն ու ձմեռը։ Հապա մտաբերի՛ր այս, որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը, և հիմար ազգը անարգում է քո անունը։ Քո տատրակի անձը մի՛ մատնիր գազանին, քո աղքատների կյանքը մի՛ մոռացիր ընդմիշտ։ Նայի՛ր քո ուխտին, որովհետև երկրի խավար տեղերը լցված են անօրենության բնակարաններով։ Խեղճը թող հետ չդառնա ամոթով, խեղճն ու աղքատը թող օրհնեն քո անունը։ Վե՛ր կաց, ո՜վ Աստված, արա՛ քո դատաստանը, հիշի՛ր այն նախատինքը, որ հիմարն ամեն օր տալիս է քեզ։ Մի՛ մոռացիր քո թշնամիների ձայնը և քո դեմ ոտքի ելածների խռովությունը, որ բարձրանում է ամեն ժամանակ։ Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։ Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։ Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։ Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։ Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։ Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։ Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։ Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։ Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։ Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։ Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։ Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։ Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։ Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։ Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։ Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։ Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։ Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ, Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։ Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։ Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։ Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։ Իմ ձայնը Աստծուն է ուղղված, և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և նա կլսի ինձ։ Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։ Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։ Արթուն ես պահում իմ աչքերը. խռովված եմ և չեմ կարող խոսել։ Մտածում եմ առաջվա օրերի մասին, հավիտյան անցած տարիների մասին։ Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։ Մի՞թե Տերը հավիտյան դեն է նետելու և այլևս քաղցրություն ցույց չի տալու։ Մի՞թե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը, և պակասելո՞ւ է նրա խոսքը ազգից մինչև ազգ։ Մի՞թե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ. մի՞թե բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ (Սելա)։ Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։ Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։ Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։ Ո՜վ Աստված, քո ճանապարհը սրբության մեջ է. ո՞ր աստվածն է մեծ, ինչպես մեր Աստվածը։ Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։ Դու քո բազկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)։ Ջրերը տեսան քեզ, ո՜վ Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, և անդունդները սարսափեցին։ Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, և քո նետերը գնացին։ Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։ Քո ճանապարհը ծովի մեջ էր, և քո շավիղները՝ հորդառատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին։ Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։ Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։ Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։ Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։ Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։ Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։ Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։ Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։ Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։ Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։ Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։ Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։ Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։ Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա, Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։ Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները, Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։ Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։ Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին. Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ. Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։ Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։ Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր, Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։ Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։ Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։ Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։ Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։ Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։ Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։ Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։ Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։ Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։ Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց, Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։ Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։ Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։ Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։ Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։ Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։ Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։ Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։ Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։ Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։ Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։ Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։ Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։ Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։ Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։ Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։ Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։ Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։ Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։ Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։ Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։ Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։ Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։ Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը, Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։ Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։ Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։ Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։ Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։ Ո՜վ Աստված, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղեմն ավերակ դարձրին։ Քո ստրուկների դիակները նրանք կերակուր տվին երկնքի թռչուններին և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։ Նրանց արյունը թափեցին, ինչպես ջուրը Երուսաղեմի չորս կողմը, և թաղող չկար։ Մենք եղանք մեր դրացիների նախատինքը և մեր չորս կողմում գտնվողների ծաղրն ու անարգանքը։ Մինչև ե՞րբ, ո՜վ Տեր, պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի՞։ Թափի՛ր քո բարկությունն այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը։ Որովհետև նրանք կերան Հակոբին և ավերեցին նրա բնակությունը։ Մի՛ հիշիր մեր առաջվա անօրենությունները. թող քո ողորմությունը շուտով հասնի մեզ, որովհետև մենք շատ տկարացանք։ Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։ Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Որտե՞ղ է նրանց Աստվածը». քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ, մեր աչքի առջև։ Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։ Յոթնապատիկ հատուցի՛ր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ո՜վ Տեր։ Բայց մենք քո ժողովուրդը և քո արոտի հոտն ենք. հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերունդ։ Ո՛վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր. դու, որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա։ Եփրեմի և Բենիամինի և Մանասեի առջև արթնացրո՛ւ քո զորությունը, ե՛կ մեզ ապրեցնելու համար։ Ո՜վ Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։ Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։ Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար, և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։ Ո՛վ Զորությունների Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։ Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։ Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։ Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։ Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։ Ինչո՞ւ հիմա քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։ Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։ Ո՛վ Զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայի՛ր և տե՛ս, ե՛կ և նայի՛ր այս որթատունկին Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։ Այրված է, կրակով կտրված. կորչում են քո երեսի սաստելուց։ Թող ձեռքդ քո աջ ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։ Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք. կենդանացրո՛ւ մեզ, և կկանչենք քո անունը։ Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, վերադարձրո՛ւ մեզ, փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։ Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։ Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։ Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։ Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։ Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։ Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։ Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։ Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։ Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։ Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։ Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։ Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ, Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։ Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։ Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։ Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ. Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։ Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։ Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։ Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։ Ես ասացի. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ, Սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը»։ Վե՛ր կաց, ո՜վ Աստված, դատի՛ր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։ Լուռ մի՛ մնա, ո՜վ Աստված, անձայն մի՛ եղիր և դադար մի՛ առ, ո՜վ Աստված։ Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։ Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ. Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։ Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ Եդովմի բնակարանները և իսմայելացիները, Մովաբը և հագարացիները, Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։ Ասուրն էլ միավորվեց նրանց հետ. օգնում են Ղովտի որդիներին։ (Սելա)։ Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։ Նրանք սատկեցին Ենդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։ Նրանց իշխաններին այնպե՛ս արա, ինչպես Օրեբին և Զեբին, և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեեին և Սաղմանային, Որոնք ասում են. «Աստծու բնակարանները տիրույթներ դարձնենք մեզ համար»։ Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ, Ինչպես կրակն այրում է անտառը, և ինչպես բոցը խանձում է լեռները։ Նրանց այնպե՛ս հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրո՛ւ նրանց։ Նրանց երեսները ծածկի՛ր անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ո՜վ Տեր։ Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն. Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը. դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։ Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։ Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։ Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Երանի՜ քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ (Սելա)։ Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։ Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ, Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ։ Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։ Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։ Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։ Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։ Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։ Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։ Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։ Հեռացրիր քո ամբողջ ցասումը, կասեցրիր քո բարկության բորբոքումը։ Դեպի մե՛զ դարձիր, ո՛վ մեր փրկության Աստված, և դադարեցրո՛ւ քո բարկությունը, որ թափում ես մեզ վրա։ Մի՞թե հավիտյան պիտի բարկանաս մեզ վրա, քո բարկությունը պիտի երկարաձգե՞ս սերնդեսերունդ։ Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։ Մեզ ցո՛ւյց տուր քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ քո փրկությունը։ Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։ Հիրավի, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։ Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն։ Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։ Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։ Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի նրա ճանապարհին։ Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։ Պահի՛ր իմ անձը, որովհետև ես մաքուր եմ. փրկի՛ր, ո՛վ իմ Աստված, քո ծառային, որ հույսը քեզ վրա է դրել։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։ Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր. Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։ Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։ Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պես գործեր։ Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։ Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։ Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցիր իմ անձը ստորին դժոխքից։ Ո՜վ Աստված, ամբարտավանները ոտքի ելան իմ դեմ, և բռնավորների ամբոխը փնտրում է իմ անձը, և քեզ իրենց առջև չեն դնում։ Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քո զորությունը տո՛ւր քո ծառային և փրկի՛ր քո աղախնի որդուն։ Բարության նշա՛ն ցույց տուր ինձ, որ ինձ ատողները տեսնեն և ամաչեն, որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ։ Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։ Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։ Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու քաղաք։ (Սելա)։ Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։ Եվ Սիոնի համար պիտի ասվի. « Այս մարդը և այն մարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։ Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։ Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտի ասեն. «Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։ Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ։ Թող իմ աղոթքը գա քո առջև. խոնարհի՛ր քո ականջը իմ աղաղակին, Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։ Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։ Թուլացածի պես եմ մեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում, և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։ Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։ Քո ցասումը հաստատվեց ինձ վրա, և քո ալիքներով նեղացրիր ինձ։ (Սելա)։ Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։ Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ Մի՞թե մեռելների համար պիտի հրաշքներ անես. մի՞թե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ (Սելա)։ Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։ Մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, և քո արդարությունը՝ մոռացության երկրում։ Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։ Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։ Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից. քո զարհուրանքը քաշեցի, և կտրված է հույսս։ Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։ Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։ Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։ Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը. Որովհետև ասացի. «Ողորմությունը հիմնված է հավիտյան. դու երկնքում հաստատում ես քո ճշմարտությունը»։ «Ես ուխտ դրեցի իմ ընտրյալի հետ, երդվեցի իմ Դավիթ ծառայի համար. Քո սերունդը պիտի հաստատեմ հավիտյան և սերնդից սերունդ պիտի հիմնեմ քո աթոռը»։ (Սելա)։ Եվ երկինքը պիտի փառավորի քո հրաշքները, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։ Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ ո՞վ է, որ նման լինի Տիրոջը։ Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։ Ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված, ո՞վ է քեզ պես զորավոր Տեր. և քո չորս կողմն է քո ճշմարտությունը։ Դու տիրում ես ծովի զորությանը. երբ բարձրանում են նրա կոհակները, դու խոնարհեցնում ես նրանց։ Դու խոցվածի նման ճզմեցիր Ռահաբին, քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։ Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։ Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։ Քոնն է ուժեղ բազուկը. քո ձեռքը հզոր է, և քո աջը՝ բարձր։ Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։ Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։ Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ. Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը. Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։ Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։ Գտա իմ Դավիթ ծառային, իմ սուրբ յուղով օծեցի նրան։ Իմ ձեռքը պիտի հաստատի նրան, և իմ բազուկը պիտի զորացնի նրան։ Թշնամին նրան չպիտի նեղացնի, և անօրենության որդին չպիտի չարչարի նրան։ Նրա թշնամիներին պիտի փշրեմ իր առջև և պիտի զարկեմ նրան ատողներին։ Իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը պիտի լինեն նրա հետ, և իմ անվամբ պիտի բարձրանա նրա եղջյուրը։ Նրա ձեռքը պիտի դնեմ ծովի մեջ և նրա աջ ձեռքը՝ գետերի վրա։ Նա պիտի կանչի ինձ. “Դու ես իմ Հայրը, ո՛վ իմ Աստված և իմ փրկությա՛ն Վեմ”։ Եվ ես առաջնեկ պիտի դարձնեմ նրան, երկրի թագավորներից ավելի բարձր։ Իմ ողորմությունը հավիտյան պիտի պահեմ նրա համար, և իմ ուխտը նրա հետ հաստատ պիտի լինի։ Եվ ես հավիտյան պիտի հաստատեմ նրա սերունդը, և նրա աթոռը, ինչպես երկնքի օրերը։ Իսկ եթե նրա որդիները թողնեն իմ օրենքը և չընթանան իմ իրավունքի համաձայն, Եթե նրանք անարգեն իմ հրամանները և չպահեն իմ պատվիրանները, Գավազանով պիտի պատժեմ նրանց անօրենությունը և ծեծելով՝ նրանց անիրավությունը։ Բայց իմ ողորմությունը չեմ կտրելու նրանից և չեմ դրժելու իմ հավատարմությունը, Չեմ անարգելու իմ ուխտը և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխելու։ Մեկ անգամ երդվել եմ սրբությամբ, թե սուտ չպիտի ասեմ Դավթին։ Նրա սերունդը հավիտյան պիտի լինի, և նրա աթոռը՝ ինչպես արեգակն իմ առջև։ Ինչպես լուսինը, հավիտյան հաստատ պիտի լինի, և հավատարիմ, ինչպես վկան ամպերի մեջ»։ (Սելա)։ Բայց դու մերժեցիր և անարգեցիր, բարկացար քո օծյալի վրա։ Արհամարհեցիր քո ծառայի ուխտը, պղծեցիր նրա պսակը՝ գցելով գետնին։ Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։ Ճանապարհով անցնողները բոլորը կողոպտում են նրան. նա նախատինք դարձավ իր հարևանների առջև։ Նրան նեղողների աջ ձեռքը բարձրացրիր, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։ Ետ դարձրիր նաև նրա սրի բերանը և պատերազմի մեջ լքեցիր նրան։ Հանգցրիր նրա փառավորությունը և նրա աթոռը գետնին գցեցիր։ Նրա երիտասարդության օրերը կարճացրիր, ամոթով ծածկեցիր նրան։ (Սելա)։ Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի թաքցնես քո անձը, և քո ցասումը պիտի բորբոքվի՞ կրակի պես։ Հիշի՛ր, իմ կյանքն ի՜նչ անցավոր է, և ի՛նչ ունայնության համար ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։ Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի և մահ չտեսնի և իր անձը պիտի փրկի դժոխքից։ (Սելա)։ Ո՞ւր է քո առաջվա ողորմությունը, Տե՛ր. այն, որ քո ճշմարտությամբ երդվեցիր Դավթին։ Հիշի՛ր, Տե՛ր, քո ծառաների նախատինքը, որը կրում եմ իմ ծոցում բոլոր զորավոր ազգերից. Նրանով քո թշնամիներն անարգում են, Տե՛ր, նրանով անարգում են քո օծյալի քայլերը։ Օրհնյա՜լ է Տերը հավիտյան։ Ամեն ու ամեն։ Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։ Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։ Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում. «Նորից փոշի՛ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։ Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։ Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։ Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։ Արդարև, մաշվեցինք քո բարկությունից և քո ցասումից խռովվեցինք։ Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ, Արդարև, մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։ Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։ Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։ Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Խղճա՛ քո ծառաներին։ Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։ Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։ Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։ Եվ մեր Աստծու վայելչությունը թող լինի մեզ վրա, և մեր ձեռքի գործերը հաստատի՛ր մեզ համար. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։ Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։ Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը. Տասը լար ունեցող նվագարանով և սաղմոսարանով՝ քնարի հետ օրհնության ձայնով, Որովհետև դու, Տե՛ր, ուրախացրիր ինձ քո գործերով. ցնծում եմ քո ձեռքի գործերով։ Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են քո գործերը. անչափ խոր են քո մտքերը. Հիմար մարդը չի իմանում, և անմիտը չի հասկանում դա։ Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։ Բայց դու, Տե՛ր, բարձր ես հավիտյան։ Որովհետև ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները պիտի կորչեն, և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները։ Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես մի եղջերուի եղջյուրի պես. ես օծված եմ նոր յուղով։ Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։ Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։ Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում. Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն, Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։ Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։ Քո աթոռը հաստատ է սկզբից. դու հավիտյան ես։ Գետերը բարձրացնում են, Տե՛ր, գետերը բարձրացնում են իրենց ձայնը, գետերը բարձրացնում են իրենց գոռոցը։ Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։ Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։ Ո՜վ Տեր, վրեժխնդրությա՛ն Աստված, ո՛վ վրեժխնդրության Աստված, հայտնվի՛ր։ Բարձրացի՛ր, ո՛վ երկրի Դատավոր, հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին։ Ո՜վ Տեր, ամբարիշտները մինչև ե՞րբ, ամբարիշտները մինչև ե՞րբ պիտի պարծենան։ Նրանք գոռոզ խոսքեր են բարբաջում և խոսում, պարծենում են բոլոր անօրենություն գործողները։ Տե՛ր, նրանք ոտնակոխ են տալիս քո ժողովրդին և նեղություն են տալիս քո ժառանգությանը։ Սպանում են որբևայրուն ու պանդուխտին, կոտորում են որբերին Եվ ասում. «Տերը չի տեսնում, և Հակոբի Աստվածը չի իմանում»։ Իմացե՛ք, ո՛վ հիմարներ, որ ժողովրդի մեջ եք, և դուք, ո՛վ անմիտներ, ե՞րբ պիտի հասկանաք։ Մի՞թե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի՞ տեսնի. Մի՞թե ազգերին խրատողը չի հանդիմանի. նա, որ գիտություն է սովորեցնում մարդուն։ Տերը գիտի մարդկանց մտքերը, որ ունայն են։ Երանի՜ այն մարդուն, որին դու ես խրատում, ո՜վ Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան, Որ նրան հանգստացնես չարության օրերին, մինչև որ հոր փորվի ամբարիշտի համար։ Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը, Որ դատաստանը դեպի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղները գնան նրա ետևից։ Ինձ հետ ո՞վ պիտի վեր կենա չարերի դեմ. ինձ հետ ո՞վ պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։ Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։ Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։ Մի՞թե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։ Նրանք հավաքվում են արդարի անձի դեմ և դատապարտում են անմեղի արյունը։ Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։ Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։ Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։ Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։ Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։ Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։ Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք, Մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայի մեջ, ինչպես փորձության օրը՝ անապատի մեջ, Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։ Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։ Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։ Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։ Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները՝ բոլոր ազգերի մեջ։ Որովհետև Տերը մեծ է և անչափ օրհնված. նա ահավոր է բոլոր աստվածներից, Որովհետև ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Տերն արարել է երկինքը։ Փառք և մեծություն կա նրա առջև, զորություն և գեղեցկություն՝ նրա սրբության մեջ։ Տվե՛ք Տիրոջը, ո՛վ ազգերի ցեղեր, Տիրոջը փառք և զորությո՛ւն տվեք։ Տիրոջը տվե՛ք իր անվան փառքը, ընծա՛ բերեք և մտե՛ք նրա սրահները։ Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։ Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ, Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։ Տերն է թագավորում. երկիրը թող ցնծա, և շատ կղզիներ ուրախ լինեն։ Ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմը, արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են։ Կրակ է գնում նրա առջևից և այրում է նրա չորս կողմը եղած թշնամիներին։ Նրա փայլակները լուսավորում են աշխարհը. երկիրը տեսնում է և դողում։ Սարերը մոմի պես հալվում են նրա ներկայությունից. ամբողջ երկիրը՝ նրա ներկայությունից։ Երկինքը հռչակում է նրա արդարությունը, և բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։ Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։ Սիոնը լսում է և ուրախանում, և Հուդայի աղջիկները ցնծում են քո դատավճիռների համար, Տե՛ր. Որովհետև դու, ո՜վ Տեր, Բարձրյալ ես ամբողջ երկրի վրա, շատ բարձրացար բոլոր աստվածներից։ Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար։ Ուրախացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ, և օրհնեցե՛ք նրա սուրբ հիշատակը։ Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։ Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։ Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։ Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։ Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։ Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։ Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։ Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։ Տերը մեծ է Սիոնում, և նա բարձր է բոլոր ժողովուրդների վրա։ Թող օրհնեն քո մեծ և ահավոր անունը. նա սուրբ է։ Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։ Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։ Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։ Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց։ Ո՜վ Տեր՝ մեր Աստված. դու, որ լսում էիր նրանց, դու, որ նեղող Աստված էիր նրանց համար, թեպետ նրանց գործերի համար վրեժխնդիր եղար։ Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։ Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։ Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։ Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։ Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։ Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։ Ողորմություն և իրավունք պիտի երգեմ, քեզ, ո՜վ Տեր, սաղմոս պիտի ասեմ։ Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով. ե՞րբ պիտի գաս ինձ մոտ. իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։ Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։ Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։ Նրան, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջից, պիտի բնաջնջեմ. նրան, որ ամբարտավան է աչքով և սրտով գոռոզ, չեմ կարող տանել։ Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։ Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։ Առավոտից պիտի ջնջեմ երկրի բոլոր ամբարիշտներին, որպեսզի Տիրոջ քաղաքից բնաջնջեմ բոլոր անօրենություն գործողներին։ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։ Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։ Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։ Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։ Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։ Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։ Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։ Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։ Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։ Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։ Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։ Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։ Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։ Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։ Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։ Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին, Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին, Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում, Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։ Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։ Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։ Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։ Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։ Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները. Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ, Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։ Նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և իր գործերը՝ Իսրայելի որդիներին։ Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։ Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։ Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։ Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։ Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։ Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։ Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։ Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։ Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։ Դու սահման դրիր, որ չանցնեն նրանից, հետ չդառնան, որ երկիրը ծածկեն։ Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։ Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։ Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։ Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։ Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։ Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։ Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։ Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։ Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։ Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։ Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։ Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։ Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։ Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։ Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։ Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։ Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։ Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։ Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքով։ Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։ Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։ Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։ Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։ Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։ Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։ Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։ Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։ Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։ Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։ Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները. Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։ Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ. Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։ Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝ Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։ Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ, Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ, Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար. «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։ Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։ Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։ Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։ Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա, Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։ Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։ Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։ Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։ Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։ Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։ Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։ Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։ Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։ Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։ Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար, Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։ Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։ Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։ Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։ Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։ Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։ Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում. Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։ Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։ Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք, Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։ Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։ Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։ Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։ Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։ Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։ Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։ Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։ Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։ Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։ Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։ Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։ Բայց շուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։ Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։ Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։ Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։ Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։ Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։ Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։ Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։ Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում, Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։ Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։ Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։ Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։ Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։ Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան Ու Աստծուն բարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։ Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։ Եվ սրա համար նա արդարացի համարվեց սերնդից մինչև սերունդ հավիտյան։ Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով, Որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով։ Նրանք կորստյան չմատնեցին այն ազգերին, ինչպես Տերը հրամայել էր նրանց, Այլ խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը. Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։ Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։ Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։ Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա, և նա զզվեց իր ժառանգությունից։ Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, և իրենց ատողները տիրեցին նրանց։ Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։ Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։ Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը։ Նրանց համար իր ուխտը հիշեց և զղջաց իր մեծ ողորմության համեմատ։ Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։ Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։ Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից. Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից. Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում. Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ. Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին. Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։ Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված, Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները. Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։ Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։ Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին, Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։ Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին. Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։ Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից. Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։ Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ, Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։ Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։ Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից. Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։ Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։ Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։ Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։ Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։ Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։ Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։ Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։ Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։ Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում, Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։ Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։ Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։ Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։ Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան, Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ. Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։ Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, և քո փառքը թող լինի ողջ երկրի վրա։ Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։ Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։ Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմն իմ գլխի զորությունն է, Հուդան՝ իմ գավազանը, Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, պիտի ցնծամ փղշտացիների երկրի վրա»։ Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ. Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։ Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, որովհետև փուչ է մարդու փրկությունը։ Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։ Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա, Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։ Ատելության լեզվով պաշարում են ինձ և իզուր տեղը կռվում են իմ դեմ։ Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։ Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։ Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։ Երբ նա դատվի, թող դատապարտված դուրս գա, և նրա աղոթքը թող մեղքի փոխվի։ Թող պակասեն նրա օրերը, և նրա պաշտոնը ուրիշը թող առնի։ Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի. Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան, հաց ուզեն իրենց ավերակներից։ Փոխ տվողը թող առնի նրա ամբողջ ունեցվածքը, և օտարները հափշտակեն նրա վաստակը։ Թող չլինի մեկը, որ գթություն ցույց տա նրան, և ոչ ոք թող չողորմի նրա որբերին։ Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։ Թող նրա հայրերի անօրենությունը հիշվի Տիրոջ առջև, և թող չջնջվեն նրա մոր մեղքերը։ Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը. Որովհետև նա չհիշեց ողորմություն անելը, այլ հալածեց խեղճ, աղքատ ու սիրտը մաշված մարդուն, որ սպանի։ Անեծք սիրեց, և թող այն հասնի իրեն. օրհնություն չկամեցավ, ուստի թող այն հեռու լինի նրանից։ Անեծքը հագավ հանդերձանքի պես. այն ջրի պես թող մտնի նրա փորը և ձեթի նման՝ նրա ոսկորների մեջ։ Թող նրա համար այնպես լինի, ինչպես իր հագնելու հանդերձանքը և ինչպես իր միշտ կապելու գոտին։ Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։ Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ, Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ, և սիրտս խոցված է իմ մեջ։ Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։ Իմ ծնկները տկարացան ծոմից, և մարմինս մաշվեց իր պարարտությունից։ Ես նախատինք դարձա նրանց առջև. երբ տեսնում են ինձ, շարժում են իրենց գլուխները։ Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ, Որ իմանան, թե քո ձեռքն է այս, որ դու, ո՜վ Տեր, արեցիր այս։ Նրանք անիծում են, բայց դու օրհնի՛ր. նրանք ելնում են իմ դեմ, թող ամաչեն, բայց քո ծառան ուրախ պիտի լինի։ Թող ամոթ հագնեն իմ հակառակորդները և իրենց ամոթը վերարկուի պես կրեն իրենց վրա։ Ես շատ պիտի գոհանամ Տիրոջից իմ բերանով և շատերի մեջ պիտի օրհնեմ նրան։ Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։ Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։ Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։ Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։ Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։ Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։ Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։ Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։ Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։ Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։ Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։ Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։ Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։ Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։ Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։ Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։ Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։ Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։ Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։ Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։ Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը։ Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով, Որովհետև նա հավիտյան չպիտի սասանվի. արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։ Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։ Հաստատուն է նրա սիրտը և չի վախենալու, մինչև չտեսնի իրեն նեղողների կորուստը։ Նա փռեց և աղքատներին տվեց. նրա արդարությունը պիտի մնա հավիտյան. նրա եղջյուրը փառքով պիտի բարձրանա։ Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։ Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։ Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։ Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։ Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ. Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար, Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին, Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ, Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։ Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից, Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։ Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։ Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։ Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։ Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։ Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց, Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։ Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։ Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։ Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։ Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։ Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։ Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։ Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։ Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։ Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։ Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։ Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։ Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը, Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։ Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։ Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։ Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։ Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։ Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։ Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։ Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։ Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։ Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։ Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։ Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև, Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր, գովեցե՛ք նրան, ո՛վ բոլոր ժողովուրդներ։ Որովհետև զորավոր է նրա ողորմությունը մեզ վրա, և հավիտյան է նրա ճշմարտությունը։ Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Թող Իսրայելն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը». Ահարոնի տունն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը». Տիրոջից վախեցողներն ասեն. «Հավիտյան է նրա ողորմությունը»։ Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։ Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։ Տերն ինձ հետ է իմ օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին։ Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։ Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։ Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։ Ամեն կողմից շրջապատեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։ Մեղուների պես շրջապատեցին ինձ, հանգան ինչպես փշերի կրակ, բայց Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։ Ուժեղ զարկեցիր ինձ, որ ցած ընկնեմ, բայց Տերն ինձ օգնեց։ Տերն իմ զորությունը և իմ սաղմոսն է. նա փրկություն եղավ ինձ համար։ Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։ Տիրոջ աջը բարձր է. Տիրոջ աջը զորություն է գործում։ Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։ Տերը խիստ խրատեց ինձ, բայց ինձ մահվան չմատնեց։ Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։ Այս դուռը Տիրոջն է. արդարները սրանով պիտի մտնեն։ Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։ Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։ Տիրոջից եղավ այս բանը, զարմանալի է թվում մեր աչքին։ Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։ Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։ Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։ Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. մատաղները կապեցե՛ք չվաններով, տարե՛ք մինչև սեղանի եղջյուրները։ Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։ Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։ Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։ Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։ Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։ Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։ Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։ Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։ Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։ Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։ Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։ Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։ Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։ Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։ Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։ Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։ Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։ Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։ Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։ Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։ Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։ Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։ Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։ Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։ Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։ Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։ Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։ Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։ Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։ Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։ Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։ Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։ Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։ Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։ Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։ Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։ Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։ Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։ Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։ Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։ Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։ Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։ Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։ Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։ Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։ Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։ Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։ Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։ Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։ Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։ Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։ Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։ Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։ Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։ Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։ Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։ Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։ Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։ Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։ Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։ Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։ Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։ Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։ Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։ Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։ Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։ Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։ Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։ Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։ Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։ Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։ Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։ Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։ Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։ Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։ Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։ Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։ Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։ Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։ Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։ Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։ Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։ Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։ Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։ Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։ Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։ Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։ Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։ Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։ Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։ Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։ Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։ Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։ Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։ Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։ Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։ Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։ Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։ Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։ Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։ Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։ Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։ Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։ Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։ Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։ Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։ Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։ Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։ Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։ Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։ Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։ Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։ Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։ Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։ Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։ Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։ Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։ Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։ Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։ Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։ Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։ Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։ Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։ Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։ Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։ Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։ Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։ Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։ Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։ Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։ Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։ Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։ Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։ Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ և բնակվում եմ Կեդարի վրաններում։ Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։ Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։ Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։ Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։ Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է. Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։ Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։ Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։ Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։ Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։ Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։ Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։ Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։ Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ, որովհետև անարգանքով շատ լցվեցինք։ Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։ Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,- Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին, Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա, Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով, Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։ Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։ Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։ Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։ Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։ Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։ Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։ Տե՛ր, բարի՛ք գործիր նրանց համար, որոնք բարի են և իրենց սրտերով՝ ուղիղ։ Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։ Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։ Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։ Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։ Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։ Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։ Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։ Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։ Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։ Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։ Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։ Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան մեջ։ Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։ Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։ Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։ Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։ Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։ Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։ Թող Իսրայելն ասի. «Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից. Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։ Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։ Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։ Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։ Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։ Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։ Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։ Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։ Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։ Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։ Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։ Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։ Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։ Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։ Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։ Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։ Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները. Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝ Ասելով. «Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի, Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ, Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։ Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։ Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։ Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։ Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։ Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։ Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։ Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։ Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար. «Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։ Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։ Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։ Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։ Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։ Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։ Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։ Ձեր ձեռքերը բարձրացրե՛ք դեպի սրբությունը և օրհնեցե՛ք Տիրոջը։ Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։ Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։ Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։ Որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը՝ իր ժառանգության համար։ Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է. և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։ Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խոր տեղերում։ Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից, Որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունները, Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա, Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների. Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։ Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։ Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։ Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը. Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։ Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից, Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։ Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։ Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։ Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։ Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։ Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։ Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։ Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։ Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։ Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։ Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։ Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։ Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։ Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։ Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները, Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։ Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։ Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։ Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։ Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։ Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։ Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։ Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։ Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։ Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։ Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց, Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։ Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։ Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։ Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։ Ես ասացի Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը». Տե՛ր, լսի՛ր իմ աղաչանքի ձայնը։ Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։ Տե՛ր, ամբարիշտին մի՛ տուր նրա ցանկությունը, մի՛ հաջողիր նրա չար մտադրությունը. նրանք կբարձրանան։ (Սելա)։ Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։ Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։ Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։ Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։ Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։ Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։ Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։ Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։ Իմ սիրտը մի՛ դարձրու դեպի չար բաները, որ չարությամբ վատ գործեր չգործեմ անօրենություն անողների հետ և չուտեմ նրանց ախորժալի կերակուրից։ Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմ է լինում իմ աղոթքը։ Երբ նրանց դատավորներն ընկնեն քարերի վրա, և նրանք իմ խոսքերը լսեն, կտեսնեն, որ քաղցր են։ Ինչպես վար անողը և ակոս բացողը ցանում է հողի մեջ, այնպես մեր ոսկորները ցրված են գերեզմանի բերանին։ Բայց, Տե՛ր, Տե՛ր, իմ աչքերը նայում են քեզ. ես քեզ եմ ապավինել, իմ անձը մի՛ լքիր։ Պահի՛ր ինձ այն որոգայթից, որ լարեցին ինձ համար, և չարագործների ծուղակից։ Ամբարիշտները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։ Ես իմ ձայնով աղաղակում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը։ Իմ հառաչանքը թափում եմ նրա առջև, իմ նեղությունը պատմում եմ նրա առջև։ Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։ Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։ Տե՛ր, քեզ եմ աղաղակում և ասում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»։ Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։ Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։ Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։ Քո ծառայի հետ դատաստանի մեջ մի՛ մտիր, որովհետև ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև։ Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։ Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։ Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։ Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ (Սելա)։ Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։ Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ Տե՛ր, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ես ապավինել եմ քեզ։ Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։ Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։ Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։ Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։ Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։ Տե՛ր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։ Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։ Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։ Փայլատակի՛ր կայծակով և ցրի՛ր նրանց. ուղարկի՛ր նետերդ և խռովեցրո՛ւ նրանց։ Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից, Որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։ Ո՜վ Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավղով սաղմոս պիտի ասեմ քեզ, Որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։ Ազատի՛ր ինձ և փրկի՛ր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է. Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես. Որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում. Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։ Երանի՜ այն ժողովրդին, որ իր վիճակն այսպես է. երանի՜ այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։ Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։ Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։ Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։ Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։ Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։ Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։ Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։ Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները, Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։ Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։ Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։ Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։ Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։ Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։ Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։ Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ փրկություն չկա։ Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։ Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան. Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։ Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։ Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։ Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։ Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։ Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։ Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։ Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։ Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։ Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում. Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։ Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։ Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։ Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն. Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։ Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։ Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։ Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։ Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։ Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։ Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։ Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։ Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։ Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։ Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։ Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։ Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։ Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։ Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ. Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը, Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր, Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ, Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր, Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր. Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։ Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։ Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։ Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։ Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։ Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։ Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։ Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին, Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին. Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով. Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։ Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։ Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։ Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։ Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։ Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։ Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները. Իմաստություն և խրատ գիտենալու և հանճարի խոսքերը ըմբռնելու համար, Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար. Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։ Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա, Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։ Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը, Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։ Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։ Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ. Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես. Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։ Մեզ միացի՛ր, մեր բոլորի քսակը թող մեկը լինի», Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից, Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։ Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։ Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։ Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։ Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս. Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։ Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը. Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։ Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար, Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը, Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։ Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա, Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։ Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։ Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։ Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։ Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։ Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։ Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները, Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես, Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը, Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես, Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար, Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։ Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։ Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ, Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց, Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան, Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։ Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ, Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում. Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։ Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։ Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։ Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես, Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։ Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։ Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները, Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։ Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։ Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։ Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։ Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։ Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։ Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։ Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։ Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։ Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։ Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։ Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։ Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։ Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։ Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։ Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։ Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ ՝ քո պարանոցի համար։ Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։ Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։ Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։ Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։ Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։ Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։ Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։ Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր, Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։ Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։ Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը, Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք. Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ, Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։ Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։ Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։ Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։ Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։ Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։ Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։ Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։ Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։ Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։ Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։ Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։ Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։ Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։ Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր, Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։ Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։ Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։ Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը, Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։ Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։ Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։ Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։ Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։ Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։ Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։ Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութ մարդուն։ Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի, Եվ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ, Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։ Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։ Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։ Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։ Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։ Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը. Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։ Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։ Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։ Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։ Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։ Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։ Որդյա՛կ իմ, եթե դու երաշխավոր եղար քո ընկերոջ համար կամ ձեռքդ օտարի համար գրավական տվեցիր, Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ, Ապա այսպե՛ս արա, որդյա՛կս, և ազատի՛ր քեզ, որովհետև քո ընկերոջ ձեռքն ընկար. գնա՛, խոնարհվի՛ր և թախանձի՛ր քո ընկերոջը։ Աչքերիդ քուն մի՛ տուր և նինջ՝ քո կոպերին։ Ազատի՛ր քեզ, ինչպես այծյամը՝ որսորդի ձեռքից, կամ թռչունը՝ թռչնորսի։ Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր. Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։ Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։ Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես, Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։ Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։ Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։ Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։ Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։ Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ. Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր. Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր. Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։ Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։ Դրանք միշտ քո սրտի՛ն փաթաթիր, քո վզի՛ն կապիր դրանք։ Թող գնալուդ ժամանակ առաջնորդեն քեզ, քնած ժամանակ պահպանեն քեզ, և երբ որ արթնանաս, խոսակցեն քեզ հետ։ Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ, Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։ Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով, Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։ Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։ Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։ Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։ Չեն արհամարհի այն գողին, որ գողացել է իր քաղցը հագեցնելու համար, քանի որ սոված էր։ Սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի հատուցի, իր տան ամբողջ ունեցվածքը պիտի տա։ Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։ Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։ Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։ Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։ Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։ Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։ Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։ Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը «Բարեկա՛մ» կոչիր, Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։ Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու, Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց. Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։ Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։ Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։ Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։ Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան. «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։ Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։ Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։ Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։ Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք, Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։ Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։ Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։ Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը ՝ պատժվելու ։ Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։ Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։ Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։ Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։ Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։ Իմաստությունն ահա կանչում է, և խոհեմությունը ձայն է տալիս։ Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է։ Քաղաքի մուտքի դարպասների մոտ՝ դռների մուտքին, աղաղակում է. «Ձեզ եմ կանչում, ո՛վ մարդիկ. իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված։ Ո՛վ միամիտներ, խորագիտությո՛ւն սովորեցեք, և ո՛վ անմիտներ, իմացությո՛ւն ունեցեք։ Լսեցե՛ք, որովհետև ազնիվ բաներ եմ խոսելու. իմ շրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու, Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։ Բերանիս բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։ Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։ Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։ Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։ Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։ Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։ Իմն են խորհուրդն ու ողջամտությունը. ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։ Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները՝ արդարության կանոններ հաստատում։ Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։ Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։ Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։ Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։ Ես քայլում եմ արդարության ուղու մեջ և իրավունքի շավիղներում, Որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ և նրանց գանձարանները լցնեմ։ Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։ Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել, սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։ Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։ Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։ Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը և աշխարհի սկզբնական շամանդաղները։ Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում, Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները, Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։ Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր՝ մշտապես զվարճանալով նրա առաջ։ Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։ Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ, և երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ Խրա՛տ լսեցեք և իմաստո՛ւն եղեք ու մի՛ անտեսեք։ Երանի՜ այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իմ դռների մոտ և պահպանում է իմ դրանդիների մուտքերը։ Որովհետև ինձ գտնողը կյանք է գտել և Տիրոջից բարեհաճություն կստանա։ Սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։ Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց նրա յոթ սյուները, Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։ Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու. «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է. «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։ Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։ Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։ Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։ Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։ Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։ Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։ Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։ Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա Եվ աղաղակում է ճանապարհին անցուդարձ անողներին, որոնք ուղիղ գնում են իրենց ճամփաներով. «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է. «Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։ Բայց նա չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։ Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։ Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։ Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։ Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։ Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։ Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։ Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։ Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։ Աչքերի թարթումով ակնարկողը ցավ է պատճառում, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։ Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։ Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։ Հանճարի շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։ Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։ Հարուստի ունեցվածքն իր ամուր քաղաքն է, իսկ աղքատների չքավորությունն իրենց կործանումն է։ Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։ Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։ Ատելությունը ծածկողը ստախոս շուրթեր ունի, իսկ զրպարտություն տարածողն անմիտ է։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։ Արդարի լեզուն ընտիր արծաթ է, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի։ Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։ Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։ Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղ մարդունն է։ Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։ Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։ Ինչպես որ քացախն է ատամների համար, և ծուխը՝ աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։ Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։ Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։ Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։ Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։ Արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։ Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։ Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։ Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։ Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։ Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։ Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։ Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։ Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։ Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։ Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։ Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։ Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։ Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։ Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։ Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։ Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։ Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն։ Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։ Անիրավ մարդը ոչինչ չի վաստակում, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։ Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։ Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։ Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։ Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։ Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։ Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։ Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։ Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։ Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն։ Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։ Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։ Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։ Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։ Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։ Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։ Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։ Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։ Անիրավների խոսքերն արյան դարան են, իսկ ուղղամիտների բերանն իրենց կազատի։ Անիրավները կկործանվեն ու կչքանան, բայց արդարների տունը հաստատուն կմնա։ Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։ Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։ Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։ Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։ Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատը պտուղ կտա։ Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։ Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։ Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։ Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։ Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։ Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։ Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։ Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։ Արդարին ոչ մի պատուհաս չի հանդիպի, բայց անիրավները լեցուն են չարիքներով։ Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։ Խորագետ մարդը գիտությունը ծածկող է, իսկ անմիտների սիրտը իր հիմարությունը հրապարակում է։ Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։ Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։ Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։ Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։ Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։ Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։ Մարդն իր բերանի պտղից բարիքներ կուտի, իսկ անհավատարիմների հոգին բռնություն կտենչա։ Իր բերանը զսպողը կպահի իր հոգին. իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։ Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա ։ Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում է իրեն։ Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։ Մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։ Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։ Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։ Ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։ Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։ Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։ Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։ Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։ Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։ Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։ Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։ Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։ Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։ Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։ Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։ Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։ Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։ Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։ Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։ Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։ Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։ Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։ Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։ Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։ Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։ Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։ Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։ Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։ Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։ Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։ Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։ Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։ Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհների պտղից, իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերի պտղից։ Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։ Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։ Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։ Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։ Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։ Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։ Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։ Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։ Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։ Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։ Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։ Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։ Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։ Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։ Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։ Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։ Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա ։ Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։ Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։ Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։ Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, իսկ անմիտների բերանը հիմարություն է արտաբերում։ Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։ Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է։ Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։ Արդարի տանը շատ գանձ կա, իսկ անիրավի վաստակի մեջ՝ դժբախտություն։ Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։ Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։ Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։ Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։ Դժոխքն ու մեռելների աշխարհը Տիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։ Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։ Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։ Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։ Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։ Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։ Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։ Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։ Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։ Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։ Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։ Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։ Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։ Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։ Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։ Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։ Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։ Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։ Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։ Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։ Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։ Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։ Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։ Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։ Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։ Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։ Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։ Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։ Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։ Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։ Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։ Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։ Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։ Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։ Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։ Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։ Ով որ խոսքին ուշադիր է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։ Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։ Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։ Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։ Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։ Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։ Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։ Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։ Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ ճանապարհով։ Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։ Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։ Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։ Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։ Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։ Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։ Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։ Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։ Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։ Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։ Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։ Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։ Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։ Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնող մարդու վրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտ մարդու վրա։ Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։ Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։ Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։ Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։ Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։ Իմաստություն գնելու գինն ի՞նչ օգուտ ունի անմիտի ձեռքում, քանի որ խելք չունի։ Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։ Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս և գրավ դնում իր ընկերոջ համար։ Կռիվ սիրողը սիրում է հանցանքը, իր դուռը բարձր կառուցողը փլուզում է փնտրում։ Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում։ Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։ Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։ Անիրավը կաշառքը ծածուկ է առնում, որպեսզի ծռի արդարադատության շավիղները։ Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։ Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։ Արդարին պատժելը լավ չէ, նաև՝ ազնվականներին ծեծելն իրենց ուղղամտության համար։ Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։ Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։ Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է ամեն ողջամտության։ Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։ Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։ Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։ Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը ։ Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։ Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։ Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը ։ Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։ Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։ Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։ Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։ Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։ Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։ Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։ Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։ Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։ Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։ Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։ Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։ Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։ Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։ Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի. Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։ Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։ Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։ Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։ Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։ Խելք վաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։ Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։ Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։ Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։ Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։ Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։ Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։ Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։ Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։ Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։ Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։ Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։ Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։ Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։ Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։ Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։ Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։ Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։ Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։ Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։ Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։ Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։ Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։ Վեճից խուսափելը պատիվ է մարդու համար, բայց ամեն հիմար բորբոքվող է։ Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։ Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։ Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում։ Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։ Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։ Ո՞վ կարող է ասել. «Սիրտս սրբել եմ, մաքրվել եմ իմ մեղքից»։ Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։ Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները։ Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։ Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։ «Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է։ Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոս շրթունքները։ Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։ Խաբեությամբ վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։ Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբ արա։ Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր։ Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։ Սկզբում հապճեպ ստացված ժառանգությունը վերջում չի օրհնվի։ Մի՛ ասա. «Չարությանը պիտի փոխհատուցեմ». Տիրո՛ջը սպասիր, և նա քեզ կազատի։ Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։ Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։ Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված է» և ուխտելուց հետո կշռադատել։ Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։ Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։ Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։ Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։ Վիրավորող հարվածները մաքրում են չարությունը, իսկ ծեծելը՝ մարմնի խորքերը։ Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։ Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։ Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։ Ամբարտավան աչքերը և գոռոզ սիրտը՝ անիրավների լապտերը, մեղք են։ Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։ Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։ Անիրավների բռնությունն իրենց պիտի սրբի տանի, որովհետև մերժում են իրավունքը գործադրել։ Հանցավոր մարդու ճանապարհը ծուռումուռ է, բայց անբասիր մարդու արարքն ուղիղ է։ Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։ Անիրավի հոգին չարություն է ցանկանում. նրա ընկերը նրա աչքում ողորմություն չի գտնելու։ Երբ ծաղրողը պատժվում է, միամիտն իմաստնանում է, և երբ իմաստունը կրթվում է, գիտություն է ստանում։ Արդար Աստվածը ուշադիր նայում է անիրավի տանը. նա անիրավներին տապալում է չարության համար։ Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։ Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։ Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։ Ուշիմության ճանապարհից խոտորողն ուրվականների հավաքի մեջ կհանգրվանի։ Կարիքի մեջ կընկնի այն մարդը, որ հաճույք է սիրում, գինի և յուղ սիրողը չի հարստանա։ Արդարի համար անիրավը փրկանք կդառնա, անհավատարիմը՝ ուղղամիտների համար։ Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։ Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։ Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։ Իմաստունը զորավորների քաղաքը կբարձրանա և կկործանի նրանց ապավինած ամրությունը։ Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։ Ամբարտավան գոռոզը, որը լկտիաբար մեծամտանում է, Ծաղրող է կոչվում։ Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։ Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։ Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբ չար մտադրությամբ են մատուցում։ Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։ Անիրավ մարդը անամոթ դեմք ունի, բայց նա, որ ուղղամիտ է, քննում է իր ճանապարհը։ Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։ Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։ Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։ Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։ Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։ Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։ Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։ Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։ Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի ։ Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։ Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։ Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։ Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։ Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։ Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։ Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։ Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։ Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։ Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։ Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի, Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։ Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում մի՛ տրորիր դժբախտին, Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։ Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ, Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։ Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում. Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։ Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։ Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ո՛ւշ դիր, թե ի՛նչ կա առաջիդ։ Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։ Նրա խորտիկները մի՛ ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։ Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու. Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։ Ագահ մարդու հացը մի՛ կեր և նրա խորտիկները մի՛ ցանկացիր։ Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։ Այն պատառդ, որ կերել ես, կփսխես և այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։ Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։ Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։ Որովհետև նրանց փրկարարը զորավոր է. նա ի՛նքը կստանձնի նրանց դատը քո դեմ։ Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։ Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։ Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։ Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա, Իմ անձը կցնծա, երբ քո շրթունքներն ուղղամտորեն խոսեն։ Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։ Հիրավի մեկ ապագա կա, և քո հույսը չպիտի կտրվի։ Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։ Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների. Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։ Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։ Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։ Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։ Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։ Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։ Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։ Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։ Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։ Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։ Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում. Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։ Աչքերդ արտասովոր բաներ կտեսնեն, իսկ միտքդ նենգ բաներ կխոսի. Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։ Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։ Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել, Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։ Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։ Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամեն տեսակ պատվական և ընտիր ունեցվածքով։ Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդն իր ուժն է ավելացնում։ Որովհետև պատերազմդ խոհունությամբ ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։ Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։ Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։ Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։ Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։ Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։ Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։ Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։ Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա կա, և հույսդ չի կտրվի։ Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։ Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։ Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ. Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։ Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։ Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։ Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։ Որովհետև հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի. ո՞վ գիտի այն երկուսից եկող պատուհասը։ Սրանք էլ են իմաստունների խոսքերը. դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։ Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։ Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։ Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։ Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։ Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։ Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն եմ այդպես անելու. այդ մարդուն հատուցելու եմ իր արարքների համեմատ»։ Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով. Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։ Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։ Եթե մի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար, Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։ Սրանք էլ են Սողոմոնի առակները, որոնք օրինակեցին Հուդայի Եզեկիա թագավորի մարդիկ։ Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։ Երկնքի բարձրությունը, երկրի խորությունը և թագավորների սիրտը անքննելի են։ Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։ Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։ Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։ Որովհետև լավ է, որ քեզ ասեն. «Բարձրացի՛ր այստեղ», քան թե խոնարհեցնեն իշխանի առաջ։ Ինչ որ տեսնում են քո աչքերը, Իսկույն դատարան մի՛ գնա, թող քեզ իսկույն դատի չշտապեցնի. ի՞նչ ես անելու վերջում, երբ որ հարևանդ ամաչեցնի քեզ։ Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր, Որպեսզի լսողը հանկարծ չանպատվի քեզ, և վատ անունը անդառնալի չլինի։ Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։ Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։ Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։ Անանձրև ամպերի և քամու նման է այն մարդը, որ պարծենում է սուտ առատաձեռնությամբ ։ Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։ Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։ Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։ Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։ Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքի ապավինելու պես է։ Տխուր մարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։ Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան, Որովհետև այդպիսով նրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։ Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։ Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։ Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։ Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորի նման է։ Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։ Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։ Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։ Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։ Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։ Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։ Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։ Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում ։ Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։ Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։ Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։ Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։ Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։ Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։ Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։ Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։ Ծույլն իր ձեռքը մտցնում է ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։ Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։ Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։ Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում, Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։ Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող չլինելիս կռիվը կդադարի։ Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։ Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը ։ Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։ Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում ։ Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։ Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։ Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։ Ստախոս լեզուն ատում է իր կծածներին, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում ։ Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։ Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։ Ծանր է քարը, և բեռ է ավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։ Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։ Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։ Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի համբույրները։ Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։ Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։ Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։ Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։ Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։ Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։ Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։ Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։ Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։ Նրան զսպողը քամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։ Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը ։ Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։ Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդ ցոլանում։ Դժոխքն ու մեռելների աշխարհը չեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։ Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։ Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։ Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին, Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։ Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը. Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։ Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։ Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։ Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցով կայունությունը երկար կդիմանա։ Աղքատ մարդը, որը նեղում է չքավորներին, ուտելիքի չգոյություն պատճառող հորդառատ անձրևի պես է։ Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։ Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։ Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։ Օրենքը պահողն ըմբռնող որդի է, բայց որկրամոլների հետ բարեկամացողը կամաչեցնի իր հորը։ Իր ունեցվածքը տոկոսներով և վաշխով շատացնողն այն հավաքում է ուրիշի համար, ով ողորմած է աղքատների հանդեպ։ Ով որ իր ականջը հեռացնում է օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։ Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։ Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում է նրան։ Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։ Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։ Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։ Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։ Անխոհեմ իշխանի պատճառած հարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնի իր օրերը։ Արյունապարտ մարդը մինչև գերեզման կփախչի. թող ոչ ոք նրան չօգնի ։ Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։ Ով որ մշակի իր հողը, հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։ Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։ Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտի, որ իր վրա աղքատություն պիտի գա։ Մարդուն հանդիմանողը հետո ավելի շնորհք կգտնի, քան թե լեզվով շողոքորթողը։ Ով որ կողոպտի իր հորն ու մորը՝ ասելով. «Մեղք չէ», նա կործանարար մարդու ընկերն է։ Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։ Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։ Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։ Անիրավների բարձրանալու ժամանակ մարդ թաքնվում է, իսկ երբ նրանք կործանվեն, արդարները կշատանան։ Հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։ Երբ բազմանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։ Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։ Թագավորն իրավունքով հաստատում է երկիրը, բայց կաշառակեր մարդը կործանում է այն։ Իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։ Չար մարդն իր հանցանքի որոգայթի մեջ կբռնվի, բայց արդարը ցնծում է և ուրախանում։ Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի։ Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։ Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։ Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը ։ Անմիտն իր սրտի ամբողջ եղածը դուրս է տալիս, բայց իմաստունն այն հանդարտությամբ ետ է պահում։ Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։ Աղքատը և բռնավորը ընդհանուր մի բան ունեն. երկուսի աչքերին էլ լույս տվողը Տերն է։ Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։ Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։ Երբ բազմանում են անիրավները, հանցանքը շատանում է, բայց արդարները նրանց վայր ընկնելը կտեսնեն։ Խրատի՛ր որդուդ, որպեսզի քեզ հանգստացնի և քո հոգին զվարճացնի։ Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։ Խոսքերով չի խրատվի այն ծառան, որն ըմբռնում է, բայց չի գործադրում ։ Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։ Ով որ իր ծառային պատանեկությունից շփացնի, կհանդիպի ապերախտության։ Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։ Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա։ Գողի հետ հանցակիցն իր անձն ատում է. նա երդվում է, բայց հետո բան չի հայտնում։ Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։ Շատերն իշխանավորի երեսը կփնտրեն, բայց մարդու իրավունքը Տիրոջից է։ Անօրեն մարդը զզվելի է արդարներին, բայց անիրավի համար զզվելի է ուղղամտությամբ ընթացողը։ Հակեի որդի Ագորի խոսքերը, այսինքն՝ այն մարգարեական պատգամը, որ նա ասաց Իթիելին, Իթիելին և Ուքալին։ Ես հիրավի բոլոր մարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։ Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։ Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։ Աստծու ամեն մի խոսքը փորձված է. նա վահան է իրեն ապավինողների համար։ Նրա խոսքերի վրա չավելացնես, որ հանկարծ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։ Քեզանից երկու բան եմ խնդրում. ինձ մի՛ մերժիր, քանի դեռ չեմ մեռել։ Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։ Չլինի թե կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։ Մի ծառայից մի՛ բամբասիր իր տիրոջ մոտ, որ քեզ չանիծի, և դու հանցավոր չլինես։ Մարդիկ կան, որոնք անիծում են իրենց հորը և չեն օրհնում իրենց մորը։ Մարդիկ կան, որոնք իրենց աչքին անբիծ են երևում, բայց իրենց կեղտից չեն մաքրվել։ Մարդիկ կան, որոնց աչքերն ամբարտավան են, և նրանց կոպերը՝ բարձրացած։ Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։ Տզրուկը երկու աղջիկ ունի. «Տո՛ւր, տո՛ւր» են ասում։ Նույնպես և երեք բան անկուշտ է, և չորսը, որ չեն ասում՝ «Հերիք է». Գերեզմանը և ամուլ արգանդը, երկիրը, որ ջրով չի կշտանում, և կրակը, որ չի ասի՝ «Հերիք է»։ Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։ Երեք բան կա, որոնք զարմանալի են ինձ համար, և չորսը, որոնք չեմ հասկանում։ Երկնքում արծվի ճանապարհը, ապառաժի վրա օձի ճանապարհը, ծովի սրտում նավի ճանապարհը և տղամարդու ճանապարհն աղջկա մոտ։ Այդպիսին է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է, բերանը սրբում է և ասում է. «Չար բան չեմ արել»։ Երեք բանի տակ դողում է երկիրը, և չորս բան կա, որոնք նա հանդուրժել չի կարողանում. Ստրուկը, երբ որ թագավորի, տխմարը, երբ որ հացով կշտանա, Ատելի կինը, երբ որ ամուսնանա, աղախինը, երբ որ իր տիրուհու ժառանգորդ դառնա։ Չորս բան կա երկրի վրա, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են. Մրջյունները մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում։ Ճագարները մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրենց տունը ապառաժում են շինում։ Մորեխները թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են դուրս գալիս։ Մողեսին կարող ես ձեռքերովդ բռնել, բայց թագավորական պալատներում է լինում նա։ Երեքն են, որ գեղեցիկ են քայլում, և չորսն են, որ վայելուչ ընթացք ունեն. Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում, Աքաղաղը, այծը և թագավորը, որի զորքն իր հետ է։ Եթե ինքդ քեզ բարձրացնելով ապուշություն արեցիր կամ եթե մի չար բան մտադրեցիր, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր, Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։ Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը. «Ի՞նչ ասեմ, որդի՛ս, ի՞նչ, ո՛վ իմ որովայնի որդին, ի՞նչ, ո՛վ իմ ուխտերի որդին. Քո զորությունը կանանց մի՛ տուր, ոչ էլ քո ճանապարհները՝ թագավորներ տապալողներին։ Թագավորների համար չէ, ո՛վ Լեմուել, թագավորների համար չէ գինի խմելը, ոչ էլ օղին՝ իշխանների, Որպեսզի չխմեն և չմոռանան վճիռը և ոչ մի տառապյալի դատը չայլափոխեն։ Օղին կորչողի՛ն տվեք և գինին՝ դառնահոգիներին. Թող խմի և մոռանա իր աղքատությունը և իր թշվառությունն այլևս չհիշի։ Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։ Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։ Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։ Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։ Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։ Նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի։ Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։ Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը։ Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։ Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։ Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։ Նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում։ Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։ Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել ։ Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեզ ծիրանի է։ Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։ Նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին։ Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։ Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։ Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։ Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան. “Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։ Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։ Տվե՛ք նրան իր ձեռքի պտղից, և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում»։ Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի խոսքերը. Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։ Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ամբողջ տքնանքից, որ կրում է արեգակի տակ։ Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։ Եվ արեգակը ծագում է և արեգակը մայր է մտնում և շտապում դեպի ծագելու իր տեղը։ Քամին գնում է հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտաձև շրջվում է և իր շրջանակներին է վերադառնում։ Բոլոր գետերը ծով են գնում, բայց ծովը չի լցվում. ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են վերադառնում։ Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։ Ինչ որ եղել էր, այն էլ կլինի, և ինչ որ կատարված էր, այն էլ կկատարվի, և արեգակի տակ նոր բան չկա։ Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։ Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։ Ես՝ Ժողովողս, Երուսաղեմում Իսրայելի վրա թագավոր էի։ Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։ Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։ Ծուռը չի կարող ուղղվել, և պակասողը չի կարող հաշվվել։ Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։ Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։ Որովհետև շատ իմաստության մեջ շատ վիշտ կա, և գիտություն ավելացնողը տրտմությունն էլ է ավելացնում։ Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։ Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։ Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։ Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։ Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։ Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։ Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։ Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։ Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։ Ապա դարձա իմաստությունը տեսնելու, նաև խենթությունն ու անխելքությունը։ Որովհետև ի՞նչ է անելու այն մարդը, որ թագավորից հետո է գալու. ինչ որ արդեն արվել է։ Եվ ես տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անխելքությունից. ինչպես որ լույսն է ավելի օգտակար խավարից։ Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։ Եվ ես իմ սրտում ասացի. «Ինչպես որ անմիտին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն ես ինչո՞ւ հույժ իմաստուն եղա»։ Եվ իմ սրտում ասացի. «Սա էլ է ունայն»։ Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։ Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը, որովհետև ամեն ինչ ունայն է և քամուն հետապնդում։ Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։ Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։ Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։ Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։ Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։ Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։ Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։ Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։ Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։ Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։ Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։ Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։ Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։ Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։ Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։ Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։ Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։ Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։ Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։ Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։ Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։ Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։ Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածն է փնտրում։ Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։ Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։ Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։ Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։ Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։ Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։ Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։ Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։ Եվ ես գովաբանեցի մեռածներին, որոնք արդեն մեռել էին, ավելի, քան այն ապրողներին, որոնք դեռևս ապրում են։ Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։ Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։ Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։ Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։ Մեկը կա, որ մի հաջորդ չունի. ո՛չ որդի և ո՛չ եղբայր, բայց նրա ամբողջ աշխատանքը վերջ չունի, և նրա աչքը չի կշտանում հարստությամբ. «Ո՞ւմ համար եմ ես աշխատում և իմ անձը զրկում բարիքից»։ Ահա սա էլ է ունայնություն և չար զբաղմունք։ Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։ Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպե՞ս կտաքանա։ Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի։ Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որն այլևս խրատվել չգիտի։ Որովհետև մեկը կալանավորների տնից է դուրս գալիս, որ թագավորի, իսկ մյուսը, թագավոր ծնված լինելով, աղքատանում է։ Արեգակի տակ ման եկող բոլոր ապրողներին ես տեսա այն տղայի հետ, որ պիտի կանգնի թագավորի տեղում։ Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Երբ որ Աստծու տունը գնաս, զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես անում, և մոտեցի՛ր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ Աստծու առաջ թող չշտապի խոսելու, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։ Ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը՝ բազում բառերից։ Երբ Աստծուն ուխտ անես, այն կատարելը մի՛ ուշացրու, որովհետև նա անմիտների հանդեպ բարեհաճ չէ. ինչ որ ուխտում ես, կատարի՛ր։ Լավ է չուխտես, քան թե ուխտես և չկատարես։ Բերանիդ թույլ մի՛ տուր, որ մեղանչել տա մարմնիդ, և Աստծու պատգամաբերի առաջ մի՛ ասա. «Սխալվեցի»։ Ինչո՞ւ Աստված բարկանա քո խոսքի համար և քո ձեռքի գործերն ավերի։ Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։ Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։ Երկրի ամենամեծ հսկողը թագավորն է. նա է տնօրինում մշակված արտը։ Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։ Երբ շատանում են բարիքները, շատանում են այն ուտողները, ուրեմն նրանց տերերի համար ի՞նչ օգուտ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։ Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։ Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։ Եվ եթե այդ հարստությունը մի չարաղետ զբաղմունքով կորչի, և նրան որդի ծնվի, նա ձեռքում ոչինչ չի ունենա։ Նա ինչպես որ ելավ իր մոր որովայնից, մերկ էլ ետ կդառնա. կգնա, ինչպես որ եկել էր, և իր աշխատանքից ոչինչ չի վերցնի, որ իր ձեռքով տանի իր հետ։ Սա էլ է մի դառը չարիք, որ ինչպես որ եկավ, այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամուն հետապնդել։ Նա իր բոլոր օրերը խավարում կսպառի կսկիծով, հիվանդությամբ և բարկությամբ։ Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։ Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։ Որովհետև նա իր կյանքի օրերը շատ չի հիշելու, որովհետև Աստված նրան զբաղ է պահում նրա սրտի ուրախությամբ։ Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։ Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։ Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։ Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։ Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։ Եվ ահա, եթե նա կրկնակի հազար տարի էլ ապրի և մի բարիք չտեսնի. չէ՞ որ բոլորն էլ նույն տեղն են գնում։ Մարդու ամբողջ աշխատանքն իր բերանի համար է, սակայն նրա ախորժակը չի հագենում։ Որովհետև իմաստունն ի՞նչ առավելություն ունի անմիտից. ի՞նչ գերազանցություն՝ ապրողների մեջ ապրել իմացող աղքատը։ Աչքերի տեսնելն ավելի լավ է, քան թե ցանկության թափառելը. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Ինչ որ եղել է, իր անունով արդեն կոչված է. մարդն ինչ է, արդեն հայտնի է, և նա իրենից Զորավորի հետ չի կարող վիճել։ Որքան շատ են խոսքերը, այնքան շատացնում են ունայնությունը. ո՞րն է մարդու օգուտը։ Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։ Բարի անունը թանկարժեք յուղերից լավ է, և մահվան օրը՝ ծննդյան օրից։ Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։ Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։ Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։ Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։ Որովհետև ինչպես փշերի ձայնն է կաթսայի տակ, այնպես էլ՝ անմիտի ծիծաղը. սա էլ է ունայն։ Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։ Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։ Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։ Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։ Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։ Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։ Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։ Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի ։ Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։ Չափազանց արդար մի՛ եղիր և քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչի՞ համար քեզ կործանես ։ Խիստ ամբարիշտ մի՛ եղիր և անխելք մի՛ եղիր. ինչի՞ համար տարաժամ մեռնես։ Լավ է, որ մեկին բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև Աստծուց վախեցողը ամեն ինչից դուրս կգա։ Իմաստությունն իմաստունին ավելի ուժ կտա, քան թե մի քաղաքում եղող տասը իշխանները այդ քաղաքին։ Իրոք որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարին անի և երբևէ մեղք չգործի։ Սիրտդ մի՛ տուր ասված ամեն խոսքի, որպեսզի չլսես, որ ծառադ անիծում է քեզ։ Որովհետև քո սիրտն էլ իմացել է, որ շատ անգամ դու էլ ուրիշներին ես անիծել։ Այս ամենը փորձարկեցի իմաստությամբ, ասացի. «Ես իմաստուն կլինեմ», բայց այն ինձանից հեռու էր։ Այն, ինչ եղել է, հեռու է և խորը՝ խորունկ. ո՞վ կարող է գտնել այն։ Ես իմ միտքը շրջեցի, որ գիտենամ և քննեմ, իմաստություն և նշանակություն փնտրեմ և իմանամ, որ չարությունը ապուշություն է, իսկ անխելքությունը՝ խենթություն։ Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։ Ահավասիկ սա՛ եմ գտել,- ասում է Ժողովողը,- մի բան մյուսին ավելացնելով՝ գտնել իրերի նշանակությունը. Հոգիս տակավին փնտրում է, բայց ես չեմ գտել։ Մի տղամարդ եմ գտել հազարից, բայց այս բոլորի մեջ մի կին չգտա։ Սակայն ես միայն սա գտա. որ Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց նա շատ հնարքներ փնտրեց։ Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։ Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։ Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։ Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։ Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։ Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։ Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։ Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։ Այս բոլորը տեսա և արեգակի տակ եղած բոլոր գործերին միտքս դարձրի. ժամանակ կա, որ մարդ մարդու վրա իշխում է ի վնաս իրեն։ Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։ Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։ Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։ Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։ Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։ Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։ Երբ որ միտքս դարձրի իմաստությունը գիտենալու և երկրի վրա կատարվող զբաղումը տեսնելու (որովհետև թե՛ ցերեկը և թե՛ գիշերը նրա աչքը քուն չի տեսնում), Այն ժամանակ Աստծու բոլոր գործերը տեսա, որ մարդը չի կարող հասկանալ այն, ինչ որ կատարվում է արեգակի տակ. որքան էլ մարդը աշխատի փնտրել իմաստը, չի գտնելու. եթե անգամ իմաստունն էլ ասի՝ «Գիտեմ», դարձյալ չի կարող գտնել։ Ես այս բոլորի մասին մտածեցի, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։ Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։ Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։ Ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրա համար, որովհետև ողջ շունը մեռած առյուծից լավ է։ Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն և վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։ Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց կորած են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաներից։ Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։ Հանդերձներդ թող միշտ սպիտակ լինեն, և գլխիդ յուղը թող չպակասի։ Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։ Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։ Դարձա ու արեգակի տակ տեսա, որ մրցավազքը թեթևաշարժներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ հզորներինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, հարստությունն էլ ողջամիտներինը չէ, շնորհքն էլ գիտուններինը չէ, որովհետև ժամանակն ու դիպվածը բոլորին են պատահում։ Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։ Արեգակի տակ այս իմաստությունն էլ տեսա, և այն մեծ էր ինձ համար։ Մի փոքր քաղաք և մեջը քիչ մարդ, նրա դեմ մի մեծ թագավոր եկավ և պաշարեց այն ու նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց։ Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։ Եվ ես ասացի. «Իմաստությունն ուժից լավ է, թեկուզ և աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և նրա խոսքը չլսեն»։ Իմաստունների մեղմ խոսքերն ավելի լավ են, քան անմիտների վրա իշխողի աղաղակը։ Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։ Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։ Իմաստունի սիրտն իր աջ կողմում է, իսկ անմիտի սիրտը՝ իր ձախ կողմում։ Նույնիսկ ճանապարհով գնալիս անխելքը պակասամիտ է և բոլորին կասի, որ ինքն անխելք է։ Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում. Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։ Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։ Ստրուկների տեսա ձիերի վրա և իշխանների, որ ստրուկների պես քայլում էին երկրի վրա։ Ով որ փոս է փորում, ինքը կընկնի մեջը, և ցանկապատ քանդողին օձը կկծի։ Քարհանը քարերով կվնասվի. փայտահատը փայտից կվտանգվի։ Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։ Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։ Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։ Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։ Եվ անմիտը կշատացնի խոսքերը. մարդը չգիտի, թե ի՛նչ է լինելու. թե իրենից հետո ի՛նչ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան։ Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։ Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։ Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվազարմ է, և որ իշխաններդ ուտում են իր ժամանակին՝ ուժի համար և ոչ թե վայելքի համար։ Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։ Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։ Քո մտքում անգամ մի՛ անիծիր թագավորին և քո ննջարանում մի՛ անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայնը կտանի, ու թևավորը խոսքը կպատմի։ Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։ Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։ Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, և եթե մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, ծառի ընկած տեղում այն կմնա։ Քամուն դիտողը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի։ Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։ Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։ Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։ Թեև մարդ շատ տարիներ ապրի ու նրանց բոլորի մեջ ուրախանա, թող հիշի խավարի օրերը, որ բազում են լինելու. ամեն ինչ, որ գալու է, ունայն է։ Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։ Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։ Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։ Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել. Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն, Փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։ Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։ Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը, Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։ Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։ Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։ Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։ Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։ Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։ Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։ Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։ Սողոմոնի երգերի երգը։ Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է։ Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։ Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։ Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները, ինչպես Սողոմոնի վարագույրները։ Մի՛ նայեք, որ սևացած եմ. արևն է ինձ խանձել. մորս որդիները բարկացել էին ինձ վրա և ինձ այգիներին պահապանուհի էին նշանակել. ես իմ սեփական այգին չեմ պահպանել։ Ասա՛ ինձ, ո՛վ իմ հոգու սիրելի, որտե՛ղ ես արածեցնում քո հոտը, որտե՛ղ ես հանգիստ տալիս նրան կեսօրին։ Քո ընկերների հոտերի մոտ ես ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմ նրան։ Եթե դու չգիտես, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնը, դո՛ւրս եկ հոտի հետքերով և հովիվների վրանների մոտ արածեցրո՛ւ ուլերդ։ Փարավոնի կառքերին լծված մատակի եմ նմանեցնում քեզ, ո՛վ իմ սիրուհի։ Այտերդ գեղեցիկ են զարդերով, պարանոցդ՝ մանյակներով։ Քեզ համար ոսկե զարդեր կշինենք՝ արծաթե կիտվածքով։ Մինչ թագավորն իր օթոցի վրա էր, իմ նարդոսն իր հոտը բուրեց։ Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։ Իմ սիրեկանն ինձ համար հինայի ողկույզ է Ենգեդիի այգիներում։ Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցիկ ես. աչքերդ՝ աղավնիներ։ Ահավասիկ գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրեկան, և հաճելի, և կանաչ է մեր անկողինը։ Մեր տների գերանները մայրու փայտից են, մեր հեծանները՝ եղևնափայտից։ Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։ Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին է աղջիկների մեջ։ Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։ Ինձ գինու տունը տարավ, և նրա դրոշն ինձ վրա սեր է։ Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։ Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։ Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։ Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։ Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։ Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։ Որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել-գնացել է։ Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։ Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։ Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։ Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։ Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։ Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, ե՛տ դարձիր, ո՛վ իմ սիրեկան, նմանվի՛ր այծյամին կամ եղնիկի ձագին Բեթերի լեռների վրա։ Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։ Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։ Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։ Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։ Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։ Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։ Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։ Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։ Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։ Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։ Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։ Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցի՜կ ես. քո քողի ետևում աչքերդ աղավնիներ են, մազերդ Գաղաադի սարից իջնող այծերի հոտի են նման։ Ատամներդ լվացվելուց դուրս եկող խուզվող հոտի նման են. նրանք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և ամուլ չկա նրանց մեջ։ Կարմիր թելի նման են քո շրթունքները, և բերանդ՝ գեղեցիկ. այտերդ քո քողի տակ կիսած նռան նման են։ Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։ Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։ Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, զմուռսի լեռն ու կնդրուկի բլուրը կգնամ։ Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։ Ինձ հետ Լիբանանից, ո՛վ հարս, ինձ հետ Լիբանանից կգաս. նայի՛ր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, առյուծների որջերից, ինձերի սարերից։ Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մի նայվածքով, պարանոցիդ մի մանյակով։ Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։ Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։ Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։ Քո ոստերը նռնենիների մրգաստան են՝ ընտիր պտուղներով. հինաներով ու նարդոսներով, Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։ Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։ Զարթնի՛ր, ո՛վ հյուսիս ային քամի, և ե՛կ, ո՛վ հարավ ային քամի, փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն ։ Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա և ուտի նրա ընտիր պտուղները։ Ես եկա իմ պարտեզը, իմ քո՛ւյր, հա՛րս, քաղեցի իմ զմուռսն իմ համեմունքի հետ, կերա իմ խորիսխն իմ մեղրի հետ, խմեցի իմ գինին իմ կաթի հետ։ Կերե՛ք, ո՛վ բարեկամներ, խմե՛ք, հարբեցե՛ք սիրով։ Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։ Պատմուճանս հանել եմ. ինչպե՞ս հագնեմ այն. ոտքերս լվացել եմ. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։ Սիրեկանս ձեռքը պարզեց ծակով, և ընդերքս ալեկոծվեց նրա համար։ Ես վեր կացա, որպեսզի բացեմ սիրեկանիս համար, և ձեռքերիցս զմուռս կաթեց և մատներիցս՝ հոսող զմուռս փականի բռնատեղի վրա։ Ես բացեցի սիրեկանիս համար, բայց իմ սիրեկանը շրջվել գնացել էր. սիրտս նվաղել էր, մինչ նա խոսում էր. փնտրեցի նրան, բայց չգտա. կանչեցի, բայց չպատասխանեց ինձ։ Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին, վիրավորեցին ինձ, պարիսպների պահապանները քողս վրայիցս վերցրին։ Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նրան. ասացե՛ք, որ սիրով հիվանդ եմ ես։ «Քո սիրեկանն ինչո՞վ է առավել ուրիշ սիրեկաններից, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ինչո՞վ է առավել քո սիրեկանն ուրիշ սիրեկաններից, որ մեզ այդպես երդվեցնում ես»։ «Իմ սիրեկանը սպիտակ և կարմրագույն է, բյուրերից գերազանց է։ Նրա գլուխը զտված ոսկի է, նրա խոպոպները ծածանվում են, սև են ագռավի պես։ Նրա աչքերը աղավնիների նման են ջրի վտակների մոտ, կաթով լվացված, լիովին ագուցված։ Նրա այտերը համեմունքի մարգերի պես են, բուրավետ ածուներ, շրթունքները հոսուն զմուռս կաթեցնող շուշաններ են։ Նրա ձեռքերը ոսկե մականներ են՝ Թարսիսի քարերով զարդարված, նրա որովայնը հղկված փղոսկր է՝ պատված շափյուղաներով։ Նրա սրունքները մարմարե սյուներ են՝ հաստատված զտված ոսկյա խարիսխների վրա. կերպարանքը՝ Լիբանանի պես, ընտիր, ինչպես եղևնիները։ Նրա քիմքը քաղցր է, և նա ինքն ամբողջովին ցանկալի է. ահա իմ սիրեկանը և ահա իմ ընկերը, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ»։ «Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ո՞ւր է դարձել քո սիրեկանը, որ քեզ հետ նրան փնտրենք»։ Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։ Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։ Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։ Աչքերդ ինձանից դարձրո՛ւ, որովհետև նվաճում են ինձ. մազերդ Գաղաադից իջնող այծերի հոտի են նման։ Ատամներդ լվացարանից դուրս եկող մաքիների հոտի են նման, որոնք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և մի ամուլ չկա նրանց մեջ։ Այտերդ քողիդ տակ կիսած նռան նման են։ Վաթսունն են թագուհիները, և ութսուն՝ հարճերը, և օրիորդներին թիվ չկա։ Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։ Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։ Ես ընկուզենիների պարտեզն իջա, որպեսզի հովտի դալարները տեսնեմ, նայեմ, թե ծլարձակե՞լ է արդյոք որթատունկը, թե՞ ծաղկել են նռնենիները։ Ես չգիտեի, իմ հոգին ինձ իմ ազնվական ազգի կառքերում էր դրել։ Դարձի՛ր, դարձի՛ր, ո՛վ Սուլամիթ, դարձի՛ր, դարձի՛ր, որպեսզի տեսնենք քեզ։ Ինչո՞ւ պիտի նայենք Սուլամիթին, ինչպես Մահանայիմի պարին։ Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով, ո՛վ ազնվականի դուստր։ Քո ազդրերի կորությունը նման է մանյակի՝ շինված հմուտ վարպետի ձեռքով։ Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։ Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։ Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։ Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված է քո խոպոպներով։ Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։ Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։ Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։ Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։ Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։ Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։ Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։ Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։ Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։ Նրա ձախ ձեռքը թող գլխիս տակ լիներ, իսկ աջը գրկեր ինձ։ Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք իմ սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճի։ Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։ Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։ Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։ Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։ Եթե նա պարիսպ է, նրա վրա արծաթե մի զրահ, աշտարակ շինենք, և եթե նա դուռ է, նրան եղևնափայտի տախտակով պատենք։ Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։ Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։ Իմ այգին, որ իմն է, իմ առջևում է. հազարը քեզ, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը՝ նրա պտուղը պահողների համար։ Ո՛վ պարտեզների մեջ նստող, ընկերներդ լսում են քո ձայնը. «Ի՛նձ էլ թույլ տուր լսել»։ Վազի՛ր, ո՛վ իմ սիրեկան, նմա՛ն եղիր այծյամին կամ եղնիկների ձագին համեմաբույր սարերի վրա։ Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։ Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։ Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։ Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։ Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։ Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։ Ձեր երկիրն ամայացած է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. ձեր հողերի բերքն օտարներն են ուտում ձեր աչքի առաջ. դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման։ Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։ Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։ «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։ Երբ գալիս եք ինձ պաշտելու, ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։ Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։ Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։ Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն »։ Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։ Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։ Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։ Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը, այս խոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։ Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։ Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։ Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։ Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։ Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք, որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։ Ուժեղ մարդը պիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։ Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։ Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։ Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։ Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։ Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։ Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։ Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։ Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։ Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։ Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։ Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը, որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն, Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ, բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ, ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ, Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։ Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։ Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։ Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին, որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։ Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։ Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը, հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը, զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին, հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար արհեստավորին և վարպետ կախարդին։ Նրանց վրա ես իշխան պիտի կարգեմ մանուկներին, և տղաները պիտի տիրեն նրանց։ Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։ Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ ասելով. «Դու հանդերձ ունես, իշխո՛ղ եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։ Իսկ նա բարձրաձայն կպատասխանի այն օրը. «Ես դարմանող չեմ լինի, իմ տանը չկա ո՛չ հաց, ո՛չ հանդերձ, ինձ իշխող մի՛ կարգեք ժողովրդի վրա»։ Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։ Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։ Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։ Վա՛յ ամբարիշտին. նրա համար ամեն ինչ վատ է, որովհետև իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի լինի։ Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։ Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։ Տերը դատի մեջ է մտնում իր ժողովրդի երեցների և նրա իշխանավորների հետ. «Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է։ Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք իմ ժողովրդին, թշվառներին չարաշահում եք»,- ասում է Զորությունների Տեր Աստված։ Տերն ասում է. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են գնում և խշխշացնում են իրենց ոտքերի ապարանջանները »։ Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։ Այդ օրը Տերը կվերացնի նրանց ոտքի գեղեցիկ ապարանջանները, նրանց ճակատանոցներն ու մահիկները, գինդերը, ապարանջաններն ու շղարշները, գլխազարդերը, ոտքի շղթայիկներն ու գոտիները, թալիսմաններն ու հմայիլները, մատանիներն ու քթի օղակները, պատմուճաններն ու թիկնոցները, վերարկուներն ու քսակները, հայելիներն ու փաթթոցներն ու գլխաշորերը։ Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։ Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։ Նրա դարպասները պիտի ողբան ու սգին, իսկ նա ամայացած պիտի նստի գետնամած։ Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։ Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։ Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար, երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։ Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։ Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։ Թող երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։ Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։ Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք իմ և իմ այգու միջև։ Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ ես չեմ արել նրանում. ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազոխ տվեց։ Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու իմ այգուն. ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա։ Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն, որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ նրա ախորժելի տունկը։ Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակ տառապալից ։ Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։ Ահա թե ինչ ասաց Զորությունների Տերն իմ ականջին. «Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։ Տասը լծավար այգին տալու է մեկ մար գինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդու ցորեն »։ Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։ Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։ Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։ Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։ Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարհեցվի, և ամբարտավանների աչքերը կխոնարհվեն։ Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։ Գառնուկներ պիտի արածեն, ինչպես իրենց արոտավայրում, և հարուստների ավերակներում օտարականներ պիտի ճաշակեն։ Վա՜յ նրանց, որոնք անօրենությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը՝ ասես սայլի չվաններով, որոնք ասում են. «Թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք. թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։ Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։ Օ՜, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք՝ ըստ իրենց։ Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ, որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։ Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։ Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար ։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։ Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։ Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։ Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չկա մեկը, որ ազատի։ Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռգոռոցի պես, ու եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապ պիտի տեսնի ։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։ Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։ Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։ Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։ Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։ Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։ Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։ Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։ Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։ Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա, մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։ Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։ Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Արամի Ռասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն բարձրացան Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան նրա դեմ պատերազմ մղել։ Երբ Դավթի տանը հաղորդվեց, թե Արամի երկիրը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտն սկսեց դողալ, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց։ Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա, և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից, նրա համար, որ արամեացիները Եփրեմի երկրի մարդկանց և Ռոմելայի որդու հետ չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով. "Գնանք Հուդայի դեմ, ահաբեկենք նրան, նվաճենք այդ երկիրը մեզ համար և նրա վրա թագավոր կարգենք Տաբեելի որդուն"։ Այսպես է ասում Տեր Աստված. "Չպիտի կատարվի և չպիտի լինի, որովհետև արամեացիների գլուխը Դամասկոսն է, և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը։ Եվս վաթսունհինգ տարի, և Եփրեմի ժողովուրդը կդադարի ժողովուրդ լինելուց։ Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին։ Եթե չհավատաք, հիրավի չեք հաստատվի"”»։ Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով. «Մի նշա՛ն խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց խորագույն խորքում կամ բարձր բարձունքում»։ Բայց Աքազն ասաց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»։ Եվ Եսային ասաց. «Հիմա լսե՛ք, ո՛վ Դավթի տուն, քի՞չ բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, որ իմ Աստծուն էլ եք հոգնեցնում։ Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։ Նա կաթնաշոռ ու մեղր պիտի ուտի, մինչև որ գիտենա չարը մերժել և լավն ընտրել։ Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։ Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։ Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։ Բոլորը պիտի գան ու նստեն խոր ձորերում և ժայռերի խոռոչներում, բոլոր թփերի և բոլոր արոտավայրերի վրա։ Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։ Այդ օրն ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի և նրանց տված կաթի առատությունից կաթնաշոռ պիտի ուտի, որովհետև կաթնաշոռ ու մեղր պիտի ուտեն բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն այդ երկրում։ Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։ Նետերով ու աղեղներով գալու են այնտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ ու փուշ պիտի լինի։ Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։ Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։ Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։ Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Մահեր-շալալ հաշ-բազ”, որովհետև նախքան մանկան “հայրիկս” կամ “մայրիկս” կանչել սովորելը Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը վերցվելով կտարվեն Ասորեստանի թագավորի առաջ»։ Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց. «Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլոահի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ, դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և նրա ամբողջ փառքը։ Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից, արագությամբ պիտի անցնի ու ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել։ Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։ Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։ Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով. «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։ Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։ Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։ Շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն։ Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ։ Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։ Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։ Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։ Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝ պիտի նայեն երկրին, և ահա միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են։ Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։ Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս, որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։ Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։ Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։ Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։ Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են. «Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»։ Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։ Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։ Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝ արմավենու ճյուղն ու կնյունը։ Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։ Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են։ Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Որովհետև ամբարշտությունը կրակի նման այրում է ցախն ու փշերը, լափում ու վառում է թավուտ անտառները, և ցնդում են բարձր ծխասյուներով։ Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։ Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։ Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ պիտի ելնեն ։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում. աղքատների դատը խեղաթյուրելու, իմ ժողովրդի թշվառների իրավունքը հափշտակելու, այրի կանանց իրենց ավարը դարձնելու և որբերին կողոպտելու համար։ Ի՞նչ եք անելու հատուցման օրը և այն աղետի ժամանակ, որը հեռվից գալիս է ձեզ վրա. ո՞ւմ մոտ եք վազելու օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։ Դուք ուրիշ բան չեք ունենա անելու, եթե ոչ կծկվել գերիների մեջ կամ տապալվել սպանվածների մեջ։ Այսուհանդերձ Տիրոջ բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Վա՜յ, Ասորեստան՝ իմ բարկության ցուպը. նրա ձեռքի գավազանը իմ ցասումն է։ Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։ Բայց Ասորեստանի արքան այնպես չի մտածում, և ինքն իր մտքում այդպես չի խորհում, այլ նրա մտադրությունը միայն կոտորելն է, բազում ազգեր բնաջնջելը, որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն. մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։ Ինչպես իմ ձեռքը հասավ չաստվածների թագավորություններին, որոնց քանդակած կուռքերն ավելին էին, քան Երուսաղեմում և Սամարիայում եղածները, մի՞թե նույն կերպ չեմ անելու Երուսաղեմին ու նրա չաստվածներին, ինչ որ արել եմ Սամարիային ու նրա կուռքերին»։ Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։ Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։ Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։ Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։ Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։ Իսրայելի Լույսը հուր պիտի դառնա, նրա Սուրբը՝ բոց, և մեկ օրում պիտի այրի ու սպառի նրա փուշն ու ցախը։ Նա պիտի կործանի նրա անտառի և բարեբեր այգիների փառքը, նրա հոգին էլ, մարմինն էլ, և նա հիվանդ մարդու նման պիտի հյուծվի։ Նրա անտառի ծառերի մնացորդն այնքան քիչ պիտի լինի, որ երեխան իսկ պիտի կարողանա դրանք գրանցել։ Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։ Մնացորդը՝ Հակոբի տան մնացորդը, պիտի վերադառնա դեպի Հզոր Աստվածը, որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզև ծովի ավազի չափ լինի, նրանից միայն մի մնացորդ է վերադառնալու։ Կործանումը վճռված է. հորդելու է արդարությունը, որովհետև վճռված այդ կործանումն ամբողջ երկրի վրա իրագործելու է Տերը՝ Զորությունների Տերը։ Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։ Մի փոքր ժամանակ ևս, որից հետո ցասումը վերջ կգտնի, և իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը»։ Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։ Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով։ Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։ Նրանք անցել են լեռնանցքով, օթևանել Գեբայում։ Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախչում։ Աղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։ Մադմենան փախուստի մեջ է, Գեբիմի բնակիչները շտապում են ապաստան գտնել։ Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։ Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։ Նա թավուտ անտառները կացնով կկտրի, և Լիբանանը Հզորի ձեռքով կտապալվի։ Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։ Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։ Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի, այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։ Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։ Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։ Կովը արջի հետ կարածի, և նրանց ձագերը կպառկեն միասին։ Առյուծն արջառի նման հարդ կուտի։ Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։ Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։ Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։ Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի Ասորեստանից, Եգիպտոսից, Պաթուրեսից, Եթովպիայից, Եղամից, Սենաարից, Եմաթից և ծովեզրից։ Նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի աքսորյալներին ու կմեկտեղի Հուդայի երկրից ցրվածներին աշխարհի չորս անկյուններից։ Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։ Այլ նրանք դեպի արևմուտք՝ փղշտացիների ուսերի վրա կթռչեն և միասին կկողոպտեն արևելքի ժողովուրդներին։ Նրանք իրենց ձեռքը կերկարեն Եդովմի ու Մովաբի վրա, և ամմոնացիները կհնազանդվեն իրենց։ Տերը կչորացնի Եգիպտոսի ծովի լեզուն և սաստիկ քամիով իր ձեռքը կշարժի գետի վրա ու հարվածելով՝ այն կբաժանի յոթ առուների, որպեսզի անցնեն կոշիկներով։ Իր ժողովրդի մնացած վերապրողների համար մի պողոտա կլինի Ասորեստանից, ինչպես եղել էր Իսրայելի համար, երբ բարձրացավ Եգիպտոսից։ Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։ Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։ Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։ Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։ Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։ Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։ «Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։ Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։ Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում, որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։ Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։ Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։ Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։ Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից, որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։ «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։ Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։ Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։ Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։ Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։ Նրանց մանուկները գետնով տրվելով պիտի կոտորվեն իրենց աչքերի առաջ, նրանց տները կկողոպտվեն, և նրանց կանայք կբռնաբարվեն։ «Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։ Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։ Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։ Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը, այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու, բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։ Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ Օտարազգիներ պիտի միանան նրանց և հարեն Հակոբի տանը։ Ժողովուրդները նրանց առնելու և տանելու են իրենց վայրը, և Իսրայելի տունը պիտի ժառանգի նրանց Տիրոջ հողի վրա՝ իբրև ծառաների և աղախինների։ Նրանք գերի պիտի դարձնեն իրենց գերեվարողներին և պիտի տիրեն իրենց վրա բռնացողներին։ Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր, այս հեգնական առակը պիտի պատմես Բաբելոնի թագավորի մասին և ասես. «Ինչպե՜ս դադարեց բռնավորը, վերացավ տանջալի բռնությունը։ Տերը կոտրեց ամբարիշտների գավազանը, իշխանավորների ցուպը, որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերի վրա։ Հանգստացել հանդարտվել է ամբողջ երկիրը, մարդիկ ցնծությամբ երգում են։ Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։ Մեռելների աշխարհն իր ընդերքից սարսեց քո գալուստը դիմավորելու համար։ Նա արթնացրեց քեզ համար ուրվականներին՝ երկրի բոլոր իշխանավորներին, իրենց գահերից կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին։ Նրանք բոլորը խոսելու են և քեզ ասելու են. “Դու էլ մեզ նման տկարացար, մեզ նման եղար”։ Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։ Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։ Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։ Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։ Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները, անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան ”։ Բոլոր ազգերի թագավորները փառքով պառկած են՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում. բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։ Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։ Նրա որդիների համար կոտորածի վա՛յր պատրաստեք իրենց հայրերի անօրենության պատճառով, որպեսզի վեր կենալով չժառանգեն երկիրը և աշխարհի երեսը չլցնեն քաղաքներով»։ «Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։ «Ես այն դարձնելու եմ ոզնիների ստացվածք և ճահճուտ։ Ես այն ավլելու եմ բնաջնջման ավելով»,- ասում է Զորությունների Տերը։ Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։ Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։ Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։ Արդարև, ինչ որ Զորությունների Տերը որոշել է, ո՞վ կարող է այն խափանել, և երբ նրա ձեռքը բարձրացած է, ո՞վ կարող է այն հետ դարձնել։ Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ. «Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածող իշխանական ցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։ Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։ Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։ Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։ Պատգամ Մովաբի մասին։ Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված ։ Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։ Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։ Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։ Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։ Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։ Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։ Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելի մեծ մի աղետ ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։ Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։ Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։ Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։ Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։ Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։ Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։ Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի մարդկանց համար, քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։ Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։ Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։ Ահա թե ինչու իմ սիրտը քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝ Կիր-հարեսեթի վրա։ Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։ Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։ Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։ Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։ Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։ Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։ «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։ Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։ Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։ Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։ Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։ Այդ օրը նրա ամուր քաղաքները Հորեշի և Ամիրի լքած վայրերի պես կլինեն, որոնք լքվել էին Իսրայելի որդիների առաջ. և ամայություն կլինի, որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։ Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։ Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։ Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։ Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։ Ո՜վ շառաչող թևերի երկիր, որ գտնվում է Եթովպիայի գետերի այն կողմում, որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։ Ո՛վ դուք բոլորդ, աշխարհում ապրողնե՛ր, երկրի՛ բնակիչներ, երբ բարձրացվի դրոշակը լեռների վրա, նայե՛ք, երբ հնչի փողի ձայնը, լսե՛ք, որովհետև Տերն ինձ այսպես է ասել. «Ես լուռ կմնամ և կնայեմ իմ բնակարանից, ինչպես պայծառ տաքությունը՝ արևի տակ, և ինչպես ցողաբեր ամպը՝ հնձի տաք ժամանակին». որովհետև հնձից առաջ, երբ ընձյուղը մեծանա, և ծաղիկն աճելով ազոխ դառնա, այն ժամանակ շիվը պիտի հատվի էտոցով, և ուռերը պիտի կտրելով հեռացնեն։ Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։ Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ են բերվելու բարձրահասակ ու ողորկամաշկ ժողովրդից, այն ժողովրդից, որն ահարկու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր էր ու հպատակեցնող, որի երկիրը բաժան-բաժան են անում գետերը։ Այդ ընծաները բերվելու են Զորությունների Տիրոջ անվան վայրը՝ Սիոնի լեռը։ Պատգամ Եգիպտոսի մասին։ Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։ «Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։ Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմ նրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։ Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։ Ջրերը պիտի քաշվեն ծովից, և գետը պիտի չորանա ու ցամաքի։ Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։ Նեղոսի մոտ և Նեղոսի եզերքին գտնվող մարգագետինները, Նեղոսի ամբողջ վարուցանքը պիտի չորանա, տարտղնվի և չքանա։ Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն, վուշ գործողներն ու բամբակագործները պիտի ամաչեն։ Նրա հիմքերը պիտի խորտակվեն, և բոլոր վարձկանների սիրտը պիտի տրտմի։ Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։ Հիմա ո՞ւր են քո իմաստունները, որ քեզ հայտարարեն և իմացնեն, թե ինչ է վճռել Զորությունների Տերը Եգիպտոսի դեմ։ Տայանիսի իշխանավորները հիմարացել են, Մեմփիսի իշխանավորները խաբկանքի մեջ են, եգիպտացիներին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները ։ Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։ Չպիտի լինի մի գործ, որ գլուխն ու պոչը, արմավենու ոստն ու կնյունը կատարեն Եգիպտոսի համար։ Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի նրա վրա։ Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։ Այն օրը Եգիպտոսում քանանացիների լեզվով խոսող և Զորությունների Տիրոջ անունով երդվող հինգ քաղաք է լինելու. դրանցից մեկին Արեգակի քաղաք են ասելու։ Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։ Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։ Տերը իրեն ճանաչել է տալու Եգիպտոսում, և եգիպտացիներն այդ օրը պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի անեն Տիրոջը և կատարեն այն։ Եվ Տերը կհարվածի Եգիպտոսին, կհարվածի ու կբժշկի նրանց, և նրանք կդառնան դեպի Տերը, որը կընդառաջի նրանց թախանձանքին և կբժշկի նրանց։ Այդ օրը մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, և ասորեստանցին գալու է Եգիպտոս, եգիպտացին՝ Ասորեստան, և եգիպտացիներն ասորեստանցիների հետ միասին են պաշտելու։ Այդ օրն Իսրայելը երրորդը պիտի լինի Եգիպտոսի ու Ասորեստանի կողքին. օրհնություն պիտի լինի երկրում, որին օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի Եգիպտոսը՝ իմ ժողովուրդը, և Ասորեստանը՝ իմ ձեռքի գործը, և Իսրայելը՝ իմ ժառանգությունը»։ Այն տարին, երբ Տարաթանը, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն, ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։ Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար, այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։ Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։ Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։ Ծովեզրի անապատի պատգամը։ Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։ Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։ Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։ Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։ Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները, քանզի Տերն ինձ այսպես է ասել. «Գնա՛, դե՛տ կարգիր, որ իմաց տա, ինչ որ կտեսնի»։ Եվ երբ նա տեսնի ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ, հեծյալներ էշի վրա, հեծյալներ ուղտի վրա, թող ուշադրություն դարձնի մեծ ուշադրությամբ։ Նա առյուծի նման աղաղակեց. «Ո՛վ Տեր, ցերեկը ես միշտ կանգնած եմ իմ դիտանոցում և ամբողջ գիշերը ես իմ պահակակետում եմ։ Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։ Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։ Դումայի պատգամը։ Սեիրից մի ձայն է գալիս դեպի ինձ. «Պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց, պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց»։ Պահապանն ասում է. «Առավոտը եկել է, նաև գիշերը։ Եթե ուզում եք հարցնել, հարցրե՛ք։ Վերադարձե՛ք, եկե՛ք»։ Արաբիայի պատգամը։ Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։ Ծարավին ջո՛ւր բերեք, ո՛վ Թեմայի երկրի բնակիչներ, ընդառա՛ջ ելեք փախստականին այն երկրի հացով, դիմավորե՛ք, որովհետև նրանք փախչում են սրերից, մերկացրած սրի առաջից, լարած աղեղի առաջից, սաստիկ պատերազմի առաջից։ Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։ Կեդարի որդիների՝ զորավորների աղեղնավորների մնացորդի թիվը քիչ է լինելու», քանզի Տերը՝ Իսրայելի Աստվածն ասաց այդ։ Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։ Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։ Քո բոլոր իշխանավորները միասին փախան, առանց աղեղի կալանավորվեցին, բոլոր քեզ մոտ գտնվողները և նրանք, որ հեռու էին փախել, միասին կալանքի մեջ են։ Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։ Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը ։ Էլամը կապարճ է կրում, մարտակառքերի վրա՝ մարդիկ, ձիավորներ. Կիրը մերկացնում է վահանը։ Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։ Հուդայի երկրի ծածկոցը վերցրեց, և այն օրը դուք նայեցիք անտառի տան զենքերին ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։ Երուսաղեմի տները հաշվեցիք և պարիսպն ամրացնելու համար տները քանդեցիք։ Հին ավազանի ջրերի համար մի ջրավազան սարքեցիք երկու պարիսպների մեջտեղում։ Բայց դուք չնայեցիք այս բանն անողին և չտեսաք այս բանը վաղուց ձևավորողին։ Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։ Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։ Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։ Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ. “Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։ Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ, կծիկի պես կծկելու է և գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։ Ես քեզ կվտարեմ քո պաշտոնից, քո դիրքից կտապալեմ քեզ։ Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։ Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։ Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։ Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։ Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։ Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։ Տյուրոսի մասին պատգամը։ «Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ» ։ Կիտացիների երկրից իմաց տրվեց նրանց։ «Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։ Առատ ջրերի վրա Սիորի սերմը՝ Նեղոսի հունձը, նրա եկամուտն էր, և նա եղել էր ազգերի վաճառանոցը ։ Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։ Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանք վշտից պիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։ Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։ Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։ Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները. Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։ Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։ Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիների ամրոցները։ Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ, բայց դու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։ Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերում բնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։ Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև ձեր ամրությունը կործանվեց։ Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում. «Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։ Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։ Բայց նրա շահույթն ու վարձը պիտի նվիրաբերվեն Տիրոջը. դրանք չեն դիզվելու և չեն պահվելու, այլ նրա շահույթը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, կշտանան և ընտիր զգեստներ հագնեն ։ Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։ Եվ ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային կլինի, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին։ Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որովհետև Տերն է ասել այս խոսքը։ Սգում, թախծում է երկիրը, նվաղում, թախծում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները։ Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։ Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։ Սգում է նոր գինին, թառամում է որթատունկը, հառաչում են զվարթասիրտ մարդիկ։ Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։ Գինին այլևս երգով չեն խմում, օղին դառն է խմողների համար։ Ավերվել է դատարկ քաղաքը, ամեն տուն կողպվել է ներս մտնողների համար։ Գինու համար աղաղակ կա փողոցներում. ամեն ուրախություն մարեց, վերացել է երկրի ցնծությունը։ Ամայությունն է մնացել քաղաքում, նրա դարպասը փշրվել, փլատակ է դարձել։ Այսպես կլինի երկրի վրա, ժողովուրդների մեջ, այսինքն՝ ինչպես թափ տված ձիթենին, ինչպես ճռաքաղը այգեկութն ավարտվելուց հետո։ Եվ նրանք պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով. «Դրա համար արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովեզրում Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը»։ Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։ Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։ Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։ Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։ Երերալով երերում է երկիրը հարբածի նման, ճոճվում է հյուղի նման, նրա հանցանքը ծանրացել է իր վրա, նա վայր է ընկնում և այլևս վեր չի կենա։ Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։ Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։ Կամաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում թագավորի Զորությունների Տերը, և նրա փառքը հայտնվի իր երեցների առաջ։ Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ, քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։ Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից, որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։ Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։ Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։ Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։ Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։ Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել. նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ, որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։ Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։ Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։ Նա պիտի խոնարհեցնի քո բարձր պարիսպների ամրությունները, ցածրացնի մինչև գետնի փոշին։ Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։ Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։ Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է, որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։ Ոտքը պիտի կոխոտի այն, թշվառի ոտքերն ու կարիքավորի քայլերը»։ Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։ Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։ Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։ Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։ Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։ Ո՛վ Տեր, դու մեզ համար խաղաղություն պիտի հաստատես, մեր բոլոր գործերն էլ դո՛ւ կատարեցիր մեզ համար։ Ո՛վ մեր Տեր Աստված, քեզնից բացի ուրիշ տերեր տիրեցին մեզ վրա. միայն քո անունը պիտի հիշատակենք։ Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։ Դո՛ւ փառավորվեցիր, ո՛վ Տեր, երբ բազմացրիր այս ազգը, բազմացրիր այս ազգը, ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։ Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։ Հղի կնոջ պես, երբ մոտ է ծննդաբերելուն, երկունքի մեջ տանջվում ու աղաղակում է, մենք էլ այդպես ենք եղել քո առաջ, ո՛վ Տեր։ Հղիացանք, երկունքով բռնվեցինք, բայց կարծես թե քամի ծնեցինք. մենք փրկություն չգործեցինք երկրի համար, և աշխարհի բնակիչներ չծնվեցին։ Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։ Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի, որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։ Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։ Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։ Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։ Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի, կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։ Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։ Մի՞թե Տերը նրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։ Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։ Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները, որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։ Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։ Այդ օրը Տերը Գետի հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։ Այդ օրը հնչելու է մեծ փողը, և գալու են Ասորեստանում կորածները և Եգիպտոս աքսորվածները և երկրպագելու են Տիրոջը Երուսաղեմում՝ սուրբ լեռան վրա։ Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։ Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։ Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։ Եվ նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղիկը, որը փարթամ հովտի գագաթին է, կլինի հնձից առաջ վաղահաս թզի պես, որը երբ մեկը տեսնում է, հազիվ ձեռքն առած՝ իսկույն կուլ է տալիս։ Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ, իրավունքի հոգի նրա համար, ով դատելու է նստում, և ուժ նրանց համար, որոնք պատերազմը հետ են մղում քաղաքի դարպասից։ Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս, որովհետև բոլոր սեղանները լի են փսխունքով, այլևս կեղտից զերծ տեղ չի մնացել։ «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն, որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» ։ Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ, որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։ Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։ Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում, որովհետև դուք ասացիք. «Մենք ուխտ ենք արել մահվան հետ, դաշինք ենք կապել “մեռելների աշխարհի” հետ. երբ մոլեգին պատուհասն անցնի, մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեր պատսպարանը դարձրինք և խաբեության մեջ ենք թաքնված»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։ Ես իրավունքը լարաչափ և արդարությունը հարթաչափ պիտի դարձնեմ»։ Կարկուտը պիտի քշի ստության պատսպարանը, և թաքստոցը ջրերը պիտի ողողեն։ Մահվան հետ ձեր ուխտը պիտի ջնջվի, և «մեռելների աշխարհի» հետ ձեր կապած դաշինքը չպիտի հաստատվի։ Եվ երբ մոլեգին պատուհասն անցնի, դուք դրանից ոտնատակ պիտի գնաք։ Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու, որովհետև «անկողինը կարճ է նրա վրա փռվելու համար, և ծածկոցը նեղ է փաթաթվելու համար»։ Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։ Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։ Ակա՛նջ դրեք և լսե՛ք իմ ձայնը, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքը։ Մի՞թե ցանելու համար հերկողն ամեն օր հերկում է և բացում, տափանում է իր արտը. չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։ Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան, որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակվում է գավազանով, իսկ չամանը՝ մահակով։ Հացահատիկը մանրացնում են, սակայն այն անդադար չեն կալսում. սայլի անիվը այն չի փշրում, և ձիերը այն չեն մանրացնում։ Սա նույնպես գալիս է Զորությունների Տիրոջից, որի խորհուրդը սքանչելի է, հանճարը՝ գերազանց։ Վա՜յ քեզ, Արիե՛լ, Արիե՛լ, Դավթի բանակատեղի քաղաք։ Ավելացրե՛ք տարին տարվա վրա. քո ուխտագնացության տոները թող հաջորդեն միմյանց։ Ես նեղը պիտի գցեմ Արիելին, հառաչանք ու ողբ պիտի լինի, նա ինձ համար զոհարանի պես պիտի լինի։ Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։ Դու ցած կընկնես, քո խոսքը կգա հողից, փոշու միջից կմրմնջաս քո խոսքերը, ուրվականի պես տափից է դուրս գալու քո ձայնը, և փոշու միջից ես շշնջալու քո խոսքերը։ Մանր փոշու նման կլինի քո օտարականների բազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։ Զորությունների Տիրոջ կողմից այցելություն կլինի որոտումով, երկրաշարժով, մեծաձայն մրրիկով, փոթորկով և լափող կրակի բոցով։ Գիշերային տեսիլքի, երազի պես է լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, նաև նրա ու նրա ամրոցի վրա բոլոր հարձակվողների ու նրան ճնշողների բազմությունը։ Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։ Ապշե՛ք ու զարմացե՛ք, շլացրե՛ք ձեզ և դարձե՛ք կույր, հարբե՛ք, բայց ոչ գինիով, տատանվե՛ք, բայց ոչ օղուց, որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։ Այս ամբողջ տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն և ասում. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Չեմ կարող, որովհետև կնքված է»։ Եվ եթե գիրքը տալիս են անգրագետ մի մարդու՝ ասելով. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Ես կարդալ չգիտեմ»։ Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։ Դրա համար էլ ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ. նրանց իմաստունների իմաստությունը պիտի կորչի, և պիտի խափանվի նրանց հանճարեղների հանճարը»։ Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։ Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։ Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։ Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարից ազատված ՝ կտեսնեն կույրերի աչքերը։ Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով, որովհետև բռնավորը կչքանա, ծաղրողը կվերանա, և կոչնչանան բոլոր չարամիտները, որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։ Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի. որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։ Հոգով մոլորվածները խոհեմություն պիտի ճանաչեն, և տրտնջացողները խրատ պիտի սովորեն»։ «Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որոնք խորհուրդ են անում, բայց ոչ ինձնով, որոնք դաշինք են կապում, բայց ոչ իմ հոգով, այդպիսով մեղքի վրա մեղք են շատացնում, որոնք առանց ինձ հարցնելու գնում իջնում են Եգիպտոս, որպեսզի ապավինեն փարավոնի պաշտպանությանը և պատսպարվեն Եգիպտոսի հովանու տակ։ Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ պիտի լինի, իսկ Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նախատինք, որովհետև թեև նրա իշխանավորները Տայանիսում են, և նրա պատգամաբերները հասել են Հանես, բոլորը պիտի ամաչեն մի ժողովրդից, որից օգուտ չեն ունենալու իրենք, որը ո՛չ օգնություն և ո՛չ էլ օգուտ, այլ ամոթ և նախատինք է բերելու իրենց»։ Հարավի անասունների պատգամը։ Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։ Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։ «Արդ, գնա՛, նրանց առաջ գրի՛ր այս մի տախտակի վրա, արձանագրի՛ր մի գրքի մեջ, և դա թող մնա որպես հավիտենական վկայություն գալիք օրվա համար»։ Քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը, որոնք տեսանողներին ասում են. «Մի՛ տեսեք», և մարգարեներին. «Մեզ համար ճշմարիտը մի՛ մարգարեացեք, մեզ ախորժելի՛ բաներ ասացեք, խաբեություննե՛ր մարգարեացեք, հեռացե՛ք ճանապարհից, շեղվե՛ք ուղուց, վերացրե՛ք մեր առաջից Իսրայելի Սրբին»։ Դրա համար այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ մերժեցիք այս խոսքը և ապավինել եք բռնությանն ու խաբեությանը և դրանց հենվեցիք, դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։ Այն փշրվելու է, ինչպես փշրվում է բրուտի ամանը, որը փշրվում է անխնա, և դրա կտորտանքներից խեցու մի կտոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրափոսից ջուր հանելու համար». քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։ Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթաց ձիերի վրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները։ Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեք բոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։ Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։ Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմի քեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։ Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։ Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։ Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի պես և դրանց կասես՝ դո՛ւրս։ Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում, և այն եզներն ու էշերը, որոնք հողն են վարում, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։ Մեծ կոտորածի օրը, երբ աշտարակները տապալվեն, ամեն բարձր լեռան և ամեն բարձրադիր բլրի վրա վտակներ՝ ջրերի հոսանքներ են լինելու, լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։ Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։ Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսզի ցնցի ազգերին կործանման մաղի մեջ և մոլորության սանձ դնի ժողովուրդների կզակին։ Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։ Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։ Տիրոջ ձայնը զարհուրեցնելու է ասորեստանցուն, երբ նրան հարվածի գավազանով։ Նրա համար սահմանված յուրաքանչյուր հարվածը, որ Տերն իջեցնելու է նրա վրա, թմբուկներով և քնարներով կլինի։ Պատերազմելու է նրա դեմ՝ շարժելով իր ձեռքը ։ Վաղուց պատրաստ է կիզարանը, պատրաստվել է թագավորի համար. այն խորացվել է, լայնացվել է։ Նրա խարույկը կրակ և առատ փայտ ունի։ Տիրոջ շունչը ծծմբի հեղեղատի պես վառելու է այն։ Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։ Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։ Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան. քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։ Թրթռացող թռչնիկների պես Զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և փրկելու է, խնայելու է և ազատելու է նրան։ Իսրայելի՛ որդիներ, դարձե՛ք դեպի նա, ում դեմ խորապես ապստամբեցիք, որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։ Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ո՛չ մարդու. մի սուր, որ մարդկային չէ, ուտելու է նրան։ Նա փախչելու է սրի առաջից, և նրա երիտասարդները բռնադատված աշխատողներ են լինելու։ «Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։ Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։ Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած երկրում։ Ապա տեսնողների աչքերը փակ չեն լինի, և լսողների ականջներն ուշադիր կլսեն։ Անխոհեմների միտքը լավ դատողություն կունենա, և թոթովախոսների լեզուն սահուն և հստակ կխոսի։ Անզգամին այլևս ազնվաբարո չեն անվանի և նենգամիտին վսեմաշուք չեն ասի, որովհետև անզգամը անզգամություն է դուրս տալիս, և նրա միտքը անօրենություն է խորհում, որ անաստվածություն անի ու Տիրոջ մասին ծուռ բաներ արտահայտի, քաղցածին սոված թողնի և ծարավածին զրկի ըմպելիքից։ Նենգամիտի նենգամտությունները չար են. նա նենգություններ է խորհում, որպեսզի թշվառներին կորստյան մատնի սուտ խոսքերով, թեկուզ և կարիքավորը իրավացի է։ Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա։ Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։ Մի տարուց և մի քանի օրից հետո դուք պիտի դողաք, ո՛վ ինքնավստահ եղողներ, որ այգեկութը փչացել է, և հունձ չի լինելու։ Ո՛վ անհոգ կանայք, դողացե՛ք, սարսափե՛ք. ո՛վ ինքնավստահ կանայք, հանվե՛ք ու մերկացե՛ք, մեջքներիդ քո՛ւրձ կապեք։ Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։ Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար, քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդն ու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն, մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։ Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։ Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։ Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։ Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։ Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։ Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։ Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։ Քո թնդացող ձայնից փախչում են ժողովուրդները. երբ դու բարձրանում ես, ցրվում են ազգերը։ Ավարը պիտի հավաքվի այնպես, ինչպես թրթուրն է հավաքում, մորեխի ոստնելու պես պիտի ոստոստեն դրա վրա։ Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։ Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։ Ահա նրանց քաջազուններն աղաղակում են դրսում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնորեն։ Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։ Սգում ու նվաղում է երկիրը, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ եղան։ «Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։ Հարդ եք հղիացել, մղեղ եք ծնելու. ձեր շունչը կրակ է, որն ուտում է ձեզ։ Ժողովուրդներն այրված կրի պես պիտի դառնան, կտրված փշերի պես, որոնք այրվում են կրակով։ Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։ Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։ Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը, ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։ Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, նայելու են մի երկրի, որն ընդարձակվում է մինչև հեռուն։ Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։ Դու այլևս չես տեսնելու այն ամբարտավան ժողովրդին, այն ժողովրդին, որն անծանոթ և անհասկանալի խոսվածք ուներ, թոթովախոս և անիմանալի լեզու ուներ։ Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։ Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու, որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։ Քո պարանները թուլացել են, դրանք իրենց կայմի խարիսխը պինդ չեն պահում կամ առագաստ բացում. այն ժամանակ մեծ ավար բաժանվեց. մինչև անգամ կաղերն են ավարառու։ Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը ներվելու է։ Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լսեք, ո՛վ ժողովուրդներ, ո՛ւշք դրեք. թող լսի երկիրը և նրա բոլոր բնակիչները, աշխարհը և ամեն շառավիղները, որ առաջացնում է. որովհետև Տիրոջ սրտմտությունը բոլոր ազգերի վրա է, նրա զայրույթը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա կործանման է մատնել նրանց, սպանդի է հանձնել։ Նրանց սպանվածները դուրս են գցվելու, նրանց դիակներից գարշահոտություն է բարձրանալու, լեռները թրջվելու են նրանց արյունից։ Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։ Իմ սուրը հարբել է երկնքում. ահա նա իջնում է եդովմացիների վրա, իմ դատապարտած ժողովրդի վրա՝ դատաստանի համար։ Տիրոջ սուրը հագեցած է արյամբ, յուղոտված է ճարպով, գառների և նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսրայում, մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։ Նրանց հետ կընկնեն գոմեշները, զվարակները՝ ցուլերի հետ. նրանց երկիրը կոռոգվի արյունով, և նրանց հողը կպարարտանա ճարպով։ Որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի դատի համար։ Նրա հեղեղատները ձյութի կվերածվեն, և նրա հողը՝ ծծումբի. նրա երկիրը վառվող ձյութի պես կլինի, գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա, և այն սերնդեսերունդ ավերակ կմնա. հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չի լինի։ Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։ Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի, նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։ Նրա ամրոցների վրա փշեր պիտի բուսնեն, նրա բերդերի վրա՝ եղինջ ու ցախ, և նա աղվեսների բնակարան ու ջայլամների բակ պիտի դառնա։ Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։ Այնտեղ բույն կշինի նետօձը, ձու կածի, ձագեր կհանի և կխնամի նրանց իր հովանու տակ. նաև այնտեղ կհավաքվեն ուրուրները՝ ամեն մեկն իր ընկերոջ հետ։ Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու, մեկի մոտ իր զուգընկերոջը չի փնտրելու, որովհետև նրա բերանը հրամայեց դա. նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։ Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։ Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։ Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։ Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։ Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։ Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։ Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։ Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։ Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։ Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։ Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։ Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և դիվանապահ Հովաքը՝ Ասափի որդին։ Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։ Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։ Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։ Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։ Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։ Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։ Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։ Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։ Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։ Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։ Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։ Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի, և այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։ Եզեկիային մի՛ լսեք, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Հաշտվե՛ք ինձ հետ, դո՛ւրս եկեք, հանձնվե՛ք ինձ, և ամեն մարդ իր որթատունկից, ամեն մարդ իր թզենուց կուտի, և ամեն մարդ իր ջրհորի ջրից կխմի, մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ ցորենի ու գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր։ Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով. "Տերը կազատի մեզ"։ Մի՞թե ազգերի աստվածներից մեկն ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։ Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։ Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։ Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։ Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։ Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։ Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել, բայց ծննդաբերության համար ուժ չկա։ Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։ Երբ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ, Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։ Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։ Երբ Ռաբսակը Լաքիսից վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։ Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ Ահա դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են կործանել դրանք, և դո՞ւ ես ազատելու։ Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։ Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։ Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։ Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով. «Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։ Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։ Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորները բնաջնջել են բոլոր երկրներն ու ավերել նրանց երկիրը։ Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։ Բայց արդ, ո՛վ Տեր, մեր Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միայն Տերը»։ Ապա Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։ Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին. "Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս դուստրը. Քո հետևից գլուխը շարժեց Երուսաղեմի դուստրը։ Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, Ո՞ւմ դեմ ձայն բարձրացրիր. Եվ աչքերդ գոռոզաբար բարձրացրիր Իսրայելի Սրբի դեմ։ Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։ Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցի Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի"։ Մի՞թե չես լսել, որ պատրաստել էի նախապես և ծրագրել էի հին օրերում։ Հիմա կատարեցի այդ, Որ դու ավերակների կույտերի վերածես պարսպապատ քաղաքները։ Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։ Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելը Եվ քո բորբոքված բարկությունն իմ դեմ։ Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին, Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։ Եվ սա լինի քեզ նշան. Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը, Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից, Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք Եվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։ Հուդայի տան ազատված մնացորդը Կրկին արմատ պիտի արձակի դեպի ներքև Եվ պտուղ պիտի տա վերևում. Քանզի Երուսաղեմից պիտի դուրս գա մի մնացորդ, Եվ Սիոն լեռից՝ ազատվածներ։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։ Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին. "Նա չի մտնի այս քաղաքը, Այստեղ նետ չի արձակի, Նրա առաջ դուրս չի գա վահանով Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։ Իր եկած ճանապարհով նա հետ կդառնա Եվ չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։- Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։ Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։ Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։ Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։ Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը։ Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ Ապա Տիրոջ խոսքը հասավ Եսայուն՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։ Ես քեզ և այս քաղաքը պիտի ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պիտի պաշտպանեմ այս քաղաքը”»։ Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ նա ասել է. «Ահա ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։ Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի գրվածքը, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից. «Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։ Ասացի. Տիրոջն այլևս չեմ տեսնելու, Տիրոջը՝ ողջերի երկրում. ոչ մի մարդու այլևս չեմ նայելու աշխարհի բնակիչների հետ։ Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։ Սպասեցի մինչև առավոտ, առյուծի պես կոտրատում էր իմ բոլոր ոսկորները. ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։ Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։ Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։ Ո՛վ Տեր, սրանցով ապրում են մարդիկ, և դրանց բոլորի մեջ է իմ հոգու կյանքը։ Դո՛ւ ինձ բժշկեցիր, դո՛ւ ինձ ապրեցրիր։ Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձը դուրս հանելով ոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։ Մեռելների աշխարհը քեզ չի գովերգի, մահը քեզ չի օրհնաբանի, քո հավատարմության վրա հույս չեն դնի գուբն իջնողները։ Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։ Տերն ինձ փրկելու է. ուրեմն լարավոր նվագարաններով երգեր երգենք մեր կյանքի բոլոր օրերին Տիրոջ տան մեջ»։ Եվ Եսային ասաց. «Չոր թզեր թող վերցնեն ու քսեն վերքի վրա, և նա կառողջանա»։ Իսկ Եզեկիան հարցրեց. «Ի՞նչ է այն նշանը, որով կիմանամ, թե Տիրոջ տունն եմ բարձրանալու»։ Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։ Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։ Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։ Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։ Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը. “Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։- Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։ Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։ «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։ Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։ Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։ Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը, ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։ Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։ Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։ Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։ Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։ Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։ Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։ Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։ Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։ Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։ Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։ Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։ Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։ «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։ Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։ Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։ Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։ Ո՛վ ծովեզրյա երկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։ Արդարին ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։ Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։ Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։ Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։ Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։ Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։ Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ. քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։ Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան, որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ «Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։ Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։ Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։ Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։ Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։ Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին, որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց դրանք»։ «Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։ Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։ Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։ Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։ Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։ Ո՞վ հայտարարեց սկզբից, որ իմանանք, և ավելի առաջ, որ ասենք՝ ճշմարիտ է. իմացնող չկա, հայտարարող չկա, ձեր խոսքերը լսող չկա։ Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի։ Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։ Ահա նրանք ամենքը ունայն են, նրանց գործերը փուչ են, նրանց ձուլածո կուռքերը քամի են, դատարկություն։ Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։ Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։ Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։ Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են նրա օրենքին։ Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին. «Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝ կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։ Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։ Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։ Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։ Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։ Փառք թող մատուցեն Տիրոջը և նրա գովաբանությունը հայտարարեն ծովեզերքում։ Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, պատերազմիկի պես նա գրգռելու է իր նախանձախնդրությունը, բարձրագոչ աղաղակելու է, ինքն իրեն իր թշնամիների նկատմամբ հզոր է ցույց տալու։ Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։ Ավերակ պիտի դարձնեմ լեռներն ու բլուրները, դրանց ամբողջ բուսականությունը չորացնեմ, գետերը կղզիների պիտի վերածեմ և լճակները ցամաքեցնեմ։ Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով։ Նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը՝ հարթավայր։ Այս բաներն եմ անելու և նրանց բնավ չեմ լքելու։ Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։ Ո՛վ խուլեր, լսե՛ք. ո՛վ կույրեր, նայե՛ք, որ տեսնեք։ Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։ Շատ բաներ ես տեսել, բայց ուշադիր չես, ականջները բաց են, բայց ոչինչ չես լսում։ Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։ Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։ Ձեզանից ո՞վ է, որ ականջ կդնի այս բանին, որ ուշադիր կլինի և կլսի հետագայի համար։ Ո՞վ Հակոբին մատնեց հափշտակության և Իսրայելին՝ կողոպտիչների ձեռքը. չէ՞ որ Տերը, նա, որի դեմ մեղանչեցինք։ Նրանք չկամեցան ընթանալ նրա ճանապարհով ու չհնազանդվեցին նրա օրենքին։ Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։ Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն, որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։ Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։ «Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։ Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։ Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։ Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։ Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։ Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ուղարկեցի Բաբելոն, իբրև փախստականներ՝ բոլորին տապալեցի, նաև քաղդեացիներին՝ իրենց ցնծությամբ լի նավերով։ Ես եմ Տերը՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը»։ Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի, նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։ «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։ Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։ Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։ Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։ Բայց դու ինձ չկանչեցիր, ո՛վ Հակոբ, դու ձանձրացար ինձնից, ո՛վ Իսրայել։ Դու ինձ համար չբերեցիր քո ողջակեզների ոչխարները և քո զոհերով ինձ չփառավորեցիր. ես քեզ չծանրաբեռնեցի ինձ ընծա մատուցելու համար և քեզ չհոգնեցրի՝ կնդրուկ պահանջելով։ Դու ինձ համար խնկաբույր եղեգ չես գնել դրամով և քո զոհերի ճարպով ինձ չես կշտացրել, այլ ինձ ծանրաբեռնել ես քո մեղքերով և ինձ հոգնեցրել քո անօրենություններով։ Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։ Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։ Քո առաջին նախահայրը մեղք գործեց, և քո միջնորդներն ըմբոստացան իմ դեմ։ Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։ «Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։ Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն, որին ընտրել եմ, որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։ Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։ Այս մեկը պիտի ասի. "Ես Տիրոջն եմ", այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. "Տիրոջն եմ պատկանում ", և մականվանվի Իսրայելի անունով”։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։ Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։ Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։ Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։ Ո՞վ է աստված կերտում կամ կուռք ձուլում, որոնք անօգուտ բաներ են։ Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։ Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։ Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։ Իր համար մայրիներ է կտրում, վերցնում է թեղոշ ու կաղնի և իր համար աճեցնում անտառում կամ մի եղևնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։ Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նա դրանից աստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։ Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։ Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։ Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։ Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացողություն չունի, որ ասի. «Դրա կեսը կրակով այրեցի, դրա կայծերի վրա հաց եփեցի, միս խորովեցի ու կերա, իսկ մնացած կեսով պիղծ կո՞ւռք շինեմ և փայտի կո՞ճը երկրպագեմ»։ Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։ «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։ Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը՝ մեգի նման. վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ»։ Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։ Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը. ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը. ես եմ հաստատում իմ ծառայի խոսքը և իրականացնում իմ պատգամաբերների խորհուրդը. ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին. “Բնակելի պիտի դառնաս”, և Հուդայի երկրի քաղաքներին. “Պիտի կառուցվեք”, և նրա ավերակներին. “Պիտի վերակառուցվեք”։ Ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։ Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։ Եվ ասում եմ Կյուրոսի մասին. “Իմ հովիվն է”, և նա պիտի կատարի իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ “Կվերաշինվի”, և տաճարին՝ “Կհիմնվե՛ս”»։ Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ ։ Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։ Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։ Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ, որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։ Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։ Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող արդարություն անձրևեն, թող երկիրը բացվի, թող բուսնի փրկությունը, և նրա հետ ծլի արդարությունը։ Ես՝ Տերը, ստեղծել եմ այն»։ Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի»։ Վա՜յ նրան, ով հորն ասում է. «Ի՞նչ ծնեցիր», և մի կնոջ՝ «Ի՞նչ ես երկնել»։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը. «Կհարցնե՞ք իմ որդիների ապագայի մասին, թե՞ հրամաններ կտաք իմ ձեռքի գործի մասին։ Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։ Ես եմ զարթնեցրել նրան արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։ Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։ Հիրավի դու քեզ ծածկող Աստված ես, ո՛վ Իսրայելի Փրկիչ Աստված։ Նրանք ամենքը կամաչեն և կպատկառեն, կուռք շինողները բոլորը միասին ամոթահար կլինեն, բայց Իսրայելը կփրկվի Տիրոջ ձեռքով հավիտենական փրկությամբ։ Դուք չպիտի ամաչեք, ամոթահար չպիտի լինեք հավիտյանս հավիտենից։ Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։ Ես ծածկաբար չեմ խոսել երկրի մի խավար տեղում. ես չասացի Հակոբի սերնդին. “Փնտրե՛ք ինձ քաոսի մեջ”։ Ես՝ Տերը, խոսում եմ արդարությունը, հայտարարում եմ, ինչ որ ճշմարիտ է։ Հավաքվե՛ք և եկե՛ք, մոտեցե՛ք միասին, ո՛վ ազգերի փախստականներ։ Անգետ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքը և աղոթք են անում այնպիսի մի աստծու, որ չի կարող փրկել։ Հայտարարե՛ք և մոտեցրե՛ք, թող նրանք էլ միասին խորհուրդ անեն. այս բաների մասին ո՞վ է տեղեկացրել վաղուց. այն ժամանակվանից ո՞վ հայտարարեց դրանք. չէ՞ որ ես՝ Տերը. ինձնից բացի ուրիշ Աստված չկա, ճշմարիտ Աստված և Փրկիչ չկա ինձնից բացի։ Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա։ Ինձանով եմ երդվել, իմ բերանից ճշմարտություն է դուրս եկել, խոսք, որ հետ չի դառնա. ամեն ծունկ ինձ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի։ Եվ կասեն. “Միմիայն Տիրոջից կա ինձ արդարություն և զորություն”։ Նրա մոտ կգան և կամաչեն նրա դեմ բոլոր բորբոքվածները։ Տիրոջով կարդարանան և կպարծենան Իսրայելի բոլոր սերունդները»։ «Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։ Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։ Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։ Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ ։ Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։ Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։ Այն վերցնում, տանում են ուսի վրա, ամրացնում իր տեղում, և նա կանգնում մնում է այնտեղ, չի շարժվում իր տեղից։ Ապա աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում նրանց իրենց նեղությունից։ Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։ Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։ Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։ Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։ Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։ «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։ Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։ Պիտի բացվի քո մերկությունը, և պիտի երևա քո նախատինքը։ Վրեժ եմ առնելու, չեմ խնայելու ոչ ոքի։ Մեր Փրկիչը,- Զորությունների Տեր է նրա անունը,- Իսրայելի Սուրբն է։ Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու “թագավորությունների տիրուհի”։ Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։ Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։ Իսկ հիմա լսի՛ր այս, ո՛վ դու հեշտասեր, որ նստած ես ապահով և սրտիդ մեջ ասում ես. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա. իբրև այրի չպիտի նստեմ և անզավակություն չպիտի գիտենամ”։ Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։ Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. “Ինձ տեսնող չկա”։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա”։ Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։ Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։ Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։ Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։ «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։ Արդարև, նրանք կոչվում են սուրբ քաղաքի անունով և հենվում Իսրայելի Աստծու վրա, որի անունը Զորությունների Տեր է։ Նախկին եղելությունների մասին վաղուց եմ հայտարարել, դրանք իմ բերանից դուրս եկան, և ես դրանք իմացրի. ես հանկարծ դրանք կատարեցի, և դրանք եղան։ Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։ Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։ Դու լսեցիր, հիմա տե՛ս այս ամենը. դու և՞ս չես ընդունելու ։ Այսուհետև քեզ նոր բաների մասին եմ իմացնելու, ծածուկ բաների մասին, որ դու չգիտես։ Դրանք հիմա են ստեղծվել և ոչ թե վաղուց։ Այս օրից առաջ դու դրանց մասին չես լսել, ուրեմն չասես. “Ահա ես գիտեի դրանք”։ Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։ Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։ Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։ Հանուն ինձ, հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպե՜ս է անարգվելու իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ես կանչեցի. ես նա եմ, ես եմ առաջինը և ես եմ վերջինը։ Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։ Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է պատմել այս բաները։ Ում Տերը սիրում է, նա՛ կկատարի նրա կամքը Բաբելոնի դեմ, և նրա բազուկը կծանրանա քաղդեացիների վրա։ Ես, ե՛ս եմ խոսել և ե՛ս եմ կանչել նրան, ե՛ս եմ նրան բերել, և նրա ճանապարհը կհաջողվի։ Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։ Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։ Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։ Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ցնծալի ձայնով հայտարարե՛ք, հռչակե՛ք այս, տարածե՛ք մինչև երկրի ծայրը. ասացե՛ք. «Տերը փրկել է իր ծառա Հակոբին»։ Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։ «Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։ Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։ Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։ Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։ Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։ Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։ Նա ասում է. « Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։ Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։ Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։ Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։ Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։ Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։ Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։ Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։ Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։ Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։ Զրկանքի ժամանակ ծնած որդիները քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։ Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։ Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։ Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի գերյալը կազատագրվի՞»։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։ Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։ Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։ Երբ ես եկա, ինչո՞ւ մարդ չկար. երբ ես կանչեցի, ինչո՞ւ պատասխանող չկար. մի՞թե իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի փրկել, և կամ ես ուժ չունեի՞ ազատելու։ Ահա ես իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, անապատ եմ դարձնում գետերը, և ջուր չլինելու պատճառով հոտում են դրանց ձկները և սատկում ծարավից։ Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։ Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ Տեր Աստված բացեց իմ ականջը, և ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի։ Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։ Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։ Ահա Տեր Աստված օգնում է ինձ. ո՞վ է, որ ինձ դատապարտելու է։ Նրանք բոլորը շորի պես կմաշվեն, և ցեցը կուտի նրանց։ Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։ Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։ «Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։ Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։ Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։ Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։ Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։ Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։ Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից, որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։ Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։ Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։ «Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։ Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։ Կքած կալանավորը շուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։ Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։ Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։ Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։ Երկու բաներ պատահեցին քեզ, ո՞վ կարող է քեզ սփոփել. կործանում ու կոտորած և սով ու սուր։ Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ։ Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։ Ուրեմն լսի՛ր այս, ո՛վ թշվառ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։ Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։ Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։ Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։ Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր, քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։ Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։ Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։ Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։ Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։ Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։ Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։ Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպեք, դո՛ւրս ելեք նրա միջից. մաքո՛ւր մնացեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ, որովհետև հապճեպ դուրս չպիտի ելնեք և ոչ էլ փախչելով պիտի գնաք, այլ Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստվածն է լինելու ձեր հետնապահը։ Ահավասիկ իմ ծառան կբարգավաճի, կմեծանա, կբարձրացվի և հույժ կփառավորվի։ Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից), այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։ Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։ Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։ Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։ Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։ Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։ «Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։ Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը, որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, քո սերունդը պիտի ժառանգի ազգերին և բնակեցնի ավերված քաղաքները։ Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը, որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված, որովհետև Տերը քեզ կանչեց որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, մի երիտասարդի կնոջ պես, որ մերժված է։ Քո Աստվածն ասում է. «Մի փոքր ժամանակ քեզ լքեցի, բայց մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ։ Սրտմտությանս բորբոքվելով՝ մի վայրկյան երեսս ծածկեցի քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը,- որովհետև սա Նոյի օրերի նման է ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։ Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։ «Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։ Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։ Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։ Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։ Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։ Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։ Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։ Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք. եկե՛ք, գնե՛ք գինի և կաթ առանց փողի, առանց գնի։ Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։ «Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։ Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։ Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։ Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։ «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։- Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։ Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին, այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։ Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։ Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։ Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։ Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։ Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ», որովհետև Տերն այսպես է ասում. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին, ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի։ Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին, նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։ Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի աքսորյալներին. «Բացի արդեն հավաքվածներից, դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրանց վրա»։ Ո՛վ դուք, դաշտի բոլո՛ր գազաններ, եկե՛ք ուտելու, և դուք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։ Նրա պահապանները կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։ Նրանք շատակեր ու անկուշտ շներ են։ Նրանք հովիվներ են, որ հասկանալու գիտություն չունեն. ամեն մեկն իր ճանապարհին է դարձել, իր օգուտի մասին է մտածում յուրաքանչյուրը։ «Եկե՛ք,- ասում են,- գինի բերեմ, հարբենք օղիով, վաղվա օրն էլ այսօրվա պես կլինի և նույնիսկ անհամեմատ ավելին»։ «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։ Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։ Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։ Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։ Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։ Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։ Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։ Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։ Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։ Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։ Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանք քեզ օգուտ չեն ունենալու։ Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։ Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։ Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։ Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։ Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։ Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։ Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։ Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։ «Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։ Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։ Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն. «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։ Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։ Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։ Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։ Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։ «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։ Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի, որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։ Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։ Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։ Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։ Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։ Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։ Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։ Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանց մեջ լինելով՝ մեռելների պես ենք։ Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից, քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։ Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։ Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։ Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Տերը տեսավ, և դա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։ Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։ Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։ Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին. նաև ծովեզրի երկրներին պիտի հատուցի իրենց վարձը։ Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։ «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։ «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։ Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։ Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։ Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։ Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը. բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ. քո որդիները գալիս են հեռվից, և քո դուստրերը՝ գրկում մանուկների պես։ Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։ Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։ Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։ Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։ Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։ «Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։ Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։ Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։ Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։ Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։ Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։ Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։ Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։ Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։ Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։ Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։ Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։ Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։ Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու, Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը ։ Օտարականները պիտի կանգնեն ու հովվեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն։ Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։ «Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք. նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում ու հավիտենական ուրախություն պիտի ունենաք։ Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։ Նրանց սերունդները պիտի ճանաչվեն ազգերի մեջ, և նրանց երանքից ծնվածները՝ ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն են։ Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։ Ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ։ Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։ Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։ Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։ Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը» և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։ Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։ Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք և դադար մի՛ տվեք նրան, մինչև հաստատի Երուսաղեմն ու այն գովաբանություն դարձնի երկրի վրա։ Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր, այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել են խաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։ Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։ Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։ Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։ Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմ և փրկելու կարող»։ Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողի հանդերձի նման են։ Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները, որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։ Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։ Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։ Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։ Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։ Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։ Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։ Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին, իր փառավոր բազուկը Մովսեսի աջ ձեռքով առաջ շարժեց, պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի իր համար, նա, որ նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, առանց որի նրանք կսայթաքեին։ Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։ Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։ Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։ Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։ Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։ Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։ Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները, ինչպես խռիվն է վառվում կրակով, և ջուրը՝ եռում կրակով. դու հայտնեիր քո անունը քո հակառակորդներին, և քո երեսից կդողային ազգերը։ Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։ Հնուց լսված չէ և իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։ Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։ Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։ Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որ արթնանա և քեզնից կառչի, որովհետև դու քո երեսը ծածկել ես մեզնից և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։ Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։ Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։ Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։ Մեր Սուրբ տունը՝ մեր շքեղությունը, որտեղ քեզ օրհներգեցին մեր հայրերը, հրո ճարակ դարձավ, մեր բոլոր ցանկալի բաներն ավերվել են։ Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։ Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։ Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ. այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա. որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։ Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։ Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ նրանց անօրենություններն ու նրանց հայրերի անօրենությունները միասին,- ասում է Տերը,- որոնք խունկ ծխեցին լեռների վրա և ինձ նախատեցին բլուրների վրա. ես նրանց առաջ իրենց նախկին արարքների համար լիովին վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»։ Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։ Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։ Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։ Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։ Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։ Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք, ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։ Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա, որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։ Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։ Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։ Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։ Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։ Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։ Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։ Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն և զավակներ չպիտի ծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն, և նրանց երանքից ծնվածներն էլ՝ նրանց հետ։ Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։ Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։ Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։ Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։ Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։ Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։ Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։ Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։ «Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։ Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։ Դուք պիտի ծծեք ու հագենաք նրա մխիթարող ստինքից, որպեսզի կուշտ խմեք և վայելեք նրա փառքի առատությունը։ Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։ Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։ Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն կանաչ խոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։ Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով. որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։ «Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։- Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց խորհուրդները. և ժամանակը կգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։ Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։ Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։ Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,- որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։ Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։- Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։ Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը, որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում, Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։ Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։ Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։ Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։ Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։ Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։ Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։ Եվ ես նրանց կհայտարարեմ իմ դատաստանը նրանց բոլոր չարությունների համար, որ ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խնկարկել և իրենց ձեռքերի գործերին են երկրպագել։ Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։ Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։ Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։ Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա"”,- ասում է Տերը։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։ Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։ Եվ չասացին. "Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում"։ Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։ Քահանաները չասացին. "Որտե՞ղ է Տերը", և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։ Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։ Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք. մա՛րդ ուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։ Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։ Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ և շատ ապշի՛ր,- ասում է Տերը,- որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց. ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։ Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։ Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։ Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։ Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։ Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրի ջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետի ջուրը խմես։ Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել և ասել. “Չեմ ծառայում”. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։ Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։ Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։- Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։ Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։ Ոտքդ մերկությունից հե՛տ պահիր և կոկորդդ՝ ծարավությունից։ Բայց դու ասում ես. “Անհույս է, ո՛չ. որովհետև ես սիրել եմ օտարներին և նրանց հետևից եմ գնալու”։ Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես և ամաչելու են Իսրայելի տունը, նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները, որոնք փայտին ասում են. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դու ծնեցիր ինձ”։ Որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակ ասում են. “Վե՛ր կաց և ազատի՛ր մեզ”։ Արդ ո՞ւր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար. թող նրանք վեր կենան, գուցե ազատեն քեզ քո ձախորդության ժամանակ։ Որովհետև քո քաղաքների թվի չափ եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Ինչի՞ համար եք վիճում ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք իմ դեմ,- ասում է Տերը։- Ես զուր հարվածեցի ձեր որդիներին. նրանք խրատ չընդունեցին. ձեր սուրը, ինչպես մի գիշատիչ առյուծ, կերավ ձեր մարգարեներին։ Ո՛վ սերունդ, դուք Տիրոջ խոսքի՛ն նայեք։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եղա կամ թանձր խավարի մի երկիր. իմ ժողովուրդն ինչո՞ւ է ասում. “Ազատ ենք թափառելու, այլևս չենք գա քեզ մոտ”։ Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, հարսը՝ իր գոտին. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որոնք թիվ չունեն։ Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։ Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։ Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։ Սրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»։ «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։ «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։ Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։ Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. “Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը”։ Մի՞թե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի. ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։ Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։ Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։ Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։ Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։ Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։ Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։ Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։ Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։- Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։ Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։ Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. "Տիրոջ ուխտի տապանակը", և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։ Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։ Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին”։ Ես ասացի. “Ինչպե՜ս կուզենայի քեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը”։ Եվ խորհեցի՝ դու ինձ “Իմ Հայր” կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։ Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։ Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։ «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։ «Ահա մենք դեպի քեզ ենք գալիս, որովհետև, ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը։ Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։ Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։ Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։ «Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր, և եթե իմ առաջից հեռացնելու լինես քո գարշելի քանդակներին և չտատանվես, և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։ Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։ Ո՛վ Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, թլփատվե՛ք Տիրոջ համար և հեռացրե՛ք ձեր սրտի թլիփը, որ չլինի թե իմ զայրույթը կրակի պես դուրս գա և այրի ձեր չար գործերի համար, և հանգցնող չլինի։ Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։ Դրո՛շ պարզեք դեպի Սիոն, ապաստա՛ն փութացեք, մի՛ կանգնեք, որովհետև ես հյուսիսից չարիք և մեծ ավերում եմ բերում։ Առյուծն իր մացառից վեր կացավ, և ազգերին ջարդողն իր տեղից դուրս եկավ, ճանապարհվեց, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, առանց բնակչի դառնան։ Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։ «Այն օրը,- ասում է Տերը,- թագավորի սիրտը և իշխանների սիրտը կնվաղի, քահանաները կվախենան, մարգարեները կահազդվեն»։ Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Տեր Աստված, դու անշուշտ խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. “Ձեզ խաղաղություն կլինի”. բայց սուրը մինչև մեր հոգին է հասել»։ Այն ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատում լերկ բլուրներից մի կիզիչ քամի է փչում դեպի իմ ժողովրդի դուստրը, որ ո՛չ քամհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու։ Սրանցից ավելի սաստիկ մի քամի պիտի գա ինձ։ Հիմա ես դատաստաններով պիտի խոսեմ նրանց դեմ»։ Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։ Քո սիրտը մաքրի՛ր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես. քո չար խորհուրդները սրտումդ մինչև ե՞րբ պիտի մնան։ Որովհետև մի կանչ է գալիս Դանից և թշվառություն է հայտարարում Եփրեմի սարից։ Հիշեցրե՛ք ազգերին, ահա Երուսաղեմին հայտարարե՛ք. «Պաշարողներ են գալիս հեռավոր երկրից և իրենց ձայնն են արձակում Հուդայի քաղաքների դեմ։ Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։ «Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այս բանը. սա քո չարության արդյունքն է. իրա՜վ դառը և խոցում է մինչև սիրտդ»։ Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։ Կործանում կործանումի հետևից է գալիս, ամբողջ երկիրն ավերվել է. հանկարծակի ավերվեցին իմ վրանները, մի վայրկյանում՝ իմ վարագույրները։ Մինչև ե՞րբ պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը։ Որովհետև հիմար է իմ ժողովուրդը. ինձ չճանաչեցին. նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում. նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։ Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։ Նայեցի լեռներին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները երերում էին։ Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։ Նայեցի, և ահա Մրգաստանը՝ անապատ, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին Տիրոջ առաջ ու նրա բորբոք բարկության առաջ։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Ամբողջ երկիրն ամայի պիտի դառնա, բայց լիովին վերջը չեմ տալու։ Սրա համար երկիրը պիտի սգա, և երկինքը վերևից պիտի խավարի, որովհետև ես եմ ասել, խորհել եմ և չեմ զղջալու և հետ չեմ դառնալու։ Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ամբողջ քաղաքը, թավուտներն են մտնում և բարձրանում ժայռերի վրա, բոլոր քաղաքները լքված են, և նրանցում բնակվող մարդ չկա։ Եվ դու ի՞նչ պիտի անես, ո՛վ կործանված, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկե զարդերով զարդարում, որ ծարիրով լայնացնում ես աչքերդ։ Զուր ես քեզ գեղեցկացնում, սիրեցյալներդ քեզ մերժեցին, կյանքդ են փնտրում»։ Որովհետև մի ձայն լսեցի, ասես ծննդկանի ձայն. առաջին անգամ ծննդաբերողի նեղություն, Սիոնի դստեր ձայնը, հևալով տարածում է իր ձեռքերը. «Վա՜յ ինձ, որ հոգիս նվաղում է սպանողների առաջ»։ Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդ քաղաքին ։ Եվ թեպետ ասում են. «Կենդանի է Տերը», բայց անտարակույս ստությամբ են երդվում։ Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։ Ես ասացի. «Սրանք պարզապես աղքատներն են. անմիտ են և չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը։ Ես կգնամ մեծերի մոտ և նրանց հետ կխոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը»։ Բայց նրանք բոլորը լուծը կոտրել են, կապերը կտրատել։ Սրա համար անտառից նրանց պիտի զարկի առյուծը, անապատների գայլը պիտի կործանի նրանց, ինձն է հսկելու նրանց քաղաքների վրա. յուրաքանչյուրը, ով նրանցից դուրս գա, պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները։ Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։ Լավ կերակրված ցանկամոլ ձիեր են, ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է խրխնջում։ «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից հոգիս վրեժ չպիտի՞ առնի»։ «Բարձրացե՛ք նրա խաղողի այգիները և ավերե՛ք, բայց լիովին չոչնչացնեք. վերցրե՛ք նրա ոստերը, որովհետև նրանք Տիրոջը չեն։ Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը մեծապես անհավատարիմ մնացին ինձ»,- ասում է Տերը։ Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։ Եվ մարգարեները քամի են, և Տիրոջ խոսքը նրանց մեջ չէ. այսպես է լինելու նրանց»։ Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։ Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։ Նրանց կապարճը բաց գերեզմանի պես է, նրանք բոլորը կտրիճներ են։ Նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու դուստրերին. պիտի ուտեն քո հոտերն ու քո արջառները, պիտի ուտեն քո որթատունկերն ու թզենիները, ամրացված քաղաքները, որոնց ապավինում ես, սրով պիտի քարուքանդ անեն»։ «Բայց այն օրերին էլ,- ասում է Տերը,- ձեր վախճանը լիովին չեմ տալու։ Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։ Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով. «Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։ «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։ Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։ Եվ իրենց սրտում չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որ իր ժամանակին տալիս է անձրևը, առաջին և վերջին անձրևը, որ մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները”։ Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։ Որովհետև իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում, դարանամուտ են լինում կծկված թռչնորսների պես, որոգայթներ են լարում, մարդիկ որսում։ Ինչպես որ վանդակն է լի թռչուններով, նույնպես և նրանց տները լիքն են խաբեությամբ. դրա համար են նրանք մեծացել և հարստացել, պարարտացան-փայլեցին, չարերի գործերն էլ գերազանցեցին։ Դատը չեն դատում՝ որբի դատը, (այսուամենայնիվ հաջողում են) և չքավորների իրավունքը չեն պաշտպանում»։ «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։ Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։ Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։ Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։ Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։ Նրա դեմ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։ Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։ Վե՛ր կացեք, գիշերով ելնենք և կործանենք նրա պալատները ։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։ Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։ Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։ Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։ Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։ Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։- Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ “անիրավ շահի համար” ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։ Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա։ Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. “Նրանում չենք ընթանում”։ Ես ձեզ վրա դետեր նշանակեցի. “Ուշադի՛ր եղեք փողի ձայնին”, բայց նրանք ասացին. “Ուշադիր չենք լինելու”։ Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ, ինչ է լինելու նրանց։ Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։ Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։ Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն”»։ Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։ Աղեղ և նիզակ են բռնել, անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման։ Ձիերի վրա են հեծնում, քո դեմ շարված են պատերազմիկների նման, ո՛վ Սիոնի դուստր։ Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։ Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։ Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։ Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։ Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։ Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։ Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։ Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով. «Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. "Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է"։ Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք, օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ, այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։ Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։ Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում, հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. "Ազատվեցինք", որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։ Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։- Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։ «Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։ Ուստի ես էլ այն տանը, որն իմ անունով է կոչվել, և որին ապավինել եք դուք, և այն տեղին, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ այնպես, ինչպես որ արել եմ Սելովին։ Ես ձեզ պիտի վտարեմ իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։ «Ուստի դու մի՛ աղոթիր այս ժողովրդի համար և նրանց համար աղաղակ ու աղոթք մի՛ բարձրացրու և ինձ մի՛ բարեխոսիր, որովհետև ես քեզ չեմ լսելու։ Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։ Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։ Մի՞թե նրանք ինձ են բարկության գրգռում,- ասում է Տերը,- թե՞ իրենց, իրենց երեսն են ամոթահար անում»։ Սրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա իմ բարկությունն ու իմ զայրույթը պիտի թափվեն այս տեղի վրա, մարդու վրա և անասունի վրա, դաշտի ծառի վրա և հողի պտղի վրա, և պիտի այրի ու չհանգչի»։ Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք։ Որովհետև այն օրը, երբ ձեր հայրերին հանեցի Եգիպտոսի երկրից, նրանց հետ չեմ խոսել և նրանց չեմ հրամայել ողջակեզի և զոհի վերաբերյալ։ Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։ Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։ Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր ես հարատևորեն ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։ Եվ դու նրանց այս բոլոր բաները կասես, բայց նրանք քեզ չեն լսի։ Դու նրանց կկանչես, բայց նրանք չեն պատասխանի։ Ուրեմն ասա՛ նրանց. “Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից”»։ Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։ «Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։ Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։ «Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։ Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և նրանց վախեցնող չի լինի։ Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։ «Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանավորների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները կհանեն իրենց գերեզմաններից և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։ Մահը կյանքից նախընտրելի պիտի լինի այն ամբողջ մնացորդի համար, որ կմնան այս չար ազգատոհմից, այն բոլոր տեղերում, ուր աքսորել էի նրանց»,- ասում է Զորությունների Տերը։ «Ասա՛ նրանց,- այսպես էլ ասում է Տերը.- մի՞թե վայր կընկնեն ու էլ վեր չեն կենա, կամ կխոտորեն և էլ հետ չե՞ն դառնա։ Ինչո՞ւ այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ։ Ես ուշադիր եղա և լսեցի. նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. “Ես ի՜նչ եմ արել”։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ձին։ Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։ Դուք ինչպե՞ս եք ասում. “Մենք իմաստուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է”։ Երբ դպիրների սուտ գրիչը ստություն է դարձրել այն։ Իմաստունները կամաչեն, կզարհուրեն և կբռնվեն. ահա մերժեցին Տիրոջ խոսքը, ուրեմն էլ ի՞նչ իմաստություն ունեն։ Սրա համար ես նրանց կանանց ուրիշների պիտի տամ, նրանց դաշտերը՝ իրենց տիրողներին, որովհետև փոքրից մինչև մեծը բոլորն ագահ են անիրավ վաստակի համար. մարգարեից մինչև քահանան բոլորը ստությամբ են վարվում։ Եվ թեթևորեն բժշկում են իմ ժողովրդի դստեր վերքը՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”. երբ խաղաղություն չկա։ Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։ «Բոլորովին բնաջնջելու եմ նրանց,- ասում է Տերը։- Խաղող չի լինելու որթատունկի վրա, և թուզ չի լինելու թզենու վրա, տերևը թառամելու է, և այն, ինչ որ տվել եմ նրանց, պիտի անցնի»։ Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։ Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։ «Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։ Իմ վիշտն անդարմանելի է, սիրտս նվաղել է իմ մեջ։ Լսե՛ք իմ ժողովրդի դստեր կանչի ձայնը հեռավոր երկրից. «Տերը Սիոնում չէ՞, նրա թագավորը նրա մեջ չէ՞»։ «Ինչո՞ւ իմ բարկությունը գրգռեցին իրենց քանդակած կուռքերով և իրենց օտար ունայնություններով »։ Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։ Բալասան չկա՞ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞ այնտեղ. հապա ինչո՞ւ իմ ժողովրդի դուստրը բժշկություն չգտավ։ «Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։ Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։ Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա. չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում»,- ասում է Տերը։ «Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։ Եվ ամեն մարդ խաբում է իր ընկերոջը և ճշմարտություն չի խոսում. իրենց լեզուն սովորեցրել են սուտ ասելու. հոգնում են անօրինություն անելով։ Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։ Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստեր մեղքի պատճառով։ Մահաբեր նետ է նրանց լեզուն, խաբեություն է խոսում. իր ընկերոջ հետ բերանով խաղաղություն է խոսում, իսկ իր սրտում նրան դարան է պատրաստում։ Սրա համար ես նրանց չպատժե՞մ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից անձս վրեժ չպիտի՞ առնի։ Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։ Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։ Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։ Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։ Այլ գնացին իրենց սրտի կամակորության հետևից և Բահաղների հետևից, ինչպես որ իրենց հայրերը սովորեցրել էին իրենց»։ Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա այս ժողովրդին ես օշինդր եմ ուտեցնելու և դառը ջուր եմ խմեցնելու։ Եվ նրանց պիտի ցրեմ ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք գիտեին, ո՛չ իրենց հայրերը, և նրանց հետևից սուր պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց»։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և եղերամայրե՛ր կանչեք, որ գան, և վարժ կանա՛նց ուղարկեք, որ գան։ Շուտով գան, մեզ վրա ողբ բարձրացնեն, մինչև մեր աչքերն արտասուք թափեն, և մեր կոպերից ջրեր հորդեն։ Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց. “Ինչպե՜ս կործանվեցինք, շատ ամաչեցինք, որովհետև պետք է թողնենք երկիրը, որովհետև ավերեցին մեր բնակարանները”։ Ուրեմն, ո՛վ կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ընդունի նրա բերանի խոսքը։ Եվ ձեր դուստրերին եղերերգությո՛ւն սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն՝ ողբ»։ Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։ Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։ Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։ Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։ «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված, Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։ Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։ Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված ։ Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։ Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։ Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։ Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։ Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։ Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։ Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։ Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։ Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։ Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։ Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։ Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։ Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։ Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։ Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։ Մի լուր է ձայնում. Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։ Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։ Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։ Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։ Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։ Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը, որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը և կատարե՛ք այն ամենը, ինչ ես հրամայում եմ ձեզ։ Եվ դուք ինձ ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ Աստված կլինեմ, որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր"”»։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. «Ամե՛ն, ո՛վ Տեր»։ Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարի՛ր այս խոսքերը՝ ասելով. “Լսե՛ք այս ուխտի խոսքերը և գործադրե՛ք դրանք։ Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը"։ Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին”»։ Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։ Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։ Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։ Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։ Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։ Ուստի դու այս ժողովրդի համար մի՛ աղոթիր և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի՛ արա, որովհետև ես նրանց չեմ լսելու, երբ ինձ կանչեն իրենց դժբախտության ժամանակ»։ Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։ Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց, բայց մեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։ Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեց քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։ Տերն ինձ իմացրեց, և ես իմացա. այն ժամանակ դու ինձ ցույց տվեցիր նրանց չար գործերը։ Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։ Սակայն, ո՛վ Զորությունների Տեր, արդա՛ր դատավոր, սիրտն ու միտքը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։ Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։ Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։ Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։ Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։ Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից ։ Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛ր նրանց։ Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։ Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։ Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։ «Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։ Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։ Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։ Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։ Այն ամայության վերածեցին. նա ամայի սգաց իմ առաջ. ամբողջ երկիրն ամայացավ, որովհետև մարդ չկա, որ հոգա։ Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։ Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին, աշխատանք թափեցին, օգուտ չտեսան, և դուք Տիրոջ բորբոք բարկության պատճառով ձեր բերքից պիտի ամաչեք»։ Այսպես է ասում Տերն իմ բոլոր չար հարևանների մասին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որ ժառանգել եմ տվել իմ Իսրայել ժողովրդին։ «Ահա ես նրանց արմատախիլ պիտի անեմ իրենց երկրի երեսից և Հուդայի տունը արմատախիլ պիտի անեմ նրանց միջից։ Նրանց արմատախիլ անելուց հետո կդառնամ և կգթամ նրանց և ամեն մեկին կվերադարձնեմ իր ժառանգությանը և ամեն մարդու՝ իր երկիրը։ Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։ Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։ Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։ Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։ Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Տերն էր հրամայել։ Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ մեջքի այն գոտին, որ ես քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ»։ Եվ ես Եփրատ գնացի, փորեցի և մեջքի գոտին թաքցրած տեղից վերցրի։ Բայց ահա մեջքի գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Տերն այսպես է ասում. “Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։ Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։ Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։ Այս խո՛սքն ասա նրանց. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ամեն տիկ պիտի լցվի գինիով"”, և նրանք քեզ ասելու են. “Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի”։ Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։ Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ"”»։ Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։ Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։ Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։ Թագավորին և մայր-թագուհուն ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։ Հարավային քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։ «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։ Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։ Եվ եթե քո սրտում ասես. “Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել”. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։ Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։ Եվ ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման։ Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։ Ուստի ես էլ քո դեմքի վրա կբարձրացնեմ քո փեշը, և քո ամոթը կերևա։ Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։ Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։ Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։ Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։ Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքում իր ձագին, որովհետև խոտ չկա։ Վայրի էշերն էլ կանգնում են լերկ բլուրների վրա, շնագայլերի պես ծծում են օդը. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա։ Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։ Ո՛վ հույս Իսրայելի, նրա փրկի՛չ նեղության ժամանակ, ինչո՞ւ օտարականի պես ես դարձել երկրում և մի ճանապարհորդի պես, որ մտել է գիշերելու։ Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։ Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։ Եվ Տերն ինձ ասաց. «Այս ժողովրդի բարօրության համար մի՛ աղոթիր։ Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։ Եվ ես ասացի. «Ավա՜ղ, Տե՛ր Աստված, ահա մարգարեներն ասում են նրանց. “Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու. այս տեղում ճշմարիտ խաղաղություն պիտի տամ ձեզ”»։ Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։ Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. “Սուր և սով չի լինելու այս երկրում”, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։ Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։ Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։ Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։ Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։ Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։ Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։ Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։ Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։ Եվ եթե քեզ ասեն. “Ո՞ւր դուրս գնանք”, նրանց կասես. “Տերն այսպես է ասում. "Որոնք մահվան համար են՝ դեպի մահը, որոնք սրի համար են՝ դեպի սուրը, որոնք սովի համար են՝ դեպի սովը, և որոնք գերության համար են՝ դեպի գերություն"”։ Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։ Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։ Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։ Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։ Եվ հեծանոցով հոսելու եմ նրանց երկրի դարպասներում, անզավակ եմ անելու, պիտի ոչնչացնեմ իմ ժողովրդին. նրանք իրենց ճանապարհներից հետ չդարձան։ Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։ Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։ Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։ Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։ Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։ Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։ Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։ Դու գիտես, ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ և այցելի՛ր ինձ և իմ վրեժն ա՛ռ ինձ հալածողներից, քո համբերատարությամբ ինձ մի՛ վերացրու, իմացի՛ր, որ քեզ համար նախատինք կրեցի։ Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։ Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։ Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։ Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։ Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձի ամուր պարիսպ կկարգեմ. և նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ և ազատեմ,- ասում է Տերը։- Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։ Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին. «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։ Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու նրանց համար։ Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը ։ Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։ Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”, այդ ժամանակ դու նրանց ասա՛. “Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։ Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։ Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու”»։ «Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,- այլ՝ “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց”։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։ «Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։ Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։ Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։ Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։ «Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։ Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։ Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։ Որ իրենց որդիները հիշեն իրենց զոհասեղանները և իրենց աստարովթները կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա. քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։ Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։ Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։ Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։ Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։ Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։ Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։ Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։ Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։ Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։ Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։ Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։ Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։ Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։ Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։ Եվ ասա՛ նրանց. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և համայն Հուդա և ո՛վ Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք։ Այսպես է ասում Տերը. "Զգուշացե՛ք ձեր անձերի համար և շաբաթ օրը բեռ մի՛ վերցրեք և Երուսաղեմի դարպասներից ներս մի՛ բերեք։ Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին։ Բայց նրանք չլսեցին և իրենց ականջները չխոնարհեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին, որպեսզի չլսեն և խրատ չառնեն։ Եվ եթե ինձ ուշադրությամբ ականջ դնեք,- ասում է Տերը,- որ շաբաթ օրն այս քաղաքի դարպասներից բեռ ներս չբերեք և շաբաթ օրը սրբացնեք, որ այդ օրը ոչ մի գործ չանեք, այն ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն կառքերի և ձիերի հեծած թագավորներ և իշխաններ, որոնք կնստեն Դավթի գահի վրա, թե՛ իրենք և թե՛ իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները, և այս քաղաքը հավիտյան բնակեցված կլինի։ Եվ կգան Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի շրջակայքից ու Բենիամինի երկրից, դաշտավայրից ու լեռից և հարավից, կբերեն ողջակեզ և զոհ, հացի ընծա և կնդրուկ և գոհության ընծաներ կբերեն Տիրոջ տուն։ Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի"”»։ Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով. «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը»։ Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի վրա։ Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։ Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար, և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։ Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար, և եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան»։ Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Տերն այսպես է ասում. “Ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները”։ Բայց նրանք ասում են. “Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու”»։ Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։ Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը ։ Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։ Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։ Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին, նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։ Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։ Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը։ Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։ Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։ Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։ Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետ այդպե՛ս վարվիր քո բարկության ժամանակ։ Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ, դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։ Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։ Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։ Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։ Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։ Եվ ես այս տեղում կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։ Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկա կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլի նրա բոլոր պատուհասների պատճառով։ Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց"”։ Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։ Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։ Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։ Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։ Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։ Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։ Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։ Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։ Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։ Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։ Իսկ դու, ո՛վ Փասուր, և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք։ Բաբելոն պիտի գնաս ու այնտեղ մեռնես, և այնտեղ պիտի թաղվեք դու և քո բոլոր բարեկամները, որոնց դու ստությամբ մարգարեություն էիր անում”»։ Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։ Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։ Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։ Որովհետև ես շատերի զրպարտանքը լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։ Բայց զորավոր ախոյանի պես Տերն ինձ հետ է։ Դրա համար ինձ հալածողները պիտի սայթաքեն և չպիտի հաղթեն, որովհետև նրանք խորապես պիտի ամաչեն և չպիտի հաջողեն. նրանց նվաստացումը երբևէ չպիտի մոռացվի։ Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։ Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։ Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։ Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։ Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։ Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։ Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։ Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով. «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։ Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։ Ես էլ երկարացրած ձեռքով, զորավոր բազկով և բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ պիտի պատերազմեմ ձեր դեմ։ Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։ Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։ Եվ դու այս ժողովրդին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։ Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։ Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն"”։ Եվ Հուդայի թագավորի տանն ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի”։ Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։ Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։ Այսպես է ասում Տերը. «Իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այնտեղ ասա՛ այս խոսքը. և ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստել ես Դավթի գահի վրա, դու և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ մտնում եք այս դարպասներից։ Այսպես է ասում Տերը. "Իրավունք և արդարությո՛ւն արեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, մի՛ կեղեքեք և մի՛ բռնացեք օտարականին, որբին և այրուն և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք։ Որովհետև եթե իսկապես անեք այս բանը, այն ժամանակ այս տան դարպասներով կմտնեն Դավթի գահի վրա բազմող թագավորներ՝ կառքով և ձիերի վրա հեծած. իրենք, իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։ Իսկ եթե չհնազանդվեք այս խոսքերին, ինձնով եմ երդվում,- ասում է Տերը,- որ այս տունը ամայության պիտի վերածվի"”։ Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։ Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն”։ Եվ այս քաղաքով շատ ազգեր պիտի անցնեն և մեկմեկու պիտի ասեն. “Տերն ինչո՞ւ այսպես արեց այս մեծ քաղաքին”։ Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։ Մեռնողի համար լաց մի՛ եղեք և նրա համար մի՛ ողբացեք, այլ դառնորեն լա՛ց եղեք գնացողի համար, որովհետև այլևս հետ չպիտի դառնա, որ տեսնի իր ծննդյան երկիրը։ Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. “Այլևս հետ չպիտի դառնա։ Որովհետև այնտեղ պիտի մեռնի, ուր գերի էին տարել նրան, և այլևս չպիտի տեսնի այս երկիրը”։ Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան. որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։ Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։ Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։ Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վրա չեն, այլ միայն քո շահի վրա և անմեղ արյուն թափելու և հարստահարելու ու բռնության վրա։ Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։ Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։ Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։ Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. “Չպիտի լսեմ”։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։ Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։ Ո՛վ Լիբանանի բնակիչ, եղևնիների մեջ բույնը դրած. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա կգան ծննդյան ցավերը, ինչպես մի ծննդկանի։ “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։ Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։ Ես քեզ և քեզ ծնող մորը պիտի շպրտեմ օտար երկիր, որտեղ չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք։ Եվ չեն վերադառնալու այն երկիրը, ուր նրանց հոգին բաղձում է դառնալ”։ Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։ Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Տիրոջ խոսքը։ Տերն այսպես է ասում. “Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա”»։ «Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։ Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։ «Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն ու բազմանան։ Եվ նրանց վրա հովիվներ պիտի դնեմ, որ նրանց հովվեն, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի պակասեն»,- ասում է Տերը։ «Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։ Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելն ապահով կապրի։ Եվ սա է նրա անունը, որով նա պիտի կոչվի՝ Տերը՝ մեր Արդարությունը։ Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. “Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”, այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։ Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։ Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունը արդար չէ ։ «Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։- Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի լինի. նրանք պետք է հրվեն և վայր ընկնեն այնտեղ, որովհետև ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց պատուհասելու տարում,- ասում է Տերը։- Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. Բահաղով մարգարեացան և մոլորեցրին իմ Իսրայել ժողովրդին։ Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։ Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն տարածվեց»։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։ Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. “Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու”, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. “Ձեզ վրա չարիք չի գալու”»։ Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։ Տիրոջ մրրիկն ահա զայրույթով դուրս եկավ, այո՛, սաստիկ պտտահողմը ամբարիշտների գլխին է պտտվելու։ Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։ «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրենք վազեցին, ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրենք մարգարեացան։ Եվ եթե կանգնած լինեին իմ խորհրդում, այն ժամանակ ժողովրդին լսել կտային իմ խոսքերը և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից և իրենց չար գործերից»։ «Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։ Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։- Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. “Երազ եմ տեսել, երազ եմ տեսել”։ Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։ Մտածում են, թե այն երազներով, որ միմյանց պատմում են, իմ ժողովրդին մոռանալ տան իմ անունը, ինչպես որ իրենց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։ Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։- Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։ Ուստի ես ահա մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իմ խոսքերն են գողանում իրարից։ Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։ Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։- Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”, այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։- Իսկ “Տիրոջ բեռ” ասող մարգարեին ու քահանային և ժողովրդին՝ այդպիսի մարդուն ու նրա տանը, ես պիտի պատժեմ։ Այսպե՛ս ասացեք, ամեն մարդ՝ իր ընկերոջը և ամեն մարդ՝ իր եղբորը. “Տերն ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։ Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։ Այսպե՛ս ասա մարգարեին. “Տերը քեզ ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։ Բայց եթե “Տիրոջ բեռը” ասեք, ապա Տերն այսպես է ասում. “Որովհետև դուք ասում եք "Տիրոջ բեռը" խոսքը, թեև լուր ուղարկեցի ձեզ՝ ասելով. "Մի՛ ասեք "Տիրոջ բեռը", դրա համար ահա ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և իմ աչքի առաջից պիտի հեռացնեմ ձեզ ու այն քաղաքը, որ տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։ Ես ձեզ վրա հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք պիտի դնեմ, որ չպիտի մոռացվի"”»։ Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։ Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։ Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։ Եվ իմ աչքը նրանց վրա պիտի ուղղեմ ի բարին և նրանց այս երկիրը պիտի վերադարձնեմ. նրանց պիտի շենացնեմ և ոչ թե քանդեմ, նրանց պիտի տնկեմ և ոչ թե արմատախիլ անեմ։ Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։ Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։ Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։ Եվ նրանց վրա սուր, սով և ժանտախտ կուղարկեմ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որ տվել եմ նրանց ու նրանց հայրերին”»։ Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր, որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին. «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։ Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։ Նրանք ասում էին. “Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։ Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։ Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։ Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը, ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։ Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։ Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։ Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։ «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։ Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։ Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։ Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։ Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝ Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր, Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին, Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին, Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են, Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին, Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։ Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։ Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։ Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Անպատճառ պիտի խմեք։ Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա”,- ասում է Զորությունների Տերը»։ Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։ Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։ Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։ Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։ Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։ Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները. Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։ Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։ Գուցե լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածել եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով։ Եվ ասա՛ նրանց. "Տերն այսպես է ասում. "Եթե ինձ չհնազանդվեք, չընթանաք իմ օրենքով, որը ձեր առաջ եմ դրել, և չլսեք խոսքերն իմ ծառաների՝ մարգարեների, որոնց ես ձեզ մոտ եմ ուղարկում, որոնց կրկին ու կրկին էի ուղարկում, բայց դուք չանսացիք, այն ժամանակ այս տունը Սելովի պես պիտի անեմ և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի համար"”»։ Եվ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին, երբ Երեմիան Տիրոջ տանն ասում էր այս խոսքերը։ Եվ երբ Երեմիան ասաց վերջացրեց բոլորը, ինչ որ Տերը հրամայել էր ասելու ամբողջ ժողովրդին, այն ժամանակ քահանաները, մարգարեներն ու ամբողջ ժողովուրդը բռնեցին նրան՝ ասելով. «Դու անպատճառ պիտի մեռնես։ Ինչի՞ համար մարգարեացար Տիրոջ անունով՝ ասելով. “Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքն ավերակ ու անբնակ պիտի դառնա”»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Տիրոջ տանը՝ Երեմիայի շուրջը։ Երբ Հուդայի իշխանավորները լսեցին այս բաները և թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջ տան նոր դարպասի մուտքին, քահանաներն ու մարգարեները իշխանավորներին և ամբողջ ժողովրդին ասացին. «Այս մարդն արժանի է մահվան, որովհետև այս քաղաքի դեմ է մարգարեացել, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»։ Ապա Երեմիան ասաց բոլոր իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Տերն ինձ ուղարկեց, որ այս տան դեմ և այս քաղաքի դեմ մարգարեանամ այն բոլոր խոսքերը, որ լսել եք։ Ուստի հիմա բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծու ձայնը։ Եվ Տերը կհրաժարվի այն չարիքի համար, որ վճռել է ձեր դեմ։ Իսկ ես ահա ձեր ձեռքին եմ. ինչ որ լավ և ճիշտ է թվում ձեր աչքին, արե՛ք ինձ։ Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։ Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։ Եվ երկրի երեցներից մարդիկ վեր կացան և հավաքված ամբողջ ժողովրդին ասացին. «Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ"”։ Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան և ամբողջ Հուդան նրան իսկույն մեռցրին. չէ՞ որ նա Տիրոջից վախեցավ և չպաղատե՞ց Տիրոջը, և Տերը զղջաց այն չարիքի համար, որ վճռել էր նրանց դեմ. այսպիսով մենք մեծ չարիք կբերենք մեր անձերին»։ Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։ Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր զորավորներն ու բոլոր իշխանավորները լսեցին այն խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան, բայց երբ Ուրիան իմացավ, վախեցավ և փախավ գնաց Եգիպտոս։ Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդու ուղարկեց Եգիպտոս։ Եվ նրանք Ուրիային հանեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա մարմինը գցեց ժողովրդի որդիների գերեզմանոցը։ Բայց Սափանի որդու՝ Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան ժողովրդի ձեռքը չմատնեն սպանելու համար։ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով. «Այսպես է ասում ինձ Տերը. “Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։ Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։ Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. "Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Այսպե՛ս ասացեք ձեր տերերին. "Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի է իմ աչքին։ Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։ Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։ Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով"”։ Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։ Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք։ Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։ Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։ Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։ Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ “Որովհետև ես չեմ նրանց ուղարկել,- ասում է Տերը,- և նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ես ձեզ վտարեմ, և ոչնչանաք դուք ու ձեզ համար մարգարեացող մարգարեները”»։ Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ Նրանց մի՛ լսեք, ծառայե՛ք Բաբելոնի թագավորին և ապրե՛ք. ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։ Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։ Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը չվերցրեց, երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում. «Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։ Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։ Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։ Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն,- ասում է Տերը,- որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը”»։ Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։ Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։ Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք և ժանտախտ են մարգարեացել։ Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։ Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն։ Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը”»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։ Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։ Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։ Ուստի Տերն այսպես է ասում. “Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր”»։ Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։ Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։ [Հեքոնիա թագավորի և մայր թագուհու, պալատականների և Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորների, հյուսների ու դարբինների՝ Երուսաղեմից դուրս գալուց հետո] նամակն ուղարկվեց Սափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր տարագիրներիդ, որոնց ես Երուսաղեմից տարագրեցի Բաբելոն. “Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։ Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։ Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի”։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները, որոնք ձեր մեջ են, և մի՛ լսեք ձեր երազատեսներին, որոնց ձեզ համար երազել եք տալիս։ Որովհետև նրանք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում. ես չեմ ուղարկել նրանց”»,- ասում է Տերը։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։ Որովհետև դուք ասել եք. “Տերը մեզ համար Բաբելոնում մարգարեներ է հանել”»։ Որովհետև Տերն այսպես է ասում այն թագավորին, որ բազմում է Դավթի գահի վրա, և ամբողջ այն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն տարագրվել։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես նրանց վրա եմ ուղարկում սուրը, սովն ու ժանտախտը և նրանց փչացած թզերի պես պիտի անեմ, որոնք վատությունից չեն ուտվի։ Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։ Որովհետև նրանք չլսեցին իմ խոսքերը,- ասում է Տերը,- երբ ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կրկին ու կրկին ուղարկեցի, բայց դուք չլսեցիք»,- ասում է Տերը։ Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։ Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։ Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. “Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով”, որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։ Նեհելամացի Սեմայիայի հետ խոսի՛ր և ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով. "Տերը քեզ քահանա է կարգել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի վերակացու լինես Տիրոջ տանը խելացնոր ու մարգարեացող բոլոր մարդկանց համար, որ նրանց կոճղի ու վզօղակի մեջ դնես։ Եվ հիմա ինչո՞ւ չհանդիմանեցիր անաթովթացի Երեմիային, որ մարգարեանում է ձեզ համար, որովհետև նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. "Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը"”»։ Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. « Լո՛ւր ուղարկիր բոլոր տարագիրներին՝ ասելով. “Տերն այսպես է ասում նեհելամացի Սեմայիայի մասին. "Որովհետև Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, երբ ես նրան չէի ուղարկել, և ձեզ մղեց, որ ստի հուսաք, դրա համար Տերն այսպես է ասում. "Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել"”»։ Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։ Որովհետև ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից,- ասում է Տերը,- և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան”»։ Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։ Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։ Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։ Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։ «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։ Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։ Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։ Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։ Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։ Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։ Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։ Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։ Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։ Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։ Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։ Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։ Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։ «Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։ Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։ Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։ «Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։ Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։ Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։ Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։ Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։ Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։ Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։ Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։ Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։ Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։ Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքով»,- ասում է Տերը։ Տերն այսպես է ասում. «Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան»։ Տերն այսպես է ասում. «Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամու երկրից»։ «Եվ հույս կա քո ապագայի համար,- ասում է Տերը,- և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան»։ Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։ Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։ «Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։ «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիր պողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։ Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. “Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ”։ Եվ այնտեղ միասին պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, երկրագործները և հոտերի հետ չվողները։ Որովհետև ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի գոհացնեմ յուրաքանչյուր նվաղած հոգին»։ Ապա զարթնեցի ու նայեցի, և իմ քունը քաղցր էր ինձ համար։ «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տանը և Հուդայի տանը մարդու սերունդ և անասունի սերունդ եմ սերմանելու։ Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։- Այն օրերին այլևս չեն ասի. “Հայրերն ազոխ կերան, որդիների ատամները թմրեցին”։ Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։ «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։ Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի»,- ասում է Տերը։ «Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. “Ճանաչե՛ք Տիրոջը”, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։ Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։ «Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։ Տերն այսպես է ասում. «Եթե վերևում երկինքը հնարավոր լինի չափել, իսկ ցածում երկրի հիմքերը՝ հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ»,- ասում է Տերը։ «Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։ Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարեբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ։ Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։ Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։ Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում, որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. “Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։ Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։ Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու”»։ Երեմիան ասաց. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. “Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. "Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե"”»։ Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։ Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցի տվեցի նրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։ Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։ Ես վերցրի գնման փաստաթուղթը՝ հրամանի և կանոնների համաձայն կնքվածը և բացը ։ Եվ գնման փաստաթուղթը իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։ Եվ նրանց աչքի առաջ հրամայեցի Բարուքին՝ ասելով. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան”։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրում կրկին տներ և այգիներ ու խաղողի այգիներ պիտի գնվեն”»։ Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով. «Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։ Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։ Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես. դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։ Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։ Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։ Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։ Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։ Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։ Սրա համար Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը ես պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։ Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։ Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։- Որովհետև այս քաղաքն իմ բարկության և իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր։ Ուստի ես այն պիտի վերացնեմ իմ առաջից Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։ Իրենց այս գարշելի քանդակները դրեցին այն տան մեջ, որ իմ անունն է կրում, որպեսզի այն պղծեին։ Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին զոհաբերեն Մողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։ Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե “սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում”, ահա ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ մեծ բարկությամբ, զայրույթով և մեծ սրտմտությամբ. նրանց պիտի վերադարձնեմ այստեղ և բնակեցնեմ ապահովությամբ։ Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ։ Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։ Եվ ես նրանց հետ հավիտենական ուխտ եմ կապում, որ չշրջվեմ իրենց բարիք անելուց, և իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ ինձնից չդառնան։ Եվ ես նրանց բարություն անելով պիտի հրճվեմ և իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց ճշմարտապես պիտի տնկեմ այս երկրում»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։ Եվ արտերը պիտի գնվեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. “Ամայի է, առանց մարդու և անասունի, քաղդեացիների ձեռքն է տրվել”։ Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց. «Այսպես է ասում Տերը՝ տիեզերքը արարողը, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։ “Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։ Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով. “Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։ Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության առատությունը պիտի հայտնեմ նրանց։ Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։ Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։ Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։ Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ “Ավերակ է, առանց մարդու և անասունի”, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի, դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։ Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։ «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։ Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։ Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։ Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։ Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել, ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։ Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրա բոլոր զորքերը, իր իշխանության տակ գտնվող երկրի բոլոր թագավորությունները և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի դեմ և նրա բոլոր քաղաքների դեմ. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛. "Տերն այսպես է ասում. "Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն։ Եվ դու չես ազատվի նրա ձեռքից, այլ անպայման պիտի բռնվես ու նրա ձեռքը մատնվես։ Եվ քո աչքերը պիտի տեսնեն Բաբելոնի թագավորի աչքերը, և նրա բերանը պիտի խոսի քո բերանի հետ, և Բաբելոն պիտի գնաս"։ Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում. "Դու սրով չես մեռնելու։ Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և "Վա՜յ, Տե՛ր" ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի",- ասում է Տերը”»։ Եվ Երեմիա մարգարեն Երուսաղեմում այս բոլոր խոսքերն ասաց Հուդայի Սեդեկիա թագավորին, մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։ Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին՝ եբրայեցուն և եբրայեցուհուն, որ ոչ մեկը չստրկացնի իր հրեա եղբորը։ Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։ Բայց հետո դարձան և իրենց ազատ արձակած ծառաներին և աղախիններին հետ դարձրին և նրանց բռնի կերպով որպես ծառաներ ու աղախիններ ստրկացրին։ Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես ձեր հայրերի հետ ուխտ կնքեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից՝ ասելով. "Յոթերորդ տարում ձեզնից ամեն մեկը թող արձակի իր եբրայեցի եղբորը, որ ծախվել է ձեզ և վեց տարի ծառայել. դուք նրան ձեր մոտից ազա՛տ արձակեք". բայց ձեր հայրերն ինձ չհնազանդվեցին և ականջ չդրեցին։ Դուք վերջերս դարձի եկաք, և ամեն մարդ, իր ընկերոջը ազատություն հռչակելով, արեց այն, ինչ որ ուղիղ է իմ աչքին, և իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որ իմ անունով է կոչվում։ Բայց նորից դարձաք ու պղծեցիք իմ անունը և վերադարձրիք՝ ամեն մարդ իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որոնց ազատ էիք արձակել իրենց կամքով, և նրանց ստրկացրիք, որ ձեզ համար ծառաներ և աղախիններ լինեն”»։ Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։ Եվ այն մարդիկ, որոնք զանցում են իմ ուխտը և չեն կատարում իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը, կլինեն ինչպես զվարակը, որին երկուսի բաժանեցին ու նրա մասերի միջով անցան. Հուդայի իշխանավորներն ու Երուսաղեմի իշխանավորները, պալատականները, քահանաները և երկրի ամբողջ ժողովուրդը, որոնք զվարակի կտորների միջով անցան։ Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։ Հուդայի Սեդեկիա թագավորին ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց կյանքը փնտրողների ձեռքը, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը ձեզանից դարձավ ։ Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։ Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին՝ ասելով. «Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։ Եվ ես վերցրի Քաբասինիայի որդու՝ Երեմիայի որդի Հեզոնիային և նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների ամբողջ տունը։ Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։ Եվ Ռեքաբյանների տան որդիների առաջ գինիով լիքը անոթներ և բաժակներ դրեցի և նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։ Բայց նրանք ասացին. «Մենք գինի չենք խմում, որովհետև մեր հայրը՝ Ռեքաբի որդի Հովնադաբը, մեզ հրամայել է՝ ասելով. “Գինի չխմեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր որդիները հավիտյան։ Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք և սրանք մի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։ Եվ մենք ամեն բանում հնազանդվել ենք մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբի ձայնին, որը հրամայել է մեզ, որ մեր բոլոր օրերում գինի չխմենք թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիները, թե՛ մեր դուստրերը, բնակվելու համար տներ չկառուցենք և խաղողի այգի, արտ, ագարակ և ցանք չունենանք, այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։ Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի դեմ, այն ժամանակ ասացինք. “Եկեք Երուսաղեմ գնանք քաղդեացիների զորքերի պատճառով և արամեացիների զորքերի պատճառով”, և բնակվում ենք Երուսաղեմում»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. "Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում իմ խոսքերին",- ասում է Տերը։- Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ իր որդիներին հրամայել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, այլ հնազանդվում են իրենց հոր հրամանին։ Ես կրկին ու կրկին խոսեցի ձեզ հետ, բայց դուք ինձ չանսացիք։ Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին"։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։ Ռեքաբի որդի Հովնադաբի որդիները կատարեցին իրենց հոր հրամանը, որ հրամայել էր իրենց, բայց այս ժողովուրդն ինձ չի լսում”»։ Սրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, ես բերելու եմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա, որովհետև ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»։ Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել, դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնող մարդ չպիտի պակասի ընդմիշտ"”»։ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տիրոջից այս խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։ Գուցե Հուդայի տունը լսի այն ամբողջ չարիքի մասին, որ ես մտադիր եմ նրանց անել, որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը»։ Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։ Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։ Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։ Կարող է նրանց աղաչանքն ընկնի Տիրոջ առաջ, և ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը խոսել է այս ժողովրդի դեմ»։ Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։ Եվ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարվա իններորդ ամսին Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը և այն ամբողջ ժողովուրդը, որ Երուսաղեմ էր եկել Հուդայի քաղաքներից, Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին։ Ապա Տիրոջ տանը՝ Սափան դպրի որդի Գամարիայի սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքում, ժողովրդի ականջի առաջ Բարուքը մագաղաթից կարդաց Երեմիայի խոսքերը։ Երբ Սափանի որդու՝ Գամարիայի որդի Միքիան այդ մագաղաթից լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։ Եվ Միքիան նրանց պատմեց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ականջին կարդում էր մագաղաթից։ Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։ Եվ նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստի՛ր և դա կարդա՛ մեզ համար»։ Բարուքը կարդաց նրանց համար։ Եվ երբ նրանք լսեցին այն բոլոր խոսքերը, սարսափով իրար նայեցին և Բարուքին ասացին. «Այդ բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։ Բարուքին հարցրին և ասացին. «Խնդրում ենք, ասա՛ մեզ՝ այս բոլոր խոսքերը նրա բերանից ինչպե՞ս գրեցիր»։ Եվ Բարուքն ասաց նրանց. «Իր բերանով նա ինձ ասում էր այս բոլոր խոսքերը, և ես թանաքով գրում էի այս մագաղաթում»։ Եվ իշխաններն ասացին Բարուքին. «Գնա՛, թաքնվի՛ր, դու ու Երեմիան, և թող ոչ ոք չիմանա, թե դուք որտե՛ղ եք»։ Եվ նրանք եկան սրահը՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը պահ տվեցին դպիր Եղիսամայի սենյակում։ Եվ բոլոր խոսքերը պատմեցին թագավորին։ Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։ Իններորդ ամսին էր. թագավորը նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառված էր կրակարանը։ Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր, թագավորը այն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։ Բայց ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խոսքերը, չսարսափեցին և իրենց հանդերձները չպատռեցին։ Թեպետ և Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան թագավորին պաղատեցին, որ մագաղաթը չայրի, բայց նա չլսեց նրանց։ Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։ Երբ թագավորն այրեց այն մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Քեզ համար մի ուրի՛շ մագաղաթ վերցրու կրկին և նրա վրա գրի՛ր նախկին այն խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրեց։ Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. “Տերն այսպես է ասում. "Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. "Ինչո՞ւ ես նրա վրա գրել, թե անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և ավերի այս երկիրը և նրանից վերացնի մարդ ու անասուն"”»։ Դրա համար Տերը Հուդայի Հովակիմ թագավորի մասին այսպես է ասում. «Դավթի գահի վրա բազմող չպիտի ունենա, և նրա դիակը ցերեկը տաքի մեջ, իսկ գիշերը սառնամանիքի մեջ պիտի գցվի։ Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։ Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։ Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։ Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։ Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։ Եվ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին արգելափակել բանտում։ Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու. "Ահա փարավոնի զորքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը՝ Եգիպտոս։ Քաղդեացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն"”։ Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. "Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից". որովհետև նրանք չեն հեռանալու։ Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն”»։ Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդեացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից, այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածի բաժինն առնի։ Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։ Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդեացիների կողմը չեմ անցնում»։ Բայց նա չլսեց նրան։ Եվ Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։ Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։ Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց, Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։ Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել։ Եվ ո՞ւր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ՝ ասելով. “Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ”։ Իսկ հիմա խնդրեմ լսի՛ր, ո՛վ իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի. ինձ հետ մի՛ ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։ Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։ Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։ Տերն այսպես է ասում. “Այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն”»։ Եվ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը»։ Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել»։ Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։ Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։ Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և խոսեց թագավորի հետ՝ ասելով. «Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։ Թագավորը հրամայեց եթովպացի Աբդիմելեքին՝ ասելով. «Այստեղից քեզ հետ երեսուն մա՛րդ վերցրու և այն գբից հանի՛ր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։ Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։ Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։ Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։ Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։ Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։ Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։ Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։ Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի. նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես”»։ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցել. միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն, և նրանք նախատեն ինձ»։ Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։ Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ։ Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. “Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին”։ Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։ Եվ Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ մի մարդ չիմանա այս խոսքերը, և դու չես մեռնի։ Եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու քեզ ասեն. “Մեզ ասա՛, ի՞նչ ես ասել թագավորին, և ի՞նչ ասաց թագավորը, մեզնից մի՛ ծածկիր, և մենք քեզ չենք սպանի”, այն ժամանակ նրանց կասես. “Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։ Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին։ Եվ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը։ Եվ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետև խոսակցությունը հայտնի չդարձավ։ Եվ Երեմիան մնաց բանտի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը։ Եվ այնտեղ էր, երբ գրավվեց Երուսաղեմը։ Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։ Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։ Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։ Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։ Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։ Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց և կուրացրեց Սեդեկիայի աչքերն ու նրան կապանքներով կապեց նրան Բաբելոն տանելու համար։ Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։ Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։ Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահապետ Նաբուզարադանին հրամայեց Երեմիայի մասին՝ ասելով. «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։ Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։ Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես իմ խոսքերը պիտի կատարեմ այս քաղաքի վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և կիրականանան այն օրը քո առաջ։ Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։ Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր"”»,- ասում է Տերը։ Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից և հետո նրան շղթայակապ բերել տվեց Երուսաղեմի և Հուդայի բոլոր այն տարագիրների մեջ, որ տարագրվում էին Բաբելոն։ Թիկնապահապետը կանչեց Երեմիային և նրան ասաց. «Տերը՝ քո Աստվածը, այս վայրի մասին այս չարիքը վճռել էր ։ Տերը բերել ու կատարել է, ինչպես որ վճռել էր, որովհետև դուք մեղանչեցիք Տիրոջ դեմ և չանսացիք նրա ձայնին, և ձեզ այս բանը եղավ։ Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։ Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։ Եվ Երեմիան եկավ Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որ մնացել էր երկրում։ Եվ դաշտում եղող բոլոր զորապետները՝ և՛ իրենք, և՛ իրենց մարդիկ, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը երկրի վրա է կարգել Աքիկամի որդի Գոդողիային և նրան է հանձնել այն մարդկանց, կանանց ու երեխաներին և երկրի չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն, Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։ Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։ Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։ Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։ Կարեի որդի Հոհանանը և դաշտում եղող բոլոր զորապետները եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ։ Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։ Եվ Կարեի որդի Հոհանանը Մասփայում ծածուկ ասաց Գոդողիային. «Թող գնամ և սպանեմ Նաթանիայի որդի Իսմայելին, և ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ նա քեզ սպանի, և ցրվեն բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, և Հուդայի մնացորդը կորչի»։ Աքիկամի որդի Գոդողիան ասաց Կարեի որդի Հոհանանին. «Մի՛ արա այդ բանը, որովհետև դու սուտ ես ասում Իսմայելի մասին»։ Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։ Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։ Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։ Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր, Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։ Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։ Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեց և գցեց գբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։ Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։ Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։ Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։ Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը, վերցրին իրենց բոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։ Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։ Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։ Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։ Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։ Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։ Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա։ Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։ Եվ քո Տերը՝ Աստվածը, թող մեզ իմացնի մեր գնալու ճանապարհը և մեր անելիքը»։ Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։ Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք. թե՛ բարի, թե՛ չար, մենք պիտի անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։ Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։ Նա կանչեց Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը, և նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղաչանքը մատուցեմ նրան. “Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։ Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։ Եվ ձեզ գթություն գտնել պիտի տամ, և նա ձեզ պիտի գթա ու ձեզ վերադարձնի ձեր երկիրը”։ Եվ եթե ասեք. “Մենք չենք մնա այս երկրում”, Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսալով՝ ասեք. “Ո՛չ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի, հացի համար չենք սովի և այնտեղ կբնակվենք”, ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու, այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։ Տերը ձեզ է ասում, ո՛վ Հուդայի մնացորդ, Եգիպտոս մի՛ գնացեք, հաստատ իմացա՛ծ եղեք, որ այսօր ձեզ նախազգուշացրի, որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։ Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։ Ուստի հիմա հաստա՛տ իմացեք, որ սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեք այնտեղ, ուր որ ուզում եք գնալ բնակվելու»։ Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”, այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։ Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում, այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։ Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։ Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։ Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։ Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով ։ Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։ Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"”»։ Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի (և Հուդայի բոլոր քաղաքների) վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։ Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ"։ Բայց նրանք չանսացին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին։ Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է”»։ Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։ Ինչո՞ւ եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով՝ ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։ Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։ Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ»։ Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։ Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։ Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել՝ սրով, սովով և ժանտախտով։ Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։ Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով. «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։ Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։ Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։ Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։ Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց. «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։ Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։ Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։ Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. "Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար"։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։ Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. "Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. "Տեր Աստված կենդանի է" ։ Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։ Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։ Եվ սա թող ձեզ համար նշան լինի,- ասում է Տերը,- որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերն անպատճառ պիտի հաստատվեն ձեզ վրա ի չարիք"”։ Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։ Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով. «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։ Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։ Նրան այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Տերը. "Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։ Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես"”»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին, Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում. «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք. թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։ Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում են ու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։- Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։ Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։ Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. “Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։ Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներն ու աղեղ լարողները”։ Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։ Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։ Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա, և երկուսն էլ միասին ընկան»։ Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին. «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. “Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը”։ Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։ Շատացրեց սայթաքողներին. իրար վրա ընկան և ասացին. “Վե՛ր կաց, վերադառնանք մեր ժողովրդին և մեր ծննդավայրը բռնավորի սրի պատճառով”։ Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ “Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է”»։ «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։ Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա »։ «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։ Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։ Նրա ձայնը հեռացող օձի ձայնի պես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։ Նրանք պիտի կտրեն նրա անտառը,- ասում է Տերը,- թեկուզև նա խիտ լինի, որովհետև նրանք մարախից շատ են, և թիվ չկա նրանց։ Եգիպտոսի դուստրն ամոթահար պիտի լինի, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը պիտի մատնվի»։ Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։ Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։ «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։ Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։ Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։ Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթոր ծովեզրի մնացածներին։ Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։ Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։ Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։ Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։ Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։ Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։ Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։ Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։ Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։ Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։ Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։ «Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։ Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։ Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր և գինու պես հանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։ Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։ Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։ Ինչպե՞ս եք ասում. “Մենք զորավոր ենք և պատերազմի համար կտրիճ մարդիկ”։ Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։- Մովաբի աղետը մոտալուտ է, և նրա կործանումը խիստ շտապում է։ Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։ Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։ Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. “Ի՞նչ պատահեց”։ Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։ Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա, նաև Դեբոնի վրա, Նաբավի վրա և Բեթդեբլաթեմի վրա, Կարիաթեմի վրա և Բեթգամովղի վրա և Բեթմավոնի վրա, նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։ Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և փշրվեց նրա բազուկը,- ասում է Տերը։- Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։ Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում, գլուխդ էիր շարժում։ “Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին”։ Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։ “Ես գիտեմ նրա լրբությունը,- ասում է Տերը,- նրա հոխորտանքը, բայց ընդունայն են նրա արարքները”։ Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսի մարդկանց համար պիտի հառաչեմ։ Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։ Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։ Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են ։ Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։ Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։ Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։ Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա հրապարակներում միայն ողբ պիտի լինի, որովհետև ես Մովաբին կոտրեցի մի այնպիսի անոթի պես, որ ոչ ոք չի ուզում,- ասում է Տերը։- “Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքի առարկա ու արհավիրք պիտի լինի»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա, քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։ Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ,- ասում է Տերը։- Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։- Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը և աղմկարարների գագաթը։ Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։ Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։ Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ Մեղքոմը ժառանգեց Գադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։ Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայի դեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերը կրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին »,- ասում է Տերը։ Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախում դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։ Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պես գնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։ «Ահա ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից,- ասում է Զորությունների Տերը՝ Աստված,- և դուք պիտի ցրվեք, ամեն մարդ մի ուղղությամբ, և փախստականներին հավաքող չպիտի լինի։ Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։ Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։ Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։ Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։ Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։ Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։ Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։ Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։ Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։ Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։ Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։ «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։ Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը,- ասում է Տերը,- այնտեղ մարդ չի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվի։ Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը. ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։ Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։ Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։ Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։ Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցին և վախից հալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։ Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։ Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։ Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։- Եվ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, և այն պիտի լափի Բենադադի ամրոցները»։ Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։ Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. “Սարսափ շուրջբոլորը”։ Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։ Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում. նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։- Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։ Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։ Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։ Իմ գահը Եղամում պիտի դնեմ և նրանց թագավորին ու իշխանավորներին ոչնչացնեմ,- ասում է Տերը։- Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։ Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին. «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։ Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։ «Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։ Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղ դարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։ Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։ Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. “Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ”։ Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։ Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։ Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։ «Որովհետև ուրախացաք և ցնծացիք, ո՛վ իմ ժառանգությունը կողոպտողներ, որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։ Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։ Տիրոջ սրտմտության պատճառով նա չպիտի բնակեցվի, այլ բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և երկարատև սուլի նրա բոլոր վերքերի համար։ Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։ Նրա դեմ ամեն կողմից աղաղակե՛ք, որովհետև սա Տիրոջ վրեժխնդրությունն է. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները հիմնահատակ եղան. նրանից վրե՛ժ առեք, ինչպես նա է արել, արե՛ք իրեն։ Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։ Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։ Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, և նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում”։ Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։ «Ելի՛ր Մերաթայիմ երկրի դեմ և Փակուդի բնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։ Երկրում պատերազմի ձայն կա և մեծ ավերում։ Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։ Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։ Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։ Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։ Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։ Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։ Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։ Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանան այն օրը,- ասում է Տերը։- Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։ Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։ Նրանց փրկարարը զորավոր է, Զորությունների Տեր է նրա անունը. նա անպատճառ պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի երկրին հանգստություն տա և խռովք՝ Բաբելոնի բնակիչներին։ Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։ Սո՜ւր գուշակների վրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։ Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանց նման դառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։ Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերով խենթանում են։ Դրա համար այնտեղ վայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։ Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղ էլ մարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։ Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ և շատ թագավորներ են զարթնում երկրի ծայրերից։ Նրանք աղեղ և տեգ են բռնում, անգութ են և չեն ողորմում, նրանց ձայնը ծովի պես գոռում է, և ձիերի վրա են հեծած, պատերազմիկի պես շարված են քո դեմ, ո՛վ Բաբելոնի դուստր։ Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։ Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։ Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբելոնի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է քաղդեացիների երկրի դեմ. հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։ Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։ Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։ Բաբելոնի վրա օտարներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան և դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրն ամեն կողմից նրա վրա պիտի գան»։ Թող աղեղնավորը իր աղեղը լարի նրա դեմ և պատրաստ կանգնի՝ հագած իր զրահը։ Մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը։ Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։ Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։ Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող իր անձն ազատի, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև Տիրոջ համար վրեժխնդրության ժամանակն է, ինքն է հատուցելու նրան։ Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։ Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։ Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։ Տերը երևան հանեց մեր արդարությունը։ Եկե՛ք, և Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործը։ Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։ Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։ Ո՛վ շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։ Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։ Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը. երբ նրա ձայնը որոտում է, երկնքում ջրերի դղրդյուն է. գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և իր շտեմարաններից հանում է քամին։ Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է, Իսրայելը նրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։ «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզնով ազգեր կջարդեմ և թագավորություններ կկործանեմ քեզնով։ Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։ Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։ Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրա եզների զույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։ Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։ «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։ Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։ Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։ Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։ Երկիրը կդողա և կտագնապի, որովհետև կկատարվեն Տիրոջ մտադրությունները Բաբելոնի մասին՝ Բաբելոնի երկիրն առանց բնակչի՝ ամայի դարձնելու մասին։ Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։ Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։ Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։ Մեզ լափեց, մեզ բնաջնջեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, մեզ դատարկ անոթ դարձրեց, մեզ վիշապի պես կուլ տվեց, փափկություններով իր փորը լցրեց, մեզ դուրս նետեց։ «Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրա լինեն »,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիների երկրի բնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։ Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։ Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։ Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։ Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։- Ես գառների պես նրանց սպանդանոց պիտի իջեցնեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ։ Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։ Ծովը բարձրացավ Բաբելոնի վրա, այն ծածկվեց նրա խռովալից ալիքներով։ Նրա քաղաքներն ամայի դարձան, անջրդի երկիր ու անապատ, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում, և նրա միջով մարդու որդի չի անցնում։ Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։ Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։ Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։ Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։ Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։- Բաբելոնը պիտի տապալվի Իսրայելի սպանվածների համար, ինչպես որ ամբողջ երկրի սպանվածները տապալվեցին Բաբելոնի համար»։ Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։ Մենք ամաչում ենք, որովհետև նախատինք լսեցինք, ամոթը ծածկեց մեր դեմքը, որովհետև օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։ «Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։ Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։ Լսե՛ք. աղաղակի ձայն Բաբելոնից. մեծ կոտորած է քաղդեացիների երկրում։ Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և նրանից պիտի վերացնի մեծ ձայնը, որովհետև նրանց ալիքները շատ ջրերի նման մռնչում են. նրանց ձայնի աղմուկը բարձր է հնչում։ Որովհետև նրա՝ Բաբելոնի վրա ավերող եկավ, և նրա պատերազմիկները գերի ընկան, նրանց աղեղները կոտրտվեցին, որովհետև Տերը հատուցող Աստված է. նա անպատճառ կհատուցի։ «Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։ Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։ Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։ Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը, և ասա՛. “Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա”։ Եվ երբ վերջացնես այս գիրքը կարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ և ասա՛. “Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելու այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն”»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։ Եվ նա Տիրոջ առաջ չարություն արեց ըստ ամեն ինչի, որ արել էր Հովակիմը։ Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։ Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։ Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։ Չորրորդ ամսին՝ ամսի իննին, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար։ Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։ Բայց քաղդեացիների զորքերը թագավորին հետապնդեցին և Երիքովի հարթավայրում հասան Սեդեկիային։ Նրա ամբողջ զորքը ցիրուցան եղավ իր մոտից։ Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։ Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։ Կուրացրեց Սեդեկիայի աչքերը և նրան պղնձե շղթաներով կապեց։ Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն տարավ և բանտարկեց մինչև նրա մահվան օրը։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։ Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։ Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որ թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պատերը։ Եվ Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ ժողովրդի չքավորներից, քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, և մնացած արհեստավորներին։ Եվ երկրի չքավորներից Նաբուզարադան թիկնապահապետը թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։ Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։ Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։ Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։ Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։ Սյուներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն էր, նրա շրջագիծը տասներկու կանգուն էր, նրա հաստությունը չորս մատնաչափ էր, մեջը՝ դատարկ։ Եվ մի պղնձե խոյակ կար նրա վրա. մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, և խոյակի վրա շուրջանակի ցանց ու նռներ կային, բոլորը՝ պղնձե։ Եվ սրա նման էր նաև մյուս սյունը և նռներով։ Ամեն մի կողմի վրա նռները իննսունվեց հատ էին, ցանցի վրա շուրջանակի նռները հարյուր հատ էին։ Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։ Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։ Նաբուզարադան թիկնապահապետը նրանց վերցրեց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբղա։ Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Եմաթի երկրի Ռեբղայում։ Այսպես Հուդան գերի տարվեց իր երկրից։ Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդի թիվը սա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա. Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։ Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի, ամբողջը՝ չորս հազար վեց հարյուր հոգի։ Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխը և նրան հանեց բանտից։ Եվ նրա հետ քաղցրությամբ խոսեց և նրա գահը Բաբելոնում եղող մյուս թագավորների աթոռից բարձր դրեց, նրա բանտի հագուստները փոխեց, և նա իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա հետ էր հաց ուտում։ Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։ Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։ Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։ Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողները իր նեղությունների մեջ հասան նրան։ Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։ Նրա հակառակորդները նրա տերերը եղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։ Սիոնի դուստրերից անցավ նրանց ամբողջ վայելչությունը, նրա իշխաններն արոտավայր չգտնող եղջերուների նման եղան և տկարացած գնում են հալածողի առաջից։ Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։ Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։ Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։ Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։ Երուսաղեմը տեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։ Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելու համար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։ Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։ Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։ Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձ այնպիսի ձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։ Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։ Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց ։ Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ ։ Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։ Կանչեցի իմ սիրելիներին, նրանք ինձ խաբեցին, իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին, երբ կերակուր էին որոնում իրենց համար, որպեսզի իրենց կյանքը պահպանեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում, որովհետև սաստիկ ըմբոստացա, դրսից սուրն է ինձ դժբախտացնում, ներսից՝ մահը։ Հառաչանքս լսեցին, բայց ինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որ այդպես արեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։ Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։ Տերն ինչպե՜ս է իր բարկության ամպով պատել Սիոնի դստերը. նա երկնքից երկիր գցեց Իսրայելի փառքը և իր բարկության օրը չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Տերն առանց գթալու խորտակեց Հակոբի բոլոր բնակարանները, իր բարկության մեջ քանդեց Հուդայի դստեր ամրոցները, գետնով տվեց. անպատվեց թագավորությունն ու իշխանավորներին։ Նա իր սաստիկ բարկությամբ փշրեց Իսրայելի ամբողջ զորությունը, իր աջ ձեռքը նրանցից վերցրեց թշնամու առաջ և կրակի բոցի պես վառվեց Հակոբի մեջ՝ այրելով շուրջբոլորը։ Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։ Տերը թշնամու պես եղավ, կործանեց Իսրայելին, կործանեց նրա բոլոր պալատները, քանդեց նրա ամրոցները և Հուդայի դստեր մեջ բազմացրեց ողբն ու սուգը։ Այգու պես ավերեց իր տաղավարը, նրա ժողովատեղին քանդեց, Տերը Սիոնում մոռացության տվեց հանդիսավոր տոնը և Շաբաթը և իր ցասումնալից բարկությամբ արհամարհեց թագավորին ու քահանային։ Տերը մերժեց իր զոհասեղանը, իր սրբարանն ուրացավ, նրա պալատների պատերը թշնամու ձեռքը հանձնեց. հանդիսավոր տոն օրվա պես ձայն տվեցին Տիրոջ տանը։ Տերը մտադրեց քանդել Սիոնի դստեր պարիսպը, քաշեց լարը, իր ձեռքը ետ չպահեց կործանելուց, պատնեշին ու պարսպին սուգ անել տվեց, միասին հյուծվեցին։ Գետնի մեջ մխրճվեցին նրա դարպասները. նա փչացրեց ու կոտրեց նրա նիգերը, նրա թագավորն ու իշխանավորները ազգերի մեջ են աքսորվել. օրենք ևս չկա. և նրա մարգարեներն էլ տեսիլք չեն գտնում Տիրոջից։ Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։ Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում է իմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։ Իրենց մայրերին ասում են. «Ո՞ւր են ցորենն ու գինին», երբ վիրավորների պես նվաղում են քաղաքի փողոցներում, մինչ իրենց հոգին են ավանդում իրենց մայրերի կրծքին։ Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։ Քո մարգարեները քեզ համար սուտ ու անիմաստ տեսիլքներ տեսան, քո անօրենությունը չբացահայտեցին, որպեսզի քեզ գերությունից վերադարձնեն, և քեզ համար սուտ ու մոլոր պատգամներ տեսան։ Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։ Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։ Տերը կատարեց իր մտադրածը, իրագործեց իր խոսքը, որ վճռել էր վաղեմի օրերից. քանդեց և չգթաց և թշնամուն քեզնով ուրախացրեց, բազմապատկեց քո հակառակորդների զորությունը։ Նրանց սիրտն աղաղակեց Տիրոջը. ո՛վ Սիոնի դստեր պատ, գիշեր ու ցերեկ գետի պես արտասո՛ւք թափիր, քեզ դադար մի՛ տուր, աչքիդ բիբը թող չհանգստանա։ Վե՛ր կաց, աղաղակի՛ր գիշերով՝ գիշերային պահերի հսկումի սկզբին. սիրտդ ջրի պես թափի՛ր Տիրոջ առաջ. դեպի նա բարձրացրո՛ւ ձեռքերդ քո երեխաների կյանքի համար, որոնք սովից նվաղում են ամեն փողոցի գլխին։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։ Դրսում՝ գետնի վրա, փռվեցին տղան ու ծերը. իմ կույսերն ու իմ երիտասարդները սրից ընկան, սպանեցիր քո բարկության օրը, մորթեցիր առանց գթալու։ Հանդիսավոր տոն օրվա պես չորսբոլորից կանչեցիր իմ վախերը։ Եվ Տիրոջ բարկության օրը ազատվող կամ վերապրող չեղավ. ինչ որ ծնել ու մեծացրել էի, իմ թշնամին բնաջնջեց։ Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։ Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։ Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։ Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։ Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։ Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։ Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։ Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։ Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։ Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։ Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։ Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։ Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը ։ Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։ Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։ Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։ Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։ Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։ Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։ Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։ Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։ Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։ Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։ Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։ Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։ Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։ Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։ Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին, Մարդու իրավունքը զլանալ Ամենաբարձրյալի առաջ, Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։ Ո՞վ է նա, որ ասի, և ասածը կկատարվի, եթե Տերը այդպես չի հրամայել։ Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։ Ինչո՞ւ է տրտնջում ապրող մարդը, մարդն իր մեղքերի համար։ Քննենք մեր ճանապարհները և փորձենք ու ետ դառնանք Տիրոջը։ Մեր սրտերը մեր ձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը. Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։ Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։ Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։ Մեզ ժողովուրդների մեջ խոտան և անարգ դարձրիր։ Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։ Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։ Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։ Իմ աչքը արցունք պիտի թափի ու չդադարի, առանց դադարի։ Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։ Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։ Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։ Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։ Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։ Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։ Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։ Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։ Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։ Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։ Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։ Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։ Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։ Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգի առարկան եմ։ Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։ Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։ Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։ Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։ Սիոնի պատվական որդիները՝ մաքուր ոսկու հավասար, ինչպե՜ս համարվեցին կավի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։ Վիշապներն անգամ ծիծը հանում, իրենց ձագերին կաթ են տալիս, բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես անգութ է դարձել։ Կաթնակերի լեզուն ծարավությունից իր քիմքին կպավ. երեխաները հաց աղերսեցին, բայց նրանց հաց տվող չկա։ Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։ Եվ իմ ժողովրդի դստեր անօրենությունը Սոդոմի մեղքից մեծ եղավ, որ հանկարծակի հիմնահատակ եղավ, և ոչ մեկը նրան չօգնեց։ Նրա ազնվականները ձյունից մաքուր էին, կաթից սպիտակ էին. մարմնով բուստերից կարմիր էին, շափյուղայի պես էր նրանց տեսքը։ Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։ Սրից սպանվածները երջանիկ էին, քան սովից սպանվածները, որովհետև սրանք հյուծվեցին՝ այգու պտուղներին կարոտ։ Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրենց զավակներին. նրանք կերակուր դարձան նրանց համար իմ ժողովրդի դստեր կոտորածի ժամանակ։ Տերը գործադրեց իր զայրույթը, թափեց իր սաստիկ բարկությունը. նա կրակ վառեց Սիոնում, և այն լափեց նրա հիմքերը։ Չհավատացին երկրի թագավորները և աշխարհի բոլոր բնակիչները, որ հակառակորդն ու թշնամին կմտնեն Երուսաղեմի դարպասներով։ Նրա մարգարեների մեղքերի, նրա քահանաների անօրենությունների պատճառով, որոնք նրանում թափում էին արդարների արյունը, Կույրերի նման թափառեցին փողոցներում, եղծված արյունով, որ նրանց հագուստներին ոչ ոք չէր կարող կպչել։ «Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,- կանչում էին նրանց,- հեռացե՛ք, հեռացե՛ք, մի՛ դիպեք». և նրանք փախան ու թափառեցին. մարդիկ ասացին ազգերի մեջ. « Այստեղ այլևս չեն բնակվելու»։ Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։ Մեր աչքերը մաշվեցին՝ զուր տեղը մեր օգնությանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ օգնել չէր կարող։ Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։ Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։ Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։ Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։ Քո անօրենությունը պիտի վերանա, ո՛վ Սիոնի դուստր, քեզ այլևս գերության մեջ չեն պահի. բայց քո անօրենությունը պիտի պատժվի, ո՛վ Եդովմի դուստր, և մեղքերդ հայտնի կդառնան։ Հիշի՛ր, Տե՛ր, թե մեզ ինչ եղավ. նայի՛ր և տե՛ս մեր անարգանքը։ Մեր ժառանգությունն օտարներին անցավ, մեր տները՝ օտարականներին։ Անհայր որբեր եղանք, մեր մայրերը՝ այրիների նման։ Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը դրամով է գնվում։ Լուծը մեր վզին՝ հալածվում ենք, հոգնելու ենք ու հանգստություն չունենք։ Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին ևս՝ հացով կշտանալու համար։ Մեր հայրերը մեղանչեցին և չկան, իսկ մենք նրանց անօրենություններն ենք կրում։ Ստրուկները տիրեցին մեզ, նրանց ձեռքից մեզ ազատող չկա։ Անապատում եղող սրի պատճառով մեր կյանքը վտանգելով ենք տիրանում մեր հացին։ Մեր մաշկը փռի պես տաք է սովի այրող տաքության պատճառով։ Սիոնում կանանց լլկեցին, կույսերին՝ Հուդայի քաղաքներում։ Իշխաններն իրենց ձեռքով կախվեցին, երեցները չհարգվեցին։ Երիտասարդները երկնաքարեր կրեցին, և տղաները փայտի բեռի տակ կքեցին։ Ծերերը դադարեցին դարպասի մոտ նստելուց, երիտասարդները՝ իրենց երգելուց։ Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։ Վայր ընկավ մեր գլխի թագը. վա՜յ մեզ, որովհետև մեղանչել ենք։ Այս պատճառով մեր սիրտը նվաղել է, այս բաների պատճառով խավարեցին մեր աչքերը։ Սիոն լեռան պատճառով, որն ամայացել է. աղվեսներ են թափառում նրա վրա։ Դո՛ւ, ո՛վ Տեր, հավիտյան կմնաս, քո գահը՝ սերնդեսերունդ։ Ինչո՞ւ ես մեզ ընդմիշտ մոռանում, մեզ լքում ես երկար ժամանակով։ Մեզ քե՛զ վերադարձրու, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք. մեր օրերը նորոգի՛ր նախկինի պես։ Սակայն դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վրա անչափ բարկացար։ Եվ երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրը եղավ, երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։ Ամսի հինգին՝ Հովաքին թագավորի տարագրության հինգերորդ տարում, քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։ Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։ Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։ Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։ Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։ Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։ Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։ Իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում. չորսից յուրաքանչյուրն առյուծի դեմք ուներ աջ կողմում, և չորսից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ձախ կողմում, և չորսից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներ հետևի կողմում ։ Այսպիսին էին նրանց դեմքերը ։ Եվ նրանց թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք միանում էին մյուսի թևերին, և երկուսով ծածկում էին իրենց մարմինները։ Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։ Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։ Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։ Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրա չորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։ Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։ Երբ գնում էին, դեպի իրենց չորս կողմը գնալիս չէին դառնում։ Նրանց շրջանակները բարձր էին և ահեղ, և նրանց չորսի շրջանակների շուրջբոլորը լիքն էին աչքերով։ Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։ Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։ Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։ Կենդանի էակների գլուխների վրա հաստատության նման մի բան կար՝ շլացնող բյուրեղի նման տարածված նրանց գլուխներից վերև ։ Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։ Երբ կենդանի էակները շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։ Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։ Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։ Եվ այնտեղից վերև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա, որ հրափայլ պղնձի տեսք ուներ, իսկ այնտեղից ներքև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն։ Ծիածանի տեսքի նման, որ անձրևի օրը լինում է մի ամպի մեջ, այնպես էր շրջապատող պայծառության տեսքը շուրջբոլորը։ Սա Տիրոջ փառքի կերպարանքի տեսքն էր. երբ ես տեսա, վայր ընկա երեսիս վրա։ Ու մի խոսողի ձայն լսեցի։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։ Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։ Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։ Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված”։ Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։ Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։ Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։ Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե ես ի՛նչ եմ ասում քեզ. այդ ապստամբների տան պես ապստամբ մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ ես տալիս եմ քեզ»։ Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։ Եվ նա այն բացեց իմ առաջ. նրա առաջն ու հետևում և նրա վրա գրված էին ողբեր, հառաչանք ու վայնասուն։ Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։ Եվ ես բացեցի բերանս, ու նա ինձ կերցրեց այն մագաղաթը։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորդ կերակրի՛ր և ստամոքսդ լցրո՛ւ այս մագաղաթով, որ ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանում։ Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով. որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ Իսրայելի տան մոտ. ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։ Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։ Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։ Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։ Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։ Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։ Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում». կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։ Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։ Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։ Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։ Երբ ես ամբարիշտին ասեմ. “Անպատճառ պիտի մեռնես”, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։ Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։ Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։ Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։ Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։ Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։ Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։ Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։ Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։ Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։ Եվ դու քեզ համար երկաթե մի տապա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, դեմքդ ուղղի՛ր դեպի նրան, և այն թող պաշարման մեջ լինի, և դու նրան պաշարի՛ր. սա մի նշան է Իսրայելի տան համար։ Եվ դու պառկի՛ր քո ձախ կողքի վրա և նրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես նրա վրա, պիտի կրես նրանց անօրենությունը։ Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։ Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։ Եվ դու դեպի Երուսաղեմի պաշարո՛ւմն ուղղիր դեմքդ և քո մերկացրած բազկով մարգարեացի՛ր նրա դեմ։ Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։ Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։ Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ, մի օրից մյուսը կուտես այն։ Ջուրն էլ չափով կխմես՝ հինենի մեկ վեցերորդը, մի օրից մյուսը կխմես այն։ Եվ գարու շոթերի պես կուտես այն և մարդու կեղտի վրա կթխես այն նրանց աչքի առաջ»։ Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես իրենց հացը անմաքուր պիտի ուտեն այն ազգերի մեջ, ուր որ ես աքսորեմ նրանց»։ Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա իմ անձը պղծված չէ, և իմ մանկությունից մինչև հիմա դիակ կամ գազանի հոշոտած միս չեմ կերել, ու բերանս պիղծ միս չի մտել»։ Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը. նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։ Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը ։ Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։ Դրանցից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր քո քղանցքներում։ Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։ Բայց նա ապստամբեց իմ պատվիրանների դեմ՝ ազգերից ավելի չարություն գործելով, և իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները և չգնացին իմ կանոններով»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք», ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։ Քո բոլոր պիղծ կուռքերի պատճառով քեզ հետ այն պիտի կատարեմ, որի նմանը երբեք էլ չեմ արել ու երբեք նորից չեմ անելու։ Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։ Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմ քեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։ Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։ Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։ Եվ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ ես քեզ ավերմունքի և նախատինքի պիտի մատնեմ։ Եվ դու նախատինք ու անարգանք, նախազգուշացում ու ապշություն պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ ես քո դեմ դատաստաններ անեմ բարկությամբ ու զայրույթով և զայրույթի կշտամբանքով. ես՝ Տերը, ասացի։ Երբ ես նրանց դեմ արձակեմ սովի չար նետերը, որոնք կործանելու համար են, դրանք ես պիտի արձակեմ քեզ ոչնչացնելու համար. սովը սաստկացնելու եմ ձեզ վրա՝ կոտրելով հացի գավազանը։ Ես ձեզ վրա սով պիտի ուղարկեմ և վայրի գազաններ, որ քեզ անզավակ դարձնեն. ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. ես՝ Տերը, ասացի»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։ Եվ ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. "Ահա ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և ոչնչացնեմ ձեր Բարձր տեղերը։ Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։ Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։ Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։ Եվ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։ Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը. իզուր չէ, որ ասել եմ, թե այս չարիքը իրենց պիտի անեմ"”։ Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. "Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։ Հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, և ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա։ Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։ Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։ Հիմա եկել է վախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։ Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։ Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։ Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։ Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։ Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։ Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը ։ Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բան չպիտի մնա նրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչություն չպիտի լինի ։ Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։ Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։ Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։ Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։ Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։ Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դառնան։ Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։ Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։ Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։ Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն։ Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։ Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։ Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։ Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։ Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։ Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։ Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։ Նայեցի, և ահա մի կերպարանք՝ կրակի տեսքով, նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր՝ մի հրափայլ պղնձի տեսքի նման։ Նա ձեռքի նման մի բան մեկնեց և բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղն ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր՝ նախանձ գրգռողը։ Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։ Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։ Եվ ինձ տարավ գավթի դարպասը, և ես նայեցի. ահա մի ծակ կար պատի վրա։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այս պատը». և ես փորեցի պատը։ Ահա մի դուռ կար։ Եվ նա ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։ Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։ Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես՝ ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ՝ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. “Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը”»։ Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր. այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա։ Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այս, մարդո՛ւ որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։ Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, մի՞թե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ և առավել գրգռում են իմ բարկությունը։ Եվ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում ։ Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։ Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։ Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։ Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։ Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։ Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։ Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։ Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։ Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։ Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։ Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն իրենց գլխով եմ տալու»։ Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։ Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։ Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։ Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։ Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։ Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։ Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։ Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։ Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։ Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։ Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։ Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։ Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։ Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։ Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։ Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։ Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։ Երբ քերովբեները կանգնում էին, անիվներն էլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։ Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։ Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։ Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։ Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։ Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։ Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։ Եվ ասում են. “Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է, մենք էլ՝ միսը”։ Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։ Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դուք այսպես եք մտածում, ո՛վ Իսրայելի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում եղածը։ Դուք այս քաղաքում շատացրիք ձեր սպանվածներին և նրա փողոցները լցրիք սպանվածներով"։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Ձեր սպանվածները, որ դուք դրանում դրեցիք, դրանք են միսը, իսկ այս քաղաքը՝ կաթսան. իսկ դուք պիտի հանվեք նրա միջից։ Դուք սրից վախեցաք, բայց ես սուր եմ բերելու ձեզ վրա"”»,- ասում է Տեր Աստված։ «Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեզ վրա դատավճիռներ պիտի գործադրեմ։ Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։ Այս քաղաքը ձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ձեզ շրջապատող ազգերի սովորությունների պես արեցիք»։ Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։ Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Թեև նրանց հեռացրել եմ ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց ես նրանց համար մի փոքր սրբարան պիտի դառնամ այն երկրներում, ուր գնացել են նրանք"”։ Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ձեզ պիտի հավաքեմ ազգերի միջից ու ժողովեմ ձեզ այն երկրներից, ուր ցրված եք, և Իսրայելի երկիրը ձեզ պիտի տամ։ Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։ Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ, որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։ Իսկ որոնց սրտերը իրենց գարշելի քանդակների և պիղծ կուռքերի հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ",- ասում է Տեր Աստված”»։ Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը, անիվներն էլ նրանց կողքին, և Իսրայելի Աստծու փառքը նրանց վրա էր՝ վերևում։ Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից վերև բարձրացավ ու կանգնեց այն սարի վրա, որ քաղաքի արևելքում էր։ Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։ Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։ Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։ Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։ Եվ քո գույքը ցերեկով նրանց աչքի առաջ դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք, բայց ինքդ իրիկունը նրանց աչքի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման։ Նրանց աչքի առաջ պատը փորի՛ր և այնտեղո՛վ դուրս արի։ Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։ Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրի գույք, և իրիկունը ձեռքով ինձ համար պատը փորեցի, մթնած ժամանակ դուրս եկա՝ ուսի վրա կրելով նրանց աչքի առաջ։ Առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. “Այդ ի՞նչ ես անում”։ Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է"”։ Ասա՛. “Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։ Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթնած ժամանակ ուսի վրա է բարձելու և դուրս գալու. պատը պիտի փորեն, որ այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի երկիրն աչքով չտեսնի։ Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։ Եվ նրա շուրջը եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին ես կցրեմ բոլոր հողմերին և սուր կմերկացնեմ նրանց հետևից։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ նրանց տարածեմ ազգերի մեջ ու նրանց ցրեմ երկրներով։ Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ, որ ազատվեն սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ տագնապով ու անձկությա՛մբ խմիր։ Եվ ասա՛ երկրի ժողովրդին. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են. "Նրանք իրենց հացն անձկությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը սարսափով պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի ամայանա իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենության պատճառով։ Շեն քաղաքները պիտի կործանվեն, և երկիրն ամայանա. պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. “Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է”։ Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի"”. բայց նրանց ասա՛. “Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։ Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։ Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. “Այն տեսիլքը, որ նա տեսնում է, հեռավոր օրերի համար է, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում”։ Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այլևս հապաղում չպիտի լինի. ամեն մի խոսքը, որ ես խոսեմ, պիտի կատարվի"”»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում"”։ Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։ Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։ Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։ Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։ «Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։ Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. “Խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։ Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։ Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. "Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք"”։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։ Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝ Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"”»,- ասում է Տեր Աստված։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։ Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։ Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։ Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։ Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։ Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Իսրայելի տնից ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է և իր անօրենության գայթակղությունն իր դեմքի առաջ է դրել և մարգարեի մոտ է գալիս, ես՝ Տերը, նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության, որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով"”։ Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը, որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։ Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Եվ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի, Տերը՝ ես եմ մոլորեցրել այդ մարգարեին և իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան բնաջնջեմ իմ Իսրայել ժողովրդի միջից։ Եվ այսպես իրենց անօրինության պատիժը պիտի կրեն. ինչպես մարգարեի պատիժն է, հարցնողի պատիժը նույնը պիտի լինի, որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ինձնից, և այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր հանցանքներով, և նրանք իմ ժողովուրդը լինեն, իսկ ես նրանց Աստվածը լինեմ"”»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, երբ մի երկիր մեղանչի իմ դեմ՝ անհավատարմություն գործելով, և ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը, նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությամբ իրենց անձերը կազատեն»,- ասում է Տեր Աստված։ «Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով, նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել. միայն իրենք կազատվեն, ու երկիրն ամայի կդառնա։ Կամ եթե սուր բերեմ այն երկրի վրա և ասեմ. “Թող սուրն անցնի այդ երկրով”, և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը, թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել, այլ միայն իրենք կազատվեն։ Կամ եթե ժանտախտ ուղարկեմ այն երկիրը և իմ զայրույթը թափեմ նրա վրա արյունով՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար, և Նոյը, Դանիելը և Հոբը նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- ո՛չ որդի, ո՛չ դուստր չեն ազատելու. նրանք իրենց արդարությամբ միայն իրենց անձը կազատեն»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Որչափ ավելի, երբ իմ չորս վատ պատիժները՝ սուրը, սովը, չար գազաններն ու ժանտախտը, բերեմ Երուսաղեմի վրա՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար։ Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերեն այնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։ Եվ նրանք պիտի մխիթարեն ձեզ, երբ տեսնեք նրանց վարքն ու նրանց բոլոր արարքները։ Եվ դուք կիմանաք, որ առանց պատճառի չէ, որ արել եմ այն ամենը, ինչ արել եմ նրա մեջ»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։ Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։ Ահա տրվում է կրակի մեջ իբրև վառելիք. նրա երկու ծայրերը կրակը լափի, և միջուկը այրվի. մի՞թե նա մի բանի պիտանի կլինի։ Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։ Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։ Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ նրանց արած անհավատարմության համար»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պիղծ բաները և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։ Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։ Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։ Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ Այո՛, քեզ ասացի. "Քո արյան մեջ ապրի՛ր"։ Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։ Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։ Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։ Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։ Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։ Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։ Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։ Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ"”»,- ասում է Տեր Աստված։ «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։ Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։ Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։ Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։ Եվ քեզ տվածս հացը՝ քեզ կերցրած նաշիհը, յուղն ու մեղրը, դու նրանց առաջ դրեցիր անուշ հոտի համար։ Եվ այսպես եղավ»,- ասում է Տեր Աստված։ «Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը, որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։ Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։ «Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայր պատրաստեցիր քեզ համար։ Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։ Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։ Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։ Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։ Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։ Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝ բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։ Պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։ Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։ Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։ «Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց, ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։ Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։ Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։ Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։ Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։ Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։ Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։ «Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը, նույնպես էլ աղջիկը”։ Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։ Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։ Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։ «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։ Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում ։ Եվ նրանք հպարտացան ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի. Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։ Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։ Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ, որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։ Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։ Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում քո չարության հայտնվելուց առաջ. իսկ հիմա դու ծաղրանքի առարկա եղար Արամի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք նախատում են քեզ ամեն կողմից։ Քո լրբության և քո պիղծ արարքների պատիժը պիտի կրես»,- ասում է Տերը։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։ Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։ Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։ Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։ Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մի հանելո՛ւկ առաջարկիր և առա՛կ ասա Իսրայելի տանը։ Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի մեծ արծիվ՝ երկու մեծ թևերով, երկար փետուրներով, լի գույնզգույն, բարակ փետուրներով, եկավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը, նրա ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ վաճառականի երկիրը և այն դրեց վաճառականների քաղաքում։ Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենու նման ։ Նա աճեց ու տարածված, ցածր մի որթատունկ դարձավ, դրա ճյուղերը դեպի նա ուղղվեցին, արմատները նրա տակ էին. նա մի որթատունկ դարձավ, ոստեր հանեց և ընձյուղներ արձակեց։ Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։ Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի"”։ Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։ Եվ ահա, թեև տեղափոխելով տնկվի, մի՞թե ուռճանալու է. չէ՞ որ արևելյան քամին հենց դիպչի նրան, իսկույն պիտի չորանա. իր աճած ածուների մեջ պիտի չորանա"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։ Թագավորի սերնդից վերցրեց մեկին և նրա հետ ուխտ կապեց ու նրան երդում անել տվեց. նաև երկրի մեծամեծներին վերցրեց, որպեսզի թագավորությունը նվաստ լինի և չկարողանա իրեն բարձրացնել, որ իր ուխտը պահելով միայն գոյատևի։ Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։ «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որ նրան թագավոր դարձրեց, որի երդումը նա անարգեց և որի ուխտը նա դրժեց, նա Բաբելոնում պիտի մեռնի։ Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։ Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեց և արեց այս ամենը, նա չի ազատվելու»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։ Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։ Եվ նրա զորագնդերի բոլոր փախստականները սրից պիտի ընկնեն, իսկ նրա մնացորդները պիտի ցրվեն ամեն ուղղությամբ։ Եվ դուք կիմանաք, որ Տերը՝ ես եմ խոսել»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։ Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։ Եվ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան, որ ես՝ Տերը, ցածրացրել եմ բարձր ծառերը և ցածր ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել ու դալարացրել չոր ծառը։ Ես՝ Տերը, ասել եմ և պիտի անեմ»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ նշանակություն ունի այն առածը, որ դուք ասում եք Իսրայելի երկրի վերաբերյալ. “Հայրերն ազոխ կերան, բայց որդիների ատամներն առան”»։ «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։ Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։ Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի, սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի, վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև, իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։ «Եթե նա մի որդի ծնի, որ ավազակ ու արյունահեղ է, կամ նման արարքներ գործի, և նա այս ամենը չանի, բայց սարերի վրա ուտի և իր ընկերոջ կնոջը պղծի, աղքատին և չքավորին կեղեքի, կողոպտի, գրավը չվերադարձնի և իր աչքերը դեպի կուռքերը բարձրացնի, պիղծ բաներ գործի, վաշխով փող տա և տոկոս առնի, մի՞թե նա կապրի. նա չի ապրի։ Ով անում է այս բոլոր պիղծ բաները, նա անշուշտ պետք է մեռնի. նրա արյունն իր վրա է լինելու։ Եվ ահա նա մի որդի ծնի, որը տեսնի իր հոր արած բոլոր մեղքերը, ուշադրություն դարձնի, նույնպես չանի. սարերի վրա չուտի և իր աչքերը վեր չբարձրացնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր ընկերոջ կնոջը չպղծի, մարդու չկեղեքի, գրավ չառնի և ոչինչ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին շոր հագցնի, աղքատից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, իմ պատվիրանները գործադրի, իմ կանոններով ընթանա, նա իր հոր անօրենության համար չի մեռնի, նա անշուշտ պիտի ապրի։ Իսկ նրա հայրը, քանի որ մեծապես հարստահարեց և իր եղբորից բռնությամբ բան հափշտակեց և իր ժողովրդի մեջ արեց այն, ինչ որ լավ չէր, ահա նա պիտի մեռնի իր անօրենության համար։ Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։ Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։ Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։ Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։ Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։ Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։ Դուք ասում եք. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։ Իսկ երբ ամբարիշտը հետ դառնա իր արած ամբարշտությունից և իրավունք ու արդարություն անի, նա իր անձը պիտի ապրեցնի. որովհետև նա տեսավ, դարձի եկավ իր արած բոլոր հանցանքներից. նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ Բայց Իսրայելի տունն ասում է. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։ Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։ Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։ Որովհետև ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք»։ «Դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա և ասա՛. “Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։ Նա մեծացրեց իր կորյուններից մեկին, որ մի առույգ առյուծ դարձավ. սովորեց բզկտել, մարդ լափեց։ Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան կարթերով տարան Եգիպտոսի երկիրը։ Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։ Նա քայլեց առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց բզկտել ու մարդ լափեց։ Նա կործանեց նրանց ամրոցները և քանդեց նրանց քաղաքները. նրա մռնչյունի ձայնից ահաբեկվեցին երկիրն ու ամենը, որ նրանում է։ Եվ ազգեր ելան նրա դեմ շրջակա գավառներից և իրենց ցանցը տարածեցին նրա վրա, և նա բռնվեց նրանց փոսում։ Եվ նրան կարթերով դրեցին վանդակի մեջ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան բանտարկեցին բերդում, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա։ Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։ Նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների մականների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա երևաց իր բարձրությամբ, ճյուղերի առատությամբ։ Բայց նա զայրույթով խլվեց, գետնին գցվեց, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը. կոտրատվեց ու չորացավ նրա զորավոր ճյուղը, կրակը լափեց այն։ Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։ Կրակ դուրս եկավ նրա ոստերի բնից, կերավ նրա պտուղը, և նրա վրա զորավոր ճյուղ չմնաց իշխանավորի ցուպի համար։ Սա ողբ է և իբրև ողբ կլինի”»։ Եվ յոթերորդ տարում՝ հինգերորդ ամսվա տասին, Իսրայելի երեցներից եկան Տիրոջից հարցնելու և նստեցին իմ առաջ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի երեցներին և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք ինձնից հարցնելո՞ւ եք եկել. կենդանի եմ ես, ձեր հարցին ես չեմ պատասխանի",- ասում է Տեր Աստված”։ Մի՞թե նրանց դատելու ես, դատելո՞ւ ես, ո՛վ մարդու որդի, դու իրենց հայրերի պիղծ բաները իմացրո՛ւ նրանց և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այն օրը, երբ ես Իսրայելին ընտրեցի և Հակոբի տան սերնդին երդվեցի և ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում և երդվեցի նրանց՝ ասելով. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"։ Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։ Եվ ես նրանց ասացի. "Ձեզնից ամեն մեկը թող դեն նետի իր աչքերի առաջի գարշելի քանդակները, իրեն չպղծի Եգիպտոսի կուռքերով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"”»։ «Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։ Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։ Ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից և նրանց անապատ բերեցի, նրանց իմ կանոնները տվեցի և իմ պատվիրաններն իմացրի, որոնցով մարդ կապրի, եթե դրանք կատարի։ Նաև իմ շաբաթները տվեցի նրանց, որ նշան լինի իմ և նրանց միջև, որ իմանան, որ ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց։ Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։ Եվ ես հանուն իմ անվան արեցի, որ չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս էի բերել նրանց։ Եվ անապատում երդվեցի նրանց, որ իրենց չտանեմ երկիրը, որ տվել էի նրանց, որտեղ մեղր ու կաթ է բխում, որ բոլոր երկրների պարծանքն է, որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները, իմ կանոններով չընթացան, իմ շաբաթները պղծեցին, քանի որ իրենց կուռքերին էր հետևում նրանց սիրտը։ Բայց իմ աչքը խնայեց նրանց, որ նրանց չոչնչացնեմ, և նրանց չբնաջնջեցի անապատում։ Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. իմ կանոններո՛վ ընթացեք և իմ պատվիրաննե՛րը պահեք և դրա՛նք կատարեք։ Եվ իմ շաբաթները սրբացրե՛ք, որ նրանք նշան լինեն իմ և ձեր միջև, որ իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”։ Բայց որդիները ևս ապստամբեցին իմ դեմ, իմ կանոններով չընթացան և իմ պատվիրանները չպահեցին կատարելու համար, որոնք ով կատարի, նրանցով կապրի. նրանք պղծեցին իմ շաբաթները, ու ես ասացի, որ իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա, որ անապատում իմ բարկությունը սպառելու եմ նրանց վրա։ Սակայն ես հետ պահեցի իմ ձեռքը, այդ արեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս բերեցի նրանց։ Ես անապատում նաև երդվեցի նրանց, որ իրենց ցրեմ ազգերի մեջ և սփռեմ երկրների մեջ, որովհետև նրանք չգործադրեցին իմ պատվիրանները, մերժեցին իմ կանոնները, պղծեցին իմ շաբաթները, և նրանց աչքերը իրենց հայրերի կուռքերի հետևից էին։ Ես նաև նրանց կանոններ տվեցի, որոնք լավը չէին, և պատվիրաններ, որոնցով չէին կարող ապրել, նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։ Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դեռ սրանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը՝ իմ դեմ անհավատարիմ լինելով։ Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները"։ Եվ ես նրանց հարցրի. "Դա ի՞նչ բարձրադիր վայր է, ուր գնում եք դուք"”, և այն մինչև այսօր բամահ են անվանում։ Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Մի՞թե ձեր հայրերի ճանապարհին պղծվում եք և նրանց գարշելի քանդակներին հետևելով՝ պոռնկանում եք ու ձեր ընծաները մատուցելիս և ձեր որդիներին կրակով անցկացնելիս ձեր բոլոր կուռքերով մինչև այսօր պղծում եք ձեզ։ Եվ ես կպատասխանե՞մ ձեր հարցին, ո՛վ Իսրայելի տուն. կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ձեզ թույլ չպիտի տամ, որ ինձ հարցնեք"”։ Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք. “Ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք՝ փայտն ու քարը պաշտելով”։ “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա և ձեզ ժողովուրդներից պիտի հանեմ և ձեզ ժողովեմ երկրներից, ուր ձեզ ցրիվ էի տվել զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով։ Եվ ձեզ ժողովուրդների անապատը պիտի տանեմ և այնտեղ երես առ երես դատ անեմ ձեզ հետ։ Ինչպես որ ձեր հայրերի հետ դատ արեցի Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ,- ասում է Տեր Աստված։- Եվ ձեզ գավազանի տակով պիտի անցկացնեմ և ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ։ Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։ Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։ Անուշահոտ խունկի նման պիտի ընդունեմ ձեզ, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, ուր որ ցրել եմ ձեզ, և ազգերի աչքին պիտի սրբանամ ձեր մեջ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ կտանեմ Իսրայելի երկիրը, որը երդվել եմ տալ ձեր հայրերին։ Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք ձեզ պղծեցիք, և ձեր արած չարությունների պատճառով պիտի ատեք ձեր անձերը։ Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ հետ վարվեմ հանուն իմ անվան, ո՛չ ձեր չար ճանապարհների համեմատ ու ձեր ապականված արարքների համեմատ, ո՛վ Իսրայելի տուն”»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի հարա՛վ դարձրու և խոսի՛ր դեպի հարավ ու մարգարեացի՛ր հարավային դաշտի անտառի դեմ։ Եվ հարավային անտառին ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։ Եվ ամեն մարմին պիտի տեսնի, որ ես՝ Տերը, ե՛ս եմ այն վառել. այն չպիտի հանգչի”»։ Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. “Մի՞թե նա առակախոսություններ չի անում”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Երուսաղե՛մ դարձրու և խոսի՛ր սրբարանների դեմ և մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ։ Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։ Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։ Եվ ամեն մարմին պիտի գիտենա, որ ես՝ Տերը, իմ սուրը հանել եմ իր պատյանից. նա այլևս հետ չի դառնալու"”։ Եվ դու, մարդո՛ւ որդի, ողբա՛. կոտրած սրտով և դառը ցավով ողբա՛ նրանց աչքի առաջ։ Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տերը։ Ասա՛. "Սուրը, սուրը սրվեց և հղկվեց։ Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք, թե որդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։ Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։ Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ ։ Որովհետև փորձվեց, և ի՞նչ։ Եթե ցուպն էլ անարգես, այն չի՞ լինի",- ասում է Տեր Աստված”»։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց, որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։ Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։ Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար դու երկու ճանապա՛րհ ընտրիր, որպեսզի Բաբելոնի թագավորի սուրը գա. երկուսը մի երկրից պիտի դուրս գան. և նշանասյո՛ւն շինիր, յուրաքանչյուր քաղաքի ճանապարհի գլխի՛ն շինիր այն։ Մի ճանապա՛րհ ընտրիր, որ սուրը գա ամմոնացիների Ռաբբահ և Հուդայի երկիր ՝ պարսպավոր Երուսաղեմ։ Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին ։ Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։ Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք”։ Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։ Այսպես է ասում Տեր Աստված. “Հեռացրո՛ւ խույրը և հանի՛ր թագը. այլևս նույնը չի լինելու. ցածրին բարձրացրո՛ւ և բարձրին ցածրացրո՛ւ։ Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն”։ Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛. "Սուրը, սուրը մերկացած է մորթելու համար, կատարելապես հղկված, որպեսզի իր փայլատակումով ոչնչացնի։ Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։ Վերադարձրո՛ւ իր պատյանին. այնտեղ, որտեղ ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ։ Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։ Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ո՛վ քաղաք, որ քո մեջ արյուն ես հեղում, որ քո ժամանակը եկել է, որ քեզ պղծելով քեզանում կուռքեր ես շինում։ Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով, վերջին օրերդ մոտեցրիր և հասար քո տարիների վերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։ Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալից քաղաք "”։ Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժով քո մեջ է, որպեսզի արյուն թափի։ Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։ Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։ Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։ Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։ Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։ Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։ «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։ Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։ Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։ Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։ Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ. արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։ Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։ Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել”։ Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։ Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։ Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։ Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։ Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։ Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատի մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։ Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։ Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։ Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողա և նրա քրոջը՝ Ոողիբա ։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։ Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին, կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։ Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։ Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։ Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։ Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։ Երբ նրա Ոողիբա քույրը տեսավ այս, իր տռփանքով նրանից ավելի ապականություն արեց և իր պոռնկություններով իր քրոջ պոռնկությունները գերազանցեց. Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։ Եվ տեսա, որ պղծվեց. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։ Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված, իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։ Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։ Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։ Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։ Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։ Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։ Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։ Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝ Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։ Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։ Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։ Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները. ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։ Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։ Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։ Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։ Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։ Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։ Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։ Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։ Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։ Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին, երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։ Եվ մինչև անգամ լուր ուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։ Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։ Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։ Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. “Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան”։ Եվ նրա մոտ մտան պոռնիկ կնոջ մոտ մտնելու նման. այդպես մտան Ոողայի և Ոողիբայի մոտ՝ այդ անպարկեշտ կանանց մոտ։ Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։ Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։ Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։ Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, հենց այսօր քեզ համար գրի՛ր այսօրվա՝ այս իսկ օրվա անունը. Բաբելոնի թագավորը պաշարելու համար հենց այսօր մոտեցավ Երուսաղեմին։ Եվ առակո՛վ խոսիր այս ապստամբների տան հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դի՛ր կաթսան, դի՛ր և մեջն էլ ջո՛ւր լցրու։ Մսի կտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։ Ոչխարների ընտի՛րը վերցրու և ոսկորները դիզի՛ր նրա տակ. եռացնելով եռացրո՛ւ, որ ոսկորներն էլ մեջը եփվեն"”»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։ Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։ Իմ զայրույթը բորբոքելու, վրեժն առնելու հանար նրա արյունը չոր ապառաժի վրա դրեցի, որ չծածկվի»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։ Շատացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, միսը սպառվի, համեմունքով խառնի՛ր, և թող ոսկորներն այրվեն։ Հետո դատարկ դի՛ր փայտածուխի վրա, որպեսզի տաքանա, և նրա պղինձն այրվի, ու նրա մեջ հալվի անմաքրությունը, սպառվի ժանգը։ Տաժանքից ինձ հոգնեցրեց, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չեկավ, նրա ժանգը կրակում։ Քո անմաքրությունը լրբություն է. որովհետև ես փորձեցի քեզ մաքրել, բայց դու չմաքրվեցիր, քո անմաքրությունից այլևս չպիտի մաքրվես, մինչև որ իմ զայրույթը չհանգստացնեմ քեզ վրա։ Տերը՝ ես եմ խոսել. լինելու է, և ես պիտի կատարեմ այն. չեղյալ չպիտի համարեմ, չպիտի խնայեմ, կարեկցություն չպիտի ցույց տամ. քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատվես»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։ Լուռ հառաչի՛ր, մեռելի սուգ չպիտի անես. գլխաշորդ գլխի՛դ կապիր, կոշիկներդ ոտքերի՛դ հագիր, դունչդ մի՛ ծածկիր և մարդկանց հացը մի՛ կեր »։ Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։ Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։ Եվ ես նրանց ասացի. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի տանը. "Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։ Եվ դուք իմ արածի պես պիտի անեք, դունչ չպիտի ծածկեք և մարդկանց հացը չպիտի ուտեք։ Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։ Եվ Եզեկիելը ձեզ համար նշան կլինի. նրա բոլոր արածների պես պիտի անեք։ Սրա լինելու ժամանակ կիմանաք, որ ես եմ Տեր Աստված"”։ Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա երբ նրանցից կվերցնեմ իրենց ամրությունը, իրենց պարծանքի ուրախությունը, իրենց աչքերի ցանկությունը և իրենց հոգու փափագը՝ իրենց որդիներին ու դուստրերին, այդ օրը ազատված մեկը կգա քեզ մոտ, որը լուր լսել կտա քո իսկ ականջներին։ Այդ օրը բերանդ պիտի բացվի այն ազատվածի հետ, և պիտի խոսես ու այլևս համր չմնաս. դու նրանց համար նշան կլինես։ Եվ նրանք կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։ Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Քանի որ դու "վա՜շ" ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց, դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։ Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը ՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը"”։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ, դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։ «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”, դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։ Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։ Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց, դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։ Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս"”»,- ասում է Տեր Աստված։ «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով, դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։ Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից"”»։ Եվ տասնմեկերորդ տարվա ամսի մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին "ժողովուրդների դռները", դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով”։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա քեզ դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և շատ ազգեր պիտի հանեմ քո դեմ, ինչպես որ ծովն իր ալիքներն է բարձրացնում։ Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։ Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա, և նրա դուստր քաղաքները, որոնք դաշտում են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։ Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստր քաղաքներին և քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։ Եվ իր կործանիչ մեքենաների հարվածները պիտի ուղղի քո պարիսպների դեմ և իր տապարներով պիտի քանդի քո աշտարակները։ Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։ Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։ Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։ Եվ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնն այլևս չպիտի լսվի։ Ես քեզ չոր ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։ Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։ Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։ Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։ Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից”»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, որ շատ ջրեր ծածկեն քեզ, և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։ Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի վրա ո՛ղբ բարձրացրու և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։ Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։ Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։ Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։ Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։ Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։ Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։ Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։ Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։ Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։ Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։ Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։ Դեդանի որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։ Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։ Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։ Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։ Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։ Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։ Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։ Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։ Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։ Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։ Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։ Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։ Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։ Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։ Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։ Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. “Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց”։ Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։ Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։ Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել են նրանց դեմքերը։ Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. "Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում", բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել"։ Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։ Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։ Քո մեծ իմաստությամբ, քո առևտրով շատացրիր քո հարստությունը, և սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ”։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում, դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։ Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։ Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. "Ես Աստված եմ", մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։ Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Տեր Աստված։ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։ Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։ Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։ Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»։ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։ Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Եվ Իսրայելի տան համար այլևս նրանց բոլոր շրջակայքերից ծակող տատասկ և ցավեցնող փուշ չպիտի լինի, որոնք նրան արհամարհում են։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ Տեր Աստված”։ Այսպես է ասում Տեր Աստված. “Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։ Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։ Տասներորդ տարվա տասներորդ ամսվա տասներկուսին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։ Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. "Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար"։ Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։ Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։ Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար։ Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր"”»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես սուր եմ բերում քեզ վրա և քո միջից պիտի վերացնեմ մարդն ու անասունը։ Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։ Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։ Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։ Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քառասուն տարի հետո ես եգիպտացիներին պիտի ժողովեմ այն ժողովուրդներից, ուր որ ցրված են եղել։ Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։ Թագավորություններից ամենախոնարհը պիտի լինի և այլևս իրեն չպիտի բարձրացնի ազգերի վրա. իրենց այնքան փոքր պիտի անեմ, որ երբեք ազգերի վրա չիշխեն։ Իսրայելի տան համար այն այլևս վստահություն չպիտի լինի՝ նրանց հիշեցնելով նրանց անօրենությունը, երբ նրան էին ապավինել։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Աստված»։ Եվ քսանյոթերորդ տարվա առաջին ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։ Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։ «Այդ օրն Իսրայելի տան համար մի եղջյուր պիտի բուսցնեմ և նրանց մեջ քո շուրթերը պիտի բանամ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։ Որովհետև օրը մոտեցել է, մոտեցել է Տիրոջ օրը, ամպերի օրը. դա ազգերի կործանման ժամանակը պիտի լինի։ Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։ Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն"”»։ Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։- Ամայացած երկրների մեջ ամայի պիտի լինեն, և նրա քաղաքները կործանված քաղաքների մեջ պիտի լինեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կկոտորվեն։ Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։ Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։ Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։ Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։ Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։ Կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ։ Սինը տանջանքով պիտի գալարվի, Նովը պիտի ճեղքվի, և Մեմփիսը թշնամիները ցերեկով պիտի գրավեն ։ Արեգի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն. քաղաքները գերի պիտի գնան։ Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։ Այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ տասնմեկերորդ տարվա առաջին ամսվա յոթերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, և ահա նա չպիտի կապվի, որ դարմանվի, չպիտի վիրակապվի, որպեսզի զորանա սուր բռնելու համար»։ Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ զորավորը, թե՛ կոտրածը, և նրա ձեռքից վայր գցել պիտի տամ նրա սուրը։ Եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց սփռեմ երկրների մեջ։ Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։ Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա, և ես եգիպտացիներին կցրեմ ազգերի մեջ և նրանց կսփռեմ երկրների մեջ։ Այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ տասնմեկերորդ տարվա երրորդ ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։ Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։ Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։ Ուստի նրա հասակը դաշտի բոլոր ծառերից բարձր եղավ, բազմացան նրա ոստերը, ու տարածվեցին նրա ճյուղերը առատ ջրերի պատճառով։ Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։ Նա գեղեցիկ էր իր մեծությամբ, իր ոստերի երկարությամբ, քանի որ նրա արմատն առատ ջրերի մոտ էր։ Աստծու դրախտում եղևինները նրա հետ չէին մրցի, մայրի ծառերը չէին համեմատվի նրա ճյուղերի հետ, սոսիներն էլ նրա ոստերի նման չէին. Աստծու դրախտում ոչ մի ծառ իր գեղեցկությամբ նրան չէր նմանվում։ Նրան գեղեցիկ էի դարձրել իր ոստերի առատությամբ, և Աստծու դրախտում եղող Եդեմի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»։ Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավ հասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ, ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։ Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։ Նրա ընկած բնի վրա բնակվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ճյուղերի վրա էին դաշտի բոլոր գազանները։ Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։ Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։ Նրանք նրա հետ մեռելների աշխարհ իջան՝ սրով սպանվածների մոտ, նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանու ներքո, ազգերի մեջ։ Այսպիսի փառքով և մեծությամբ Եդեմի ծառերի մեջ ո՞ւմ ես նմանվում. դու Եդեմի ծառերի հետ վայր պիտի գցվես՝ գետնի տակ, անթլփատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ։ Այսինքն՝ փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։ Եվ տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. “Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը”։ Այսպես է ասում Տեր Աստված. “Շատ ժողովուրդների բազմության մեջ իմ ցանցը քեզ վրա պիտի տարածեմ և քեզ իմ ուռկանով վեր պիտի քաշեմ։ Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։ Եվ քո մարմինը սարերի վրա պիտի դնեմ և քո դիակներով լցնեմ ձորերը։ Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։ Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։ Վերևում պիտի խավարեցնեմ երկնքի բոլոր պայծառ լուսատուները և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ,- ասում է Տեր Աստված։- Եվ շատ ժողովուրդների սիրտը պիտի բարկության գրգռեմ, երբ քո ավերումը հասցնեմ ազգերին երկրներում, որոնց չէիր ճանաչել։ Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար”»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Բաբելոնի թագավորի սուրը պիտի գա քեզ վրա։ Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։ Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ առատ ջրերի մոտից, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, անասունի կճղակներն էլ չպիտի պղտորեն դրանք։ Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և յուղի պես հոսեցնեմ նրանց գետերը»,- ասում է Տեր Աստված։ «Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։ Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։ Եվ եղավ տասներկուերորդ տարում՝ առաջին ամսվա տասնհինգերորդ օրը, երբ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի բազմության վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և պանծալի ազգերի դուստրերին՝ դեպի գետնի տակը գուբն իջածների հետ։ Դու ումի՞ց ես առավել վայելուչ. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ։ Սրից սպանվածների մեջ պիտի ընկնեն. նա սրին տրված է. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը։ Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։ Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։ Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։ Սպանվածների մեջ իր ամբողջ բազմության հետ նրան անկողին պատրաստեցին նրա բազմության հետ, նրանց գերեզմաններն իր շուրջն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, և որոնք իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ. սպանվածների մեջ են դրվել։ Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։ Եվ նրանք պառկած չեն զորավորների հետ, անթլփատներից ընկածների հետ, որոնք իրենց պատերազմական զենքերով մեռելների աշխարհ իջան և որոնց սրերն իրենց գլուխների տակ դրեցին. որոնց անօրենություններն իրենց ոսկորների վրա էին, որովհետև նրանք զորավորների սարսափ էին ողջերի երկրում։ Դու պիտի փշրվես և անթլփատների մեջ սրից սպանվածների հետ պիտի պառկես։ Այնտեղ են Եդովմը, նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք, հակառակ իրենց զորության, սրից սպանվածների հետ են դրված. նրանք անթլփատների հետ, գուբն իջնողների հետ պիտի պառկեն։ Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։ Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։- Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն, և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի, բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։ Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։ Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։ Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։ Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։ Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։ Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։ Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։ Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։ Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։ Նաև երբ ամբարիշտին ասեմ. "Դու անպատճառ պիտի մեռնես", և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի, ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։ Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։ Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։ Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։ Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։ Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։ Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք միսը արյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։ Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին"”։ Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"”»։ «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։ Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։ Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։ Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։ Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան, մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"”։ Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում. ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ. այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար"”»։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։ Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։ Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։ Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։ Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։ «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։ Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։ Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։ Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։ Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։ Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։ Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։ Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։ Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։ Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։ Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։ Եվ դաշտի ծառն իր պտուղը պիտի տա, երկիրն իր բերքը պիտի տա. նրանք ապահով պիտի լինեն իրենց երկրում ու պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց լուծի փայտերը կոտրեմ և նրանց ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից։ Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։ Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։ «Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր սար, և իմ ձեռքը քեզ վրա եմ մեկնում. քեզ ամայի ու ավերակ պիտի դարձնեմ։ Քո քաղաքները պիտի ավերեմ, և դու ամայություն պիտի դառնաս ու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը։ Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ"”։ Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։ Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։ Եվ նրա սարերը նրա սպանվածներով պիտի լցնեմ, և բլուրներիդ, հեղեղատներիդ ու բոլոր ձորերիդ մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն։ Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։ Որովհետև դու ասացիր. “Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց”, թեև Տերն այնտեղ էր։ Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։ Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։ Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։ Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. "Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան". ուստի մարգարեացի՛ր և ասա՛. "Այսպես է ասում Տեր Աստված. "Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանության թիրախ դարձաք և նախատինք եղաք ։ Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը"”»։ Տեր Աստված այսպես է ասում սարերին, բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերին։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։ Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք"։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Երդվում եմ, որ ձեր շուրջը եղող ազգերն իրենք ևս նախատինքը պիտի կրեն։ Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։ Որովհետև ահա ես ձեզ հետ եմ և դեպի ձեզ եմ դարձել, և դուք պիտի մշակվեք ու սերմանվեք։ Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։ Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”, դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված։- Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունն իր երկրում բնակվեց և իր ճանապարհով ու իր գործերով անմաքուր դարձրեց այն, նրանց ճանապարհն իմ առաջ դաշտանավորի անմաքրության պես եղավ։ Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։ Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։ Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։ Սակայն ես խնայեցի իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր գնացել էին։ Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ոչ թե ձեզ համար եմ անում, ո՛վ Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անվան համար, որը դուք պղծեցիք այն ազգերի մեջ, ուր գնացել եք։ Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։ Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և բոլոր երկրներից հավաքեմ ձեզ և ձեր երկիրը բերեմ ձեզ։ Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։ Պիտի բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ։ Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։ Ծառերի պտուղը և դաշտի բերքը պիտի առատացնեմ, որպեսզի ազգերի մեջ սովի նախատինք այլևս չկրեք։ Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։ Ոչ թե ձեզ համար եմ անում,- ասում է Տեր Աստված,- թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք և պատկառե՛ք ձեր ճանապարհներից, ո՛վ Իսրայելի տուն"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և ամայացած հողը մշակվի՝ փոխանակ ամայություն լինելու ամեն անցորդի աչքին, պիտի ասեն. “Այս ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել, ու նրա քաղաքները՝ ավերակ, ամայի ու քարուքանդ, պարսպավոր և մարդաբնակ են դարձել”։ Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Տերը՝ ես եմ կառուցում քանդվածները, տնկում ամայացածը։ Ես եմ Տերը. ինչ խոսեցի, պիտի կատարեմ»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։ Զոհերի հոտի պես, Երուսաղեմի հոտի պես՝ նրա հանդիսավոր տոներին. այդ ավերակ քաղաքներն այնպես պիտի լինեն՝ մարդկանց հոտերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։ Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։ Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։ Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։ Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։ Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ"”»,- ասում է Տերը։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։ Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”, նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։ Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։ Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։ Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։ Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։ Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։ Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։ Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։ Իմ բնակարանը հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։ Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։ Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։ Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր. Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։ Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։ Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։ Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես ու ասես. “Վեր գնամ անպաշտպան երկրի դեմ, հարձակվեմ խաղաղ մարդկանց վրա, որոնք ապահով բնակվում են, բոլորը բնակվում են առանց պարսպի և նիգեր ու դարպասներ չունեն, ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։ Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։ Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ Գոգին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելն ապահով կբնակվի, դու կիմանաս և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։ Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։ Այն օրը, երբ Գոգը կգա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տեր Աստված,- իմ զայրույթը պիտի բորբոքվի։ Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։ Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։ Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։ Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։ Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։ Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։ Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։ Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։ Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ե՛ս ասացի,- ասում է Տեր Աստված։- Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։ Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։ Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։ Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։ «Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմության ձոր”։ Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։ Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։ «Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտի սկսեն որոնել։ Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։ Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։ Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։ Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։ Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։ Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։ «Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։ Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։ Իրենց անմաքրության և իրենց հանցանքների համեմատ վարվեցի նրանց հետ և իմ դեմքը ծածկեցի նրանցից»։ Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։ Նրանք պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց ամբողջ անհավատարմությունը, որ գործեցին իմ դեմ, երբ ապահով բնակվեն իրենց երկրում, և վախեցնող չլինի։ Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին, այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։ Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։ Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումից հետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։ Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։ Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։ Եվ այն մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տե՛ս աչքերովդ և լսի՛ր ականջներովդ և ուշադրությո՛ւն դարձրու այն ամենին, ինչ ցույց եմ տալիս քեզ, որովհետև դու բերվեցիր այստեղ, որ քեզ ցույց տամ ամենը. ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։ Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (մի կանգունը ՝ մի ձեռքի լայնություն)։ Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։ Եվ եկավ այն դարպասը, որը դեպի արևելք էր նայում, վեր ելավ նրա աստիճաններով և չափեց դարպասի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն։ Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։ Դարպասի նախասրահը չափեց ներսից՝ մեկ եղեգ։ Եվ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և նրա սյուները՝ երկու կանգուն, և դարպասի նախասրահը ներսի կողմն էր նայում։ Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։ Եվ չափեց դարպասի մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն։ Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։ Եվ չափեց դարպասը մի խցի կտուրից մինչև մյուսի կտուրը. լայնությունը՝ քսանհինգ կանգուն, մուտքը մուտքի դեմ։ Սյուները վաթսուն կանգուն արեց. նաև գավիթի սյուները դարպասներում՝ շուրջբոլորը։ Մուտքի դարպասի առաջից մինչև նախասրահի ներքին դարպասի առաջ՝ հիսուն կանգուն. և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։ Եվ ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա սենյակներ ու գավիթի համար շինված շուրջբոլորը քարահատակ. երեսուն սենյակ՝ քարահատակի վրա։ Քարահատակը դարպասների կողքին էր՝ դարպասների երկայնքով. ստորին քարահատակը։ Ապա չափեց ստորին դարպասի առաջից մինչև ներքին գավիթի առաջը՝ դրսից. լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս։ Ապա չափեց արտաքին գավիթի դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունը և նրա լայնությունը։ Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։ Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։ Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։ Եվ ինձ տարավ հարավ, և ահա դեպի հարավ նայող մի դարպաս կար։ Եվ չափեց նրա դրանդիներն ու նախասրահները. նույն չափերին համապատասխան էին։ Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։ Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։ Եվ ներքին գավիթը մի դարպաս ուներ, որը դեպի հարավ էր նայում. չափեց դարպասից դարպաս դեպի հարավ՝ հարյուր կանգուն։ Ապա ինձ հարավի դարպասի միջով տարավ դեպի ներքին գավիթը և չափեց հարավային դարպասը. նույն չափերին համապատասխան էր։ Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։ Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։ Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։ Ապա ինձ տարավ ներքին գավիթը՝ դեպի արևելք, և չափեց դարպասը. նույն չափերին համապատասխան էր։ Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահը նույն չափերին համապատասխան էին։ Այն և նրա նախասրահները պատուհաններ ունեին շուրջանակի. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։ Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, իսկ նրա դրանդիների վրա՝ այս կողմից և այն կողմից՝ արմավենիներ, և ութ աստիճան ուներ բարձրանալու համար։ Ապա ինձ տարավ հյուսիսային դարպասի մոտ և այն չափեց. նույն չափերին համապատասխան էր. նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։ Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և այս ու այն կողմից արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։ Մի սենյակ կար, և նրա մուտքը դարպասների դրանդիների մոտ էր. ողջակեզն այնտեղ էին լվանում։ Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։ Եվ դրսի կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, երկու սեղաններ կային, և դարպասի նախասրահի մյուս կողմում՝ երկու սեղաններ։ Դարպասի կողքին չորս սեղան՝ այս կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում. ութ սեղան, որպեսզի նրանց վրա մորթեն։ Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։ Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։ Դրսում՝ ներքին դարպասի մոտ, երգողների սենյակներն էին, ներսի գավիթում, որը հյուսիսային դարպասի կողքին էր, և նայում էին դեպի հարավ, և մյուսը՝ արևելյան դարպասի կողքին, դեպի հյուսիս էր նայում։ Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է, և այն սենյակը, որ դեպի հյուսիս է նայում, զոհասեղանի ծառայությունը կատարող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են՝ Ղևիի որդիներից. միայն նրանք են մոտենում Տիրոջը՝ նրան ծառայելու»։ Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։ Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։ Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։ Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։ Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։ Չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ինձ ասաց. «Սա սրբությունների սրբությունն է»։ Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։ Եվ կողմնակի սենյակները՝ երեք սենյակ սենյակի վրա երեսուն անգամ. քիվեր կային երեսուն անգամ. քիվեր կային շուրջանակի տաճարի պատի մեջ, որ շինված էին այդ սենյակների համար, որ հենվեին, առանց տաճարի պատին հենվելու։ Եվ կողմնակի սենյակները լայնանում էին բարձրանալիս. այնտեղ գնում էին պտտաձև. տաճարի շուրջը պտտվելով էին բարձրանում՝ տաճարը շրջապատող աստիճանավանդակով. դրա համար սենյակները լայնանում էին դեպի վերև, և այսպես ստորին հարկից բարձրանում էին, վերին հարկը՝ միջինով։ Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։ Կողմնակի սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և այն տարածությունը տաճարի կողմնակի սենյակների և մյուս սենյակների միջի լայնությունը քսան կանգուն էր տաճարի շուրջբոլորը։ Կողմնակի սենյակների դռները դեպի մնացած տեղն էին. մի դուռը՝ դեպի հյուսիս, իսկ մյուս դուռը՝ դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը։ Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։ Եվ չափեց տաճարը. երկարությունը՝ հարյուր կանգուն, իսկ առանձնացված տարածքը, շենքի երկարությունը նրա պատերով՝ հարյուր կանգուն։ Եվ տաճարի դիմային լայնությունը և առանձնացված տարածքը դեպի արևելք՝ հարյուր կանգուն։ Ապա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շենքի երկարությունը, որը նրա հետևի կողմում էր, և նրա վերնասրահների հետ՝ հարյուր կանգուն այս կողմից և մյուս կողմից. ներքին տաճարն ու գավիթի նախասրահը, շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին մինչև մուտքի վերևը, մինչև ներքին տաճարը, և դուրսը, և ամբողջ պատի վրա շուրջանակի ներսից և դրսից ամեն բան շինված էր չափերով։ Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։ Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։ Եվ գետնից մինչև մուտքի վերևը տաճարի պատի վրա քանդակված էին քերովբեները և արմավենիները։ Տաճարի դրանդիները քառակուսաձև էին։ Սրբարանի առաջ մի բան կար, որ նման էր փայտյա զոհասեղանի. երեք կանգուն՝ բարձրությունը, իսկ երկարությունը՝ երկու կանգուն, և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ինձ ասաց. «Սա է այն սեղանը, որ Տիրոջ առաջ է»։ Տաճարն ու սրբարանը երկու դուռ ունեին։ Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։ Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։ Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։ Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։ Այն հյուսիսային մուտքի շենքի ճակատի երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը հիսուն կանգուն էր։ Ներքին գավիթի քսան կանգունի դիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։ Եվ սենյակների դիմաց մի ճեմավայր՝ դեպի ներս տասը կանգուն լայնությամբ, և մի ճանապարհ՝ մեկ կանգուն, և նրա մուտքերը դեպի հյուսիս էին նայում։ Վերին սենյակները նեղ էին, որովհետև խորշերը նրանցից ավելի տեղ էին վերցնում, քան շենքի վարի և միջին հարկերից։ Որովհետև նրանք եռահարկ էին և գավիթների սյուների նման սյուներ չունեին. դրա համար էլ վերի սենյակները գետնից հետ քաշված էին ավելի, քան վարի և միջին սենյակները։ Սենյակների մոտով դրսից մի պատ կար դեպի արտաքին գավիթը՝ սենյակներին զուգահեռ. երկարությունը՝ հիսուն կանգուն։ Որովհետև արտաքին գավիթի սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմացը եղողները հարյուր կանգուն էին։ Եվ այս սենյակների տակ արևելքից մի մուտք կար ՝ արտաքին գավիթի կողմից դեպի դրանք գնալու համար։ Գավիթի պատի լայնքով դեպի արևելք սենյակներ էին առանձնացված տարածքի և շենքի առաջ։ Եվ նրանց առաջ մի ճանապարհ կար. նրանց տեսքը դեպի հյուսիս եղող սենյակների տեսքի պես էր թե՛ նրանց երկարության, թե՛ լայնության և նրանց ելքերի ու նրանց չափերի ու մուտքերի համեմատությամբ։ Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։ Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։ Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։ Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։ Նա չափի եղեգով չափեց արևելյան կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։ Չափեց հյուսիսային կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։ Չափեց հարավային կողմը՝ հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։ Դարձավ դեպի արևմտյան կողմը, չափեց հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։ Չորս կողմից չափեց այն. նա շուրջանակի պատեր ուներ, երկարությունը՝ հինգ հարյուր, և լայնությունը՝ հինգ հարյուր, սուրբը և ոչ սուրբը բաժանելու համար։ Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։ Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։ Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։ Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։ Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։ Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում. իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։ Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։ Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։ Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։ Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։ Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։ Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։ Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։ Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։ Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։ Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։ Պիտի վերցնես նրա արյունից և քսես զոհասեղանի չորս եղջյուրներին ու շրջանակի չորս անկյուններին և չորս կողմից՝ եզրին. կմաքրես ու քավություն կկատարես նրա համար։ Եվ կվերցնես մեղքի պատարագի ցլիկը և այն կայրես տաճարի որոշված տեղում՝ սրբարանից դուրս։ Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։ Երբ մաքրելը վերջացնես, մի անարատ ցլիկ կմատուցես արջառներից և մի անարատ խոյ՝ ոչխարներից։ Եվ նրանց կմատուցես Տիրոջ առջև, և քահանաները նրանց վրա աղ կցանեն և նրանց ողջակեզ կմատուցեն Տիրոջը։ Յոթ օր կմատուցես՝ օրը մեկ նոխազ մեղքի պատարագի համար, արջառներից՝ մի ցլիկ և ոչխարներից՝ մի խոյ. անարատներից պիտի մատուցվեն։ Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։ Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ”»,- ասում է Տեր Աստված։ Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։ Տերն ինձ ասաց. «Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, նրանով ոչ ոք չպիտի մտնի, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով. ուրեմն փակված պիտի մնա։ Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար. նա դարպասի նախասրահի ճանապարհով պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գա»։ Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։ Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադրությո՛ւն դարձրու, աչքերովդ տե՛ս և ականջներովդ լսի՛ր ամեն ինչ, որ ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների մասին և նրա բոլոր օրենքների մասին, և ո՛ւշ դարձրու տաճարի մուտքին, սրբարանի բոլոր ելքերին։ Եվ ապստամբներին՝ Իսրայելի տանը, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ձեզ համար բավական են ձեր բոլոր պիղծ բաները, ո՛վ Իսրայելի տուն. որ ներս եք բերում օտարների որդիներին՝ սրտով անթլփատներին, մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանում լինեն, որ իմ տունը պղծեն, երբ մատուցում եք իմ հացը՝ ճարպը և արյունը, և դրժեցիք իմ ուխտը, ձեր բոլոր պիղծ բաներից բացի։ Եվ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանությունը, այլ իմ սրբարանում իմ պահպանության համար ձեզ օտար պահպանողներ կարգեցիք"”»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։ Այլև ղևտացիները, որոնք ինձնից հեռացան, երբ Իսրայելը մոլորվեց, մոլորվեցին ինձնից և իրենց կուռքերին հետևեցին, պիտի կրեն իրենց անօրենությունների պատիժը։ Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։ Որովհետև նրանց ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար անօրենության գայթակղություն եղան, ուստի երդվեցի նրանց վերաբերյալ,- ասում է Տեր Աստված,- որ կկրեն իրենց անօրենությունների պատիժը։ Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։ Սակայն նրանց տաճարի պահպանությունը կատարողներ պիտի կարգեմ նրա ամբողջ ծառայության համար և այն ամեն բանի համար, որ նրա մեջ պիտի կատարվի։ Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։- Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։ Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։ Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն։ Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով։ Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։ Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։ Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։ Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն սուրբի և անսուրբի տարբերությունը և անմաքուրի ու մաքուրի տարբերությունը հասկացնեն նրանց։ Եվ դատավարությունների մեջ դատավոր պիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։ Եվ մեռած մարդու մոտիկ չպիտի գնան, որպեսզի անմաքուր չլինեն, այլ միայն իր հոր և մոր, որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ մոտիկ գնան. կարող են անմաքուր լինել։ Եվ յուրաքանչյուրն իր մաքրվելուց հետո յոթ օր թող հաշվի իր համար։ Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։ «Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։ Հացի ընծան, մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը նրանք պիտի ուտեն, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը նրանցը պիտի լինի։ Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։ Քահանաները ոչ մի սատկած կամ բզկտված թռչուն թե անասուն չպիտի ուտեն»։ Երբ վիճակ գցեք երկիրն իբրև ժառանգություն բաժանելու համար, Տիրոջը մի սրբագործված նվեր պիտի առանձնացնեք հողից. երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, լայնությունը՝ տասը հազար։ Սա իր բոլոր սահմաններում շուրջբոլորը սուրբ պիտի լինի։ Սրանից սրբարանի համար պետք է լինի հինգ հարյուր կանգուն երկարությամբ, հինգ հարյուր լայնքով՝ քառակուսի, և նրա շուրջը՝ հիսուն կանգուն ազատ տարածք։ Եվ այս չափածից պիտի չափես քսանհինգ հազար կանգուն երկարություն և տասը հազար լայնություն։ Նրա մեջ պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ վայրը։ Սա քահանաներինը պիտի լինի. հողի սուրբ բաժին պիտի լինի և պիտի լինի սրբարանին ծառայող քահանաներինը, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. հողից սուրբ պիտի լինի և նրանց տների վայրը պիտի լինի և մի սուրբ վայր սրբարանի համար։ Քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։ Եվ քաղաքին սեփականություն կտաք հինգ հազար կանգուն լայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, սուրբ բաժնի կողքին. սա ամբողջ Իսրայելի տան համար պիտի լինի։ Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքից դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկի չափով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։ Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։ Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, հեռացրե՛ք բռնությունն ու կեղեքումը և իրավունք ու արդարությո՛ւն կատարեք, ձեր գույքազրկումը վերացրե՛ք իմ ժողովրդի վրայից»,- ասում է Տեր Աստված։ «Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։ Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։ Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։ Սա է ձեր մատուցելու ընծան՝ մեկ քոռ ցորենից՝ մեկ վեցերորդ արդու և մեկ քոռ գարուց՝ մեկ վեցերորդ արդու։ Եվ յուղի կանոնը՝ մեկ մար յուղից՝ մեկ մարի տասներորդը յուրաքանչյուր քոռից, կամ տասը մարից, որ մեկ խոմեր է, որովհետև տասը մարը մեկ խոմեր է։ Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։ Երկրի ամբողջ ժողովուրդը պարտական է այս ընծան Իսրայելում իշխան եղողին։ Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։ Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։ Եվ քահանան թող վերցնի մեղքի պատարագի արյունից և քսի տան դրանդիներին, զոհասեղանի շրջանակի չորս անկյուններին և ներքին գավիթի դարպասի սյուներին։ Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։ Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։ Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։ Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։ Եվ մեկ արդու հացի ընծա պիտի մատուցվի մեկ ցլիկի համար, և մեկ արդու՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի համար։ Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրը բացվի։ Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։ Եվ երկրի ժողովուրդն այդ դարպասի մուտքին Տիրոջ առաջ երկրպագություն պիտի անի շաբաթ օրերին և ամսագլուխներին։ Եվ իշխանի ողջակեզը, որ շաբաթ օրը պիտի մատուցի Տիրոջը վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ է։ Եվ իբրև հացի ընծա՝ մեկ արդու՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ յուրաքանչյուր արդուի համար։ Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։ Եվ մեկ արդու՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու մեկ խոյի համար պիտի մատուցվի իբրև հացի ընծա, իսկ գառների համար՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։ Եվ երբ իշխանը գա դարպասի նախասրահի ճանապարհով, պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գնա։ Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։ Եվ երբ նրանք մտնում են, իշխանը նրանց հետ թող մտնի, և երբ դուրս են գալիս, դուրս գա։ Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու է մեկ ցլիկի և մեկ արդու՝ մեկ խոյի համար, իսկ գառներին՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։ Եվ երբ իշխանը կամավոր ընծա մատուցի Տիրոջը՝ ողջակեզ կամ խաղաղության զոհ՝ որպես կամավոր զոհ, այն ժամանակ նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը կամ իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը. ապա դուրս կգա, և դուռը թող փակեն նրա դուրս գալուց հետո։ Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։ Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։ Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, այն նրա ժառանգությունն է, նրա որդիներինը պիտի լինի. նրանց սեփականությունն է ժառանգությամբ։ Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրա ժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։ Եվ իշխանը ժողովրդի ժառանգությունից չպիտի վերցնի՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. նա ժառանգություն պիտի տա իր որդիներին իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր սեփականությունից»։ Եվ դարպասի մոտ եղող մուտքով ինձ տարավ դեպի քահանաների սուրբ սենյակները, որոնք դեպի հյուսիս էին նայում։ Եվ ահա այնտեղ մի տեղ կար հետևի կողմերում՝ դեպի արևմուտք։ Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագի միսը, որտեղ հացի ընծան պիտի թխեն, որպեսզի արտաքին գավիթը չտանեն ու ժողովրդին չսրբացնեն»։ Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց չորս անկյուններից, և ահա գավիթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար։ Գավիթի չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն՝ լայնությամբ. այն չորսը մի չափի էին։ Եվ նրանց չորսի շուրջն էլ շուրջանակի մեկ որմածք կար, որը սարքված էր եփարաններով՝ շարքերի տակ՝ շուրջանակի։ Ապա ինձ ասաց. «Սրանք եփարաններն են, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհը»։ Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։ Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։ Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։ Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազար կանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։ Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։ Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։ Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։ Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան ։ Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։ Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։ Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։ Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։ Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։ Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։ Եվ սա է երկրի սահմանը. դեպի հյուսիսային կողմը Մեծ ծովից Եթլոնի ճանապարհով մինչև Սեդադի մուտքը։ Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի և Եմաթի սահմանի միջև է, մինչև Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանն է։ Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։ Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։ Հարավային կողմը՝ դեպի հարավ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. հեղեղատով մինչև Մեծ ծովը. սա է հարավային կողմի սահմանը, դեպի հարավ։ Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։ Այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև ըստ Իսրայելի ցեղերի։ Այն վիճակով պիտի բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող օտարականների միջև, որոնք ձեր մեջ որդիներ են ծնել, և նրանք ձեզ համար բնիկների պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ. նրանք ձեզ հետ ժառանգություն պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ։ Եվ որ ցեղի մեջ բնակվում է օտարականը, այնտեղ պիտի նրան տաք նրա ժառանգությունը»,- ասում է Տեր Աստված։ «Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին ։ Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկ բաժին ։ Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկ բաժին ։ Նեփթաղիմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Մանասեն՝ մեկ բաժին ։ Մանասեի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Եփրեմը՝ մեկ բաժին ։ Եփրեմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Ռուբենը՝ մեկ բաժին ։ Ռուբենի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Հուդան՝ մեկ բաժին ։ Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։ Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։ Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։ Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։ Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։ Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։ Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։ Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։ Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։ Իսկ քաղաքի աշխատողները Իսրայելի բոլոր ցեղերից պիտի լինեն, պիտի մշակեն այն։ Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։ Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։ Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։ Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկ բաժին ։ Բենիամինի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Շմավոնը՝ մեկ բաժին ։ Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկ բաժին ։ Իսաքարի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Զաբուղոնը՝ մեկ բաժին ։ Զաբուղոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Գադը՝ մեկ բաժին ։ Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։ Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։ «Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն ։ Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։ Արևելյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս, այսինքն՝ Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։ Հարավային կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։ Արևմտյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, նրա երեք դարպասները. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։ Շրջագիծը՝ տասնութ հազար կանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի “Տերն այնտեղ է”»։ Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։ Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։ Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն թագավորի առջև։ Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։ Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։ Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։ Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։ Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։ Եվ վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին և նրանց բանջարեղեն էր տալիս։ Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։ Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։ Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։ Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։ Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին։ Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։ Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովվեց, որպեսզի իմանամ այդ երազը»։ Եվ քաղդեաները արամեերենով ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։ Իսկ եթե ասեք երազն ու նրա մեկնությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք։ Ուրեմն ասացե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։ Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև ինձնից դուրս եկած խոսքը հաստատ է, որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։ Քաղդեաները պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի պահանջած բանն անել, և դրա համար էլ ոչ մի թագավոր՝ մեծամեծ ու տիրակալ, սրա նման մի բան չի պահանջել ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։ Ինչ որ պահանջում է թագավորը, դժվար է, և չկա մեկ ուրիշը, որ թագավորին ասի այն, բացի աստվածներից, որոնք մարմնի մեջ չեն բնակվում»։ Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ Իմաստուններին սպանելու հրամանն արձակվեց։ Որոնեցին նաև Դանիելին ու նրա ընկերներին, որպեսզի սպանեն նրանց։ Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու դատողությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու։ Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։ Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։ Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։ Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։ Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։ Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։ Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։ Սրանից հետո Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբելոնի իմաստուններին ոչնչացնելու համար։ Գնաց և այսպես ասաց նրան. «Մի՛ ոչնչացրու Բաբելոնի իմաստուններին. ինձ թագավորի մո՛տ տար, և ես թագավորին կասեմ մեկնությունը»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան այսպես ասաց. «Մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց Դանիելին, որ Բաղդասասար էր կոչվել. «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։ Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։ Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ. դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։ Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։ Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից։ Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։ Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։ Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։ Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։ Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։ Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։ Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։ Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։ Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։ Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։ Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռք դիպչելու, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտ բաներ մատուցեն նրան։ Թագավորը պատասխանեց Դանիելին և ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների տերը և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան և նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա և գլխավոր՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։ Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում։ Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը՝ վաթսուն կանգուն, լայնությունը՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում՝ Բաբելոնի գավառում։ Նաբուգոդոնոսոր թագավորը հրաման ուղարկեց, որ հավաքեն սատրապներին, կուսակալներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապետներին, դատավորներին, օրենսգետներին և գավառների բոլոր իշխանավորներին, որպեսզի գան Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին։ Այդ ժամանակ սատրապները, կուսակալները և կառավարիչները, խորհրդատուները, գանձապետները, դատավորները, օրենսգետները և գավառների բոլոր իշխանները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին և կանգնեցին այն արձանի առջև, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։ Եվ մունետիկը բարձրաձայն կանչում էր. «Ո՛վ ժողովուրդներ, ազգեր և լեզուներ, ձեզ է ասվում. երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագե՛ք այն արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագավորը։ Ով չընկնի և չերկրպագի, իսկույն կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։ Ուստի երբ բոլոր ժողովուրդները լսեցին փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուներն ընկան և երկրպագեցին այն ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագավորը։ Այդ ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսություն արեցին հրեաներից։ Խոսեցին և ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին. «Հավիտյա՛ն ապրիր, թագավո՛ր։ Դու, ո՛վ թագավոր, հրամայեցիր, որ ամեն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, թող ընկնի և երկրպագի ոսկե արձանին։ Եվ ով չընկնի ու չերկրպագի, կգցվի կրակով բորբոքված հնոցի մեջ։ Մի քանի հրեաներ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այս մարդիկ քո հրամանին ուշադրություն չեն դարձնում, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն պաշտում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն անում»։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. ուստի այդ մարդկանց թագավորի առաջ բերեցին։ Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։ Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, պատասխանեց և հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն։ Եվ իր բանակում եղող զորավոր տղամարդկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցի մեջ։ Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով, գլխարկներով ու մյուս հանդերձներով կապեցին և գցեցին կրակով բորբոքված հնոցի մեջ։ Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։ Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։ Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։ Արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան կասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»։ Այն ժամանակ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին ավելի բարձրացրեց Բաբելոնի գավառում։ Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։ Այն նշանները և հրաշքները, որ կատարեց ինձ համար Բարձրյալ Աստված, հաճելի է ինձ ասել ձեզ։ Նրա նշանները որքա՜ն մեծ են, և նրա հրաշքները որքա՜ն զորավոր են. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը՝ սերնդից սերունդ։ Ես՝ Նաբուգոդոնոսորս, իմ տանը հանգիստ էի և բարգավաճում էի իմ պալատում։ Երազ տեսա, որն ինձ վախեցրեց։ Խորհուրդներս անկողնում ու մտքիս տեսիլքներն ինձ խռովեցրին։ Եվ ես հրամայեցի, որ իմ առաջ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի ինձ իմացնեն երազի մեկնությունը։ Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, քաղդեաները և բախտագուշակները, և ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք ինձ չկարողացան իմացնել դրա մեկնությունը։ Եվ վերջապես իմ առաջ եկավ Դանիելը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստծու անունով, և որի մեջ կա սուրբ աստվածների հոգին։ Ես նրան պատմեցի երազը. “Ո՛վ Բաղդասասար, մոգերի պե՛տ, որովհետև գիտեմ, որ սուրբ աստվածների հոգին կա քեզանում, և ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել, ահա իմ տեսած երազի տեսիլքները. ասա՛ ինձ նրանց մեկնությունը”։ Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում. նա շատ բարձր էր։ Այն ծառը մեծացավ ու զորացավ։ Նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, և նա տեսնվում էր երկրի բոլոր ծայրերից։ Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղները՝ առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար. նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմին։ Անկողնու մեջ իմ մտքի տեսիլքներում տեսա, որ ահա մի պահապան, մի սուրբ իջավ երկնքից։ Նա ուժգին գոչեց և այսպես ասաց. “Ծառը տապալե՛ք, ճյուղերը կտրատե՛ք, տերևները թոթափե՛ք և պտուղները ցիրուցա՛ն արեք. գազանները թող փախչեն նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից։ Բայց նրա արմատների բունը հողի մե՛ջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով՝ դաշտի խոտերի մեջ, և թող թրջվի երկնքի ցողով, և նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։ Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի։ Վճիռը հրամայվել է պահապաններից, և դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից. որպեսզի ապրողներն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում նրա վրա”։ Այս երազը տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասասա՛ր, ասա՛ մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնությունը, իսկ դու կարող ես, որովհետև քեզանում սուրբ աստվածների հոգին կա»։ Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։ Այն ծառը, որ տեսել ես, թե մեծացավ ու զորացավ, և նրա բարձրությունը հասավ երկնքին, և այն տեսնվում էր ամբողջ երկրում, և որի տերևները գեղեցիկ էին, իսկ պտուղը՝ առատ, և ամենքի համար նրա վրա կերակուր կար. որի տակ բնակվում էին դաշտի գազանները, և որի ճյուղերի վրա էին մնում երկնքի թռչունները, այդ ծառը դու ես, ո՛վ թագավոր, որ մեծացար ու հզորացար, և քո մեծությունը բարձրացավ ու հասավ երկնքին, իսկ քո իշխանությունը՝ երկրի ծայրը։ Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. “Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջ թող մնա և երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով”։ Սա է մեկնությունը, ո՛վ թագավոր, և ահա Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։ Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։ Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը Երկինքն է։ Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավի՛ր և քո անօրենությունները՝ աղքատներին ողորմելով. թերևս քո խաղաղությունը երկարացվի»։ Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին։ Տասներկու ամսից հետո, երբ նա ճեմում էր թագավորական պալատով, որ Բաբելոնում է, թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։ Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։ Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների նման։ «Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։ Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և նա ըստ իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան. “Ի՞նչ ես անում”։ Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։ Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին»։ Բաղդասար թագավորն իր մեծամեծներից հազարի համար մեծ հացկերույթ տվեց և այդ հազարի առաջ գինի խմեց։ Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝ Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։ Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։ Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։ Այն ժամանակ ներս եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը և մեկնությունն իմացնել թագավորին։ Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովվեց, նրա գույնը փոխվեց, և նրա մեծամեծները սահմռկեցին։ Թագավորի և նրա մեծամեծների ձայնը լսելով՝ թագուհին եկավ խնջույքի տունը։ Թագուհին ասաց. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, թող քո խորհուրդները չխռովեն քեզ, և գույնդ չփոխվի։ Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների հոգին կա, և քո հոր օրերին լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ։ Եվ հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտագուշակների գլխավոր կարգեց, քո հայրը, ո՛վ թագավոր, որովհետև մի գերազանց հոգի, գիտություն և ըմբռնողություն կա նրա մեջ՝ երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու. այդ Դանիելի մեջ, որի անունը թագավորը Բաղդասասար դրեց։ Թող կանչվի Դանիելը, և նա կասի մեկնությունը»։ Այդ ժամանակ Դանիելը տարվեց թագավորի առաջ։ Թագավորն ասաց Դանիելին. «Դո՞ւ ես Դանիելն այն տարագիրներից, որոնց իմ հայրը բերեց Հուդայից։ Քո մասին ես լսել եմ, որ աստվածների հոգի կա քեզանում, և լուսավորություն, ըմբռնողություն և գերազանց իմաստություն կա քո մեջ։ Հիմա իմ առաջ բերվեցին իմաստունները և հմայողները, որպեսզի այս գրվածքը կարդային և նրա մեկնությունն ինձ իմացնեին, բայց չկարողացան իմացնել այս խոսքի մեկնությունը։ Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակ կլինի քո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։ Այդ ժամանակ Դանիելը թագավորի առաջ պատասխանեց. «Պարգևներդ քեզ լինեն, իսկ ընծաներդ ուրիշի՛ տուր. ես թագավորի համար կկարդամ գրվածքը և մեկնությունը կիմացնեմ նրան։ Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։ Եվ նրան տրված այն մեծության պատճառով բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները դողում ու վախենում էին նրանից։ Ում ուզում էր, սպանում էր, և ում ուզում էր, ապրեցնում էր, և ում ուզում էր, բարձրացնում էր, և ում ուզում էր, ցածրացնում էր։ Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։ Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, և նրա միտքը անասունների պես եղավ, նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, նրան արջառների պես խոտ էին ուտեցնում, և երկնքի ցողով էր թրջվում նրա մարմինը, մինչև իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա. ում ուզում է, դնում է նրա վրա։ Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։ Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ գցեցին նրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։ Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։ Եվ մարերի Դարեհ թագավորը վերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։ Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ կարգի ամբողջ թագավորության մեջ։ Եվ նրանց վրա երեք վերակացու կարգեց, դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։ Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։ Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։ Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։ Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։ Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։ Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելանքը։ Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։ Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օր մի բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։ Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն »։ Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար։ Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են»։ Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։ Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։ Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։ Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը. երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։ Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։ Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։ Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։ Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։ Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենական է. նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։ Նա է ազատում և փրկում, նշաններ ու հրաշալիքներ գործում երկնքում և երկրի վրա. նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից»։ Եվ այսպես Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության և Կյուրոս Պարսիկի թագավորության շրջանում։ Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում՝ տեսիլքներ. հետո գրեց երազը և սկսելով խոսքը՝ ասաց։ Դանիելն ասաց. «Գիշերը տեսիլքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի չորս հողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։ Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից՝ մեկը մյուսից տարբեր։ Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։ Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. “Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր”։ Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձ նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։ Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։ Ես ուշադրությամբ նայում էի այդ եղջյուրներին, և ահա մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, և առաջվա այն եղջյուրներից երեքը խլվեցին նրա առաջից։ Ահա մարդու աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա և մեծախոս բերան։ Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։ Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը նստեց, և գրքերը բացվեցին։ Ես նայում էի եղջյուրի ասած մեծախոս ձայնի պատճառով. նայում էի, մինչև որ գազանը սպանվեց, կործանվեց նրա մարմինն ու տրվեց կրակի բոցին։ Իսկ մնացած գազաններից վերցվեց նրանց իշխանությունը. մի եղանակ ու մի ժամանակ նրանց կյանքերը երկարացվեցին։ Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։ Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու։ Ես՝ Դանիելս, ներքուստ հոգեպես անհանգստացա, և իմ գլխի տեսիլքներն ինձ վրդովեցին։ Ես մոտեցա կանգնածներից մեկին և հարցրի այս բոլոր բաների իսկությունը։ Նա խոսեց և այս բաների մեկնությունն իմացրեց ինձ. “Այս չորս մեծ գազանները չորս թագավորներ են, որ ելնելու են երկրից։ Իսկ թագավորությունը ստանալու են Ամենաբարձրյալի սրբերը և տիրանալու են թագավորությանը հավիտյան և հավիտյանս հավիտենից”։ Հետո ուզեցի իմանալ չորրորդ գազանի իսկությունը, որ բոլորից տարբեր էր. խիստ ահեղ, երկաթե ատամներով և պղնձե եղունգներով, ուտում էր, փշրում էր և մնացածն իր ոտքերով տրորում էր։ Եվ նրա գլխի վրայի տասը եղջյուրների մասին և այն մյուսի մասին և մյուս եղջյուրի, որը դուրս եկավ, և որի առաջից երեքն ընկան. այն եղջյուրը, որ աչքեր ուներ և մեծախոս բերան, և նրա կերպարանքն ավելի մեծ էր մյուսներից։ Մինչ նայում էի, այն եղջյուրը պատերազմեց սրբերի հետ և հաղթեց նրանց, մինչև որ եկավ Հինավուրցը և իրավունք տվեց Ամենաբարձրյալի սրբերին, և ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։ Այսպես ասաց. “Չորրորդ գազանը երկրի վրա չորրորդ թագավորություն է լինելու, որը տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից և պիտի լափի ամբողջ երկիրը, պիտի ոտնահարի և փշրի այն։ Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։ Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է Ամենաբարձրյալի սրբերին և մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։ Բայց դատարանը պիտի բազմի, և նրա իշխանությունը պիտի վերցվի, որպեսզի ոչնչացվի ու իսպառ կորչի։ Թագավորությունն ու իշխանությունը և ամբողջ երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին պիտի տրվեն. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանությունները նրան պիտի ծառայեն և հնազանդվեն”։ Այստեղ է խոսքի վերջը. ինձ՝ Դանիելիս, շատ էին խռովում իմ խորհուրդները. փոխվեց երեսիս գույնը, բայց խոսքն իմ մտքում պահեցի»։ «Բաղդասար թագավորի թագավորության երրորդ տարում մի տեսիլք երևաց ինձ՝ Դանիելիս, նախապես ինձ երևացածից հետո։ Եվ ես տեսիլքի մեջ տեսա, որ ես Շուշան մայրաքաղաքում էի, որ գտնվում է Եղամի գավառում։ Եվ տեսիլքում տեսա, որ Ուլայ գետի մոտ էի։ Ես բարձրացրի աչքերս և տեսա, որ գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։ Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։ Եվ ոչ մի գազան չէր կարողանում կանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։ Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։ Նա հասավ երկու եղջյուրներով այն խոյին, որ տեսել էի գետի մոտ կանգնած, և նրա վրա վազեց իր ուժգին զայրույթով։ Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։ Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։ Եվ արու այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելի եղջյուրներ դուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։ Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավոր երկիրը։ Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքից մի մաս գցեց գետնին ու կոխկռտեց նրանց։ Մինչև զորքերի Իշխանը ինքն իրեն բարձրացրեց և նրանից վերցրեց մշտնջենական զոհն ու կործանեց նրա սրբարանի տեղը։ Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։ Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ ասաց նրան, որ խոսում էր. “Մինչև ե՞րբ է լինելու մշտնջենական զոհի տեսիլքը և ավերող ամբարշտությունը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխության տրվեն”։ Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։ Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, այն ժամանակ հասկացողություն էի որոնում, և ահա մարդու տեսքով մեկը կանգնած էր առաջս։ Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայ գետի միջից, որ կանչեց ու ասաց. “Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը”։ Եվ նա եկավ կանգնած տեղիս մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. “Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վախճանի ժամանակի համար է”։ Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես թմբիրի մեջ՝ երեսիս վրա ընկա գետնին. նա դիպավ ինձ ու կանգնեցրեց տեղիս վրա։ Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման վախճանին, որովհետև տեսիլքը վախճանի սահմանված ժամանակի վերաբերյալ է։ Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։ Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։ Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։ Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտները ամբարշտության չափը լրացնեն, մի պնդերես և խորամանկ թագավոր վեր կկենա։ Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ. նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սրբերի ժողովրդին։ Եվ նրա խորամանկությամբ նրա ձեռքում խաբեությունը պիտի հաջողի, նա իր մտքում պիտի հպարտանա և խաղաղության մեջ շատերին կործանի։ Եվ պիտի դեմ կանգնի Իշխանաց իշխանին, բայց պիտի կոտրվի ոչ մարդկային ձեռքով։ Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև հեռավոր օրերի մասին է”։ Եվ ես՝ Դանիելս, նվաղեցի և մի քանի օր հիվանդացա, հետո վեր կացա և թագավորի գործերը կատարեցի։ Եվ ապշած էի տեսիլքի վրա, բայց ոչ ոք չկար, որ այն հասկանար»։ Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս, նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։ Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։ Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։ Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից. չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ։ Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։ Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։ Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորների դեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։ Մովսեսի օրենքի մեջ գրվածի պես այս ամբողջ չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, չպաղատեցինք, որպեսզի հետ դառնալով մեր անօրենությունից՝ իմաստուն լինեինք քո ճշմարտությանն անսալով։ Ուստի Տերն այս չարիքը մտադրեց ու մեզ վրա բերեց այն, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր կատարած բոլոր գործերի մեջ, բայց մենք չհնազանդվեցինք նրա ձայնին։ Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։ Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր քո ամայացած սրբարանին։ Խոնարհեցրո՛ւ քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ քո մեծ ողորմության։ Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։ Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում. և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։ Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։ Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։ Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար՝ հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու։ Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։ Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը և սրբարանը. նրա վերջը հեղեղով կլինի, և մինչև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։ Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և հացի ընծան։ Եվ տաճարի եզրի վրա ավերումի գարշությունը կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա»։ Պարսից Կյուրոս թագավորի երրորդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր և մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։ Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։ Եվ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ գետի՝ Տիգրիսի եզերքին էի։ Աչքերս բարձրացրի ու նայեցի. ահա մի մարդ՝ կտավ հագած և մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։ Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը կրակի բոցերի պես էին, նրա բազուկներն ու ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնն ամբոխի աղմուկի պես էր։ Եվ միայն ես՝ Դանիելս էի տեսնում այս տեսիլքը, իսկ ահա այն մարդիկ, որոնք ինձ հետ էին, տեսիլքը չտեսան, այլ մեծ սարսափ ընկավ նրանց վրա, և փախան, թաքնվեցին։ Ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. իմ վայելչությունն ապականության փոխվեց, և ես այլևս ուժ չունեցա։ Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։ Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։ Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»։ Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։ Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներիս. ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. «Ո՛վ տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը, և ես այլևս ուժ չունեմ։ Իմ տիրոջ այս ծառան ինչպե՞ս պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա, և իմ մեջ շունչ չմնաց»։ Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։ Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։ Եվ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա։ Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։ Մարերի Դարեհ թագավորի առաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։ Եվ հիմա քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա Պարսկաստանում երեք թագավորներ են ելնելու, և չորրորդը մեծ հարստությամբ պիտի հարստանա բոլորից առավել։ Եվ երբ նա ուժեղանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի գրգռի հույների թագավորության դեմ։ Ապա մի զորավոր թագավոր է ելնելու, որը տիրելու է մեծ իշխանությամբ և իր կամքի համաձայն է գործելու։ Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և բաժանվի երկնքի չորս հողմերին. այլ ոչ թե իր հաջորդներին և նրա ունեցած իշխանության պես, որին տիրում էր։ Որովհետև նրա թագավորությունը արմատախիլ պիտի արվի և ուրիշներին տրվի, սրանցից բացի։ Ապա պիտի հզորանա հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը նրանից ավելի զորեղ պիտի լինի, և նրա տերությունը մեծ տերություն պիտի լինի։ Եվ տարիներ հետո պիտի դաշնակցեն իրար հետ, և հարավի թագավորի դուստրը համաձայնության համար հյուսիսի թագավորի մոտ պիտի գնա, բայց դուստրը բազկի ուժ չպիտի ունենա, և թագավորի բազուկը ևս չպիտի դիմանա, այլ նրա դուստրը և նրան բերողները, նրա ծնողները և նրան այն ժամանակներում օգնողները պիտի մատնվեն։ Բայց նրա արմատների ընձյուղներից մեկը պիտի ելնի նրա փոխարեն, և նա կգա զորքի դեմ ու կմտնի հյուսիսի թագավորի ամրոցը, կպատերազմի նրանց դեմ ու կհաղթի։ Նույնիսկ նրանց աստվածները, ձուլածո կուռքերը ոսկե ու արծաթե ցանկալի անոթների հետ նա գերի պիտի տանի Եգիպտոս, որոշ տարիներ հեռու կմնա հյուսիսի թագավորից, որը պիտի մտնի հարավի թագավորի թագավորության մեջ և վերադառնա իր երկիրը։ Եվ նրա որդիները պիտի պատերազմեն և շատ զորքերի բազմություն ժողովեն. նա պիտի գա, հեղեղի ու անցնի։ Եվ հետ դառնալիս էլ պիտի պատերազմը նորից տանի մինչև նրա ամրոցը։ Ապա հարավի թագավորը պիտի դառնանա, պիտի դուրս գա ու պատերազմի հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլ զորքի մեծ բազմություն է ոտքի հանելու, և այդ զորքի բազմությունը հարավի թագավորի ձեռքն է մատնվելու։ Եվ երբ հյուսիսի թագավորի զորքի բազմությունը պարտվի, հարավի թագավորի սիրտը պիտի հպարտանա, և նա բյուրավորների պիտի կործանի, բայց հաղթական մնա։ Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծ զորքի մի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ ։ Եվ այն ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորին. քո ժողովրդի անօրենները պիտի ըմբոստանան, որպեսզի գործադրեն տեսիլքը, բայց պիտի տապալվեն։ Եվ հյուսիսի թագավորը պիտի գա, պաշարման հողաբլուրներ պիտի բարձրացնի և գրավի լավ ամրացված մի քաղաք։ Եվ հարավի զորքերը չպիտի դիմանան, նրա ընտրյալ զորքերի բազմությունը ևս, որովհետև դիմանալու ուժ չի լինելու։ Եվ նրա դեմ եկողն իր կամքի համաձայն պիտի վարվի, և նրա առաջ կանգնող չի լինելու։ Նա փառավոր երկրում պիտի կանգ առնի, և դրա ոչնչացումը նրա ձեռքում պիտի լինի։ Եվ իր դեմքը հարավ պիտի ուղղի, իր թագավորության ամբողջ ուժով պիտի գա, համաձայնության գա հարավի թագավորի հետ և այդպես անի. դուստր կնության պիտի տա նրան, որպեսզի կործանի թագավորությունը, բայց չպիտի հաջողվի ու չպիտի լինի։ Հետո նա իր դեմքը պիտի դարձնի դեպի ծովեզրյա շրջանները և շատերին պիտի տիրի, բայց մի մեծավոր պիտի դադարեցնի նրա նախատինքը և դրանով նրա նախատինքը նրա վրա պիտի դարձնի։ Եվ նա իր դեմքը կրկին դեպի իր երկրի ամրոցները պիտի դարձնի, բայց պիտի սայթաքի և վայր ընկնի և չգտնվի։ Եվ նրա փոխարեն մեկը պիտի ելնի, որը հարկապահանջին կուղարկի թագավորության փառքի համար, բայց նա մի քանի օրից հետո կկործանվի, ո՛չ բարկությամբ և ո՛չ պատերազմով։ Եվ նրա փոխարեն անարգ մեկը կելնի, որին թագավորական մեծափառություն տրված չի լինի, բայց նա անսպասելիորեն կգա և շողոքորթություններով կհափշտակի թագավորությունը։ Եվ նրա առջևից զորքերը հեղեղի նման պիտի քշվեն ու կոտորվեն, նաև՝ ուխտի իշխանը։ Եվ նրա հետ դաշնակցելուց հետո նա նենգություն պիտի անի և փոքրաթիվ ազգով պիտի զորանա։ Անսպասելիորեն բարեբեր գավառը պիտի մտնի և պիտի անի այն, ինչ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը. կողոպուտ, ավար և ունեցվածք պիտի բաժանի յուրայիններին, ամրությունների դեմ պիտի դավադրի, բայց միայն մի ժամանակ։ Եվ իր զորությունն ու իր հաստատամտությունը մի մեծ զորքով պիտի գրգռի հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պատերազմի պիտի հրահրվի մեծ և խիստ զորավոր զորքով, բայց չպիտի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր պիտի նյութեն։ Եվ նրա կերակուրներն ուտողները պիտի կործանեն նրան, և նրա զորքը պիտի ջախջախվի, ու շատ սպանվածներ պիտի ընկնեն։ Եվ այս երկու թագավորների մտքերն էլ չարության են հակված. նույն սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև որոշված ժամանակին վախճանը դեռևս պիտի լինի։ Եվ նա իր երկիրը պիտի վերադառնա մեծ հարստությամբ, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ պիտի լինի. իր ուզածը պիտի անի և իր երկիրը վերադառնա։ Սահմանված ժամանակին պիտի վերադառնա և հարձակվի հարավի վրա, բայց այս անգամ նախկինի նման չի լինելու։ Որովհետև Կիտտիմի նավերը նրա դեմ պիտի գնան, և նա պիտի հուսալքվի։ Նա պիտի հետ դառնա ու ցասումով գործի սուրբ ուխտի դեմ։ Ետ պիտի դառնա և ուշադրություն դարձնի սուրբ ուխտը լքողներին։ Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենական զոհը, փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։ Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։ Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի հասկացնեն, բայց մի որոշ ժամանակ պիտի ընկնեն սրով ու բոցով, գերությամբ ու հափշտակությամբ։ Եվ ընկնելիս նրանք մի փոքր օգնություն պիտի ստանան, և շատերը շողոքորթություններով պիտի հարեն նրանց։ Եվ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որպեսզի նրանց զտի և մաքրի ու սպիտակեցնի մինչև վախճանի ժամանակը, որովհետև այն գալու է սահմանված ժամանակին։ Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասման ժամանակ սպառվի, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի։ Եվ իր հայրերի աստվածներին ուշադրություն չպիտի դարձնի, ոչ էլ՝ կանանց ցանկալի եղող աստծուն. ոչ մի աստծու ուշադրություն չի դարձնելու, որովհետև իրեն բոլորից ավելի է բարձրացնելու։ Սակայն իր տեղում կպատվի ամրոցների աստծուն և իր հայրերի չճանաչած աստծուն կպատվի ոսկով, արծաթով և պատվական քարերով ու ցանկալի բաներով։ Եվ օտար աստծու հետ պիտի պայքարի ամրոցների ամրության դեմ. ովքեր ճանաչում տան նրան, նրանց պատիվը պիտի բազմապատկի և նրանց շատերի վրա տիրել պիտի տա և երկիրն իբրև վարձ է բաժանելու։ Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։ Եվ պիտի գա փառավոր երկիրը, և շատերը պիտի կործանվեն։ Բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռքից՝ Եդովմը և Մովաբը և Ամմոնի որդիների գլխավոր մասը։ Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի երկրները. Եգիպտոսի երկիրը ևս չի ազատվելու։ Եվ պիտի տիրի Եգիպտոսի ոսկու և արծաթի գանձերին և բոլոր մեծարժեք բաներին. լիբեացիներն ու եթովպացիները նրան պիտի հետևեն։ Բայց արևելքից և հյուսիսից եկող լուրերը պիտի խռովեն նրան, և նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի։ Եվ նա իր պալատի պես վրանները տարածելու է ծովերի և փառավոր սուրբ լեռան մեջտեղում։ Բայց պիտի հասնի իր վախճանին, և նրան օգնող չի լինելու»։ Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։ Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք։ Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից։ «Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։ Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշ մարդիկ կանգնել էին. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին։ Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր, մեկն ասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։ Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ կլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։ Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։ Եվ նա ասաց. «Գնա՛, Դանիե՛լ, որովհետև այս խոսքերը գաղտնի պահված և կնքված են մինչև վախճանի ժամանակը։ Շատերը պիտի մաքրվեն, սպիտականան ու զտվեն, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ չպիտի հասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան։ Մշտնջենական զոհը վերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է։ Երանի՜ նրան, որ կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան։ Բայց դու գնա՛ մինչև վախճանը և պիտի հանգստանաս և օրերի վերջին պիտի կանգնես քո վիճակում»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։ Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։ Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց. «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։ Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։ Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։ Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։ Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձեր Աստվածը չեմ լինի։ Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։ Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։ «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմի և ձեր քույրերին՝ Րուհամա ։ Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։ Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։ Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։ Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. “Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը”։ Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։ Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։ Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։ Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։ Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։ Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։ Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. “Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ”։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։ Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։ «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։ Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։ Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։ Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։ Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։ Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։ Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։ Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։ Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։ Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “ Դու ես, ո՛վ իմ Աստված”»։ Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։ Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։ Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլ նույնպես քո նկատմամբ»։ Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։ Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։ Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։ Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։ Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։ Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։ Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։ Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։ Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը, և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։ Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։ Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։ Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։ Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։ Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։ Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։ Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։ Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։ Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։ Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին. քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։ Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա և խոր փորված փոս՝ Շիթթիմում, բայց ես նրանց բոլորին պիտի պատժեմ։ Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։ Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։ Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։ Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։ Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներով հանդերձ։ Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։ Եփրեմն ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը. Իսրայելի տոհմերի մեջ ստույգը հայտարարում եմ։ Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։ Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը ։ Բայց ես Եփրեմի համար ցեցի պես եմ և փտության պես՝ Հուդայի տան համար։ Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։ Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։ Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։ Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։ Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։ Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։ Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։ Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։ Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։ Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։ Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։ Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։ Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։ Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։ Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։ Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։ Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։ Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում է կրակը բորբոքելուց։ Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրին գինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։ Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։ Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։ Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել ։ Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի. ալևորություն էլ է իջել վրան, ինքը չգիտի։ Եվ Իսրայելի հպարտությունը վկայում է նրա դեմ, բայց նրանք հետ չեն դառնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, և այսուամենայնիվ նրան չեն փնտրում։ Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։ Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։ Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։ Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։ Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։ Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրում։ Փողը բերանի՜դ դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։ Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։ Իսրայելը մերժեց բարին, ուստի թշնամին պիտի հետապնդի նրան։ Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։ Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։ Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։ Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։ Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։ Որովհետև նրանք Ասորեստան գնացին. վայրի էշի նման առանձին ման է գալիս. Եփրեմը սիրեկաններ վարձեց։ Թեև ազգերի մեջ օգնականներ վարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։ Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։ Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտարոտի համարվեցին։ Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։ Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։ Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։ Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։ Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուր բաներ պիտի ուտեն։ Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։ Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։ Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։ Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։ Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։ Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։ Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։ Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։ Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։ Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։ Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։ Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։ Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։ Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։ Փարթամ որթատունկ է Իսրայելը, իր համար պտուղ է բերում։ Ինչքան նրա պտուղը շատացավ, այնքան զոհասեղաններ կառուցեց. որքան գեղեցիկ էր երկիրը, այնքան գեղեցկացրեց կուռքերը։ Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։ Որովհետև հիմա պիտի ասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, թագավորն ի՞նչ կարող է անել մեզ»։ Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։ Բեթավանի հորթերի համար Սամարիայի բնակիչները պիտի վախենան, նրա ժողովուրդը նրա վրա պիտի սգա, և նրա քուրմերը պիտի դողան նրա համար, նրա փառքի համար, որովհետև նա իրենցից գերի պիտի տարվի։ Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։ Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։ Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։ Գաբաայի օրերից սկսած՝ մեղք գործեցիր, ո՛վ Իսրայել. նրանք այնտեղ շարունակեցին կանգնել. մի՞թե չարության որդիների դեմ պատերազմը Գաբաայում չհասավ նրանց։ Երբ կամենամ, պիտի հանդիմանեմ նրանց և ժողովուրդներ պիտի հավաքեմ նրանց դեմ, երբ նրանք կպատժվեն իրենց երկու անօրենությունների պատճառով։ Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրա լուծ կանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։ Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։ Դուք ամբարշտություն հերկեցիք, անօրենություն հնձեցիք, ստության պտուղը կերաք, որովհետև դուք ձեր ճանապարհին և ձեր զորավորների բազմությանն ապավինեցիք։ Ուստի պատերազմի խռովություն է բարձրանալու քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի քանդվեն, ինչպես պատերազմի օրը Սաղման քանդեց Բեթարբելը. մայրը որդիների հետ կոտորվեց։ Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։ «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Ինչքան կանչեցին նրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։ Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։ Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։ Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։ Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։ Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։ Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։ Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։ Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։ Նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից, և նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում»,- ասում է Տերը։ Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։ Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում Եգիպտոս։ Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։ Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծու հետ։ Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա հետ, Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։ Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։ Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։ Բայց Եփրեմն ասում է. «Իրոք հարստացա, ինձ համար ունեցվածք գտա, իմ ամբողջ վաստակում մի անօրենություն չեն գտնելու, որ մեղք լինի»։ Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։ Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։ Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։ Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համար հոտերի պահապան եղավ։ Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։ Եփրեմը դառնությամբ բարկացրեց Աստծուն, ուստի նրա արյունը իր վրա պիտի թափվի, և Տերը նրա նախատինքը իրեն պիտի վերադարձնի։ Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։ Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։ Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզից ելած ծխի պես։ Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։ Ես քեզ ճանաչեցի անապատում, տոթակեզ երկրում։ Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։ Ուրեմն ես նրանց համար առյուծի պես պիտի լինեմ, ընձառյուծի նման ճանապարհի մոտ դարան պիտի մտնեմ։ Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։ Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։ Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում, որտե՞ղ են քո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։ Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։ Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։ Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։ Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։ Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։ Սամարիան իր հանցանքը պիտի կրի, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։ Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։ Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։ Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։ Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։ Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։ Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։ Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։ Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։ Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։ Տիրոջ խոսքը, որը հասավ Փաթուելի որդի Հովելին. «Լսե՛ք այս, ո՛վ ծերեր, և ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր օրերում և կամ ձեր հայրերի օրերում այսպիսի բան եղե՞լ է։ Սրա մասին պատմե՛ք ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, իսկ նրանց որդիները՝ հետագա սերնդին։ Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ»։ Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։ Որովհետև իմ երկրի դեմ մի ազգ է եկել՝ զորավոր և անթիվ. նրա ատամներն առյուծի ատամներ են, և մատակ առյուծի ժանիքներ ունի։ Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։ Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսային ։ Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։ Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել։ Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։ Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։ Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։ Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, երեցներին, երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծու տանը և աղաղակե՛ք Տիրոջը։ Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։ Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։ Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ։ Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։ Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։ Դաշտի անասուններն էլ են քեզ կանչում, որովհետև ցամաքել են ջրերի վտակները, և կրակն այրել է անապատի արոտները։ Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա, այնպես էլ մի բազմաթիվ և զորավոր ժողովուրդ է գալիս, որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։ Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։ Նրանց տեսքը ձիերի տեսքի պես է, և ձիավորների պես պիտի արշավեն։ Մարտակառքերի դղրդյունի նման լեռների գլխին ոստոստում են, հարդ լափող կրակի բոցի ձայնի պես, մի հզոր ամբոխի պես, որ շարված է պատերազմի։ Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։ Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։ Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։ Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։ Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։ Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։ Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։ Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։ Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։ Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։ Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։ Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։ Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։ Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։ Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։ Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։ Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։ Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։ Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։ Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։ Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։ «Որովհետև ահա այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ, կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։ Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։ Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապես և շուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը. որովհետև դուք իմ արծաթն ու ոսկին վերցրիք և իմ ցանկալի գանձերը տարաք ձեր մեհյանները։ Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հույների որդիներին ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրենց սահմանից։ Ահա ես նրանց պիտի զարթնեցնեմ, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։ Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։ Այս մասին ազդարարե՛ք ազգերի մեջ, պատերազմի՛ պատրաստվեք, զարթնեցրե՛ք հզորներին, թող մոտենան, գան բոլոր պատերազմիկները։ Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր էտոցներից՝ նիզակներ. թող տկարն ասի. «Հզոր եմ ես»։ Շտապե՛ք և եկեք, ո՛վ շրջակա բոլոր ազգեր, և հավաքվե՛ք։ Այնտե՛ղ իջեցրու, ո՛վ Տեր, քո հզորներին։ Ազգերը թող զարթնեն և իջնեն Հոսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերին դատելու համար։ Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։ Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։ Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։ Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։ Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։ Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմ գործած բռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։ Բայց Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, իսկ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։ Եվ նրանց արյունը անպարտ կդարձնեմ, որն անպարտ չէի համարում, և Տերը պիտի բնակվի Սիոնում։ Խոսքերն Ամովսի, որ Թեկուեի հովիվներից էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ։ Եվ ասաց. «Տերը մռնչում է Սիոնից և Երուսաղեմից տալիս իր ձայնը, և հովիվների արոտները պիտի սգան, և Կարմեղոսի գագաթը պիտի չորանա»։ Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։ Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։ Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։ Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։ Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները։ Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։ Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։ Այլ ես կրակ պիտի գցեմ Տյուրոսի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները»։ Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։ Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։ Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։ Այլ ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները պատերազմի աղաղակով՝ խռովության օրը, փոթորկի օրը՝ մրրիկով։ Եվ նրանց թագավորը պիտի աքսորվի՝ թե՛ ինքը, թե՛ իր իշխանները միասին»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիր դարձրեց։ Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։ Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։ Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։ Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։ Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։ Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։ Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։ Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։ Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։ Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։ «Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։ Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։ Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։ Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։ Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։ Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով. «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։ Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։ Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։ Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։ Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։ Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։ Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։ Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։ Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։ Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։ «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։- Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։ Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրով զարդարված տները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։ «Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովերի նման պարարտացած Սամարիայի կանայք, որ հարստահարում եք աղքատներին, որ ոտնահարում եք կարիքավորներին, որ ասում եք ձեր ամուսիններին. “Բերե՛ք, որ խմենք”։ Տեր Աստված երդվում է իր սրբությամբ, թե ահա ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ կեռերով կվերցնեն և ձեր հետնորդին՝ ձկան կարթերով։ Եվ դուք պատի ճեղքվածքներով դուրս կգաք, ամեն մեկդ՝ իր դիմաց, և Հարմոն պիտի նետվեք»,- ասում է Տերը։ «Եկե՛ք Բեթել և հանցա՛նք գործեք, Գաղգաղայում շատացրե՛ք հանցանք գործելը և ամեն առավոտ ձեր զոհերը բերե՛ք, ամեն երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։ Եվ շնորհակալության զոհը խմորվա՛ծ մատուցեք և կամավոր ընծանե՛ր հայտարարեք ու հրապարակե՛ք, որովհետև այդպես եք սիրել, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տեր Աստված։ «Ես էլ ձեզ ատամների մաքրություն տվեցի ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ «Ես էլ հունձից դեռ երեք ամիս առաջ ձեզանից անձրևը կտրեցի, մի քաղաքի վրա անձրև տեղացրի, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չտեղացրի, մի հողատարածքի վրա անձրև եկավ, իսկ այն հողատարածքը, որի վրա անձրև չեկավ, չորացավ։ Եվ երկու-երեք քաղաք թափառաշրջելով՝ եկան մի քաղաք՝ ջուր խմելու համար, բայց չհագեցան. բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ «Ձեզ հարվածեցի խորշակով և չոռով, ձեր բազմաթիվ պարտեզներն ու այգիները, թզենիներն ու ձիթենիները խառնիճը սպառեց, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ «Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում, ձեր երիտասարդներին սրով սպանեցի, ձեր ձիերը գերեվարեցի և ձեր բանակատեղիների գարշահոտությունը մինչև ձեր ռունգերը հասցրի, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ «Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից հանված խանձողի պես եղաք, բայց դուք չվերադարձաք ինձ,- ասում է Տերը։- Ուստի քեզ այսպես եմ անելու, ո՛վ Իսրայել, և քանի որ ես քեզ այդպես կանեմ, պատրաստվի՛ր քո Աստծուն դիմավորելու, ո՛վ Իսրայել։ Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին է ստեղծել և մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը, որ արշալույսը խավար է դարձնում և շրջում է երկրի բարձրավայրերում, Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը»։ Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբում եմ ձեզ վրա, ո՛վ Իսրայելի տուն։ Ընկավ Իսրայելի կույսը, այլևս վեր չի կենալու, լքված է իր երկրի վրա, կանգնեցնող չունի։ Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Այն քաղաքում, որ հազար էր դուրս բերում, հարյուրը պիտի մնա, և այնտեղ, ուր հարյուր էր դուրս բերում, տասը պիտի մնա Իսրայելի տանը»։ Որովհետև Տերը Իսրայելի տանն այսպես է ասում. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք»։ Բայց Բեթելին մի՛ փնտրեք և Գաղգաղա մի՛ մտեք և Բերսաբեից մի՛ անցեք, որովհետև Գաղգաղան անպատճառ պիտի տարագրվի, և Բեթելը պիտի ոչնչանա։ Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք, որ նա կրակի պես չբռնկվի Հովսեփի տան վրա և նրան լափի, ու Բեթելը հանգցնող չունենա։ Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս, փնտրե՛ք նրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։ Նա կործանում է փայլատակեցնում հզորի վրա, որ կործանումը մինչև ամրոցն է գալիս։ Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից։ Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։ Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։ Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։ Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։ Ատե՛ք չարությունը և բարի՛ն սիրեք և դարպասում իրավո՛ւնքը հաստատեք, գուցե Տերը՝ Զորքերի Աստվածը, գթա Հովսեփի մնացորդին։ Ուստի Տերը՝ Զորքերի Տեր Աստվածը, այսպես է ասում. «Բոլոր հրապարակներում ողբ պիտի լինի, և բոլոր փողոցներում “վա՜յ, վա՜յ” պիտի ասեն և հողագործին սգի պիտի կանչեն և եղերերգուներին՝ ողբի։ Եվ խաղողի բոլոր այգիներում ողբ է լինելու, որովհետև ես պիտի անցնեմ քո միջով»,- ասում է Տերը։ Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։ Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան. ահա Տիրոջ օրը մութ չէ՞ և ոչ թե լույս, ու խավար, և ոչ մի լույսի նշույլ նրանում։ «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, և ձեր հանդեսները հաճելի չեն ինձ։ Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։ Քո երգերի աղմուկը հեռացրո՛ւ ինձանից. թող չլսեմ քո տավիղների մեղեդին։ Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։ Մի՞թե ինձ զոհեր և հացի ընծաներ էիք մատուցում քառասուն տարի անապատում, ո՛վ Իսրայելի տուն։ Դուք կրեցիք Սիքքութի՝ ձեր թագավորի, և Քիյյունի՝ ձեր Աստծու կուռքերը, որ շինել էիք ձեզ համար, ուստի ես ձեզ գերի քշել պիտի տամ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը, որի անունը Զորքերի Աստված է։ «Վա՜յ նրանց, ովքեր Սիոնի վրա են դրել իրենց հանգստությունը, և նրանց, ովքեր Սամարիայի լեռան վրա են ցրել իրենց ապահովությունը, ազգերի գլխավորի երևելիներին, որոնց մոտ գալիս է Իսրայելի տունը։ Անցե՛ք Քաղանե և տեսե՛ք, այնտեղից գնացե՛ք մեծ Եմաթ և իջե՛ք փղշտացիների Գեթ. մի՞թե նրանք ավելի լավն են այս թագավորություններից, կամ նրանց սահմանը ձեր սահմանից մե՞ծ է։ Դուք, որ չար օրը հեռացնում եք և մոտեցնում բռնության աթոռը, որ պառկում եք փղոսկրյա անկողինների վրա և մեկնվում ձեր մահիճների վրա և հոտերից ուտում գառնուկներն ու գոմերից՝ հորթերը, որ հնարում են անտաղանդ երգեր՝ կարծելով, թե Դավթի նման են հնարում։ Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։ Ուստի հիմա առաջինը գերի պիտի գնաք, և պիտի դադարի ձեր խրախճանքների ուրախության ձայնը»։ «Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. և թշնամուն պիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։ Եվ եթե այնպես լինի, որ մեկ տան մեջ տասը մարդ մնալու լինեն, նրանք պիտի մեռնեն։ Եվ երբ իր հորեղբայրը կամ նրա այրողը նրան վերցնի, որ ոսկորները դուրս տանի տնից, տան խորքում եղողին պիտի հարցնի. “Ուրիշը կա՞ մոտդ”, նա պիտի ասի՝ ո՛չ։ Նա էլ պիտի ասի. “Լռի՛ր, որովհետև Տիրոջ անունը չպիտի հիշենք”։ Որովհետև Տերն ահա հրամայում է, և մեծ տանը պիտի հարվածի և բեկորների վերածի ու փոքր տունը կործանելով՝ փշուրների։ Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։ Դուք, որ Լո-Դաբարով ուրախանում եք, որ ասում եք. “Ահա մեր ուժով մեզ համար Քարնայիմն առանք”, ուստի, ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ եմ հանում,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչև Արաբահի հեղեղատը»։ Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։ Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։ Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։ Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։ Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։ Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։ Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։ Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։ Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։ Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։ Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։ Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։ Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։ Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։ Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։ Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։ Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։ Տեր Աստված այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային պտուղ։ Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ Իսրայել ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ խնայելու ։ Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։ Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք, որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։ Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։ Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։ Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։ «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։ Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։ «Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։ Այդ օրը գեղեցիկ կույսերը և երիտասարդները պիտի նվաղեն ծարավից։ Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. “Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը”։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։ Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։ Եթե նրանք փորեն ու մեռելների աշխարհն անցնեն, իմ ձեռքն այնտեղից պիտի վերցնի նրանց. եթե երկինք իսկ բարձրանան, այնտեղից պիտի իջեցնեմ նրանց։ Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց, և եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում, այնտեղ օձին պիտի հրամայեմ, և նա պիտի կծի նրանց։ Եվ եթե նրանք գերի գնան իրենց թշնամիների առաջ, այնտեղ սրին պիտի հրամայեմ, և այն պիտի սպանի նրանց։ Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ չարիքի համար և ոչ թե բարիքի համար»։ Եվ Զորքերի Տեր Աստված, ով դիպչում է երկրին, և այն հալվում է, և նրանում բոլոր բնակվողները՝ սգում, և նա ամբողջությամբ բարձրանում է Նեղոսի պես և իջնում կրկին Եգիպտոսի Նեղոսի պես։ Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։ «Մի՞թե դուք եթովպացիների որդիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի որդիներ,- ասում է Տերը,- չէ՞ որ Իսրայելին հանեցի Եգիպտոսի երկրից, փղշտացիներին՝ Կափթորից և արամեացիներին՝ Կիրից։ Ահա Տեր Աստծու աչքերն այդ մեղավոր թագավորության վրա են, և ես նրանց պիտի վերացնեմ երկրի երեսից, միայն թե բոլորովին չեմ վերացնելու Հակոբի տունը,- ասում է Տերը,- որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։ Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. “Չարքը մեզ չի հասնի և մեր առաջ չի գա”»։ «Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դավթի ընկած տաղավարը և պիտի նորոգեմ նրա ճեղքերը, պիտի վերականգնեմ և այն պիտի վերակառուցեմ վաղեմի օրերի պես, որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։ «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։ Եվ ես իմ Իսրայել ժողովրդին կվերադարձնեմ գերությունից, և նրանք կկառուցեն ավերակ քաղաքները և կբնակվեն նրանցում, այգիներ կտնկեն և կխմեն նրանց գինին, պարտեզներ կաճեցնեն և կուտեն նրանց պտուղները։ Եվ ես նրանց պիտի տնկեմ իրենց երկրի վրա, և նրանք այլևս չպիտի խլվեն իրենց երկրից, որը ես եմ տվել իրենց»,- ասում է Տերը՝ քո Աստվածը։ Աբդիայի տեսիլքը. Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։ Ահա քեզ փոքրացրի ազգերի մեջ, դու պիտի շատ անարգվես։ Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”։ Թեկուզ արծվի պես բարձրանաս և թեկուզ աստղերի մեջ դնես քո բույնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ,- ասում է Տերը։- Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։ Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։ Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանը վտարեցին, խաղաղությամբ ապրողները քեզ խաբեցին ու քեզ հաղթեցին, քո հացն ուտողները որոգայթ լարեցին քո դեմ. նրա մոտ հասկացողություն չկա»։ «Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։ Եվ քո զորավորները պիտի զարհուրեն, ո՛վ Թեման, որովհետև Եսավի լեռից մարդը բնաջինջ պիտի լինի սպանվելով։ Եղբորդ՝ Հակոբի հանդեպ բռնության պատճառով ամոթը պիտի ծածկի քեզ, և դու հավիտյան պիտի բնաջնջվես։ Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիր ձեռնածալ, այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։ Եվ քո եղբոր օրը, նրա դժբախտության օրը չպիտի չարախնդայիր և Հուդայի որդիների վրա չպիտի ուրախանայիր նրանց կործանման օրը և բերանդ չպիտի մեծացնեիր նրանց նեղության օրը։ Նրանց աղետի օրը դու չպիտի մտնեիր իմ ժողովրդի դարպասով. նրա աղետի օրը դու էլ չպիտի նայեիր արհամարհանքով նրա տանջանքին և նրա աղետի օրը ձեռք չպիտի երկարացնեիր նրա ապրանքին։ Եվ չպիտի կանգնեիր ճամփաբաժանին՝ նրա ազատվածներին բնաջնջելու համար, և նեղության օրը չպիտի մատնեիր նրա մնացորդներին։ Որովհետև բոլոր ազգերի վրա մոտիկ է Տիրոջ օրը։ Քեզ հետ պիտի վարվեն, ինչպես որ դու վարվեցիր. քո հատուցումը քո գլխին պիտի վերադառնա։ Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։ Բայց Սիոն լեռան վրա ազատվածներ կլինեն, և նա սրբություն է լինելու։ Եվ Հակոբի տունը պիտի տիրանա իր ստացվածքին։ Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։ Հարավցիները պիտի տիրեն Եսավի լեռանը, դաշտայինները՝ փղշտացիների երկրին, նաև պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը՝ Գաղաադին, Իսրայելի որդիների՝ գերության գնացած այս զորքը պիտի ժառանգի քանանացիների երկրից մինչև Սարեփթա։ Եվ Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթում են, հարավային քաղաքներին պիտի տիրեն։ Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան՝ Եսավի լեռը դատելու համար, և թագավորությունը Տիրոջը պիտի լինի»։ Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։ Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։ Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։ Նավապետը նրա մոտ եկավ և ասաց նրան. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին, և մենք չկորչենք»։ Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։ Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։ Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։ Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։ Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։ Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։ Այնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։ Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։ Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։ Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։ Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։ Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։ Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։ Եվ ես ասացի. “Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին”։ Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։ Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։ Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։ Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։ Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։ Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։ Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։ Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։ Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։ Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ Նինվեում հայտարարել տվեց, թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց՝ ասելով. «Մարդ և անասուն, արջառ և ոչխար թող ոչինչ չուտեն, չարածեն և ջուր չխմեն, այլ մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։ Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։ Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։ Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է»։ Եվ Տերն ասաց. «Մի՞թե լավ է, որ զայրացել ես»։ Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում և իր համար այնտեղ մի տաղավար շինեց, նստեց նրա տակ՝ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։ Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։ Բայց հաջորդ օրվա արշալույսին Աստված հրամայեց մի որդի, որ հարձակվի դդմենու վրա, ու սա չորացավ։ Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. «Մեռնելս ապրելուցս լավ է»։ Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։ Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։ Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։ Տիրոջ խոսքը, որ հասավ Միքիա Մորստացուն Հուդայի Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրերին, որ նա տեսավ Սամարիայի և Երուսաղեմի մասին։ Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։ Որովհետև Տերն ահա դուրս է գալիս իր տեղից և պիտի իջնի և ման գա երկրի բարձրավայրերի վրա։ Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։ Հակոբի հանցանքի և Իսրայելի տան մեղքերի համար է այս ամենը. ո՞րն է Հակոբի հանցանքը. Սամարիան չէ՞, և որո՞նք են Հուդայի բարձրավայրերը. Երուսաղեմը չէ՞։ Ուստի Սամարիան բաց տարածքում քարակույտ պիտի դարձնեմ՝ խաղողի այգի տնկելու տեղ, և նրա քարերը ձորը պիտի թափեմ և պիտի բացեմ նրա հիմքերը։ Եվ նրա բոլոր կուռքերը պիտի փշրվեն, նրա բոլոր ընծաները կրակով պիտի այրվեն, և նրա բոլոր կուռքերը պիտի ավերեմ, որովհետև պոռնկության վարձով են ձեռք բերվել, ուրեմն որպես պոռնիկի վարձ պիտի գործածվեն։ Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։ Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։ Գեթի մեջ մի՛ պատմեք և բնավ լաց մի՛ եղեք, Բեթափրայում փոշու մեջ թավալվի՛ր։ Ո՛վ Սափիրի բնակչուհի, մերկ ու ամոթով անցի՛ր, դուրս չի գալու Սաանանի բնակչուհին, Բեթսելում կոծ է. ձեզնից պիտի հեռացվի նրա օգնությունը ։ Որովհետև բարու համար ցավով գալարվում է Մարոթի բնակչուհին, սակայն Տիրոջից չարիք իջավ մինչև Երուսաղեմի դարպասը։ Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։ Դրա համար հրաժեշտի ընծաներ պիտի տաս Մորեսեթ-Գեթին, Աքզիբի տները ստություն պիտի լինեն Իսրայելի թագավորներին։ Դեռ տիրակալ պիտի բերեմ քեզ վրա, ո՛վ Մարեսայի բնակչուհի, Իսրայելի փառքը մինչև Ոդողոմ պիտի հասնի։ Գլուխդ ածիլի՛ր և կտրի՛ր մազերդ քո սիրելի որդիների համար, արծվի պես լայնացրո՛ւ կնտությունդ, որովհետև գերության տարվեցին քեզանից։ Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։ Նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը։ Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես չարիք եմ խորհում այս տոհմի դեմ, որտեղից չեք կարողանա ձեր պարանոցները հանել և չեք քայլի հպարտությամբ, որովհետև չար ժամանակ է լինելու։ Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. “Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը”։ Դրա համար Տիրոջ ժողովում դու վիճակի լար գցող չպիտի ունենաս։ Նրանք “Մի՛ մարգարեացեք” ասելով մարգարեանում են։ Նրանք չպիտի մարգարեանան այս բաների մասին. նախատինքը չի վերանալու։ Ասվելու է. սա՞ է Հակոբի տունը, Տիրոջ համբերությունը հատել է, կամ սա վարվելու ձև՞ է։ Մի՞թե մի բարի խոսք չկա արդարների համար։ Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։ Իմ ժողովրդի կանանց վտարում եք իրենց հաճելի տներից, նրանց երեխաների վրայից հավիտյան վերցնում եք իմ փառքը։ Վե՛ր կացեք ու գնացե՛ք, որովհետև սա՛ չէ ձեր հանգստավայրը. անմաքրության պատճառով այն պիտի կործանվի և մեծ կործանումով։ Եթե մի մարդ ունայնություն և ստություն խոսի՝ ասելով. “Գինու և օղու մասին մարգարեանամ քեզ”, ահա նա՛ կլինի այս ազգի մարգարեն։ Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։ Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։ Եվ ես ասացի. «Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը. դուք՝ բարին ատողներդ և չարը սիրողներդ, որ մարդկանց քերթում եք և կաշին խլում եք իրենց վրայից և նրանց միսն իրենց ոսկորներից։ Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։ Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։ Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն. այլևս ոչ մի տեսիլք, որովհետև ձեզ վրա գիշեր է գալու և խավար, որպեսզի գուշակություն չանեք. և արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և օրը պիտի խավարի նրանց վրա. տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկեն իրենց շրթունքները, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։ Սակայն ես լցված եմ զորությամբ՝ Տիրոջ հոգով, նաև դատաստանով և ուժով, որպեսզի Հակոբին ծանուցեմ իր հանցանքը և Իսրայելին՝ իր մեղքը։ Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխանավորներ, իրավունքից զզվողնե՛ր, որ ամեն ուղիղ բան ծռում եք, Սիոնը արյունահեղությամբ և Երուսաղեմն անիրավությամբ կկառուցեք։ Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։ Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։ Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա, և շատ ազգեր պիտի գան ու ասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներով», որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու, այլ ամեն մարդ իր որթատունկի տակ պիտի նստի և իր թզենու տակ. վախեցնող չպիտի լինի, որովհետև Զորքերի Տիրոջ բերանն է ասել։ Որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր աստծու անունով է ընթանում, բայց մենք Տիրոջ՝ մեր Աստծու անունով պիտի ընթանանք հավիտյանս հավիտենից։ «Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։ Կաղին մնացորդ պիտի դարձնեմ, հեռու քշվածին՝ զորավոր ազգ»։ Եվ Տերը այսուհետև և հավիտյան պիտի թագավորի նրանց վրա Սիոն լեռան վրա։ Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։ Հիմա ինչո՞ւ ես բարձրագոչ գոռում. թագավոր չկա քո մեջ, կամ թե խորհրդականդ չքացա՞վ, որ քեզ ծննդկանի պես ցավ է համակել։ Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։ Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։ Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։ Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։ Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։ Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։ Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։ Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։ Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց, և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։ Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։ Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։ Ձեռքդ պիտի բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսոխները պիտի բնաջնջվեն։ «Այդ օրը,- ասում է Տերը,- քո միջից բնաջինջ պիտի անեմ քո ձիերը և վերացնեմ քո մարտակառքերը. պիտի բնաջնջեմ քո երկրի քաղաքները և քանդեմ քո ամրոցները։ Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։ Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։ Եվ քո միջից պիտի կործանեմ քո աստարովթները և պիտի ավերեմ քո քաղաքները։ Եվ բարկությամբ ու զայրույթով վրեժ պիտի առնեմ այն ազգերից, որոնք չանսացին»։ Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։ Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։ Ո՛վ իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, ես քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր ինձ։ Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի, քո առաջ եմ ուղարկել Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։ Ո՛վ իմ ժողովուրդ, հապա հիշի՛ր, թե ի՛նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագավորը, և նրան ինչ պատասխան տվեց Բեովրի որդի Բաղաամը, ինչ որ պատահեց Սատիմից մինչև Գաղգաղա, որպեսզի գիտենաք Տիրոջ արդար գործերը։ Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։ Մի՞թե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանի՞կը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտո՞ւղը՝ իմ հոգու մեղքի դիմաց։ Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։ Իմաստություն է քո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։ Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։ Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։ Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։ Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։ Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։ Դու պիտի սերմանես, բայց չհնձես, դու ձիթապտուղ պիտի տրորես, բայց յուղով չես օծվի, քաղցու պիտի անես, բայց գինի չես խմի։ Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցի առարկա դարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։ Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։ Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։ Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։ Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։ Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։ Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը՝ իր սկեսուրի դեմ. մարդու թշնամին իր ընտանիքն է։ Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։ Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։ Տիրոջ ցասումը պիտի կրեմ, որովհետև նրա դեմ մեղք եմ գործել, մինչև որ նա պաշտպանի իմ դատը և ինձ իրավունք տա, ինձ լույսին հանի, որ նրա արդարությունը տեսնեմ։ Այն ժամանակ իմ թշնամին կտեսնի, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, թե՝ «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը», իմ աչքերը կտեսնեն նրան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի, ինչպես փողոցի ցեխը։ Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։ Այդ օրը քեզ մոտ են գալու Ասորեստանից և Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Եփրատ, ծովից ծով ու սարից սար։ Եվ երկիրն ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով՝ որպես նրանց արարքների պտուղ։ Քո գավազանով հովվի՛ր ժողովրդին՝ քո ժառանգության հոտը, անտառում՝ բերրի այգիներում, առանձին նստողներին. թող հին օրերի պես արածեն Բասանում և Գաղաադում։ Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրերի պես սքանչելիքներ պիտի ցույց տամ նրանց։ Ազգերը պիտի տեսնեն ու ամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքը բերանին պիտի դնեն, նրանց ականջները պիտի խլանան։ Հողը պիտի լիզեն օձի պես, երկրի սողունների պես. դողալով դուրս պիտի գան իրենց ամրություններից. Տիրոջից՝ մեր Աստծուց, պիտի դողան, այո՛, քեզանից պիտի վախենան։ Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։ Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները։ Մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը։ Հավատարմություն պիտի անես Հակոբին և ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվել ես մեր հայրերին վաղեմի օրերից։ Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։ Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։ Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։ Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։ Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։ Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։ Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին, նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։ Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։ Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։ Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։ Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։ Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։ Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։ Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։ Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։ Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։ Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։ Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։ Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։ Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։ Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։ Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։ Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։ Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։ Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։ Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։ «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։ Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։ Ահա խարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը, հեծյալ ձիավորը, թրի պսպղոցն ու նիզակի շողշողոցը, անթիվ վիրավորներն ու դիակների բազմությունը և անվերջ դիակները. նրանք գլորվում են դիակների վրա։ Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- ես քո փեշը քո դեմքի վրա պիտի բացեմ և ցույց տամ ազգերին քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։ Ես քեզ վրա պղծություններ պիտի շպրտեմ և խայտառակեմ քեզ և քեզ ցուցանք պիտի դարձնեմ։ Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։ Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։ Եթովպիան ու Եգիպտոսը նրա անծայր զորություններն էին, փութացիներն ու լիբեացիներն էին նրան օժանդակողները։ Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։ Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։ Քո բոլոր ամրոցները կանխահաս պտղով թզենիներ են. հենց որ թափահարվեն, իսկույն կընկնեն ուտողի բերանը։ Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։ Պաշարման համար ջո՛ւր քաշիր քեզ համար, պնդացրո՛ւ ամրոցներդ, ցե՛խը մտիր ու տրորի՛ր կավը, նորոգի՛ր աղյուսի փուռը։ Այնտեղ կրակը պիտի լափի քեզ, սուրը պիտի կոտորի քեզ, ջորյակի պես սպառի քեզ. բազմացրո՛ւ քեզ ջորյակի պես, շատացրո՛ւ քեզ մորեխի պես։ Դու քո վաճառականներին շատացրիր երկնքի աստղերից ավելի, որոնք, սակայն, անհետացան, ինչպես մորեխները բացեցին իրենց թևերը և թռան։ Քո պալատականները ջորյակի պես են, իսկ քո զորավարները՝ անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանկապատերի վրա. չվում են, երբ ծագում է արեգակը։ Եվ չի իմացվում նրանց տեղը, թե որտե՛ղ են։ Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։ Ամոքում չկա քո ցավի համար, անբուժելի է քո վերքը, քո մասին բոլոր լսողները քեզ համար ծափ են տալիս, որովհետև քո չարությունն ո՞ւմ վրա անընդհատ չի եղել»։ Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։ Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։ Ինչո՞ւ ես ինձ անօրենություն տեսնել տալիս, տառապանքին նայում. հափշտակություն ու բռնություն կա իմ առաջ, կա պայքար ու վիճարկում։ Ուստի օրենքն անզոր է, և իրավունքը չի առաջանում, որովհետև ամբարիշտները շրջապատել են արդարին, դրա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։ Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։ Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։ Նա սոսկալի և ահարկու է, նրա դատաստանն ու մեծափառությունն իրենից են դուրս գալիս։ Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։ Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։ Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանավորները նրան ծանակ պիտի լինեն. նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա, որովհետև նա հող է դիզում և վերցնում է այն։ Ապա կսուրա քամու նման ու կանցնի. հանցավոր դառնա, իբր թե իր այս զորությունն իր աստծունն է։ Ահա դու հավիտենականությունից ես, ո՛վ Տեր իմ Աստված, ի՛մ Սուրբ. մենք չենք մեռնելու, ո՛վ Տեր, դու նրանց կարգել ես իբրև դատաստան. և դու, ո՛վ Վեմ, նրանց հաստատել ես իբրև հանդիմանություն։ Դու, որի աչքերը չարություն տեսնելու համար մաքրամաքուր են և չարության նայել չեն կարող, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին, լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին։ Եվ մարդուն ծովի ձկների պես, սողունների պես ես դարձրել, որոնց վրա տիրող չկա։ Նրանց բոլորին կարթով հանում է, նրանց քաշում է իր ուռկանով և նրանց իր ցանցով է հավաքում, դրա համար ուրախանում է և ցնծում։ Ուստի զոհ է մատուցում իր ուռկանին և խունկ ծխում իր ցանցին, որովհետև նրանցով է պարարտանում իր բաժինը, և նրա կերակուրը՝ առատ։ Արդյոք ուրեմն նա միշտ դատարկելո՞ւ է իր ուռկանը և ազգերին խեղդելո՞ւ է առանց խղճալու։ Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։ Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա »։ Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։ Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։ Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։ Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։ Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։ Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։ Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։ Շատ ազգերի կործանելով՝ անարգանք նյութեցիր քո տան համար և մեղանչեցիր քո կյանքով։ Որովհետև քարը պիտի աղաղակի պատից, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջից։ Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։ Ահա Զորքերի Տիրոջից չէ՞, որ ժողովուրդները կրակի համար են հոգնում և ժողովուրդները դատարկ տեղն են տանջվում։ Որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը։ Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը ։ Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։ Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։ Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։ Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։ Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։ Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։ Ո՛վ Տեր, լսեցի այն, ինչ հայտնեցիր, և վախեցա։ Այս տարիներում վերանորոգի՛ր այն, ո՛վ Տեր. տարիների մեջ գիտենա՛լ տուր և բարկության մեջ գթությո՛ւն հիշիր։ Աստված Թեմանից եկավ, Սուրբը՝ Փարան սարից (Սելա). նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։ Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։ Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։ Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց և դողացրեց ազգերին, և փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին դարավոր բլուրները. հավիտենական է նրա ընթացքը։ Տագնապի մեջ տեսա Քուշանի վրանները, սարսվեցին Մադիամի երկրի վարագույրները։ Մի՞թե գետերի վրա ես բարկացել, ո՛վ Տեր, կամ գետերի վրա՞ ես զայրացել, քո ցասումը ծովի՞ դեմ է, որ հեծնեցիր ձիերիդ՝ փրկության կառքերիդ։ Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերին տված քո երդումների և խոսքի համեմատ (Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։ Լեռները քեզ տեսան և դողացին, ջրհեղեղները հոսեցին. անդունդը տվեց իր ձայնը և դեպի վեր բարձրացրեց ձեռքերը։ Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։ Զայրացած առաջացար երկրի վրա, բարկությամբ ոտնակոխեցիր ազգերին։ Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։ Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։ Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։ Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։ Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ Տեր Աստված իմ զորությունն է. իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։ Գլխավոր երաժշտին՝ իր լարային նվագարաններով։ Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։ «Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը։- Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։ «Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ. և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և Մեղքումով երդում անողներին և Տիրոջը հետևելուց ընկրկածներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։ Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։ Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։ Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։ «Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։ Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։ Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. “Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք”։ Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։ Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։ Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր. շեփորի ու մարտակոչի օր պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ։ Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։ Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։ Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ. դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։ Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։ Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։ Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթիների ազգին. Տիրոջ խոսքը ձեր դեմ է, ո՛վ փղշտացիների երկիր՝ ո՛վ Քանան, ես քեզ կործանել եմ, որ բնակիչ չունենաս։ Եվ ծովեզերքը հովիվների գետնափոր արոտավայր կլինի և հոտերի մակաղատեղիներ։ Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։ Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։ Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։ Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։ Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։ Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։ Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։ Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։ Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։ Վա՜յ ապստամբին և պիղծին, կեղեքող քաղաքին։ Ձայնին ականջ չդրեց, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։ Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։ Նրա մարգարեները սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչը որ սուրբ է, բռնացել են օրենքի վրա։ Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։ Ես բնաջնջել եմ ազգերին, ամայացրել եմ նրա աշտարակները, ավերել եմ նրանց փողոցները, որ անցնող չլինի, ավերակ են դարձել նրանց քաղաքները՝ անմարդ, որ բնակիչ չլինի։ Ասացի. «Վախենա ինձանից, խրա՛տ կընդունի», և նրա բնակավայրը չի բնաջնջվի, որքան էլ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կրկին ու կրկին ապականեցին իրենց բոլոր արարքները։ «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։ Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար. Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։ Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։ Եվ քո մեջ մնացորդ պիտի թողնեմ մի խոնարհ և աղքատ ժողովրդի, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը. Իսրայելի մնացորդներն անօրենություն չեն անելու և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի»։ Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Տերը վերացրեց քո դատավճիռները. նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու։ Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։ Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։ «Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։ Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։ Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։ Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ “Այս ժողովուրդն ասում է. "Դեռ չի եկել Տիրոջ Տունը շինելու ժամանակը"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով. «Ձեզ համար ժամանա՞կն է արդյոք, որ ձեղունածածկ տներում բնակվեք, իսկ այս Տունն ավերակ մնա»։ Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, և վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։ Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։ «Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք, բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։ Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։ Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա և երկրի ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա և ձեռքերի ամբողջ վաստակի վրա»։ Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։ Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։ Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։ Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով. «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛. “Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին”»։ «Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։ «Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։ Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։ Պիտի սարսեմ բոլոր ազգերին, և կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը, և այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։- Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։- Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։ Դարեհի երկրորդ տարվա իններորդ ամսի քսանչորսին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեին՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Հիմա քահանաներից օրենքի վերաբերյալ ուսուցո՛ւմ խնդրիր՝ ասելով. "Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։ Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։ Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։ «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք այս օրից դեպի հետ. երբ դեռ քարը քարի վրա չէր դրված Տիրոջ տաճարում։ Երբ կարծում էիք, որ քսան պարկ ցորեն կհավաքեիք, բայց հավաքում էիք տասը, և երբ կարծում էիք, որ մի այգուց հիսուն փուրա գինի կստանայիք, բայց ստանում էիք քսանը, ես ձեզ և ձեր ձեռքի բոլոր գործերին հարվածեցի խորշակով, դալկությամբ և կարկուտով, սակայն դուք դեպի ինձ չդարձաք,- ասում է Տերը։- Հիմա ձեր ուշադրությունը դարձրե՛ք այս օրից և իններորդ ամսի քսանչորսերորդ օրից առաջ, այսինքն՝ այն օրից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց, ուշադրությո՛ւն դարձրեք. մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։ Եվ Տիրոջ խոսքը ամսի քսանչորսին կրկին հասավ Անգեին՝ ասելով. «Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա՛, թե՝ “Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը. և տակնիվեր պիտի անեմ թագավորությունների գահերը և պիտի կորցնեմ ազգերի թագավորությունների զորությունը, տակնիվեր պիտի անեմ մարտակառքն ու նրա հեծյալին, և պիտի ընկնեն ձիերն ու իրենց հեծյալները՝ ամեն մեկն իր եղբոր սրով”»։ «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- ես կվերցնեմ քեզ, ո՛վ իմ ծառա Սաղաթիելյան Զորաբաբել,- ասում է Տերը,- և քեզ իբրև մի կնիք կդարձնեմ, որովհետև ես ընտրել եմ քեզ»,- ասում է Զորքերի Տերը։ Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով. «Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։ Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Դարձե՛ք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Ձեր հայրերի նման մի՛ եղեք, որոնց նախկին մարգարեներն աղաղակելով ասում էին. "Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և ձեր չար արարքներից", բայց նրանք ինձ չլսեցին և ինձ ականջ չդրեցին ասում է Տերը։ Ձեր հայրերն ո՞ւր են, և մարգարեները մի՞թե հավիտյան են ապրում։ Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։ Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսի քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով. «Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։ Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։ Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։ Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։ Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։ Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Հայտարարի՛ր. այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ։ Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։ Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։ Նորի՛ց հայտարարիր՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Իմ քաղաքները դարձյալ պիտի հորդեն բարիքներով, և Տերը կրկին պիտի մխիթարի Սիոնին և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին”»։ Ես աչքերս բարձրացրի և տեսա, և ահա չորս եղջյուրներ։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։ Ապա Տերն ինձ չորս արհեստավորի ցույց տվեց։ Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։ Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։ Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։ Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։ Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. “Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։ Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։ «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։- Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։ Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։ Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։ Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։ «Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։ Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։ Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։ Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։ Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։ Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։ Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց. «Զորքերի Տերն այսպես է ասում. “Եթե իմ ճանապարհներով գնաս և եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես և իմ սրահները կհսկես, և ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։ Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։ Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։ Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- դուք յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջը իր որթատունկի տակ և թզենու տակ”»։ Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։ Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։ Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։ Եվ ես պատասխանեցի ու ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ Ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ի՛նչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։ Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը և նրա ձեռքերն էլ այն պիտի ավարտեն։ Եվ պիտի իմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։ Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։ Եվ ես պատասխան տվեցի ու ասացի նրան. «Աշտանակի աջ կողմի ու նրա ձախ կողմի այս երկու ձիթենիներն ի՞նչ են»։ Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկե յուղն են թափում»։ Եվ նա ասաց ինձ. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։ Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»։ Եվ աչքերս բարձրացրի և տեսա ահա մի թռչող մագաղաթ։ Եվ նա ինձ ասաց. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Ես մի թռչող մագաղաթ եմ տեսնում. երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասը կանգուն»։ Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմի գրածի համեմատ պիտի ջնջվի, իսկ սուտ երդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։ «Եվ ես եմ նրան դուրս հանել,- ասում է Զորքերի Տերը,- և նա պիտի մտնի գողացողի տունը և իմ անունով սուտ երդվողի տունը և նրա տանը պիտի օթևանի և նրան պիտի ոչնչացնի նրա փայտերով ու քարերով»։ Եվ դուրս եկավ ինձ հետ խոսող հրեշտակն ու ինձ ասաց. «Հիմա աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր, թե ի՛նչ է այդ դուրս եկողը»։ Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն է ամբողջ երկրում»։ Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։ Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։ Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։ Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։ Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։ Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։ Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։ Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։ Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։ Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք, իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։ Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։ Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։ Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։ Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև"”։ Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։ Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։ Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային, և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝ Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։ Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։ Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։ Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։ Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։ Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցին և իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։ Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։ «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։- Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։ Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես մեծապես նախանձախնդիր եղա Սիոնի համար և մեծ զայրույթով նախանձեցի նրան”։ Տերն այսպես է ասում. “Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ”։ Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։ Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա հրապարակներում”։ Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։ Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։ Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։ Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։ Բայց հիմա ես այս ժողովրդի մնացորդի հետ նախկին օրերի պես չեմ,- ասում է Զորքերի Տերը,- այլ խաղաղություն պիտի սերմանեմ, որթատունկն իր պտուղը պիտի տա, երկիրն իր արգասիքը պիտի տա, երկինքն իր ցողը պիտի տա, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։ Դուք ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի լինեք. մի՛ վախեցեք, թող զորանան ձեր ձեռքերը”։ Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. “Ինչպես որ մտադրեցի չարիք անել ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ,- ասում է Զորքերի Տերը,- և չզղջացի, նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերին բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը, մի՛ վախեցեք։ Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։ Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։ Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։ Այսպես է ասում Զորքերի Տերը. «Կրկին ժողովուրդներ պիտի գան և շատ քաղաքների բնակիչներ, և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։ Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջ պաղատելու»։ Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։ Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։ Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։ Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։ Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը, և նա կրակով պիտի սպառվի։ Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։ Օտարականները պիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։ Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։ Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։ Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։ Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։ Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։ Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր ծանուցում եմ. կրկնապատիկ եմ հատուցելու քեզ։ Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։ Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։ Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։ Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։ Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։ Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։ Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։ «Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։ Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։ Եվ միասնաբար՝ հզորների նման պիտի լինեն, որ պատերազմելիս տրորում են ցեխոտ փողոցները. պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և ձի հեծնողներին պիտի ամաչեցնեն։ Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։ Եվ Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիներն էլ պիտի տեսնեն և ուրախանան. նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով։ Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։ Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։ Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։ Եվ նա պիտի անցնի նեղության ծովով և ծովում պիտի հարվածի ալիքներին. պիտի չորանան գետի բոլոր խորությունները, պիտի իջեցվի Ասորեստանի ամբարտավանությունը, և պիտի հեռանա Եգիպտոսի գավազանը։ Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։ Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։ Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։ Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։ Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը, որոնց գնողները նրանց մորթում են և հանցավոր չեն զգում. և որոնց ծախողներն ասում են. “Թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա”. և նրանց հովիվները չեն գթալու իրենց։ Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։ Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։ Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։ Ուստի ասացի. «Ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, և կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»։ Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։ Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։ Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։ Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։ Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։ Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։ Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։ Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։ Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։ «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։ Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։ Եվ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. “Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով՝ Զորքերի Տիրոջով”։ Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։ Եվ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը և Երուսաղեմի բնակչի պարծանքը։ Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։ Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։ Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։ Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։ Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։ Մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։ Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։ «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։ Եվ եթե մի մարդ դարձյալ մարգարեանա, այն ժամանակ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, նրան պիտի ասեն. “Չպիտի ապրես, որովհետև Տիրոջ անունով սուտ ես խոսում”։ Եվ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա։ Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։ Այլ պիտի ասի. “Ես մարգարե չեմ, ես մի երկրագործ մարդ եմ, որովհետև հողն է իմ ունեցվածքը իմ մանկությունից ի վեր”։ Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։ «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։ «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։ Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։ Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։ Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։ Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։ Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։ Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի. և դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախաք երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա, բոլոր սրբերը քեզ հետ։ Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։ Մի օր կլինի՝ Տիրոջը հայտնի, ո՛չ ցերեկ և ո՛չ գիշեր, և երեկոյան ժամանակ լույս կլինի։ Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։ Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։ Ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբաայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը. և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա՝ Բենիամինի դարպասից մինչև Առաջին դարպասի տեղը, մինչև Անկյան դարպասը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։ Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։ Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։ Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովվեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը, ոսկի և արծաթ, հանդերձներ՝ մեծ առատությամբ։ Այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։ Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։ Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։ Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։ Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը և այն բոլոր ազգերի պատիժը, որոնք չգնացին տաղավարների տոնը տոնելու։ Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։ Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառական չի լինելու։ Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։ Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։ Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։ Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։ «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։ Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։ Եվ երբ կույր անասունին եք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։ «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։- Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։ Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։ Եվ ասում եք. “Սա ի՜նչ տաժանք է”, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։- Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։ «Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։ Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։ Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։- Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։ Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։ Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։ Բայց դուք խոտորել եք ճանապարհից, շատերին գայթակղեցրել եք ձեր ուսուցումով, դուք ապականել եք Ղևիի ուխտը,- ասում է Զորքերի Տերը։- Ուստի ես ձեզ անարգված և նվաստացած եմ դարձրել ամբողջ ժողովրդի առաջ, քանի որ դուք չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքի մեջ աչառություն եք անում»։ Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։ Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։ Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։ Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։ Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։ «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։ Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։ «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։- Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։ Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։ Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։ Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։ «Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։ Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. “Ինչպե՞ս ետ դառնանք”։ Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտում”. տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։ Դուք անեծքով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։ Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։ Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։- Եվ բոլոր ազգերը ձեզ երանի պիտի տան, որովհետև դուք ցանկալի երկիր եք լինելու,- ասում է Զորքերի Տերը։- Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. “Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ”։ Դուք ասում եք. “Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։ Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։ «Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։ «Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։ Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։ Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։ «Հիշե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները։ Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։ Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով»։ Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին. Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։ Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային. Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին. Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Հովսիային։ Հովսիան ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակ։ Բաբելոնի գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին. Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին. Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում։ Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ»։ Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։ Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։ Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։ Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված. "Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին" »։ Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։ Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։ Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս։ Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» ։ Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային» ։ Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքն առնել ցանկացողները մեռել են»։ Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը։ Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։ Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով. «Անապատում կանչողի ձայնն է. "Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ արեք նրա շավիղները"» ։ Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։ Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։ Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։ Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։ Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։ Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. "Մենք որպես հայր ունենք Աբրահամին", որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։ Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։ Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։ Հոսելին նրա ձեռքում է. նա՛ կմաքրի իր կալը, ցորենը շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։ Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Հովհաննեսը կանխեց նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։ Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։ Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" »։ Այդ ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. "Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի, և նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես" »։ Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես" »։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես" »։ Այդ ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան։ Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, գնաց Գալիլեա. թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր, ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ, հեթանոսների Գալիլեա՛. ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, մեծ լույս տեսավ, և մահվան ստվերով աշխարհում նստողների համար լույս ծագեց» ։ Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և Անդրեասին՝ նրա եղբորը. նրանք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորսներ էին։ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք, իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից։ Այնտեղից առաջանալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։ Նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։ Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից։ Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր". իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Սուտ մի՛ երդվիր, բայց կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը" ։ Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։ Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը թող լինի "այո"-ն "այո", և "ոչ"-ը՝ "ոչ". սրանից ավելին չարից է։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ" ։ Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. " Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ"։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։ «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։ Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։ Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը. քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային ։ Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։ Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։ «Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։ Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։ Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։ Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։ Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։ Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք։ Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։ Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։ Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։ Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։ Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, իսկ արքայության որդիները կգցվեն դուրս՝ արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։ Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ»։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։ Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց» ։ Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմն անցնել։ Նրան մոտեցավ մի դպիր և ասաց. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։ Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ նախ հորս թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։ Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։ Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։ Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։ Երբ անցավ լճի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից։ Նրանք այնքան ահազդու էին, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։ Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։ Եվ նրանցից հեռու խոզերի մի երամակ էր արածում։ Դևերը նրան աղաչում էին ու ասում. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք», և դևերը դուրս ելան ու խոզերի մեջ գնացին։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը վազեց, և ջրի մեջ խեղդվեցին։ Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների հետ պատահածը։ Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։ Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։ Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։ Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։ Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ "Քո մեղքերը ներված են", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. "Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա"»։ Նա վեր կացավ և իր տուն գնաց։ Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։ Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ". որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։ Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։ Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, որովհետև այն ամբողջությամբ հագուստից կքաշի, և է՛լ ավելի վատ պատռվածք կառաջանա։ Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։ Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. «Աղջիկս հենց նոր մահացավ. բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»։ Հիսուսը վեր կացավ, նրա հետևից գնաց, և նրա աշակերտները ևս։ Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, որովհետև իր մտքում ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ»։ Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։ Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին նրան։ Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։ Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։ Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։ Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։ Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։ Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։ Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան։ Հիսուսն այս տասներկուսին ուղարկեց և նրանց պատվիրեց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք. ավելի լավ է՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ գնաք։ Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք. ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։ Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։ Երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք։ Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։ Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը սոդոմացիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք, որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը։ Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։ Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։ Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։ Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։ Որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան՝ իր մորից, հարսին՝ իր սկեսրոջից։ Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն ։ Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։ Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։ Երբ Հիսուսն իր տասներկու աշակերտներին պատվեր տալն ավարտեց, այնտեղից գնաց ուսուցանելու և քարոզելու նրանց քաղաքներում։ Իսկ Հովհաննեսը, բանտում Քրիստոսի գործերի մասին լսելով, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում։ Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։ Բայց երբ նրանք գնացին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարեն։ Որովհետև այդ նա է, ում մասին գրված է. "Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից, որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը" ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։ Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։ Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Բայց այս սերնդին ո՞ւմ նմանեցնեմ. նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին ու ասում. "Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք"։ Որովհետև Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. "Նրա մեջ դև կա"։ Մարդու Որդին եկավ, ուտում է և խմում, ու ասում են. "Ահա մի մարդ՝ ուտող և գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է", և իմաստությունն արդարացվեց նրա գործերից»։ Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ Բայց ձեզ ասում եմ. Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես. որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։ Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, երկնքի ու երկրի Տե՛ր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։ Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։ Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել։ Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։ Իսկ նա ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ ինքն ու իր հետ եղողները քաղցեցին. ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։ Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։ Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ", անմեղներին չէիք դատապարտի։ Սակայն Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։ Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։ Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։ Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։ Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ. իմ Հոգին նրա վրա կդնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։ Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։ Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա» ։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։ Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։ Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։ Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։ Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին պատասխանեցին՝ ասելով. «Վարդապե՛տ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ Որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում։ Նինվեացիները դատաստանին այս սերնդի հետ վեր կկենան և կդատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծն է։ Հարավի թագուհին դատաստանին այս սերնդի հետ վեր կկենա և կդատապարտի նրան, որովհետև երկրի մյուս ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում, բայց չի գտնում։ Այդ ժամանակ ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա"։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։ Այդ ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ Եվ մեկն ասաց նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ, դրսում կանգնած, ուզում են խոսել քեզ հետ»։ Նա պատասխանեց իրեն ասողին ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»։ Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով՝ ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։ Որովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։ Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ Նրա շուրջը ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։ Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում։ Եվ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է. "Շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի։ Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր լսեցին և իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն և ականջներով չլսեն և սրտով չիմանան ու դարձի չգան, և նրանց չբժշկեմ" ։ Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։ Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։ Արդ դուք լսե՛ք սերմնացանի առակը։ Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։ Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն, բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։ Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։ Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ»։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է"։ Իսկ նա ասաց նրանց. "Թշնամի մարդն է դա արել"։ Ծառաները նրան ասացին. "Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք"։ Նա ասաց. "Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։ Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։ Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները » (Սաղ. 78.2)։ Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։ Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է, իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։ Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում, և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ բոլորը հասկացա՞ք»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։ Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, այդտեղից հեռացավ։ Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ Սա հյուսնի որդին չէ՞, սրա մայրը Մարիամ չի՞ կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա։ Սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն։ Որտեղի՞ց սրան այս ամենը»։ Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։ Եվ Հիսուսը նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։ Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել ու բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քեզ չի թույլատրվում նրան կնության առնել »։ Եվ ցանկանում էր նրան սպանել, բայց ժողովրդից վախենում էր, որովհետև Հովհաննեսին որպես մարգարեի էին ընդունում։ Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը հրավիրյալների առաջ պարեց, և Հերովդեսին դա դուր եկավ։ Նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր։ Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Թագավորը տրտմեց, բայց իր երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի։ Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու։ Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլ այն իր մորը տարավ։ Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։ Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։ Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, ժամն էլ ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։ Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։ Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։ Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։ Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։ Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։ Տեղաբնակները, Հիսուսին ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։ Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։ Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները և ասացին. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։ Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" ։ Իսկ դուք ասում եք. "Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”, և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել"։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծու պատվիրանը։ Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։ Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ" »։ Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք ու հասկացե՛ք. մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։ Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։ Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։ Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։ Հիսուսն այնտեղից դուրս ելավ և Տյուրոսի ու Սիդովնի կողմերը գնաց։ Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան՝ ասելով. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել և նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ Եվ նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ. նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի։ Նրանց Հիսուսի ոտքերի առջև դրեցին, և նա բժշկեց նրանց, այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։ Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։ Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»։ Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։ Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։ Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։ Հիսուսը բազմությանն արձակելուց հետո նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ։ Հիսուսի մոտ եկան փարիսեցիներն ու սադուկեցիները և նրան փորձելու համար խնդրում էին, որ իրենց երկնային մի նշան ցույց տա։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. "Լավ եղանակ կլինի, որովհետև երկինքը շառագունել է"։ Իսկ առավոտյան ասում եք. "Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է"։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։ Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ թողեց նրանց ու հեռացավ։ Երբ աշակերտները լճի մյուս ափը գնացին, մոռացան հաց վերցնել։ Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»։ Հիսուսը հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։ Դեռ չե՞ք հասկացել կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք, ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք։ Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք»։ Այն ժամանակ հասկացան, որ հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների աղանդից զգուշանալու։ Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։ Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Դրանից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։ Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։ Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև Մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս չտեսնեն»։ Վեց օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ վերցրեց և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։ Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։ Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ Աշակերտները նրան հարցրին. «Արդ դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի։ Սակայն ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան։ Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։ Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։ Երբ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։ Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել»։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Նրան ինձ մոտ՝ այստե՛ղ բերեք»։ Հիսուսը նրան սաստեց, և դևը նրա միջից դուրս ելավ, ու տղան նույն պահին բժշկվեց։ Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ "Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր", այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։ Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով» ։ Երբ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսը նրանց ասաց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։ Նրան սպանելու են, և երրորդ օրը նա հարություն է առնելու»։ Եվ նրանք շատ տրտմեցին։ Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։ Նա ասաց. «Այո՛, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։ Երբ Պետրոսը նրան պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր իմ ու քո տեղը»։ Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։ Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։ Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։ Եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ կաղ կամ հաշմանդամ կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։ Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես։ Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը։ Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։ Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։ Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։ Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։ Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի ։ Սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում։ Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ։ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար ։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել։ Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան և ասում. "Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։ Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. "Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ"։ Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր։ Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. "Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի"։ Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների»։ Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, և նրանց այնտեղ բժշկում էր։ Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2) ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն", որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։ Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»։ Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։ Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա»։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց։ Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։ Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։ Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։ Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։ Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։ Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։ Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։ «Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ Երրորդ ժամին մոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։ Նրանց էլ ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ"։ Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։ Տասնմեկերորդ ժամին մոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. "Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ"։ Նրան պատասխանեցին. "Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք"։ Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։ Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։ Եկան նաև առաջին ժամին վարձվածները և կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան։ Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին ու ասացին. "Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք"։ Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. "Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ։ Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ"։ Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց. «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։ Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու նրանից մի բան խնդրեց։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին. «Կարող ենք»։ Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից»։ Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։ Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, և ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։ Երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց։ Ահա ճանապարհին երկու կույրեր էին նստած ։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ Իսկ մարդիկ նրանց սաստում էին, որ լռեն. բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ Հիսուսը կանգնեց, նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ Հիսուսը գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին նրա հետևից։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։ Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. «Սիոնի դստերն ասե՛ք. "Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած" »։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։ Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը. օվսաննա՜ Բարձրյալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։ Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։ Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ Եվ ասաց նրանց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի", իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։ Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները և երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն», բարկացան։ Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել. "Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր" »։ Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։ Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ Ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ։ Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։ Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։ Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան", իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։ Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. "Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր"։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Չեմ ուզում", բայց հետո զղջաց ու գնաց։ Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. "Կգնա՛մ, տե՛ր", ու չգնաց։ Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։ Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։ Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։ Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։ Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. "Իմ որդուց կամաչեն"։ Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք"։ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" ։ Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։ Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։ Եվ ուզում էին նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև նրան մարգարե էին համարում։ Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. "Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի”"։ Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։ Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։ Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. "Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք"։ Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. "Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար"։ Նա պապանձվեց։ Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. "Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ"»։ Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։ Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։ Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։ Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։ Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։ Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. "Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի" ։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը..., մինչև յոթերորդը։ Բոլորից հետո նաև կինը մեռավ։ Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։ Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը" ։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։ Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։ Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" ։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ" ։ Արդ, եթե Դավիթը նրան "Տեր" է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։ Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց. «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից "Ռա՛բբի, Ռա՛բբի" կոչվելը։ Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ "Ռաբբի" կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։ Ոչ էլ "ուսուցիչներ" կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։ Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։ Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։ Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Նաև ասում եք՝ ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։ Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։ Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։ Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։ Եվ ասում եք. "Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի"։ Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։ Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։ Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։ Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա։ Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։ Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ Որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" »։ Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։ Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։ Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա), այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու, ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։ Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։ Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։ Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ", չհավատաք։ Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ահա նախապես ձեզ ասացի։ Արդ, եթե ձեզ ասեն՝ "Ահա անապատում է", չելնեք, "Ահա մառանում է", չհավատաք։ Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու. որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։ Նեղության այդ օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն էլ իր լույսը չի տա. աստղերը երկնքից կընկնեն, ու երկնքի զորությունները կշարժվեն։ Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։ Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ վերջը դռների մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։ Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։ Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։ Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։ Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել, այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։ Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։ «Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. "Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու"։ Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են"։ Իմաստունները պատասխանեցին ու ասացին. "Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք"։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։ Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։ Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։ Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. "Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի"։ Եվ նրա տերը նրան ասաց. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. "Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի"։ Նրա տերն ասաց նրան. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. "Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը"։ Նրա տերը պատասխանեց և ասաց. "Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց"։ Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա, և նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։ Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք"։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։ Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք"։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք"։ Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան չտվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք"։ Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. "Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք և քեզ չծառայեցինք"։ Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք"։ Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։ Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։ Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում և խորհուրդ արեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։ Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։ Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոն բորոտի տանը, նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստրե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստել, նա այն նրա գլխին թափեց։ Աշակերտները, այդ տեսնելով, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար էր յուղի այդ վատնումը։ Որովհետև կարելի էր այդ յուղը բարձր գնով վաճառել և աղքատներին տալ»։ Հիսուսը, այդ իմանալով, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդ կնոջն անհանգստացնում. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Աղքատներն ամեն ժամ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Նա, այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով, ինձ թաղման նախապատրաստեց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց»։ Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին, տվեցին նրան։ Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում նրան մատնելու։ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։ Նա ասաց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, ու նրան ասե՛ք. "Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մոտ է. իմ աշակերտների հետ Զատիկը քեզ մոտ եմ տոնելու"»։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ սեղան նստեց։ Եվ մինչ նրանք ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։ Աշակերտները շատ տխրեցին և սկսեցին մեկառմեկ նրան հարցնել. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։ Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։ Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն" ։ Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել ու տագնապել։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։ Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։ Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։ Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։ Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։ Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։ Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։ Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։ Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։ Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։ Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։ Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան և ասացին. «Սա ասում էր. "Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել"»։ Քահանայապետը վեր կացավ և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։ Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ. Այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերի վրայով գալիս »։ Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։ Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով. «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։ Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։ Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։ Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։ Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին, որպեսզի նրան սպանեն։ Նրան կապեցին և տարան ու Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին։ Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝ ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։ Եվ խորհրդակցելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես օտարականների գերեզմանատեղի։ Դրա համար այդ ագարակը մինչ օրս կոչվում է «Արյան ագարակ»։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Վերցրին երեսուն արծաթը՝ այն գինը, որ գնահատել էին Իսրայելի որդիները, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։ Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։ Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։ Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։ Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։ Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։ Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտ մարդ ուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։ Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։ Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։ Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։ Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։ Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։ Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։ Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին։ Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։ Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։ Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։ Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։ Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։ Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։ Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։ Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։ Վեցերորդ ժամից ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը ։ Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։ Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։ Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։ Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։ Ու գերեզմաններից դուրս ելնելով՝ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և շատերին հայտնվեցին։ Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։ Այնտեղ բազում կանայք կային, որ հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ Երբ երեկո եղավ, Արիմաթեայից Հովսեփ անունով մի հարուստ մարդ եկավ։ Նա ևս աշակերտել էր Հիսուսին։ Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը, մարմինը վերցնելով, մաքուր կտավով պատանեց ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ գերեզմանի դիմաց նստած։ Եվ ուրբաթին հաջորդող օրը քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. "Երեք օր հետո հարություն պիտի առնեմ"։ Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. "Մեռելներից հարություն առավ"։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ Պիղատոսը նրանց ասաց. «Պահապան զինվորներ ունեք. գնացե՛ք, զգո՛ւյշ հսկեք, ինչպես որ գիտեք»։ Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։ Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։ Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. "Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք"։ Ահա ասացի ձեզ»։ Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։ Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան և այնտեղ ինձ կտեսնեն»։ Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։ Իսկ նրանք, ծերերի հետ հավաքվելով, խորհրդակցեցին, զինվորներին բավական արծաթ տվեցին և ասացին. «Ասե՛ք. "Երբ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան և նրան գողացան"։ Իսկ եթե այս լուրը կառավարչին հասնի, մենք նրան կհամոզենք և ձեզ հոգսից կազատենք»։ Զինվորները վերցրին արծաթը և արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչև այսօր տարածված է հրեաների մեջ։ Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։ Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։ Ինչպես գրել են մարգարեները. «Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից, որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ» ։ «Անապատում կանչողի ձայնն է. "Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"» ։ Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։ Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։ Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։ Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։ Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծու Հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։ Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։ Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։ Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա. քարոզում էր Աստծու թագավորության Ավետարանն ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։ Գալիլեայի լճափով անցնելիս տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին, որոնք լճի մեջ ուռկան էին գցում, որովհետև ձկնորս էին։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, ու ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք անմիջապես իրենց ուռկանները թողեցին ու նրան հետևեցին։ Փոքր-ինչ առաջանալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք ևս նավի վրա ուռկաններ էին կարգի բերում. նրանց էլ իսկույն կանչեց։ Նրանք, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավի վրա թողնելով, նրան հետևեցին։ Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։ Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։ Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։ Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով՝ նրա միջից դուրս եկավ։ Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։ Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։ Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր։ Իսկույն նրա մասին ասացին Հիսուսին։ Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։ Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել։ Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։ Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին։ Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։ Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։ Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց։ Եվ նրան անմիջապես դուրս հանելով՝ հորդորեց ու ասաց. «Զգո՛ւյշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային ու քո մաքրվելու համար մատուցի՛ր այն, ինչ Մովսեսն է հրամայել՝ որպես դրա վկայություն»։ Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։ Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։ Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծու խոսքն էր քարոզում նրանց։ Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով ։ Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներից ոմանք նստած էին այնտեղ և իրենց մեջ մտածում էին. «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։ Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։ Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ "Քո մեղքերը ներված են քեզ", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի (անդամալույծին ասաց), ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։ Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ Անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևիին՝ մաքսատանը նստած, ու նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։ Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։ Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։ Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։ Բայց օրեր կգան, և փեսան նրանց միջից կվերցվի. այդ օրերին էլ ծոմ կպահեն։ Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»։ Եվ այնպես եղավ, որ նա շաբաթ օրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ։ Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, շաբաթ օրով ի՛նչ են անում. օրինավոր չէ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված էին և՛ ինքը, և՛ իր հետ եղողները. ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։ Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։ Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Եվ սպասում էին Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞ նրան, որպեսզի ամբաստանեին։ Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի՞ գործ անել, թե՞ չար, մի կյանք փրկե՞լ, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լռեցին։ Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։ Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։ Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։ Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն։ Քանի որ շատերին էր բժշկել, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար։ Եվ երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդին ես»։ Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ։ Եվ նրանք նրա մոտ գնացին։ Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու, և որ նրանք ցավերը բուժելու, դևեր հանելու իշխանություն ունենան։ Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց, Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ», Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն և Հուդա Իսկարիովտացուն, որն էլ մատնեց նրան։ Եվ տուն եկան. դարձյալ բազմություն հավաքվեց, նույնիսկ չկարողացան հաց ուտել։ Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։ Այդ ժամանակ Հիսուսը, նրանց իր մոտ կանչելով, առակներով ասում էր նրանց. «Սատանան ինչպե՞ս կարող է սատանային դուրս հանել։ Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել։ Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը կանգուն մնալ չի կարող։ Եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանվի, չի կարող կանգուն մնալ. նրա վախճանը հասել է։ Ոչ ոք, զորեղ մարդու տունը մտնելով, չի կարող նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի. հետո նրա տունը կկողոպտի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքները կներվեն, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։ Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, թե նրա մեջ պիղծ ոգի կա։ Հետո եկան նրա մայրն ու եղբայրները և դրսում կանգնած՝ նրա մոտ մարդ ուղարկեցին, որ նրան կանչի։ Նրա շուրջը նստել էր բազմությունը։ Նրան ասացին. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում քեզ են ուզում»։ Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Ապա իր շուրջը նստածներին նայեց ու ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։ Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։ Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։ Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում. «Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։ Եվ սերմանելիս մի քանիսը ճանապարհի եզրին ընկան. երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։ Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար. հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։ Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ, արմատ չունենալու պատճառով չորացան։ Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։ Մյուսները պարարտ հողի մեջ ընկան, բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեցին. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ հարյուր»։ Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ էին, ինչպես նաև տասներկու աշակերտները, նրան հարցրին այդ առակի մասին։ Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում, որպեսզի ինչքան էլ նայեն, չտեսնեն, ինչքան էլ լսեն, չիմանան. չլինի թե դարձի գան, ու նրանց մեղքերը ներվեն »։ Եվ նրանց ասաց. «Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։ Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որոնց մեջ սերմանվում է խոսքը, բայց երբ լսում են, սատանան իսկույն գալիս է և վերցնում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։ Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։ Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։ Բայց պարարտ հողի մեջ սերմանվածները նրանք են, որոնք լսում են խոսքը, ընդունում և պտուղ են տալիս. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկը՝ հարյուր»։ Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ գրվանի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ ճրագակալի վրա պիտի դրվի։ Այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Եվ նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա։ Որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։ Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։ Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։ Հողն ինքնիրեն պտուղ է տալիս. նախ՝ ծիլ, հետո՝ հասկ, դրանից հետո՝ հասկի մեջ լցված ցորեն։ Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։ Եվ ասում էր. «Աստծու արքայությունն ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ օրինակով այն ներկայացնենք։ Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։ Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել»։ Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։ Նրանց հետ առանց առակի չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։ Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. « Եկեք մյուս կողմն անցնենք»։ Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։ Ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել։ Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։ Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։ Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր». որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։ Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։ Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։ Դևերը նրան աղաչեցին ու ասացին. «Մեզ այն խոզերի մե՛ջ ուղարկիր, որ նրանց մեջ մտնենք»։ Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։ Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։ Մարդիկ դուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։ Եկան Հիսուսի մոտ և դիվահարին, որ լեգեոն ուներ, նստած, հագնված ու խելքը գլուխը եկած տեսան ու վախեցան։ Տեսնողները նրանց պատմեցին, թե ի՛նչ եղավ այն դիվահարի և խոզերի հետ։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։ Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։ Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։ Նա գնաց ու սկսեց Դեկապոլիսում քարոզել, ինչ որ Հիսուսն արել էր իրեն։ Եվ բոլորը զարմանում էին։ Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ. նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։ Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։ Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։ Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ, որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։ Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։ Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ "Իմ հագուստին ո՞վ դիպավ"»։ Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։ Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։ Նա դեռ խոսում էր, երբ ժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։ Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ Եվ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբորից՝ Հովհաննեսից։ Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։ Ներս մտավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած է»։ Իսկ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս արեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եկածներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած։ Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Բոլորը շատ զարմացան։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք դրա մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելու բան տան։ Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։ Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի ու Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։ Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։ Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։ Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում։ Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։ Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն, բացի գավազանից. ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտու մեջ, այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։ Նրանց նաև ասաց. «Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք այնքան ժամանակ, մինչև այնտեղից մեկնեք։ Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։ Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։ Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց։ Եվ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև նրա անունը հայտնի էր դարձել։ Ոմանք ասում էին, թե Հովհաննես Մկրտիչը մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա կողմից հրաշքներ են գործվում։ Ոմանք ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ, թե մարգարե է կամ մարգարեների նման մեկը։ Եվ երբ Հերովդեսը լսեց, ասաց. «Սա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի. նա մեռելներից հարություն է առել»։ Որովհետև Հերովդեսն ինքն էր ուղարկել Հովհաննեսին բռնելու և նրան բանտարկելու իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, որին կնության էր առել։ Իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասել էր. «Չի թույլատրվում, որ եղբորդ կնոջն առնես»։ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում, որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։ Մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրն ընթրիքի էր հրավիրել նախարարներին, զորապետներին ու Գալիլեայի մեծամեծներին։ Երբ Հերովդիայի աղջիկը ներս մտավ և պարեց, Հերովդեսին ու հրավիրվածներին դուր եկավ։ Թագավորն աղջկան ասաց. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»։ Եվ նրան երդվեց. «Ի՛նչ էլ ինձանից խնդրես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Աղջիկը շտապ թագավորի մոտ մտավ ու ասաց. «Ուզում եմ, որ հիմա Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա ինձ տաս»։ Թագավորը շատ տրտմեց, բայց հրավիրվածների ներկայությամբ տված երդման պատճառով չցանկացավ նրան մերժել։ Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։ Նա գլուխն սկուտեղի վրա բերեց և տվեց աղջկան, իսկ աղջիկը մորը տվեց այն։ Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինն ու գերեզման դրեցին։ Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Որովհետև եկող-գնացողները շատ էին, և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։ Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։ Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին։ Բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է, և ուշ ժամ է։ Ժողովրդին արձակի՛ր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք երկու հարյուր դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտե՞ն»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։ Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև տասներկու լիքը կողով։ Նրանք, որ հաց կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։ Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը՝ ցամաքին, մենակ։ Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էր փչում ։ Գիշերվա չորրորդ ժամին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։ Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Ապա նրանց մոտ՝ նավ բարձրացավ, ու քամին դադարեց։ Եվ աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին։ Որովհետև չէին հասկացել նաև այն հացի հրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։ Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ ու ցամաք ելան։ Երբ նրանք դուրս եկան նավից, մարդիկ իսկույն ճանաչեցին Հիսուսին։ Այդժամ գավառի ամբողջ շրջակայքից վազեցին և սկսեցին մահիճներով հիվանդների բերել, որտեղ լսում էին, թե Հիսուսն այնտեղ է։ Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին։ Եվ ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։ Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին։ Եվ երբ տեսան, որ նրա աշակերտներից մի քանիսը անմաքուր ձեռքերով, այսինքն՝ առանց լվացվելու, հաց են ուտում, հանդիմանեցին նրանց։ Որովհետև փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։ Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։ Արդ, փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթով չեն առաջնորդվում, այլ անլվա ձեռքերով են հաց ուտում»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել" (Ես. 29.13)։ Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։ Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։ Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" ։ Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է "Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված"), և նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք"։ Եվ Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք։ Ու սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»։ Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք. դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։ Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։ Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։ Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։ Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի և Սիդովնի սահմանները։ Նա մի տուն մտավ և չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։ Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված։ Նա եկավ և Հիսուսի ոտքերն ընկավ։ Այդ կինը հեթանոս էր, ազգությամբ Փյունիկեի ասորի։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս հանի։ Սակայն Հիսուսը նրան ասաց. «Նախ թող երեխաները կշտանան, որովհետև լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել»։ Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ երեխաների՝ սեղանից թափած փշրանքներով են կերակրվում»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո աղջկա միջից դուրս ելավ»։ Եվ երբ իր տուն վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած և դևին՝ դուրս ելած։ Եվ դարձյալ Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից դուրս ելավ և Դեկապոլիսի սահմանների միջով Գալիլեայի լիճ գնաց։ Նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին և աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։ Հիսուսը նրան ժողովրդից հեռու՝ մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց և, թքելով, դիպավ նրա լեզվին։ Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։ Եվ նրա ականջներն իսկույն բացվեցին, լեզվի կապն արձակվեց, և վարժ խոսում էր։ Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն. սակայն ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում։ Չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում. խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել»։ Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և ուտելու բան չունեին, Հիսուսն իր աշակերտներին կանչեց ու նրանց ասաց. «Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել»։ Աշակերտները պատասխանեցին նրան. «Ինչպե՞ս կարելի է այս ամայի վայրում նրանց հացով կշտացնել»։ Հիսուսը հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ։ Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ գետնին նստեն։ Եվ վերցրեց այն յոթ հացը, գոհություն հայտնեց, մասերի բաժանեց և իր աշակերտներին տվեց, որ բաժանեն. նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Ունեին նաև մի քանի փոքր ձկներ. նա օրհնեց ու ասաց, որ դրանք էլ բաժանեն։ Կերան ու կշտացան. և յոթ զամբյուղ էլ ավելացած կտորներ հավաքեցին։ Մոտ չորս հազար մարդ կար։ Ապա Հիսուսը նրանց արձակեց և աշակերտների հետ իսկույն նավ մտավ ու Դաղմանութայի կողմերը եկավ։ Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել. նրան փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից։ Եվ նա հոգով տրտմեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու»։ Նրանց թողեց, դարձյալ նավ մտավ ու մյուս կողմը գնաց։ Աշակերտները մոռացել էին հաց վերցնել։ Նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին։ Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։ Աշակերտները մտածում էին և իրար մեջ ասում. «Քանի որ հաց չունենք, դրա համար է այդ ասում»։ Հիսուսը հասկացավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք մտածում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։ Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու չե՞ք հիշում։ Երբ այն հինգ հացը հինգ հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի՞ կողով լիքը վերցրիք»։ Նրան ասացին. «Տասներկու»։ «Իսկ երբ յոթ հացը չորս հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորների՞ց քանի զամբյուղ լիքը վերցրիք»։ Նրանք ասացին. «Յոթ»։ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս չեք հասկանում»։ Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, և բոլորին պարզ տեսնում էր։ Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։ Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, ոմանք էլ՝ մարգարեներից մեկը»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։ Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։ Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։ Սակայն Հիսուսը դարձավ դեպի իր աշակերտները, նայեց նրանց և Պետրոսին հանդիմանեց ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես մտածում, ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ»։ Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա։ Ով, ապրելով այս շնացող և մեղավոր ազգի մեջ, ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրա՛ն կամաչեցնի, երբ գա իր Հոր փառքով ու սուրբ հրեշտակներով»։ Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։ Վեց օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։ Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։ Ապա նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, և խոսում էին Հիսուսի հետ։ Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։ Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ. այդ ամպից ձայն հնչեց և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։ Լեռից իջնելիս նրանց պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ մեկի չպատմեն մինչև այն ժամանակը, երբ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի։ Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ "Նախ Եղիան պետք է գա"»։ Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։ Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։ Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։ Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։ Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»։ Ժողովրդի միջից մեկը պատասխանեց ու ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի և համրացել է։ Որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս, և նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճտացնում և փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեզ հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ հանդուրժելու։ Նրան ինձ մո՛տ բերեք»։ Եվ նրան իր մոտ բերեցին։ Հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային, և նա ընկավ գետնին, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից. շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի։ Բայց եթե կարող ես մի բան անել, գթա՛ մեզ և օգնի՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։ Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։ Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն ու նրան ասաց. «Համր ու խո՛ւլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դո՛ւրս արի նրա միջից ու այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ Եվ ոգին, աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով, դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։ Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով »։ Նրանք այնտեղից դուրս եկան և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, որովհետև աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, և նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը հարություն է առնելու։ Իսկ նրանք այդ խոսքը չէին հասկանում ու վախենում էին նրան հարցնել։ Հիսուսը Կափառնաում եկավ և երբ տուն մտավ, նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ Սակայն նրանք լռում էին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։ Հիսուսը նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը»։ Ապա վերցրեց մի երեխայի, նրանց մեջտեղում կանգնեցրեց և նրան գրկելով՝ ասաց նրանց. «Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։ Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում »։ Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել. որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։ Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։ Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք խեղանդամ մտնես, քան երկու ձեռք ունենաս, բայց գեհեն գնաս՝ այն անշեջ կրակի մեջ. "Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ Եվ եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք կաղ մտնես, քան երկու ոտք ունենաս և գեհեն ընկնես՝ այն անշեջ կրակի մեջ. "Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես. "Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ Որովհետև ամեն ոք կրակով է աղվելու, ինչպես ամեն զոհ աղով է աղվում։ Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մե՛ջ եղեք»։ Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։ Նրան մոտեցան նաև փարիսեցիները և փորձելու համար նրան հարցրին. «Թույլատրվո՞ւմ է մարդուն իր կնոջն արձակել»։ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»։ Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել»։ Բայց Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Նա ձեր խստասրտության պատճառով է այդ պատվիրանը ձեզ գրել։ Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց. "Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա։ Եվ երկուսը մեկ մարմին կլինեն". հետևաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։ Տանը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան։ Եվ նա ասաց նրանց. «Ով իր կնոջն արձակի ու մի ուրիշի հետ ամուսնանա, առաջին կնոջ դեմ շնություն է անում։ Իսկ եթե մի կին իր ամուսնուն արձակի և ուրիշ տղամարդու հետ ամուսնանա, շնություն է անում»։ Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։ Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։ Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։ Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց։ Պատվիրանները գիտես. "Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր" »։ Իսկ նա պատասխանեց. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ»։ Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։ Բայց նա, այդ խոսքից մռայլվելով, տրտմած գնաց, որովհետև մեծ ունեցվածքի տեր էր։ Եվ Հիսուսը, շուրջը նայելով, իր աշակերտներին ասաց. «Որքա՜ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել»։ Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել ։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայությունը մտնի»։ Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։ Այդժամ Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, և հիմա՝ այս ժամանակ, չստանա հարյուրապատիկը՝ տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր՝ կրելով նաև հալածանքներ, իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։ Բայց շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։ Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը նրանցից առաջ ընկած գնում էր. աշակերտները զարմացած ու վախեցած նրան էին հետևում։ Հիսուսը տասներկուսին դարձյալ առանձնացրեց և սկսեց նրանց ասել, թե իրեն ինչե՛ր են պատահելու։ «Ահա Երուսաղեմ ենք ելնում, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետների և դպիրների ձեռքը. նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն։ Նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն նրան, և երրորդ օրը հարություն կառնի»։ Եվ Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ այն, ինչ քեզանից խնդրելու ենք, անես մեզ համար»։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ համար անեմ»։ Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությամբ մկրտվել, որով ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, կմկրտվեք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ։ Հիսուսը նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, և նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։ Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։ Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։ Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է»։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։ Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ "Ինչո՞ւ եք դա անում", ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։ Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։ Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակն արձակում»։ Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը. օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Օվսաննա՜ Բարձրյալին »։ Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։ Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։ Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" ։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։ Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։ Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան. «Ռա՛բբի, տե՛ս այն թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. "Ե՛լ ու ծո՛վն ընկիր", ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։ Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ»։ Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխա՛ն տվեք ինձ»։ Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան"։ Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։ Պատասխանեցին ու Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։ Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։ Երբ ժամանակը եկավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ մշակներից այգու բերքից վերցնի։ Իսկ նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն ուղարկեցին։ Դարձյալ մի ուրիշ ծառայի ուղարկեց նրանց մոտ, և քարկոծելով ջարդեցին նրա գլուխն ու անարգելով վռնդեցին ։ Եվ նորից ուրիշի ուղարկեց. սրան էլ սպանեցին։ Եվ այդպես շատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ Նա մի սիրելի որդի ուներ, որին վերջում ուղարկեց նրանց մոտ ու ասաց. "Գուցե որդուցս ամաչեն"։ Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, միմյանց ասացին. "Սա է ժառանգը. եկեք նրան սպանենք, և ժառանգությունը մերը կլինի"։ Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին։ Արդ այգու տերն ի՞նչ կանի. կգա ու մշակներին կորստյան կմատնի և այգին կտա ուրիշներին։ Եվ դուք այն գրվածը չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները որպես անպիտան մերժեցին, անկյունաքար եղավ"։ Տերը դա արեց, և մեր աչքերին սքանչելի է»։ Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։ Եվ փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանի հոգու նրա մոտ ուղարկեցին, որ խոսքով ծուղակը գցեն նրան։ Նրանք եկան ու նրան ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես, և ոչ ոք քեզ հոգ չէ, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա՛ մեզ, կայսրին հարկ տալն օրինավո՞ր է, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։ Իսկ նա, նրանց կեղծավորությունը հասկանալով, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում. ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։ Եվ նրանք բերեցին։ Եվ նրանց հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։ Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա։ Նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է, որ եթե մեկի եղբայրը մեռնի ու կին թողնի, բայց զավակներ չթողնի, նրա եղբայրը թող կնության առնի նրա կնոջն ու իր եղբոր համար զավակ ապահովի ։ Ահա յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու մեռնելուց հետո զավակ չթողեց։ Երկրորդը նրան կնության առավ ու մեռավ, նա էլ զավակ չթողեց, նույն կերպ էլ երրորդը... Եվ այն յոթն էլ նրան կնության առան ու զավակ չթողեցին։ Իսկ բոլորից հետո կինը մեռավ։ Արդ, հարության ժամանակ, երբ հարություն առնեն, կինը նրանցից որի՞նը կլինի. որովհետև յոթն էլ նրան կնության էին առել»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։ Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։ Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" ։ Նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի. ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում»։ Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է՝ "Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։ Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ" ։ Սա է առաջին պատվիրանը։ Իսկ երկրորդը սրան նման է՝ "Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես" ։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ Եվ դպիրը նրան ասաց. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բացի ուրիշը չկա։ Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։ Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է։ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կողմո՛ւմ նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ" ։ Արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, հապա ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»։ Եվ մեծ բազմությունը հաճույքով նրան էր լսում։ Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել, ժողովարաններում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին՝ առաջին տեղերը։ Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկար աղոթք են անում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու»։ Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպե՛ս էր գանձանակի մեջ փող գցում։ Շատ հարուստներ մեծ գումար էին գցում։ Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ ։ Այդժամ Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները, որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։ Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր ու ինչպիսի՜ շինություններ են»։ Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինությունները. այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։ Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը նրան առանձին հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։ Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։ Շատերը իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։ Բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններ կլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։ Բայց դուք զգուշացե՛ք ձեր կյանքի համար. ձեզ դատարաններ կհանձնեն, ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք՝ իմ մասին նրանց վկայություն տալու։ Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։ Երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, կանխավ մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն (ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի, ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։ Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։ Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմեռ ժամանակ չլինի։ Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։ Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։ Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը" կամ "Ահա այնտեղ է", չհավատաք։ Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։ Բայց այդ օրերին՝ այդ նեղություններից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա։ Աստղերը երկնքից կընկնեն, ու երկնային զորությունները կսասանվեն։ Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով մեծ զորությամբ ու փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։ Բայց դաս առեք թզենո՛ւ օրինակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք. երբ տեսնեք, որ այս ամենը տեղի է ունենում, իմացե՛ք, որ վերջը մոտեցել է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։ Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։ Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։ Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։ Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք»։ Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։ Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։ Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։ Սակայն ոմանք սրտնեղեցին՝ ասելով. «Ինչի՞ համար էր յուղի այս վատնումը, որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդ կնոջը ։ Հիսուսն ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք նեղացնում։ Նա ինձ համար մի բարի գործ արեց։ Աղքատները միշտ ձեզ հետ են. երբ ուզեք, նրանց կարող եք բարիք անել, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Նա արեց, ինչ որ կարող էր. նախօրոք օծեց իմ մարմինը՝ թաղմանը նախապատրաստելու համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ որ այս Ավետարանը քարոզվի, ի հիշատակ նրա՝ այդ արարքի մասին էլ կպատմվի»։ Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։ Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։ Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։ Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. "Վարդապետն ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը"։ Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար»։ Աշակերտները գնացին քաղաք ու ամեն ինչ գտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ եկավ։ Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։ Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։ Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ նրանց ասաց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։ Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ Գալիլեա կգնամ»։ Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի »։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։ Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. սկսեց տագնապել ու տխրել։ Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կացեք»։ Եվ փոքր-ինչ առաջ գնաց, երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։ Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակն ինձանից հեռացրո՛ւ, բայց թող չլինի, ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։ Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մի ժամ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Եվ դարձյալ գնաց, աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։ Վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, ու չգիտեին՝ նրան ի՛նչ պատասխանեին։ Երրորդ անգամ եկավ ու նրանց ասաց. «Դուք դեռ քնա՞ծ եք և հանգստանո՞ւմ եք։ Բավական է։ Ժամը եկավ, և ահա Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վե՛ր կացեք գնանք. ահա ինձ մատնողը մոտեցավ»։ Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին։ Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։ Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, և բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։ Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետի պալատի գավթի ներսը. սպասավորների հետ նստել էր այնտեղ ու կրակի մոտ տաքանում էր։ Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։ Ոմանք վեր կացան, նրա դեմ սուտ վկայեցին՝ ասելով. «Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու երեք օրում մեկ ուրիշը՝ անձեռակերտը, կկառուցեմ"»։ Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։ Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք քո դեմ այս ի՞նչ են վկայում»։ Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց. «Ես եմ։ Եվ դուք պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերով գալիս »։ Եվ քահանայապետը, իր պատմուճանը պատռելով, ասաց. «Այլևս կարիք ունե՞նք վկաների։ Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։ Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։ Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ և տեսավ Պետրոսին, որ տաքանում էր. նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ գիտեմ և ո՛չ էլ հասկանում եմ, թե դու ի՛նչ ես ասում»։ Նա նախագավիթ դուրս եկավ, և աքաղաղը կանչեց։ Աղախինը տեսավ նրան և այնտեղ գտնվողներին դարձյալ սկսեց ասել. «Սա էլ է նրանցից»։ Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ հետո այնտեղ գտնվողները Պետրոսին դարձյալ ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է »։ Պետրոսը սկսեց նզովել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։ Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։ Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Դո՛ւ ես ասում»։ Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։ Պիղատոսը նրան դարձյալ հարցրեց ու ասաց. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՛ն են քեզ ամբաստանում»։ Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։ Ամեն Զատկի տոնին Պիղատոսը նրանց համար մի բանտարկյալ էր արձակում, ում համար որ նրանք խնդրում էին։ Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ Ամբոխն սկսեց բարձրաձայն աղաղակել ու պահանջել, որ Պիղատոսն անի այն, ինչ միշտ անում էր իրենց համար։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար». որովհետև նա գիտեր, որ քահանայապետները նախանձից էին հանձնել նրան։ Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ պահանջեն՝ Բարաբբային իրենց համար արձակի։ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց ու ասաց. «Ապա ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք ասում»։ Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։ Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։ Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։ Նրան ծիրանի հագցրին ու գլխին փշերից հյուսված պսակ դրեցին։ Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա և ծնկի գալով երկրպագում էին նրան։ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։ Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հորը, որը գալիս էր արտից, որ կրի Հիսուսի խաչափայտը։ Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։ Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։ Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ Երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին։ Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։ Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։ Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։ Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։ Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։ Վեցերորդ ժամին ամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը ։ Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։ Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։ Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։ Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։ Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկու մասի պատռվեց։ Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպես Հիսուսն աղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։ Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։ Նրանք ևս, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից ու ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։ Երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր՝ շաբաթ օրվա նախօրեն, եկավ Արիմաթեացի Հովսեփը, որը խորհրդի երևելի անդամ էր և ինքն էլ էր Աստծու արքայությանն սպասում։ Նա համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել և խնդրել Հիսուսի մարմինը։ Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն արդեն մեռել էր։ Նա հարյուրապետին իր մոտ կանչեց, նրան հարցրեց ու ասաց. «Վաղո՞ւց է, որ մեռել է»։ Եվ հարյուրապետից տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին շնորհեց։ Հովսեփը կտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։ Մարիամ Մագդաղենացին ու Հովսեսի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։ Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամն ու Սալոմեն խունկեր գնեցին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։ Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։ Եվ միմյանց ասում էին. «Գերեզմանի մուտքից մեզ համար քարը ո՞վ կգլորի»։ Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ էր գլորված. այն շատ մեծ էր։ Գերեզման մտան և մի երիտասարդի տեսան՝ աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուճան, և վախեցան։ Եվ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։ Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին ու Պետրոսին ասացե՛ք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»։ Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։ Հիսուսը հարություն առնելուց հետո՝ շաբաթվա առաջին օրվա առավոտյան, նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։ Իսկ երբ նրանք լսեցին, որ Հիսուսը ողջ է ու երևացել է նրան, չհավատացին։ Հետո Հիսուսը այլ կերպարանքով երևաց նրանց, ովքեր արտ էին գնում։ Նրանք ևս գնացին և մյուսներին պատմեցին, բայց ոչ էլ նրանց հավատացին։ Վերջում, երբ տասնմեկ աշակերտները սեղան էին նստել, Հիսուսը երևաց նրանց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու քարսրտության համար, որ չհավատացին նրանց, ովքեր իրեն տեսել էին հարություն առած։ Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն»։ Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Աստծու աջ կողմում։ Իսկ նրանք գնացին և քարոզում էին ամենուր Տիրոջ գործակցությամբ և իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։ Քանի որ մեզանում կատարված դեպքերի պատմությունը վերաշարադրելը շատերը ձեռնարկեցին, ինչպես ականատեսներն ու Խոսքին սպասավոր եղողներն էին սկզբից ավանդել մեզ, ես էլ, որ սկզբից ճշգրտորեն հետևում էի ամեն բանի, ուզեցի կարգով գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե, որպեսզի ճանաչես հավաստիությունը այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. նրա կինն Ահարոնի սերնդից էր, անունը՝ Եղիսաբեթ։ Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։ Նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր, և երկուսն էլ ծեր էին։ Եվ երբ Աստծու առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ, քահանայության սովորության համաձայն՝ իրեն վիճակվեց, որ Տիրոջ տաճարը մտնի՝ խնկարկություն անելու։ Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի. նրա ծնունդով շատերը կուրախանան, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և ցքի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։ Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։ Զաքարիան հրեշտակին ասաց. «Ես դա ինչպե՞ս իմանամ. չէ՞ որ ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։ Հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծու առաջ եմ կանգնում. ուղարկվել եմ քեզ հետ խոսելու և այս բաների մասին քեզ ավետիս տալու։ Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։ Ժողովուրդը Զաքարիային էր սպասում, և տաճարում զարմանում էին, որ նա ուշանում է։ Երբ դուրս եկավ, նրանց հետ չէր կարողանում խոսել, և իմացան, որ տաճարում տեսիլք էր տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։ Բայց երբ նրա ծառայության օրերն ավարտվեցին, գնաց իր տուն։ Այն օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս իր հղիությունը գաղտնի էր պահում և ասում. «Տերն այս օրերին ինձ այսպես արեց, ինձ վրա նայեց, որ մարդկանց առաջ իմ նախատինքը վերացնի»։ Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ի՛նչ է նշանակում։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը, և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։ Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո ասածի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրա մոտից։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։ Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։ Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի։ Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։ Որովհետև Հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց. և սուրբ է նրա անունը։ Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ իրենից երկյուղածների վրա է։ Իր բազկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին՝ իրենց սրտի խորհուրդներով։ Զորավորներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց։ Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ հավիտյան»։ Մարիամը նրա մոտ մնաց գրեթե երեք ամիս և իր տուն վերադարձավ։ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։ Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում, բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։ Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։ Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։ Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։ Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։ Եվ բոլոր լսողները պատմվածն իրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։ Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր կանգնեցրեց, ինչպես որ դարեր առաջ իր սուրբ մարգարեների բերանով ասել էր. Փրկություն կտա մեր թշնամիներից, բոլոր մեզ ատողների ձեռքից, ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը։ Պահեց այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին, որպեսզի մեզ արժանավորի, մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո իրեն աներկյուղ պաշտենք՝ որպես մեր կյանքի բոլոր օրերին նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։ Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե պիտի կոչվես, որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝ նրա ճանապարհները պատրաստելու, որպեսզի նրա ժողովրդին, մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։ Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։ Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։ Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։ Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։ Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։ Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։ Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց. Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախ ապրեցին։ Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։ Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։ Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։ Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած։ Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։ Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։ Իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտորում։ Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։ Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։ Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես Տիրոջ օրենքում է գրված. «Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի» ։ Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն պետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ ։ Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։ Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։ Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց. «Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։ Լույս՝ հեթանոսներին լուսավորելու, և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։ Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։ Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։ Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։ Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։ Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։ Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։ Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։ Նրա ծնողներն ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում։ Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, նրանք, տոնի սովորության համաձայն, Երուսաղեմ գնացին։ Երբ տոնակատարության օրերը լրացան, և նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը Երուսաղեմում մնաց. նրա ծնողները չիմացան այդ մասին։ Կարծելով, թե նա ուղեկիցների հետ է, մեկ օրվա ճանապարհ եկան, ապա նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ Երբ նրան չգտան, հետ դարձան Երուսաղեմ՝ նրան փնտրելու։ Երեք օր հետո նրան գտան տաճարում վարդապետների մեջտեղում նստած. լսում էր նրանց ու հարցեր տալիս։ Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։ Երբ ծնողները նրան տեսան, ապշեցին։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես արեցիր. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»։ Իսկ նրանք չհասկացան այն խոսքը, որ իրենց ասաց։ Եվ նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նրանց հնազանդ էր։ Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով։ Տիբերիոս կայսեր կառավարման տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, և Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետն իտուրացիների և տրաքոնացիների երկրում, Լյուսանիասը՝ չորրորդապետն Աբիլենեի, Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Նա եկավ Հորդանանի բոլոր կողմերը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունը քարոզելով, ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. "Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան։ Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի"» ։ Եվ ժողովրդի այն բազմություններին, որոնք դուրս էին եկել նրանից մկրտվելու, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. "Մենք Աբրահամին մեզ հայր ունենք"։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։ Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։ Եվ ժողովուրդը նրան հարցնում էր. «Հապա ի՞նչ անենք»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ով երկու հագուստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»։ Մաքսավորները եկան մկրտվելու ու նրան ասացին. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածից ավելին մի՛ պահանջեք»։ Զինվորներն էլ էին նրան հարցնում. «Հապա մե՞նք ինչ անենք»։ Նրանց էլ ասաց. «Ոչ մեկի մի՛ հարստահարեք, ոչ էլ զրպարտություն արեք. ձեր վարձո՛վ բավարարվեք»։ Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում մտածում էին Հովհաննեսի մասին. «Գուցե Քրիստոսը նա՞ է»։ Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։ Հոսելին իր ձեռքին է, և նա իր կալը կսրբի, ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի»։ Եվ ուրիշ շատ բաներ հորդորելով քարոզում էր ժողովրդին։ Բայց Հերովդես չորրորդապետը, որ Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի համար և բոլոր չար գործերի համար, որ արել էր, այդ ամենին սա էլ ավելացրեց. Հովհաննեսին բանտում փակեց։ Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Երբ Հիսուսը իր գործն սկսեց, երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, Հեղիի, Մատթատի, Ղևիի, Մեղքիի, Հաննեի, Հովսեփի, Մատաթիայի, Ամովսի, Նավումի, Եսղիի, Նանգեի, Մաաթի, Մատաթիայի, Սեմեիի, Հովսեփի, Հուդայի, Հովհաննայի, Րեսայի, Զորաբաբելի, Սաղաթիելի, Ներեիի, Մեղքիի, Ադդեիի, Կովսամի, Եղմովդադի, Էրի, Հովսեսի, Եղիազարի, Հովրիմի, Մատթատի, Ղևիի, Սիմեոնի, Հուդայի, Հովսեփի, Հովնանի, Եղիակիմի, Մելիայի, Մայնանի, Մատտաթայի, Նաթանի, Դավթի, Հեսսեի, Օվբեդի, Բոոսի, Սաղմոնի, Նաասոնի, Ամինադաբի, Արամի, Եսրոնի, Փարեսի, Հուդայի, Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Թարայի, Նաքովրի, Սերուքի, Ռագավի, Փաղեկի, Եբերի, Սաղայի, Կայնանի, Արփաքսադի, Սեմի, Նոյի, Ղամեքի, Մաթուսաղայի, Ենովքի, Հարեդի, Մաղաղիելի, Կայնանի, Ենովսի, Սեթի, Ադամի, և նա՝ Աստծու։ Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։ Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբ օրերը լրացան, քաղց զգաց։ Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այս քարին ասա՛, որ հաց դառնա»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է. "Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով " (Բ Օր. 8.3)»։ Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։ Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։ Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, ամբողջը քոնը կլինի»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես ու միայն նրան պաշտես" »։ Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, որովհետև գրված է. "Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի, որ քեզ պահեն, որ քեզ ձեռքերի վրա վերցնեն, որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։ Հիսուսը նրան ասաց. «Ասված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" »։ Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։ Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։ Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» ։ Եվ փակելով Գիրքը՝ պաշտոնյային տվեց ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրան էին սևեռված։ Եվ սկսեց նրանց ասել. «Այսօր այս գրվածքը կատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։ Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Եվ ասաց նրանց. «Իհարկե, ինձ այս առակը կասեք. "Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ"։ Կափառնաումում եղած որքա՜ն բաներ լսեցինք, այստեղ՝ քո հայրենիքո՛ւմ էլ արա»։ Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրիներ կային։ Այն ժամանակ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, և ամբողջ երկրով մեկ մեծ սով եղավ։ Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միայն սիդոնացիների Սարեփթա քաղաքը ՝ մի այրի կնոջ մոտ։ Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին։ Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։ Իսկ նա, նրանց միջով անցնելով, գնաց։ Եվ իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերին ուսուցանում էր նրանց։ Նրա վարդապետության վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքն իշխանությամբ էր։ Ժողովարանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ. նա բարձրաձայն աղաղակեց. «Օ՜հ, մեզ հետ ի՞նչ գործ ունես, Հիսո՛ւս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբն ես»։ Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր ու դո՛ւրս ելիր դրանից»։ Դևը նրան մեջտեղում գետին զարկեց ու նրանից դուրս ելավ և նրան ոչ մի վնաս չտվեց։ Բոլորին զարմանք պատեց. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ի՞նչ խոսք է սա, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են գալիս»։ Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր գավառներում։ Եվ ժողովարանից ելավ ու մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բռնվել էր սաստիկ տենդով, և նրա համար խնդրեցին նրան։ Հիսուսը կանգնեց նրա մոտ, սաստեց տենդին, ու տենդը նրան թողեց։ Նա իսկույն վեր կացավ ու ծառայում էր նրանց։ Եվ մայրամուտին բոլոր նրանք, ովքեր տեսակ-տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց. իսկ նա ձեռքը դնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա և բժշկում նրանց։ Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում էին ու ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Իսկ նա, սաստելով, նրանց թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Երբ լույսը բացվեց, Հիսուսը ելավ գնաց մի ամայի տեղ։ Եվ ժողովուրդը փնտրում էր նրան։ Եկան նրա մոտ և չէին թողնում նրան, որ իրենցից հեռանար։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու արքայությունը քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։ Եվ քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում։ Երբ ժողովուրդն Աստծու խոսքը լսելու համար խռնվում էր նրա շուրջը, նա կանգնած էր Գեննեսարեթի լճի ափին։ Եվ լճափին երկու նավ տեսավ. ձկնորսներն էլ դրանց միջից դուրս էին եկել և ուռկաններն էին լվանում։ Նա այդ նավերից մեկի մեջ մտավ, որ Սիմոնինն էր, ու նրան խնդրեց ցամաքից մի քիչ հեռացնել այն. նստեց ու նավի միջից ուսուցանում էր ժողովրդին։ Եվ երբ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. «Քշի՛ր դեպի խորքը, ու ձեր ուռկանները գցե՛ք որսալու»։ Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ Եվ երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ լցվեցին, ու նրանց ուռկանները պատռվում էին։ Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։ Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։ Քանզի ահը պատեց նրան և բոլորին, ովքեր նրա հետ էին, այն ձկների համար, որ բռնել էին. նույնպես և Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք Սիմոնի ընկերներն էին։ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։ Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։ Երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, ահա բորոտությամբ պատված մի մարդ, տեսնելով Հիսուսին, երեսի վրա ընկած, նրան աղաչեց ու ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։ Հիսուսը նրան պատվիրեց, որ ոչ ոքի չասի, այլ. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է հրամայել, նրանց իբրև վկայություն նրանց»։ Իսկ նրա համբավն ավելի էր տարածվում, և շատ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու ու իրենց հիվանդություններից բժշկվելու։ Իսկ նա հեռանում էր ամայի տեղեր և աղոթում։ Մի օր, երբ նա ուսուցանում էր, նստած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, որ եկել էին Գալիլեայի ու Հրեաստանի բոլոր գյուղաքաղաքներից և Երուսաղեմից։ Եվ բժշկելու համար Տիրոջ զորությունը նրա հետ էր։ Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդու էին բերում, որ անդամալույծ էր, և ուզում էին նրան ներս մտցնել ու Հիսուսի առաջ դնել։ Երբ այն ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան մահիճով իջեցրին մեջտեղը՝ Հիսուսի առաջ։ Նրանց հավատը տեսնելով՝ ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ՝ միայն Աստված»։ Իսկ Հիսուսը, նրանց մտքերը գիտենալով, ասաց. «Ի՞նչ եք ձեր սրտերում խորհում։ Ո՞րն է ավելի հեշտ՝ ասել "Քեզ ներված լինեն քո մեղքերը", թե՞ ասել "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու (անդամալույծին ասաց). "Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ ու քո տո՛ւն գնա"»։ Եվ նա իսկույն վեր կացավ նրանց առաջ, իր վրա վերցրեց այն, ինչի վրա պառկած էր և իր տուն գնաց՝ Աստծուն փառաբանելով։ Եվ բոլորն ապշահար եղան և փառավորում էին Աստծուն. ահով լցվեցին ու ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։ Դրանից հետո Հիսուսը դուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։ Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ Փարիսեցիներն ու դպիրները նրա աշակերտների մոտ տրտնջում էին ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։ Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»։ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին ծոմ պահել տալ, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հին հագուստի վրա նոր հագուստից կարկատան չի գցի, այլապես և՛ նորը կպատռվի, և՛ նոր կտորը հնի հետ չի հարմարվի։ Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։ Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է»։ Շաբաթ օր էր, երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով. նրա աշակերտները հասկ էին պոկում, ափի մեջ տրորում և ուտում։ Փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգացին ինքը և իր հետ եղողները. ինչպես նա Աստծու տունը մտավ, վերցրեց առաջավորաց հացերն ու կերավ և տվեց իր հետ եղողներին, որ ուտելու իրավունք չունեին, բացի քահանաներից»։ Եվ նրանց ասաց. «Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է»։ Մի ուրիշ շաբաթ օր նա ժողովարան մտավ և ուսուցանում էր. այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։ Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով պիտի բժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ Իսկ նա, որ գիտեր նրանց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտեղում կանգնի՛ր»։ Նա վեր կացավ և կանգնեց։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։ Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով՝ այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, և նրա ձեռքը մյուսի նման առողջացավ։ Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսին ի՛նչ անեն։ Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին, ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս անվանեց, և Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին ու Հովհաննեսին, Փիլիպպոսին և Բարթողոմեոսին, Մատթեոսին և Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին և Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, Հակոբոսի որդի Հուդային և Հուդա Իսկարիովտացուն, որը և մատնիչ եղավ։ Եվ նրանց հետ իջնելով՝ կանգ առավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ, ինչպես նաև Հրեաստանից ու Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդովնի ծովեզերքից ժողովրդի մի մեծ բազմություն եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։ Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։ Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։ Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։ Բայց վա՛յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն արդեն ստացել եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք և լացեք։ Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։ Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք. սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին։ Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղողների համար։ Քո մի երեսին խփողին մյո՛ւսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի՛ արգելիր նրան շապիկդ էլ վերցնել։ Ամենքին, ով քեզանից ուզում է, տո՛ւր, քեզնից վերցնողից էլ հետ մի՛ պահանջիր։ Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց։ Եվ եթե դուք ձեզ սիրողների՛ն սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում։ Եվ եթե ձեր բարերարների՛ն բարիք անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են նույնն անում։ Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից ակնկալում եք հետ առնել, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որպեսզի հավասար չափով հետ առնեն։ Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք գործեք և ոչինչ չակնկալելո՛վ փոխ տվեք, ու ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ։ Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։ Եվ մի՛ դատեք ու չեք դատվի, մի՛ պատժեք ու չեք պատժվի, ներե՛ք և ներված կլինեք։ Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։ Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի։ Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ "Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ", բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։ Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ տա։ Քանզի յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում. որովհետև փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ մորենուց խաղող են հավաքում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։ Եվ ինչո՞ւ եք ինձ "Տե՛ր, Տե՛ր" կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում և դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ո՛ւմ է նման։ Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, և այն իսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ»։ Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։ Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։ Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային փրկի։ Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. «Նա արժանի է, որ այդ նրան անես, որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։ Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության ենթակա մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է»։ Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա»։ Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։ Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին աշակերտները ու բազում ժողովուրդ։ Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»։ Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան իր մորը տվեց։ Ահը պատեց բոլորին, և Աստծուն փառավորում էին՝ ասելով. «Մի մեծ մարգարե է մեր մեջ հայտնվել», և «Աստված այցելել է իր ժողովրդին»։ Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։ Հովհաննեսին նրա աշակերտներն այս բոլորի մասին պատմեցին։ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց, Տիրոջ մոտ ուղարկեց՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք»։ Այդ մարդիկ, նրա մոտ գալով, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ քեզ մոտ է ուղարկել և ասում է. "Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք"»։ Նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, տառապանքներից ու չար ոգիներից, բազում կույրերի տեսողություն շնորհեց։ Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, ու աղքատներին Բարի լուրն է ավետվում։ Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։ Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։ Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, որ առավել քան մարգարեն։ Դա նա է, ում մասին գրված է. "Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին, որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի" ։ Ասում եմ ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե չկա, բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։ Երբ ամբողջ բազմությունը, նույնիսկ մաքսավորները, Հովհաննեսին լսեցին, ընդունեցին Աստծու արդարությունը՝ Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով։ Փարիսեցիներն ու օրենսգետները, ընդհակառակը, Հովհաննեսից չմկրտվելով, մերժեցին այն, ինչ Աստված կամենում էր նրանց համար։ «Արդ այս սերնդի մարդկանց ո՞ւմ նմանեցնեմ, ո՞ւմ են նման։ Նման են այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում, միմյանց ձայն են տալիս և ասում. "Մենք ձեզ համար փող հնչեցրինք, բայց դուք չպարեցիք, ողբ ասացինք, բայց լաց չեղաք"։ Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. "Դև ունի"։ Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. "Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ"։ Բայց իմաստությունն արդարացվեց նրա բոլոր որդիների կողմից»։ Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետ հաց ուտի։ Նա, մտնելով փարիսեցու տուն, սեղան նստեց։ Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով և հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով՝ լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել. նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։ Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, մի բան ունեմ քեզ ասելու»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Ու ասաց. «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։ Սիմոնն էլ պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց»։ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։ Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։ Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերն անուշահոտ յուղով օծեց։ Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ Եվ այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։ Նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս»։ Եվ նա այդ կնոջն ասաց. «Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։ Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով։ Նրա հետ էին նաև տասներկուսը, մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթ դև էր դուրս եկել, Հովհաննան՝ Հերովդեսի տան տեսուչ Քուզայի կինը, Շուշանը և շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։ Երբ ժողովրդի մեծ բազմություն ու բազում քաղաքներից նրա մոտ եկածներ էին հավաքվել, առակով ասաց. «Սերմնացանը ելավ իր սերմը ցանելու։ Սերմանելիս մի մասը ճանապարհի եզերքին ընկավ, կոխկռտվեց, ու երկնքի թռչունները կերան։ Ուրիշ մի մաս ապառաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակ խոնավություն չլինելու պատճառով չորացավ։ Մեկ այլ մաս փշերի մեջ ընկավ, և փշերը նրա հետ բուսնեցին ու խեղդեցին այն։ Եվ ուրիշ մի մաս բարեբեր ու պարարտ հողի վրա ընկավ և բուսնեց, հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Այս ասելիս բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Աշակերտները նրան հարցրին. «Այդ առակն ի՞նչ է նշանակում»։ Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներով եմ խոսում, որպեսզի նայելով չտեսնեն ու լսելով չիմանան ։ Իսկ առակը այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։ Որոնք ապառաժի վրա են, նրանք են, ովքեր երբ լսում են, խոսքն ուրախությամբ ընդունում են, սակայն դրանք արմատ չունեն. միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։ Փշերի մեջ ընկնողները նրանք են, որ լսում են խոսքը, բայց հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների ներքո ընթանալով՝ խեղդվում են ու անպտուղ լինում։ Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։ Ոչ ոք ճրագը չի վառի և ամանի տակ թաքցնի կամ մահճի տակ դնի, այլ աշտանակի վրա կդնի, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ Որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի։ Ուրեմն ուշադի՛ր եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ կարծում է, թե ունի, նրանից կվերցվի»։ Հիսուսի մայրն ու նրա եղբայրները իր մոտ էին եկել ու բազմության պատճառով չէին կարողանում նրան մոտենալ։ Իմաց տվեցին նրան ու ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։ Իսկ նա պատասխանեց նրանց և ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են ու կատարում»։ Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու նրանց ասաց. «Լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ ճանապարհ ընկան։ Երբ նավարկում էին, նա քնեց։ Եվ լճի վրա մրրիկ իջավ, ու նավը ջրով էր լցվում, և վտանգի մեջ էին։ Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կորչում ենք»։ Եվ նա վեր կացավ, սաստեց մրրիկին ու ջրի ալեկոծությանը, և հանդարտվեցին, ու խաղաղություն եղավ։ Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Նրանք սարսափած զարմացան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին էլ է հրաման տալիս, և իրեն հնազանդվում են»։ Եվ նավարկեցին գերգեսացիների երկիրը, որ Գալիլեայի հանդիպակաց կողմում է։ Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։ Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։ Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ Եվ նրան խնդրում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։ Այնտեղ բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր։ Եվ նրան խնդրում էին, որ թույլ տա իրենց նրանց մեջ մտնել, և թույլ տվեց նրանց։ Դևերն այդ մարդու միջից դուրս ելան, խոզերի մեջ մտան, և երամակն այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց ու խեղդվեց։ Երբ խոզարածներն այս պատահածը տեսան, փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին։ Եվ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու, եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած, և վախեցան։ Իսկ նրանք, ովքեր տեսել էին, նրանց պատմեցին, թե դիվահարն ինչպե՛ս էր փրկվել։ Գերգեսացիների երկրի շրջակայքի ամբողջ բազմությունը նրան խնդրեց, որ իրենց մոտից հեռանա, որովհետև սաստիկ ահով էին բռնվել։ Նա, նավ նստելով, վերադարձավ։ Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին ելել, աղաչում էր նրա հետ լինել, բայց Հիսուսը արձակեց նրան ու ասաց. «Վերադարձի՛ր քո տուն ու պատմի՛ր, ինչ որ Աստված քեզ արեց»։ Նա գնաց ու ամբողջ քաղաքում քարոզում էր, ինչ որ Հիսուսն իրեն արեց։ Երբ Հիսուսը վերադարձավ, ժողովուրդը ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան։ Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, որովհետև նրա տասներկու տարեկան մինուճար դուստրը մերձիմահ էր։ Երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նեղում էր նրան։ Մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախսելով՝ չէր կարողացել ոչ մեկի կողմից բուժվել։ Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, և նրա արյունահոսությունն իսկույն դադարեց։ Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Քանի որ բոլորը հերքում էին, Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է քեզ սեղմում ու նեղում»։ Սակայն Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ»։ Եվ երբ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։ Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։ Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։ Բոլորը լալիս էին ու նրա վրա ողբում։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած»։ Բայց նրան ծաղրում էին, քանզի գիտեին, թե մեռել է։ Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։ Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան ուտելու բան տալ։ Նրա ծնողները զարմացած էին։ Հիսուսը պատվիրեց, որ եղածի մասին ոչ ոքի չասեն։ Եվ իր տասներկու աշակերտներին կանչեց, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու։ Եվ նրանց ուղարկեց Աստծու արքայությունը քարոզելու, հիվանդներին բժշկելու։ Եվ նրանց ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ գավազան, ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, ո՛չ էլ երկուական վերարկու ունեցեք։ Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք ու այնտեղի՛ց գնացեք։ Իսկ ովքեր ձեզ չընդունեն, ի վկայություն նրանց դեմ՝ այդ քաղաքից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թափ տվեք»։ Եվ նրանք ելան. շրջում էին գյուղից գյուղ՝ ավետարանելով ու ամեն տեղ բժշկություններ անելով։ Հերովդես չորրորդապետը լսեց կատարված ամեն ինչի մասին ու զարմանում էր, քանի որ ոմանք ասում էին. «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», իսկ ոմանք էլ՝ «Եղիան է հայտնվել», ուրիշներն էլ՝ «Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել»։ Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին ես գլխատել եմ. իսկ սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։ Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա, նրանց վերցնելով, առանձնացավ մի ամայի տեղ՝ մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։ Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Օրն սկսեց տարաժամել. տասներկուսը մոտեցան ու նրան ասացին. «Այդ ժողովրդին արձակի՛ր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն և ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Սակայն նրանց ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք, այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։ Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։ Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին։ Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս-մաս արեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Բոլորն էլ կերան ու հագեցան, և ավելացած կտորտանքներից տասներկու քթոց հավաքեցին։ Երբ նա առանձին աղոթք էր անում, նրա հետ էին նաև աշակերտները։ Նրանց հարցրեց ու ասաց. «Ժողովուրդն իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ "Եղիան", ուրիշներն էլ՝ "Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել"»։ Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ Նա խիստ պատվիրեց նրանց, որ այդ ոչ ոքի չասեն։ Եվ ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ Որովհետև ով ինձ ու իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծու արքայությունը չտեսնեն»։ Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։ Եվ երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքն այլակերպվեց, և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։ Եվ ահա նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։ Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։ Ու երբ նա այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի արեց, ու վախեցան, երբ այդ ամպի մեջ մտան։ Եվ ամպից ձայն եղավ, որ ասաց. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, դրա՛ն լսեք»։ Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։ Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավ Հիսուսին ընդառաջ։ Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։ Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։ Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։ Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց. «Ակա՛նջ արեք այս խոսքերին, որովհետև Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»։ Բայց նրանք այդ խոսքը չէին հասկանում. դրա իմաստը նրանցից ծածկված էր, որ չհասկանան նրան, և դրա մասին նրան հարցնելուց վախենում էին։ Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։ Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։ Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։ Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։ Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։ Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում ։ Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ Եվ ուրիշ գյուղ գնացին։ Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։ Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։ Դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ յոթանասուներկու հոգու և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։ Եվ նրանց ասում էր. «Հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ. ուրեմն հնձի Տիրոջն աղաչե՛ք, որ իր հնձի համար մշակներ ուղարկի։ Գնացե՛ք. ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ՝ գայլերի մեջ։ Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։ Ո՛ր տունն էլ մտնեք, նախ ասե՛ք. "Խաղաղությո՛ւն այս տանը"։ Եվ եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթանքը նրան կհասնի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Այդ տա՛նը մնացեք, նրանց ունեցածից կերե՛ք ու խմե՛ք, որովհետև մշակն իր վարձին արժանի է։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։ Եվ ո՛ր քաղաքը մտնեք, ու ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ Եվ այնտեղ եղած հիվանդներին բժշկե՛ք ու նրանց ասե՛ք. "Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ Բայց եթե մտնեք մի քաղաք, որտեղ ձեզ չընդունեն, նրա հրապարակները դուրս գալով՝ ասե՛ք. "Նույնիսկ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, ձեզ վրա ենք թափ տալիս, բայց ա՛յս իմացեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։ Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար այն օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։ Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն հրաշքները, որոնք ձեր մեջ կատարվեցին, Տյուրոսում ու Սիդովնում եղած լինեին, վաղուց քրձի ու մոխրի մեջ նստած ապաշխարած կլինեին։ Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես։ Ձեզ լսողն ի՛նձ է լսում, ու ձեզ մերժողն ի՛նձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողի՛ն է մերժում»։ Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով»։ Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։ Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։ Բայց մի՛ ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։ Նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, որովհետև այսպես քեզ հաճելի եղավ։ Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և ոչ էլ՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կամենա հայտնել»։ Եվ դառնալով դեպի աշակերտները՝ հատուկ նրանց ասաց. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։ Որովհետև ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ ու թագավորներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։ Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում»։ Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը »։ Եվ նրան ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես»։ Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսն ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։ Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։ Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։ Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։ Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։ Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. "Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ"։ Քո կարծիքով այդ երեքից ո՞րն էր մերձավորը ավազակների ձեռքն ընկած այն մարդու համար»։ Նա ասաց. «Նա, ով ողորմեց նրան»։ Ապա Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։ Երբ գնում էին, Հիսուսը մի գյուղ մտավ, և մի կին, որի անունը Մարթա էր, նրան ընդունեց իր տանը։ Նա մի քույր ուներ՝ Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ ու նրա խոսքերն էր լսում։ Իսկ Մարթան շատ զբաղված էր սպասավորելով. նա եկավ ու ասաց. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Արդ ասա՛ դրան, որ ինձ օգնի»։ Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։ Բայց մի բան է հարկավոր. և Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի»։ Եղավ, որ Հիսուսը ինչ-որ տեղ աղոթք էր անում ու երբ դադարեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»։ Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք. "Հա՛յր մեր, թող սուրբ լինի քո անունը, քո արքայությունը թող գա։ Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։ Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամենքին, որ մեղավոր են մեր հանդեպ, և մի՛ տար մեզ փորձության"»։ Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենա, կեսգիշերին նրա մոտ գնա ու ասի. "Բարեկա՛մ, ինձ երեք հաց փո՛խ տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից ինձ մոտ է եկել, ու ես ոչինչ չունեմ, որ նրա առաջ դնեմ", իսկ նա ներսից պատասխանի ու ասի. "Ինձ նեղություն մի՛ տուր. դուռն արդեն փակված է, ու երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ ու տալ քեզ"։ Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է։ Ձեզանից ո՞վ է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան։ Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։ Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից»։ Հիսուսը մի դև էր հանում, որով բռնված մարդը համր էր։ Երբ դևը դուրս ելավ, համրը խոսեց, և ժողովուրդը զարմացավ։ Նրանցից ոմանք ասացին. «Դա դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով է դևերին հանում»։ Ուրիշներն էլ փորձելու համար նրանից երկնքից նշան էին խնդրում։ Բայց նա, նրանց մտքերը իմանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ է բաժանված, ավերվում է, և տունը, որ իր մեջ է բաժանված, կործանվում է։ Եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվի, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա. որովհետև դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում։ Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ձեր որդիներն ո՞ւմ միջոցով են հանելու։ Դրա համար նրա՛նք կլինեն ձեր դատավորները։ Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։ Երբ զինված հզոր մարդը պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։ Բայց եթե նրանից ավելի զորավորը գա ու նրան հաղթի, կհանի նրա զենքերը, որոնց վրա հույս էր դրել, ու նրա ավարն էլ կբաժանի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է ելնում, անջրդի տեղերում է շրջում ու հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա"։ Եվ գալիս, այն մաքրված ու հարդարված է գտնում։ Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։ Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։ Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։ Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրան ուրիշ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ Որովհետև ինչպես Հովնանը նինվեացիների համար նշան եղավ, այնպես էլ Մարդու Որդին այս սերնդի համար նշան կլինի։ Հարավի թագուհին դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետև նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից է՛լ ավելի մեծը կա։ Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնում, ոչ էլ գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ Մարմնի ճրագն աչքն է. երբ աչքդ մաքուր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե չար է, մարմինդ խավար կլինի։ Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագն է իր ճառագայթով լուսավորում քեզ»։ Երբ նա խոսում էր այս, մի փարիսեցի նրան խնդրում էր, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։ Փարիսեցին, տեսնելով, զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվեց։ Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ Անմիտնե՛ր, չէ՞ որ արտաքինը ստեղծողը ներքինն էլ է ստեղծել։ Սակայն ձեր ունեցածից ողորմությո՛ւն տվեք, և ամեն բան ձեզ համար մաքուր կլինի։ Բայց վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի տասանորդ եք տալիս, իսկ Աստծու արդարությունն ու սերը զանց եք առնում. նախ այս պետք էր անել, իսկ դրանք զանց չառնել։ Վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում առաջին աթոռներն եք սիրում, իսկ հրապարակներում՝ ողջույնները։ Վա՛յ ձեզ, որ գերեզմանների պես աննկատ եք, և մարդիկ չգիտեն, որ դրանց վրայով են քայլում»։ Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։ Նա ասաց. «Ձեզ՝ օրենսգետներիդ էլ վա՛յ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այդ բեռներին չեք դիպչում։ Վա՛յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, իսկ նրանց ձեր հայրերն են սպանել։ Այդ կերպ վկայում եք, որ հավանություն եք տալիս ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին նրանց, իսկ դուք նրանց գերեզմաններն եք շինում։ Դրա համար Աստծու իմաստությունն ասել է. "Նրանց մոտ մարգարեներ ու առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն ու հալածեն", որպեսզի բոլոր մարգարեների արյունը, որ աշխարհի սկզբից թափվել է, այս սերնդից պահանջվի։ Աբելի արյունից մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանի և տաճարի միջև սպանվեց, այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից պիտի պահանջվի։ Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ, որ վերցրել եք գիտության բանալին. ինքներդ չեք մտել, մտնողներին էլ արգելել եք»։ Երբ նա դուրս ելավ, դպիրներն ու փարիսեցիներն սկսեցին սաստիկ թշնամանք ցուցաբերել և նրան բազում հարցումներ անել։ Նրա դեմ որոգայթ էին լարում՝ փորձելով նրա բերանից մի խոսք որսալ՝ ամբաստանելու համար։ Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։ Որովհետև ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ուստի ինչ որ խավարում ասացիք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ փակ սենյակներում շշնջացիք, տանիքների վրա կհայտարարվի։ Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու դրանից հետո ավելին չունեն անելու։ Բայց ձեզ ցույց կտամ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Նրանի՛ց վախեցեք, ով սպանելուց հետո գեհենի մեջ նետելու իշխանություն ունի. այո՛, ասում եմ ձեզ, նրանի՛ց վախեցեք։ Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնով են վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։ Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։ Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, նա էլ Աստծու հրեշտակների առաջ կուրացվի։ Նա, ով Մարդու Որդու դեմ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի։ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել»։ Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասա՛, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։ Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։ Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. "Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ"։ Եվ ասաց. "Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր"։ Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»։ Իր աշակերտներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու։ Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ՝ հագուստից։ Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։ Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ Արդ եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչո՞ւ եք ուրիշ բաների համար հոգս անում։ Նայե՛ք շուշաններին՝ ինչպե՛ս են մեծանում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։ Իսկ եթե Աստված այդպես հագցնում է հանդի խոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքա՜ն առավել ձեզ, թերահավատնե՛ր։ Եվ դուք մի՛ փնտրեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ անհանգստացեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։ Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։ Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն, ու ճրագները՝ վառված։ Եվ դուք այն մարդկանց նմա՛ն եղեք, որոնք իրենց տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից ե՛րբ կվերադառնա, որպեսզի երբ գա ու դուռը բախի, իսկույն բացեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի և կանցնի ծառայելու։ Եվ եթե գիշերվա երկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք։ Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը ո՛ր ժամին կգար, թույլ չէր տա իր տուն սողոսկել։ Արդ դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում»։ Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ առակը մե՞զ համար ասացիր, թե՞ բոլորի համար»։ Տերն ասաց. «Ուրեմն, ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել՝ նրանց ժամանակին կերակուր տալու համար։ Երանի՜ այն ծառային, ում տերը երբ գա, այդպես անելիս կգտնի նրան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքների վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում, և այն ժամին, որ ինքը չգիտի, ու նրան երկու կես կանի և նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով՝ ոչինչ չի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ նա, ով չիմանալով է ծեծի արժանի բան արել, քիչ կպատժվի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, և ում շատ է վստահվել, նրանից է՛լ ավելին կպահանջեն»։ «Ես եկել եմ, որ աշխարհի վրա կրակ գցեմ, և ինչքա՜ն եմ ուզում, որ այն արդեն իսկ բորբոքված լինի։ Բայց ես մի մկրտություն ունեմ մկրտվելու և որքա՜ն եմ տագնապում, մինչև որ այն կատարվի։ Կարծում եք, թե աշխարհի վրա խաղաղություն հաստատելո՞ւ եմ եկել։ Ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում։ Որովհետև այսուհետև մի տան մեջ հինգ հոգին բաժան-բաժան կլինեն. երեքը՝ երկուսի դեմ, երկուսն էլ՝ երեքի դեմ։ Հայրը որդուց կբաժանվի, և որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, ու աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ իր սկեսուրից »։ Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք՝ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն ասում եք՝ անձրև է գալու, և այդպես է լինում։ Եվ երբ հարավային քամին է փչում, ասում եք՝ շոգ է լինելու, և այդպես է լինում։ Կեղծավորնե՛ր, երկրի ու երկնքի նշանները քննել գիտեք, բայց այս ժամանակն ինչպե՞ս չեք քննում։ Ինչո՞ւ ինքներդ չեք դատում այն, ինչ ճշմարիտ է։ Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։ Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման էլ չվճարես»։ Նույն ժամանակ ոմանք եկան ու պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց զոհաբերություն մատուցելու ժամին և այդ կերպ նրանց արյունը խառնեց զոհաբերված կենդանիների արյան հետ։ Հիսուսը նրանց ասաց. «Կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին, ավելի մեղավո՞ր էին մյուս գալիլեացիներից։ Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փլվեց ու սպանեց նրանց։ Կարծում եք, թե նրանք Երուսաղեմում բնակվողներից ավելի հանցավո՞ր էին։ Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք»։ Այս առակն էլ ասաց. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։ Եվ այգեպանին ասաց. "Ահա երեք տարի է, ինչ գալիս եմ այդ թզենու վրայից պտուղ հավաքելու, բայց չեմ գտնում. կտրի՛ր այն, ինչո՞ւ հողը զբաղեցնի"։ Իսկ նա պատասխանեց. "Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։ Թերևս պտուղ տա, ապա թե ոչ եկող տարի կկտրես այն"»։ Հիսուսը շաբաթ օրը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։ Եվ ահա մի կին կար, որ տասնութ տարուց ի վեր տառապում էր չար ոգուց. կծկված էր և բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Հիսուսը, նրան տեսնելով, իր մոտ կանչեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունից ազատված ես»։ Եվ ձեռքը նրա վրա դրեց. նա իսկույն ուղղվեց ու փառաբանում էր Աստծուն։ Իսկ ժողովրդապետը, շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկեց, ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործել. արդ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, այլ ոչ թե շաբաթ օրը»։ Տերը նրան ասաց. «Կեղծավո՛ր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրն իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում, տանում ջուր տալիս։ Իսկ սա, Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, պետք չէ՞ր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։ Եվ երբ նա այս ասաց, նրա բոլոր հակառակորդները ամոթահար եղան։ Եվ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն փառավոր գործերի համար, որ կատարվում էին նրա կողմից։ Եվ ասաց. «Ինչի՞ է նման Աստծու արքայությունը, ինչի՞ նմանեցնեմ այն։ Այն նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ առավ, իր պարտեզի մեջ ցանեց։ Մեծացավ ու մեծ ծառ դարձավ, և երկնքի թռչունները բույն էին դնում նրա ճյուղերի վրա»։ Եվ դարձյալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայությունը։ Այն նման է խմորի, որ մի կին վերցրեց ու երեք չափ ալյուրի մեջ թաթախեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Հիսուսը շրջում էր քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ և ուսուցանում էր։ Եվ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ։ Մեկը նրան ասաց. «Տե՛ր, մի՞թե փրկվողները քիչ են»։ Իսկ նա ասաց նրանց. «Ջանացեք նե՛ղ դռնով ներս մտնել, որովհետև, ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար"։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. "Չգիտեմ, թե որտեղի՛ց եք"։ Այն ժամանակ կսկսեք ասել. "Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր"։ Եվ կասի. "Ձեզ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձանից, բոլո՛ր անիրավություն գործողներդ։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ու բոլոր մարգարեներին տեսնեք Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս շպրտված։ Եվ արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից կգան, Աստծու արքայության սեղանին կնստեն։ Եվ ահա այդ ժամանակ վերջինները առաջիններ կլինեն, և առաջինները՝ վերջիններ»։ Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան ու նրան ասացին. «Ե՛լ և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ Եվ նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդ օրը կավարտեմ։ Եվս երկու օր և երրորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև մարգարեն Երուսաղեմից դուրս չի սպանվի։ Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ՝ մարգարեներին կոտորող ու քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող. քանի՜ անգամ ցանկացա քո որդիներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը կավերվի, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այլևս ինձ չեք տեսնի, մինչև ժամանակը գա, որ ասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" »։ Երբ նա մի շաբաթ օր փարիսեցիների իշխանավորներից մեկի տուն մտավ հաց ուտելու, նրանք հսկում էին նրան։ Եվ ահա նրա առաջ մի ջրգողյալ մարդ կար։ Հիսուսը օրենսգետներին ու փարիսեցիներին ասաց. «Շաբաթ օրը բժշկություն անելն օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ Նրանք լռեցին. Հիսուսը բժշկեց նրան ու արձակեց։ Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞ւմ էշը կամ եզը ջրհորն ընկնի, և նա իսկույն չհանի նրան շաբաթ օրով»։ Եվ այդ բանի համար չկարողացան պատասխանել նրան։ Եվ հրավիրված այն մարդկանց էլ մի առակ պատմեց՝ տեսնելով, թե ինչպե՛ս են առաջին տեղերն ընտրում, ու նրանց ասաց. «Երբ մեկի կողմից հարսանիքի ես հրավիրվում, առաջին բազմոցին մի՛ նստիր. գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի։ Եվ նա, որ քեզ ու նրան հրավիրեց, գա ու քեզ ասի՝ "Սրան տե՛ղ տուր", այն ժամանակ կսկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ երբ հրավիրվես, գնա վերջի՛ն տեղը նստիր, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա ու քեզ ասի՝ "Բարեկա՛մ, ավելի վերև՛ նստիր", այն ժամանակ քեզ հետ նստողների առաջ քեզ փառք կլինի։ Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։ Եվ իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, քո բարեկամներին մի՛ կանչիր, ո՛չ էլ քո եղբայրներին, ո՛չ էլ քո ազգականներին, ո՛չ էլ քո հարուստ հարևաններին. միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն, և հատուցում լինի քեզ։ Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչի՛ր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։ Եվ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի»։ Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։ Հիսուսն ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերի հրավիրեց։ Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. "Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է"։ Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն ասաց. "Հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն էլ ասաց. "Կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ"։ Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. "Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր"։ Ծառան ասաց. "Տե՛ր, ինչ հրամայեցիր, եղավ, և դեռ էլի տեղ կա"։ Եվ տերը ծառային ասաց. "Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։ Որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի"»։ Նրա հետ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում, և դառնալով՝ ասաց նրանց. «Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։ Գուցե երբ հիմքը գցի և չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներն սկսեն նրան ծաղրել ու ասել. "Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"։ Կամ ո՞ր թագավորն է, որ այլ թագավորի դեմ պատերազմելու գնալիս չի նստում նախ խորհուրդ անում, թե տասը հազարով կարո՞ղ է դեմ կանգնել նրան, ով քսան հազարով է իր վրա գալիս։ Ապա թե ոչ, պատգամավոր կուղարկի ու կխնդրի, որ խաղաղություն հաստատի, քանի դեռ նա հեռու է։ Արդ, այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։ Աղը լավ բան է. բայց եթե աղը իր համը կորցնի, ինչո՞վ այն կրկին ձեռք կբերի։ Ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի համար, արդ դուրս կգցեն այն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։ Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. «Սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում»։ Եվ նա այս առակն ասաց նրանց. «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։ Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա"։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Կամ ո՞ր կինը, որ տասը դրամ ունենա և եթե մեկ դրամ կորցնի, ճրագ չի վառի, տունն ավլի ու ուշադիր փնտրի, մինչև գտնի։ Եվ երբ գտնի, բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի"։ Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։ Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"։ Եվ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։ Նա էլ ասաց նրան. "Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց"։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը, դուրս ելնելով, աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց. "Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր"։ Հայրն ասաց նրան. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"»։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրանից գանգատվեցին հարուստին, իբր նրա ունեցվածքը վատնում է։ Եվ նրան կանչեց ու ասաց. "Այս ի՞նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր քո տնտեսության վերաբերյալ, որովհետև այլևս տնտես չես կարող լինել"։ Տնտեսն իր մտքում ասաց. "Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ կանեմ, որպեսզի ինձ իրենց տներն ընդունեն, երբ տնտեսությունից հանվեմ"։ Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։ Նա ասաց. "Հարյուր մար ձեթ"։ Նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն"։ Հետո մյուսին ասաց. "Դո՞ւ ինչքան ես պարտք"։ Նա էլ ասաց. "Հարյուր քոռ ցորեն"։ Եվ նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ ու գրի՛ր՝ ութսուն"։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։ Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։ Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան։ Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծու առաջ պիղծ է։ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են. նրանից հետո քարոզվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք շտապում է այնտեղ մտնել։ Սակայն ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան օրենքի մի փոքր նշանագիրն անգամ չիրագործվի։ Ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ուրիշին առնում, շնանում է, և ով ամուսնու կողմից արձակված կին է առնում, շնանում է։ Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար՝ Ղազարոս անունով, որ վերքերով ծածկված՝ նրա դռան առաջ ընկած էր և ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից. շներն էլ գալիս էին, լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։ Նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ"։ Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ այդ բոլորից բացի, մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն"։ Եվ ասաց. "Ուրեմն աղաչում եմ քեզ, հա՛յր, որ դրան իմ հոր տուն ուղարկես, որովհետև ես հինգ եղբայր ունեմ. թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքի այս վայրը չգան"։ Աբրահամը նրան ասաց. "Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն"։ Իսկ նա ասաց. "Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն"։ Եվ նրան ասաց. "Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի"»։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։ Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։ Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։ Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, նրան հանդիմանի՛ր, ու եթե ապաշխարի, նրան ների՛ր։ Եթե քո դեմ օրը յոթ անգամ մեղանչի ու յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։ Բայց ձեզանից ո՞վ, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա ու երբ դաշտից տուն մտնի, նրան իսկույն կասի. "Եկ սեղա՛ն նստիր"։ Այլ նրան չի՞ ասի. "Պատրաստի՛ր, ինչ որ ընթրելու եմ, գոտի կապած՝ ինձ ծառայի՛ր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կուտես ու կխմես"։ Մի՞թե ծառային պետք է շնորհակալ լինի, որ իրեն հրամայված այդ գործերն անի։ Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։ Երբ նա Երուսաղեմ էր գնում, Սամարիայի ու Գալիլեայի միջով էր անցնում։ Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է»։ Իսկ աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կուզենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել ու չեք տեսնի։ Ձեզ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է"։ Չգնաք ու չհետևեք։ Որովհետև ինչպես ճայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի Մարդու Որդին իր օրը։ Բայց նախ պետք է, որ նա շատ չարչարվի և այս սերնդի կողմից մերժվի։ Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։ Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի։ Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։ Հիշե՛ք Ղովտի կնոջը։ Ով իր անձը փրկել ուզենա, այն կկորցնի, իսկ ով այն կորցնի, կփրկվի։ Ասում եմ ձեզ. այդ գիշերը երկու հոգի մի անկողնում կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։ Եվ պատասխանեցին նրան ու ասացին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, արծիվներն այնտեղ էլ կհավաքվեն»։ Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։ Եվ ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. "Իմ հակառակորդի դիմաց արդարադա՛տ եղիր իմ հանդեպ"։ Եվ նա երկար ժամանակ չէր կամենում. դրանից հետո իր մտքում ասաց. "Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում, սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի"»։ Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ի՛նչ է ասում։ Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։ Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, և ուրիշներին արհամարհում էին, այս առակն ասաց. «Երկու մարդ տաճար ելան աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին, առանձին կանգնած, այս աղոթքն էր անում. "Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ"։ Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. "Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս"։ Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի»։ Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։ Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։ Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ինչո՞ւ ես "բարի" անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։ Պատվիրանները գիտես՝ "Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը" »։ Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։ Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։ Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»։ Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։ Իսկ նա ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Աստծու արքայության համար տուն կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ թողած լինի և բազմապատիկը չստանա այս ներկա ժամանակում և հավիտենական կյանք՝ այն գալիք աշխարհում»։ Իր հետ վերցնելով տասներկուսին՝ ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն, որովհետև պիտի մատնվի հեթանոսներին, պիտի ծաղրվի, նախատվի, և նրա վրա պիտի թքեն։ Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։ Երբ նա Երիքովին էր մոտենում, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ Երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց, թե այդ ի՛նչ է։ Նրան հայտնեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Երբ իրեն մոտեցավ, նրան հարցրեց ու ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նա ասաց. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից՝ Աստծուն փառաբանելով։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով, գովաբանում էր Աստծուն։ Հիսուսը մտավ Երիքով և անցնում էր նրա միջով։ Եվ ահա մի մարդ՝ Զակքեոս անունով, որ մաքսապետ էր և հարուստ, ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։ Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»։ Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։ Բոլորը, տեսնելով, տրտնջում էին ու ասում. «Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու»։ Զակքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է, որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու»։ Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։ Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց ու ասաց. "Շահարկե՛ք, մինչև գամ"։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։ Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։ Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։ Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։ Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։ Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։ Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։ Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել. այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։ Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։ Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։ "Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։ Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։ Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։ Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։ Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։ Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։ Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։ Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։ Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։ Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։ Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա ու ասաց. «Գոնե այսօր դու էլ իմանայիր ինչպե՛ս խաղաղություն գտնել։ Բայց հիմա այն քո աչքերից ծածկված է։ Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։ Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը »։ Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։ Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի", իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։ Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել։ Եվ միջոց չէին գտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր։ Այդ օրերին, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և քարոզում, մի օր քահանայապետներն ու դպիրները երեցների հետ միասին վրա հասան և նրան ասացին. «Ասա՛ մեզ, այդ բաներն ի՞նչ իշխանությամբ ես անում, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվողը»։ Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, ու ինձ ասացե՛ք. Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ Նրանք իրար մեջ խորհուրդ արեցին ու ասացին. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ "Հապա ինչո՞ւ նրան չհավատացիք", իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։ Եվ պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղի՛ց է։ Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։ Եվ սկսեց ժողովրդին այս առակն ասել. «Մի մարդ այգի տնկեց, այն մշակներին տվեց ու ինքը երկար ժամանակով օտարության գնաց։ Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ այգու պտղից իրեն տան. բայց մշակները նրան ծեծեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ Դարձյալ մի ուրիշ ծառայի ևս ուղարկեց. նրանք սրան էլ ծեծեցին, անարգեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ Եվ դարձյալ մի երրորդի էլ ուղարկեց. նրանք սրան էլ վիրավորելով դուրս հանեցին։ Այգու տերն ասաց. "Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդուն ուղարկեմ, գուցե նրան տեսնելով՝ ամաչեն"։ Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի"։ Եվ այգուց դուրս հանեցին նրան ու սպանեցին։ Արդ այգու տերը ի՞նչ կանի նրանց։ Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։ Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալ խոսքերը. "Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին, անկյունաքար դարձավ" ։ Այս քարի վրա ամեն ընկնող կփշրվի, և ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի»։ Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց։ Եվ դարանամուտ լինելով՝ լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեին՝ նրան կուսակալի իշխանությանը մատնելու համար։ Եվ նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ շիտակ ես խոսում ու ուսուցանում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Օրինավո՞ր է մեզ կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ Նրանց խորամանկությունը հասկանալով՝ նրանց ասաց. «Ցո՛ւյց տվեք ինձ դինարը։ Ո՞ւմ պատկերն ու գիրն ունի սա »։ Պատասխանեցին. «Կայսրի»։ Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ չկարողացան ժողովրդի առաջ նրան խոսքով բռնել ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ լռեցին։ Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակվում են՝ ասելով, թե հարություն գոյություն չունի, նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է. "Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի" ։ Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու առանց զավակի մեռավ։ Եվ երկրորդն առավ այն կնոջը, նա էլ առանց զավակի մեռավ։ Երրորդն էլ նրան առավ. այսպես այն յոթն էլ զավակներ չթողեցին ու մեռան։ Վերջում այն կինն էլ մեռավ։ Արդ հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի. չէ՞ որ այն յոթն էլ նրան կին առան»։ Եվ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Այս աշխարհի մարդիկ են կին առնում ու մարդու գնում։ Իսկ նրանք, որոնք արժանի կլինեն մեռելներից հարություն առնելու և նոր աշխարհում ապրելու, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան։ Եվ ոչ էլ կարող են մեռնել, որովհետև հրեշտակների նման են ու Աստծու որդիներ են, քանզի հարության որդիներն են։ Իսկ որ մեռելները հարություն կառնեն, Մովսեսն էլ մորենու դրվագի մեջ ցույց տվեց, ինչպես որ Տիրոջ մասին ասաց. "Աբրահամի Աստված և Իսահակի Աստված և Հակոբի Աստված" ։ Իսկ Աստված մեռելներինը չէ, այլ ողջերինը, որովհետև նրա համար բոլորն էլ ողջ են»։ Դպիրներից ոմանք ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։ Եվ այլևս չէին համարձակվում նրան ոչ մի բան հարցնել։ Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է, քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կո՛ղմը նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ" ։ Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ապա ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր, իր աշակերտներին ասաց. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ցանկանում են փառավոր պատմուճաններով շրջել ու սիրում են հրապարակներում ողջույններ ստանալը, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ առաջին տեղերը, որոնք այրիների ունեցվածքն են լափում, ցուցադրաբար երկար աղոթք են անում. նրանք ավելի խիստ են դատապարտվելու»։ Հիսուսը նայեց, տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին գցում։ Տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որն այնտեղ երկու լումա գցեց։ Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին բոլորից ավելի գցեց, որովհետև նրանք բոլորն իրենց ավելացածից գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ սա իր չքավորությունից իր ամբողջ ապրուստը, ինչ որ ուներ, գցեց»։ Երբ ոմանք տաճարի մասին ասում էին՝ «Գեղեցիկ քարերով ու ընծաներով է զարդարված», ասաց. «Այդ ամենը, որ տեսնում եք, պիտի քանդվի, օրեր պիտի գան, որ այդտեղ քարը քարի վրա չի թողնվի»։ Եվ նրան հարցրին. «Վարդապե՛տ, դրանք ե՞րբ են լինելու, ի՞նչ նշան է լինելու, երբ որ սրանք լինեն»։ Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։ Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։ Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։ Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։ Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք, որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։ Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։ Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։ Երբ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող լեռները փախչեն, իսկ նրանք, որ քաղաքի մեջ են, թող հեռանան, և նրանք, որ գյուղերում են, թող քաղաք չմտնեն։ Որովհետև այդ օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։ Բայց այն օրերին վա՛յ հղիներին և ստնտուներին, որովհետև երկրի վրա մեծ նեղություն է լինելու, և այդ ժողովրդի վրա՝ բարկություն։ Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։ Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։ Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։ Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։ Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս բոլորը տեղի կունենան այնքան ժամանակ, որքան ապրում է այս սերունդը։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։ Որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։ Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։ Եվ ամբողջ ժողովուրդը վաղ առավոտից գնում էր տաճար՝ նրան լսելու։ Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որ Զատիկ է կոչվում։ Քահանայապետներն ու դպիրները առիթ էին փնտրում, թե նրան ինչպե՛ս սպանեն, որովհետև ժողովրդից վախենում էին։ Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։ Նա գնաց, քահանայապետների և իշխանավորների հետ խոսեց, թե նրան ինչպե՛ս մատնի նրանց։ Նրանք ուրախացան ու խոստացան արծաթ տալ նրան։ Նա էլ խոստացավ ու հարմար առիթ էր փնտրում, որ ամբոխից հեռու Հիսուսին մատնի նրանց։ Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։ Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։ Նրանք ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք»։ Նա էլ ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր ինքը կմտնի։ Եվ տանտիրոջն ասե՛ք. "Վարդապետը քեզ ասում է. "Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ"։ Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։ Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։ Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։ Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։ Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։ Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։ Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։ Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։ Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։ Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։ Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։ Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։ Ապա նրանց ասաց. «Բայց հիմա քսակ ունեցողը թող իր հետ վերցնի, նույնը թող անի նաև մախաղ ունեցողը, իսկ չունեցողը թող իր հագուստը վաճառի և իր համար սուր գնի։ Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց". որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։ Նրանք ասացին. «Տե՛ր, ահա այստեղ երկու սուր կա »։ Եվ ասաց նրանց՝ բավական են։ Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց. աշակերտները հետևեցին նրան։ Երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։ Ինքը նրանցից մի քարընկեցի չափ հեռացավ և ծունկի իջած աղոթում էր և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան, և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին։ Աղոթքից վեր կենալով՝ եկավ իր աշակերտների մոտ և տրտմությունից քնած գտավ նրանց։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։ Մինչ նա խոսում էր, հայտնվեց մի ամբոխ, և Հուդա կոչվածը՝ այն տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Եվ մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան։ Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, Մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»։ Երբ նրա հետ եղողները տեսան, թե ի՛նչ է լինելու, նրան ասացին. «Տե՛ր, սրով զարկե՞նք»։ Նրանցից մեկը քահանայապետի ծառային զարկեց ու նրա աջ ականջը կտրեց։ Հիսուսը պատասխանեց. «Թողե՛ք, եղածը բավ է»։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։ Հիսուսն իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին ու երեցներին ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի վրա՞ ելաք։ Ես ամեն օր տաճարում ձեզ հետ էի, և ինձ վրա ձեռք չերկարեցիք. բայց հիմա ձե՛ր ժամն է և խավարի իշխանությունը»։ Եվ նրան բռնելով՝ տարան, քահանայապետի տուն մտցրին։ Պետրոսը հեռվից հետևում էր նրան։ Երբ բակում կրակ էին վառել ու չորս կողմը նստել, Պետրոսն էլ նրանց մեջ նստեց։ Մի աղախին, նրան կրակի մոտ նստած տեսնելով, նայեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրա հետ»։ Բայց նա ուրացավ և ասաց այն կնոջը. «Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։ Եվ քիչ հետո մեկ ուրիշը նրան տեսավ ու ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Իսկ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես չեմ»։ Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը պնդում էր ու ասում. «Ճշմարիտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ Պետրոսն ասաց այն մարդուն. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես ասում»։ Եվ իսկույն, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց։ Տերը դարձավ, նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ինձ կուրանաս»։ Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։ Հիսուսին պահող մարդիկ նրան ծաղրում էին ու ծեծում։ Նրա երեսը ծածկել ու հարցնում էին՝ ասելով. «Մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ Ուրիշ շատ բաներ էլ էին հայհոյանքով ասում նրան։ Երբ առավոտ եղավ, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներն ու դպիրները, Հիսուսին իրենց ատյան տարան ու ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ Եվ նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, դուք չեք հավատա։ Իսկ եթե ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։ Բայց սրանից հետո Մարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի »։ Եվ բոլորն ասացին. «Ուրեմն դո՞ւ ես Աստծու Որդին»։ Ինքն էլ նրանց ասաց. «Դուք եք ասում, որ ես եմ»։ Նրանք էլ ասացին. «Մեզ էլ ի՞նչ վկայություն է հարկավոր, երբ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։ Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կացավ, ու նրան Պիղատոսի մոտ տարան։ Եվ սկսեցին նրան ամբաստանել ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր ժողովրդին և արգելում կայսրին հարկ տալ՝ ինքն իր մասին ասելով, թե Քրիստոս թագավորն է»։ Բայց Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դո՛ւ ասացիր»։ Պիղատոսը քահանայապետներին ու ժողովրդին ասաց. «Ես այս մարդու մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Սակայն նրանք պնդում էին ու ասում. «Ժողովրդին ըմբոստության է մղում՝ ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից մինչև այստեղ, ուսուցանելով»։ Երբ Պիղատոսը լսեց, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է։ Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։ Հերովդեսը, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր՝ ուզում էր նրան տեսնել, քանի որ նրա մասին լսել էր և հույս ուներ նրա կողմից արված որևէ նշան տեսնել։ Եվ նրան բազում հարցեր էր տալիս, բայց նա ոչինչ չէր պատասխանում նրան։ Քահանայապետներն ու դպիրները կանգնած էին ու նրան խիստ ամբաստանում էին։ Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց նրան. ծաղրելով նրան՝ մի շքեղ զգեստ հագցրեց և հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ Պիղատոսն ու Հերովդեսն այդ օրը միմյանց հետ բարեկամացան, որովհետև նախկինում իրար հետ թշնամության մեջ էին։ Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին և նրանց ասաց. «Դուք այս մարդուն ինձ մոտ եք բերել իբրև ժողովրդին մոլորեցնողի, և ահա ձեր առաջ հարցաքննելով՝ այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա այն բաների վերաբերյալ, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ոչ էլ Հերովդեսը, որովհետև ձեզ տվեցի, որ նրա մոտ տանեք։ Եվ դա ահա մահապատժի արժանի ոչինչ չի գործել։ Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ» (որովհետև անհրաժեշտ էր, որ տոնի առիթով նրանց համար մի մարդ արձակեր)։ Իսկ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին ու ասում. «Վերցրո՛ւ դրան ու մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր» (որը քաղաքում տեղի ունեցած մի խռովության ու սպանության համար բանտարկվել էր)։ Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ կամենալով Հիսուսին արձակել։ Իսկ նրանք աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Նա երրորդ անգամ ասաց նրանց. «Սա ի՞նչ չար բան է արել. սրա մեջ մահվան արժանի որևէ հանցանք չգտա. սրան կգանահարեմ ու կարձակեմ»։ Բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին ու պահանջում, որ նա խաչը հանվի։ Եվ նրանց ու քահանայապետների աղաղակը ուժեղանում էր։ Եվ Պիղատոսը վճռեց, որ նրանց պահանջը լինի։ Նրանց համար արձակեց խռովության ու սպանության պատճառով բանտ նետվածին, որին էլ պահանջում էին, իսկ Հիսուսին նրանց կամքին մատնեց։ Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ ձե՛զ և ձեր զավակների՛ վրա լաց եղեք։ Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։ Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել՝ "Մեզ վրա՛ ընկեք", ու բլուրներին՝ "Ծածկե՛ք մեզ" ։ Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։ Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը»։ Զինվորներն էլ էին նրան ծաղրում. մոտ գալով՝ նրան քացախ էին տալիս ու ասում. «Եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկի՛ր»։ Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Վեցերորդ ժամին մոտ էր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը ։ Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. «Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» ։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։ Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։ Եվ ահա մի մարդ կար, անունը՝ Հովսեփ, որ խորհրդի անդամ էր, բարի և արդար մարդ (սա նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել). հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը։ Նա Պիղատոսի մոտ գնաց և Հիսուսի մարմինը խնդրեց։ Եվ նրան ցած իջեցնելով՝ կտավով պատանեց ու վիմափոր գերեզմանի մեջ դրեց, ուր երբեք ոչ մի մարդ չէր դրվել։ Օրն ուրբաթ էր. շաբաթն էր լուսանում։ Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։ Բայց միաշաբաթի օրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։ Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։ Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշե՛ք՝ նա ձեզ հետ ինչպե՛ս խոսեց, երբ Գալիլեայում էր։ Ասում էր, որ Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրա խոսքերը հիշեցին։ Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր մյուսներին։ Եվ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամն ու նրանց հետ ուրիշներ էլ, որոնք այս բաները պատմում էին առաքյալներին։ Եվ նրանց խոսքերը սրանց ականջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում։ Բայց Պետրոսը վեր կացավ, գերեզման վազեց ու կռանալով՝ կտավներն առանձին դրված տեսավ. և տուն գնաց՝ տեղի ունեցածի վրա իր մտքում զարմանալով։ Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմաուս էր, որը Երուսաղեմից վաթսուն ասպարեզ էր հեռու։ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։ Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։ Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։ Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։ Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։ Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։ Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։ Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ»։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասին գրված էր ։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Եվ նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։ Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։ Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։ Նրանք ասում էին. «Արդարև Տերը հարություն է առել ու երևացել է Սիմոնին»։ Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպե՛ս իրեն ճանաչել տվեց նրանց՝ հաց կտրելու ժամանակ։ Եվ երբ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Նրանք զարհուրելով ու վախենալով կարծում էին, թե ոգի են տեսնում։ Բայց նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք շփոթվել, ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։ Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։ Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։ Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։ Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։ Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։ Դուք էլ վկաներն եք այս բաների։ Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։ Եվ նրանց մինչև Բեթանիա հանեց և ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց։ Եվ մինչ նրանց օրհնում էր, բաժանվեց նրանցից ու երկինք էր բարձրանում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Եվ ամեն ժամ տաճարում էին. Աստծուն էին գովաբանում և օրհնում։ Ամեն։ Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։ Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։ Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու։ Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. "Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր"»։ Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք. որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ է մեզ նրա մասին հայտնել։ Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես», նա խոստովանեց և չուրացավ. խոստովանեց, թե՝ «Ես Քրիստոսը չեմ»։ Եվ նրան հարցրին. «Հապա ո՞վ, Եղիա՞ն ես»։ Նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Մարգարե՞ն ես դու»։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։ Արդ նրան ասացին. « Հապա ո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. ի՞նչ ես ասում քո մասին»։ Ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ. "Հարթե՛ք Տիրոջ ճանապարհը"», ինչպես Եսայի մարգարեն ասաց։ Եվ ուղարկվածները փարիսեցիներից էին։ Նրան հարցրին ու ասացին. «Հապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»։ Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում։ Նա, որ գալիս է ինձանից հետո և որ ինձանից էլ առաջ է եղել, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես»։ Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։ Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է, որի մասին ես ասում էի. "Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու"»։ Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. "Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը"։ Ու ես տեսա և վկայեցի, թե՝ "Սա է Աստծու Որդին"»։ Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն էր։ Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային (որ "Քրիստոս" է նշանակում)»։ Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։ Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Փիլիպպոսն էլ Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։ Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Նախքան Փիլիպպոսի՝ քեզ կանչելը տեսա քեզ՝ թզենու տակ կանգնած»։ Նաթանայելն ասաց. «Ռա՛բբի, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ. դրանից է՛լ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»։ Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։ Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։ Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։ Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։ Հրեաների սրբվելու սովորության համաձայն՝ այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար էր տանում։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրո՛վ լցրեք»։ Եվ բերնեբերան լցրեցին։ Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրե՛ք ու սեղանապետի՛ն տարեք»։ Նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չիմանալով, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին), կանչեց փեսային և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ Գալիլեայի Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։ Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։ Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։ Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։ Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։ Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» ։ Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։ Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն»։ Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես»։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։ Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը՝ տեսնելով նրա գործած հրաշքները։ Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։ Եվ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր՝ ի՛նչ կար մարդու մեջ։ Փարիսեցիներից մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. "Դուք պետք է վերստին ծնվեք"։ Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։ Նիկոդեմոսը հարցրեց ու նրան ասաց. «Դա ինչպե՞ս կարող է լինել»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես ու դա չգիտե՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։ Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։ Դրանից հետո Հիսուսը և իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր։ Իսկ Հովհաննեսը Այենոնում՝ Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար. մարդիկ գալիս էին ու մկրտվում, քանի որ Հովհաննեսը դեռ չէր բանտարկվել։ Եվ ահա Հովհաննեսի աշակերտների և մի հրեայի միջև մաքրության մասին վեճ ծագեց։ Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռա՛բբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»։ Հովհաննեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ Դուք ինքներդ վկա եք իմ ասածներին. "Ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել"։ Ով հարս ունի, նա է փեսան, բայց փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է փեսայի ձայնը. արդ այս է իմ ուրախությունը, և այժմ այն կատարյալ է։ Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ փոքրանա։ Նա, որ գալիս է ի վերուստ, ամենքից վեր է. իսկ երկրից ելնողը երկրավոր է ու երկրային բաներից է խոսում. երկնքից եկողն ամենքից վեր է։ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է։ Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված Հոգին ըստ չափի չի տալիս։ Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։ Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը (թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները), թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ։ Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։ Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ». քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ "Ամուսին չունեմ", որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։ Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. «Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելի՞ք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։ Արդյոք դո՞ւք չեք ասում. "Չորս ամիս ևս, և հունձը կհասնի"։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը ու տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։ Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։ Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի»։ Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց։ Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան ։ Եվ կնոջն ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի՛ համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը»։ Եվ երկու օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա, թեև Հիսուսն ինքը վկայել էր. «Մարգարեն իր հայրենիքում պատիվ չունի»։ Բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք տեսել էին այն ամենը, ինչ արել էր Զատկի տոնին Երուսաղեմում, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնաումում հիվանդ էր։ Նա, լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։ Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ Պաշտոնյան նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մեռել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ Իսկ նա հարցրեց նրանց, թե ո՛ր ժամին սկսեց ապաքինվել։ Եվ նրան ասացին. «Երեկ յոթերորդ ժամին տենդը նրան թողեց»։ Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ Սա երկրորդ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։ Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր] ։ Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Եվ այդ օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։ Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։ Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։ Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։ Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։ Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։ Դրա համար հրեաներն է՛լ ավելի էին ուզում նրան սպանել, որովհետև ոչ միայն շաբաթ օրվա կանոնն էր խախտում, այլև Աստծուն էլ իրեն Հայր էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։ Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։ Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։ Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել, որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։ Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։ Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։ Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը։ Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։ Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, և դուք ցանկացաք միառժամանակ նրա լույսով ուրախանալ։ Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ո՛չ նրա ձայնը երբևէ լսեցիք, ո՛չ նրա կերպարանքը տեսաք։ Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ ուզում։ Բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծու սերը չունեք։ Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։ Մի՛ կարծեք, թե ես Հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, և դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։ Որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել։ Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։ Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։ Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։ Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։ Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։ Երբ երեկո եղավ, նրա աշակերտները լճափ իջան և նավ նստելով՝ գնացին լճի մյուս կողմը՝ Կափառնաում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել։ Սաստիկ քամու փչելուց լիճն ալեկոծվում էր։ Քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր լճի վրայով և նավին էր մոտենում։ Եվ նրանք սաստիկ վախեցան։ Հիսուսն ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ Նրանք կամեցան Հիսուսին նավ հանել, սակայն նավը շուտով ցամաք հասավ, ուր որ ուղևորվում էին։ Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։ Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. «Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։ Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։ Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։ Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" »։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։ Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։ Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ "Ես երկնքից եմ իջել"»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք։ Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, և ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Մարգարեների գրքերում գրված է. "Աստված ինքը բոլորին կուսուցանի" ։ Արդ, ով Հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։ Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։ Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։ Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։ Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է դա լսել»։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է։ Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր։ Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսն այն տասներկուսին ասաց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը սատանա է»։ Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։ Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում։ Նա չէր ուզում շրջել Հուդայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել նրան։ Մոտենում էր հրեաների Տաղավարահարաց տոնը։ Հիսուսի եղբայրները նրան ասացին. «Դո՛ւրս արի այստեղից և գնա՛ Հուդա, որ քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես։ Որովհետև չկա մեկը, որ գաղտնի գործի և ուզենա հայտնի լինել. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին»։ Հիսուսի եղբայրները նույնպես չէին հավատում նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար միշտ ժամանակն է։ Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են։ Դուք գնացե՛ք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Հիսուսն այս ասաց նրանց և մնաց Գալիլեայում։ Երբ նրա եղբայրները տոնի համար Երուսաղեմ բարձրացան, այն ժամանակ ինքն էլ այդ տոնին գնաց, բայց ոչ հայտնապես, այլ ծածուկ։ Այդ տոնի ժամանակ հրեաները փնտրում էին նրան ու ասում. «Որտե՞ղ է նա»։ Եվ բազմության մեջ նրա մասին շատ տարակարծություններ կային։ Ոմանք ասում էին՝ «Բարի մարդ է », իսկ ոմանք՝ «Ո՛չ, նա մոլորեցնում է ժողովրդին»։ Ոչ ոք նրա մասին բացահայտ չէր խոսում, որովհետև վախենում էին հրեաներից։ Տոնակատարության կեսին արդեն Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Նա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, երբ բնավ չի ուսանել»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա։ Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ Բազմությունը պատասխանեց. «Քո մեջ դև՞ ունես. ո՞վ է ուզում քեզ սպանել»։ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և բոլորդ զարմացել եք։ Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց ( թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ Արդ, եթե մարդը նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա ինչո՞ւ եք բարկանում, որ ես շաբաթ օրով մի մարդու լիովին բժշկեցի։ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ Երուսաղեմցիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում են սպանել։ Բայց ահա նա համարձակ խոսում է, և նրան ոչինչ չեն ասում։ Գուցե իշխանավորներն իրապես ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։ Բայց գիտենք նրան, թե որտեղի՛ց է. իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղի՛ց է»։ Այդժամ Հիսուսը, որ ուսուցանում էր տաճարում, աղաղակեց և ասաց. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք, թե որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել. բայց ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկել է, նա, որին դուք չգիտեք։ Ես գիտեմ նրան, որովհետև նրանից եմ, և նա՛ ինձ ուղարկեց»։ Այդժամ ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր եկել։ Ժողովրդից շատերը նրան հավատացին ու ասում էին. «Երբ Քրիստոսը գա, արդյոք ավելի՞ շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ Փարիսեցիները լսեցին ժողովրդի մեջ նրա մասին եղած շշուկները, և փարիսեցիներն ու քահանայապետները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի նրան բռնեն։ Այդժամ Հիսուսն ասաց. «Դեռ մի փոքր ժամանակ ձեզ հետ եմ և ապա գնալու եմ ինձ ուղարկողի մոտ։ Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»։ Արդ հրեաները միմյանց ասացին. «Ո՞ւր է գնալու, որ մենք չգտնենք դրան. գուցե գնալու է հույների մեջ ցրված հրեաների մոտ և հույների՞ն է ուսուցանելու։ Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ ասաց. "Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես եմ, դուք չեք կարող գալ"»։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Արդ ժողովրդի միջից շատերը, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. «Իրապես որ նա մարգարեն է»։ Ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը»։ Իսկ մնացածն էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է. "Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր"»։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։ Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։ Արդ, սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, և սրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք»։ Սպասավորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Փարիսեցիները նրանց պատասխանեցին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։ Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։ Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց. «Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։ Նրանք պատասխանեցին նրան. «Գուցե դու է՞լ ես Գալիլեայից. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։ Եվ ամեն մեկն իր տուն գնաց։ Հիսուսը Ձիթենյաց լեռը գնաց։ Առավոտյան դարձյալ տաճար եկավ, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը Օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ի՞նչ ես ասում»։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը, գետնին նայելով, մատով գրում էր հողի վրա։ Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։ Սակայն նրանք, այս լսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։ Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։ Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։ Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։ Եվ ձեր օրենքում իսկ գրված է. "Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է"։ Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։ Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։ Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ. ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք. ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ Հրեաներն ասում էին. «Գուցե ինքնասպա՞ն է լինելու, որովհետև ասում է. "Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ"»։ Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Արդ ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։ Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»։ Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։ Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։ Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։ Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։ Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Նրան պատասխանեցին. «Մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։ Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Գիտեմ, որ Աբրահամի որդիներն եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։ Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ տեսել եք ձեր հորից»։ Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։ Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։ Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ինձ ուղարկեց։ Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։ Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում. դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում»։ Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, որ դու սամարացի ես ու դև ունես»։ Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք ինձ անարգում եք։ Սակայն ես իմ փառքը չեմ փնտրում. կա մեկը, որ այն փնտրում է և դատում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»։ Հրեաները նրան ասացին. «Հիմա իմացանք, որ դև ունես։ Աբրահամը մեռավ, մարգարեները՝ նույնպես, իսկ դու ասում ես. "Եթե մեկն իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի"։ Գուցե դու ավելի մե՞ծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, մարգարեները ևս մեռան։ Իսկ ի՞նչ ես կարծում, դու ո՞վ ես»։ Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Ինձ փառավորողը Հայրն է, նա, ում մասին դուք ասում եք՝ "Մեր Աստվածն է"։ Եվ չեք ճանաչում նրան, իսկ ես նրան գիտեմ, և եթե ասեմ, որ ես նրան չգիտեմ, ձեզ նման ստախոս կլինեմ. բայց ես գիտեմ նրան ու նրա խոսքը պահում եմ։ Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է իմ օրերը տեսնել. նա տեսավ և ուրախացավ»։ Ապա հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես կամ նախքան Աբրահամը»։ Այդժամ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս գնաց։ Մինչ Հիսուսն անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռա՛բբի, ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան։ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի»։ Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (որ նշանակում է «Ուղարկված»)։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։ Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։ Ոմանք ասում էին՝ «Նա է», ուրիշներն էլ՝ «Նրան նման է»։ Սակայն ինքն ասում էր՝ «Ես եմ»։ Արդ նրան հարցնում էին. «Հապա աչքերդ ինչպե՞ս բացվեցին»։ Նա պատասխանեց. «Մի մարդ, անունը՝ Հիսուս, կավ շինեց, աչքերիս քսեց և ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ ու լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ Եվ նրան ասացին. «Որտե՞ղ է նա»։ Ասաց. «Չգիտեմ»։ Նրան, որ մի ժամանակ կույր էր, փարիսեցիների մոտ տարան։ Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց ու նրա աչքերը բացեց։ Փարիսեցիները ևս նրան կրկին հարցրին, թե ինչպե՛ս եղավ, որ նա տեսնում է։ Եվ նա ասաց նրանց. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի և տեսնում եմ»։ Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Իսկ ուրիշներն ասում էին. «Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ երկպառակություն կար։ Այդժամ կույրին դարձյալ հարցրին. «Իսկ դու ի՞նչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց»։ Նա ասաց. «Մարգարե է»։ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին և նրանց հարցրին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել. իսկ հիմա ինչպե՞ս է տեսնում»։ Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել, բայց թե հիմա ինչպե՛ս է տեսնում, չգիտենք, կամ թե ո՛վ բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք. նրա՛ն հարցրեք. ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի»։ Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։ Դրա համար նրա ծնողներն ասացին. «Ինքը չափահաս է, իրե՛ն հարցրեք»։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։ Եվ դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, աչքերդ ինչպե՞ս բացեց»։ Նրանց պատասխանեց. «Ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք. ի՞նչ եք դարձյալ ուզում լսել. գուցե դուք է՞լ եք ցանկանում նրան աշակերտել»։ Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել»։ Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ Նա պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, իսկ ո՞վ է նա, որ նրան հավատամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ քեզ հետ խոսողն էլ նա է»։ Եվ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան։ Հիսուսն ասաց. «Ես այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։ Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում եք՝ "Տեսնում ենք", և ձեր մեղքը ձեր մեջ է մնում»։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ։ Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն և նրանց դուրս է հանում։ Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։ Հիսուսը նրանց այս առակն ասաց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչի՛ համար էր նա այդ ասում իրենց։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։ Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։ Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։ Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով։ Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։ Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։ Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։ Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։ Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։ Հիսուսը քայլում էր տաճարում՝ Սողոմոնի սրահում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեր հոգին տանջելու. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, ու չեք հավատում. այն գործերը, որ իմ Հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։ Ես և Հայրը մի ենք»։ Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ Հրեաները պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի համար ենք քարկոծում, այլ հայհոյության, որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞. "Ես ասացի՝ աստվածներ եք" ։ Գրքում աստվածներ են կոչվում նրանք, որոնց ուղղված է Աստծու խոսքը։ Իսկ այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել։ Նրան, ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք՝ հայհոյում ես. նրա՞ համար, որ ասացի, թե Աստծու Որդին եմ։ Եթե իմ Հոր գործե՛րը չեմ կատարում, ինձ մի՛ հավատացեք։ Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք, գոնե գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Հոր մեջ»։ Դարձյալ ուզում էին բռնել Հիսուսին, բայց նա ազատվեց նրանց ձեռքից։ Դարձյալ գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր մկրտում։ Եվ Հիսուսն այնտեղ էր մնում։ Շատերն էին նրա մոտ գալիս և ասում. «Հովհաննեսը ոչ մի նշան չի արել։ Բայց այն ամենը, ինչ Հովհաննեսն ասել է Հիսուսի մասին, ճշմարիտ էր»։ Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։ Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։ Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի»։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։ Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։ Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկե՛ք նորից Հուդա գնանք»։ Աշակերտները նրան ասացին. «Ռա՛բբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել, և դու դարձյալ այնտե՞ղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։ Իսկ եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»։ Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Այդժամ նրա աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է։ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։ Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու»։ Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։ Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։ Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։ Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։ Արդ այն հրեաները, որ նրա հետ տանն էին ու մխիթարում էին նրան, երբ տեսան, որ Մարիամը շուտափույթ վեր կացավ գնաց, իրենք ևս հետևեցին նրան՝ կարծելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Հիսուսն արտասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպե՜ս էր նրան սիրում»։ Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։ Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ Հիսուսն ասաց. «Վերցրե՛ք այդ քարը»։ Մեռածի քույրը՝ Մարթան, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։ Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի»։ Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։ Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։ Այդժամ քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ասացին. «Ի՞նչ անենք։ Այդ մարդը բազում նշաններ է կատարում։ Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը»։ Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չեք հասկանում։ Եվ չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։ Բայց նա այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի միավորեր նաև Աստծու ցրված զավակներին։ Արդ այդ օրվանից որոշեցին նրան սպանել։ Եվ Հիսուսը հրեաների մեջ համարձակ չէր շրջում, այլ այնտեղից գնաց անապատին մոտ մի քաղաք, որ Եփրաիմ էր կոչվում, և իր աշակերտների հետ այնտեղ էր մնում։ Մոտենում էր հրեաների Զատիկը։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ Երուսաղեմ բարձրացան, որպեսզի իրենց ծիսական մաքրումը կատարեն։ Նրանք Հիսուսին էին փնտրում ու մինչ տաճարում կանգնած էին, միմյանց ասում էին. «Ի՞նչ եք կարծում, արդյոք այս տոնին չի՞ գա»։ Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե որևէ մեկն իմանա նրա տեղը, հայտնի իրենց, որպեսզի նրան բռնեն։ Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին նա մեռելներից հարություն էր տվել։ Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։ Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր, ասաց. «Ինչո՞ւ այդ յուղը երեք հարյուր դինարի չվաճառվեց ու աղքատներին չտրվեց»։ Բայց նա այդ ասաց, ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր և ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, և ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։ Այդժամ Հիսուսն ասաց. «Թո՛ղ նրան. այն, ինչ նա անում է, իմ թաղման օրվա համար է։ Աղքատներին միշտ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ չեք ունենալու»։ Երբ հրեաներից շատերն իմացան, որ Հիսուսն այնտեղ է, եկան տեսնելու ոչ միայն նրան, այլ նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։ Իսկ քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել, քանի որ նրա պատճառով հրեաներից շատերն էին գնում և Հիսուսին հավատում։ Հաջորդ օրը, երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը»։ Հիսուսը մի ավանակ գտավ և վրան նստեց, ինչպես որ գրված է. «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ էշի քուռակի վրա նստած» ։ Նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան. բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ դա նրա մասին էր գրված, և նրանք դա Հիսուսի համար արեցին։ Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, երբ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց, պատմում էր այն, ինչ տեսել էր։ Եվ դրա համար էր ժողովուրդը նրան ընդառաջ ելել, քանի որ լսել էր նրա գործած այդ նշանի մասին։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չունեք. ահավասիկ ողջ աշխարհը նրա հետևից է գնում»։ Երուսաղեմ բարձրացածների մեջ կային որոշ հույներ, որոնք եկել էին տոնին՝ երկրպագություն անելու։ Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որը Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. խնդրում էին նրան և ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց, ապա Անդրեասն ու Փիլիպպոսն ասացին Հիսուսին։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը։ Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել։ Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդժամ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ Ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր. «Որոտմունք եղավ»։ Ուրիշներն ասում էին. «Նրա հետ հրեշտակ խոսեց»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չեղավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։ Եվ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու»։ Եվ այս ասում էր, որպեսզի ցույց տար, թե ինչպիսի՛ մահով էր մեռնելու։ Արդ ժողովուրդը նրան պատասխանեց. «Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը պիտի մնա հավիտյան, իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ո՛ւր է գնում։ Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս ասաց ու գնաց, նրանցից թաքնվեց։ Եվ չնայած նա այդքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» ։ Եսային ասել է նաև, թե նրանք ինչու չեն կարողանում հավատալ. «Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը անզգայացրեց, որ աչքերով չտեսնեն ու սրտով չիմանան, որ դարձի գան, և ե՛ս նրանց բուժեմ» ։ Եսային Հիսուսի մասին այս ասաց, երբ տեսնում էր նրա փառքը ու խոսում էր նրա մասին։ Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն. քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից։ Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով հավատում է ինձ, միայն ինձ չէ, որ հավատում է, այլ նաև նրան, ով ինձ ուղարկեց։ Եվ ով տեսնում է ինձ, տեսնում է նաև նրան, ով ինձ ուղարկեց։ Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա։ Եվ եթե որևէ մեկն իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։ Որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է ինձ պատվիրել, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ։ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց»։ Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։ Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։ Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ Դուք ինձ "Վարդապետ" և "Տեր" եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է. "Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ". ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։ Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։ Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։ Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։ Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։ Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։ Եվ սեղան նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի՛ համար այդ ասաց նրան։ Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ այս տոնի համար մեզ հարկավոր է» կամ «Աղքատներին ինչ-որ բա՛ն տար»։ Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։ Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ "Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ", հիմա էլ ձեզ եմ ասում։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ «Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։ Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ Լսեցիք, որ ձեզ ասացի. "Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ"։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. "Հոր մոտ եմ գնում", որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։ «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։ Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։ Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" ։ Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։ «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։ Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։ Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։ Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. "Ո՞ւր ես գնում"։ Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար. մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի, և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։ Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։ Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք" և թե՝ "Ես Հոր մոտ եմ գնում"»։ Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։ Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. "Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք"։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։ Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։ Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։ Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։ Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը, որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։ Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։ Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։ Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։ Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։ Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։ Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է, որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։ Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։ Երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։ Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։ Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։ Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. «Ու՞մ եք փնտրում»։ Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։ Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ Եվ դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի՝ "Ես եմ". արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։ Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. "Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի"»։ Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։ Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։ Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայի՛ր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ինձ խփում»։ Այդժամ Աննասը նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։ Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։ Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։ Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։ Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։ Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։ Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել». որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։ Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։ Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։ Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Արդ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակը գլխին և ծիրանին հագին։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա այդ մարդը»։ Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։ Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ։ Նա դարձյալ ատյան մտավ և Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։ Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։ Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, և ինքը նստեց բեմի վրա՝ այնտեղ, որ «Քարահատակ» էր կոչվում (եբրայերեն՝ Գաբբաթա)։ Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։ Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։ Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։ Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։ Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր "Հրեաների թագավոր", այլ ինչպես նա ասաց. "Հրեաների թագավորն եմ"»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» ։ Եվ զինվորներն արեցին այդ բանը։ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասի կինը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։ Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։ Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։ Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։ Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։ Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։ Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։ Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։ Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։ Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։ Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։ Շաբաթվա առաջին օրն արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։ Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։ Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։ Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։ Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։ Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։ Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։ Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. տեսավ ու հավատաց։ Որովհետև դեռ չէին հասկացել գրվածը. «Նա մեռելներից հարություն պիտի առնի»։ Աշակերտները դարձյալ տուն գնացին։ Բայց Մարիամը դրսում, գերեզմանի մոտ կանգնած, լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը։ Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։ Եվ նրանք ասացին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտե՛ղ են դրել նրան»։ Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Մարիա՛մ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբո՛ւնի», որ «Վարդապետ» է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. բայց դու իմ եղբայրների մո՛տ գնա ու ասա՛ նրանց. "Ես իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ"»։ Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և որ նա իրեն այս բաներն է ասել։ Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։ Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։ Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։ Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ «Երկվորյակ» կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք քեզ հետ գալիս»։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։ Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն ։ Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատռվեց։ Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։ Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։ Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, և որն ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, Հիսուսին ասաց. «Տե՛ր, իսկ սրա՞ն ինչ է լինելու»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ՝ «Եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ»։ Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։ Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։ Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։ Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։ Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ կանգնեց եղբայրների մեջ (այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար) և ասաց. «Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։ Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։ Արդ, նա իր անիրավության վարձով մի ագարակ ստացավ ու գլխիվայր ընկնելով՝ մեջտեղից պատռվեց, և նրա ամբողջ փորոտիքը դուրս թափվեց։ Եվ Երուսաղեմի բոլոր բնակիչներին սա հայտնի դարձավ, այնպես որ այդ ագարակն իրենց բարբառով Ակեղդամա կոչվեց, այսինքն՝ "Արյան ագարակ"։ Քանի որ Սաղմոսների գրքում գրված է. "Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի", և "Թող նրա առաքելությունն ուրիշն առնի" ։ Արդ, պետք է, որ այստեղ եղած մարդկանցից մեկը, որոնք մեզ հետ են եղել այն ամբողջ ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր՝ սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեզանից համբարձվեց, նա պետք է մեզ հետ միասին նրա հարության վկան լինի»։ Եվ ներկայացրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որ Բարսաբբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային։ Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։ Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։ Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։ Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում, Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։ Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։ Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։ Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է, այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով. "Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,- իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ, և պիտի մարգարեանան։ Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում, և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա. արյուն, կրակ ու ծխի սյուն։ Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" ։ Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով. նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում. "Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ հույսով պիտի ապրի։ Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" ։ Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։ Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին, ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։ Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։ Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։ Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։ Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։ Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդ ժամի աղոթքի համար։ Ի ծնե կաղ մի մարդ կար, որին ամեն օր բերում էին տաճարի դռան մոտ, որ «Գեղեցիկ» էր կոչվում, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին տաճար մտնելիս, ողորմություն խնդրեց նրանցից ։ Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. «Մե՛զ նայիր»։ Նա հայացքը նրանց վրա սևեռեց՝ ինչ-որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով։ Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։ Եվ նա, բռնելով նրա աջ ձեռքից, նրան ոտքի կանգնեցրեց, և նրա սրունքներն ու ազդրերն իսկույն ամրացան։ Նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց և նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով։ Ամբողջ ժողովուրդը տեսավ նրան, որ քայլում էր և օրհնում Աստծուն։ Եվ ճանաչում էին նրան, որ ողորմության համար նստում էր տաճարի «Գեղեցիկ» դռան մոտ։ Եվ պատահածի համար լցվեցին երկյուղով ու զարմանքով։ Մինչ նա Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը երկյուղած վազեց նրանց մոտ՝ այն սրահը, որ «Սողոմոնի սրահ » էր կոչվում։ Երբ Պետրոսը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, ինչո՞ւ եք սրա վրա զարմացել կամ ինչո՞ւ եք ապշած մեզ վրա նայում, կարծես թե մենք մեր զորությամբ կամ բարեպաշտությամբ ենք նրան քայլել տվել։ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ մեր հայրերի Աստվածը, փառավորեց իր Որդի Հիսուսին, որին դուք մատնեցիք ու Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա վճռեց ազատ արձակել նրան։ Դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ ձեզ մի մարդասպանի շնորհի։ Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և մենք այդ բանին վկա եղանք։ Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։ Եվ այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր իշխանավորները անգիտությամբ արեցին։ Բայց Աստված ինչ որ իր բոլոր մարգարեների բերանով նախապես հայտնել էր Քրիստոսի չարչարվելու մասին, այնպես էլ կատարեց։ Արդ ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, և նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին. նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։ Նախ Մովսեսն է ասել. "Ձեր Տերը՝ Աստվածը, ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի։ Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի" ։ Սկսած Սամուելից՝ նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։ Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահամին ասաց. "Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը" ։ Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդի Հիսուսին և ուղարկեց նրան ձեզ օրհնելու՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելով»։ Նրանք տակավին խոսում էին ժողովրդի հետ, երբ նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակապետը և սադուկեցիները՝ սաստիկ զայրացած, որ սրանք Հիսուսի օրինակով ժողովրդին ուսուցանում և քարոզում էին մեռելներից հարության մասին։ Եվ նրանց ձերբակալեցին ու բանտարկեցին մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր։ Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը շուրջ հինգ հազար եղավ։ Հաջորդ օրը նրանց իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում, նաև Աննաս քահանայապետն ու Կայիափան, Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, ովքեր քահանայական ցեղից էին։ Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»։ Այդ ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, նրանց ասաց. «Ո՛վ ժողովրդի իշխանավորներ ու Իսրայելի ծերեր, եթե մենք այսօր մի տկար մարդու հանդեպ գործված բարիքի համար հարցաքննվում ենք, թե նա ումո՛վ բժշկվեց, արդ թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։ Սա է ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը, որ անկյունաքար դարձավ ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ անուսում ու տգետ մարդիկ են, զարմացած էին, որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։ Տեսնում էին նաև այն բժշկված մարդուն՝ կանգնած նրանց հետ, և պատասխանելու ոչինչ չունեին։ Նրանց հրամայեցին ատյանից դուրս գալ և միմյանց հետ խորհրդակցեցին՝ ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ սրանց ձեռքով երևելի հրաշք է գործվել, որը հայտնի է Երուսաղեմի բոլոր բնակիչներին, և մենք չենք կարող հերքել։ Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, նրանց խիստ սպառնանք, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։ Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել։ Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։ Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով ոչ մի միջոց չգտնելով նրանց պատժելու, որովհետև բոլորը կատարվածի համար փառք էին տալիս Աստծուն։ Իսկ այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։ Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր. "Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին, և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։ Երկրի թագավորները վեր ելան, և իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ ու նրա Օծյալի դեմ" ։ Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր, որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։ Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։ Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ Առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, և նրանց բոլորի վրա մեծ շնորհ կար։ Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի։ Եվ Հովսեփը, որ առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ «Մխիթարության որդի» է թարգմանվում), ծնունդով կիպրացի մի ղևտացի էր։ Նա մի ագարակ ուներ, որը վաճառեց և գումարը առաքյալների տրամադրության տակ դրեց։ Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց և դրա գումարի մի մասը կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։ Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։ Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։ Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց։ Եվ մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։ Երիտասարդները վեր կացան, պատանեցին նրան և տարան թաղեցին։ Շուրջ երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր տեղի ունեցածի մասին, ներս մտավ։ Պետրոսը նրան ասաց. «Ասա՛ ինձ, ագարակն այսքանո՞վ վաճառեցիք»։ Նա ասաց. «Այո՛, այդքանով»։ Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ միաբանվեցիք՝ Տիրոջ Հոգին փորձելու։ Ահա ամուսնուդ թաղողների ոտքերը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհանեն»։ Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Ներս մտնելով՝ երիտասարդները նրան մեռած գտան և դուրս հանելով՝ իր ամուսնու մոտ թաղեցին։ Եվ մեծ ահ պատեց ամբողջ եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր այս լսեցին։ Առաքյալների ձեռքով ժողովրդի մեջ շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում, և բոլորը համախմբված՝ Սողոմոնի սրահում էին։ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, բայց ժողովուրդը նրանց մեծարում էր։ Եվ ավելի ու ավելի էր շատանում Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց բազմությունը, այն աստիճան, որ հիվանդներին հրապարակներն էին հանում և իրենց պատգարակներով ու մահիճներով այնտեղ էին դնում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դրանցից մեկին հասներ։ Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։ Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։ Եվ ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակայնորեն բանտ նետեցին։ Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց. «Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։ Եվ երբ լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը, և նրանք, որ իր հետ էին, և իսրայելացի ամբողջ ծերակույտի հետ ժողով գումարեցին ու մարդ ուղարկեցին բանտ՝ նրանց բերելու։ Երբ սպասավորները եկան, բանտում նրանց չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։ Երբ քահանայապետն ու տաճարի պահակապետն այս խոսքերը լսեցին, նրանց վրա զարմացան, թե այդ ի՛նչ պետք է եղած լիներ։ Եվ մեկը եկավ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց բանտ էիք դրել, տաճարում կանգնած, ժողովրդին են ուսուցանում»։ Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։ Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։ Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ Աստված իր աջով նրա՛ն որպես Առաջնորդ ու Փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա։ Եվ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։ Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։ Բայց ատյանում վեր կացավ Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենքի ուսուցիչ էր՝ ամբողջ ժողովրդի կողմից պատվված, և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։ Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։ Որովհետև օրեր առաջ ելավ Թևդասը՝ իրեն երևելի մեկը ցույց տալով, և նրան շուրջ չորս հարյուր մարդ հարեց. ինքն սպանվեց, իսկ նրա համախոհները բաժան-բաժան եղան, և ոչ ոք չմնաց։ Նրանից հետո մարդահամարի օրերին գալիլեացի Հուդան ելավ և իր հետևից շատ մարդկանց տարավ. նա ևս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։ Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։ Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։ Այն օրերին, երբ աշակերտների թիվը շատացավ, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն անտեսվում էին ամենօրյա ծառայություն ստանալու ժամանակ։ Արդ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. «Մեզ վայել չէ, որ Աստծու խոսքի քարոզությունը թողնենք և սեղաններ սպասարկենք։ Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։ Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։ Այս խոսքը հաճելի թվաց բոլորին, և ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, ինչպես նաև Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքացի նորադարձ Նիկողայոսին։ Նրանց առաքյալների առաջ կանգնեցրին և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա։ Եվ Աստծու խոսքն աճում էր, և աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում էր. քահանաներից շատերն էին հնազանդվում հավատին։ Իսկ Ստեփանոսը, շնորհով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր գործում ժողովրդի մեջ։ Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր «ազատագրվածների», կյուրենացիների ու ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, ելան Ստեփանոսի հետ վիճելու։ Եվ չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով նա խոսում էր։ Այդ ժամանակ մի քանի մարդկանց կաշառեցին, որ ասեն. «Մենք դրանից լսեցինք, որ Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում»։ Նրանք գրգռեցին ժողովրդին, ծերերին ու դպիրներին. և հարձակվեցին, բռնեցին Ստեփանոսին ու ատյան տարան։ Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ, որովհետև մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Հիսուս Նազովրեցին պիտի քանդի այս տեղը և փոխի այն ավանդույթները, որ Մովսեսը մեզ տվեց"»։ Ատյանում բոլոր նստածները, նայելով նրան, տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի պես էր։ Եվ քահանայապետն ասաց. «Արդյոք այդ բաներն այդպե՞ս են»։ Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը, և նրան ասաց. "Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից և արի՛ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ" ։ Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։ Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող, բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։ Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ,- ասաց Աստված,- և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում" ։ Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։ Նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան Եգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։ Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։ Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամ այնտեղ ուղարկեց։ Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։ Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ վախճանվեցին ինքը և մեր հայրերը։ Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։ Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։ Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։ Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։ Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։ Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու։ Եվ անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով՝ սպանեց եգիպտացուն։ Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չհասկացան։ Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. "Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում"։ Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. "Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։ Մի՞թե դու ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ երեկ եգիպտացուն սպանեցիր"։ Մովսեսն այս խոսքի վրա փախավ ու Մադիամի երկրում պանդուխտ դարձավ, որտեղ երկու որդի ունեցավ։ Երբ քառասուն տարին լրացավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի մեջ։ Այդ տեսնելով՝ Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Եվ երբ մոտենում էր նայելու, Տիրոջ ձայնը լսվեց. "Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը"։ Եվ Մովսեսը, զարհուրելով, չէր համարձակվում նայել։ Տերը նրան ասաց. "Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։ Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրա հառաչանքը և իջա, որ նրան փրկեմ։ Այժմ արի՛, ես քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս"։ Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։ Նա՛ դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում։ Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. "Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք"։ Նա՛ է, որ երբ ժողովուրդն անապատում էր, Սինա լեռան վրա խոսեց հրեշտակի և մեր հայրերի հետ. նա՛ ստացավ կյանքի պատգամները, որպեսզի մեզ տա։ Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։ Եվ Ահարոնին ասացին. "Մեզ համար աստվածնե՛ր կերտիր, որոնք կառաջնորդեն մեզ, որովհետև այդ Մովսեսը, որ Եգիպտոսի երկրից մեզ հանեց, չգիտենք՝ նրան ի՛նչ պատահեց"։ Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհ մատուցեցին՝ ուրախանալով իրենց ձեռքի գործերով։ Աստված երես դարձրեց ու թողեց նրանց, որ երկնքի զորություններին պաշտեն, ինչպես որ մարգարեների գրքում է գրված. "Մի՞թե անապատում քառասուն տարի ինձ զոհեր ու ընծաներ մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն։ Դուք կրեցիք Մողոքի վրանը, ձեր Հռեմփա աստծու աստղը և այն կուռքերը, որ շինեցիք նրանց երկրպագելու համար։ Արդ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ" ։ Վկայության խորանը մեր հայրերի հետ անապատում էր. Մովսեսի հետ խոսողը հրամայել էր այն կառուցել ըստ այն օրինակի, որ Մովսեսը տեսել էր։ Հաջորդ սերնդի մեր հայրերը Հեսուի հետ այն բերեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարել էր մեր հայրերի առաջից մինչև Դավթի օրերը։ Նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց Հակոբի Աստծու համար բնակարան հիմնել։ Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։ Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես մարգարեն է ասում. "Երկինքն իմ աթոռն է, երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,- կամ ո՞րն է հանգիստ առնելու իմ տեղը. չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել" ։ Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։ Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք. դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։ Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։ Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։ Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»։ Իսկ նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։ Եվ նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում էին. վկաներն իրենց զգեստները դնում էին մի երիտասարդի ոտքերի առաջ, որ Սողոս էր կոչվում։ Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։ Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։ Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։ Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողբ արեցին։ Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում։ Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով։ Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։ Այդ քաղաքում Սիմոն անունով մի մարդ կար, որ վաղուց մոգություն էր անում և սամարացի ժողովրդին զարմացնում էր՝ ասելով, թե ինքը մեծ մեկն է։ Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ Նրան հետևում էին, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։ Սիմոնն ինքն էլ հավատաց ու երբ մկրտվեց, միշտ Փիլիպպոսին էր հետևում. տեսնելով այն նշաններն ու մեծամեծ հրաշքները, որ կատարվում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան. քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել։ Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, նրանց փող առաջարկեց և ասաց. «Ի՛նձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ Պետրոսը նրան ասաց. «Կորի՛ր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծու պարգևը կարելի է փողով առնել։ Դու դրանում ո՛չ մաս ունես, ո՛չ ժառանգություն, որովհետև քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։ Արդ քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը. թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ, որովհետև քեզ տեսնում եմ դառն մաղձի և անիրավության կապանքների մեջ»։ Սիմոնն ասաց. «Դո՛ւք Տիրոջն ինձ համար աղոթեք, որպեսզի ինձ վրա ձեր ասածներից ոչինչ չգա»։ Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։ Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։ Նա վեր կացավ գնաց։ Ահա եթովպացի մի մարդ, որ ներքինի էր և Եթովպիայի Կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաև թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ. վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա և նստի իր մոտ։ Եվ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր. «Իբրև ոչխար մորթվելու տարվեց, և իբրև գառ, որ լուռ կանգնում է իրեն խուզողի առաջ, այդպես էլ նա իր բերանը չի բացում։ Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց. ո՞վ պիտի նրա ցեղի մասին պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց» ։ Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։ Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։ Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։ Եվ հրամայեց կառքը կանգնեցնել. Փիլիպպոսն ու ներքինին իջան ջուրը, և նա մկրտեց ներքինուն։ Երբ ջրից դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին հափշտակեց տարավ, ու ներքինին այլևս չտեսավ նրան. և նա ուրախությամբ գնաց իր ճանապարհով։ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։ Իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ՝ նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի Խոսքին հետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։ Ճանապարհին, երբ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Վե՛ր կաց, մտի՛ր քաղաք, և քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ պապանձված կանգնել էին. ձայնը լսում էին, սակայն ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, բայց աչքերը բացելով՝ ոչինչ չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Երեք օր չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։ Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ, Տե՛ր»։ Եվ Տերը նրան ասաց. «Վեր կաց գնա՛ այն փողոցով, որ "Ուղիղ" է կոչվում, և Հուդայի տանը փնտրի՛ր Սողոս անունով մի տարսոնացու. նա այնտեղ աղոթում է»։ Սողոսն էլ տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսողությունը վերստանա։ Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։ Եվ նա այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր քո անվանն են կոչ անում»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի իմ անվան համար»։ Անանիան գնաց, այն տունը մտավ, ձեռքը դրեց նրա վրա և ասաց. «Սավո՛ւղ եղբայր, Տե՛րն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհին երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»։ Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին։ Նա վերստին տեսավ և ոտքի ելավ մկրտվելու։ Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ։ Սողոսը մի քանի օր Դամասկոսում գտնվող աշակերտների հետ անցկացրեց։ Նա անմիջապես ժողովարաններում քարոզեց Հիսուսին, որ նա է Աստծու Որդին։ Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին և ասում. «Սա չէ՞ր, որ հալածում էր Երուսաղեմում դրա անվանը կոչ անողներին, և այստեղ էլ նրա համար է եկել, որ սրանց ձերբակալելով՝ քահանայապետների մոտ տանի»։ Բայց Սողոսն է՛լ ավելի էր զորանում և շփոթեցնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ ապացուցելով, որ սա է Քրիստոսը։ Բազում օրեր անց հրեաները որոշեցին նրան սպանել։ Բայց Սողոսին հայտնի դարձավ նրանց դավադրությունը։ Նրանք գիշերուզօր քաղաքի դռների մոտ էին, որպեսզի նրան սպանեին։ Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։ Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ, փորձում էր աշակերտներին հարել, սակայն բոլորը նրանից վախենում էին ու չէին հավատում, որ իսկապես աշակերտ է։ Բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, թե ինչպե՛ս է նա ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել և թե ինչպե՛ս է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։ Սողոսը Երուսաղեմում նրանց հետ էր մտնում ու դուրս գալիս՝ համարձակ քարոզելով Հիսուսի անունով։ Նա խոսում և վիճաբանում էր հունախոսների հետ, իսկ նրանք նախաձեռնում էին նրան սպանել։ Սակայն եղբայրները, այդ իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։ Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։ Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։ Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։ Պետրոսը նրան ասաց. «Էնեա՛ն, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և անկողինդ հարդարի՛ր»։ Նա իսկույն վեր կացավ։ Եվ նրան տեսան բոլորը, ովքեր ապրում էին Լյուդդայում և Սարովնայում, որոնք դեպի Տերը դարձան։ Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։ Քանի որ Լյուդդան Հոպպեին մոտ էր, ապա երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին՝ խնդրելով. «Մի՛ հապաղիր մեզ մոտ գալ»։ Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր։ Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։ Նա բավականաչափ օրեր մնաց Հոպպեում՝ ոմն կաշեգործ Սիմոնի մոտ։ Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։ Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։ Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։ Հիմա մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է»։ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։ Եվ նրանց ամեն ինչ պատմելով՝ ուղարկեց Հոպպե։ Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու։ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։ Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները և երկնքի թռչունները։ Եվ մի ձայն ասաց նրան. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։ Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր»։ Դա եղավ երեք անգամ, և սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Մինչ Պետրոսը մտքում զարմանում էր, թե իր տեսած տեսիլքն ի՛նչ էր, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տան տեղը հարցնելով, կանգնեցին դռան մոտ։ Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։ Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա երեք մարդ քեզ են փնտրում։ Վե՛ր կաց, իջի՛ր և առանց վարանելու գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ահա ես եմ, ում փնտրում եք։ Ինչի՞ համար եք եկել»։ Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ արդար և աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կանչի ու քեզանից խոսք լսի»։ Եվ նրանց ներս կանչելով՝ հյուրընկալեց։ Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս գնացին նրա հետ։ Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը սպասում էր նրանց՝ կանչելով նաև իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։ Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։ Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված բազում մարդկանց գտավ։ Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը. բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ. "Ինչո՞ւ եք ինձ կանչել"»։ Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով, և ասաց. "Կոռնելիո՛ս, քո աղոթքը լսվեց, ու քո ողորմություններն Աստծու առաջ հիշվեցին։ Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովեզերքին"։ Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ»։ Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ Նա իր խոսքն ուղարկեց Իսրայելի որդիներին՝ քարոզելով Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղությունը։ Նա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այն եղելությունը, որ պատահեց ամբողջ Հրեաստանում։ Այն սկսվեց Գալիլեայից, Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո։ Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։ Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց, ու հայտնվեց ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ Աստծուց նախասահմանվածներիս, որ նրա հետ կերանք ու խմեցինք մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Նա մեզ պատվիրեց քարոզել ժողովրդին ու վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը մեռածների ու կենդանիների։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։ Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։ Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում. որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։ Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Ո՞վ կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես և մենք»։ Եվ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Այդ ժամանակ խնդրեցին նրան, որ մի քանի օր ևս մնա։ Առաքյալները և Հրեաստանում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսները ևս ընդունել են Աստծու խոսքը։ Երբ Պետրոսը Երուսաղեմ բարձրացավ, թլփատվածները մեղադրում էին նրան՝ ասելով. «Դու անթլփատ մարդկանց մոտ մտար ու նրանց հետ կերար»։ Պետրոսը սկսեց հերթականությամբ պատմել նրանց ու ասաց. «Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ տեսիլք տեսա. վերևից չորս ծայրը կախված սփռոցի պես մի բան էր իջնում երկնքից ու հասավ մինչև ինձ։ Մինչ դրան էի նայում, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին ու երկնքի թռչուններին։ Եվ լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. "Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր"։ Բայց ես ասացի. "Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև իմ բերանը երբեք պիղծ և անմաքուր բան չի մտել"։ Եվ ձայնն ինձ երկրորդ անգամ երկնքից պատասխանեց. "Այն, ինչ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր"։ Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։ Եվ ահա այդ պահին երեք մարդ, որ ուղարկվել էին ինձ մոտ Կեսարիայից, եկան, կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես գտնվում էի։ Եվ Հոգին ինձ ասաց, որ առանց վարանելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, և մտանք այն մարդու տունը։ Նա մեզ պատմեց, թե ինչպես է իր տանը տեսել հրեշտակին, որ կանգնել ու ասում էր. "Մա՛րդ ուղարկիր Հոպպե և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր։ Նա քեզ խոսքեր կասի, որոնցով կփրկվեք դու և քո ամբողջ տունը"։ Երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեզ վրա սկզբում։ Այդ ժամանակ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. "Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով"։ Ուրեմն եթե Աստված միևնույն պարգևը տվեց նրանց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ո՞վ էի, որ կարողանայի Աստծուն արգելք լինել»։ Այս լսելով՝ լռեցին և փառաբանում էին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։ Նրանք, որ ցրվել էին Ստեփանոսի քարկոծումից հետո եղած հալածանքի պատճառով, հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի Աստծու խոսքը չէին քարոզում, բացի հրեաներից։ Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին՝ Տեր Հիսուսին ավետարանելով։ Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և բազմաթիվ մարդիկ հավատացին ու դեպի Տերը դարձան։ Այս լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին։ Եվ ուղարկեցին Բառնաբասին, որ գնա մինչև Անտիոք։ Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհը, ուրախացավ և բոլորին հորդորում էր, որ հոժար սրտով Տիրոջ հետ մնան։ Քանի որ նա բարի, Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին։ Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու։ Երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և բավականաչափ մարդկանց ուսուցանում։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին։ Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ իջան Անտիոք։ Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխասաց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և Կլավդիոս կայսեր ժամանակ եղավ։ Եվ աշակերտները որոշեցին, որ յուրաքանչյուրն ըստ իր կարողության օգնություն ուղարկի Հրեաստանում ապրող եղբայրներին, որը և արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի միջոցով երեցներին ուղարկելով։ Այդ ժամանակ Հերովդես թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցուց ոմանց չարչարելու գործին։ Եվ սրով սպանեց Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը։ Տեսնելով, որ դա հաճելի է հրեաներին, Բաղարջակերաց տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։ Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։ Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։ Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։ Հրեշտակն ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր և հողաթափերդ հագի՛ր»։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. «Զգեստդ վրա՛դ գցիր ու ի՛նձ հետևիր»։ Դուրս ելնելով՝ նա գնում էր նրա հետևից ու չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։ Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։ Բախեց դրսի դուռը. Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու։ Նա ճանաչեց Պետրոսի ձայնը և ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։ Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։ Պետրոսը շարունակում էր դուռը բախել. երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ Նա ձեռքով նշան արեց նրանց, որ լուռ մնան, և պատմեց, թե ինչպե՛ս Տերն իրեն բանտից հանեց։ Եվ ասաց. «Սրա մասին հայտնե՛ք Հակոբոսին ու եղբայրներին»։ Ապա դուրս ելավ և ուրիշ տեղ գնաց։ Երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ իրարանցում էր, թե Պետրոսն ի՛նչ եղավ։ Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ու այնտեղ էր մնում։ Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։ Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։ Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։ Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ։ Իսկ Աստծու խոսքն աճում էր ու բազմանում։ Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։ Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։ Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց»։ Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։ Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, Սելևկիա իջան և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ Սաղամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում. Հովհաննեսը նրանց օգնականն էր։ Շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս՝ գտան մի մոգի՝ Բարիհեսու անունով հրեա սուտ մարգարեին։ Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։ Բայց Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) նրանց դեմ կանգնեց՝ ցանկանալով հավատից շեղել հյուպատոսին։ Սակայն Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան և ասաց. «Ո՛վ դու, ամեն նենգությամբ ու խորամանկությամբ լցված սատանայի՛ որդի, թշնամի՛ ամեն արդարության, չե՞ս դադարելու Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց։ Այժմ ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Եվ իսկույն նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ Այդ ժամանակ, երբ հյուպատոսը պատահածը տեսավ, հավատաց՝ Տիրոջ վարդապետության վրա զարմանալով։ Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։ Նրանք Պերգեից անցան, եկան Պիսիդիայի Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։ Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետները նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե դուք ժողովրդի համար մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։ Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դո՛ւք, որ երկնչում եք Աստծուց, լսե՛ք. այս ժողովրդի՝ Իսրայելի Աստվածն ընտրեց մեր հայրերին և Եգիպտոսի երկրում պանդխտության ժամանակ բարձրացրեց ժողովրդին ու հզոր բազկով նրանց այնտեղից դուրս բերեց։ Շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց։ Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։ Հետո նրանց դատավորներ տվեց՝ մինչև Սամուել մարգարեն։ Այնուհետև թագավոր խնդրեցին, և Աստված նրանց տվեց Կիսի որդի Սավուղին՝ Բենիամինի ցեղից, որ թագավորեց քառասուն տարի։ Ապա նրան փոխելով՝ թագավոր կարգեց Դավթին և նրա մասին վկայելով՝ ասաց. "Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը" ։ Աստված իր խոստման համաձայն սրա սերնդից իսրայելացիների համար տվեց Հիսուս Փրկչին։ Նրա գալուստից առաջ Հովհաննեսն Իսրայելի ողջ ժողովրդին կանխավ քարոզել էր ապաշխարության մկրտությունը։ Երբ Հովհաննեսն ավարտեց իր գործը, ասաց. "Իմ մասին ի՞նչ եք կարծում. ո՞վ եմ։ Ես նա չեմ, բայց ահա ինձանից հետո գալիս է նա, որի ոտքերի կոշիկն արձակելու արժանի չեմ"։ Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի զավակնե՛ր և ձեր մեջ նրանք, ովքեր աստվածավախ են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։ Որովհետև Երուսաղեմում ապրողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին, և նրան դատապարտելով՝ իրականացան մարգարեների խոսքերը, որոնք ընթերցվում են ամեն շաբաթ օրերին։ Նրան մահապատժի ենթարկելու ոչ մի պատճառ չգտնելով՝ Պիղատոսից խնդրեցին նրան սպանել։ Երբ նրա մասին գրված ամեն բան կատարեցին, փայտից իջեցրին ու գերեզման դրեցին։ Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, և նա բազում օրեր հայտնվեց նրանց, ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր այժմ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը, քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" ։ Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց. "Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին" ։ Ուստի և մի ուրիշ տեղում ասում է. "Քո Սրբին ապականություն տեսնել չես տա" ։ Բայց Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց և իր հայրերին միացավ, ապականություն տեսավ։ Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ Արդ, եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում։ Եվ այն ամենից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ, նրանով ամեն հավատացող կարդարանա։ Արդ, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա մարգարեների կողմից ասվածը. "Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք, որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու, մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը պատմի ձեզ" »։ Երբ այնտեղից դուրս ելան, խնդրում էին, որ հաջորդ շաբաթ ևս այդ մասին խոսեն։ Երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից ու բարեպաշտ նորադարձներից շատերը գնում էին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք, նրանց հետ խոսելով, համոզում էին նրանց, որ շարունակեն Աստծու շնորհի մեջ մնալ։ Հաջորդ շաբաթ օրը գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։ Երբ հրեաները ժողովրդի բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին հակաճառելով՝ հայհոյում էին։ Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակորեն ասում էին. «Նախ ձե՛զ պետք է Աստծու խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք ու ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։ Որովհետև այսպես է մեզ պատվիրել Տերը. "Քե՛զ դրեցի որպես լույս հեթանոսների, որպեսզի դու փրկություն բերես մինչև երկրի ծայրերը" »։ Հեթանոսները, այս լսելով, ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառաբանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ Տիրոջ խոսքը տարածվում էր ամբողջ գավառով։ Բայց հրեաները գրգռեցին պատվավոր, երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին և Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցեցին և նրանց դուրս հանեցին իրենց սահմաններից։ Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, գնացին Իկոնիոն։ Իսկ աշակերտները լցված էին ուրախությամբ և Սուրբ Հոգով։ Իկոնիոնում նրանք նույնպես միասին էին մտնում հրեաների ժողովարան և խոսում այնպես, որ հրեաների և հույների մի մեծ բազմություն հավատաց։ Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը գրգռեցին ու նրանց հոգիները եղբայրների դեմ չարացրին։ Նրանք բավական ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակ խոսելով Տիրոջ մասին, որ հաստատում էր իր փրկարար շնորհը՝ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ կատարելով։ Եվ քաղաքի բնակիչների մեջ երկպառակություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։ Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորների հետ նրանց չարչարելու և քարկոծելու դիմեցին, նրանք, տեղեկացվելով, փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը։ Եվ այնտեղ ավետարանում էին։ Լյուստրայում ոտքերից տկար մի մարդ կար նստած, որ ի ծնե կաղ էր ու երբեք չէր քայլել։ Նա լսեց Պողոսի խոսքերը։ Պողոսը, նայելով նրան ու տեսնելով, որ փրկվելու հավատ ունի, բարձրաձայն ասաց. «Ոտքերիդ վրա ուղի՛ղ կանգնիր»։ Նա վեր ցատկեց և քայլում էր։ Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։ Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, որովհետև նա էր խոսքի առաջնորդը։ Իսկ Դիոսի քուրմը, որի տաճարը քաղաքից դուրս էր, ցուլեր և պսակներ բերելով քաղաքի դռների մոտ, ցանկանում էր բազմության հետ զոհ մատուցել։ Երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի մեջ նետվեցին՝ աղաղակելով և ասելով. «Մարդի՛կ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման մահկանացուներ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ կա նրանց մեջ. նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ իրենց ճանապարհներով գնան։ Թեև ինքն իրեն առանց վկայության չթողեց, այլ բարիք գործելով՝ երկնքից ձեզ անձրևներ ու պտղաբեր եղանակներ տվեց՝ լիացնելով կերակուրներով, և ձեր սրտերը՝ ուրախությամբ»։ Եվ այս ասելով՝ ժողովրդին հազիվ հանդարտեցրին, որ իրենց զոհ չմատուցեն։ Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։ Երբ աշակերտները շրջապատեցին նրան, վեր կացավ ու քաղաք մտավ։ Հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։ Այդ քաղաքում ևս ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն ու Անտիոք։ Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»։ Նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին, աղոթեցին պահեցողությամբ ու նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։ Այնուհետև շրջելով Պիսիդիայով՝ եկան Պամփյուլիա։ Պերգեում Տիրոջ խոսքը քարոզելուց հետո իջան Ատալիա։ Այնտեղից նավարկեցին դեպի Անտիոք, որտեղից տրվել էին Աստծու շնորհին իրենց կատարած գործի համար։ Երբ նրանք եկան և հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված իրենց հետ ինչե՛ր արեց և որ հեթանոսների համար հավատի դուռը բացեց։ Եվ երկար ժամանակ աշակերտների հետ այնտեղ մնացին։ Ոմանք, Հրեաստանից գալով, եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։ Երբ Պողոսն ու Բառնաբասը նրանց հետ բավական հակառակություն ու վեճ ունեցան, որոշեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան Երուսաղեմ՝ առաքյալների և երեցների մոտ։ Նրանք եկեղեցու կողմից ճանապարհ դրվեցին և Փյունիկեի ու Սամարիայի միջով անցնելով՝ պատմում էին հեթանոսների դարձի մասին և բոլոր եղբայրներին մեծ ուրախություն պատճառում։ Երբ Երուսաղեմ հասան, ընդունվեցին եկեղեցու, առաքյալների և երեցների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց հետ։ Փարիսեցիների աղանդից որոշ հավատացյալներ վեր կացան և ասացին. «Դրանց պետք է թլփատել ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»։ Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս հարցը քննելու։ Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը վեր կացավ ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք գիտեք, որ Աստծու ընտրությամբ է, որ առաջին օրերից ձեր միջից հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեցին ու հավատացին։ Եվ Աստված, որ գիտի մարդկանց սրտերը, նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես մեզ։ Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով նրանց սրտերը մաքրելով։ Հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որ ո՛չ մեր հայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք։ Բայց Տեր Հիսուսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։ Եվ ողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին, թե Աստված հեթանոսների մեջ իրենց միջոցով որքա՛ն նշաններ ու հրաշքներ կատարեց։ Եվ երբ նրանք լռեցին, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։ Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից ևեթ հոգացել էր, որ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ձևավորի։ Դրան են համապատասխանում մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է. "Սրանից հետո կվերադառնամ ու Դավթի քանդված տունը կվերաշինեմ, նրա ավերակները կվերակառուցեմ և կվերականգնեմ այն, որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ և այն բոլոր հեթանոսները, որոնց վրա իմ անունն է դրված. ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը", և որի գործերը հայտնի են դարեր առաջ։ Դրա համար ես կարծում եմ՝ չպետք է նեղել այն հեթանոսներին, որոնք դառնում են Աստծուն։ Բայց թող նրանց ուղղված թուղթ գրվի, որ խորշեն կուռքերի պղծությունից, պոռնկությունից, խեղդամահ արված կենդանու մսից ու արյունից։ Որովհետև Մովսեսի օրենքը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի և ժողովարաններում ամեն շաբաթ օր ընթերցվում է»։ Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ եկեղեցու հետ միասին հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք. Բարսաբբաս կոչված Հուդային և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջնորդներից էին։ Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։ Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել, մենք՝ միաբան հավաքվածներս, հարմար համարեցինք ընտրյալ մարդկանց ուղարկել ձեզ մոտ՝ մեր սիրելիների՝ Բառնաբասի և Պողոսի հետ միասին. մարդիկ, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ Արդ Հուդային ու Շիղային ուղարկեցինք, որպեսզի նրանք էլ խոսքով նույնը հաղորդեն։ Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս անհրաժեշտներից՝ հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։ Եվ նրանք, արձակվելով, իջան Անտիոք, ժողովրդին հավաքեցին և նամակը հանձնեցին։ Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։ Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին։ Միառժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ Բայց Շիղան լավ համարեց այնտեղ մնալ։ Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։ Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, և տեսնենք, թե ինչպե՛ս են նրանք ապրում»։ Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս, իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից Աստծու շնորհին հանձնվելով։ Եվ Ասորիքում ու Կիլիկիայում շրջելով՝ հաստատում էր եկեղեցիները։ Պողոսը եկավ Դերբե ու Լյուստրա։ Այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հրեա հավատացյալ կնոջ և հույն հոր որդի, որը վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրներից։ Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել և վերցրեց նրան թլփատեց այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, որովհետև բոլորն էլ գիտեին, որ նրա հայրը հույն էր։ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ, և օրեցօր նրանց թիվն ավելանում էր։ Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։ Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ Եվ Մյուսիայով անցնելով՝ իջան Տրովադա։ Գիշերը Պողոսին տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել, նրան աղաչում էր ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։ Տրովադայից նավարկելով՝ ուղղվեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս, այնտեղից՝ Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է՝ հռոմեական գաղութ։ Այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։ Շաբաթ օրը քաղաքից դուրս՝ դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար Պողոսի խոսքերին։ Երբ նա և իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ՝ ասելով. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք, մնացե՛ք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։ Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։ Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։ Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։ Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։ Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։ Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։ Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։ Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները։ Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Լույսը բացվելուն պես զորապետները նվիրակներ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։ Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։ Նվիրակներն այդ խոսքերը զորապետներին հաղորդեցին. երբ նրանք լսեցին, որ հռոմեացի են, վախեցան։ Եկան և նրանցից ներողություն խնդրեցին։ Երբ նրանց դուրս հանեցին, աղաչում էին հեռանալ քաղաքից։ Նրանք բանտից դուրս ելան ու մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ նրանց քաջալերեցին ու հեռացան։ Ամփիպոլիսի և Ապողոնիայի միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։ Բացատրում էր և ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ»։ Նրանցից ոմանք հավատացին և միացան Պողոսին ու Շիղային, ինչպես նաև բազում աստվածավախ հույներ և թվով ոչ պակաս երևելի կանայք։ Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։ Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։ Եվ վրդովեցրին ժողովրդին ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները ։ Սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով՝ նրանց արձակեցին։ Բայց եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա, որոնք այնտեղ հասնելուն պես հրեաների ժողովարան գնացին։ Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։ Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ։ Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, որ Բերիայում ևս Պողոսի կողմից Աստծու խոսքը հռչակվեց, այնտեղ էլ եկան՝ ժողովրդին հրահրելու և խռովություն առաջացնելու։ Այդ ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ մինչև ծովեզր գնա, իսկ Շիղան ու Տիմոթեոսն այնտեղ մնացին։ Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և հրահանգ ստացան, որ Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվերը նրանց փոխանցելուց հետո իսկույն նրա մոտ վերադառնան։ Մինչ Պողոսը Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին խռովվում էր՝ քաղաքը կուռքերով լի տեսնելով։ Նա ժողովարանում դիմում էր հրեաներին ու բարեպաշտ մարդկանց, իսկ հրապարակում՝ ամեն օր իրեն հանդիպողներին։ Էպիկուրյան ու ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ, իսկ ոմանք ասում էին. «Այս դատարկախոսն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածների քարոզիչ է», որովհետև Հիսուսին և հարությունն էր քարոզում։ Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է, որովհետև մեր ականջներին օտարոտի բաներ ես մատուցում։ Արդ ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ են ուզում ասել»։ Քանի որ բոլոր աթենացիներն ու այնտեղ ապրող օտարներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։ Պողոսն Արիսպագոսի մեջտեղում կանգնեց ու ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք, որովհետև շրջելիս և ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ "ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ"։ Արդ, ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա՛ մասին եմ քարոզում ձեզ։ Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբրև թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։ Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները, որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ։ Որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին. "Մենք նրա սերունդն ենք"։ Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։ Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Որովհետև նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին նա ընտրել է և որով նա հավաստիացրեց բոլորին՝ նրան մեռելներից հարություն տալով»։ Երբ մեռելների հարության մասին լսեցին, ոմանք ծաղրեցին, ոմանք էլ ասացին. «Այդ մասին քեզանից մեկ ուրիշ անգամ կլսենք»։ Եվ այսպես Պողոսը նրանց միջից դուրս ելավ։ Այնուամենայնիվ ոմանք, նրան միանալով, հավատացին. դրանցից էին Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և նրանց հետ ուրիշները ևս։ Դրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց և եկավ Կորնթոս։ Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի։ Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։ Եվ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։ Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում և համոզում հրեաներին ու հույներին։ Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին՝ հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։ Բայց քանի որ նրանք ընդդիմանում էին ու հայհոյում, Պողոսը հագուստները թափ տվեց և նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անմեղ եմ։ Այսուհետ ես հեթանոսների մոտ եմ գնում»։ Եվ այդտեղից ելավ, մտավ մեկի տունը, որի անունը Տիտիոս Հուստոս էր. մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ ընտանիքով հավատաց Տիրոջը. կորնթացիներից շատերը նույնպես, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։ Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, որովհետև ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ Պողոսն այստեղ մնաց մեկ տարի և վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։ Աքայիայում հյուպատոս Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան տարան՝ ասելով. «Սա մարդկանց համոզում է, որ օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն»։ Երբ պատրաստվում էր բերանը բացել, Գաղիոնը հրեաներին ասաց. «Հրեանե՛ր, եթե ինչ-որ անիրավություն կամ նենգ խարդախություն լիներ, արժեր, որ ձեզ լսեի։ Բայց եթե հարցը խոսքին, անուններին և ձեր օրենքին է վերաբերում, դո՛ւք տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել»։ Եվ նրանց ատյանից հանեց։ Եվ բոլորը բռնել էին Սոսթենես ժողովրդապետին և ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գաղիոնը ոչ էլ մտահոգվում էր դրանց համար։ Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։ Երբ Եփեսոս հասավ, նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։ Եվ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց նա մերժեց ու նրանց հրաժեշտ տալով՝ ասաց. «Աստծու կամքով նորից ձեզ մոտ կդառնամ»։ Ապա Եփեսոսից նավարկեց ու իջավ Կեսարիա, ելավ և ողջունեց եկեղեցուն ու իջավ Անտիոք։ Այստեղ միառժամանակ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրում և Փռյուգիայում՝ բոլոր աշակերտներին ամրապնդելով։ Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։ Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։ Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։ Երբ նա ցանկացավ Աքայիա գնալ, եղբայրները, հավանություն տալով, գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Տեղ հասնելուն պես նա Աստծու շնորհով մեծապես նպաստեց հավատացյալներին, որովհետև բուռն կերպով հրապարակավ հակաճառում էր հրեաներին՝ Սուրբ Գրքի միջոցով ցույց տալով, որ Քրիստոսը Հիսուսն է։ Մինչ Ապողոսը Կորնթոսում էր, Պողոսը վերին կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս և մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրան պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ Պողոսն ասաց. «Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ Պողոսն ասաց. «Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունն էր տալիս և ասում էր, որ հավատան նրան, ով իրենից հետո էր գալու, այսինքն՝ Քրիստոս Հիսուսին»։ Եվ լսելով՝ մկրտվեցին Տեր Հիսուսի անունով։ Երբ Պողոսը ձեռքը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. նրանք տարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Նրանք բոլորը շուրջ տասներկու հոգի էին։ Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ քարոզում էր՝ համոզիչ ապացույցներ բերելով Աստծու արքայության մասին։ Իսկ երբ ոմանք համառեցին ու չհավատացին՝ ժողովրդի բազմության առաջ նրանց վարդապետությունը վարկաբեկելով, նա բաժանվեց նրանցից, աշակերտներին առանձնացրեց և ամեն օր խոսում էր ոմն Տյուրանի դպրանոցում։ Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։ Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։ Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։ Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։ Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։ Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։ Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։ Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ Իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին ու Երաստոսին, ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։ Այդ ժամանակ Տիրոջ վարդապետության դեմ մեծ խռովություն եղավ։ Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։ Նա, հավաքելով նրանց և այս արհեստի մասնագետներին, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր բարօրությունը կախված է այս գործից։ Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։ Սա ոչ միայն մեր արհեստն է արհամարհվելու վտանգին ենթարկում, այլև մեծ աստվածուհու՝ Արտեմիսի տաճարն է ոչինչ համարվում։ Եվ պիտի ավերվի նրա մեծությունը ևս, որին ամբողջ Ասիան ու աշխարհն են պաշտում»։ Երբ այս լսեցին, լցվեցին բարկությամբ, աղաղակեցին ու ասացին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ Ողջ քաղաքը խռովությամբ լցվեց. բոլորը միասին խուժեցին թատրոն՝ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին։ Բայց երբ Պողոսը ցանկացավ ամբոխի մեջ մտնել, աշակերտները նրան չթողեցին։ Ասիայի իշխանավորներից ոմանք, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին ու աղաչեցին, որ չգնա թատրոն։ Իսկ ուրիշներն այլ բան էին աղաղակում, որովհետև ժողովը շփոթության մեջ էր. նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։ Եվ այդ ամբոխից առաջ բերեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ քաշեցին, Ալեքսանդրոսը ձեռքը շարժեց և ուզում էր ամբոխի առջև խոսել։ Երբ իմացան, որ հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ Քաղաքի ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց հետո ասաց. «Եփեսացինե՛ր, ո՞վ է այն մարդը, որ չգիտի՝ Եփեսոսը քաղաքն է Արտեմիս մեծ աստվածուհու տաճարի և երկնքից ընկած նրա կուռքի։ Եվ քանի որ դա անկասկած այդպես է, դուք պետք է հանդարտվեք և ոչ մի հանդգնություն չանեք։ Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհյանն են կողոպտել, ո՛չ էլ մեր աստվածուհուն հայհոյել։ Ուրեմն եթե Դեմետրիոսն ու նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, թող ատյանները տանեն, որտեղ հյուպատոսներ կան, և թող միմյանց ամբաստանեն։ Իսկ եթե ձեր խնդիրը մի ուրիշ բանի համար է, թող օրինավոր ժողովում վճռվի։ Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։ Աղմուկը դադարելուց հետո Պողոսն աշակերտներին կանչեց, քաջալերեց նրանց և հրաժեշտ տալով՝ ելավ Մակեդոնիա գնաց։ Այդ կողմերում շրջելով ու նրանց բազում խոսքերով քաջալերելով՝ եկավ Հունաստան, որտեղ մնաց երեք ամիս. մինչ պատրաստվում էր Ասորիք նավարկել, հրեաները նրա դեմ դավ նյութեցին, ուստի որոշեց Մակեդոնիայով վերադառնալ։ Եվ մինչև Ասիա նրա հետ էին Պյուռոսի որդի Սոպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից Արիստարքոսն ու Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթեոսը և ասիացիներ Տյուքիկոսն ու Տրոփիմոսը։ Սրանք նախապես էին գնացել և մեզ սպասում էին Տրովադայում։ Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։ Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, որովհետև հաջորդ օրը գնալու էր, և խոսքը մինչև կեսգիշեր երկարեց։ Վերնատանը, որտեղ մենք հավաքվել էինք, բավականաչափ լապտերներ կային։ Եվտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին և խոր քուն մտել։ Մինչ Պողոսը շարունակում էր խոսել, նա, խոր քնով բռնված, տան երրորդ հարկից ցած ընկավ, ու նրան մեռած վերցրին։ Պողոսը, իջնելով, նրա վրա ընկավ ու գիրկն առնելով նրան՝ ասաց. «Մի՛ անհանգստացեք, որովհետև հոգին իր մեջ է»։ Այնուհետև վեր ելավ, հացը կտրեց ու կերավ և մինչև առավոտ շատ բաներ ևս խոսեց, ապա մեկնեց։ Իսկ պատանուն կենդանի բերեցին և մեծապես մխիթարվեցին։ Իսկ մենք առաջանալով նավ նստեցինք և ուղղվեցինք դեպի Ասոս, որտեղից պետք է վերցնեինք Պողոսին, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։ Երբ նա Ասոսում մեզ հանդիպեց, նրան վերցրինք և Միտիլենե եկանք։ Այդտեղից նավարկելով՝ հաջորդ օրը հասանք Խիոսի դիմացը, մյուս օրը՝ Սամոս, հետևյալ օրը՝ Միլետոս. որովհետև Պողոսը որոշել էր Եփեսոսի մոտով նավարկել, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցներ, քանի որ շտապում էր, որ եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լիներ։ Միլետոսից մարդ ուղարկելով Եփեսոս՝ կանչեց եկեղեցու երեցներին։ Երբ Պողոսի մոտ եկան, նրանց ասաց. «Դուք գիտեք, թե առաջին օրից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ինչպե՛ս ձեզ հետ ապրեցի՝ ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով պատահեցին ինձ։ Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է, և ձեզ ուսուցանել ինչպես հրապարակավ, այնպես էլ տներում։ Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ Այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու։ Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում ինձ։ Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար։ Այժմ ահա ես գիտեմ, որ դուք բոլորդ, որոնց մեջ շրջեցի՝ Աստծու արքայությունը քարոզելով, իմ երեսն այլևս չեք տեսնի։ Դրա համար այսօր վկայում եմ ձեր առաջ, որ բոլորիդ արյունից ես մաքուր եմ, որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծու կամքն ամբողջությամբ։ Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ Դրա համար էլ արթո՛ւն կացեք՝ հիշելով, որ երեք տարի գիշեր-ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն ու նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։ Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։ Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին։ Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"»։ Եվ երբ այս ասաց, բոլորի հետ ծնկի եկավ ու աղոթեց։ Բոլորն էլ շատ էին լաց լինում և Պողոսի վզովն ընկած՝ համբուրում էին նրան։ Ցավում էին մանավանդ այն խոսքի համար, որ ասում էր, թե իր երեսն այլևս չեն տեսնելու։ Եվ նրան ճանապարհ գցեցին դեպի նավ։ Մենք, նրանցից բաժանվելով, դուրս եկանք և ուղիղ գնացինք Կոս, հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։ Մի նավ գտանք, որ Փյունիկե էր գնում. նրա մեջ մտանք ու գնացինք։ Եվ երբ Կիպրոսը երևաց, այն ձախ կողմում թողեցինք ու նավը դեպի Ասորիք ուղղեցինք, իջանք Տյուրոս, որովհետև նավը բեռն այնտեղ պետք է թափեր։ Եվ աշակերտներին գտնելով՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չելնի։ Եվ երբ այնտեղ լրացան մեր այդ օրերը, դուրս եկանք, գնացինք մեր ճամփան. բոլորը՝ կանանցով ու երեխաներով, մեզ ճանապարհ գցեցին մինչև քաղաքից դուրս։ Եվ ծովեզրին ծունկ չոքեցինք, աղոթեցինք ու հրաժեշտ տվեցինք։ Ապա նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։ Մենք էլ, ծովային ճանապարհորդությունն ավարտելով, Տյուրոսից դուրս եկանք, հասանք Պտողեմայիս, եղբայրներին ողջույն տվեցինք ու նրանց մոտ մի օր մնացինք։ Հաջորդ օրը Պողոսը և մենք՝ նրա ընկերները, այդտեղից դուրս եկանք Կեսարիա և Փիլիպպոս ավետարանչի տունը մտնելով, որն այն յոթից մեկն էր, նրա մոտ մնացինք։ Նա չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։ Եվ երբ մենք այնտեղ շատ օրեր մնացինք, Հրեաստանից մի մարգարե իջավ, անունը՝ Ագաբոս։ Նա մեզ մոտ եկավ, Պողոսի գոտին վերցրեց, իր ձեռքերն ու ոտքերը կապեց և ասաց. «Սուրբ Հոգին այսպես է ասում. "Այն մարդուն, որի գոտին է սա, հրեաները Երուսաղեմում այսպես կկապեն ու հեթանոսների ձեռքը կմատնեն"»։ Եվ երբ այս լսեցինք, մենք և այնտեղացիներն էլ աղաչում էինք, որ Երուսաղեմ չելնի։ Այդ ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում և սիրտս ճմլում. որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ»։ Եվ երբ նա չհամոզվեց, լուռ մնացինք ու ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»։ Այդ օրերից հետո պատրաստված Երուսաղեմ ելանք։ Այն կեսարացի աշակերտներից էլ մեզ հետ եկան. մեզ Մնասոն անունով մի կիպրացի մարդու՝ վաղ ժամանակից աշակերտի մոտ տարան, որ նրա մոտ մնայինք։ Եվ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին։ Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։ Եվ նրանց ողջույն տալով՝ մեկ առ մեկ պատմում էր, ինչ որ Աստված հեթանոսների մեջ արեց իր ծառայությամբ։ Նրանք, լսելով, փառաբանում էին Տիրոջը և ասում էին նրան. «Եղբա՛յր, տեսնո՞ւմ ես, քանի՜ բյուր հավատացյալ հրեաներ կան. ամենքն էլ օրենքի նախանձախնդիրներ են։ Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։ Հիմա ի՞նչ կլինի. անպատճառ բազմությունը կհավաքվի, որովհետև կլսեն, որ եկել ես։ Հիմա ա՛յս արա, ինչ որ քեզ ասում ենք. մեր մեջ չորս մարդիկ կան, որոնք իրենց անձերի վրա երդում են արել։ Նրանց վերցրո՛ւ և նրանց հետ սրբվի՛ր. նրանց ծախսերը հոգա՛, որ գլուխներն ածիլեն, ու բոլորը գիտենան, թե ինչ որ քո մասին իմացել են, ճիշտ չէ, այլ որ դու էլ ես շարունակում օրենքը պահել։ Բայց այն հավատացյալ դարձած հեթանոսների վերաբերյալ մենք լուր ուղարկեցինք՝ որոշելով, որ նրանք այդպիսի բան չպահեն, այլ միայն զգուշանան կուռքին զոհվածից, արյունից, խեղդվածից և պոռնկությունից»։ Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։ Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխը նրա գլխին հավաքվեց, և նրան բռնելով՝ աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։ Որովհետև Տրոփիմոս Եփեսացուն առաջ նրա հետ քաղաքում տեսել էին և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։ Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։ Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։ Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց, վազեց նրանց վրա։ Նրանք էլ երբ հազարապետին ու զինվորներին տեսան, դադարեցին Պողոսին ծեծելուց։ Այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։ Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։ Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն, որովհետև ժողովրդի բազմությունը հետևից գնում էր՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»։ Եվ քանի դեռ Պողոսը բերդ մտնելու վրա էր, հազարապետին ասաց. «Արդյոք կարելի՞ է, որ ես քեզ հետ խոսեմ»։ Նա էլ ասաց. «Հունարեն գիտե՞ս։ Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։ Եվ Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսոնից, ոչ թե աննշան քաղաքի քաղաքացի։ Աղաչում եմ քեզ, ինձ թո՛ւյլ տուր, որ այդ ժողովրդի հետ խոսեմ»։ Եվ երբ նա թույլ տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ժողովրդին ձեռքով նշան արեց։ Երբ կատարյալ լռություն տիրեց, եբրայերեն լեզվով խոսքն ուղղեց ու ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, այժմ լսե՛ք իմ՝ ձեզ ուղղված պատասխանը»։ Երբ լսեցին, որ եբրայերեն լեզվով իրենց դիմեց, առավել ևս հանդարտվեցին։ Եվ ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։ Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։ Ինչպես իմ մասին վկայում են քահանայապետը և ողջ ծերակույտը, նրանցից եղբայրներին ուղղված նամակներն առնելով՝ գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին ևս կապելով՝ բերեի Երուսաղեմ՝ պատժվելու։ Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։ Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։ Ես պատասխանեցի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Եվ ինձ ասաց. "Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես"։ Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։ Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։ Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։ Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։ Եվ նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես, որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։ Այժմ ինչո՞ւ ես հապաղում. վե՛ր կաց, մկրտվի՛ր ու լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով"։ Երբ ես Երուսաղեմ վերադարձա և տաճարում աղոթում էի, մտքի հափշտակության մեջ ընկա. ես տեսա նրան, որ ինձ ասում էր. "Փութա՛, շտապ դո՛ւրս գնա Երուսաղեմից, որովհետև իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու"։ Իսկ ես ասացի. "Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։ Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները"։ Բայց նա ինձ ասաց. "Գնա՛, որովհետև ես քեզ ուղարկելու եմ հեռու՝ հեթանոսների մոտ"»։ Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։ Եվ աղաղակելով հանում էին հագուստները, վեր գցում և փոշին օդ ցանում։ Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։ Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։ Երբ հարյուրապետը լսեց, մոտեցավ հազարապետին ու ասաց. «Ի՞նչ ես պատրաստվում անել, որովհետև այս մարդը Հռոմի քաղաքացի է»։ Հազարապետը մոտեցավ ու նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես». նա պատասխանեց. «Այո՛»։ Եվ հազարապետն ասաց. «Ես մեծ դրամագլխով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։ Ուստի նրանք, ովքեր հարցաքննելու էին, իսկույն հեռացան նրանից։ Հազարապետը ևս վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, որովհետև կապանքի տակ էր պահել նրան։ Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։ Պողոսը հայացքն ուղղեց ատյանին ու ասաց. «Եղբայրնե՛ր, ես մինչև այսօր Աստծու առաջ ապրել եմ ամենայն ուղղամտությամբ»։ Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։ Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի խփի քեզ, սպիտակեցրա՛ծ պատ. դու նստել ես ինձ օրենքի համաձայն դատելու և օրենքը խախտելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։ Եվ ներկա գտնվողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես նախատում»։ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ քահանայապետ է, որովհետև գրված է. "Քո ժողովրդի իշխանին չչարախոսես" »։ Երբ Պողոսն իմացավ, որ ատյանում մի մասը սադուկեցիներն են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիները, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու փարիսեցու որդի. ահա դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։ Երբ նա այս ասաց, փարիսեցիների ու սադուկեցիների միջև երկպառակություն ծագեց, և բազմությունը պառակտվեց։ Որովհետև սադուկեցիներն ասում են, որ հարություն չկա. ո՛չ հրեշտակ կա, ո՛չ էլ հոգի, իսկ փարիսեցիները հավատում են երկուսին էլ։ Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից որոշ դպիրներ վեր կացան և հակառակվելով՝ ասացին. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում. թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։ Խռովությունն այնքան թեժացավ, որ հազարապետը, վախենալով, որ գուցե Պողոսը նրանց կողմից պատառ-պատառ արվի, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից Պողոսին վերցնել ու բերդ տանել։ Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»։ Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, հավաքվելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։ Միմյանց հետ այս երդումն անողները քառասունից ավելի էին։ Նրանք մոտեցան քահանայապետներին ու ծերերին և ասացին. «Մենք երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։ Այժմ դուք հազարապետին ատյանի հետ միասին հայտնե՛ք, որ վաղը նրան ձեզ մոտ իջեցնի, իբր թե ուզում եք նրա մասին ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։ Երբ Պողոսի քրոջ որդին նրանց այս դավադրությունը լսեց, մտավ բերդ ու պատմեց Պողոսին։ Պողոսը հարյուրապետներից մեկին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հայտնելու բան ունի»։ Եվ նա, պատանուն վերցնելով, հազարապետի մոտ տարավ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։ Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց ու առանձին հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ հայտնելու»։ Նա ասաց. «Հրեաները պայմանավորվեցին քեզ խնդրելու, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա մասին ավելի մանրամասն քննություն կատարել։ Արդ դու նրանց մի՛ լսիր, որովհետև նրանցից ավելի քան քառասուն մարդ դավ են նյութել նրա դեմ ու երդվել, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։ Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ պատվիրելով. «Ոչ ոքի չասես, որ այս բաների մասին ինձ հայտնել ես»։ Նա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «Երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալ և երկու հարյուր նիզակավո՛ր պատրաստեք, որ գիշերվա երրորդ ժամին գնան Կեսարիա։ Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։ Գրեց նաև մի նամակ, որի բովանդակությունն այս էր. «Կլավդիոս Լյուսիասից Ձերդ գերազանցություն Փելիքս կուսակալին ողջո՜ւյն։ Այս մարդուն, որին հրեաները բռնել էին, և նրանց կողմից սպանվելու մոտ էր, զինվորներով վրա հասա, ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։ Ցանկանալով իմանալ նրա հանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան նրանց ատյան իջեցրի։ Նրան իրենց օրենքի մի՛ հարցում ամբաստանված գտա, սակայն մեռնելու կամ բանտարկվելու արժանի ոչ մի հանցանք չուներ։ Երբ տեղեկացա, որ հրեաների կողմից այդ մարդու դեմ դավ կա, նրան ուղարկեցի քեզ մոտ և հրամայեցի, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն։ Ո՛ղջ եղիր»։ Զինվորները, իրենց տրված հրամանի համաձայն Պողոսին վերցնելով, գիշերով տարան Անտիպատրիս։ Հաջորդ օրը հեծյալներին թողեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք բերդ վերադարձան։ Նրանք մտան Կեսարիա, նամակը հանձնեցին կուսակալին, իսկ Պողոսին կանգնեցրին նրա առաջ։ Երբ կուսակալը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և երբ տեղեկացավ, որ Կիլիկիայից է, ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ ներկա գտնվեն»։ Եվ հրամայեց, որ նրան Հերովդեսի պալատում պահեն։ Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով մի ճարտասանի հետ եկավ։ Կուսակալին հաղորդեցին Պողոսի մասին։ Նրան կանչելուց հետո Տերտյուղոսն սկսեց ամբաստանել և ասել. «Քանի որ քո շնորհիվ մեծ խաղաղություն ենք գտել, և քո հոգածությամբ այս ազգի մեջ շատ բաներ են կարգավորվել, ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ ենք և մեծապես երախտապարտ, ո՛վ պատվական Փելիքս։ Բայց որպեսզի քեզ ավելորդ նեղություն չպատճառեմ, խնդրում եմ, որ քո համբերատարությամբ լսես մեր հակիրճ խոսքը։ Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաներին ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների աղանդի առաջնորդը։ Նա փորձեց նույնիսկ տաճարը պղծել, և նրան բռնեցինք։ Դու ինքդ էլ կարող ես նրան վերաքննելով տեղեկանալ այն բոլոր բաների մասին, որոնց համար նրան ամբաստանում ենք»։ Հրեաներն էլ հավանություն տվեցին և ասացին. «Այդպես է»։ Երբ կուսակալը նրան նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ դու շատ տարիներ ի վեր այս ազգի դատավորն ես, ուստի հոժարությամբ եմ իմ մասին պատասխան տալիս։ Դու կարող ես իմանալ, որ տասներկու օրից ավելի չէ, ինչ ես բարձրացել եմ Երուսաղեմ՝ երկրպագություն անելու։ Ինձ ո՛չ տաճարում են որևէ մարդու հետ խոսելիս կամ շուրջս ամբոխ հավաքելիս գտել, ո՛չ ժողովարաններում, ո՛չ էլ քաղաքում։ Եվ ոչ էլ կարող են քեզ ապացուցել այն, ինչի համար ինձ այժմ ամբաստանում են։ Բայց սա եմ քեզ խոստովանում, որ համաձայն ա՛յն ճանապարհի, որին "հերձված" են կոչում, այդպե՛ս եմ պաշտում մեր հայրերի Աստծուն՝ հավատալով այն ամենին, ինչ գրված է օրենքում և մարգարեների մեջ։ Հույս ունեմ առ Աստված, ինչպես որ նրանք են ակնկալում, որ արդարների և մեղավորների հարություն է լինելու։ Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։ Արդ բազում տարիներ հետո եկա, որ իմ ազգին ողորմություն տամ ու ընծաներ մատուցեմ։ Մինչ դրանցով էի զբաղված, ինձ գտան տաճարում մաքրվելիս՝ ո՛չ ամբոխի հետ և ո՛չ էլ խռովության մեջ։ Ասիայի հրեաներից ոմանք պետք է քո առաջ գային ու ամբաստանեին, եթե իմ դեմ մի բան ունեին։ Կամ հենց սրանք թող ասեն, թե ի՛նչ անիրավություն գտան իմ մեջ, մինչ ատյանի առաջ կանգնած էի, բացի այն մի խոսքից, որ նրանց մեջ կանգնած աղաղակեցի. "Մեռելների հարություն առնելու համար եմ ես այսօր դատվում ձեր կողմից"»։ Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։ Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։ Մի քանի օր հետո Փելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին ու նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։ Մինչ Պողոսը արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին էր խոսում, Փելիքսը զարհուրելով ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամանակ լինի, քեզ կկանչեմ»։ Միևնույն ժամանակ նա ակնկալում էր, որ Պողոսն իրեն դրամ կտա, և դրա համար հաճախ էր կանչում նրան ու հետը զրուցում։ Երկու տարին լրանալուց հետո Փելիքսին հաջորդեց Պորկիոս Փեստոսը։ Փելիքսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։ Երբ Փեստոսը նահանգ եկավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։ Քահանայապետներն ու հրեաների գլխավորները Պողոսի մասին զեկուցեցին նրան և խնդրում էին, որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ «Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։ Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։ Երբ նա եկավ, Երուսաղեմից իջած հրեաները նրա շուրջը հավաքվեցին և Պողոսի դեմ բազում մեղադրանքներ բերեցին, որոնք չէին կարողանում ապացուցել, որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։ Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։ Պողոսն ասաց. «Ես կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, և ինքդ էլ քաջ գիտես։ Եթե մեղավոր եմ և մահվան արժանի բան եմ կատարել, մեռնելուց չեմ խուսափում։ Իսկ եթե ոչինչ չկա, որի համար սրանք ամբաստանում են ինձ, ոչ ոք ինձ չի կարող դրանց հանձնել։ Կայսրին եմ դիմում»։ Այդժամ Փեստոսը խորհրդի հետ խոսելուց հետո պատասխանեց. «Կայսրին դիմեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։ Մի քանի օր անց Ագրիպպաս թագավորն ու Բերնիկեն իջան Կեսարիա՝ Փեստոսին ողջունելու։ Այստեղ բավականաչափ օրեր անցկացնելուց հետո Փեստոսը Պողոսի մասին տեղեկացրեց թագավորին ու ասաց. «Այստեղ Փելիքսի կողմից բանտարկված մի մարդ է մնացել, որի մասին ինձ քահանայապետներն ու հրեաների երեցները տեղեկացրին, երբ Երուսաղեմում էի։ Նրանք նրա պատիժն են պահանջում։ Նրանց պատասխանեցի. "Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնել ատյանի, մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա"։ Երբ նրանց հետ այստեղ եկա, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի բերել այդ մարդուն։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը ես լուրջ չեմ համարում։ Դրանք իրենց կրոնի հետ կապված որոշ խնդիրներ են ոմն մեռած Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։ Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, ասացի, թե արդյոք ցանկանո՞ւմ է Երուսաղեմ գնալ և այդ բաների համար այնտեղ դատվել։ Բայց երբ Պողոսը պահանջեց, որ ինքը պետք է պահվի Օգոստափառ կայսեր վճռի համար, ես հրամայեցի նրան պահել, մինչև կայսեր մոտ ուղարկեմ»։ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»։ Նա ասաց. «Վաղը կլսես»։ Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։ Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս թագավոր և մեզ հետ ներկա ամե՛նքդ. տեսնում եք սրան, որի համար հրեա ամբողջ ժողովուրդն ինձ մոտ եկավ՝ թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա չպետք է կենդանի մնա։ Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։ Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ, քանի որ ինձ անտրամաբանական է թվում որևէ բանտարկյալի ուղարկել՝ առանց նրա դեմ հանցանք նշելու»։ Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել. «Հրեաների կողմից իմ մասին արված բոլոր ամբաստանությունների համար, ո՛վ Ագրիպպաս թագավոր, ինձ երանելի եմ համարում, որ այսօր քո առաջ պաշտպանելու եմ ինձ, մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։ Բոլոր հրեաները տեղյակ են իմ կյանքին, որ մանկությունիցս ի վեր ի սկզբանե եղել եմ իմ ազգի մեջ Երուսաղեմում։ Վաղուց գիտեն, եթե ցանկանան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։ Եվ հիմա կանգնել ու դատվում եմ Աստծուց մեր հայրերին տրված խոստումի հույսի համար, որին մեր տասներկու ցեղերը, գիշեր ու զօր անդադար պաշտելով, ակնկալել են հասնել։ Այդ հույսի համար եմ ամբաստանվում հրեաների կողմից, ո՛վ Ագրիպպաս արքա։ Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն է տալիս։ Ես հենց ինքս անհրաժեշտ էի համարում Հիսուս Նազովրեցու անվանը հակառակ շատ բաներ անել, որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։ Բոլոր ժողովարաններում շատ անգամներ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեին, և նրանց դեմ առավել ևս մոլեգնելով՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ։ Երբ քահանայապետների իշխանությամբ ու հանձնարարությամբ Դամասկոս էի գնում, կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ Երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է մեխին ոտքով խփել"։ Իսկ ես ասացի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Նա ասաց. "Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Բայց վե՛ր կաց և կանգնի՛ր ոտքերիդ վրա, որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան"։ Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա, այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում էին, ինչպես նաև հեթանոսներին քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով։ Այս բաների համար հրեաներն ինձ տաճարում բռնելով փորձեցին սպանել։ Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, որ Քրիստոսը չարչարվելու է և մեռելներից առաջինը հարություն առած լինելով՝ ժողովրդին ու հեթանոսներին լույս է ավետարանելու»։ Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։ Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։ Որովհետև այս բաներին թագավորն էլ է տեղյակ, որին և համարձակ ասում եմ. չեմ կարծում, թե սրանցից որևէ բան նրանից ծածկված լինի, քանի որ դա խուլ անկյունում չի եղել։ Մարգարեներին հավատո՞ւմ ես, ո՛վ Ագրիպպաս արքա. գիտեմ, որ հավատում ես»։ Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Պողոսն ասաց. «Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների»։ Եվ երբ նա այս ասաց, թագավորը, կուսակալը, Բերնիկեն ու նրանց հետ բոլոր նստածները վեր կացան։ Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։ Բայց Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Այս մարդուն կարելի էր արձակել, եթե կայսրին դիմած չլիներ»։ Երբ որոշվեց՝ դեպի Իտալիա նավարկենք, Պողոսին ու մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։ Նստելով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Արիստարքոս Մակեդոնացին Թեսաղոնիկեից։ Հաջորդ օրն իջանք Սիդովն, և Հուլիոսը, Պողոսի նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով, թույլ տվեց նրան բարեկամների մոտ գնալ՝ խնամք ստանալու։ Այդտեղից նավարկելով՝ գնացինք Կիպրոսի ներքևի կողմով՝ քամու հակառակ ուղղությամբ փչելու պատճառով։ Ապա նավարկելով Կիլիկիան և Պամփյուլիան ողողող ծովով՝ իջանք Լիկիայի Միռա քաղաքը։ Այնտեղ հարյուրապետը, գտնելով Ալեքսանդրիայի մի նավ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ նստեցրեց։ Բազում օրեր դանդաղ նավարկելով՝ հազիվ հասանք Կնիդոսի կողմերը։ Քանի որ քամին մեր հակառակ կողմից էր, Կրետեի ներքևով նավարկեցինք դեպի Սալմովնի հրվանդան։ Նրա եզերքով դժվարությամբ անցնելով՝ եկանք մի տեղ, որ «Գեղեցիկ նավահանգիստ» էր կոչվում, որի մոտ էր Լասեա քաղաքը։ Եվ քանի որ բավականաչափ ժամանակ էր անցել, նավարկելը վտանգավոր կլիներ, իսկ ծոմապահության ժամանակն էլ արդեն անցել էր, Պողոսը խրատ էր տալիս՝ ասելով նրանց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նավարկությունը նեղությամբ ու մեծ վնասով է լինելու ոչ միայն բեռի ու նավի, այլ նաև մեր կյանքի համար»։ Բայց հարյուրապետը նավապետին ու նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։ Քանի որ նավահանգիստը ձմեռն անցկացնելու համար անհարմար էր, մեծամասնությունը մտածեց այդտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանային Փյունիկե հասնել և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավ-արևմուտք և դեպի ցամաք էր նայում։ Երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե իրենց նպատակին կհասնեն, և խարիսխները վերցնելով՝ ինչքան հնարավոր է դեպի Կրետե նավարկեցին։ Շատ ժամանակ չէր անցել, երբ կղզու կողմից մի մրրկահողմ բարձրացավ, որ «Եվրացիկլոն» էր կոչվում։ Երբ նավը քշվեց և մրրկահողմին չկարողացավ դիմանալ, նավի կառավարումը թողեցինք և տարուբերվում էինք։ Եվ ընթանալով դեպի մի կղզի, որ Կավդա էր կոչվում, մակույկը հազիվ կարողացանք փրկել։ Օգնության միջոցներով այն նավի վրա քաշեցինք, ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. վախենալով, որ Սիրտիսի ծովածոցի մեջ կընկնեն, խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։ Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցին բեռները ծովը գցել։ Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։ Երբ բազում օրեր ո՛չ արև էր երևում, ո՛չ էլ աստղեր, վատ եղանակն էլ շարունակվում էր, փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։ Քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, այդ ժամանակ Պողոսը, նրանց մեջ կանգնելով, ասաց. «Մարդի՛կ, դուք պետք է ինձ լսեիք ու Կրետեից չելնեիք և այս նեղությունից ու վտանգից կխուսափեիք։ Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։ Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ Սակայն պետք է մի կղզի ընկնենք»։ Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։ Ջրի խորությունը չափող գունդը գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. մի փոքր էլ առաջանալով՝ նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։ Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։ Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։ Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։ Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։ Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն՝ ասելով. «Այսօր տասնչորսերորդ օրն է, ինչ դուք սպասելով քաղցած եք մնացել և ոչինչ չեք կերել։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետև դա ձեր փրկության համար է. քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ չի կորչելու»։ Այս ասելով՝ հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։ Եվ բոլորը քաջալերվեցին, ու իրենք էլ սնվեցին։ Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ Կերակուրից հագենալով՝ նավը թեթևացրին՝ ցորենը ծովը թափելով։ Երբ լույսը բացվեց, մի անծանոթ ցամաք տեսան։ Նկատեցին մի ծովածոց, որ ծովափ ուներ. մտածում էին, թե միգուցե հնարավոր լիներ նավն այնտեղ հասցնել։ Խարիսխները կտրելով ծովը գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին և քամուն հանձնեցին ծովափի ուղղությամբ։ Ընկնելով ծովը երկու մասի բաժանող մի տեղ՝ նավը դուրս քաշեցին. նավի առաջակողմը հատակին խրվեց և անշարժ մնաց, իսկ հետնակողմն ալիքների սաստկությունից քանդվում էր։ Զինվորները որոշել էին կալանավորներին սպանել, որպեսզի ոչ ոք լողալով չփախչեր։ Բայց հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց այդ մտադրությունից հետ պահեց ու հրամայեց, որ նախ լողալ կարողացողները ջուրը նետվեն ու ցամաք ելնեն, իսկ մնացածներից ոմանք՝ տախտակների վրա, ոմանք էլ՝ նավից ինչ-որ բանի վրա. և այդպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։ Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։ Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին, մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։ Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել և կրակի վրա էր դնում, տաքությունից մի իժ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։ Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։ Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։ Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։ Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել, պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։ Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին և բժշկվում։ Նրանք մեծ հանդիսավորությամբ մեզ պատվեցին, և երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։ Երեք ամիս հետո բարձրացանք մի նավ, որ ձմեռել էր այդ կղզում։ Այն ալեքսանդրիական էր և դիոսկուրյանների նշանն ուներ։ Սիրակուսա իջնելով՝ երեք օր այնտեղ մնացինք։ Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս, որտեղ և գտանք եղբայրների, որոնք խնդրեցին, որ յոթ օր իրենց մոտ մնանք։ Այնուհետև եկանք Հռոմ։ Եվ այնտեղից եղբայրները, մեր մասին լսած լինելով, մեզ ընդառաջ ելան մինչև Ապպիոսի առևտրի պալատն ու Երեք պանդոկները։ Երբ Պողոսը նրանց տեսավ, Աստծուն գոհություն հայտնեց ու քաջալերվեց։ Երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց իր պահապան զինվորի հետ առանձին մնալ։ Երեք օր հետո Պողոսը հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ նախնյաց ավանդույթներին հակառակ ոչինչ չգործած՝ Երուսաղեմից կալանավորված՝ հռոմեացիների ձեռքը մատնվեցի։ Նրանք ինձ դատելուց հետո կամեցան բաց թողնել, որովհետև իմ մեջ մահապատժի արժանի ոչ մի հանցանք չկար։ Բայց երբ հրեաներն առարկում էին, ստիպված եղա կայսրին դիմել. ոչ թե որ իմ ազգին ամբաստանելու բան ունեի։ Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։ Իսկ նրանք ասացին նրան. «Մենք քո վերաբերյալ Հրեաստանից ո՛չ նամակ ենք ստացել, ո՛չ էլ եղբայրներից որևէ մեկը եկել ու քո մասին վատ բան է պատմել կամ խոսել։ Բայց կցանկանայինք քեզանից լսել, թե ի՛նչ ես կարծում, որովհետև այդ աղանդի մասին մեզ հայտնի է, որ ամենուրեք դրա դեմ հակաճառություն կա»։ Նրա հետ որոշակի օր նշանակելուց հետո բազում մարդիկ եկան նրա օթևան, որոնց վկայում էր Աստծու արքայության մասին և առավոտից մինչև երեկո նրանց համոզում Հիսուսի մասին Մովսեսի օրենքով ու մարգարեներով։ Ոմանք հավատում էին նրա խոսքերին, իսկ ոմանք չէին հավատում։ Եվ իրար հետ համաձայնության չգալով՝ հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի միջոցով մեր հայրերի հետ լավ խոսեց և ասաց. "Գնա՛ այս ժողովրդի մոտ և ասա՛. "Դուք կլսեք, բայց չեք հասկանա, և կնայեք, բայց չեք տեսնի։ Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է, և իրենց ականջներով ծանր են լսում և իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն ու սրտով չիմանան, դարձի չգան, և ես չբժշկեմ նրանց" ։ Արդ թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու փրկությունը ուղարկվեց հեթանոսներին, և նրանք էլ կլսեն»։ Եվ Պողոսն ամբողջ երկու տարի ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին։ Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը, որ Սուրբ Գրքում Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, ըստ Սուրբ Հոգու Աստծու Որդի էր սահմանված՝ զորությամբ մեռելներից հարություն առնելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նրա միջոցով ստացանք շնորհ՝ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ Դուք էլ եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը. Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։ Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։ Որովհետև վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, թե ինչպե՛ս եմ անդադար հիշում ձեզ՝ ամեն ժամ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ։ Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար, այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։ Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ ( թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։ Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին, ուստի հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք, իմ կարողության չափով ավետարանելու։ Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։ Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» ։ Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով. չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։ Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։ Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։ Իսկ դու, ո՛վ մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ևս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափե՞ս Աստծու դատաստանից։ Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում, նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։ Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։ Որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն. որովհետև Աստծու առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ահա դու, որ հրեա ես կոչվում և օրենքի վրա ես հենվում ու պարծենում ես Աստծով։ Նրա կամքը գիտես և օրենքից ուսանած լինելով՝ զանազանում ես տարբեր բաները։ Վստահ ես քեզ վրա, որ կույրերի առաջնորդ ես ու խավարի մեջ գտնվողների լույս, անմիտներին խրատող, երեխաներին ուսուցանող, որ օրենքի մեջ ունես օրենքի գիտության և ճշմարտության արտահայտությունը։ Արդ դու, որ ուրիշին ուսուցանում ես, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։ Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես։ Որովհետև «Ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծու անունը», ինչպես որ գրված է։ Թլփատությունն օգտակար է, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքի առաջ հանցավոր ես, քո թլփատությունն անթլփատություն է դառնում։ Իսկ եթե անթլփատը օրենքի կանոնները պահի, նրա անթլփատությունը թլփատություն չի՞ համարվի։ Եվ մարմնով անթլփատը, օրենքը կատարելով, կդատապարտի քեզ, որ գրով ու թլփատությամբ օրենքի առաջ հանցավոր ես։ Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի. այլ հրեան նա է, ով ներքուստ է հրեա, և թլփատությունը սրտով ու հոգով է և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։ Արդ ո՞րն է հրեայի առավելությունը, կամ ո՞րն է թլփատության օգուտը։ Շատ և ամեն առումով։ Նախ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։ Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունն Աստծու հավատարմությունը կխափանի։ Քա՛վ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» ։ Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։ Քա՛վ լիցի։ Հապա Աստված աշխարհն ինչպե՞ս է դատելու։ Եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում։ Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։ Եվ հիմա ի՞նչ, մենք՝ հրեաներս, առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են, ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա ։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում. նրանց շրթունքների տակ իժերի թույն կա ։ Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի ։ Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։ Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին ։ Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ »։ Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։ Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։ Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով, այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով, որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։ Մի՞թե Աստված միայն հրեաներինն է և ոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է, որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաև չթլփատվածներին՝ նույն հավատի միջոցով։ Արդ մի՞թե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով. քա՛վ լիցի, այլ հաստատում ենք օրենքը։ Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։ Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։ Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» ։ Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։ Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։ Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում. «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի» ։ Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։ Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։ Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։ Եվ թլփատության հայր լինի ոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։ Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։ Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։ Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է, ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» ։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։ Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» ։ Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ, որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։ Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։ Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։ Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։ Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։ Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։ Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։ Բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք և ոչ թե հին գրով։ Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։ Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ, որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։ Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։ Ուրեմն ինձ համար բարի՞ն մահ դարձավ. քա՛վ լիցի, այլ մեղքը. որպեսզի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մահ պատճառեց։ Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված։ Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։ Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։ Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։ Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։ Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց՝ ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։ Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։ Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։ Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։ Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։ Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» ։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում, որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։ Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար, որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները, նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։ Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են, և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ «Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի» ։ Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։ Որովհետև խոստումի խոսքը սա է՝ «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա» ։ Եվ ոչ միայն այսքանը. Ռեբեկան ևս, որ մեկ մարդուց հղիացավ՝ մեր հայր Իսահակից։ Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրը հաստատվի և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց. «Ավագը պիտի փոքրին ծառայի», ինչպես գրված է. «Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի» ։ Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։ Որովհետև Մովսեսին ասում է. «Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ» ։ Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Որովհետև Գիրքը փարավոնին ասում է. «Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի» ։ Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։ Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։ Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։ Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։ Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել, նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների, ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ, և որ ինձ սիրելի չէր, սիրելի ։ Եվ այնպես կլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝ "Դուք իմ ժողովուրդը չեք", այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն »։ Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի, որովհետև Տերն անհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա» ։ Ինչպես որ Եսային կանխասաց. «Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ, մենք Սոդոմի պես կլինեինք ու Գոմորին կնմանվեինք» ։ Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։ Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։ Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերով էին ուզում հասնել։ Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին, ինչպես գրված է. « Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության, և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» ։ Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար, որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։ Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում. «Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի» ։ Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝ "Ո՞վ է երկինք բարձրանալու"», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար, կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է», այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» ։ Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի ։ Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. «Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում» ։ Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։ Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ "նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը" »։ Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում. «Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ» ։ Սակայն Եսային համարձակ ասում է. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, և հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում» ։ Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։ Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում. «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» ։ Իսկ Աստծու պատասխանը նրան ի՞նչ է ասում. «Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին» ։ Նույն կերպ էլ ներկայումս մարդկանց մի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։ Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան, ինչպես որ գրված է. «Աստված նրանց թմրության հոգի տվեց, աչքեր, որոնցով չեն տեսնելու, ու ականջներ, որոնցով չեն լսելու մինչև այսօր» ։ Դավիթն էլ ասում է. «Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար, խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։ Նրանց աչքերը թող խավարեն, որպեսզի չտեսնեն, ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր» ։ Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։ Սակայն եթե նրանց անկումը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, ապա որքա՜ն առավել՝ նրանց լիակատար դարձը։ Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. քանի որ ես հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը, որպեսզի թերևս իմ ազգակիցների նախանձը շարժեմ ու նրանցից ոմանց փրկեմ։ Որովհետև եթե նրանց մերժումն աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ կլինի, եթե ոչ մեռելներից կենդանացում։ Եթե երախայրին սուրբ է, ապա խմորն էլ է սուրբ, և եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ։ Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ դո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։ Արդ կասես. «Ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։ Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր, որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։ Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։ Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։ Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ այս խորհուրդը չիմանաք և ձեզ իմաստուն կարծեք. Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունը կշարունակվի մինչև բոլոր հեթանոսների մտնելը։ Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից Փրկիչը կգա և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։ Իմ կողմից ուխտը նրանց հետ սա է, երբ նրանց մեղքերը կվերացնեմ»։ Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ սիրելի են հայրերի միջոցով. որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։ Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել, այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն։ Որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։ «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ ։ Կամ նրան ո՞վ նախապես մի բան տվեց, որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա ։ Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։ Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» ։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։ Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։ Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։ Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։ Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։ Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։ Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» ։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։ Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։ Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ Ձեր բարին թող չչարախոսվի։ Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։ Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։ Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։ Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։ Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։ Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։ Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։ Որովհետև Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան» ։ Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ Բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլփատվածների սպասավոր եղավ, որպեսզի հայրերին տրված խոստումները հաստատի։ Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» ։ Եվ դարձյալ ասում է. «Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։ Եվ դարձյալ՝ «Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ, և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ» ։ Եվ դարձյալ Եսային ասում է. «Հեսսեի արմատը պիտի ելնի, և նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի, հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն» ։ Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։ Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, ձեզ համար համոզված եմ, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամենայն գիտությամբ, որ կարող եք միմյանց խրատել։ Բայց մասամբ ավելի համարձակ գրեցի ձեզ, որպեսզի հիշեցնեմ ձեզ Աստծուց ինձ տրված շնորհի մասին. որ ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ, Աստծու Ավետարանը մատուցողը, որպեսզի ընդունելի լինի հեթանոսների ընծան՝ սրբագործված Սուրբ Հոգով։ Արդ Աստծու առաջ Քրիստոս Հիսուսով պարծենալու բան ունեմ։ Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով, նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու Հոգու զորությամբ. այնպես որ ես, Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, տարածել եմ Քրիստոսի Ավետարանը։ Այսպես արժանի համարեցի Ավետարանը քարոզել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը հռչակված չէր, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես որ գրված է. «Նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն, և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն» ։ Դրա համար շատ անգամ ձեզ մոտ գալու արգելքներ եղան։ Բայց այժմ, երբ այս կողմերում այլևս գործելու տեղ չկա, և շատ տարիներ ի վեր ձեզ մոտ գալու փափագ ունեմ, երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։ Բայց հիմա գնում եմ Երուսաղեմ՝ սրբերին ծառայելու։ Որովհետև մակեդոնացիներն ու աքայացիները հաճեցին մասնակից լինել Երուսաղեմում գտնվող աղքատ սրբերի կարիքների օժանդակությանը։ Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքներին ծառայել։ Արդ, այս կատարելով ու հավաքած արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։ Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի առատ օրհնությամբ կգամ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք՝ ինձ համար առ Աստված աղոթելով, որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը, որ մատուցելու եմ Երուսաղեմում, սրբերին ընդունելի լինի, որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ։ Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. ամեն։ Ձեզ եմ ներկայացնում Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է, որպեսզի նրան Տիրոջով ընդունեք, ինչպես որ վայել է սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որովհետև նա ինքն էլ հոգաց շատերին և հենց ինձ։ Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգի ենթարկվելով, և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները. ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է։ Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։ Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Հունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են և որոնք ինձանից առաջ են Քրիստոսին պատկանել։ Ողջունե՛ք Ամպղիասին՝ իմ սիրելիին Տիրոջով։ Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Քրիստոսով մեր գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։ Ողջունե՛ք Ապեղեսին, որ փորձված է Քրիստոսով։ Ողջունե՛ք նրանց, որ Արիստոբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերովդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք նրանց, որ Նարկիսոսի ընտանիքից են և Տիրոջ մեջ են։ Ողջունե՛ք Տրիփեային ու Տրիփոսային, որ աշխատում են Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդային, որ Տիրոջ համար շատ աշխատեց։ Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։ Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբասին, Երմեսին և եղբայրներին, որ նրանց հետ են։ Ողջունե՛ք Փիղողոգոսին, Հուլիային, Ներեասին ու նրա քրոջը, Ողիմպիային ու բոլոր սրբերին, որ նրանց հետ են։ Սուրբ համբույրով ողջունե՛ք միմյանց։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։ Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։ Քանզի ձեր հնազանդությունն ամենքին է հայտնի դարձել, արդ ձեզ համար ուրախ եմ. միայն ուզում եմ, որ դուք բարու հանդեպ իմաստուն լինեք, իսկ չարի հանդեպ՝ անմեղ։ Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն։ Ձեզ ողջունում են իմ գործընկեր Տիմոթեոսը և Ղուկիոսը, Յասոնն ու Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։ Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։ Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքի գանձապահը, ինչպես նաև Կվարտոս եղբայրը։ Եվ հիմա նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ Ավետարանի և ըստ Հիսուս Քրիստոսի քարոզության, ըստ այն խորհրդի հայտնության, որ հավիտենական ժամանակներից ի վեր լուռ պահված էր, սակայն այժմ հայտնված է մարգարեների գրքերի միջոցով հավիտենական Աստծու հրամանով և բոլոր հեթանոսներին ծանուցված է հավատին հնազանդվելու համար, միակ իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն։ Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված, և Սոսթենես եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը. շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև նրանով հարստացաք ամեն բանի մեջ՝ թե՛ խոսքով, թե՛ գիտությամբ։ Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ, որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։ Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։ Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։ Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», կամ՝ «Ես՝ կեփասյան», կամ էլ՝ «Ես՝ քրիստոսյան»։ Մի՞թե Քրիստոսը բաժանված է. մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։ Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզանից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանասի ընտանիքին ևս մկրտեցի. չգիտեմ, թե ուրիշի էլ մկրտած լինեմ։ Որովհետև Քրիստոսն ինձ չի ուղարկել մկրտելու, այլ Ավետարանը քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։ Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։ Որովհետև գրված է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ» ։ Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում. մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։ Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։ Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին, որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» ։ Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։ Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից՝ խաչվածից։ Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով, որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։ Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։ Այլ խոսում ենք Աստծու խորհրդավոր և ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր, և որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի, այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» ։ Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։ Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք մեկնում։ Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։ Քանզի «Տիրոջ միտքն ո՞վ է իմացել, որ նրան խրատի» ։ Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ Երբ մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», իսկ մյուսը՝ «Ես ապողոսական», մարմնավոր մարդիկ չե՞ք։ Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք, և նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Տնկողն ու ջրողը մի են, բայց ամեն մեկն իր աշխատանքի համաձայն իր վարձը կստանա։ Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։ Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։ Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի. եթե ձեզանից մեկը կարծում է, թե այս աշխարհում իմաստուն է, նա թող հիմար լինի, որ իմաստուն դառնա։ Որովհետև այս աշխարհի իմաստությունն Աստծու առաջ հիմարություն է, քանի որ գրված է. «Նա իմաստուններին իրենց խորամանկության մեջ է բռնում» ։ Եվ դարձյալ. «Տերը ճանաչում է իմաստունների մտքերը, որոնք ունայն են» ։ Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան, թե՛ գալիքը. ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը։ Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ համարի։ Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ Բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից. ես ինքս էլ ինձ չեմ դատում։ Որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ. բայց դրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։ Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։ Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։ Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։ Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսով. մենք՝ տկար, իսկ դուք՝ զորավոր, դուք՝ փառավորված, իսկ մենք՝ անարգված։ Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։ Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։ Ոչ թե ձեզ ամաչեցնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների՝ խրատում եմ։ Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։ Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։ Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։ Կարծելով, թե ձեզ մոտ չեմ գալու, ոմանք գոռոզացել են։ Բայց շուտով գալու եմ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և ծանոթանալու եմ ոչ թե գոռոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։ Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։ Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։ Եվ դուք պարծենում եք՝ փոխանակ սգալու, որպեսզի ձեր միջից վերացվի նա, ով այդ արարքը կատարել է։ Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել. մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք, ես ևս հոգով ձեզ հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ. այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը։ Ձեր պարծենալը լավ չէ. չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։ Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։ Նամակում ձեզ գրեցի պոռնիկների հետ չխառնակվել։ Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։ Հիմա ձեզ գրեցի չխառնակվել, որ եթե մեկը, որ եղբայր է կոչված, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ հարբեցող, կամ հափշտակող լինի, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտեք։ Քանզի ինձ ի՞նչ պետք է, որ եկեղեցուց դուրս գտնվողներին էլ դատեմ. չէ՞ որ դուք եկեղեցու ներսում գտնվողներին եք դատում։ Իսկ դրսիններին Աստված է դատելու։ Չարը ձեր միջից վերացրե՛ք ։ Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։ Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու. որքա՜ն առավել՝ կենցաղային բաները։ Եթե կենցաղային բաների համար դատաստան եք անում, ինչո՞ւ եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեզ դատավոր նստեցրել։ Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։ Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում, այլ դուք եք զրկում և անիրավություն անում, այն էլ եղբայրներին։ Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։ Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ։ Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։ Կամ չգիտե՞ք, որ ով պոռնիկին է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև «Երկուսը,- ասում է,- մեկ մարմին կլինեն» ։ Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։ Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։ Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։ Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։ Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։ Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։ Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։ Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։ Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։ Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից, այլ կին մի՛ փնտրիր։ Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։ Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն, լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։ Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։ Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։ Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։ Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպե՛ս պետք է գիտենալ։ Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։ Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։ Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ Սակայն բոլորն այս գիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։ Բայց ուտելիքը չէ մեզ Աստծու առաջ կանգնեցնելու. եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի։ Միայն թե զգո՛ւյշ եղեք, որ ձեր այդ ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։ Որովհետև եթե մեկը քեզ, որ այդ գիտությունն ունես, մեհյանում սեղան նստած տեսնի, չէ՞ որ նրա խղճմտանքը, որ տկար է, զոհաբերված միսն ուտելու համարձակություն կստանա։ Եվ քո գիտության պատճառով կկորչի այն տկար եղբայրը, որի համար Քրիստոսը մեռավ։ Եվ այսպես, եղբայրների դեմ մեղանչելով ու այն տկարների խղճմտանքին հարվածելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում։ Ուստի եթե կերակուրն իմ եղբորը գայթակղեցնում է, ես հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ։ Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։ Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։ Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։ Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։ Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։ Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։ Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» ։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։ Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։ Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։ Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։ Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։ Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։ Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։ Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։ Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։ Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։ Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։ Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու» ։ Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։ Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։ Ձեզ հետ որպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։ Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։ Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։ Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։ Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։ Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։ Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։ Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։ Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։ Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու, որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են ։ Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։ Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։ Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։ Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։ Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։ Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։ Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։ Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։ Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։ Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։ Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իր տիրոջը։ Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։ Եթե կինը գլուխը չի ծածկում, ուրեմն թող իր մազերը կտրի։ Սակայն եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն ամոթ է, ուրեմն թող գլուխը ծածկի։ Տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն ու փառքն է, իսկ կինը տղամարդո՛ւ փառքն է։ Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։ Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար, դրա համար կինը պետք է իր գլխին իշխանության նշան ունենա՝ հրեշտակների համար։ Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով, որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։ Դուք ինքնե՛րդ դատեք. կնոջը վայե՞լ է, որ չծածկված աղոթի Աստծուն։ Կամ հենց բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունենա, դա անարգանք է նրան։ Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան քողի փոխարեն են տրված։ Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։ Բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դուք ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։ Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։ Պետք է, որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։ Արդ երբ միասին հավաքվում եք, դա Տերունական ընթրիքն ուտելը չէ, որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է մնում, մյուսը՝ հարբած։ Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։ Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ որ խմեք, այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։ Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաև նրանք, ովքեր ննջեցին։ Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։ Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասե՛ք։ Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։ Եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ հոգևոր պարգևների մասին անտեղյակ լինեք։ Դուք գիտեք, որ երբ հեթանոս էիք, համր կուռքերի մոտ էիք գնում՝ ասես ինչ-որ մեկի կողմից առաջնորդվելով։ Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու Հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ոք չի կարող Հիսուսին «Տեր» ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։ Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։ Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։ Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք։ Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։ Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։ Բայց հիմա անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես», կամ էլ գլուխը ոտքերին՝ «Ինձ պետք չեք»։ Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ Այն անդամներին, որ կարծում ենք՝ ավելի անարգ են, առավել պատիվ ենք տալիս և մեր ամոթույքն առավել պարկեշտությամբ ենք պահում, իսկ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Բայց Աստված մարմինը բարեխառնել է՝ ցածրին ավելի պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։ Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։ Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։ Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորը ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, մի՞թե բոլորը բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։ Բայց դուք նախանձախնդիր եղեք լավագո՛ւյն շնորհներին, ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։ Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։ Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։ Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։ Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։ Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։ Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։ Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։ Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։ Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։ Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։ Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։ Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։ Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։ Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։ Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։ Օրենքում գրված է. «Օտար լեզուներով ու օտար շրթունքներով պիտի խոսեմ այս ժողովրդի հետ, բայց և այնպես ինձ ականջ չեն դնի»,- ասում է Տերը։ Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։ Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։ Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։ Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։ Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։ Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։ Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։ Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։ Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։ Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։ Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։ Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։ Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։ Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։ Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։ Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։ Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։ Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք, որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։ Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։ Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։ Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։ Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի ։ Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ ։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։ Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։ Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։ Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։ Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք ։ Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։ Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։ Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։ Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։ Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։ Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։ Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։ Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։ Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։ Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց ։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը »։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։ Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։ Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։ Երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով կուղարկեմ, որ ձեր ընծան Երուսաղեմ տանեն։ Եվ եթե հարկ լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։ Ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու։ Եվ հնարավոր է, որ ձեզ մոտ մնամ կամ նույնիսկ ձմեռեմ, որպեսզի դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։ Որովհետև չեմ ուզում հիմա անցորդի պես ձեզ տեսնել. միառժամանակ ձեզ մոտ մնալու հույս ունեմ, եթե Տերը թույլ տա։ Բայց հիմա մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, որովհետև ինձ համար գործելու մեծ դուռ է բացված, և հակառակորդները շատ են։ Եթե Տիմոթեոսը գա, նայե՛ք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։ Արդ ոչ ոք թող նրան չանարգի. նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա. եղբայրների հետ նրան եմ սպասում։ Իսկ Ապողոս եղբոր վերաբերյալ իմացեք, որ նրան շատ աղաչեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց հիմա գալու ցանկություն բոլորովին չունի։ Սակայն կգա, երբ հարմար ժամանակ գտնի։ Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։ Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։ Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։ Դո՛ւք էլ հնազանդ եղեք այդպիսիներին ու բոլոր նրանց, ովքեր գործակից և ծառայակից են նրանց։ Ստեփանասի, Փորտունատոսի և Աքայիկոսի գալու համար ուրախացա. նրանք ձեր պակասը լրացրին, որովհետև իմ ու ձեր հոգուն հանգիստ պարգևեցին. ուրեմն ճանաչե՛ք այդպիսիներին։ Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։ Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները. ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Իմ՝ Պողոսիս ձեռքով է այս ողջույնը։ Եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Մարանա թա ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Իմ սերն էլ Քրիստոս Հիսուսով ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։ Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, և Տիմոթեոս եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերի հետ. շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։ Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։ Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։ Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։ Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։ Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։ Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան միայն այն, ինչ դուք կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ լիովին կհասկանաք, ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։ Այս վստահությամբ նախ ուզում էի ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ շնորհն ընդունեք, և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։ Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»։ Վկա է Աստված, որ ձեզ հղված մեր խոսքն «այո» և «ոչ» չէ։ Որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ։ Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։ Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է, որ մեզ նաև կնքեց և Հոգու առհավատչյան մեր սրտերի մեջ դրեց։ Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։ Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։ Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։ Որովհետև եթե ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, եթե ոչ ինձանից տրտմածը։ Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։ Շատ նեղությունից և սրտիս տագնապից է, որ առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։ Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։ Այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմից եղավ ։ Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք։ Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։ Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլ կներեմ ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ, որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։ Երբ ես Քրիստոսի Ավետարանի համար հասա Տրովադա, և չնայած Տերն ինձ համար բացել էր դուռը, իմ հոգում հանգստություն չունեի, որովհետև իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա, ուստի նրանց հրաժեշտ տալով՝ գնացի Մակեդոնիա։ Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ։ Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում։ Եվ այս բաներին ո՞վ է ընդունակ։ Քանի որ նման չենք շատ ուրիշների, որոնք Աստծու խոսքը վաճառում են, այլ պարզությամբ, ինչպես Աստծու կողմից ուղարկվածներ, Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։ Դարձյա՞լ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե՞ ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար կամ հանձնարարականներ ձեր կողմից։ Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված. ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։ Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր, որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։ Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։ Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։ Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։ Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։ Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։ Մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա նույն քողն է ընկած։ Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։ Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։ Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում, մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։ Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է։ Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։ Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։ Այնպես որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը՝ ձեր մեջ։ Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է. «Հավատացի ու դրա համար խոսեցի», մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝ գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։ Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։ Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։ Գիտենք, որ եթե մեր երկրային տունը վրանի պես ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում։ Եվ հենց դրա մեջ հառաչում ենք՝ ցանկանալով մեր երկնային բնակությունը հագնել։ Միայն թե երբ այն հագնենք, մերկ չենք մնա։ Քանզի մենք՝ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել, այլ երկնայինը սրա վրա հագնել, որպեսզի մահկանացու մարմինը կյանքի մեջ ընկղմվի։ Բայց այս բանը մեզ համար ծրագրողը Աստված է, որ մեզ տվեց նաև Հոգու առհավատչյան։ Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով՝ հեռու ենք Տիրոջից. (որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։ Բայց վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել։ Դրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։ Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար։ Արդ Տիրոջ երկյուղն իմանալով՝ մարդկանց համոզում ենք, բայց Աստծու առաջ հայտնի ենք, և ես հույս ունեմ, որ ձեր խղճմտանքի մեջ էլ հայտնի ենք։ Ոչ թե դարձյալ մեզ հանձնարարում ենք ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ մեզանով պարծենալու, որպեսզի մի բան ունենաք նրանց դեմ, ովքեր արտաքին բաներով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։ Որովհետև եթե խելագարված ենք, Աստծու համար է, և եթե զգաստ ենք, ձեզ համար է։ Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։ Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսակետից ոչ ոքի չենք ճանաչում։ Ու թեև Քրիստոսին մարդկային տեսակետից էինք ճանաչում, սակայն հիմա այլևս այդպես չենք ճանաչում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։ Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք, որովհետև ասում է. «Ընդունելի ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի» ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Ոչ մի բանով որևէ առիթ մի՛ տվեք, որ ծառայությունն արատավորվի, այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծու սպասավորներ՝ մեծ համբերությամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ, գանահարության մեջ, բանտերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքերով, որ աջ ու ձախ ձեռքերում են, փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահա ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախներ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։ Մենք ամեն ինչ բացահայտ ասացինք ձեզ, ո՛վ կորնթացիներ, մեր սրտերը բաց են ձեր առաջ։ Մենք ձեզ նեղություն չենք տվել, սակայն դուք նեղվում եք ձեր սրտերում։ Փոխադարձաբար,- իբրև իմ որդիների եմ ասում ձեզ,- դուք էլ ձեր սրտե՛րը բացեք մեր առաջ ։ Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Քրիստոսի և Բելիարի միջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։ Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը ։ Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի՛ դիպեք ։ Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։ Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։ Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։ Դատապարտելու համար չեմ ասում, որովհետև կանխավ ասացի, որ դուք մեր սրտերում եք՝ ձեզ հետ միասին ապրելու, նաև մեռնելու համար։ Ձեր նկատմամբ իմ վստահությունը մեծ է, մեծ է ձեզանով իմ պարծանքը. մխիթարությամբ լեցուն եմ. առավել ուրախ եմ մեր ամեն նեղության մեջ։ Որովհետև երբ հասանք Մակեդոնիա, բոլորովին հանգիստ չունեցանք, այլ ամեն բանում նեղություն կրեցինք. դրսում մարտնչում էինք, ներքուստ ահ ու սարսափ ապրում։ Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը Տիտոսի գալուստով մեզ մխիթարեց. ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա ձեր մեջ մխիթարվել էր։ Երբ նա մեզ պատմեց ձեր սրտի փափագի՝ ձեր լացի և իմ հանդեպ ձեր ունեցած նախանձախնդրության մասին, ես ավելի ուրախացա. թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։ Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։ Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։ Արդ հենց այն, որ դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որքա՜ն ջանք առաջացրեց ձեր մեջ, ինչպիսի՜ արդարացում, ինչպիսի՜ զայրույթ, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձ, ինչպիսի՜ վրեժխնդրություն. ամեն կերպ ձեզ անմեղ ցույց տվեցիք այդ հարցում։ Ուրեմն թեև գրեցի ձեզ, ոչ թե զրկողի համար էր, ոչ էլ զրկվածի համար, այլ որպեսզի մեր ջանքը, որ թափում ենք ձեզ վրա, հայտնի լինի ձեզ մոտ Աստծու առաջ։ Դրա համար մխիթարված ենք զգում։ Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։ Որովհետև ձեզ համար նրա առաջ ինչքան էլ որ պարծեցա, չամաչեցի, այլ ինչպես որ ամեն բան ձեզ հետ ճշմարտությամբ խոսեցինք, այնպես էլ մեր պարծանքը Տիտոսի առաջ ճշմարիտ եղավ։ Եվ նրա գորովն էլ ձեր նկատմամբ առավել շատացել է, երբ հիշում է ձեր բոլորի հնազանդությունը, թե ինչպիսի ահով ու դողով ընդունեցիք նրան։ Արդ ուրախ եմ, որ ամեն բանում ձեզ վրա վստահություն ունեմ։ Արդ, եղբայրնե՛ր, ձեզ տեղեկացնում ենք Աստծու շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին։ Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։ Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով, մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։ Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա մեզ՝ Աստծու կամքով։ Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։ Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։ Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունը մեջբերելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։ Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ Սրանով իմ կարծիքն եմ հայտնում, որը ձեզ օգտակար է. դուք ոչ միայն առաջինը եղաք ձեռնարկելու մեջ, այլև առաջինը կամեցաք անցյալ տարվանից։ Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։ Որովհետև եթե հոժարություն կա, տրվածն ընդունելի է ունեցածի չափով և ոչ թե չունեցածի չափով։ Քանի որ ոչ թե ուրիշներին թեթևություն տալու համար կամենում եմ ձեզ նեղություն պատճառել, այլ թող հավասարությամբ լինի։ Ներկայումս ձեր առատությունը թող նրանց պակասությանը ծառայի, որպեսզի նրանց առատությունն էլ ձեր պակասությանը ծառայի, որպեսզի հավասարություն լինի, ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրանը չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրանը չպակասեց» ։ Շնորհակալ լինենք Աստծուն, որ նույն ջանքը ձեզ համար դրեց Տիտոսի սրտի մեջ, որովհետև նա ընդունեց իմ աղաչանքը և հոժար կամքով շտապեց ձեզ մոտ գալ։ Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որին բոլոր եկեղեցիներում ավետարանելու գործում գովաբանում են։ Եվ ոչ միայն այսքանը, այլև եկեղեցիների կողմից ևս ընտրվելով՝ մեր ճանապարհորդության ընկեր դարձավ այս շնորհում, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով՝ զգուշանալով այն բանից, որ չլինի թե մեկը մեզ արատավորի այս ծառայության մեջ, որ մատուցում ենք, որովհետև մտածում ենք բարին գործել ոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։ Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր եղբորը, որին շատ բաներում ենք բազմիցս փորձել, որը ջանասեր է։ Հիմա նա էլ առավել փութաջան է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։ Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ ընկերն է ու ձեզ համար՝ իմ գործակիցը։ Մեր եղբայրները եկեղեցիների առաքյալներ են ու Քրիստոսի փառքը, ուրեմն բոլոր եկեղեցիների առաջ ցո՛ւյց տվեք նրանց նկատմամբ ձեր սիրո ու ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։ Ինձ համար ավելորդ է սրբերին մատուցվող օգնության մասին ձեզ գրել, քանի որ գիտեմ ձեր հոժարակամությունը, որով էլ մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով. «Աքայացիներն անցյալ տարվանից պատրաստ են»։ Ձեր եռանդը շատերի համար խթան եղավ։ Եվ եղբայրներին էլ ուղարկեցի, որպեսզի մեր՝ այս հարցում ձեզանով պարծենալն իզուր չլինի, այլ ինչպես ասում էի, պատրաստ լինեք, որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։ Արդ անհրաժեշտ համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր՝ նախապես խոստացած նվերները, որպեսզի նվերը պատրաստ լինի որպես առատաձեռնություն և ոչ թե որպես ժլատություն։ Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք, ինչպես որ գրված է. «Բաժանեց և աղքատներին տվեց։ Նրա արդարությունը մնում է հավիտյան» ։ Բայց նա, ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն. որովհետև այս բարեգործության ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքներն է բավարարում, այլև Աստծու հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։ Այս ծառայության փորձով փառավորում են Աստծուն՝ Քրիստոսի Ավետարանը խոստովանելու և ձեր հնազանդության համար, նաև այն առատ մասնակցության համար, որ բաժին եք հանում նրանց ու բոլորին։ Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։ Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար։ Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ, աղաչում եմ, որ չլինի թե երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն լինեմ ոմանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մարդկային շարժառիթներով ենք վարվում։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։ Որովհետև եթե ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց՝ ձեզ ամրապնդելու և ոչ կործանելու համար, չեմ ամաչի։ Ցույց չեմ տալիս, թե իբր վախեցնում եմ ձեզ այս նամակներով։ Որովհետև ասում են. «Նամակները ծանր են ու ազդեցիկ, իսկ մարմնավոր ներկայությունը՝ տկար, ու խոսքն էլ՝ անարժեք»։ Այդպես ասողը թող սա իմանա, որ ինչպիսին նամակների մեջ գրված խոսքով ենք հեռվից, այնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։ Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։ Բայց մենք չափից դուրս չենք պարծենում, այլ ըստ այն կանոնի չափի, որ Աստված մեզ բաժանեց՝ հասնելու մինչև ձեզ։ Երբ ձեզ մոտ հասանք, մենք մեր չափը չէինք անցել, որովհետև ձեզ մոտ հասանք Քրիստոսի Ավետարանով։ Եվ չափից դուրս չենք պարծենում ուրիշների աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճելով մենք էլ ձեր մեջ առավել կմեծանանք մեր գործի չափով, որպեսզի ձեզանից այն կողմ էլ Ավետարանը քարոզենք՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով։ «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» ։ Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։ Եթե կարողանայիք իմ անմտությունը մի քիչ հանդուրժել. բայց անշուշտ հանդուրժում եք։ Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։ Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։ Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։ Կարծում եմ, որ մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։ Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։ Մի՞թե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։ Ուրիշ եկեղեցիների կողոպտեցի և ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։ Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։ Ինչո՞ւ, որովհետև ձեզ չե՞մ սիրում։ Աստված գիտի դա։ Այն, ինչ անում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին պատճառ չտամ պարծենալու, թե իրենք էլ են մեզ նման։ Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։ Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։ Ինչ որ խոսում եմ, ոչ թե ըստ Տիրոջ կամքի եմ խոսում, այլ որպես անմիտ, որ պարծենալու նյութ ունի։ Եվ քանի որ շատերն ըստ մարդկային մղումների են պարծենում, ես էլ պիտի պարծենամ։ Իմաստուն լինելով՝ հոժարությամբ համբերում եք անմիտներին։ Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։ Ամաչում եմ ասել՝ որպես թե մենք տկար ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկը համարձակվում է պարծենալ ինչ-որ բանում, ես էլ եմ համարձակվում։ Եբրայեցի՞ են, ես էլ, իսրայելացի՞ են, ես էլ, Աբրահամի սերո՞ւնդն են, ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։ Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։ Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում. Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։ Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։ Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։ Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։ Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։ Այդպիսի մեկի համար պիտի պարծենամ, բայց ինքս ինձ համար չեմ պարծենա, եթե ոչ իմ տկարություններով միայն։ Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։ Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Պարծենալով անմտացա. դո՛ւք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք է վկայություն ստանայի, որովհետև այն մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա, թեև ես ոչինչ եմ։ Բայց առաքյալ լինելու նշանները կատարվեցին ձեր մեջ ամենայն համբերությամբ, նշաններով և հրաշքներով ու զորություններով։ Որովհետև ինչո՞վ մյուս եկեղեցիներից պակաս եղաք, եթե ոչ նրանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներե՛ք ինձ այդ հանցանքը։ Ահա երրորդ անգամ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու և ձեզ վրա բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ որոնում, այլ ձեզ. որովհետև ոչ թե որդիները պետք է հայրերի համար գանձ կուտակեն, այլ հայրերը՝ որդիների համար։ Բայց ես հոժարակամ ձեզ համար կծախսեմ ու ծախսի տակ կընկնեմ, թեկուզ ձեզ առավել սիրելով՝ ձեզնից քիչ սիրվեմ։ Բայց թեկուզ ես ձեզ վրա բեռ չեղա, սակայն խորամանկ լինելով՝ ձեզ նենգաբար բռնեցի։ Մի՞թե նրանց ձեռքով, ում ձեզ մոտ ուղարկեցի, ձեզ շահագործեցի։ Տիտոսին աղաչեցի ձեզ մոտ գալ, նրա հետ այն եղբորն էլ ուղարկեցի։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Չէ՞ որ մենք նույն հոգով վարվեցինք, չէ՞ որ նույն հետքերով ընթացանք։ Դարձյա՞լ կարծում եք, թե մենք խոսքով ենք մեզ պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խոսում. ամեն բան, սիրելինե՛ր, ձեզ ամրացնելու համար է։ Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։ Միգուցե իմ հաջորդ գալստյան ժամանակ իմ Աստվածը ինձ նվաստացնի ձեզ մոտ, և սուգ անեմ շատերի համար, որ նախապես մեղանչել են և չեն ապաշխարել այն պղծության, պոռնկության ու գիջության համար, որ կատարել են։ Այս երրորդ անգամ է, որ ձեզ մոտ եմ գալիս. «Երկու-երեք վկաների բերանով ամեն ինչ կհաստատվի» ։ Առաջ ասել եմ և հիմա էլ նախապես ասում եմ որպես երկրորդ անգամ ձեզ մոտ եղող. հիմա հեռվից գրում եմ նախկինում այն մեղանչածներին և բոլոր մյուսներին, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու։ Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսն է ինձանով խոսում, ապա կտեսնեք, որ նա տկար չէ ձեզ համար, այլ զորավոր է ձեր մեջ։ Թեպետ նա որպես տկար խաչվեց, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ թեև տկարանում ենք նրա համար, բայց նրա հետ կենդանի կլինենք ձեր մեջ Աստծու զորությամբ։ Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։ Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։ Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք։ Ոչ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, թող որ մենք ձախողված լինենք։ Որովհետև մենք անզոր ենք ճշմարտության դեմ, զորությունը միայն ճշմարտության համար ունենք։ Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։ Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։ Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Սուրբ համբույրով միմյանց ողջո՛ւյն տվեք։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։ Պողոսը՝ առաքյալ ոչ թե մարդկանցից և ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի ու Հայր Աստծու կողմից, որ մեռելներից հարություն տվեց նրան, և բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներիդ. շնորհ և խաղաղություն ձեզ Հայր Աստծուց ու մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ ինքն իրեն մեր մեղքերի համար տվեց, որպեսզի Աստծու և մեր Հոր կամքի համաձայն մեզ այս չար աշխարհից ազատի։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։ Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի»։ Արդ հիմա մարդկա՞նց եմ ձգտում, թե՞ Աստծուն, կամ ուզում եմ մարդկա՞նց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի ։ Տեղեկացնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, այն Ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ, որովհետև ես ոչ թե մարդուց ստացա այն կամ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ ինձ տրվեց։ Քանի որ դուք իմ՝ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի և կործանում այն։ Հրեության մեջ ինձ ազգակից հասակակիցներից շատերից առաջադեմ էի և իմ հայրենի ավանդույթներին առավել նախանձախնդիր։ Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել՝ հայտնելու իր Որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ ես անմիջապես որևէ մեկից խորհուրդ չհարցրի և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։ Այնուհետև երեք տարի հետո Երուսաղեմ ելա՝ Պետրոսին տեսնելու. տասնհինգ օր նրա մոտ եղա։ Առաքյալներից մեկ ուրիշի չտեսա, բացի Տիրոջ եղբայր Հակոբոսից։ Բայց ինչ որ գրում եմ ձեզ, ահա Աստծու առաջ եմ ասում, որ սուտ չէ։ Հետո Ասորիքի և Կիլիկիայի կողմերը եկա։ Ես անձամբ անծանոթ էի Հրեաստանում Քրիստոսի եկեղեցիներին։ Միայն լսել էին, թե՝ «Նա, որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հավատն է քարոզում, որ առաջ կործանում էր»։ Եվ ինձանով փառավորում էին Աստծուն։ Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։ Եվ ըստ հայտնության՝ ելա ու նրանց այն Ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի թե զուր տեղն եմ չարչարվել կամ չչարչարվեմ։ Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելլենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու՝ հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն. նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։ Բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ (ինձ համար կարևոր չէ, թե մի ժամանակ նրանք ինչ էին. Աստված մարդկանց միջև աչառություն չի անում ). այն երևելի համարվածներն ինձ նոր բան չհայտնեցին։ Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներին ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին (որովհետև նա, ով թլփատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց), և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների. միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։ Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մեղադրելի էր։ Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։ Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։ Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից, գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։ Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե այն, ինչ քանդել եմ, վերստին կառուցեմ, ապա ինքս ինձ մեղավոր եմ ցույց տալիս։ Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։ Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։ Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում։ Այնքան նեղությունները զո՞ւր տեղը կրեցիք. եթե զուր էին։ Արդ Հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողն այդ արեց, որովհետև օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզին հավատացիք։ Այդպես Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրա համար արդարություն համարվեց (Ծնն. 15.6, Հռմ. 4.3)։ Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» ։ Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում այդ ամենը» ։ Որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև «Արդարը հավատով է ապրելու» ։ Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» ։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» ), որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Մարդկայնորեն եմ ասում, եղբայրնե՛ր, արդարև մարդու հաստատած կտակը ոչ ոք չի բեկանի, ոչ էլ դրա վրա ուրիշ բան կավելացնի։ Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին», որ է Քրիստոս։ Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։ Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։ Այս եմ ասում. քանի դեռ ժառանգը երեխա է, ծառայից ոչնչով չի տարբերվում, թեև ամեն բանի տեր է։ Բայց վերակացուների և տնտեսների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ Այդպես էլ մենք. քանի դեռ երեխաներ էինք, բնության տարերային ուժերի ծառայության տակ էինք։ Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։ Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ։ Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։ Եվ իմ տկարությունը, որ իմ մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարհեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։ Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք։ Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի՞ եղա։ Կեղծ վարդապետները ձեր նկատմամբ նախանձախնդիր են ոչ բարի նպատակով. ուզում են ձեզ հեռացնել մեզանից, որպեսզի դուք էլ նրանց համար նախանձախնդիր լինեք։ Սակայն լավ է բարի բանում միշտ նախանձախնդիր լինել և ոչ թե երբ ձեզ մոտ եմ։ Իմ զավակնե՛ր, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը ձեր մեջ կերպավորվի, կամենում էի հիմա ձեզ մոտ գալ ու իմ խոսելաոճը փոխել, որովհետև ձեզ համար տարակուսանքի մեջ եմ։ Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում. որովհետև գրված է, որ Աբրահամը երկու որդիներ ուներ. մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Բայց նա, որ աղախնից էր, ըստ մարմնի էր ծնված՝ բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։ Այս բաներն այլաբանություն են. այս երկու կանայք երկու կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, ծառայության համար ծնեց, որ է Հագարը։ Որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում և համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։ Իսկ Վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Որովհետև գրված է. «Ցնծա՛, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, գոչի՛ր ու աղաղակի՛ր դու, որ երկունքի ցավ չէիր քաշում, որովհետև լքվածի զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը» ։ Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես խոստման որդիներ ենք։ Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։ Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» ։ Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի։ Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ Դուք, որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից և զրկված շնորհից։ Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ Մի քիչ թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է ։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։ Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ» ։ Բայց եթե միմյանց խայթեք և ուտեք, զգուշացե՛ք, որ միմյանց չոչնչացնեք։ Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։ Բայց եթե Հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք։ Սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։ Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։ Որովհետև ամեն մեկն ի՛ր բեռը պետք է կրի։ Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։ Տեսե՛ք, թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով։ Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։ Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։ Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ Որովհետև ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը ։ Եվ բոլոր նրանց, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա, և Աստծու ողորմությունը՝ Իսրայելի վրա։ Սրանից հետո թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որովհետև իմ մարմնի մեջ ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում։ Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։ Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ և խաղաղություն ձեզ։ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։ Իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր. որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա։ Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, որպեսզի իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։ Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Նա այն Քրիստոսով գործադրեց՝ նրան մեռելներից հարություն տալով, և նրան նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում, ամեն իշխանությունից և պետությունից, զորությունից և տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։ Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։ Ուստի հիշե՛ք, որ դուք մի ժամանակ մարմնով հեթանոսներ էիք (որ անթլփատություն է կոչվում մարմնի վրա ձեռքով կատարված թլփատությամբ), որովհետև այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեիք և աշխարհում անաստված էիք։ Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։ Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով՝ հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի և իր խաչով երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի՝ նրանով թշնամությունն սպանելով։ Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան, որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։ Դրա համար ես՝ Պողոսս, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար. դուք անշուշտ լսել եք, որ Աստծու ծրագիրն իրականացնելու համար շնորհ է տրվել ինձ, որը ձեր օգուտի համար է։ Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա Հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով, որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։ Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։ Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։ Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք, ինչպես հեթանոսները՝ իրենց մտքի ունայնությամբ. նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած՝ այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով. որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ Բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է. հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։ Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ (Զաք. 8.16), քանի որ միմյանց անդամներ ենք։ Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ Նա, ով գողանում էր, թող այլևս չգողանա, ավելին՝ թող աշխատի՝ իր ձեռքերով բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք, որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։ Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։ Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի Փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Ծնն. 2.24)։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։ Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը, - սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։ Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։ Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝ հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց, իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց՝ սպառնալիքը թողնելով։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք երկնքում Տեր ունեք, և նրա առաջ կողմնակալություն չկա։ Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը, որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։ Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեում են, եպիսկոպոսների ու սարկավագների հետ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ. ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝ Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։ Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։ Աստված ինձ վկա է, թե ինչպե՛ս եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափագում ձեզ բոլորիդ։ Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։ Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին, այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։ Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։ Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։ Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է. բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով, որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։ Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։ Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։ Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, Հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն, ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով։ Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։ Ուրեմն, իմ սիրելինե՛ր, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա՝ իմ բացակայության ժամանակ, ահով ու դողո՛վ գործեք ձեր անձերի փրկության համար։ Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։ Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝ կյանքի խոսքը պահելով, որպեսզի Քրիստոսի օրն ինձ համար պարծենալու բան լինի, թե զուր տեղը չվազեցի և զուր չաշխատեցի։ Բայց եթե անգամ որպես զոհ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, ուրախ եմ ու ձեզ բոլորիդ ուրախակից։ Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք ու ինձ ուրախակի՛ց եղեք։ Բայց Տեր Հիսուսով հույս ունեմ, որ Տիմոթեոսին շուտով ձեզ մոտ կուղարկեմ, որպեսզի սիրտս էլ հանգստանա, երբ ձեր մասին տեղեկանամ. որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի, քանի որ բոլորն իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը։ Բայց դուք գիտեք նրա արժանի լինելը, որովհետև ինչպես որդին իր հորը, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։ Արդ հույս ունեմ նրան իսկույն ուղարկելու, հենց իմանամ, թե գործերս ինչպես են լինելու։ Բայց Տիրոջով վստահ եմ, որ ինքս էլ շուտով կգամ։ Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար, որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ Եվ հիրավի մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան. և ոչ միայն նրան, այլ ինձ էլ, որպեսզի տրտմության վրա տրտմություն չունենամ։ Ուրեմն նրան ավելի շտապ ուղարկեցի, որպեսզի դարձյալ տեսնելով՝ ավելի ուրախ լինեք, և ես էլ անտրտում լինեմ։ Արդ նրան Տիրոջով ամենայն ուրախությա՛մբ ընդունեք և այդպիսիներին պատվե՛ք, որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։ Այսուհետև, իմ եղբայրնե՛ր, Տիրոջով ուրա՛խ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք թլփատությունից, որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։ Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ. եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես՝ առավել ևս։ Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝ նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին. ինչ վերաբերում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։ Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։ Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։ Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։ Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։ Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։ Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք։ Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից, որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։ Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը, մանավանդ նրանք, ովքեր կայսեր ծառայության մեջ են։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։ Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծու կամքով, և Տիմոթեոս եղբայրը՝ Կողոսայում Քրիստոսով եղող սրբերին ու հավատացյալ եղբայրներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ ձեզ և խաղաղություն։ Գոհություն ենք հայտնում Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ ամեն ժամ ձեզ համար աղոթելով, երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի և բոլոր սրբերի հանդեպ ձեր ունեցած հավատի և սիրո մասին, այն հույսի համար, որ ձեզ համար պահվում է երկնքում, որի մասին նախապես լսեցիք Ավետարանի ճշմարիտ խոսքով, որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք, ինչպես որ սովորեցիք Եպափրասից՝ մեր սիրելի ծառայակցից, որը ձեզ համար Քրիստոսի հավատարիմ սպասավորն է։ Նա մեզ պատմեց հոգով ունեցած ձեր սիրո մասին։ Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ, որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք. նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ, գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։ Նա աներևույթ Աստծու պատկերն է՝ բոլոր արարածներից առաջ ծնված, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Եվ նա է մարմնի, այսինքն՝ եկեղեցու գլուխը. նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը։ Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի, և նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։ Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է, որի սպասավորը եղա ես ըստ Աստծու այն տնտեսության, որ ինձ տրված է՝ ձեզ Աստծու խոսքը քարոզելու, այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։ Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը, որ մենք քարոզում ենք՝ ամեն մարդու խրատելով և ամեն մարդու ուսուցանելով ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։ Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։ Կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի՛ պայքար եմ մղում ձեզ և լաոդիկեցիների համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ անձամբ չեն տեսել, որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ սիրով միմյանց միանալով, և ամենայն ճոխությամբ հասնեն կատարյալ իմաստության, այսինքն՝ Աստծու և Հոր և Քրիստոսի խորհուրդը ճանաչելուն, որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։ Այս ասում եմ, որպեսզի ոչ ոք ձեզ հրապուրիչ խոսքերով չմոլորեցնի։ Քանի որ թեև մարմնով բացակա եմ, բայց հոգով ձեզ հետ եմ՝ տեսնելով ձեր ընթացքը և Քրիստոսի հանդեպ ձեր հավատի հաստատությունը և ուրախանալով։ Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։ Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։ Որովհետև նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ Եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը։ Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով, նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։ Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։ Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։ Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով. այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։ Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք և ազատվեցիք այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչո՞ւ եք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով՝ «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպիր»։ Դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները, որոնք արտաքուստ իմաստության կերպարանք ունեն՝ կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և մարմինը բավարարելուն են ծառայում։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Բայց երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա. դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։ Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։ Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։ Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։ Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ զայրացրեք, որ չվհատվեն։ Ծառանե՛ր, ձեր երկրավոր տերերին ամեն բանում հնազա՛նդ եղեք. ոչ թե ծառայեք, երբ ձեզ հսկում են, և նրանց հաճոյանաք, այլ անկեղծ սրտով՝ Աստծուց երկյուղելով։ Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։ Բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավության համար. ոչ մեկի համար աչառություն չկա։ Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։ Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ, որպեսզի հայտնեմ այն՝ խոսելով, ինչպես արժան է։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։ Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։ Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձեր համաքաղաքացին է։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ լինում է, ձեզ կտեղեկացնեն։ Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։ Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։ Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։ Ողջունե՛ք Լաոդիկիայում եղող եղբայրներին, Նիմֆային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։ Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայից եկած նամակն էլ դո՛ւք կարդացեք։ Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։ Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետ լինի ։ Ամեն։ Պողոսը, Սիղվանոսն ու Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն։ Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝ իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին, որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ձեր մեջ ինչպես եղանք ձեզ համար։ Դուք էլ, մեզ և Տիրոջը նմանվելով, մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք, որովհետև դուք Մակեդոնիայում և Աքայիայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։ Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առ Աստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում։ Որովհետև հենց մարդիկ իրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի՛ մուտք ունեցանք, և դուք ինչպե՛ս կուռքերից դեպի Աստված դարձաք՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն և երկնքից սպասելու նրա Որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։ Եղբայրնե՛ր, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ, այլ, ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում, մեր Աստծով համարձակվեցինք քարոզել ձեզ Աստծու Ավետարանը՝ հակառակ մեծ դժվարությանը։ Որովհետև մեր քարոզը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգության, այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ Ավետարանը մեզ վստահվի, այնպես էլ քարոզում ենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։ Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, և ոչ էլ ագահության պատրվակով. Աստված վկա է։ Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։ Թեև կարող էինք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Ինչպես ստնտուն է կերակրում իր երեխաներին, այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։ Եղբայրնե՛ր, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, և Աստծու Ավետարանը քարոզում էինք ձեզ։ Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ։ Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը՝ իր զավակներին, հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին։ Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք, Աստծու քարոզության խոսքը մեզանից ստանալով, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։ Եղբայրնե՛ր, դուք նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք էլ ձեր հայրենակիցներից նույնը կրեցիք, ինչպես որ նրանք էլ՝ հրեաներից, որոնք Տեր Հիսուսին ու մարգարեներին սպանեցին, նաև մեզ հալածեցին ու Աստծուն անհաճո եղան և բոլոր մարդկանց թշնամի դարձան։ Մեզ արգելում են հեթանոսներին քարոզել, որպեսզի իրենք փրկվեն, և շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում։ Բայց նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։ Իսկ մենք, եղբայրնե՛ր, թեև առժամանակ ձեզանից բաժանված մնացինք՝ հեռու աչքից և ոչ սրտից, սակայն առավել ևս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով։ Դրա համար ես՝ Պողոսս, մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։ Արդարև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք Տիրոջով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստյան ժամանակ։ Դուք եք մեր փառքը և ուրախությունը։ Դրա համար, այլևս չհամբերելով, լավ համարեցինք Աթենքում առանձին մնալ։ Եվ մեր Տիմոթեոս եղբորը՝ Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ, ուղարկեցինք, որ ձեզ մխիթարի ու հաստատի ձեր հավատի մեջ, որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված։ Երբ ձեզ մոտ էինք, նախօրոք ասում էինք ձեզ, թե նեղություններ ենք կրելու, ինչպես որ եղավ էլ, ու իմացաք էլ։ Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով, մարդ ուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։ Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից եկավ մեզ մոտ և ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ մեր բարի հիշատակն ամեն ժամ ձեր մտքում ունեք՝ փափագելով մեզ տեսնել, ինչպես մենք էլ՝ ձեզ, դրա համար, եղբայրնե՛ր, հանուն ձեր հավատի ձեզանով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում և նեղություններում. որովհետև հիմա մենք կապրենք, եթե դուք Տիրոջով հաստատուն մնաք։ Ձեզ համար Աստծուն ինչպիսի՛ գոհություն կարող ենք մատուցել այն ամբողջ ուրախության համար, որով մեր Աստծու առաջ ուրախանում ենք ձեզ համար։ Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։ Բայց ինքն Աստված ու մեր Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհը։ Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ, որպեսզի ձեր սրտերն Աստծու ու մեր Հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։ Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և վկայեցինք։ Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։ Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։ Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել և հենց դա էլ անում եք այն բոլոր եղբայրների հանդեպ, որ ողջ Մակեդոնիայում են։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելին անեք և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք, որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։ Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։ Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։ Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։ Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ մարեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։ Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։ Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։ Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն։ Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Դա Աստծու արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծու արքայությանն արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։ Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ, իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում. նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից այն օրը, երբ գա փառավորվելու իր սրբերի և հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։ Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։ Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր՝ նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ, որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։ Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։ Եվ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։ Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով, որի համար կանչեց ձեզ մեր Ավետարանով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։ Արդ, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով։ Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով, թող նա մխիթարի ձեր սրտերը և հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։ Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը։ Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անկարգ են ապրում և ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան։ Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք, ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։ Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։ Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։ Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։ Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։ Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։ Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։ Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։ Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, մեր Փրկիչ Աստծու և Հիսուս Քրիստոսի՝ մեր հույսի հրամանով Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։ Մակեդոնիա գնալիս խնդրեցի քեզ Եփեսոսում մնալ, որպեսզի ոմանց պատվիրես, որ օտար վարդապետություններ չուսուցանեն և չզբաղվեն առասպելներով ու անվերջանալի ազգաբանություններով, որոնք ավելի շատ վեճեր են հարուցում, քան նպաստում հավատով իրականացվող Աստծու ծրագրին։ Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից, որոնցից խոտորվելով՝ ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին։ Կամենում են օրենուսույցներ լինել, մինչդեռ չեն իմանում ո՛չ այն, ինչ խոսում են, ո՛չ էլ այն, ինչ պնդում են։ Բայց գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկն այն օրինավոր կերպով գործադրի։ Գիտենք նաև այն, որ օրենքը արդարի համար չէ, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայրասպանների և մայրասպանների, մարդասպանների, պոռնիկների և արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների և սուտ երդում անողների և այլ բաների, որոնք հակառակ են ողջամիտ վարդապետությանը, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որն ինձ է վստահվել։ Երախտապարտ եմ նրան, ով ինձ զորացրեց մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որովհետև ինձ հավատարիմ համարեց նրա սպասավորությանը կարգելու, ինձ, որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։ Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։ Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։ Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝ ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։ Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում, որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ (ճշմարիտ եմ ասում, չեմ ստում), հեթանոսների վարդապետ՝ հավատով ու ճշմարտությամբ։ Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։ Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։ Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա։ Որովհետև նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։ Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։ Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։ Հավաստի է այս խոսքը. եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր. որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի։ Նույն կերպ էլ սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ո՛չ երկերեսանի, ո՛չ գինեմոլ, ո՛չ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ Սրանք ևս նախ թող փորձվեն, ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։ Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ Սարկավագները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակներին ու իրենց ընտանիքներին լավ վերակացու։ Որովհետև ծառայությունը լավ կատարողներն իրենց համար պատվավոր աստիճան են ձեռք բերում և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։ Այս բաները գրում եմ քեզ՝ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ։ Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝ ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է, որոնք արգելում են ամուսնությունը, օգտագործումը այն ուտելիքների, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։ Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում, քանի որ սրբվում է Աստծու խոսքով ու աղոթքով։ Սրանք եղբայրներին խորհուրդ տալով՝ Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։ Բայց պիղծ ու ծեր կանանց հորինած առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր, որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։ Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։ Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։ Այս բանե՛րը պատվիրիր և ուսուցանիր։ Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։ Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրմամբ։ Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։ Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների, պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։ Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։ Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։ Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, նա հույսն Աստծու վրա է դնում և գիշեր-ցերեկ հարատևում աղոթքի ու խնդրանքի մեջ։ Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։ Այս բաները պատվիրի՛ր, որ անարատ լինեն։ Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։ Թող այրի համարվի նա, ով վաթսուն տարեկանից պակաս չէ և մեկ ամուսնու կին է եղել, բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։ Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ և դատաստան են ընդունում, որովհետև դրժել են իրենց առաջին խոստումը։ Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։ Կամենում եմ, որ դեռատի այրիներն ամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան, քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։ Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց և եկեղեցուն չծանրաբեռնի, որպեսզի իսկական այրիներին հոգ տանի։ Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։ Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» և «Մշակն արժանի է իր վարձին» ։ Երեցի դեմ ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։ Իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանի՛ր, որպեսզի ուրիշներն էլ վախենան։ Պարտավորեցնում եմ քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բաները պահես առանց կանխակալ կարծիքի՝ աչառությամբ ոչինչ չանելով։ Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։ Այսուհետև միայն ջո՛ւր մի խմիր, այլ մի քիչ գինի՛ գործածիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալուդ պատճառով։ Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։ Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։ Նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին ամեն պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունը և վարդապետությունը չհայհոյվի։ Իսկ հավատացյալ տերեր ունեցողները թող չարհամարհեն, որովհետև նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալ են ու սիրելի և բարեգործության մասնակից։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։ Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը, նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ և լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում։ Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։ Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։ Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը, որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։ Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ Ո՛վ Տիմոթեոս, քեզ տրված ավանդը պահի՛ր ու հեռո՛ւ մնա պիղծ ունայնաբանություններից և սուտանուն գիտության հակառակություններից, որն ընդունելով՝ ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետ լինի։ Ամեն։ Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է, Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։ Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ, ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։ Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։ Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար, որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ և հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ. նա մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով, որին ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։ Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։ Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։ Գիտես, որ ինձ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաև Փիգելոսն ու Հերմոգենեսը։ Թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ ու չամաչեց իմ կապանքներից, այլ երբ Հռոմում եղավ, մեծ փութով փնտրեց ինձ ու գտավ։ Թող Տերը նրան շնորհի, որ Տիրոջից ողորմություն գտնի այն օրը, իսկ թե Եփեսոսում որքա՜ն ծառայություն մատուցեց ինձ, դու ինքդ լավ գիտես։ Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։ Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։ Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։ Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։ Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի, որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։ Հավաստի է այս խոսքը. «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։ Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։ Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։ Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։ Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ, և նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակում են։ Նրանցից են Հիմենեոսն ու Փիլետոսը, որոնք ճշմարտությունից շեղվել են՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ եղել է, և ոմանց հավատը կործանում են։ Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։ Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։ Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։ Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ, հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են՝ նրա կամքը կատարելու համար։ Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։ Որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ, որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։ Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։ Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։ Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։ Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ. քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։ Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։ Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր։ Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։ Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ, որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա. Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։ Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։ Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։ Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։ Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։ Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։ Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։ Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ողջույններ Պրիսկային, Ակյուղասին և Օնեսիփորոսի ընտանիքին։ Երաստոսը Կորնթոսում մնաց, և Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ Շտապի՛ր գալ՝ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են Եվբուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։ Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը ձեզ հետ։ Ամեն։ Պողոսը՝ Աստծու ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ կոչված Աստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը, հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված, բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ, որ մեր Փրկիչ Աստծու հրամանով ինձ վստահվեց, Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։ Դրա համար քեզ Կրետեում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի անթերի, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, որոնց դեմ անառակության կամ անհնազանդության ամբաստանություն չլինի։ Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։ Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ, որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։ Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկապորտներ»։ Այս վկայությունը ճշմարիտ է. դրա համար նրանց խիստ հանդիմանի՛ր, որ հավատի մեջ առողջ լինեն և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու այն մարդկանց պատվերներին, որոնք ճշմարտությունից շեղված են։ Ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ. նրանց միտքն ու խիղճը պղծված են։ Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։ Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։ Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։ Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր, խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։ Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն, թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։ Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։ Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։ Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց. այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝ սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր։ Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։ Նրանց հիշեցրո՛ւ, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն, հպատակվեն ու ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։ Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն։ Որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների և պես-պես անառակությունների ծառայողներ, չարությամբ և նախանձով էինք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց ատող։ Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ, որ առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած՝ ժառանգներ լինենք՝ հավիտենական կյանքի հույսով։ Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։ Իսկ հիմար վիճաբանություններից, ազգաբանությունից, հակառակություններից ու օրենքի մասին վեճերից հեռո՛ւ մնա, որովհետև անօգուտ և ունայն են։ Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո՝ գիտենալով, որ այդպիսին շեղված է ու մեղք է գործում՝ ինքն իրեն դատապարտելով։ Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին քեզ մոտ ուղարկեմ, շտապի՛ր ինձ մոտ՝ Նիկոպոլիս գալ, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։ Եվ օրենսգետ Զենասին ու Ապողոսին շտապ ճանապա՛րհ դիր, այնպես որ ոչնչի պակասություն չունենան։ Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն։ Քեզ ողջունում են բոլորը, ովքեր ինձ հետ են։ Ողջունի՛ր նրանց, ովքեր մեզ հավատով սիրում են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամեն։ Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի շղթայակիրը, և Տիմոթեոս եղբայրը՝ սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանը հավաքվող եկեղեցուն. շնորհ ձեզ ու խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Միշտ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ քեզ հիշելով, լսելով քո սիրո ու հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ։ Թող քո հաղորդակցությունը հավատին գործուն լինի բոլոր բարիքների ճանաչման մեջ, որ ձեր մեջ են Հիսուս Քրիստոսով։ Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։ Դրա համար, թեև Քրիստոսով համարձակվում եմ քեզ հրամայել այն, ինչ պետք է անես, սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսի համար շղթայվածս։ Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ. նա, որ մի ժամանակ քեզ համար անպիտան էր, այժմ պիտանի է և՛ քեզ, և՛ ինձ. նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ ։ Իսկ դու նրան, որ նույն իմ սիրտն է, ընդունի՛ր։ Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։ Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։ Թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս այլևս ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել՝ իբրև սիրելի եղբոր, հատկապես ինձ համար, քեզ համար ևս որպես մարդ և որպես եղբայր Տիրոջով։ Արդ, եթե ինձ քո ընկերն ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ։ Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։ Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։ Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։ Հնազանդությանդ վստահելով եմ այս գրում քեզ, որովհետև գիտեմ, որ ասածիցս ավելին կանես։ Միաժամանակ պատրաստվի՛ր ինձ հյուրընկալելու, որովհետև հույս ունեմ, որ ձեր աղոթքներով Աստված ինձ ձեզ կշնորհի։ Քեզ ողջունում են Եպափրասը՝ հանուն Քրիստոս Հիսուսի իմ բանտակիցը, իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի ։ Ամեն։ Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։ Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։ Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։ Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան Հայր կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի» ։ Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. « Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» )։ Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց» ։ Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։ Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։ Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։ Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» ։ Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ» ։ Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։ Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։ Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։ Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով. «Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես, կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։ Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր. ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր» ։ Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։ Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։ Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես հույսս նրա վրա պիտի դնեմ» ։ Եվ դարձյալ. «Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» ։ Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։ Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք, որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։ Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։ Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։ Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում, որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը քառասուն տարի։ Դրա համար այդ սերնդից զզվեցի և ասացի. "Միշտ մոլորվում են սրտով, և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին"։ Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» ։ Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։ Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։ Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։ Քանի որ ասվում է. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին» ։ Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։ Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։ Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։ Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց. «Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն», թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։ Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» ։ Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն» ։ Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով, Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» ։ Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։ Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։ Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։ Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։ Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։ Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։ Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։ Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։ Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։ Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» ։ Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝ Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։ Դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։ Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի. որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։ Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։ Ուստի Քրիստոսի մասին նախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին, մկրտությունների վարդապետությանը, ձեռնադրությանը, մեռելների հարությանը և հավիտենական դատաստանին։ Ահա թե ինչ ենք անելու, եթե Աստված թույլ տա։ Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում։ Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։ Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։ Սիրելինե՛ր, թեև այսպես եմ խոսում, բայց ձեզ համար վստահ եմ, որ լավագույն ուղու վրա եք, այն, որ դեպի փրկություն է տանում։ Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։ Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա, որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։ Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իրենով երդվեց ու ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» ։ Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին։ Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։ Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ, որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս, որտեղ մեզ համար մտավ նախակարապետը՝ Հիսուսը, ըստ Մելքիսեդեկի կարգի հավիտենական Քահանայապետ դարձած։ Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան, Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։ Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։ Տեսե՛ք, թե որքա՜ն մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ ավարից տասանորդ տվեց։ Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։ Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։ Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։ Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդ վերցնում, բայց այնտեղ՝ նա, ում մասին վկայվել է, որ կենդանի է։ Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել, որովհետև նա նույնպես իր հոր սերնդից էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։ Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն, քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։ Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։ Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս, որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։ Քանզի վկայվեց. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» ։ Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր, որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։ Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետև ոմանք առանց երդման են քահանա դարձել, բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց. «Երդվեց Տերը ու չի զղջա. դու հավիտյան քահանա ես», նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։ Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտական քահանա մնան։ Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։ Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։ Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։ Եվ ասածներիս գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ երկնքում Մեծության աթոռի աջ կողմում նստեց՝ որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ Քանի որ ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգվում, ուստի նա էլ պետք է մատուցելու մի բան ունենա։ Որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում, ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։ Բայց հիմա Հիսուսն ավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։ Որովհետև եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։ Եվ նրանց հանդիմանելով ասում է. «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ ես Իսրայելի տան և Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ, ոչ այն ուխտի պես, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ եգիպտացիների երկրից հանելու համար։ Քանի որ նրանք իմ ուխտի մեջ չմնացին, ես էլ նրանց նկատմամբ անհոգ եղա,- ասում է Տերը։ Որովհետև սա է այն ուխտը, որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ,- ասում է Տերը.- ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ, նրանց սրտերի վրա կգրեմ դրանք ու նրանց կլինեմ Աստված, նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։ Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի, ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ "Տիրոջը ճանաչի՛ր", որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝ նրանց փոքրերից մինչև մեծը, որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» ։ Նոր ուխտի մասին խոսելով՝ նա առաջինը հին համարեց, իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալուն։ Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, որովհետև առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։ Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում. այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։ Տապանակի վերևում փառքի քերովբեներն էին, որ քավարանի վրա հովանի էին անում, որոնց մասին հիմա պետք չէ մանրամասն խոսել։ Եվ այս բաներն այսպես էին դասավորված. քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը՝ պաշտամունքներ կատարելու։ Իսկ երկրորդի մեջ տարին մեկ անգամ մտնում էր միայն քահանայապետը և ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր ու ժողովրդի կողմից անգիտությամբ արված մեղքերի համար։ Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։ Սա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծաներ ու զոհեր էին մատուցվում, որոնք չէին կարող կատարյալ դարձնել պաշտամունք մատուցողի խիղճը. միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների վրա հիմնված պաշտամունքը մարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչև մարդու ուղղվելը։ Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի, քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում. այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր հաստատվի։ Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեց օրենքի գրքի ու ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»։ Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։ Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։ Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։ Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա մեզ համար։ Ոչ թե որպեսզի շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով էր մտնում Սրբություն սրբոց։ Այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ՝ ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը, նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։ Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։ Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ էին լինում, որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։ Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր. Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի. "Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված"» ։ Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համար արված զոհ չկամեցար, և ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի», այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։ Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։ Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո. «Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ այն օրից հետո,- ասում է Տերը.- իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։ «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» ։ Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։ Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։ Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։ Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք հոգու վկայությամբ անողորմաբար սպանվում էր։ Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։ Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց. «Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը» ։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին» ։ Ահավոր է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը։ Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։ Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։ Քանի որ «Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս, և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։ Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի» ։ Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ։ Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։ Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։ Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։ Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։ Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։ Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովափին։ Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։ Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։ Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ Որովհետև նրան ասվել էր. «Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի» ։ Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։ Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։ Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։ Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։ Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։ Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։ Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։ Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։ Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։ Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է» ։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե. որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին. «Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի» ։ Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր. «Զարհուրում եմ և դողում» ։ Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին, երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին, նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։ Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» ։ Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։ Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնա ձեր մեջ։ Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։ Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։ Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» ։ Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։ Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։ Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։ Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։ Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք. որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։ Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։ Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։ Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։ Առավել ևս աղաչում եմ, որ դա անեք, որպեսզի ավելի շուտ ձեզ այցելեմ։ Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին, թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հորդորի այս խոսքը համբերությա՛մբ տարեք, մանավանդ որ քիչ գրեցի ձեզ։ Իմացե՛ք, որ մեր եղբայր Տիմոթեոսը բանտից ազատվել է. եթե նա շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։ Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին ու բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, ովքեր Իտալիայի կողմերից են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։ Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։ Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։ Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։ Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։ Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով, և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր», դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։ Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։ Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ Գրքի համաձայն եք կատարում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի. քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր», նաև ասաց՝ «Մի՛ սպանիր» ։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է, օրինազանց կլինես։ Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու. որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։ Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։ Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։ Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց», ու Աստծու բարեկամ կոչվեց։ Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցիչներ մի՛ եղեք, իմացե՛ք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք, որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։ Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված. նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից։ Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը։ Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։ Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։ Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի։ Մի՞թե հնարավոր է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որթատունկը՝ թուզ։ Ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։ Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։ Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։ Որտեղի՞ց ձեր մեջ պատերազմներ ու որտեղի՞ց կռիվներ. չէ՞ որ այստեղից են՝ ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» ։ Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։ Իրար մի՛ բամբասեք, եղբայրնե՛ր։ Իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է բամբասում և օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես։ Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Փոխարենը պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք»։ Բայց այժմ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի պարծանք չար է։ Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։ Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։ Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։ Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։ Երկրի վրա շքեղ ապրեցիք ու վայելեցիք, ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար։ Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։ Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։ Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։ Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։ Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։ Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։ Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։ Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝ ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար. թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։ Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։ Այդ փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին՝ քննելով, թե ինչպիսի՛ ժամանակի և ո՛ր հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի Հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների և դրանից հետո փառքի մասին։ Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, և որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։ Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» ։ Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար, որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։ Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։ Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում, իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» ։ Սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց։ Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը, մոտ եք կենդանի Վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծու առաջ ընտրյալ ու պատվական է։ Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Որովհետև Գրքում էլ կա. «Ահա Սիոնում դնում եմ ընտիր, պատվական անկյունաքար, և նրան հավատացողը չպիտի ամաչի» ։ Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար այն քարը, որ կառուցողները մերժեցին, անկյունաքար եղավ, և գլորման քար, գայթակղության վեմ, որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։ Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։ Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։ Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։ Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։ Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։ Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։ Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը ։ Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։ «Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում» ։ Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։ Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝ տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժեքավոր է։ Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծու վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, ինչպես Սառան, որ հնազանդ էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով. նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։ Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։ Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։ Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։ Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» ։ Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։ Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով։ Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց, որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից։ Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ. նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։ Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։ Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են. նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։ Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։ Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։ Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։ Եվ եթե արդարն է հազիվ փրկվում, ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի ։ Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։ Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության. արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։ Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։ Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիղվանոսի միջոցով, որը, ինչպես կարծում եմ, ձեր հավատարիմ եղբայրն է, համառոտ գրեցի, որպեսզի հորդորեմ և վկայեմ, որ Աստծու ճշմարիտ շնորհը այս է, որի մեջ իսկ կաք։ Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։ Ողջունե՛ք միմյանց սիրո համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։ Սիմոն Պետրոսը՝ ծառա և առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատն ընդունել. շնորհ ձեզ, և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։ Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով՝ դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։ Իրավունք եմ համարում, որ քանի դեռ այս մարմնի մեջ եմ, ձեզ հիշեցնելով արթուն պահեմ։ Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։ Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։ Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը։ Քանի որ Հայր Աստծուց ստացավ պատիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Եվ երկնքից եկած այս ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։ Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսաք, լա՛վ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։ Նախ սա՛ իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։ Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։ Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։ Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։ Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց, նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց, սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։ Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր, որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր. Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել, մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։ Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։ Իսկ սրանք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են չիմացած բաները և իրենց ապականության մեջ էլ կործանվելու են՝ այդ կերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։ Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են, շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։ Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։ Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է։ Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։ Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը. «Շունն իր փսխածին է վերադառնում» կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։ Սիրելինե՛ր, այս արդեն երկրորդ նամակն եմ ձեզ գրում, որ դրանցով հիշեցնելով՝ ձեր մաքուր միտքը արթնացնեմ։ Հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախկինում ասված խոսքերը և ձեր առաքյալների պատգամը Տիրոջ ու Փրկչի վերաբերյալ։ Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին կգան ծաղրողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի վարվեն։ Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, երբ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում»։ Այդ բանը պնդելով՝ ցանկանում են մոռանալ, որ Աստծու խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը, և երկիրը ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց։ Դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրհեղեղով կորսվեց, իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար։ Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։ Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։ Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։ Դրա համար, սիրելինե՛ր, սրանց սպասելով ջանացե՛ք, որ նա ձեզ գտնի անբիծ ու անարատ, խաղաղության մեջ, և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։ Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատուն վիճակից չընկնեք։ Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։ Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ կյանքի Բանի մասին, և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց. այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։ Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։ Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։ Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։ Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։ Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։ Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։ Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։ Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։ Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։ Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։ Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։ Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։ Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։ Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։ Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։ Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։ Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։ Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։ Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։ Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք. ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։ Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։ Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։ Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։ Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։ Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ, քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։ Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։ Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։ Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։ Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։ Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։ Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։ Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։ Այդ երեքն են, որ վկայում են՝ Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։ Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծու վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծու վկայությունը, որ իր Որդու մասին վկայեց։ Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։ Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված ոչ մահացու մեղք գործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։ Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։ Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են, այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի, թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։ Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։ Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։ Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։ Որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում. այդպիսին մոլորեցնող ու Նեռ է։ Ինքներդ ձեզ համար զգո՛ւյշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձն ստանանք։ Ամեն ոք, ով առաջ է ընկնում և Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ։ Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք, որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։ Շատ բան ունեմ ձեզ գրելու, բայց չկամեցա թղթով ու թանաքով գրել, այլ հույս ունեմ ձեզ մոտ գալու և դեմ առ դեմ խոսելու, որ մեր ուրախությունը կատարյալ լինի։ Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։ Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։ Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։ Որովհետև շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե ինչպես ես դու ճշմարտության մեջ ընթանում։ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։ Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում, որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես, որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։ Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։ Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։ Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։ Քեզ գրելու շատ բան ունեի, բայց չեմ կամենում թանաքով ու գրչով գրել քեզ, այլ հույս ունեմ շուտով քեզ տեսնելու և դեմ առ դեմ խոսելու։ Խաղաղություն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին անուն առ անուն։ Հուդան՝ Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոսի եղբայրը՝ նրանց, ովքեր սիրված են Հայր Աստծուց և Հիսուս Քրիստոսի համար պահված ու ընտրված. թող ողորմությունը, խաղաղությունը և սերը առատ լինեն ձեզ վրա։ Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար. որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։ Եվ այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ իրենց բնակատեղին լքեցին, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց, ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան և այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան՝ հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։ Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։ Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։ Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են, և ինչ որ անբան անասունի պես բնազդով գիտեն, նրանց մեջ ապականվում են։ Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։ Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։ Ենովքն էլ, որ յոթերորդն է Ադամից սկսած, սրանց մասին մարգարեացել ու ասել է. «Ահա Տերը գալիս է իր բյուրավոր սրբերով, որ բոլորին դատաստան անի և հանդիմանի բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին»։ Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։ Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախկինում ասված խոսքերը. որովհետև ասում էին ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրող մարդիկ կլինեն, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։ Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որոնք Հոգին չունեն։ Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։ Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։ Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ։ Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։ Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ, այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային, որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ։ Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։ Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են, և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։ Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ «Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո՛, ամե՛ն»։ «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։ Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ Կիրակի օրը լցվեցի Հոգով և իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի, որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։ Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, յոթ ոսկե ճրագակալներ տեսա։ Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նման մեկին՝ երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։ Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։ Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։ Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։ Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։ Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա, և ինչ որ նրանից հետո լինելու է։ Ահավասիկ այն յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները»։ «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, ով յոթ աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե ճրագակալների միջև. "Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։ Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։ Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է"»։ «Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ. "Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։ Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի"»։ «Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի. "Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։ Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։ Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։ Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից"»։ «Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Աստծու Որդին, որն ունի կրակի բոցի պես աչքեր և շիկացած պղնձի նման ոտքեր. "Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործերն ավելի են, քան առաջինները։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն "մարգարեուհի" է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։ Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ հոգիներն ու սրտերը քննողը։ Եվ յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։ Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիատիրայում եք և այս վարդապետությանը չեք հետևում և, ինչպես ասում են, չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնի, այլ ինչ ունեք, պահե՛ք, մինչև որ ես գամ։ Հաղթողին ու իմ գործերը մինչև վերջ պահողին ազգերի վրա իշխանություն պիտի տամ։ Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես, ինչպես ես իշխանություն ստացա իմ Հորից, նրան կտամ նաև առավոտյան աստղը։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։ «Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում նա, որ ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. “Գիտեմ քո գործերը, որ անուն ես հանել, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Արթո՛ւն եղիր և գոտեպնդի՛ր մնացածներին, որ պիտի մեռնեն, որովհետև քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։ Արդ հիշի՛ր, թե ինչպե՛ս խոսքն ընդունեցիր ու լսեցիր, և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ, և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Բայց Սարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակ զգեստներով, որովհետև արժանի են։ Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ իմ Հոր ու նրա հրեշտակների առաջ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”"»։ «Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավթի բանալին ունի. նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում, նա, որ փակում է, և ոչ ոք չի բացում. “Գիտեմ քո գործերը. ահա քո առջև բացված դուռ դրեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։ Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանց այնպես պիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։ Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։ Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։ Հաղթողին իմ Աստծու տաճարում սյուն պիտի դարձնեմ, ու նա այլևս այնտեղից դուրս չի գալու։ Նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմի անունը, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծու մոտից, և իմ նոր անունը պիտի գրեմ ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”"»։ «Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը. "Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։ Ուրեմն քանի որ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։ Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին"»։ Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռ կար, և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։ Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։ Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։ Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։ Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։ Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։ Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր ։ Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է»։ Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից, քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով. «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։ Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր և յոթ կնիքով կնքված։ Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու». ոչ ոք՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել և ոչ էլ նրա մեջ նայել։ Ես ուժգին լալիս էի, որովհետև չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա և նույնիսկ նրա մեջ նայի։ Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։ Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։ Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։ Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։ Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։ Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։ Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։ Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ քսանչորս երեցներն ընկան ու երկրպագություն արեցին։ Տեսա, որ Գառն այն յոթ կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն չորս կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։ Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։ Երբ երրորդ կնիքը բացեց, երրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին կշեռք ուներ։ Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դինարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դինարի. ձեթին ու գինուն վնաս չտաս»։ Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը Մահ էր, իսկ նրա հետևից գնում էր Դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի մեկ քառորդի վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու։ Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։ Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։ Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։ Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։ Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։ Երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվեց, և բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։ Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։ Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից, որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է դիմանալ»։ Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։ Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։ Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։ Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։ Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար, Գադի ցեղից՝ տասներկու հազար, Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար, Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։ Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։ Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։ Դրա համար Աստծու գահի առաջն են և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում, և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։ Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու, և ո՛չ արևը նրանց վրա կընկնի, ո՛չ էլ տապը, որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։ Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։ Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։ Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։ Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։ Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։ Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։ Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։ Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։ Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։ Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։ Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։ Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։ Հինգերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և տեսա՝ երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա. և նրան անդունդի գբի բանալին տրվեց։ Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։ Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։ Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծու կնիքը չունեն։ Եվ նրանց իշխանություն տրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։ Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի։ Նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։ Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ նրանց ատամներն առյուծի ատամների նման էին։ Ունեին զրահներ՝ նման երկաթե զրահների։ Եվ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի։ Եվ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Եվ նրանց իշխանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու։ Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին։ Նրա անունը եբրայերեն Աբադդոն էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն։ Մեկ վայն անցավ. ահա տակավին սրանից հետո գալիս են երկու վայը։ Վեցերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և մի ձայն լսեցի Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից, որ ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին, որ կապված են Եփրատ մեծ գետի վրա»։ Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին։ Եվ նրանց ձիավոր զորքի թիվը երկու բյուրերի բյուր էր, և լսեցի նրանց թիվը։ Եվ այսպես տեսիլքում տեսա ձիերին։ Նրանց վրա նստողները հրեղեն, հակինթե ու ծծմբե զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծի գլուխների նման էին։ Նրանց բերանից կրակ, ծուխ և ծծումբ էր ելնում։ Մարդկանց մեկ երրորդ մասը մեռավ այս երեքի հարվածներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից, որովհետև ձիերի զորությունը իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ. նրանց պոչերը նման էին օձերի, որ ունեին գլուխներ և դրանցով վնասում էին։ Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։ Եվ չապաշխարեցին իրենց մարդասպանություններից, ո՛չ էլ իրենց կախարդանքներից, ո՛չ էլ իրենց պոռնկությունից, ո՛չ էլ իրենց գողություններից։ Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակի՝ երկնքից իջնելիս, ամպով պարուրված ու գլխին ծիածան։ Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ հրե սյուների։ Նա իր ձեռքին մի բացված գրքույկ ուներ։ Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի։ Եվ բարձրաձայն աղաղակեց, ինչպես առյուծն է մռնչում։ Երբ աղաղակեց, յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին։ Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր»։ Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և երդվեց նրանով, որ հավիտյանս հավիտենից Կենդանի է, որն ստեղծեց երկինքը ու այն, ինչ նրանում է, և երկիրը ու այն, ինչ նրանում է, և ծովը ու այն, ինչ նրանում է, որ այլևս ժամանակ չի լինելու։ Իսկ այն օրերին, երբ յոթերորդ հրեշտակը փողը հնչեցնի, պիտի կատարվի Աստծու խորհուրդը, ինչպես իր ծառա մարգարեներին ավետեց։ Եվ ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց. «Գնա վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։ Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։ Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։ Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։ Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց՝ ասելով. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարը, զոհասեղանն ու նրա մեջ գտնվող երկրպագողներին։ Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, դո՛ւրս թող ու մի՛ չափիր, որովհետև այն հեթանոսներին է տրվել, որոնք սուրբ քաղաքը քառասուներկու ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն։ Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։ Սրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջ առաջ կանգնած են։ Եթե մեկը կամենա նրանց վնասել, նրանց բերանից կրակ կելնի ու նրանց թշնամիներին կլափի։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, այսպես պիտի սպանվի։ Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսի նրանց մարգարեանալու օրերին անձրև չգա, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյան վերածելու և երկիրը բոլոր պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։ Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։ Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։ Եվ ժողովուրդներից ու ցեղերից, լեզուներից ու ազգերից երեքուկես օր կտեսնեն նրանց դիակները և թույլ չեն տա, որ նրանց գերեզման դնեն։ Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու նրանց վրա կցնծան, միմյանց ընծաներ կուղարկեն, որովհետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին չարչարեցին»։ Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենաց հոգի մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցին, որ նրանց ասում էր. «Այստե՛ղ բարձրացեք»։ Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները նայում էին նրանց։ Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց։ Եվ երկրաշարժից յոթ հազար մարդ մեռավ, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին։ Երկրորդ վայն անցավ, և շուտով երրորդ վայն է գալու։ Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։ Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով. «Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր և ես, որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։ Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին»։ Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։ Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։ Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։ Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։ Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։ Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։ Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։ Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։ Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք և նրանում բնակվողներ։ Վա՜յ երկրին ու ծովին, որովհետև ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժամանակ ունի»։ Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։ Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։ Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի։ Բայց երկիրը կնոջն օգնեց. երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։ Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։ Եվ նա կանգնեց ծովի ավազի վրա։ Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։ Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր. նրա ոտքերը արջի ոտքերի նման էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։ Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։ Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին՝ գազանին ասելով. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կարող է նրա դեմ պատերազմել»։ Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։ Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին։ Եվ նրան իշխանություն տրվեց սրբերի դեմ պատերազմելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների և ազգերի վրա։ Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։ Ով ականջ ունի, թող լսի. Եթե մեկը գերեվարի, գերության պիտի քշվի, եթե մեկը սրով սպանի, սրով պիտի սպանվի։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։ Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։ Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։ Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց։ Նրան իշխանություն տրվեց գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի և գործի, իսկ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։ Եվ բոլորի՝ փոքրերի ու մեծամեծների, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ էր դնում, որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի։ Այստեղ է իմաստությունը։ Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է։ Տեսա՝ ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ՝ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա Հոր անունը։ Եվ երկնքից ձայն լսեցի՝ նման ջրերի ուժեղ ձայնի և հուժկու որոտի ձայնի, լսեցի նաև ձայն՝ նման քնարահարների, երբ իրենց քնարներն էին նվագում։ Եվ մի նոր երգ էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ ու երեցների առաջ, և ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի հարյուր քառասունչորս հազարից, որոնք երկրից գնվեցին ։ Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք գնում են Գառի հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք գնվեցին մարդկանցից՝ Աստծուն և Գառին իբրև երախայրի։ Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անարատ են։ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։ Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։ Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը»։ Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։ Տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր Մարդու Որդուն նման մեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ։ Եվ տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. «Քո գերանդին ուղարկի՛ր ու հնձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»։ Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց, ու երկիրը հնձվեց։ Մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից. սա ևս սուր գերանդի ուներ։ Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։ Եվ հրեշտակն իր գերանդին երկրի վրա դրեց, երկրի այգու խաղողը քաղեց և դրեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ Եվ հնձանը քաղաքից դուրս կոխոտվեց, և արյունը հնձանից հոսեց, մինչև ձիերի սանձերը՝ մոտ հազար վեց հարյուր ասպարեզ։ Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։ Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։ Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։ Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր, և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն, քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։ Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։ Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։ Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։ Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։ Եվ տաճարից բարձր ձայն լսեցի, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք և Աստծու բարկության գավաթները երկրի վրա՛ թափեք»։ Առաջինը գնաց և իր գավաթը երկրի վրա թափեց։ Չար ու ցավոտ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որոնք գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին էին երկրպագում։ Երկրորդն իր գավաթը ծովը թափեց, և ջրերը մեռելի արյան վերածվեցին։ Ամեն կենդանի արարած, որ ծովում էր, սատկեց։ Երրորդն իր գավաթը գետերի ու ջրերի աղբյուրների մեջ թափեց, և արյան վերածվեցին։ Եվ ջրերի հրեշտակից լսեցի, որ ասում էր. «Արդար ես, որ ես և էիր, Սո՛ւրբդ, որ այս դատաստաններն արեցիր։ Քանի որ սրբերի ու մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ նրանց արյուն տվեցիր խմելու, որին արժանի են»։ Զոհասեղանից ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ, ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։ Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրան իշխանություն տրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։ Եվ մարդիկ սաստիկ տապից խորշակահար եղան ու Աստծու անվանը հայհոյեցին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, սակայն չապաշխարեցին, որպեսզի նրան փառք տան։ Հինգերորդն իր գավաթը գազանի գահի վրա թափեց, և նրա թագավորությունը խավար դարձավ, և ցավից կծում էին իրենց լեզուները։ Եվ երկնքի Աստծուն իրենց ցավերի ու պալարների պատճառով հայհոյում էին և իրենց գործերի համար չէին ապաշխարում։ Վեցերորդն իր գավաթը թափեց մեծ գետի՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի Արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։ Եվ տեսա՝ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ ոգիներ էին ելնում՝ նման գորտերի։ Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն Ամենակալ Աստծու այն մեծ օրվա համար։ «Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»։ Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։ Յոթերորդն իր գավաթն օդի մեջ թափեց, և տաճարից ու գահից բարձր ձայն ելավ, որ ասում էր. «Եղա՛վ»։ Եվ եղան ձայներ, փայլատակումներ և որոտներ, ու մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել երկրի վրա մարդու ստեղծվելուց ի վեր։ Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ազգերի քաղաքներն ընկան։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, որպեսզի իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա։ Եվ բոլոր կղզիները փախան, և լեռներ չգտնվեցին։ Եվ երկնքից մարդկանց վրա խոշոր՝ մեկ տաղանդաչափ կարկուտ էր թափվում։ Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այդ կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր։ Եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։ Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։ Եվ ինձ հոգով առաջնորդեց մի անապատ, ու տեսա կարմիր գազանի վրա նստած մի կնոջ, որ լի էր հայհոյության անուններով և ուներ յոթ գլուխ ու տասը եղջյուր։ Կինը հագել էր ծիրանի ու կարմիր զգեստ և զարդարվել էր ոսկով, թանկագին քարերով ու մարգարիտներով։ Նա ձեռքին մի ոսկե բաժակ ուներ՝ լի գարշանքով և պոռնկության պղծությամբ։ Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։ Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։ Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։ Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։ Գազանը, որին տեսար, որ կար և այժմ չկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար և այժմ չկա, բայց վերստին գալու է։ Այստեղ իմաստուն միտք պետք է ունենալ. յոթ գլուխները յոթ լեռներն են, որոնց վրա կինը նստել է, ինչպես նաև յոթ թագավորներն են. նրանցից հինգն ընկան, և մեկը թագավորում է, իսկ մյուսը դեռ չի եկել, և երբ գա, քիչ ժամանակ պետք է մնա։ Եվ այն գազանը, որ կար ու չկա, ութերորդ թագավորն է, բայց այն յոթից է և դեպի կորստյան է գնալու։ Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։ Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։ Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան, քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն։ Եվ կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա»։ Դրանից հետո տեսա երկնքից իջնող մի ուրիշ հրեշտակի, որ մեծ իշխանություն ուներ։ Եվ երկիրը նրա փառքից լուսավորվեց։ Նա բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը ու դարձավ դևերի բնակավայր, արգելանոց բոլոր պիղծ հոգիների և վանդակ բոլոր անմաքուր ու ատելի թռչունների։ Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկացան, ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան»։ Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք, որովհետև դրա մեղքերը կուտակվեցին մինչև երկինք, և Աստված դրա անիրավությունները հիշեց։ Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց, և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։ Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։ Որքան իրեն փառավորեց ու զեխացավ, այնքան տանջանք և սո՛ւգ տվեք նրան, որովհետև նա իր սրտում ասում է. "Թագուհի եմ նստել, այրի չեմ և բնավ սուգ չեմ տեսնի"։ Դրա համար մեկ օրում նրա վրա կգան իր պատուհասները՝ մահ, սուգ և սով, և կրակով պիտի այրվի, որովհետև զորավոր է Տերը՝ Աստված՝ նրան դատապարտողը։ Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան և զեխություն արեցին։ Երբ նրա այրվելու ծուխը տեսնեն, նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն. "Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն, հզո՛ր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ"։ Եվ երկրի վաճառականները նրա վրա ողբ և սուգ պիտի անեն, որովհետև այլևս ոչ ոք չի գնելու իրենց ապրանքը՝ ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ, դարչին, խունկեր, յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ալյուր, ցորեն, արջառներ, ոչխարներ, ձիեր և կառքեր, մարմիններ և մարդկային կյանքեր ։ Եվ հոգուդ ցանկալի պտուղները քեզանից հեռացան, ինչպես և ամեն պարարտություն և լուսափայլ վայելչություն, և դրանք այլևս չես գտնելու։ Վաճառականները, որոնք դրանցով հարստացան, կկանգնեն հեռվում՝ նրա տանջանքի երկյուղից լաց ու սուգ անելով, կասեն. "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով, պատվական քարերով ու մարգարտով, որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ"։ Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին և նրա այրվելու ծուխը տեսնելով՝ աղաղակում էին և ասում. "Ո՞ր քաղաքն էր այս մեծ քաղաքին նման"։ Եվ իրենց գլուխներին հող էին ցանում և լաց ու սուգ անելով՝ մեծաձայն աղաղակում ու ասում. "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որով հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները, որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ"։ Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։ Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով. «Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս գոյություն չպիտի ունենա։ Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։ Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։ Եվ քո մեջ գտնվեց արյունը մարգարեների, սրբերի և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց» ։ Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն, որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որովհետև նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց »։ Եվ երկրորդ անգամ ասացին. «Ալելո՛ւիա»։ Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։ Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին. «Ամե՛ն, ալելո՛ւիա»։ Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր ու նրանից երկյուղողնե՛ր, փոքրե՛ր ու մեծե՛ր»։ Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։ Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. "Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները"»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։ Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։ Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։ Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։ Տեսա մի ուրիշ հրեշտակի, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա բարձրաձայն աղաղակեց՝ ասելով երկնքում թռչող բոլոր թռչուններին. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, որպեսզի ուտեք մարմինները թագավորների, հազարապետների, հզորների, ձիերի ու նրանց վրա նստողների, և բոլորի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի»։ Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։ Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։ Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր ելնում։ Եվ բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան։ Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։ Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։ Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։ Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։ Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։ Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց, իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։ Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։ Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։ Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։ Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։ Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։ Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։ Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով լի յոթ գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերի անուններն են։ Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։ Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։ Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։ Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն, մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։ Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։ Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ, հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ ոսկեկանաչ, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։ Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։ Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։ Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։ Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու։ Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։ Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։ Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը՝ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի»։ «Ահա շուտով պիտի գամ. երանի՜ նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»։ Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։ Եվ ինձ ասաց. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, որովհետև ժամանակը մոտ է։ Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։ Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։ Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։ Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։ «Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բաները վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես եմ Դավթի արմատն ու սերունդը և առավոտյան փայլող աստղը»։ Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։ Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։ Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամե՛ն։